Ընտանիքում ապրում, ընտանիքով կրթվում և արարում ենք․․․

Ընտանիքը սկսվում է երեխաներից:

Վոլֆգանգ Գյոթե

Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ սովորողի սոցիալականացման առաջին և գլխավոր օղակը ընտանիքն է։  Հնարավոր չէ կերտել անհատի՝ առանց ընտանեկան ինստիտուտի հետ համագործակցության։ Չէ՞ որ ընտանիքն այն վստահելի միջավայրն է, որում առավել բաց, անկաշկանդ, առանց ավելորդ ձևականության, իր իրական դեմքով հանդես է գալիս սովորողը։ Հետևաբար՝ դասավանդողիս առաջին ըկեր-գործընկեր-խորհրդատուն ինքը՝ ընտանիքն է։ Պետք է նշեմ նաև, որ դպրոց-ընտանիք կապն առավել ամուր, կատարված աշխատանքներն առավել ցայտուն-ակնհայտ դարձան հատկապես վերջին ամիսներին, երբ երկրում տիրեց համաճարակային մի իրավիճակ, որի արդյունքում մեր ընտանեկան դպրոցների ծնող-ուսուցիչները կտրվեցին իրենց բազմազբաղ առօրյայից և ստանձնեցին ընտանեկան դպրոցի ուսուցչի դերը։ Բնությունն, ինչպես միշտ,  այս անգամ ևս հավասարակշռեց ամեն բան։ Եկավ ու հիշեցրեց, որ պետք չէ միայն քամել ու վերջ դնել բնության բարիքներին, պետք է մի պահ դադար առնել, ետ նայել, արժևորել ունեցածն ու նորից առաջ շարժվել։ Այո՛, արժևորման հենց այս օրերին  առավել ակնառու դարձան դասավանդող-ընտանիք-դպրոց անխախտ եռամիասնության համատեղ  աշխատանքի արդյունքները, որոնցից յուրաքանչյուրն ընտանեկան դպրոցի ինքնատիպ նմուշ  են՝ առանց լավ ու վատ բնորոշման։

Մարտյան առաջին շաբաթների ընթացքում «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» նախագծի շրջանակում  ընտանիքով խաղացինք, կարդացինք Թումանյան,  Տերյան, Չարեց։ Թումանյանական քառյակների բառարան էլ ստեղծեցինք: Հնարավո՞ր է խոսել Թումանյանի մասին ու չանդրադառնալ գրքի դերին, նշանակությանը։ Իհարկե՝ ոչ։ Այդ պատճառով էր, որ Թումանյանի ծննդյան օրը Արևմուտքը վերածվել էր գրքերի գունազարդ աշխարհի,  այդ օրը իսկական Գրքատոն էր Արևմուտքում։ Սովորողները ծնողների օգնությամբ խնամքով մտածված- ընտրված գրքերը նվիրեցին մեկը մյուսին՝ շեշտելով, որ գիրքն իրենց լավագույն ու ամենից հավատարիմ ընկերն է։

Չարենցասեր ընթերցողներիս մասին խոսելիս չեմ կարող չառանձնացնել չորրորդցի Դավթին, ով իր ընտրությամբ է Չարենց կարդում, ավելին՝ ընթերցման հոլովակի գլխավոր հերոսուհին քույրն է՝ Աստղիկը, Դավթի ոգեշնչման աղբյուրը, իսկ օպերատորը՝ մայրիկը։

Առցանց դպրոցի «Ընտանեկան ընթերցումներ» նախագծային աշխատանքին մե՜ծ ոգևորությամբ մասնակցեցին նաև մյուս ընտանեկան դպրոցների մայրիկ, հայրիկ, տատիկ, պապիկ ուսուցիչները։ Նրանք իրենց նախընտրությամբ առանձնացրին գրական որևէ ստեղծագործություն, կատարեցին դերաբաշխում և ընթերցեցին։ Արդյունքում ստեղծվեց ընտանեկան ընթերցումների  հետևյալ ամբողջական, գրավիչ փաթեթը։ Որքա՜ն մանրակրկիտ, կոկիկ աշխատանք են կատարել ծնող-ուսուցիչները, չէ՞ որ ինձ համար պարզ է, թե սովորողի հետ մի փոքրիկ հատվածի ձայնագման-տեսագրման, այնուհետ դրա մշակման համար որքա՜ն ժամանակ ու հավես է պահանջվում։ Ակնհայտ է, որ այդ ժամանակն ու հավեսն ունեն մեր ծնողները։

Առհասարակ, ընթերցման մասին խոսելիս, ես միշտ նկատի եմ ունենում նաև հոգևոր գրականության հատվածների ընթերցումը։ Իհարկե, ինչպես նախորդ նախագծերին մասնակցության, այնպես էլ այս հարցում որևէ պարտադրանք չկա։ Յուրաքանչյուր սովորող իր հետաքրքրությունների շրջանակում է ընտրում այս կամ այն նախագիծը և մասնակցում։ Ունենք սովորողների մի խումբ, ովքեր սիրով ու մեծ գիտակցումով են կարդում հոգևոր գրականության հատվածներ, մանակցում կրթահամալիրում իրականացվող ամենշաբաթյա ուսումնական ժամերգություններին։ Ասվածի վկայությունն է «Նվիրումի, խոնարհումի, ապրել-ապրեցնելու ապրիլ» նախագծային փաթեթը։

Զատկի ծեսն էլ ընտանիքով տոնեցինք։ Զատկի ծեսի, խորհրդի, մեր իրականության մեջ դրա դերի մասին խոսեցին մեր սովորողների ծնողները։ Նախագիծն իրականացրիք հարցուպատասխանի ձևաչափով։ Սովորողները նախապես ուսումնասիրեցին ծեսը, հարցեր առանձնացրին ծեսի վերաբերյալ, այնուհետ դրանք ուղղեցին իրենց ընտանիքի անդամներին, ձայնագրեցին, լսեցին  և՛ իրենց, և՛ իրեց ծնողների խոսքը, կատարեցին լեզվական որոշ ուղղումներ, որոնք թույլ էին տվել իրենց խոսքում, հետո նոր հրապարակեցին իրենց աշխատանքի արդյունքը։ Նմանատիպ աշխատանքները շատ եմ կարևորում, քանի որ սրանք լեզվական նորմերը գործնականորեն կիրառել-յուրացնելու լավագույն եղանակներ են։

Ծնողական տարբեր խմբերի հետ աշխատելիս կարևորում եմ «Դպիր»-ը ծնողին հասանելի դարձնելու եղանակները, քանի որ կարծում եմ, որ այն հեղինակային կրթական ծրագիր իրականացնող մեր կրթահամալիրի դեմքն է։ Ինքս էլ  հաճախ եմ կարդում գործընկերներիս հոդվածները, ինձ համար դրանք ուղղորդող են, նրանց հայացքներին ու մոտեցումներին ծանոթանալու իրական եղանակներից մեկը։ Այս էր պատճառը, որ առցանց ուսուցման այս շրջանում սկիզբ առավ «Դպիրը՝ ծնողական ընթերցարան» նախագիծը, որի շրջանակում սովորողները ծնողների հետ ընտրեցին «Դպիր»-ում հրապարակված հոդվածներից որևէ մեկը, ընթերցեցին, այնուհետ բլոգում ներկայացրին  հոդվածի ասելիքը, իրենց համար առավել հետաքրքիր մտքերը, բանալի բառ-արտահայտությունները, այն հատվածները, որոնց հետ համաձայն են/չեն և այլն։ Իհարկե նախագիծը երկարաժամկետ է, ընթերցվող նյութը՝ ծավալուն։ Հունիսյան ճամբարային օրերին ևս կանդրադառնանք նախագծին, կտարածենք այն։

Ինչպե՞ս կարող ենք կրթվել՝ առանց ճամփորդելու։ Ստեղծված իրավիճակում սեբաստացիներս է՛լ ավելի ճկուն գտնվեցինք։ Ճամփորդեցինք տանից։ Սովորողներից որոշները միայնակ, որոշներն էլ ընտանիքի անդամների հետ եղան  Էրմիտաժում, Վան Գոգի թանգարանում, Դալիի թատրոն-թանգարանում, Լուվրում և այլուր։ Ճամփորդությունից հետո, ինչպես միշտ, նրանք կիսվեցին իրենց տպավորություններով։ Ճամփորդությունից առաջ, իհարկե, ճամփորդներն անդրադարձան նաև անվտանգության կանոններին, որոնց հարկավոր է հետևել՝ աշխարհում տիրող իրավիճակից ելնելով։ Արդյունքում ստեղծվեց կորոնախորհուրդների մի մեծ փաթեթ։   Ավելին, աշխատանքը կատարելու կարևոր պայման էր այն, որ սովորողներն անպայման խորհրդակցեն ծնողների հետ, որպեսզի  խորհուրդներն ավելի օգտակար լինեն։

Կարո՞ղ ենք խոսել հետաքրքրաշարժ ուսուցումից՝ չանդրադառնալով Ռոդարիին, նրա գործերին ու հնարքներին։ Ռոդարիի մի շարք գործեր կարդալ-քննարկել-վերլուծելուց հետո ստացանք ահա այսպիսի ծիծաղաշարժ, հետաքրքիր, սովորողների անսահման երևակայությունն արտահայտող նախագծային փաթեթը։ 

Ընտանեկան էին նաև Արևմուտքի հինգերորդցիների հետ իրականացրած «Ողջո՜ւյն, Միջին դպրոց» և «Ստեղծողի մոբիլ դպրոց» նախագծային աշխատանքները։ Չէ՞ որ մեր հինգերորդցիները սեպտեմբերից համալրելու են Մայր դպրոց կոչված մե՜ծ ընտանիքի շարքերը։ Թեպետ սովորողները հաճախ են եղել Մայր դպրոցում, ծանոթ են դպրոցի նիստուկացին, ունեն քույր-եղբայր, ովքեր սովորում են այնտեղ, պատմել են ինչ-ինչ դրվագներ, բայց միևնույն է, նրանք ունեն մտահոգություն, սպասում-ակնկալիքներ Միջին դպրոցից։ Թե ինչպե՞ս են պատկերացնում հաջորդ օղակը, որում պետք  է հայտնվեն, ի՞նչ առաջարկ-կարծիք ունեն սովորողները՝ կարող եք ընթերցել սովորողների բլոգային անկեղծ խոհ-պատումներում։

Իբրև ելքի ստուգատես հինգերորդցիների հետ իրականացրինք նաև  «Ստեղծողի մոբիլ դպրոց» ընտանեկան նախագիծը։ Նախագծի շրջանակում նրանք իրենց ծնողների հետ կարդացին Միջին դպրոցի ուսումնական պլանը, որպեսզի իրենց համար առավել պարզ լինի, թե կրթական ի՞նչ ծրագիր են յուրացնելու կրթահամալիրի Միջին դպրոցում, այնուհետև փոքրիկ պատումի միջոցով բլոգում ներկայացրին կարծիք-առաջարկ-դիտարկում՝ կարդացածի վերաբերյալ։

Ուսումնական պլանի ընթերցում-յուրացումից հետո՝ մայիսյան հավաքի օրերին, կազմակերպեցինք տեսակապով հանդիպում հինգերորդցիների, ծնողների, Միջին դպրոցի ղեկավար Լուսինե Բուշի, հինգերորդցիներին ընդունող կազմակերպիչ Գոհար Եղոյանի հետ, որի ընթացքում մասնակիցները՝ ծնողներ, սովորողներ,  հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել իրենց կազմակերպչին, դպրոցի ղեկավարին։ Կառուցողական հանդիպում ստացվեց։ Սովորողների ոգևորությանը չափ չկար։ Իրենց բնորոշ վա՜ռ երևակայությամբ, խնամփով ընտրված-մշակված հարցերը առանց որևէ կաշկանդվածության հնչեցին ու ստացան սպառիչ պատասխաններ։ Հանդիպման ընթացք-լուսաբանումը՝ այստեղ։

Ընտանեկան նախագծեր, արդյունքներ՝

Նշյալ նախագծային աշխատանքները նպաստեցին միմյանց հետաքրքրություն-կարողությունների առավել խորությամբ բացահայտմանն ու զարգացմանը։

Հեռավար-առցանց ուսուցման կազմակերպումն իր հաջողություն-արգելքներով դասավանդողիս համար ինքնատիպ փորձառություն էր։ Չ՞է որ համակարգչի էկրանից այն կողմ նստած փայլուն աչքերով սովորողներդ ամենայն վստահությամբ են քեզ ընդունում․ բացառված է հուսախաբ անելը։

Դե, ինձ մնում է միայն շնորհակալ լինել սովորողներիցս, ովքեր առցանց ուսուցման այս պատասխանատու, տարբերվող  շրջանում դարձան իմ ընկեր-գործընկերները, նեցուկ եղան ինձ՝ նախաձեռնություններիս կյանքի կոչման հարցում։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский