Հանրակրթական ծես. ստեղծում, փոխանցում

Մարդկությունը հարատևում է այն ժամանակ, երբ մի սերունդը կարողանում է իր ստեղծածը, իր փորձը անկորուստ փոխանցել հաջորդ սերնդին։ Փորձը՝ լայն առումով. թե՛ գիտական, թե՛ արտադրական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային։ Այդ փորձը փոխանցում են և՛ ընտանիքը, և՛ հասարակությունը, և՛, հատկապես, դպրոցը։

Դպրոցը, բոլոր ժամանակներում մարդկության կուտակած փորձը սերունդներին փոխանցելու խնդիր է լուծել։ Համենայն դեպս այդ նպատակով է ստեղծվել։ Ու, թերևս, ամենադժվարը ու հոգևոր առումով ամենակարևորը մշակութային փորձի փոխանցումն է։

Մշակույթն ընդգրկում է մարդկանց գործունեության առարկայական և հոգևոր արդյունքները։ Մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերընդեսերունդ նրա փոխանցման միջոցները: Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ավանդույթներն ու ծեսերը:

Ծեսը ներառում է վարքի այն ձևերը, որոնք իրենց էությամբ խորհրդանշական են չունեն նպատակային և գործնական բնույթ։ Ծեսը խորհրդանշական ձևերով վերարտադրում է ժողովրդի անցյալի կարևոր իրադարձությունները, ինչի շնորհիվ էլ ապահովում է ազգի, հասարակության միասնականությունը:

Ծեսը ի սկզբանե կարգավորել է տվյալ խմբի՝ ազգի, ժողովրդի ներքին, ազգային կապերը, օգնել է մարդկանց յուրացնել ազգային, խմբային նորմերն ու արժեքները և համախմբվել: Ծեսերի շնորհիվ են պահպանվել սերնդեսերունդ փոխանցվել ազգային կյանքի բոլոր էական կողմերը, արտացոլել են ժողովրդին բնորոշ առանձնահատկությունները: Դարերի ընթացքում հարատևած ծեսերի բովանդակությունն իր բազմակողմանի ազդեցությունն է ունեցել ժողովրդի առօրյա կյանքի, կենցաղի, հոգեբանության և աշխարհայացքի վրա:

Ազգային ծեսերը որպես ուսումնական միջավայր, գործիք, արդյունք

Այսօր, գլոբալացող աշխարհում բոլոր ժողովուրդների առավ էլ կանգնում է ազգային ինքնությունը պահպանելու խնդիրը։ Իսկ այդ հարցում անփոխարինելի են ավանդույթներն ու ծեսերը։

Դրանցից շատերը մոռացվել են, երիտասարդ սերունդը շատ բան չգիտե։ Ուստի անհրաժեշտ է վերականգնել, նոր կյանք տալ դրանց,  գտնել այն ուղին, որով գնացել է ազգը, բայց կորցրել է ճանապարհին և՛ իրեն, և՛ իր մշակույթը ստեղծող միջավայրը: Դրանք պետք է վերականգնել այնպես, որ այսօրվա մարդը կարողանա ոչ թե արհեստականորեն կրկնել, վերարտադրել, այլ բնական պահանջով իրենը կատարել: Որ այսօրվա սերունդը դառնա այդ ամենի ոչ թե կրկնողը, այլ կրողը։

Քանի որ ազգային ծեսերը մեր մշակույթի, կենցաղի, սովորույթների, ավանդույթների խտացված դրսևորումն են, ուստի երբ ծեսը դարձնում ենք ուսումնական միջավայր ու գործիք, ազգային կրթության և դաստիարակության մի շարք խնդիրներ լուծվում են ինքնաբերաբար:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ծեսը և ծիսական միջավայրը վաղուց արդեն կրթության, հանրակրթության մաս են դարձել։

 Գերխնդիրն այստեղ այն է, որ՝

  • երեխան ոչ միայն սովորի, այլ ապրի ծեսերն ու ավանդույթները,
  • դրանք մանկապարտեզի ու դպրոցական տարիներից դառնան նրա կյանքի ու կենցաղի անբաժանելի մասը,
  • երգն ու պարը դառնան ոչ թե սոսկ դաս, այլ իր հույզերն ու զգացմունքները դրսևորելու բնական միջոց,
  • տոնը ոչ թե բեմադրվի, այլ ապրվի,
  • սովորողը լինի տոնի, ծեսի, ծիսակատարության ոչ թե հանդիսատեսը, այլ մասնակիցը։

Ինչպես հասանք այս ամենին

2005թվին Արթուր Շահնազարյանը ներկայացրեց ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակվող և փորձարկվող «Նախակրթարանի ուսումնադաստիարակչական ծրագրերի մշակում և փորձարկում» հանրապետական ծրագիրը, նրա «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» բաղկացուցիչը» ծրագիրը: Շահնազարյանն առաջարկում էր. «Հետևելով ժողովրդական դպրոցին՝ մենք կողմնակից ենք մանկապարտեզում (հանրակրթական դպրոցում) երգ-երաժշտության ծիսականացմանը: Առօրյա կյանքում երգ-երաժշտությունը, ձուլվելով անհրաժեշտ գործողություններին, բազմապատկում է արդյունքը թե՛ երաժշտության ուսուցման, թե՛ այն գործողության, որին միացվել է երգ-երաժշտությունը»:

Ազգային ծեսերն իմ տարերքն են, անընդհատ փնտրտուքի մեջ եմ՝ ինչպես վերականգնել, կյանքում իրականացնել, եթե ոչ իր սկզբնական տեսքով, գոնե արդի հայի կեցությանը, մտածողությանը, հոգեբանությանը, հավատքին, և այլն, հարիր:

Ծեսերի իրականացման փորձեր կրթահամալիրում կատարվում էին, դրանք հիմնականում ծիսական բեմականացումներ էին, որտեղ կային ծիսական կերպարներ, ծիսական պարագաներ, ծիսական որոշ գործողություններ: Կատարվում էին բարեխիղճ՝ հետազոտական աշխատանքների արդյունքում ձեռք բերված ազգագրական նյութերով, ռեժիսորական բարձր վարպետությամբ, մասնակիցների ոգևորված, գեղեցիկ ներկայացմամբ: Կազմվում էր սցենար, ընդհանուր խոսքերը, գործող անձանց տեքստերը սերտվում էին, կատարվում փորձեր: Դրանք հիշեցնում էին թատերական ազգային ներկայացումներ, որտեղ հինն ու նորը շատ սահուն միախառնված էին: Տպավորիչ էր, հիանալի… բայց, բոլոր դեպքերում, դրանք կյանքում իրականացվող ծեսեր չէին, հանդիսատեսը մասնակից կարող էր լինել հիմնականում երգելով: Որոշ ժամանակ անց որոշեցինք ծեսերը տեղափոխել այն միջավայր, որտեղ ստեղծվել և իրագործվել են:

Առաջին ծեսը, որն իրականացրինք բնության գրկում՝ Արայի լեռան լանջերին էր: Մենք դուրս ելանք դպրոցի տարածքից, փոխեցինք ոչ միայն միջավայրը, այլև կազմակերպումը: Ձայնագրություններին փոխարինեց կենդանի, բնական երգը՝ առանց նվագակցության, ճիշտ այնպես, ինչպես եղել է ի սկզբանե: Կային և՛ հաջողված, և՛ չհաջողված մասեր, բայց, բեկում մտավ ծիսակարգի իրականացման, վերականգման գործում:

Հաջորդը Վարդավառն էր, որն իրականացրինք Արևելյան դպրոցի ներքին բակում: Անկեղծ, անմիջական, աշխատանքային, ծիսական միջավայրում ստեղծվեց, ձևավորվեց և որոշակի տեսքի բերվեց ծեսը, բայց խառնվեցին Անձրևաբեր և Վարդավառի ծեսերը (Վարդավառը թիվ 82 մանկապարտեզում ): Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը Պայծառակերպության կամ Այլակերպության տոնն է, որը ժողովրդի մեջ հայտնի է Վարդավառ անվամբ: Անձրևաբեր ծեսն իրականացվում է այն ժամանակ, երբ բնությունը կարիք ուներ ջրի, դաշտերը, այգիները ծարավից չորանում են: Մեր դեպքում մեր լողավազաններում կարող ենք շոգ եղանակին ցանկացած օր խաղալ անձրևաբեր ծիսական տիկնիկ-կերպարներով, լրացնել ծեսը ջրային խաղերով՝ չփչփացնելով ձեռքերով, շերեփներով, նրան համոզելով, սուզվելով, բռով անձրև շաղ տալով... Այսպես երկու ծեսերն առանձնացան: Ուսումնասիրեցի ջրի, անձրևի հետ կապված ժողովրդական հավատալիքները, Ծովինարի՝ որպես անձրևների, երկրային ջրերի՝ ծովերի տիրակալի դերը հայ իրականության մեջ: Անձրևաբեր ծեսի մասին նյութեր հիմնականում քաղեցի Արթուր Շահնազարյանի «Երգ ու հաց», Թամար Հայրապետյանի  «Անձրևաբեր և անձրևախափան ծեսերի երկհակադիր ընկալումների շուրջ»  գրքերից: Անձրևաբեր ծիսական երգերից կրթահամալիրի երաժշտության ծրագրով կային Արթուր Շահնազարյանի տրամադրած «Հանիկ նինար», «Ալլապիտիկ», «Զպիկ, զպիկ», իսկ Ռուդիկ Հարոյանից էլ վերցրեցի «Պուպլատիկին», «Բուկլե Բարան» երգերը:

Առաջին Անձրևաբեր ծեսն իրականացվեց Կոտայքի մարզի Կամարիս գյուղում (Անձրևաբեր ծեսը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում), այն քիչ էր նման ծեսի, ավելի մոտ էր խաղի: Բայց խոստումնալից սկիզբ էր, ծեսի իրականացման որոշակի ձև մշակվեց, որոշ ուրվագծեր գծագրվեցին: Լողավազանում իրականացված փոքրիկ ծիսական խաղը հուշեց՝ ծեսի մաս դարձնել ջրային խաղերը, որոնք ստեղծվեցին ինչպես ծեսի մեջ, այնպես էլ՝ ծեսից դուրս: Սաները, սովորողները սկսեցին խաղալ կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզների բաց լողավազաններում ( Չըմփ, չըլըմփոց, մեջը՝ զնգոցՉըլըմփան, չըխկչըխկան խաղեր, Ջրային ծիսական չըփչըփախաղեր լողավազանում այլն): Մեր Սևանի ջրերն ամենահարմար վայրն են ոչ միայն լաղանալու, այլև իրականացնելու թե՛ ծես, թե՝ ջրային խաղեր (Անձրևաբեր ծեսը Սևանում – 2017Անձրևաբեր ծեսը Սևանի երաժշտա-ծիսական ճամբարում – 2019):

Ծեսերի իրագործման, վերականգման գործընթացի ընթացքում կարծես խաղի առկայությունն ամենակարևորն էր երեխաների համար: Երբ ծանոթանում ենք ծեսերին, նկատում ենք, որ մեր ազգի մեծերն էլ փոքր երեխայի նման սիրել են խաղալ, զվարճանալ: Հենց այս հանգամանքն էլ թելադրեց ծեսերի հիմնական կարևոր գործողություններն իրագործելիս և ծեսից դուրս խաղալ ծիսական և ազգային խաղեր:

Մոռացության մատնված ազգային ծեսերի մասին չունեի պատկերացում: Կենցաղում մասնակից եմ եղել Վարդավառի, Ամանորի, Զատիկի ծեսերին, որոնք համարյա ջնջված էին ի սկզբանե ստեղծված, իրագործված վիճակից, որոնց մեջ չկային ազգային ծիսական երգեր, ծիսական բանավոր նյութեր, չկար այն կարևորը, որի վրա կառուցված է եղել ծեսը, մնացել էին սեղմ գործողություններ. Վարդավառին՝ մատաղ ու ջրոցի, Ամանորին՝ տնայց, Զատիկին՝ ներկած ձվեր ու չամչով փլավ:

Երբ Հարոյան Ռուդիկի հետ սկսեցի աշխատել Արաբկիրի Հայորդյաց տանը, ականատես և մասնակից եղա երեխաների հետ խաղերգերի, խաղերի ուսուցման, կատարման ընթացքին, որտեղ իմպրովիզն համար առաջին տեղում էր, և ինչպիսի՜ վարպետ իմպրովիզացիա: Ռուդիկն ինձ ցույց տվեց այն ճանապարը, որով անցել է ազգային նյութը, ստեղծվել, զարգացել, փոփոխության ենթարկվել: Առաջին հայացքից խաղի տարրեր չունեցող նյութը աչքիս առաջ բացվում, խաղարկվում, լուծումներ էր գտնում, դառնում իսկական խաղ – տոն, խաղ – շարժում, խաղ – բեմականացում: Սովորական թվացող երեխաներն ընկալում, իրենց մանկական աշխարհի միջով անցկացնում, գլխի ընկնում ու կատարում էին նույնիսկ այն, ինչը մեծը չէր էլ հուշում, և պետք էլ չէր, որ հուշեր: Իմ մեջ արթնացած մանուկը, ազգային միջավայրում մեծացած ու ազգայինը գենետիկորեն  ժառանգած, միացել էր այդ մեծ խաղին ու վերջապես գտել այն, ինչը կորցրել էր անցյալում և համարում էր անվերադարձ կորուստ:

Ռուդիկի միջոցով իմացա նաև ծիսական, ազգային երգեր, պարեր, որոնք նա հավաքել էր ինչպես ազգային գրականությունից, այնպես էլ կատարած բանահյուսական մեծ աշխատանքի շնորհիվ՝ իր պահոցում ուներ ձայնագրած, տեսագրած երգեր, պարեր: Նա գիտեր ծեսերի ընթացքը, ծիսական գործողությունները, ծիսական խաղեր, ծիսական պարեր, խաղ-պարեր, կարողանում էր դրանք իրար հարմոնիկ, բնական համադրել: Հարոյան Ռուդիկի շնորհիվ ես ծանոթացա մեր ազգի մշակութային դաշտի այն կարևոր շերտի հետ, որն իմ առջև բացեց ազգային արժեքները տանող ճանապարհը: Այստեղից էլ սկսվեց իմ նյութեր հավաքելու տենդենցը, ու ես հանկարծ հայտնաբերեցի, որ իմ հորաքույրները, նախկին ծանոթները կարող են գոնե բանավոր փոխանցել այն, ինչն իրենք իրագործել են, երգել, ցույց տալ այն պարերը, որոնք կատարել են: Այսպես ստեղծվեցին իմ բանահավաքչական տեսաֆիլմերը.

Ես ինքս էլ շատ երգեր գիտեմ, որոնք նույնպես հարկավոր է կատարել ու տեսագրել: Բայց, առայժմ ավելի շատ փորձում եմ անհետացումից փրկել այն, ինչն իսկապես անվերադարձ կկորցնենք:

Այս աշխատանքը շատ օգնեց հասկանալ՝ իրականում բնական ծեսն ինչպե՞ս է իրականացվել: Հասկանալի դարձավ՝ որ պահին և ինչպես են կատարվել գործողությունները, երգն ինչպես են երգել (նոտագրված երգերի մեջ չկան որոշ հնչերանգներ, որոնք լսվում են բնական կատարման ժամանակ): Հատկապես որոշ գործողություններ տեսնելու կարիք կա, անհնար է պատկերացնել դրանք, միջավայրը: Բնական վիճակն ըմբռնելու համար հարկավոր է լինել այն միջավայրում, որտեղ ստեղծվել են դրանք, գոնե որոշ հատվածներ տեսնել, հասկանալ մարդկանց հոգեբանությունը, մտածողությունը, ապա նոր այդ ամենը տեղափոխել մեր օրեր և որոշել՝ ծիսական որ գործողությունները, կերպարները, պարագաները, երգերը, պարերը, ասացվածքները, բացականչությունները, ներկայացումները, կերակրատեսակները և այլն, կարող ենք օգտագործել ծեսերն իրականացնելիս, ինչպես, երբ, ինչ չափաբաժնով: Ժամանակակից մարդու տեսակով, մտածողությամբ ինչ տեսք կստանա ծեսը, ինչ նորություն,  ծիսական ինչ կերպար, պարագա, գործողություն կներմուծվի այնպես, որ ազգային ժառանգությունը դարձնենք ոչ թե անբնական արհեստական բեմադրություն, այլ կյանքի կոչենք միմիայն բնական, անմիջական, իրական տեսքով ու բովանդակությամբ:

Երբ Մագթաղ տատին պատմում էր՝ ինչպես էին հարսանիքին պարում մոմապար (4րոպե, 35վայրկյանից), հետն էլ երգում պարեղանակը, աչքիս առաջ այնքան պարզ ուրվագծվեց այդ տեսարանը՝ «Հարս ու փեսին կ՚հանեին, մոմեր կ՚տեին ձեռքեր իրար, պարեին» (Հարսին ու փեսային կանգնեցնում էին, մոմերը տալիս ձեռքերը և պարում)։ Էդքան կենդանի ու գունեղ էլ ո՞վ կարող է նկարագրել: Ու էդ պատմությունից տատիս փեշի հոտն եմ առնում, մանկությանս կարոտն եմ առնում:

Կենդանի, անմիջական, իրական ծեսի իրականացման առաջին փորձը սկսվեց «Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ, ամանորյա խաղեր» նախագծով Հարավային դպրոց-պարտեզում: Սուրբ ծննդյան «Ավետիսներ» ուսուցանելուց հետո այն խաղարկեցինք դրսում, ինչպես կատարել են երեխաների խմբերն այն ժամանակ: Բացի դրանից, դասարանները կազմակերպեցին Սուրբ Ծննդյան օրվա այց միմյանց՝ ստանալով հյուրասիրության համար պատրաստած քաղցրավենիք:

Ամանորին բոլորի տանն էլ կան ընկույզներ: Հիշում եմ, մանուկ հասակում սիրում էինք Ամանորին ընկույզներով խաղալ, այն ժամանակ ընկույզն ու կաղինը հենց կեղևով էլ դնում էին սեղանին: Դրանք կոտրելը մի այլ ուրախ տրամադրություն էր ստեղծում, երբ մրցում էինք՝ ով ավելի շատ կկոտրի: Տատս ոնց էր խառնվում իրար և անընդհատ ավելացնում եղածը: Բացի կոտրելուց, հոլի նման պտտում էինք, սեղանին չխկչխկացնում, գլորում... մի խոսքով՝ խաղում էինք: Այս հիշողություններից էլ ծնվեցին ընկուզախաղերը, որոնցից շատերը ստեղծվեցին  կրթահամալիրում սովորողների հետ խաղալիս: Ի վերջո, ստացվեց մի հետաքրքիր փունջ, որտեղ կային Սուրբ ծննդյան «Ավետիս»-ներ, բարեմաղթանքներ, Տարեհաց, ընկուզախաղեր, չարխափան, մի խոսքով՝ Ամանորի և Սուրբ ծննդյան ծիսական տոն բոլորիս համար՝ նախակրթարանից մինչև Քոլեջ:

Տեառնընդառաջը նորապսակների օրհնության ծիսակարգ է, ուստի խաղն էլ թատերական է, իրականացվում է հիմնականում  «Տիկնի պսակ» հարսանեկան տոնակատարություն, որտեղ նորապսակները տիկնիկներ են, նրանց խաղացնողները, խնամիները, նվագածուները՝ երեխաներ:  Այդ մանկական հարսանեկան խաղի մեջ օգտագործվել են մանկական թռնոցի – գովքեր, հարսանեկան երգեր, պարերգեր: Այս միջոցով երեխաները յուրացնում են ազգային մշակույթի փոքր հատված: Ծիսակարգի թելադրանքով ավելացրինք Կենաց ծառի մոդելով ծառի ճյուղ, որին մասնակիցները կապում են տարբեր գույնի ժապավեններ՝ մտքում պահելով որևէ ցանկություն: Երգ ու պարով, ճյուղի գովքով այն պտտում են կրակի բոլորը և գցում կրակի մեջ: Լավ ցանկությունները կրակից ջերմանում և իրագործվում են, իսկ վատերը (օրինակ՝ հիվանդություններ, անհաջողություններ, և այլն)՝ այրվում բոցերի մեջ:

Սա բոլորիս ամենասիրած, սպասված ծեսն է, այն ամբողջությամբ հիմնված է խաղերի, կատակի, հումորի վրա: Ծես, որը չունի սահման երևակայության համար: Եվ չնայած կան ծիսական կերպարներ, խաղեր, երգեր, պարագաներ, որոնք ունեն իրենց ամրագրված տեղը ծեսի մեջ, միևնույնն է, ծեսը լայն հնարավորություն է տալիս ստեղծագործել, հորինել, տեղում գործողությունների ընթացքը փոխել, նոր խաղեր ստեղծել, և այլն: Կան ծիսական կերպարներ՝ Ուտիս տատն ու Ակլատիզը, որոնք իրար փոխարինում ու ճանապարհում են: Այստեղ ազատ երկխոսություն է՝ Ակլատիզը գալիս է և «վռնդում» Ուտիս տատին: Բայց մենք որոշեցինք հանգիստ, սիրով ճանապարհել, քանի որ բոլորս պետք էլ գիտենք՝ միշտ չէ, որ շատակերությունը, անզսպվածությունը և այլ նման գործողություններ տեղին են, իսկ Ակլատիզն ընդամենը հիշեցնում է այդ մասին՝ ժամանակ առ ժամանակ թափահարելով իր թևերը, որի վրա կախված քարերը, կոճակները, զրնգզցող, ծլնգացող իրերը շխկշխկում են:

Բարեկենդանի իրագործման համար հարկավոր է իմանալ ազգային խաղեր: Դժվար է վերականգնել խաղ, որը միայն նկարագրված է: Մեկ անգամ տեսնելն ավելի մեծ արդյունք է տալիս: Բայց, հարկավոր էր փորձել, և փորձեցինք ու հավաքեցինք խաղեր, որոնք կարելի էր խաղալ և՛ նախակրթարանում, և՛ կրտսեր, միջին դպրոցներում:

Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար, այն խորհրդանշել է բնության զարթոնք, գարնան գալուստ, երկրագործի աշխատանքների սկիզբ: Կրթահամալիրում Ծաղկազարդը (Ծառզարդար) ներքին և արտաքին տարածքների մաքրման, հողի փխրեցման, սերմը ցանելու, ծիլերը տնկելու ամենահարմար ժամանակահատվածն է, երբ յուրաքանչյուրը հնարավորություն ունի կատարել ամենաշնորհակալ ու կարևոր  երկրագործի աշխատանք:

Ծաղկազարդին (Ծառզարդար) մանկանց խմբերն այցելել են մարդկանց տները՝ տալով նրանց օրհնված ճյուղեր, դրա դիմաց ստանալով ձու, յուղ, ալյուր, դրամ, քաղցրավենիք և այլն: Նախակրթարանում, կրտսեր դպրոցում փոքրերի հետ կազմում ենք խումբ և այցելում միմյանց, դասարան: Բայց, ամենակարևոր ծիսական գործողությունն, իհարկե, բնության հետ շփումն է, ծառերի գովքը, նրանց սիրելը, համոզելը, որ կանաչեն, ծաղկեն ու բերք տան:

Սա, իհարկե, ծիսական նոր մոտեցում էր, որտեղ երգը, պարը հիմնականում ներքին հրճվանքի, ուրախության, ցնծության արտահայտման միջոց են: Երեխան պետք է իր հայցքով դառնա դեպի բնությունը, սիրի, հոգ տանի, խնամի բույսերին, չկոտրի, չվնասի, պահպանի յուրաքանչյուր ծառ, ծաղիկ, թուփ:

Զատկական ծեսը թերևս ամենահաջողվածն էր կրթահամալիրում: Որպես ուսումնական գործընթաց այն ինտեգրել էր այն օղակները, որոնց համատեղ գործունեության արդյունքում իրականացվում էր զատկական ծեսը: Հիմնականում օգտվել ենք Ռուդիկ Հարոյանի «Զատիկ» գրքից, որտեղ կան հնարավոր բոլոր նյութերը: Եթե բոլոր ծեսերի համար լիներ ազգագրական նյութերի այսպիսի փաթեթ, բավական հեշտ կլիներ ծեսերն իրականացնելը:

Զատիկը սկսում ենք Ավագ շաբաթով, որի առաջին երեք օրվա գործողությունները  (խնոցի հարել, ալյուր աղալ, չիք անել, աղալ ամեն չար ու վատ բան) դառնում են  հետաքրքիր խաղեր՝ «Ջրաղացի», «Խնոցու»: Իսկ չորեքշաբթի օրվա «Չիք, չիք», «Աղամ, աղամ» մաքրագործող ծիսական գործողությունը վեր է ածվում անկանխատեսելի բանավեճ – զրույցի, որն ընթանում է երեխաների նորանոր հայտնագործությունների, արժեքները գնահատելու, սխալները, սայթաքումները, բացթողումները բացահայտելու, առողջ, հետաքրքիր ճանապարհ ընտրելու ուղղությամբ: Ապա խաղում ենք զատկական ծիսական ձվախաղեր և զատկական թեմայով խաղեր: Բոլոր խաղերը վերցրել ենք Ռ. Հարոյանի «Զատիկ» գրքից, կատարել աննշան փոփոխություններ և խաղացել:
Եվ վերջում Ուտիս տատն է գալիս և ճանապարհում Ակլատիզին, որը «թևեր է առնում, դառնում թռչուն, թռչում, գնում»:

Համբարձում այժմ էլ «խաղում» են Հայաստանում, այն դանդաղ, բայց հաստատուն մտել է կրթահամալիր, որն իրագործվում է իրական, կենդանի, հատկապես՝ նախակրթարաններում, կրտսեր դպրոցում: Խումբը, դասարանը իրականացնում է ծաղկահավաք, որի մեջ է մտնում նաև 7 բուռ ջրի, 7 քար հավաքելու ծիսական գործողությունը: Ծաղիկներ հավաքում են կրթահամալիրի սարալանջից՝ Քոլեջի և Արևելյան դպրոցի տարածքից, իսկ ջուր՝ մոտակա ցայտաղբյուրներից: Գովքն իրականացվում է դպրոցի ներսում՝ միջանցքում, խմբում, դասարանում՝ ընտրելով ներկա գտնվողներից որևէ մեկին: Գովքի արդյունքում ստացած բաժինը վայելում են միասին: Իսկ վիճակն իրականացնում են արդեն մեծերը, որոնք ինքնուրույն որոշում են՝ ինչպես այն իրագործեն, որպեսզի վերածվի ուրախ, հետաքրքիր, կենդանի գործողության:

Ո՞րն է Համբարձման ծեսի խաղը. ծեսն արդեն խաղ է իր ծիսական գործողություններով՝ ծաղկահավաքով, ջուր հավաքելով, գովքով, Ծաղկամոր պատրաստման գործընթացով: Հարավային դպրոցի դասվար Գոհար Սմբատյանը գովքն իրականացնում է խաղ-զրույցով: Գովում են բոլորին, հերթով, պարզելով՝ որոնք են նրա բնավորության լավ կողմերը, առավելությունները, ինչի համար են նրան սիրում: Խաղի մեջ չկա հարցադրում՝ որոնք են նրա բնավորության վատ կողմերը, կա հետաքրքիր, յուրօրինակ մարդու տեսակ, որին փորձում են հասկանալ, ընդունել այնպիսին, ինչպիսին կա, սիրով են վերաբերվում:

Համբարձման ծիսական նյութեր, ինչպես և բոլոր ծեսերի, կարելի է գտնել Ձայնադարանում, ենթակայքերում:

Վարդավառն իմ մանկության ամենասպասված ծեսն էր, այդ օրերին ես ու եղբայրս հայրական պապ ու տատի տանն էինք լինում՝ Հառիճ գյուղում: Տատս մեզ հագցնում էր նոր շոր ու կոշիկ, տալիս գումար՝  քացրավենիքի համար: Այդ օրը գյուղը լի էր մարդկանցով, ազգային նվագարանների խմբերով, որոնց դափ ու զուռնի հնչեղ նվագակցությամբ երգում ու պարում էին բոլորը, մատաղ էին բաժանում: Իսկական ծիսական մաքուր տոնակատարություն Հառիճի շքեղ եկեղեցու բակում, որտեղ ամեն ինչ հարմոնիկ էր՝ երգն ու պարը՝ ջրոցիով, մատաղն՝ օրհնանքով ու բարեմաղթանքներով, կատակն ու ուրախ խաղերը՝ ջահել ու ահել իրար խառնած:

Իմ մանկության ծեսի մեջ չկար միայն Վարդավառի «Խաչբուռ», որ պատրաստել են ցորենի հասկերից, ինչպես նաև՝ ծաղիկներից: Դանիել Վարուժանն իր «Հացին երգը» շարքի մեջ ունի չքնաղ բանաստեղծություն՝ «Խաչբուռ»: Հողի մշակն իր ընծան է մատուցում Աստծուն, որ հացն առատ լինի, բերք ու բարիք լինի, և դա անում է մեծ սիրով, հավատով ու սպասումով: Այսպես, ես կարևորեցի Վարդավառին Խաչբուռ պատրաստելը:

Երկու տարի առաջ էլ որոշեցի իրականացնել Վարդավառի ընտանեկան ծես, որտեղ ներառեցի մեր ընտանիքի բոլոր անդամներին: Նախորդ օրը թոռնիկներիս հետ գնացինք Հառիճ, շրջեցինք, և արտերից մեկի տիրոջ թույլտվությամբ մի խուրձ ցորենի հասկեր  հավաքեցինք: Բերեցինք Արթիկ, որտեղ մայրս էր ապրում, պատրաստեցինք  Խաչբուռ: Հաջորդ օրը Վարդավառն էր, այն իրագործեցինք ծիսական Խնդումով, Խաչբուռով, երգով, ինչպես նաև ջրոցիով:

Բացի վերը նշվածից (Վարդավառի ծեսն  Արևելյան դպրոցի ներքին բակում, Վարդավառը Մալաթիա – Սեբաստիա համայնքի թիվ 82 մանկապարտեզում), Վարդավառն իրականացրել ենք՝ Վարդավառը Գառնիում,  Վարդավառը՝ Խաչբուռով, Խնդումով, լողավազանով ,  «Բարեկամություն» ճամբար. Նախագծային աշխատանք. ՎարդավառՎարդավառը Արևելյան ճամբարում, Վարդավառը Արատեսում, Վարդավառը Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում:

Երբ որոշվեց իրականացնել կրթահամալիրի Ագարակի հիմնադիրներ, իսկական «տերեր» Խորեն Հազարումյանի և Լուսինե Աբրահամյանի հարսանեկան ծեսը, ես բոցավառվեցի: Հարկավոր էր լուրջ ուսումնասիրել հայկական ավանդական հարսանեկան ծեսը, ծիսական գործողություններին համապատասխան երգեր գտնել, սովորել չիմացածը, դրանք դարձնել բոլորին հասանելի: «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրություն» նախագծով կային հարսանեկան ծիսական երգեր, որոնք առաջին հերթին ընդգրկվեցին՝ «Այն վերի գլխախնձոր», «Թագվոր, քո ձիուն», «Օրհնե Հիսու՛ս, օրհնե Քրիստո՛ս», «Նա լուս էր, ինչ լուս ելավ», «Գնացե՛ք, ասե՛ք թա՛գվորամեր», «Սարեն կուգաս»: Էլ ի՞նչ նախագծային աշխատանք, եթե հնարավորության դեպքում չեն կիրառվելու: Կրթահամալիրում իրականացված Տեառնընդառաջի (նորապսակների օրհնության օր), Բարեկենդանի ծեսերի երգացանկի մեջ կան հարսանեկան ծիսական երգեր: Դրանցից մի քանիսը ծրագրային երգեր են՝ Արթուր Շահնազարյանի «Կաքավիկ» երգարանից՝ «Եղնիկ», «Էն դիզան» «Խնկի ծառ», «Կոտ ու կես», «Աղջկե՛ք, պար բռնեցեք», «Ծալ էրա», «Սաթոյին գովելու համար ենք եկել», մի քանիսն էլ Ռուդիկ Հարոյանի երգացանկից՝ «Ծառ ծաղկեցավ» (Ծառի խորհրդանիշը կարևոր դեր է խաղում հայկական ավանդական հարսանյաց ծեսում: Դա Կենաց ծառն է, որը մարմնավորում է տոհմի ճյուղավորումը, բարօրությունն ու ծաղկունքը), «Զնկլիկ», «Խնամի, խոշ իս էկի» – կատակ զուգերգ, «Այլիհո՜»– կատակերգ: Մեր կրթահամալիրի երաժիշտ Աննա Երիցյանը «Ակունք» ազգագրական համույթի (գեղարվեստական ղեկավար՝ կոմիտասագետ, երգահան Արթուր Շահնազարյան), երգացանկից մեզ տրամադրեց հարսանեկան ծիսական երգեր՝ «Ծառս ծաղկեցավ» «Վեր էլի, հա՜յ», թագվորագովքի, թագվորամորը դիմելու երգերի տարբերակներ:  Երգերի խոսքերը, եղած ձայնագրությունները  դարձան բոլորին հասանելի, երաժիշտների կողմից իրականացվեց երգերի ուսուցում՝ սովորողներին, դասավանդողներին, դաստիարակներին, հյուրերին, որոնք կատարվեցին առավոտյան ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթներին: Որոշ երգեր հայտնաբերվեցին համացանցից՝,  «Հարսնուկ եմ» , «Ադեն մածուն մերել է» («Շիրակի մեղեդիներ» -16:28-ից), «Աղջի, հարսնառն էկավ» - ազգային երգերի իմ հավաքածուից, «Մերիկ, մերիկ» - անձամբ սովորել եմ Եպրաքսյա Ոսկանյանից, որը կա «Գորանի» ազգային երգերի հավաքածու ֆիլմում - 10:50-ից:

Հավաքվեց հարսանյաց ծեսի նկարագրություն.

Կրթահամալիրի բոլոր օղակներում ուսումնասիրվեց հայկական ավանդական հարսանեկան ծեսը: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն  իր հրովարտակում հստակ ներկայացրեց  ծիսական աշխատանքների ուղղությունները: Կրթահամալիրը յոթ գիշեր, յոթ ցերեկ ծեսի մեջ էր: Այն ավարտվեց հարսանեկան մեծ տոնախմբությամբ, իրականացվեց իսկական հարսանիք՝ իր իրական ամուսնացող զույգով:

Կրթահամալիրում մինչ օրս շարունակվում է իրականացվել իսկական հարսանեկան ծես, որի նորապսակները (կամ նորապսակներից մեկը) մեր աշխատողներն են: Ամեն անգամ նոր երգեր ենք պեղում, գտնում (հատկապես՝ Կոմիտասի հատորներից), հարսանեկան ծիսական սովորույթի պատառիկ, ասիկ, պար և լրացնում ծեսը:

Ատամհատիկ, Ծննդյան ծես

Մանկական ծեսերին որպես ազգագրական նյութ շատ հարմար են թռնոցիները, ազգային մանկական խաղիկները, ճվիկները, ասիկները և այլն: Սկսենք մանկական թռնոցիներից, երբ մայրը, տատը, մեծերից որևէ մեկը մանկանը ձեռքերի վրա հարմար պահելով թռցնում էր ու գովում՝

  • Էսպես աղջիկ ո՞վ ունի,
    Շորերով շապիկ ունի,
    Մարգրտով կոշիկ ունի,
    Մեյդանը հարսնիք ունի:
  • Խաս գարնցան իմ աղջիկ,
    Թան ու թացան իմ աղջիկ (մաքուր թացան),
    Պստիկ բերան`
    Ժամտան խորան,
    Մեղրե մատներ`
    Ժամտան մոմեր,
    Մեջքիկ բարակ`
    Ժամտան դռնակ,
    Երկան ծամեր`
    Ժամտան ավել:
  • Տղա ունիմ ազնավոր (ազնվական)
    Հարս կբերե քողերով,
    Կանաչ վառած մոմերով,
    Մերը կելնի խունկերով,
    Հերը կելնի փնջերով.
    Էկել են տղուս ձեն կուտան,
    Դուռ ու երթիկ վար կուտան,
    Կեցեք, ատլաս կապան հագնի,
    Թելլի գոտին մեջքին կապի,
    Հանդի լալա իմ տղեն,
    Աչքը խումար իմ տղեն,
    Բոյը չինար իմ տղեն:

Ատամհատիկի ասիկներ

  • Ատամհատիկ,
    Սիրուն թաթիկ,
    Ուտենք հատիկ,
    Որ հեշտ դուրս գա
    Քո ատամիկ:            
  • Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
    Չալ խնձորիկ, փշատիկ,
    Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
    Պապոնց դռան տռճկեմ:
    և այլն…

Այս ամենին գումարվում են մանկական խաղերը, խաղերգերը, ազգային պարերը, օրհնանքները, ինչպես նաև Համբարձման ծեսի գովքի մոդուլը, որի վրա կառուցում ենք մեր օրվա հոբելյարի գովքը:

Կարող ենք երևակայել ու ստեղծել սիրուն, հայկական ազգային ծիսական տոնախմբություն, բայց չմոռանանք՝ եթե ազգային ծիսակարգ է, ուրեմն նյութը պետք է քաղել ազգային շտեմարանից, որն անտակ է ու լավագույնը:

Ազգագրական նյութի աղբյուրները

Ազգագրական նյութ, բացի վերը նշված աղբյուրներից, քաղել եմ նաև Ռ. Գրիգորյանի «Հայ ժողովրդական օրորոցայիններ և մանկական երգեր», Վ. Բդոյանի «Հայ ժողովրդական խաղեր», Ա. Շահնազարյանի «Երգ ու բան», «Երգ ու հաց», Ռուդիկ Հարոյանի «Զատիկ», Արամ Ղանալանյանի «Հայ շինականի աշխատանքային երգերը» գրքերից: Իհարկե, կան նաև նյութեր, որոնք անձամբ գիտեմ, սովորել եմ իմ տատերից, գյուղի մարդկանցից, երեխաներից, ծանոթ ու անծանոթներից, այդ թվում՝ իմ պապի՝ Արամայիս Դարբինյանի գրառած ազգային երգերից, խաղիկներից, որը ներկայացնում է Հառիճ գյուղի ազգային, ծիսական ժառանգությունը:

Ստեղծվել են նաև որոշ ծեսերի տեսադասեր՝

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հետևողական իրագործվում են ծեսեր, որոնք, որպես մշակութային ժառանգություն, փոխանցվում են սերունդներին:

2012 – 2020 թվերին կրթահամալիրում իմ ներկայացրած նախագծերով իրականացված ազգային ծեսեր, խաղեր։

Հոդվածի ստեղծման, մշակման ընթացքում մասնագիտական խորհրդատվությունը՝  Գայանե Թերզյանի

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский