Կապ, շաղկապ… թե՞ անկապ

Կարդալով կամավոր ատեստավորման նախագծին վերաբերող փաստաթուղթը՝ օգտվեմ հանրային քննարկմանը մասնակցելու իմ իրավունքից և մի քանի դիտարկում անեմ՝ որպես գործող ուսուցիչ:

Կրթության անարդյունավետությամբ մտահոգված՝ նախարարությունը, թվում է, թե քայլեր է ձեռնարկում՝ ինչ-որ բան շտկելու կամ գոնե պատճառները գտնելու ուղղությամբ: Բայց, կներեք, տպավորություն է, որ փաստաթղթի վրա աշխատող խումբը բոլորովին նպատակ չի ունեցել ինչ-որ բարեփոխումներ անելու այս ոլորտում կամ ոլորտում առկա մարտահրավերներին պարզապես տեղյակ չէ. հակառակ դեպքում «պծիչկաներ»-ով լրացվող այս թերթիկը չէր պարտադրվի ուսուցչին, հետն էլ՝ աշխատավարձը բարձրացնելու խոստումով:

Ձեռնարկված միջոցառումները պետք է հիմքում ունենան ընդամենը մեկ նպատակ. ինչպիսի քաղաքացի ենք ուզում դուրս գա դպրոցից: Սա որ պարզենք մեզ համար, ինքնըստինքյան պարզ կդառնա, թե ինչ ուսուցիչներ են հարկավոր դպրոցին, ովքեր կձևավորեն այդ քաղաքացուն: Այստեղից էլ կբխի այն գործիքակազմը, որով հնարավոր կլինի ատեստավորել կամ, ես կնախընտրեի ձևակերպել, նոր որակի բերել ուսուցչին։ Պետությունը կամ նախարարությունն ունի՞ հստակ տեսլական՝ ապագա քաղաքացու։ Երազում ենք, որ ՀՀ քաղաքացիները լինեն համարձակ, հնարամիտ, անկաշկանդ, մարդասեր, մաքրասեր, պատասխանատու, հայրենասեր, ընթերցող, դժվարություններից չվախեցող, թիմային հմտություններով օժտված ․․․ շարքը կարող ենք անվերջ լրացնել, բայց դրանից ոչինչ չի փոխվի, որովհետև միայն ուզելը քիչ է։ Հարց․ առաջարկվող հարցաշարը ինչքանո՞վ է առնչվում վերը թվարկած որակներից որևէ մեկի հետ։

Եթե չենք կարողանում ինքներս ձևակերպել «ուսուցիչ» մոդելը, պետք է ընդամենը հարցնել Google-ին։ Ուղղակի մեջբերում անեմ Վիքիպեդիայից (15 էջանոց թեստ կազմողների համար, կարծում եմ, հավաստի աղբյուր է այս կայքը) և գտնեմ կապը հարցաշարի ու ուսուցչի միջև:

Ուսուցչից պահանջվող իրավասությունների չորս մոդել` ըստ ժամանակակից մանկավարժության.

  • ուսուցիչը՝ որպես ուսուցման ղեկավար
  • ուսուցիչը՝ որպես հոգատար անձնավորություն
  • ուսուցիչը՝ որպես փորձառու սովորող,
  • ուսուցիչը՝ որպես մշակութային և քաղաքացիական անձ

Հիմա եթե այս հարցաթերթիկը ես անթերի լրացնեմ, ստուգող հանձնաժողովը պատկերացում կազմելու՞ է` ես դասընթացի լա՞վ կազմակերպիչ եմ, կարողանու՞մ եմ լսարանին այնպես ոգևորել, որ սկսեն աշխատել:

Հարցաթերթիկի ո՞ր հարցն է դրան ուղղված:

Ես անսխալ գրեցի, որ այսինչ նախադասության մեջ կա այսքան այս եղանակի այս դեմքի այս թվով բայ, ես հոգատա՞ր եմ… յուրաքանչյուր սովորողի հանդեպ անհատական վերաբերմունք ցուցաբերու՞մ եմ…

Որտե՞ղ դրսևորվեց նոր բան սովորելու իմ ձգտումը, ինչպե՞ս սովորողը տեսնի նոր բան սովորելու` ամեն օր փոփոխվող տեխնոլոգիաները: Ախր այդ «ենթական» նա առանց մեզ էլ այնքան աղբյուրներից կսովորի, եթե իրեն անհրաժեշտ է:

Թեստը գնահատու՞մ է, թե ես ինչպես եմ քսան սովորողի հետ քայլում գետի ափով, պարկերով աղբը հավաքում ենք, խնամքով դնում մի կողմ ու ասում` սա է հայրենիքը պահելու իրական ճանապարհը:

Հարգելի’ հանձնաժողով, կարո՞ղ եք թեստավորել այս սանդղակով… Հրավիրում ենք հանձնաժողովին կրթահամալիր՝ մասնակցելու մեր նախագծերին, Գրական ակումբի պարապմունքին, գնահատելու սովորողի անհատական նախագծերով աշխատող դասավանդողի ջանքերը, ուսումնասիրելու ուսուցչի կողմից ստեղծված առաջադրանքների փաթեթները, որոնցից յուրաքանչյուրում մի դասագրքի ծավալի չափ նյութեր ու արդյունքներ են ամփոփված:

Մենք առաջարկում ենք ծրագիր, որտեղ յուրաքանչյուր ուսուցիչ ստեղծում է իր բովանդակությունը, իսկ նախարարությունն ասում է՝ ուսուցիչն իրավունք չունի քննարկել, մեկնաբանել թեստերի բովանդակությունը: Ու այս դիրքորոշմամբ ակնկալում են ուսուցչի հեղինակության բարձրացո՞ւմ, խրախուսում են ուսուցչի ինքնակրթությու՞նը… իր ինչի՞ն է պետք ինքնակրթվել, եթե այն չի նպաստելու իր աշխատանքին: Ուսուցիչը, ով անտեսված է, ում հետ հաշվի չեն նստում, ով իրավունք չունի բովանդակություն փոխելու, ինչպե՞ս է կրթելու ազատ, համարձակ, իր արարքների համար պատասխանատու քաղաքացի: Եթե ինքը կապ չունի բովանդակության հետ, քաղաքացին էլ կապ չունի պետության հետ. և ունենք այն, ինչ ունենք…

Տեղը չփոխել, չխոսել, չհարցնել, չնայել … մենք իսկապե՞ս կրթության մասին ենք խոսում: Ուսուցիչը կասկածում է հանձնաժողովին, հանձնաժողովը կասկածում է ուսուցչին. բայց քանի որ նրանցից մեկը վերադաս է, կարող է սպառնալ, ստորադասն էլ պիտի լռի… և սա կրթությու՞ն է:

Որ կողմից փորձենք մոտենալ ատեստավորման տրամաբանությանը, բախվում ենք պատի՝ հարցերի, որոնք պատասխանների են սպասում։ Այդ հարցերի պատասխանները չունենալու դեպքում ատեստավորման կամավոր բաղադրիչը պետք է հանել։ Անհասկանալիի դաշտ ոչ ոք չի ցանկանա կամավոր մտնել։

Ինչու՞ գրականությունից չկա ատեստավորում ․․․ պարզաբանումներում չկար այդ հարցի պատասխանը։ Բաժանել ենք կարևոր-անկարևորի՞։ Իսկ ես՝ որպես ուսուցիչ, կպնդեմ, որ գրականությունն ավելի կարևոր է, և սովորողին առաջարկվող լեզվական աշխատանքի գերակշռող մասն էլ կապում եմ այն տեքստի, գրականության հետ, ինչ նա կարդում է։ Ի վերջո, ի՞նչ է գրավոր խոսքը, որ այդքան շատ ենք ուզում լինի գրագետ։ Այն ընդամենը անհատի սեփական մտքերի, հույզերի, անհանգստությունների ու երազանքի արդյունքն է։ Սովորողն ստանում է այդ սնունդը, պաշարը միայն ընթերցելով, շատ ընթերցելով, ճամփորդելով, շատ ճամփորդելով, երգելով, սիրելով, երազելով։ Ու երբ անհատը լցված է տպավորություններով, նա կուզի խոսել, իսկ եթե խոսելու հնարավորությունը չկա, կամ շատերին է ուզում փոխանցել, կգրի, ու որպեսզի իրեն կարդան, ահա այստեղից կառաջանա գրագետ գրելու ձգտումը և իմաստը, ու գրողն ինքը կաշխատի իր վրա, որ գրագետ գրի, չամաչի իր տեքստի համար։ Ատեստավորման կարգն ու բովանդակությունը ճիշտ հակառակ ուղղությունն են բռնել․ լու՛ռ մնա, տրված տարբերակներից մեկն ընտրի՛ր։

Մարդը ոգևորվում, իրեն դրսևորում է այն միջավայրում, որտեղ իրեն լսում են, նկատում են իր առանձնահատկությունները ու հարգում դրանց դրսևորումը։ Այս դեպքում, իրականում, գնահատելը ոչ միայն դժվար է, այլ ուղղակի անհնար է, կամ գոնե դրա իրավունքը չունենք․ ինչ է նշանակում չափել մարդու շնորհները։ Գուցե թողնենք, որ ամեն մեկն իրեն գնահատի, ու հնարավորություն ստեղծվի ինքն իրեն ներկայացնելու՞․․․

Ավելի դժվար է, խոսք չկա, բայց սիրուն բացահայտումների ճանապարհը հեշտ չի լինում։

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский