Երբ կրթական գործ ներխուժեց թագավարակը․․․

Ա՜յ քեզ թագավիրուս։ Մեկ ամիս՝ տնային կալանքում․․․ Առաջին պահին մտածեցի՝ դե, ի՞նչ վատ է որ,․․․Այդքա՜ն ժամանակ տանը․․․Ինչքա՜ն գործ կհասցնեմ անել։ Կիսատ հոդվածներ, մեթոդական պատումներ, նախագծերի մշակումներ, նոր ծրագրեր․․․Չթաքցնեմ, ասեմ, որ միշտ մտածել եմ, որ աշխատանքը խանգարում է, որ մարդ կարգին աշխատի։ Թվում էր՝ ամեն ինչ շատ էլ լավ ստացվեց։ Բայց էստեղ թվում էր-ը շատ տեղին է։

  • Նախ՝ սկսեմ նրանից, որ երբ դու տանն ես, ինչքան էլ կա նախարարի հրաման, տնօրենի հրովարտակ, որ դու աշխատանքի մեջ ես, միևնույն է,  ընտանիքիդ անդամները, սովորույթի հզոր ուժով, քեզ տանը տեսնելով, ընկալում են որպես տնային տնտեսուհի՝ իր տնային պարտականություններով՝ սուրճ դնել, նախաճաշ, ճաշ, ընթրիք պատրաստել, տանել-բերել, եփել-թափել ու էլի էսպիսի մի շարք այնքան էլ ոչ կրթական գործեր։
    /Տանն ես, բա մի հատ խմորեղեն չես ուզո՞ւմ պատրաստել․․․/ Իսկ դու հրամանով աշխատանքի մեջ ես․․․
  • Տան երեխայի-երեխաների հետ դեմ առ դեմ այսքան երկար մնալը լի է ամենատարբեր վտանգներով ու ծանր հետևանքներով՝ աղմուկ-աղաղակ, իրենցով զբաղվելու չգիտես որտեղից ի հայտ եկած պահանջ-պարտադրանքով, խաղեր՝ քո  ժամ առ ժամ պրկվող նյարդերի վրա ու էլի էսպիսի լիքը բաներ․․․ Մի խոսքով՝ Սոդոմ-Գոմոր․․․Իսկ դու հրամանով աշխատանքի մեջ ես․․․
  • Հանկարծ, ի հեճուկս էս ամեն ինչի, պարզվում է, որ մեր սովորողները շատ էլ ուսումնատենչ են՝ աշխատանք աշխատանքի ետևից, տարբեր հարցադրումներ, նախագծեր, էլեկտրոնային նամակներ, տեսագրություններ և ձայնագրություններ, թարգմանություններ, ու էն էլ՝ օրվա որ ժամին ասես․․․ Ո՛չ ժամ, ո՛չ պատարագ․․․Եվ ինչո՞ւ են այսքան ուշ քնում մեր սովորողները էս տարիքում․․․Դա դեռ քիչ է,  ուղարկված աշխատանքային նամակին էլ անմիջապես հաջորդում է՝ նայեցի՞ք։ Առաջ գոնե համբերում էին, որ հաջորդ օրը դասարանում կքննարկենք։ Հիմա ինչի՞ն սպասեն։ Չկա վաղ, չկա՝ հետո, կա հիմա, էս պահին․․․Սա էլ քեզ կրթության անընդհատություն։ Այո, գիշեր-ցերեկ․․․
    Եվ ինչո՞ւ էինք այսքան բողոքում մեր սովորողներից։ Մի օրինակ։ 8-րդ դասարանցի իմ Վահանը, ում ուսումնական պարապմունքների ընթացքում անընդհատ հետևում էի, որ չխաղա, երևի տանը արդեն խաղերից էլ հոգնած՝ ինձ իր առաջին անիմացիոն ֆիլմն է ուղարկել՝ իր ձայնագրությամբ։ Խնդրեմ, հիացեք։  Հետն էլ, թե․ ․,, Ջոնաթան Լիվինգսթոն ճայի,, էսինչ հարցը չհասկացա, կբացատրե՞ք,,։ Եվ   ինչո՞ւ էի բողոքում էս տղայից․․․էսպիսի էլի շատ օրինակներ կարող եմ բերել։ Հանկարծ մեջս կասկած առաջացավ՝ կարո՞ղ է մենք ենք դպրոցում հոգնեցնում էս երեխաներին, որ չեն ուզում սովորել։ Թե չէ` էսպես որ նայում ես, ոնց որ լավ էլ սովորում են․․․
  • Հիմա տեսադասերի մասին։ Առցանց քննարկում ենք Ռիչարդ Բախի ,,Ջոնաթան Լիվինգսթոն,, ճայը,,։ Առաջին երկու հատվածը փորձեցի փոքր դնել՝ իրենց առաջադրանքներով։ Սովորաբար ուսումնական պարապմունքների ընթացքում այդպես եմ անում։ Հետո տեսա՝ լավ էլ հավեսով ու արագ կարդում են նույնիսկ նրանք, որ առաջ երկար տեքստ կարդալու հետ խնդիր ունեին։ Հաջորդ  երկու անգամ ավելի երկար հատվածներ տեղադրեցի իմ ուսումնական բլոգում։ Քննարկումը ցույց տվեց, որ այս բավականին ծավալուն գործը կարելի է երեք օրում քննարկել-ավարտել։ Ընդ որում, ոչ միայն բանավոր քննարկումների միջոցով, այլև գրավոր առաջադրանքների տեսքով։

Սա էլ առցանց քննարկումից մի հատված․

  • Այս առցանց տեսադաս-քննարկումներն էլ ունեն իրենց լավ ու վատ կողմերը։ Լավն այն է, որ միանում են նրանք, ովքեր ուզում են։ Պարզվեց, ուսումնական պարապմունքի այս ձևը  հետաքրքիր է սովորողների համար։ Նույնիսկ ընթերցելու հետ այդքան էլ հավես  չունեցողները կարդում են, որ կարողանան իրենք էլ մասնակցել քննարկմանը։ Լավ է, որ չես տեսնում՝ ով ինչով է զբաղված, և դա ավելորդ լարում չի առաջացնում։ Քննարկումը դժվարանում է, երբ սովորողները, համացանցի կապը չդանդաղեցնելու համար, տեսախցիկները չեն միացնում, իսկ էդպես քննարկումը կազմակերպելը հեշտ չի լինում։ Հանկարծ ես ինձ համար պարզեցի, որ ուսումանկան առկա տարածքում ուսումնական պարապմունքների ժամանակ ես քննարկումը կարգավորում եմ նաև հայացքով, ձեռքի շարժումով, դեմքի միմիկայով։ Իսկ էսպես․․․ Միայն ձայնդ է, այն էլ պարզվում է, որ բավարար չէ։ Ո՞ւմ մտքով կանցներ․․․ Ես էլ կարծում էի՝ ամենակարևորը ձայնն է, նրա ելևէջները, բարձրութունն ու ցածրությունը, երբեմն՝ խստությունը․․․ Փաստորեն դա էդքան էլ էդպես չէ։
    Ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման ընթացում կարևոր է  իրար լսելը, ժամանակին կանգ առնելը, իրար չխանգարելը, խոսքը չկտրելը։ Սրանք  հմտություններ են, որոնք անընդհատ մշակման, կատարելագործման կարիք ունեն։ Եվ եթե առկա ուսուցման ժամանակ քեզ օգնում են տարբեր գործոններ, հեռավարի ժամանակ դու զրկվում ես այդ հնարավորություններից, և այդ հմտությունը դառնում է հեռավար պարապմունքի մեխը։
    Ես հետո, երբ լսում-նայում եմ տեսագրությունը, հասկանում եմ, որ ես էլ պետք է զգույշ լինեմ, երբեմն ինձ մոտ էլ կա ընդհատելու ոչ լավ սովորությունը։
    Հաջորդ աշխատանքը մեր բանավոր խոսքը լսելն ու քննարկելն է․ ինչպե՞ս ենք իրար լսում, ո՞ր մտքերն են անհարթ, խճողված, ունե՞նք թերի թողած մտքեր, կարողացե՞լ ենք ուշադիր լսել և համապատասխան արձագանքել, կա՞ն կրկնովող արտահայտություններ․․․ Սա բանավոր խոսքի հետ կապված կարևոր աշխատանք է, որ անում ենք նաև առկա ուսումնական պարապմունքների ժամանակ։
  • Բացի սովորողների հետ հեռավար պարապմունքներից, կան նաև աշխատանքային այլ հարաբերություններ՝ վարչական խորհուրդ, մասնաժողովներ, մասնագիտական քննարկումներ գործընկերներիդ հետ, օգնություն երիտասարդ գործընկերներիդ /մենթորի աշխատանք/, ծրագրային վերամշակման աշխատանքներ և իհարկե․․․ հեռախոսազրույցներ ամենատարբեր թեմաներով, ֆեյսբուքյան թափառումներ /ի դեպ՝ այս օրերին ֆեյսբուքը բավականին հետաքրքիր է դարձել/։
    Այնպես որ, հեռավար աշխատանքային այս ձևը ունի իր ոչ պակաս ծանրաբեռնվածությունը, դժվարությունները և, իհարկե,  հետաքրքրությունները։
  • Ինչևէ, բավականին հետաքրքիր, ոչ ստանդարտ, ստեղծագործ և իհարկե ընտանեկան իրավիճակում ենք հայտնվել մենք ու սովորողները․․․ Այ, սա է կոչվում իրավիճակ փոխվել․․․ Ոչ մի տեղ չկա թաքնվելու, ոչնչով չես կարող գունազարդել, շպարել, ուրիշ լույսի տակ փորձել ներկայացնել արածդ։ Իսկական մարտահրավեր կրթությանը։ Կկարողանա՞նք  ապահովել անընդհատ կրթությունը։ Երբ դաս-դասարանական պարտադրանքը դուրս գա, կլինե՞ն մեր կողքին սովորողներ, կցանկանա՞ն մեզ հետ ճանապարհ անցնել։ Կդիմանա՞ մեր կրթական համակարգը այս փորձությանը։
    Թե՞ կհայտնվեն երեխաներ, ովքեր կբացականչեն՝ արքան մերկ է։ Եվ այլևս անհնար կլինի թաքցնել այդ մերկությունը։
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский