Բջջային հեռախոսը՝ որպես աշխատանքային հիմնական գործիք

Արդեն ութ երկար ու ձիգ տարիներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում աշխատում եմ որպես դասվար: Հանրապետությունում միակ կրթօջախը, որտեղ մշակվում, իրականացվում և տարածվում են ուսուցիչների հեղինակային կրթական ծրագրերը, որտեղ թե՛ աշխատողը և թե՛ սովորողը անընդհատ զարգացնում են իրենց մեդիահմտությունները:

«Բլեյան բաց ցանցում» 2013-2014 ուստարվանից հիմնական աշխատանքային գործիք համարվում է համակարգիչը ( կամ պլանշետը):

Դասավանդողը աշխատում է համակարգչով՝ ուսումնական բլոգ վարում, իրականացնում աշխատանք սովորողների հետ, նամակագրություն անում, տեսանյութեր պատրաստում, հրապարակում և այլն:

Հեռախոսը շատերը օգտագուծում են միայն որպես ֆոտոխցիկ, ձայնագրիչ՝ ռադիոնյութերի համար կամ՝ որպես քարտեզ, կողմնացույց, հաշվիչ:

2013 թվականից սկսած՝ չորս տարի շարունակ, ես էլ էի այդպես աշխատում, իսկ այժմ կարող եմ փաստել, որ բջջային սարքերը «հաղթել» են համակարգիչներին։ Կցանկանայի կիսվել իմ աշխատանքային փորձով։

Պրակտիկան ցույց տվեց, որ բջջային հեռախոսս (iOS օպերացիոն համակարգի), բացի այն, որ ինձ համար դարձել է տեղեկություն ստանալու միակ միջոցը, այն նաև դարձել է իմ աշխատանքի հիմնական գործիքը։ Հեռախոսով եմ իրականացնում էլեկտրոնային մատենավարությունը, ինձ դրանում օգնում է Sharepoint հավելվածը, հեռախոսով եմ ստանում իմ բոլոր էլեկտրոնային նամակները, OWA հավելվածի օգնությամբ արագ արձագանքում եմ նամակներիս, քան դա կանեի համակարգչով. վերջինս պարզապես հնարավոր չէ մշտապես բացված պահել կողքիդ և միաժամանակ ուշադիր լինել, որ բոլոր էլեկտրոնային փոստարկղերդ բացված լինեն։ Իսկ բավական է հեռախոսի մեջ ունենալ բոլոր սոցցանցերի հավելվածները, և նամակ ստանալուն պես, նա ինքը կհիշեցնի քեզ այդ մասին։ Նամակ գրող սովորողը, ով ուսումնական նյութ է պատրաստել և ուղարկել իր ուսուցչին, որ վերջինս գնահատի իր կատարած աշխատանքը, երկար չի սպասի ուսուցչի արձագանքին։ Ուսուցիչը օրվա բոլոր ժամերին հասանելի է նրա համար։

Հաջորդ սոցցանցը, որը կիրառելի է մեր կրթական համակարգում, դա WordPress համակարգում գրանցված մեր բլոգն է։ Անհատական բլոգ վարելը պարտադիր աշխատանք է նաև սովորողների համար։ Բլոգում մենք հրապարակում ենք մեր աշխատաժամանակըկրթական ծրագրերընախագծերըդրանց արդյունքներըօգտակար կրթական ռեսուրսներ և այլն։ Յուրաքանչյուր օրվա ամփոփումը կատարում ենք բլոգում։ Դե՛, իհարկե, համակարգչով ևս այս բոլոր աշխատանքները կարող ես անել, բայց ե՞րբ. երբ դրա համար կունենաս հատուկ հատկացված ժամանակ, հանգիստ կնստես տանը կամ աշխատավայրում և կզբաղվես բլոգավարությամբ։ Իսկ ամենագետ սմարթֆոնը ձեռքի տակ է անգամ աշխատանքի համար ամենաանհարմար վայրերում՝ օրինակ երթուղայինի մեջ, փողոցում, սարի վրա, այգում կամ մանկահասակ երեխայիդ լողի ու պարի պարապմունքի ավարտին սպասելիս։

Դու կարող ես ունենալ WordPress հավելվածը, գրանցված լինել որպես սովորողներիդ բլոգների խմբագիր և հեռախոսից հետևել միաժամանակ 25 սովորողի բլոգի գրառումներին, անհրաժեշտության դեպքում խմբագրել։

Կրթահամալիրում յուրաքանչյուր ամիս իրականացնում ենք ուսումնական ճամփորդություններ։ Ուսումնական ճամփորդության նախագիծը, ինչպես և մյուս բոլոր ուսումնական նախագծերը, ունենում է նախագծելու-մշակելու, նախագիծը հանրայնացնելու, գործընկերներ գտնելու, իրականացնելու, արդյունքները ներկայացնելու փուլեր։ Այդ բոլոր փուլերում ինձ անհրաժեշտ բջջային հավելվածները ես ակտիվ օգտագործում եմ։ Օրինակ՝ նախապատրաստական փուլում Google map համակարգով տեղանքի ուսումնասիրումը, իրականացման փուլում՝ վայրկյանաչափի միջոցով ֆիքսել ճամփորդության ժամանակը, կողմնացույցի միջոցով որոշել գտնվելու վայրը, քանոնի միջոցով չափել ծառերի հեռավորությունը մեկը մյուսից կամ ճանապարհի երկարությունը, օգտագործել ֆոտոխցիկը, ձայնագրիչը։ «Առողջություն» հավելվածի միջոցով Ճամփորդությունների ժամանակ կարողանում եմ հաշվել քայլերի քանակը, սրտիս զարկերը։ Բջջային հեռախոսի միջոցով կարողանում եմ ցանկացած վայրից կայքերում ուղիղ եթեր դուրս գալ և այսպես տեղյակ պահել դիտողին գործողությունների հերթականությանը։

Բջջային հեռախոսով ֆիքսում եմ աշխատանքային օրվա իրականացվող գործունեության հետաքրքիր պահերը, iMovie հավելվածով արագ մոնտաժում, ուսումնական ֆիլմ պատրաստում, տեղադրում Յութուբյան իմ էջում, այնուհետև՝ բլոգում։ Ամենավերջում հանրայնացնում եմ նյութս դպրոցի կայքում։ Հղումներով կիսվում եմ նամակների օգնությամբ կամ Facebook սոցիալական ցանցում։ Եվ այս ամենը բջջային հեռախոսի YoutubeiMoviesoundcloudfacebookPinterest սոցցանցերի հավելվածների օգնությամբ։

Կան շատ այլ հավելվածներ, որոնց միջոցով ստեղծում եմ ուսումնական նյութեր։ Այդպիսիք են Soundcloud ծրագիրը՝ ռադիոնյութերը հրապարակելու համար, Google drive պահոցը՝ ձևաթղթեր ստեղծելու համար, Livecollage ծրագիրը՝ լուսանկարները ֆոտոմոնտաժելու համար։ Օֆֆիս համակարգից Word, PowerpointExel հավելվածները, որոնք թույլ են տալիս հեռախոսով ընթերցել այս ձևաչափով ստացված ցանկացած փաստաթուղթ։

Հեռախոսս ինձ օգնում է ընդհանուր պարապմունքների կազմակերպման հարցում։ Իմ յութուբյան էջում ստեղծել եմ «Ընդհանուր պարապմունք» բաժինը։ Պատասխանատու օրերին հեռախոսի Music center հավելվածի եւ Bluetooth-ի միջոցով միանում եմ մեծ ձայնարկիչին, մուտք եմ գործում այդ բաժին, հերթականությամբ միացնում օրվա ծրագրային երգերը, պարերը։

Հեռախոսով եմ գրել իմ բոլոր մեթոդական մշակումները , այդ թվում սա:

Շատ հաճախ հեռախոսի միջոցով է պահպանվում դպրոց-ծնող կապը։ Բացի էլեկտրոնային նամակագրությունից, Massanger հավելվածի միջոցով նրանց եմ ուղարկում օրվա լուսանկարները։ Շատ հաճախ Viber, Whatsapp ծրագրերի միջոցով են ծնողները ուղարկում ընտանեկան նախագծերի արդյունքները՝ մեծածավալ տեսանյութերը և այլն։ Եվ ես ամբողջացնում եմ նրանց նյութերը։

Կարևոր հանգամանք է, որ բջջային հեռախոսդ ունենա հիշողության մեծ ծավալ, այս դեպքում աշխատանքում դժվարություններ չեն առաջանա։

Եվ ի վերջո, տեխնոլոգիաների զարգացման այսպիսի հորձանուտում բազմաթիվ ընկերությունների աշխատակիցների բջջային հեռախոսը կօգտագործվի որպես աշխատանքային հիմնական գործիք՝ դրանք կլինեն ուսուցիչներ, բանկի աշխատողներ, թե բժիշկներ։

5 տարի առաջ հարցնում էի՝ «Պլանշե՞տ, թե՞ նեթբուք», իսկ հիմա հարցնում եմ՝« Հեռախո՞ս, թե՞ նեթբուք»

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский