Ձևավորող կամ ուսուցանող` կառուցողական գնահատում
Primary tabs
Հայաստանյան իրականություն կամ իրավիճակի նկարագրություն
Գնահատման մասին ներկայացված է Հանրակրթության պետական չափորոշչի «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները» բաժնում: Ըստ այդ սկզբունքների` հանրակրթական ուսումնական հաստատություններում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով: Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: Քանակական գնահատումը սկսվում է 1 միավորից, չունի անբավարար սանդղակ և ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները։
Ըստ հանրակրթական պետական չափորոշչի` հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին։ Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը։ Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:
Հասկանալու համար՝ ինչ ասել է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) գնահաման ձևեր, բացենք Հայոց լեզվի և գրականանության չափորոշչը։ Չափորոշչի «Գնահատում» բաժնում նշվում է, որ հայոց լեզվի, գրականության ուսումնառության գործընթացում կիրառվում են գնահատման հետևյալ տեսակները՝
- ախտորոշիչ
- ձևավորող կամ ուսուցանող
- միավորային
Գնահատման այս տեսակների բացատրությունները կարդալուց հետո պարզ չէ՝ գործնականում ինչպես է ձևավորվում միավորային գնահատանիշը։ Չկա գործիքակազմ՝ մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի պատկերացնել գնահատումը։ Փոխարենը՝ «Գնահատման գործընթացում շեշտադրվում է ակադեմիական ազնվության պահպանումը»։
Համաշխարհային փորձի ուսումնասիրություն․ կառուցողական ուսուցում
Ուսումնասիրելով աշխարհի առաջադեմ կրթություն իրականացնող երկրների փորձը և ուսուցման մեթոդական մշակումները` պարզ է դառնում, որ այդպիսիք իրականացնում են կառուցողական ուսուցում։ Իսկ, որպեսզի արդյունավետ դասավանդում իրականացվի՝ գոյություն ունեն ուսումնառության գնահատման չափանիշներ, որոնք ի սկզբանե ստեղծվել են ուսուցիչներին օգնելու համար. դրանց գործնական կիրառումը նպաստում է յուրացման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Նկարագրված են նաև կառուցողական ուսուցման քայլերը՝
Կողմնորոշում, երբ սովորողի նպատակներին և նրա ուսումնառության շարժառիթներին իմաստ է հաղորդվում: Սովորողը պետք է հստակ իմանա, թե ինչ է սովորելու և այդ նոր գիտելիքն ինչով է իրեն անհրաժեշտ, որտեղ է այն կիրառելու:
Հարց ու պատասխան (երկխոսություն), երբ սովորողները մտքեր են փոխանակում:
Մտքերի վերակառուցում, երբ սովորղները կատարելագործում են իրենց մտքերը՝ դրանք բառերով ձևակերպելու և այլ գաղափարների հակադրելու համար։
Նոր մտքերի բազմազանություն, գնահատում, գաղափարների կիրառում, երբ սովորողները կիրառում են իրենց գիտելիքները թե՛ ծանոթ, թե՛ անծանոթ իրավիճակներում:
Կառուցողական ուսուցման գնահատման ձևերը բազմազան են`
- էլեկտրոնային թղթապանակներ
- գրավոր հաշվետվություն
- բանավոր հաշվետվություն
- խմբային քննարկումներ
- բանավեճ
- նյութի տպավորիչ ներկայացում, ելույթ
- տեսանյութեր, ռադիոնյութեր, հրատապ նորություններ
- լուսապատկերներ (սլայդ)
- մեդիահաշվետվություն
- ձայնագրքեր և տեսագրքեր:
Հեղինակային կրթական ծրագիր․ գործունեության գնահատում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի կատարած ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական աշխատանքի գնահատման կարգի։ Ըստ այս կարգի` «խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով»:
Ասել է թե՝ սովորողը գնահատվում է ոչ թե մեխանիկական հիշողությամբ ամրագրածի, այլ կատարած ուսումնական գործունեության համար։ Իսկ, որպեսզի այդ գործունեությունը որոշակի ժամանակահատվածի համար հնարավորինս տեսանելի և չափելի դառնա, հարկ է, որ սովորողը խրախուսվի և գնահատվի: Գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է կիսամյակային գնահատականը փոխել:
Փորձեմ ներկայացնել Ավագ դպրոցում հայոց լեզվի, գրականության ուսուցման գնահատման գործիքակազմը, որը ներդրվել է առնվազն 10 տարի առաջ՝ ամեն տարի լրամշակման ենթարկվելով հենց սովորողների կողմից։ Գնահատման այս սանդղակը ճկուն է, պարզ է և հասկանալի: Այն միանգամայն չափելի և տեսանելի է դարձնում սովորողի ուսումնական աշխատանքը և, ըստ էության, ունի երեք մակարդակ`
- առաջին մակարդակ` ընդհանուր հանրակրթություն
- երկրորդ մակարդակ` հեղինակային կրթական ծրագիր
- երրորդ մակարդակ` հեղինակային կրթական ծրագրի զարգացում. ինքնակրթություն։
ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ. Ընդհանուր հանրակրթություն, 4-6 միավոր
Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում։
ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ. Հեղինակային կրթական ծրագիր, 7-8 միավոր
Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում, այն է՝
- նախագծային աշխատանքի մասնակցություն
- լրատվություն, կայքի, բլոգի համար նյութի ստեղծում
- այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն
- ձայնանյութ, տեսանյութի ստեղծում
- ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն։
ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ. Ինքնակրթություն, 9-10 միավոր
Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը և խոսքի մշակման աշխատանք կատարելուց բացի ապահովում է նաև`
- նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակցություն. նախագծի ղեկավարում
- արդյունավետ բլոգավարություն. ստեղծագործական բլոգի ղեկավարում
- ուսումնասիրություն, հետազոտական աշխատանք
Գնահատման գործունեության ներկա համակարգը ենթադրում է կառուցողական ուսուցում` շեշտը դնելով ոչ թե գնահատանիշի, այլ գործունեության շարունակական գնահատման վրա: Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը, ներառյալ` ուսումնական արձակուրդների ընթացքում կատարածը:
Հավելեմ նաև, որ գործունեության գնահատումը վերաբերում է նաև այն բազմազան առաջադրանքներին ու իրավիճակներին, որոնցով սովորողը հնարավորություն է ստանում դրսևորելու գիտելիքի իր ըմբռնումը, կարողանում է կիրառել ձեռք բերած հմտություններն ու մտածելու կարողությունը: Գնահատումն իրականացվում է ժամանակի ընթացքում` հիմնվելով շոշափելի արդյունքի կամ դիտարկելի գործունեության վրա: Նման մոտեցումը խրախուսում է ինքնագնահատումը և սեփական արդյունքների վերանայումը, պահանջում արդյունքների հրապարակում-գնահատում: Գործունեության գնահատման այս համակարգը, ըստ էության, ուղղված է ոչ թե սովորողին գնահատանիշ դնելուն, այլ անհրաժեշտ մի շարք կարողությունների զարգացմանը`
- ինքնագնահատում, ինքնաստուգում
- ստեղծագործական մտածողություն
- սովորել սովորելու կարողություն
- սովորել սովորեցնելու կարողություն
- համագործակցելու կարողություն
- ընտրելու, որոշումներ կայացնելու կարողություն։
Մեր ժամանակներում գիտելիքն ավելին է, քան սոսկ տեղեկատվությունը: Եվ որքան այն իրական-շոշափելի-կիրառվող է այսօր, այնքան ավելի հավանական է դրա գործածությունը հետագայում: Առավել քան համոզված ենք՝ կրթության իրական իմաստը ոչ թե սովորողի գլուխը «շտեմարան» սարքելն է, այլ անհրաժեշտ կարողություններ ու հմտություններ զարգացնելը:
Օգտագործվել են`
Կառուցողական կրթության հիմունքները և մեթոդները, Երևան, 2005
Հանրակրթության պետական չափորոշիչ
Հայոց լեզվի և գրականանության չափորոշիչ
Գործունեության գնահատման համակարգ
- Բացվել է 1735 անգամ