Կյանքը կրթական բաց, թափանցիկ, ազատ միջավայրում

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5 տարեկանների ուսուցում։ 5 տարեկանների բաց լաբորատորիա

Ուսումնական միջավայրը մշակող-կազմակերպողը դպրոց-պարտեզն է, ծնողը՝ որպես իր երեխայի ուսման պատվիրատու և պատասխանատու, գործընկեր է, համախոհ։ Դասարանում իրականացվող ծրագրի ղեկավարն է:

Դպրոցական շենքը ընդարձակ, կանաչ պարտեզում է, որը մշակում և խնամում են սովորողները: Սովորողն իր միջավայրի պարտիզպանն է: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։

Բակ-պարտեզը խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են:

Բակ-պարտեզի աշխատանքային մի մասը տնկարանն է: Տնկարանն էլ, որպես ամողջական կրթական միջավայրի բաղկացուցիչ, կենդանի լաբորատորիա է, սովորողների բնագիտական գործունեության տարածքում առկա են անհրաժեշտ այգեգործական գործիքներ` ցնցուղ, բահ, փոցխ, դույլեր… Սովորողները պարտիզպաններ են: Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սովորողները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում:

Բնագիտական գործունեությունն այս պայմաններում աշխարհաճանաչողական է:
Բակ-պարտեզում կան սովորողի ֆիզիկական ակտիվությունն ապահովող պայմաններ՝

  • մարզահրապարակ-հեծանվահրապարակ-խաղահրապարակ, որը ձմռանը որպես սահադաշտ կծառայի,
  • վազքուղիներ,
  • ամռանը՝ ամառային լողափ՝ բաց լողավազանով, ցնցուղով, հիգիենիկ պարագաներով, հովանոցներով, ամառային գործունեության տարբեր միջոցներով, հեծանիվով, ավազե խաղա-մարզական տարածքով։

Դպրոց-պարտեզի մառանը, չորանոցը տեխնոլոգիական աշխատանքի, բնագիտական դիտարկումների վայր են։

Առավոտյան ընդհանուր պարապմունքը բակում, մաքուր օդին օրվա լավագույն մեկնարկն է:

Խմբասենյակը բազում գործառույթներով, ընդարձակ, թափանցիկ, բաց լաբորատորիա է, որտեղ ամեն ինչ հարմարեցված է սաների անվտանգ և ինքնուրույն գործունեության համար:

Միջավայրը համապատասխանում է սանի ֆիզիկական տվյալներին. կահույքը թեթև է, դյուրաշարժ, հարմարավետ: Սենյակը բարեկարգ, լուսավոր, հեշտ օդափոխվող, ջերմային համապատասխան ռեժիմով, ընդարձակ տարածք է, որտեղ ապահովված է սովորողների ազատ տեղաշարժը, որտեղ կան հասանելի երկու սանհանգույց՝ հիգիենայի անհրաժեշտ միջոցներով, սաների ֆիզիկական առանձնահատկություններին հարմար գույք, լվացարան, մշտական ջուր, հայելի, հիգիենայի պարագաներ (թղթե մեկանգամյա օգտագործման սրբիչ, լվացվելու պարագաներ, մաքրելու միջոցներ, բաժակներ) թվային միջոցներ` էլեկտրոնային գրատախտակ կամ հեռուստացույց, անլար համացանցային կապ, անհրաժեշտ ծրագրերով ապահովված համակարգիչ, ֆոտոխցիկ-տեսախցիկ-բջջային հեռախոս, որը ծառայում է որպես գործիք լուսանկարելու, ուղիղ եթերների, ուսուցչի հանդերձարան, պահարաններ նոթբուք-նեթբուքների, անձնական իրերի համար:

Խմբասենյակ-կերպարվեստի արվեստանոց. առկա են սաներին հասանելի, տեսանելի տեղում դրված ներկեր, վրձիններ, մոլբերտներ, մկրատներ, թղթեր, սեղան-աթոռներ… Կան աշխատանքային գոգնոցներ, կավով, պլաստիլինով, խմորով ծեփելու աշխատանքային գործիքներ, նաև կինետիկ ավազ, ալյուր, աղ՝ համապատասխան արկղիկ-սեղանիկներով։

Խմբասենյակ-խոհանոց։ Թափանցիկ, ստեղծագործելու և երևակայելու այս բաց միջավայրը ամենանորն է 5 տարեկանների խմբասենյակում՝ որպես սաների տեխնոլոգիական, բնագիտական, մաթեմատիկական զարգացման միջավայր: Ամենահարուստ, ամենահետաքրքիր, ամենամեծական, ամենահրճվելու… հարուստ կենցաղային տեխնիկայով՝ ջեռոց, ջրատաքացուցիչ, հարիչներ, տարատեսակ սպասք, պահարաններ, կտրիչներ, կշեռք խոհանոցային տեխնիկա, սպասք, կտրատախտակներ, գրտնակներ, հյութաքամիչ, սայլակներ, որոնցով սնունդը կտեղափոխեն խմբասենյակ, ինքնասպասարկման համար հատկացված սեղան, որտեղ հասանելի և ցուցադրված կլինի սնունդը, և սաներն ինքնուրույն ընտրված սնունդը սկուտեղներով կտեղափոխեն, կսնվեն, ավարտելուց հետո կհավաքեն տարածքը: Կկտրատեն և կպատրաստեն զանազան ուտեստներ, աղցաններ, հյութեր, մրգային և բանջարեղենային կերպարներ՝ վերածելով խոհանոցը կերպարային թատրոնի, կկշռեն, կհամեմատեն, կլվանան ու կդասավորեն ափսեները (ղափամա, փոխինձ, հալվա, տարեգաթա, մարդահացիկ, լավաշթխիկ, թթուդրիկ, ծիսական ուտեստներ, երգ ու պար)։

Խմբասենյակ-դիդակտիկ խաղերի սրահ։ Առկա են տարբեր սյուժետային, խաղային հավաքածուներ, լեգոներ և խաղալիքներ` տարաբնույթ գործունեությունների ընթացքում երեխաների զարգացման համար (լոտո, դոմինո, զառեր, նկարների հավաքածուներ), նաև խաղադարան՝ ինքնաշեն խաղերով, խաղեր երեխաների ինտելեկտուալ զարգացման համար (շախմատ, շաշկի և այլն, կառուցողական խաղեր ու միջոցներ)։

Խմբասենյակ-մարզասրահ՝ իսկական ստեղծական միջավայր, որտեղ բացի մարզվելուց կանցկացվեն զանազան (ազգային-մարզական) շարժուն այլ խաղեր, նաև ռոդարիական` ինքնաբուխ, հանպատրաստից։ Դասվարին մնում է միայն միանալ հրճվանքին: Անհրաժեշտ պարագաներ`մարզական գորգ, օղակ, բուլավա, գնդակ, պարան, թունել…

Թատրոն-ստուդիա։ Ընթերցասրահ, ֆիլմերի դիտման, տիկնիկային-ստվերային թատրոնների սրահներ՝ խոսափողով, հեշտ ձևափոխվող և տեղափոխվող շիրմաներով, հայելիներով, հեռուստացույցով, սավաններով, տիկնիկներով և դիմակներով:

Երաժշտական սրահ, որտեղ ոչ միայն երգ ու պար են սովորում, այլև խումբը գործում է որպես բազմաժանր համույթ՝ «Շրխկան»: Լիքը շրխկաններ՝ ծափ ու ծլնգոցով, ազգային երգով, խաղիկներով, ճվիկներով, ռիթմիկայով, ինչպես նաև՝ դաշնամուր, շրխկաններ, մետալաֆոն, շվիներ, դափեր, սրինգներ… Կստեղծագործենք և կերևակայենք, մեր մարմինը կօգտագործենք որպես երաժտական գործիք ծափերի, դոփերի թռիչքի միջոցով, շրջապատի իրերը, քարերը, փայտերը, գդալները, կաթսաների կափարիչները, ավելը, փոշեկուլը, հարիչը կդառնան գործիքներ։

Բնագիտական փորձասրահ, որտեղ սաները բույսեր են աճեցնում, բնագիտական փորձեր են կատարում, չափումներ, դիտարկումներ… Անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ՝ կշեռքներ, չափման գործիքներ, օրացույց, ժամացույց. ավազի, արևային ժամացույցներ, մետրեր, խոշորացույցներ, մանրադիտակ, մագնիսներ, փորձանոթներ, հասակաչափ, քարեր, չափման, հետազոտման, դիտման գործիքներ, թաղար-տնկարաններ՝սերմեր ցանելու, տնկիներ ստանալու համար, այգեգործական գործիքներ, ձագարներ, քամիչներ…

Բուժկետ, որտեղ հասակաչափ, կշեռք, առաջին բուժօգնության պարագաներներ կան, ու սաները կարող են ուսումնական համապատասխան պարապմունքներ անցկացնել, դիտարկումներ, չափումներ կատարել:
Խմբասենյակում նաև բաց, սաներին հասանելի հանդերձարան կա։

Ուսումնական միջավայր է նաև դասարանին կից սրահը`միջանցքը: Այստեղ սովորողները կենդանիներ և բույսեր են խնամում, նկարում են, խաղում:

Սանի անհատական միջոցներ` նոթբուք-նեթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, ապահովում են բանավոր հաշիվն ու թվաբանական պատկերացումների զարգացումը, մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորումը։ Սանը կստեղծի ուրախ այբբենարաններ ու ընթերցարաններ, թվադարաններ, կկատարի հարցումներ, լուսանկարում-դիտարկումներ, կներկայացնի պատումներ, ռադիոթողարկումներ:

Այսպիսի նյութական միջավայրը բավարար է ապահովելու ծրագրի խնդիրների լուծումը՝

  • ինքնուրույնության, ինքնասպասարկման հմտությունների ձևավորում և զարգացում,
  • խմբով և անհատապես աշխատելու ունակությունների ձևավորում,
  • իր միջավայրը` որպես կրթական պարտեզ, խնամելու, հետաքրքիր և գրավիչ դարձնելու մշակույթի ձևավորում-զարգացում,
  • կրթության միջոցով տնտեսող, հոգատար, գործուն հայրենասեր քաղաքացու ձևավորում,
  • ուշադրության, կողմնորոշվելու, կենտրոնանալու, սոցիալական միջավայրում շփվելու, համագործակցելու կարողությունների զարգացում,
  • սեփական հետաքրքրությունները բավարարելու, դիտելու, ուսումնասիրելու ունակությունների, ինքնակրթվելու կարողութան ձևավորում և զարգացում,
  • խոսքի զարգացում. ստեղծագործական երևակայութուն, խոսք կառուցելու ունակություն, ինքնարտահայտում, ինքնադրսևորում, հաղորդակցական, խոսք փոխանցելու ունակությունների ձևավորում,
  • տառաճանաչություն, կարդալու կարողության ձևավորում և զարգացում,
  • մեդիատեխնոլոգիական, տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
  • մաթեմատիկական հասկացությունների, բանավոր հաշվի, բնագիտական փորձեր կատարելու հմտությունների ձևավորում, այդ թվում` բույսերի և կենդանիների խնամքի և ուսումնասիրության, բնագիտական այլ դիտարկումների հմտությունների, առօրյայի հետ կապված հաշվումներ,
  • մարմինը խնամելու, մարզական՝ մարմնամարզական, լողի, հեծանվավարության կարողությունների զարգացում, հիգիենայի կանոնների յուրացում դրանց մշտական կիրառմամբ,
  • ծեսի միջոցով ազգային երգի-պարի-խաղի յուրացում,
  • կերպարվեստի՝ նկարչական, ծեփի-քանդակի հմտությունների ձևավորում և զարգացում…

5 տարեկանը շարունակում է ուսումնասիրել-ճանաչել իր աշխարհը, երևույթները, իրադարձությունները, առարկաները, մարդկանց, շարունակվում է նրա իրական կյանքը կրթական բաց, թափանցիկ, ազատ միջավայրում: Խմբասենյակից, իրենց պարտեզից բացի, 5 տարեկանների խումբն օգտվում է դպրոց-պարտեզի, կրթահամալիրի այլ հնարավորություններից։

Ջերմոց-լաբորատորիա

Ջերմոց-լաբորատորիան հնարավորություն է տալիս իրականացնելու «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի «Ես և շրջակա աշխարհը» բաղկացուցիչը, որտեղ սովորողները հնարավորություն են ունենում մանրամասն ծանոթանալ բույսերի և կենդանիների խնամքի առանձնահատկություններին՝ ընդլայնելով իրենց պատկերացումները շրջապատող աշխարհի մասին: Կրթահամալիրում գործող ջերմոց-լաբորատորիայում կան հարյուրավոր բույսեր, կենդանիներ՝ կրիաներ, ծովախոզուկներ, ձկներ: Սովորողները սիրում են լինել ջերմոց-լաբորատորիայում, կերակրել փոքրիկ կենդանիներին: Իսկ թաղարի ստեղծումը, թերևս, ամենասիրելի գործն է: Բույսերի հետ ծանոթանալուց հետո սովորողները իրենք են որոշում, թե որ բույսի կտրոնն են ուզում ունենալ՝ իհարկե հետևելով տիկին Շողիկի խորհուրդներին, ստանում ծաղիկների խնամքի վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ: Կտրոնները դնում են ջրի մեջ, հետևում աճին, արմատակալելուն, և ստեղծում իրենց թաղարները: Սովորողների մոտ ավելանում է պատասխանատվության զգացումը, քանի որ հենց իրենց աշխատանքից և խնամքից է կախված իրենց իսկ տնկած բույսերի հետագա աճն ու զարգացումը:

Ծածկած լողավազան

Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում է ծածկած լողավազանը: Եթե ողջ ամառ սաները հնարավորություն ունեն վայելելու ամառային լողափն իր բոլոր հարմարություններով, ապա հոկտեմբեր-մայիսին սովորողների լողի պարապմունքները տեղափոխվում են ծածկած լողավազան: Ծածկած լողավազանը հագեցած է բոլոր հարմարություններով: Գործում է 2 հանդերձարան՝ տղաների և աղջիկների: Հանդերձարանում կան հարմարավետ նստարաններ, հագուստի զամբյուղներ, ներս մտնելիս սովորողներից յուրաքանչյուրը վերցնում է իր զամբյուղը, զգեստափոխվում, հագուստը կոկիկ տեղավորում զամբյուղի մեջ, ցնցուղ ընդունում, մասնակցում միասնական նախավարժանքին և անցնում լողալու: Լողավազանը մաքուր է, ջուրը մշտապես ֆիլտրվում է: Էլ ի՞նչ է անհրաժեշտ սովորողին ջուրը լիարժեք վայելելու համար: Ժամանակի ընթացքում սովորողները դառնում են առավել ինքնուրույն, կարողանում են առավել արագ զգեստափոխվել, հագուստը դասավորել, լինել առավել պատասխանատու, առանց վախենալու հաղթահարել ջրային տարածությունը:

Ուսումնական ագարակ

Միջավայրի կապի հաստատման գործում անգնահատելի է կրթահամալիրի ուսումնականի ագարակի դերը: 5 տարեկանների խմբերը տարբեր նախագծերի իրականացման ժամանակ լինում են Ագարակում (ծանոթացում կենդանիների հետ, խնամք, խաղեր, լավաշթխիկ և այլն): Կենդանիների հետ շփումը դառնում է սերտ, միջավայրը՝ ավելի բազմազան ու ընկալելի: Սովորողները հաղթահարում են կենդանիների նկատմամբ վախերը, դառնում են ավելի պատասխանատու ոչ միայն Ագարակի կենդանիների նկատմամբ, այլև ընդհանրապես: Փորձը ցույց է տալիս, որ սովորողների մեծ մասը առավել պատասխանատու է դառնում սեփական ընտանի կենդանու նկատմամբ, փորձում են ինքնուրույն զբաղվել կենդանու խնամքով:

Քանդակի դպրոց

Կավի օգտակարության մասին գիտեն բոլորը, իսկ կավով աշխատելը, թերևս, 5 տարեկանների ամենասիրելի զբաղմունքներից մեկն է: Իրենց խմբասենյակից դուրս մասնագիտացված միջավայրում լինելը, մեծերի հետ թեկուզ մի անգամ աշխատելը  ոգևորում է նրանց։ «Իմացումի հրճվանք» ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում դերային խաղերն ու հեքիաթները, որոնք սովորողի իրական աշխարհ են գալիս նաև սովորողների ձեռքերով կավե կերպարներ ստեղծելու ժամանակ:

Կարի և մոդելավորման արհեստանոց

Նախագծային ուսուցման շրջանակում քոլեջի 5 տարեկանները հաճախ են լինում կարի և մոդելավորման արհեստանոցում: Համագործակցումը կարի և մոդելավորման մեկամյա խմբի ուսանողների հետ կրում է մշտական բնույթ: Թաշկինակների, շապիկների գունավորում, էկո-պայուսակների, փոքրիկ խուրջինների ստեղծում. նմանատիպ աշխատանքների շնորհիվ սովորողների մոտ զարգանում են նորը ստեղծելու, գույները համադրելու, գեղեցիկը տեսնելու և գնահատելու կարողությունները: Այն, որ սովորողը կարող է իր ձեռքով ներկած թաշկինակը կամ ծամակալը նվիրել մայրիկին, արդեն իսկ գերագույն հաճույք է:

Ուսումնական նյութական միջավայրն ամբողջական է դառնում ուսումնական ճամփորդություններով. խմբով անցնում ենք կրթական պարտեզով, այցելում կինոթատրոն, տիկնիկային թատրոն, քայլում Երևանում, իհարկե, տարին գոնե երկու անգամ բարձունք հաղթահարում:

Ընտանիք

5 տարեկանների ծրագրի ուսուցման արդյունավետ իրականացման համար կարևոր է նաև ընտանիքի մասնակցությունը: Կարևոր է, որ սովորողն իր բազմազան գործունեությունն ու տպավորությունները փոխանցում է տանը: Առանձին դեպքերում (ընտանեկան ֆլեշմոբեր, միասնական ծառատունկեր, ուսումնական ճամփորդություններ և այլն) ծնողներն անմիջական մասնակից են դառնում ուսուցման գործընթացին: Չկա ավելի մեծ հրճվանք, քան այն, երբ որևէ բեմադրություն ստանալու և նկարահանելու համար մասնակից են դառնում ընտանիքի բոլոր անդամները՝ մեծից փոքր: Կյանքի բազմազբաղ ռիթմին զուգահեռ ծնողը հնարավորություն է ստանում մասնակիցը դառնալու սովորողի ուսումնական գործընթացին, սովորողը դառնում է էլ ավելի ինքնավստահ և պաշտպանված:

Մեդիամիջավայր-դասարանական բլոգ

5 տարեկանների ուսուցման միջավայրը նկարագրելը թերի կլինի առանց մեդիամիջավայրը ներկայացնելու: Սովորողի ցանկացած գործունեություն նկարահանվում և լուսաբանվում է դասարանական բլոգում: Դասարանական բլոգն այն միջոցն է, որը հնարավորություն է տալիս ծնողին մասնակցելու-հետևելու սովորողի ուսումնական գործընթացին: Բլոգում տեղադրվում են շաբաթվա նախագծերը, դրանց արդյունքները, ուսումնական օրացույցը, ամսվա նախագծերը և այլն: Ուսումնական բլոգն առավել հետաքրքրիր է դառնում, երբ այնտեղ ամփոփվում են ընտանեկան ֆլեշմոբերի արդյունքները: Այս դեպքում սովորողները, նրանց ծնողները հնարավորություն են ունենում ծանոթանալու միմյանց աշխատանքներին: Յուրաքանչյուր սովորող ունի իր էլեկտրոնային հասցեն: Այն ուղիղ կապ է ծնողի և դասվարի միջև:

Պակաս կարևոր չէ նաև ուսումնական ռադիոն: Ռադիոն այն միջավայրն է, որը հնարավորություն է տալիս սովորողին անկաշկանդ արտահայտվելու: Եթե սովորողը կաշկանդվում է կամ չի ցանկանում խոսել տեսախցիկի առջև, ապա օգնության է գալիս ռադիոն՝ իր տեսանելի և ոչ տեսանելի հնարավորություններով: Բացի վերոնշյալներից օգտագործվում են համացանցային այլ միջոցներ՝ թվայնացված գրադարան, ուսումնական մուլտֆիլմեր ու զարգացնող խաղեր, որոնք ամբողջացնում են սովորողների մեդիամիջավայրը:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский