Ընտանեկան ընթերցում

Ընտանեկան դպրոց

Գրիգոր Նարեկացի

Այս օրերին, համավարակի շրջանում կրթության կազմակերպման հարթակում հեռավար ուսուցումն է՝ իր բազում փորձերով, հաջողություններով, դասավանդողների ուսումնական բլոգները, դպրոցների ենթակայքերը, կրթահամալիրի կայքը՝ mskh-ը, ողողվեցին նաև ընտանեկան ուսուցման նախագծերով։ Երբ կրթահամալիրի հիմնադիր կազմը կարևորեց, ընդգծեց ընտանեկան ուսուցումը, ստեղծեց մի ուղեցույց ընտանիքի համար՝ հարթակ բերելով սովորողին, ընտանիքի անդամներին, հարկ եղավ արդեն հանդես գալ այդ հարթակում՝ որպես սեբաստացու մայր, որպես օրինակ։

Սոնի հետ երեկոները ունենում էինք ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, փոքրիկ ընթերցումներ, էլեկտրոնային պատկերասրահներով, թանգարանններով ճամփորդություններ։ Լինելով պահքի մեջ և Սուրբ Հարության շեմին՝ շատ կարևորում եմ Նարեկի ընթերցումները, հատկապես, երբ տեր Եզնիկը առաջարկեց, որ Մատյանը բացեմ ու հաճախ աղոթեմ, աղոթեմ աշխարհի համար, պանդեմիայի չեզոքացման համար։ Լսեցի, ոգևորվեցի․․․ վաղուց չէի կարդացել։

Նարեկացուն ընկալում եմ իր ամբողջությամբ, համապատկերով, տաղերով, գանձարանով, հմայիլներով, Նարեկով․․․ Այս ընթերցումն էլ ունկնդրի համար ուզում եմ լինի մի այդպիսի հնարավորություն, Նարեկացուն մերձենալու առիթ, որպես երգիչ, որպես վարդապետ, որպես պոետ․․․ ով ինչպես կզգա, քանզի բնավ կարևոր չէ, թե դու կունենաս հոգևոր փորձառություն, կունենաս աստվածային, տիեզերական կարոտներ, վախեր, աստվածավորումներ, աստվածամերժումներ, կընկալես նրա բառաբարդումները, բառեղեն տաճարը, նրա գերլեզուն, խորհրդաբանական շտեմարանը, թե ոչ ․․․

Նարեկացին անթարգման է, իսկ մերձեցումները նրան անվերջ են, ուղղակի պետք է մոտենաս և փաստես քո որոնումը։ Որպես մայր՝ ուզեցի, որ Սոնի, տանեցիների ականջը շոյի այս ընթերցումը։ Իսկ թե ինչ ուղարկեցի տիեզերք՝ դա արդեն իմն է․․․

Ուսումնական բնագավառ, դասընթաց: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский