Իմ արտակարգ մուտքը նախակրթարան․ Գայանե Արզումանյան
Primary tabs
Դեռ համալսարանում սովորելու տարիներին շատ եմ լսել կրթահամալիրի բարի համբավի մասին։ Սովորել եմ բանասիրական ֆակուլտետում, սակայն ինձ ավելի շատ հետաքրքրել է նախադպրոցական տարիքի երեխայի հոգեբանությունը։ Կրթահամալիրի կրթական ծրագրերը ամբողջովին տարբերվում են սովորական հաստատությունների կրթական ծրագրերից։ Դեռ երրորդ կուրսում երազանք ունեի՝ հայտնվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և դառնալ կրթահամալիրի մի մասնիկը։ Ավարտեցի համալսարանը։ Աշնանն իմացա, որ կրթահամալիրում աշխատանքի տեղ կա։ Առանց ժամանակ կորցնելու դիմեցի։ Հոկտեմբերի հինգին մուտք գործեցի զարմանահրաշ մոլորակ։ Թվաց՝ մանուկների հեքիաթ մոլորակում եմ, որն ունի հոգի։
Կրթահամալիրը տարբերվում է բոլոր կրթական հաստատություններից, որտեղ սովորել եմ, անցել եմ պրակտիկա։ Տարբերվում է թե՛ իր միջավայրով, թե՛ իր կրթական ծրագրերով, թե՛ իր մանկավարժներով։ Մի պահ ափսոսանք զգացի, որ նախադպրոցական տարիքում չեմ սովորել այստեղ և չեմ եղել փոքրիկ սեբաստացի։ Առաջին մուտքից հասկացա, որ ընձեռված է մի մեծ հնարավորություն՝ երևակայությամբ սավառնելու, սովորելու և քաղելու այն, ինչը մինչ այդ անհնարին էր թվում։
Սկզբում մասնակցեցի «Մուտքի» ճամբարին, որը ղեկավարում էր Նելի Արղությանը։ Բացահայտեցի կրթահամալիրը շատ կողմերով։ Եղել եմ Քոլեջում, Արևելյան դպրոց-պարտեզում։ Երկու վայրերում էլ այնքան փորձ եմ ձեռք բերել, որքան ոչ մի հաստատությունում գործնականում ձեռք չեմ բերել։
Մասնակցել եմ նաև քառօրյա վերապատրաստումներին, որոնք վարում էին Մերի Գրիգորյանը և Լիլիթ Սահակյանը։ Վերապատրաստումները հնարավորություն տվեցին բացահայտելու կրթահամալիրը մեդիադաշտում։ Ստացա խորը գիտելիքներ, ձեռք բերեցի կարևոր մեդիահմտություններ։ Ինքնուրույն բացեցի իմ բլոգը և դարձա բլոգավար։ Ե՞ս, բլոգավա՞ր…, սա մի նոր հարթակ է ինձ համար։ Ես այնքան զարմացած և հետաքրքրված էի այս ամենով, որ ինձ թվում էր՝ այլ աշխարհում եմ։
Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը կամավոր աշխատել եմ տարբեր խմբերում։ Շփվել եմ տարբեր դաստիարակների հետ, ծանոթացել եմ նրանց մոտեցումներին և փորձել եմ ամեն մեկից մի բան սովորել` նոր հմտություններ, նոր կարողություններ։ Այս շրջանում ծանոթացել եմ մեր ազգային ծեսերին:
Աշխատել եմ տարբեր սաների հետ, փորձել եմ հասկանալ նրանց հոգեբանությունը, բնավորության գծերը, տարիքային առանձնահատկությունները, հետաքրքրությունները։ Ըստ այդմ՝ կազմակերպել եմ տարբեր գործունեություններ՝ խաղեր, տեխնոլոգիական աշխատանքներ։ Ձկնորսություն ցամաքում խաղի ընթացքում մարզում ենք ձեռքերի մկանները և զարգացնում մրցակցային կարողությունները։ Ակտիվ, շարժական խաղերը, ջրախաղերը ևս կարևոր են երեխաների համար։ Դրանք ձևավորում, զարգացնում են մարմնի կոորդինացիան, տարածական կողմնորոշումը, տրամաբանությունը, մտքի ճկունությունը։ Բակային զբոսանքները` աշնան ջերմ արևի ուղեկցությամբ, շատ հաճելի և կարևոր են երեխաների համար, աշնանային առօրյան առանց աշնանային զբոսանք-խաղերի պարզապես անհնար է պատկերացնել։
Երեխաները ոգևորված մասնակցում էին բոլոր խաղերին, ուրախանում և ցանկանում նորից ու նորից խաղալ։ Իհարկե, աշխատելիս ինձ շատ էին օգնում դաստիարակները՝ խրախուսելով, ոգևորելով։
Ամեն օր անհամբեր սպասում էի, թե երբ պետք է կարողանամ մուտք գործել խումբ որպես դաստիարակ և իմ մեջ կուտակված գիտելիքները, հետաքրքիր մտքերը, սերն ու ջերմությունը փոխանցել երեխաներին։ Բայց այս ամենի հետ ունեցել եմ մեծ վախ։ Արդյոք կկարողանա՞մ ճիշտ կազմակերպել նրանց առօրյան, կընդունե՞ն ինձ որպես դաստիարակ։ Իսկ երբ ասացին, որ խմբերից մեկում պետք է աշխատեմ, ուրախությունս կրկնապատկվեց, բայց վախերն ավելի շատացան։ Սկզբում, իհարկե, դժվար էր։ Բայց օրըստօրե ավելի եմ հմտանում։ Փորձում եմ ամեն օրս վերլուծել և շտկել սխալներս, ինքնակրթվել, առաջ գնալ։
Այս ընթացքում սովորեցի կազմել ամսվա, շաբաթվա նախագծեր, ամփոփել դրանք։ Նախագծերը շատ բազմազան են եղել։
Երբ սկսվեց «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագիծը, ինձ բացահայտեցի արվեստի, խոհարարության մեջ։ Պատրաստեցինք համեղ, ավանդական գաթա, շրջիկ գուլպա-թատրոն։
- Այլընտրանքային նկարչություն և տեխնոլոգիական աշխատանք
- Գաթաթխիկ
- Սեբաստացի մայրիկը առաջին մուտքի մասին
- Պատրաստում ենք վզնոցներ մայրիկների համար՝ զարգացնելով մոտորիկան
- Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» Խառնաշփոթ փազլ Իմ քաղաքը
Այս շրջանին հաջորդեց Հարիսայի ծեսը։ Սա մի նոր տոնակատարություն էր ինձ համար։ Քոլեջ այցելեցին մեր սաներն իրենց մայրիկների հետ։ Ծեսը հնարավորթյուն տվեց նաև մայրիկներին մասնակից դարձնելու մեր կրթական ծրագրին, նորովի ծանոթացնելու մեր ազգային ծեսերին։
Մասնկացել եմ գինեգործության, շրջիկ թատրոնի և պարարվեստի սեմինար-պարպմունքներին։ Այս հիանալի միջոցը հնարավորություն տվեց ինքնակրթվելու, ինքդ քեզ այլ կողմից բացահայտելու։ Դաստիարակը պետք է անընդհատ ինքնակրթվի և փոխանցող լինի։
Կրթահամալիրում աշխատելը թույլ տվեց աշխարհն ընկալել այլ տեսանկյունից։ Ես հիացած եմ մանկավարժական ծրագրերով, աշխատակազմով. այստեղ չկա նախանձ, բոլորը օգնում են իրար, կիսվում իրենց մտքերով, իրենց հաջողված և չհաջողված փորձերով։
Առջևում Ամանորն է, և այնքան բազմազան նախագծեր կան, որ անվերջ կարելի է թվել։
Իմ ամեն մի օրը բացահայտում է կրթահամալիրում, իսկ կրթահամալիրն ամբողջովին միանգամից բացահայտելն անհնար է։ Ես կրթահամալիրը համեմատում եմ անեզր օվկիանոսի հետ։ Այստեղ մենք դառնում ենք նախագծի հեղինակ-կատարողներ և փոխանցողներ։
Ես մանկավարժի մասնագիտությունն ընտրել եմ սիրով և մեծ պատասխանատվությամբ։ Շատ շնորհակալ եմ կրթահամալիրին, որ ինձ հնարավորություն ընձեռեց փորձելու դառնալ սեբաստացի։
- Բացվել է 742 անգամ