Հեռավար ուսուցման բլոգային հարթակ

«Հարթակում ուսուցիչն է» նախագիծ

Բարև Ձեզ։ Ես Նունե Մովսիսյանն եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, Ավագ դպրոցում դասավանդում եմ հայոց լեզու և գրականություն։

Այսօր խոսելու ենք հեռավար ուսուցման մասին. այն նորություն չէ աշխարհում։

Հեռավար (դիստանցիոն) ուսուցումը կրթություն ստանալու որակապես նոր ձև է, որն առաջացել է 20-րդ դարի վերջում՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների շնորհիվ: Համացանցի և համակարգիչների մատչելիության շնորհիվ հեռավար ուսուցումը մեծ տարածում է գտնում:

Աշխարհում հեռավար ուսուցման առաջին փորձը կապվում է 1969 թվականին բացված՝ աշխարհում առաջին հեռավար ուսուցման համալսարանի՝ Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի հետ:

Աշխարհում, բրիտանականից բացի, հայտնի է նաև ԱՄՆ–ի հեռավար ուսուցման զարգացման ռազմավարության «ամերիկյան» կամ «հեռարձակման» մոդելը: Իսկ Եվրոպայում նշանավոր է համարվում Հեռավար ուսուցման ֆրանսիական ազգային կենտրոնը:

Աշխարհի շատ բուհեր առաջարկում են հեռավար ուսուցման առնվազն մեկ դասընթաց՝ հեռավար ուսուցումը համարելով զարգացման ռազմավարական կարևոր ուղղություններից մեկը: Այսօր աշխարհում հեռավար ուսուցման ծրագրերում ընդգրկված է ավելի քան 100 միլիոն մարդ:

Հեռավար ուսուցման զարգացումը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի հիմնական կրթական ծրագրերի առանցքային ուղղություն:

Կրթահամալիրում, հեռավար ուսուցման ընթացքում սովորողի և ուսուցչի կապն իրականացվում է հեռահաղորդակցության միջոցով՝ համացանցային տեխնոլոգիա (մասնավորապես՝ բլոգներ): «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեռավար ուսուցումը իրականացվում է մի քանի փուլով:

Առաջին՝ նախապատրաստական կամ տեղեկատվության փուլ։ Ուսուցիչը, ըստ կրթահամալիրում գործող ուսումնական օրացույցի, առաջադրանքներ է կազմում, տեղադրում բլոգում: Ծրագրի ղեկավարը և կազմակերպիչները հավաքում են ուսուցիչների կազմած առաջադրանքների հղումները և մեկ փաթեթով տեղադրում են ենթակայքում: Այնուհետև սովորողները իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են հեռավար առաջադրանքների փաթեթի հղումը:

Երկրորդ՝  ծանոթացման կամ քննարկման փուլ։ Սովորողները փաթեթին ծանոթանալուց հետո սկսում են հեռավար առաջադրանքները քննարկել ուսուցչի հետ: Ընդ որում, քննարկումը ծավալվում է մի քանի ուղղություններով՝ էլեկտրոնային հասցե, ֆեյսբուք, հեռախոսազանգ: Սա, գուցե թե, հեռավար ուսուցման ամենակարևոր փուլերից մեկն է կրթահամալիրում, ավելին՝ կարծում եմ՝ հենց այստեղ պիտի փնտրել հեղինակային մանկավարժության առանձնահատկությունը: Սովորողները ճշտում են իրենց անելիքը, ընդ որում, կարող են փոփոխել կամ ընդհանրապես հրաժարվել ուսուցչի կազմած առաջադրանքներից՝ առաջարկելով իրենցը: Այս փուլում փոփոխվում են ոչ միայն առաջադրանքները, այլև նախագծերը: Պիտի փաստել՝ որքան ակտիվ են այս փուլում ընթանում քննարկումները, այնքան գոհացուցիչ են լինում վերջնարդյունքները:

Երրորդ՝ հիմնական կամ իրականացման փուլ։ Այս փուլի ժամանակ սովորողներն իրենց կատարած աշխատանքը սկսում են ուղարկել ուսուցչին: Ուսուցիչը, որոշակի խմբագրական աշխատանքից հետո, սկսում է հավաքել, ապա նաև դասարավորել սովորողների ուղարկած աշխատանքները: Ընդ որում, մայրենիի՝ խոսքի մշակույթի աշխատանքները մի քանիսն են՝

  • մեդիատեքստեր՝ առաջադրանքների պատասխաններ կամ պատում–վերլուծություններ,
  • մեդիաընթերցումներ՝ ձայնանյութերի կամ տեսանյութերի տեսքով,
  • ինքնակրթության նախագծեր՝  սովորողների նախասիրությամբ կամ երկարաժամկետ նախագծեր։

Չորրորդ՝  արդյունքների հավաքման կամ ամփոփման փուլ։ Դասարան առ դասարան, սովորող առ սովորող հավաքվում և ամփոփվում է  կատարված աշխատանքը՝ տեսանելի դարձնելով հեռավար ուսուցման ողջ ընթացքը՝ ձեռքբերում–հաջողություններով և թերացում–թերություններով հանդերձ:

Այսպիսով՝ որպես հեռահաղորդակցման տեխնոլոգիաներով պայմանավորված հարթակ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իրականացնում է բլոգային ուսուցում, իհարկե՝ չբացառելով նաև հեռավար ուսուցման այլ հարթակներ ևս։

Շնորհակալ  եմ:

Կհանդիպենք…

Ուսումնական բնագավառ, դասընթաց: 
Տեսանյութի հեղինակ: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский