Մանկավարժությունը պատերազմի օրերին

Ամեն ինչ անհետանում է այնքան արագ, 

որ չես էլ  հասցնում նկատել, 

…մարդիկ քնած էին… 

Ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղ պոկեց թիթեռի նուրբ թևերը, 

Մտքով էլ չանցավ, որ ինչ-որ տեղ, 

Ինչ-որ ծաղիկ այդ թիթեռի թևերին է սպասում։ 

Ծաղիկը թոշնեց, 

Աղջիկն այդ ծաղիկը չստացավ ու չհանդիպեց երբեք  տղայի, 

Որից երեխա պիտի ունենար, 

Իսկ երեխան պիտի բժշկության մեջ մի լուսատու դառնար 

Ու հայտնաբերեր մի պատվաստանյութ, որ կվերացներ վարակը հավետ։ 

Ու ախտահարված, հիվանդոտ մարդիկ ամուլ ու սառած չէին թափառի, 

Ու չէր մոտենա վերջը կանաչ աշխարհի, 

Եթե մի հիմար չպոկեր թևը խեղճ թիթեռնիկի… 

Չարլզ Բուկովսկի

 

Սեպտեմբերի 27-ի առավոտը մահվան հոտ ուներ՝ պատերազմ է սկսվել…Աստված իմ… Խենթացա, մահացա…Էմոցիոնալ անկումներ, դե, երևի նորմալ է։ Պատերազմի մասին երևի իմ հանդիպած լավագույն պատկերավորումը մեր սիրելի Սարոյանն է արել, գտա ու հրապարակեցի, վերապրեցի, քանի որ բացի խաղաղության հեշթեգից, այլ բան չէր կարող լինել իմ պրոֆիլում։ Երկու օր մրմռացի, ատամ կրճտացրեցի, չէի պատկերացնում ոնց պետք է աշխատանքի ներկայանամ, աշխատեմ… Բայց ապրել էր պետք ու դառնալ օգտակար…Կապույտ թռչուն կար սրտումս, որն ուզում էր դուրս պրծնել… Այո՛, ապրելու, արարելու, մանկավարժությամբ զբաղվելու գործ կար։ Իսկ մանկավարժությունը ոչ այլ ինչ է, քան սեր, հոգատարություն, գիտություն հոգևորի՝ ոգու մասին, օգտակար լինելու ամենասիրուն արվեստը, պետք էր նայել սեփական ջրհորին ու այնտեղից ջուր խմել… 

Մեզ համար նյութ դարձավ պատերազմը՝ իր բերած բոլոր խնդիրներով։ Ամեն օրը սկսվում էր ռազմաճակատ մեկնող գործընկերների, հարազատների, մեր կրթական համայնքի ներկայացուցիչների մասին լուրերով։ Օրվա ընթացքում էլ հարցուփորձով՝ խոսե՞լ ես հարազատիդ հետ, պատասխանե՞ց զանգերին, հասանելի՞ էր, ի՞նչ լուր կա և այլն։ Համացանցից իմանալով, որ սահմանին մեր զինվորը հագուստի, դեղորայքի, սննդի կարիք ունի, գործընկերուհուս հետ 29-ի երեկոյան գնեցինք  անհրաժեշտից մի շարք բաներ։ Հետո հավաքանիով, որտեղ արդեն ունեինք շատ կամավորներ, որոշեցինք, որ արժե, որ սովորողը իր ընտանիքով միանա թիկունքի աշխատանքներին։ Ընտանիքները սիրով միացան։ Մեկ միկրոավտոբուս դեղորայք, չոր պարեն, հիգիենայի պարագաներ, մատկոցներ փոխանցեցինք առաջնագիծ։ Դրան զուգահեռ սեպտեմբերի 29-ից բնահան եղած արցախցիներին ընդունեցինք դպրոցի կացարաններում, Հյուսիսային դպրոցում ուսումնառության մեջ ներառեցինք 25 սովորողի՝ կազմակերպելով նրանց տեղափոխումը, սնունդը։ Կրթական համայքը՝ սովորող-ծնող, հանդես եկավ իր հոգատար լինելու հայտով։ Բնահան եղած արցախցիների, կրթության կազմակերպման  անհրաժեշտություն ունեցող  սովորողների թիվն ամեն օր ավելանում էր։ Կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններն ընդլայնելու անհրաժեշտություն առաջացավ։ Կային մահճակալների, սպիտակեղենի, կենցաղային տեխնիկայի կազմակերպման դժվարություններ։ Ֆեյսբուքյան իմ արձագանքը անպատասխան չմնաց. մեծ լսարանը, ծնողական համայնքը, սովորողները հաջորդ օրվանից դարձան մասնակից՝ փոխանցելով անհրաժեշտը։ Թիկունքի աշխատանքները զուգահեռ ընթանում էին։ Ընկերներիս միջոցով  թելերի, անձրևապաշտպան թիկնոցների ստեղծման աշխատանքներ սկսեցինք։ Աշխատանքներին միացան ուսուցիչներ, ծնողներ, մեր արցախցի կենվորները, կրթահամալիրի կարի արհեստանոցը։ Երկու փաթեթ հասցրեցինք փոխանցել առաջնագիծ՝ ծրարված սովորողների նամակներով։ Երբ առօրյան մահն է, լքումը, անփարատելի սուգը, երբ վարդագույն քաղաքիդ փողոցները զարդարում են սև ժապավենները, միայն թիկունքի աշխատանքներն ու Տիրոջ հետ հաղորդակցումն է, որ ապրեցնում է։

Դժվար էի հաղորդակցվում արցախցի մեր բարեկամների հետ ոչ թե նրա համար, որ կար որևէ խնդիր, կոնֆլիկտ, այլ պարզապես չէի կարողանում նայել նրանց աչքերին, ախր, չգիտեի ինչպես խոսել, ի՞նչ հարցեր տայի, բա՞ որ ցավեցնեի… Հացադրումներս միայն ուղիղ էին՝ ինչպե՞ս եք, ինչի՞ կարիք ունեք։ 

Որպեսզի ավելի լավ ճանաչենք մեր բարեկամներին, սկսեցինք ներառել մեր ուսումնական նախագծերում։ Նախ, որպես ծանոթություն, գրանցեցինք նրանց պատմությունները, որպես լրագրող հանդես եկան Հյուսիսափայլ Tv-ի մեր մեկնաբանները, իսկ շարունակությունը եղավ ամենատարբեր նախագծերում։ Քաղաքային դպրոցներում ընդհատվեցին ուսումնական պարապմունքները, իսկ կրթահամալիրում սկսվեց Արցախ — Հայաստան համակեցության ճամբարը։ Ո՞րն էր ճամբարի կոնցեպտը. արցախցի սովորողներին, նրանց ծնողներին՝ մայրիկ-տատիկներին ներառել մեր միջավայր,ներառել հեղինակային մանկավարժության մեջ տարբեր ուսումնական նախագծերով։ Երկշաբաթյա  գործունեության ընթացքում համատեղ հանդես եկանք լավաշթխիկիժենգյալով հացի, թթուդրեքիգինու ստեղծման, պանրի,  քանդակի,  խեցեղենի ստեղծմանմեդիագրագիտության,  ազգային 

ծեսի և այլ ուսումնական նախագծերի մեջ։ Եթե նայենք արվածի խորքը, կտեսնենք, որ բոլորը ապրումի ձևեր են, երևույթից օգուտով էին դուրս գալիս ոչ միայն մեր արցախցի սովորողները, նրանց հարազատները, այլև սեբաստացիները։ Նոր հաղորդակցման մշակույթ, բառ ու բան, արտակարգ պայմաններ պատերազմում, որը նոր երևույթ է իրենց կյանքում, հայտնվել տուժածի կողքին, դրսևորել կարեկցանքի, հոգատարության որակներ՝ դառնալ թիկունք։ Սովորողին ներառելով թիկունքի աշխատանքներին, դարձնելով իր առօրյայի ընթացքում դրական ելքով գործի  դերակատար՝ մենք արձանագրում էինք հենց նույն վայրկյանին իր լրջությունը, ոգևորությունը, հասունությունը, իրերի, երևույթների հոգևոր ընկալումը։ 44 օր շարունակ մենք տեսնում էինք, թե ինչ է տեղի ունենում նրա հոգու և ոգու մեջ՝ որակներ՝ «հոգատարություն» անունով։ Ինչ հաղորդում ենք երեխային իր կյանքով, պետք է աճի իր հետ, նա վաղվա մեր քաղաքացին է, նա հասարակական կարգի, իհարկե և, անշուշտ, իր ընտանիքի արտադրանքն է, բայց մենք ուսուցիչներս պատասխանատու ենք նրա համար՝ մեր փոխանցածի չափով։ Որքան էլ կրթությունը ունի իր օրակարգային սկբունքները՝ պարտադիրի ցանկը, սակայն այն չի կարող երեխային կտրել իր միջավայրից։  Զարմանալի բաներ կարելի էր լսել նրանց շուրթերից՝ խոհանոցում ընդմիջումների, բակում ծառերի տակ նստած՝ ամենատարբեր քննարկումներ պատերազմի, զինվորների մասին։ Հաճախ մոտեցնում էին նամակները իրենց, որպեսզի ես կարդայի… Կարևոր էին համարում։ Ամեն դրվագից ես մշակում էի անում, ինչ պետք է խոսել, ինչի վրա կենտրոնացնել, ի՞նչը բացառել,  ո՞րն է կարևորը, իհարկե՝ փոխանցելով խաղաղության, համերաշխության ընկալումը և ինքնապաշտպանության  պահանջն ու  դեպքերը։ 

Նոյեմբերի 9-ից հետո անգոյի կարգավիճակում էի՝ իմ շատ հայրենակիցների պես։ Դե, Արցախն ամբողջությամբ չգիտեի, բայց Շուշիի հանդեպ իմ սերն ու կապը ուրիշ էր։ 

Ավերակ էի…Ավելի էի փլվում, երբ դեմ առ դեմ էի դուրս գալիս արցախցի մեր կենվորներին, օրվա ընթացքում խուսափում էի իրենց կողմ թեքվել… Ես այդքան ուժ չունեի իրենց աչքերին նայելու։ Բայց իրենք գրում էին ինձ։ Ալլան, տիկին Զինան, Դիանան… Ա՜խ, ես ի՞նչ ասեմ… 

Օրեր անց կացարանում հայտնվեցին առաջնագծից իջած տղաները՝ Վանքից, Ավետարանոցից: Տիկին Զինայի որդին՝ Արտակը, իր ընտանիքի հետ միասին՝ երեք մանկահասակ երեխա, և անօթևան։ Գտնվեց հրաշալի լուծում՝ պատմել եմ։ Այս օրերին, մեր մանակվարժության մանդատով մենք պետք է ապրենք ու ապրեցնենք, աջակցենք հասարակական կյանքին, շարունակելով մնալ ամուր թիկունք՝ ոգու ուժով մոբիլիզացնենք մեր կարողությունները և ստեղծագործաբար գործնական լուծենք խնդիրներ։ Նոյեմբերի 22-ից մեկնարկում է կրթահամալիրում «Սեբաստացու օրերը»՝ իր հոգատարության հարթակներով։ Ամեն դպրոց ամեն օր ցուցադրություն-վաճառքի է հանում, ստեղծում և ներկայացնում է հանգանակության իր արտադրանքը։ Սովորողն ու ընտանիքը այստեղ գլխավոր դերակատարներն են, ուսուցիչը՝ աջակցողը, իսկ միջավայրը՝ կրթահամալիրը։ Սովորողը ստեղծում է, վաստակում ու սովորում դառնալ հոգատար։ Այս անգամ հոգատարության թիրախում վիրավոր մեր հերոսներն են, որոնք այնքա՜ն ունեն մեր յուրաքանչյուրի հոգատարության, աջակցության կարիքը։ Հիմա հավաքում եմ մեր կենվորների բանավոր պատմությունները, կարծում եմ կարևոր է, նաև ունեցա մամուլից արձագանքներ։ Կարևոր է նրա համար, որ գրանցվում են մեր հայրենակիցների եզակի պատմությունները, նրանց հիշողությունները, փորձը, բնակավայրի հետ փոխհարաբերությունները: Բանավոր պատմությունները, ոչ մշակութային ժառանգություն են, և լավ ժամանակ է դրանք գրանցելու, թվայնացնելու և գրադարաններում տեղավորելու համար։ Արդեն որպես մշակութային ժառանգության կարոևորում՝ սկսեցինք մեկ այլ նախագիծ։ Մայրենիի, օտար լեզվի մեր դասավանդողները իրենց սովորողների հետ զարկ տվին «Հոգատար եղիր․ Իմ անունը Արցախ է »նախագիծը։

Սովորողները անգլերենովռուսերենով գրանցում են խոցելի դիրք զբաղեցրած Արցախի մշակութային ժառանգությունը։ Պատմում են, ծանոթանում, ապա պետք է այդ պատմությունները հեղինակային իրենց գրչով դառնան բացիկներ, նամակներ և ուղղվեն համապատասխան միջազգային կառույցներին։

Մեզ առավել պակասում է տարրական հոգատարությունը մեկս մյուսի հանդեպ, իսկ մենք շարունակ սպասում ենք… Ի գո՛րծ։ 

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский