Մեկուսացումը դատավճիռ չէ
Primary tabs
Մեկուսացումը և միայնությունը դեպրեսիայի և հուսահատության հիմնական պատճառներն են։
Բել Հուքս
2020 թվականի հունվար, փետրվար ամիսներին կարծես բոլորս ուրախ էինք և ինչ-ինչ սպասելիքներ ունեինք: Ամեն ինչ ընթանում էր հանդարտ, բնականոն հունով, բայց մի ակնթարթում ամեն բան կանգ առավ: Կորոնավիրուսը անարգել ներխուժեց նաև Հայաստան: Չեղարկվեցին բոլոր չվերթները, անորոշ ժամանակով հետաձգվեցին բոլոր ճամփորդությունները, այդ թվում նաև մեր Արատեսյան ճամփորդությունը, փակվեցին բոլոր ուսումնական հաստատությունները, մարդկային շփումը հասցվեց նվազագույնի:
Սակայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շփումը չընդհատվեց: Մեջբերեմ Բենջամին Ֆրանկլինի խոսքերը. «Պատրաստվածությունը հանգստություն է փոթորիկից առաջ, ընթացքում և հետո»: Մենք պատրստատ էինք ընդունելու տանը մնալու պահանջը՝ միևնույն ժամանակ չընդհատելով ուսումնական գործընթացը, շփվելով վիրտուալ տարածքում: Մի փոքր խոսեմ հեռավար-առցանց ուսուցումից:
Հեռավար ուսուցումը և՛ սովորողներին, և՛ ուսուցիչներին հնարավորություն է տալիս աշխատելու վիրտուալ աշխարհում: Էլ. հասցեները, բլոգային համակարգը ինչպես նաև սոցցանցերը արդյունավետ հարթակներ են առցանց ուսուցում իրականացնեու համար: Դասավանդողի նպատակն է կազմել այնպիսի առաջադրանքներ, առաջարկել այնպիսի նախագծեր, որոնք կարելի է տեղավորել առցանց -հեռավար ուսուցման շաբաթների անելիքների մեջ: Յուրաքանչյուր շաբաթվա համար կազմվել են առաջադրաներ, տեղադրվել բլոգի համապատասխան բաժնում և ուղարկվել սովորողների էլեկտրոնային փոստին: Մի քիչ մանրամասնեմ առաջադրանքների բովանդակությունը:
Առցանց առաջադրանքներ կազմելիս փորձել եմ ընդգրկել անգլերենի 4՝ կարդալու, գրելու, խոսելու, լսելու հմտություննրերը զարգացնող հանձնարարություններ։ Դասընթացն ընդգրկել է գրելու-ստեղծագործելու, կարդալու-հասկանալու, բանավոր հմտությունները զարգացնող հարցադրումներին պատասխաններ ակնկալող առաջադրաններ, ինչպես նաև լեզվական և քերականական այլ վարժություններ: Սովորողների մի խումբ այլ առաջադրանքների հետ զուգահեռ ընտրեց նաև ազատ ստեղծագործաբար գրելու գործունեությունը, տրված տարբեր թեմաներից յուրաքանչյուրն ընտրեց իրեն դուր եկածը և ստեղծագործեց:
Հետաքրքիր առաջադրանքներից էր նաև տարբեր իրավիճակներում առաջարկվող խորհուրդների ցանկը՝ «Դիլեմաներ»։
Ընթերցանության, բառապաշարի ընդլայնման համար ընտրվեցին տեքստեր, որոնք ընթերցելուց հետո սովորողները հարցեր պետք է կազմեին, կամ էլ իրենց տեսակետը արտահայտեին տեքստի վերաբերյալ: Նախագծերից առանձնացրել էինք երկուսը՝ «Կարդում ենք», «Մի փոքր զվարճանք»: Առաջիկա նախագծերից մեկն էլ լինելու «Վիրտուալ ճամփորդություն» նախագծի պատումների թարգմանությունը:
Ուսուցումը արտակարգ պայմաններում վերաբերեց նաև դասավանդողներիս: ՏՏ ոլորտի մասնագետները առցանց դասընթացներ անցկացնելու տարբեր հարթակներ առաջարկեցին, որոնք արդեն առաջիկա ուսումնական շրջանում կկիրառեմ:
Խոստովանեմ, որ սկզբից մի քիչ անհանգստություն ունեի, թե ինչպես սովորողները կարձագանքեն, ինչպիսին կլինի նրանց մասնակցությունը: Բայց ի զարմանս, մեր սովորողների մասնակցությունը գոհացնող էր: Նամակ նամակի հետևից, հաղորդագրությունների անվերջանալի ազդանշաններ: Կեցցեն սովորողներս, շնորհակալ եմ արագ արձագանքելու, համատեղ աշխատելու, հետաքրքիր նյութերի համար: Ամբողջ օրը համակագչի դիմաց նստելով, սովորողների հետ շփվելով, տարաբնույթ նամակներ ստանալով՝ չեմ էլ նկատում, թե ինչպես են օրերն անցնում: Վերջում ավելացնեմ, որ տարբեր իրավիճակներում կարելի է պոզիտիվ լինել, ելքեր գտնել և չհամաձայնել վերը նշված մեջբերման հետ:
Ստորև ներկայացնում եմ սովորողների արած աշխատանքները մեկ հղումով, նաև մի քանի սովորողի արձագանքը հեռավար- առցանց ուսուցման վերաբերյալ առանց խմբագրման։
«Այս առցանց շաբաթը բավականին հետաքրքիր անցավ։ Հաճելի է հարմար պայմաններում դաս անելը։ Տարբեր նախագծեր ենք իրականցրել այս շաբաթվա ընթացքում։ Վստահ եմ, որ մնացած շաբաթներն էլ հետաքրքիր կանցնեն»։ Նանե Վարդումյան
«Տանը պարապ նստելու կամ այլ բաներով զբաղվելու փոխարեն մենք շարունակում ենք դասերը։ Հեռավար ուսուցումը ոչնչից հետ չընկնելու և կրթությունը շարունակելու հնարավորություն է տալիս։ Ունի մեծ առավելություններ։ Կարող ես նստել, պառկել կամ էլ կանգնած դաս անել։ Ուսուցիչները միշտ կապի մեջ են և ցանկացած ժամի պատասխանում են մեր հարցերին։ Ես ինքս ավելի հաճույքով և եռանդով եմ այսպես դաս անում»։ Անգելինա Արզումանյան
«Առաջադրանքները մեր անցածի վերաբերյալ էին դեռ, որ հեշտությամբ կատարեինք, բայց դժվարությունների դեպքում ազատ գրում էինք մեր սիրելի Միսս Իրինային, իմ մտքերը ու դաս անելու ցանկությունը երեկոյան էր գալիս ու ստիպված դուք էլ ուշ էիք քնում։ Շուտով կունենանք օնլայն դասեր՝ նոր դասերը սովորելու համար, որ հետ չմնանք ծրագրից։ Ինձ շատ Է դուր գալիս առցանց ուսուցումը, բլոգումս մի շարք նոր ավելացած նյութերը փաստում են դրա մասին»։ Եվա Բերբերյան
«Արդեն մեկ ամիս է, ինչ փորձում ենք ընտելանալ այս տարօրինակ ու հետաքրքիր համակարգին, որն օգնում է հետ չմնալ դասերից և շարունակել զարգանալ: Կարծում եմ՝ շատ ու շատ դպրոցների ավելի դժվար տրվեց այս պրոցեսին ընտելանալը, քանի որ մենք վաղուց ունեինք այս հարթակը և ավելի ապահով ու հանգիստ էինք այս հարցում: Այս ժամանակաշրջանում առաջ գնացինք և բավականին ջանք գործադրեցինք մեր առաջադրանքների, շարադրանքների, տեսանյութերի որոշներս նաև լուսանկարների վրա: Կարծում եմ՝ հեռավար ուսուցումը բավականին ձեռնտու, օգտակար միջոց է, որ առանց ժամանակ կորցնելու շարունակենք մեր կյանքն ու ուսումը»: Վիկա Սուքիասյան
«Առցանց ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Տնային հարմարավետ միջավայրի առկայություն, առավոտյան վաղ արթնանալու բացակայություն և մեծամասամբ հետաքրքրաշարժ և հետազոտական տնային առաջադրանքներ, որոնք էլ ավելի են հարստացնում և գունազարդում մեր ազատ ժամանակը: Կարելի է ասել, որ գրեթե դժվարությունների չեմ հանդիպում: Ուսուցիչների հետ կապը պահպանում եմ դպրոցական էլեկտրոնային փոստարկղի կամ հեռախոսի միջոցով: Նաև կազմակերպում ենք տեսազանգեր և ծավալում գրական քննարկումներ:
Մի խոսքով, ինձ դուր է գալիս առցանց ուսուցման գաղափարը, եթե միայն այն ժամանակավոր բնույթ ունի, քանի որ դպրոցական միջավայրը, ընդհանուր պարապմունքները և դեմառդեմ շփումը մարդկանց հետ անփոխարինելի են:
Կրթահամալի՛ր, ես քեզ կարոտում եմ»… Իլոնա Սահակյան
- Բացվել է 863 անգամ