Պատերազմը մեզ էլ հասավ

Վիլյամ Սարոյանի ,, Պատերազմը,, պատմվածքի առաջին տողն է՝ «պատերազմը մեզ էլ հասավ»: Բոլորս, նաև ես ու իմ սովորողները, հայտնվեցինք պատերազմի ամենաթեժ կետում՝ կյանքի ու մահվան մեր նոր ընկալումներով, անհանգիստ մեր եղբոր, հոր, որդու, հարազատ մարդու համար:

Իրական կրթությունը չի կարող կյանքից դուրս լինել: Չի կարող կյանքը իր հունով հոսել, կրթությունը՝ կյանքից անկախ, կյանքից դուրս, կյանքի հետ կապ չունեցող հունով ընթանալ։ Իրական կրթությունը հենց կյանքն է ՝ իր պատերազմով ու խաղաղությամբ:

Առցանց են ուսումնական արապմունքները 9-րդ դասարաններում: 9-րդ դասարանցի Վահանը Տեր-Պետրոսյանն առցանց պարապմունքներին սովորաբար ակտիվ է լինում: Բայց հիմա, պատերազմը սկսելուց հետո, չի արձագանքում: Առցանց հարթակում է, տեսնում եմ, որ ներկա է, բայց չի խոսում, չի պատասխանում հարցերին։ Թվումէ ՝ բարձրախոսն է անսարք: Բայց նաև չի գրում: Բլոգում առաջադրանքներ չկան: Լավ, ի՞նչ եղավ էս տղային: Էնպես սիրով էր առցանց պարապմունքներին մասնակցում: Միանում էր առաջինը, զրուցում էինք, մինչև ուսումնական պարապմունքը սկսվում էր: Էսպես լուռ, բայց պարապմունքներին միացած՝ Վահանն անցկացրեց ամբողջ պատերազմական շրջանը: Եվ հանկարծ հրադադարից մի քանի օր անց ֆեյսբուքում հանդիպում եմ Վահանի գրությանը. «Այսօր՝ Ժամը 01։45, Արցախից վերադարձավ հայրս։ Նա 43 օր պաշտպանել է Արցախի սահմանը։ Ես շատ կցանկանայի, որ ինքը մտներ տուն այնպես, ինչպես մտել էր 2016 թվականին։ Ցավոք, ունենք այն, ինչ ունենք»։ Ահա թե ինչ: Առեղծվածը պարզվեց: Այսօր արդեն նույն Վահանն է՝ ոգևորված առցանց ուսումնական պարապմունքներով: Չեմ ասի, թե ուսումնատենչ, բայց ակտիվ, շփվող, կենդանի-առույգ։ Եվ էսպիսի քանի՜ Վահաններ: Դժվար է ուսուցչի գործը: Ինչպե՞ս անես, որ չվրիպես:

Քննարկում ենք Վիլյամ Սարոյանի երկու պատմվածքները՝ «Պատերազմը» և «Պատերազմ է հայտարարվել»:

Նախ՝ խոսում ենք ,«Պատերազմ է հայտարարվել» ստեղծագործության մասին։
Սարոյանական տիպիկ կերպար է վարսավիրը, որը բոլորին, ով խոսում է պատերազմի սկսվելու մասին, հիմար է անվանում և դուրս է վռնդում իր վարսավիրանոցից:
«Թերթը լույս է տեսնում, վերնագիրը՝ «Պատերազմ»: Տղան վազելով գալիս մտնում է սափրիչատուն: Պատերազմ: Դուք գալիս մտնում եք ձեր մազերի համար: Պատերազմ: Ամեն մարդ հավատում է դրան: Աշխարհը հիմարներով է լեցուն»: 

Քննարկում ենք այս սարոյանական կերպարը:

,,Նա ճիշտ էր, նա խելագար չէր, նա անմիտ չէր, նա ուղղակի նայում էր ամենին ուրիշ հայացքով։ Հասկանում և գիտակցում էր, որ եթե մարդկաց արձագանքը ,,պատերազմ,, գաղափարին ժխտող լինի, մարդկանց աշխարհայացքը փոխվի, երբ բոլորը անխտիր բացառեն պատերազմը, ապա դրանք կդադարեն մեկընդմիշտ,,։ Արթենի Ջանիկյան

Կարինե Գոմցյանը գրում է․ ,,․․Այսօր ոչ ոք չի ընդունում մարդակերությունը, դա վաղուց մերժված երևույթ է։ Եթե բոլոր-բոլորս նույն ձևով բացառենք պատերազմ-երևույթը, այն նույնպես այլևս գոյություն չի ունենա,,։ 

Քննարկում են սովորողները։ Խոսում են նրանք, խոսում եմ ես։ Քննարկման ժամանակ բոլորս հավասար իրավունք ունենք՝ ներկայացնելու մեր կարծիքը։ Ես իհարկե, քննարկմանը այլ կերպ եմ մասնակցում՝ հարցադրումներ անելով, ավելի շատ քննարկումը կազմակերպելով, քան կարծիք արտահայտելով։ Աշխատում եմ իմ կարծիքը առայժմ չձևակերպել՝ չկաշկանդելու համար սովորողներին։ Ուզես, թե չուզես, անկախ քո ցանկությունից, քո կարծիքը սովորողների մեծ մասը անվերապահորեն է ընդունում։
Պատմվածքը շշմելու է, վարսավիրի կերպարը՝ անսպասելի:
Իմ՝ ուսուցչիս գործը եղել է այդ ստեղծագործությունը կարևորելն ու քննարկման առարկա դարձնելը:
Եվ իհարկե, ոչ բոլորն են համաձայն սարոյանական մոտեցման հետ:

Շուշանը գրում է. «Չեմ կարող ասել, որ ամբողջովին եմ համաձայն ստեղծագործության գաղափարի հետ, որովհետև կարծում եմ, որ ինչ-որ անտրամաբանական բան կա գաղափարի մեջ, ինչպես Սարոյանի շատ ստեղծագործություններում է: Բայց դա ինձ շատ է դուր գալիս, քանի որ գաղափարը այդ ձևով բոլորովին այլ կերպ է տպավորվում և մնում մարդու մեջ »:

Ոչինչ, որ կան սովորողներ, ովքեր Սարոյանի հետ համաձայն չեն: Ինձ համար դա կարևոր էլ չէ: Թող լսեն Սարոյանին, թող հասկանան Սարոյանի ասելիքը, թող մտածեն այդ մասին: Սարոյանական աշխարհայացքի ապրող ու ապրեցնող սերմը գցված է: Մեկի մոտ կաճի ու ծիլ կտա, մյուսի մոտ կչորանա՝ առանց ծլարձակելու: Ի՞նչ կիմանաս՝ ում մոտ, ոնց: Կարևորը, որ լսեցին պատերազմը բացառելու տեսակետը, հանճարեղ Սարոյանի տեսակետը.
«Հիշեցեք մի բան: Չկա՜ պատերազմ»,- ասում է սարոյանական հերոսը:
«Դուք նշանավոր մարդ եք»,-ասում է իր հերոսին Սարոյանը

Հաջորդ քննարկվող պատմվածքը Վիլյամ Սարոյանի ,«Պատերազմը» գործն է: Քննարկումը նորից առցանց է: Թեման արդիական է, ցավոք, շատ է հոգեհարազատ պատերազմի մղձավանջից դեռ դուրս չեկած իններորդցուն: Պատմվածքում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանն է նկարագրված: Ամերիկացի տղաները գերմանացի ընկերոջ հետ հաշվեհարդար են տեսնում ՝ որպես թշնամի, որպես ֆաշիզմի խորհրդանիշ: Իսկույն զուգահեռներ են տանում սովորողները մեր օրերի հետ: Ի՞նչ կանեին իրենք, եթե իրենց միջավայրում թուրք հասակակից ունենային:

— Թուրքերը վայրենի են, գազան են,- լսվում է համացանցի մյուս ծայրից:
Դավիթն է, ով սեբաստացիների իրենց խմբով մի տարի առաջ եղել է Իզմիրի տիեզերագիտական ճամբարում, ճամփորդության ընթացքում երկու-երեք օր անցկացրել են Ստամբուլում:
— Դավի՛թ, դու եղել ես Թուրքիայում: Թուրքերը վայրենի ու գազա՞ն էին, անբարեկիրթ ու թշնամի՞ էին:
— Չէ՜, իրենք շատ լավն էին: Ես էնտեղ թուրք ընկերներ ձեռք բերեցի, — լսվում է Դավթի ձայնը:
— Դավիթ ջան, բա որտե՞ղ են այդ վայրենի թուրքերը, եթե Թուրքիայում չեն:
Լռություն է համացանցում: Դավիթը լռում է:
— Ես ադրբեջանցի լավ ընկերներ ունեմ,-ասում է Մանեն…
— Իսկ հնարավո՞ր է հիմա հայ-ադրբեջանական համակեցությունը, տիկին Մարետ,- Կարինեն է Գոմցյան,- ախր հարազատներ են կորցրել երկուստեք:
Մտածում են պատանիները, քննարկում են, վիճում են…
Գրականության ուսումնական պարապմունք է: Դժվար ժամանակներ են: Մեր Սարոյանն է եկել մեզ օգնության:

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский