Լուրջ խաղ

Հեղինակ: 

Սովորեցրեք ձեր սեփականը

Սկիզբը 
Նախորդ հատվածը

Լուրջ խաղ

Այս գլխում ծնողները մի քանի ակնարկ են անում այն ձևերի՝ խաղ, երևակայություն, պատրանք, պոեզիա, երգ, թատրոն և արվեստ, որոնք երեխաներն օգտագործում են  իբրև աշխարհը հետազոտելու և հասկանալու միջոց: Սա նրանց կյանքի և զարգացման մի շատ կարևոր մաս է: Մարդիկ որոշ համոզիչ ուսումնասիրություններ են կատարել՝ ցույց տալու, որ այն երեխաները, որոնք լավ են երևակայում, ավելի ունակ են թե՛ աշխարհի մասին սովորելու, թե՛ նրա անակնկալների ու հիասթափությունների հետ հարմարվելու:

Դժվար չէ տեսնել, թե ինչու պետք է այդպես լինի:

Երևակայության մեջ մենք ունենք իրավիճակներ փորձելու հնարավորություն, առանց չափազանց մեծ ռիսկի դիմելու՝ որոշ զգացողություններ ունենալու. ինչպիսին կարող են լինել դրանք, կամ ինչպես կարող ենք զգալ դրանց մեջ:  Դա նաև ճանապարհ է ցույց տալիս վատ փորձությունների հետ հարմարվելու՝ թույլ տալով մտքում խաղալ և վերախաղալ, մինչև որ դրանք կորցնեն իրենց վնասելու զորությունը, կամ մինչև կարողանանք այնպես անել, որ դրանք դուրս գան՝ առանց պարտվածություն ու հիմար զգացողություն առաջացնելու: Առողջ ու ակտիվ երևակայական կյանքի համար երեխաներին ժամանակ է հարկավոր, տարածություն և մեկուսացում, կամ ամենաքիչը՝ այնքան ընկերակցություն, որքան որ իրենք ընտրեն: Դպրոցը կամ այլ մեծ խմբերով իրավիճակները՝ ցերեկային խնամքի կենտրոնները, կրտսեր դպրոցը, խաղային խումբը և այլն, ակնհայտորեն թույլ չեն տալիս սա: Հավանաբար ամենավատն այն է, որ նրանք սովորաբար մեծահասակների աչքի ու հսկողության տակ են, որոնք եթե նույնիսկ թույլ տան, որ երեխաներն ունենան երևակայական կյանք, կարծում են, որ պիտի հսկեն դա, հասկանան, թե ինչ է նշանակում, դատեն, օգտվեն դրանից: Հենց այս պատճառով է, որ մոտ տասը տարի առաջ գրված, դրական համարվող և մեծապես գնահատված գիրքը, որ կոչվում է «Մանկական երևակայությունն ու զգացողությունը», ինձ խորապես սխալ թվաց և մինչ օրս այդպես է թվում: Նրա էությունն այն էր (և կարող են շատ նման գրքեր լինել), որ եթե մենք, այսինքն՝ մարդիկ, որ աշխատում են դպրոցում, բավականաչափ ուշադրություն դարձնեինք երեխաների երևակայական կյանքին, կսովորեինք հասկանալ դա և օգտագործել ի նպաստ մեր սեփական նպատակների: Սա մեծ վրիպում կլիներ, մեծ սխալ: Փոխարենը մենք պիտի գոհունակությամբ դիտենք ու հաճույք ստանանք մանկական երևակայական կյանքից այնքան, որքան իրենք թույլ կտան տեսնել և մասնակցել. եթե երեխաները խնդրեն մեզ, և եթե մենք կարողանանք անել դա ուրախ ու անբռնազբոս: Հակառակ դեպքում, մենք պետք է միայնակ թողնենք նրանց:

Երեխաների երևակայությունն օգտակար ու կարևոր է իրենց համար բազում պատճառներով, բայց նախ և առաջ՝ որովհետև դա իրենցն է, իրենց կյանքի մի մասը, այնքան ամբողջականորեն իրենց հսկողության տակ: Մենք պետք է դիմակայենք այն մերը դարձնելու գայթակղությանը:

Մենք նույնքան պիտի դիմակայենք նաև այն մտքի մեծ գայթակղությանը, թե երեխաների կյանքի այս մասը պակաս կարևոր է, քան նրանք, որտեղ նրանք «կարևոր» բան են անում՝ կարդում են կամ գրում կամ դպրոցական աշխատանք անում կամ մի բան, որ մենք ենք ուզում, որ անեն, կամ թե կարող ենք նրանց երևակայելու ժամանակ հատկացնել միայն կարևոր գործերն անելուց հետո, ինչպես ուտելուց հետո քաղցրավենիքի մի կտոր տալը: Երեխաների համար խաղն ու երևակայությունը կերակրի կարևոր մասերից են: Երեխաները պիտի հնարավորություն ունենան դա անելու ոչ թե պարզապես երբ ժամանակի մի փոքրիկ հատված է մնում բոլոր «կարևոր» գործերի ավարտից հետո, այլ երբ իրենք եռանդով և էնտուզիազմով լեցուն են:  Խոսում ենք այս օրերի «որակյալ ժամանակի» մասին: Երեխաներին իրենց երևակայության ու խաղի համար հարկավոր է նույնքան որակյալ ժամանակ, որքան ընթերցանության կամ մաթեմատիկայի համար: Նրանք պետք է լավ խաղան նույնքան, որքան պետք է լավ կարդան:

Անշուշտ, եթե խորասուզվեինք դրա մեջ, հավանաբար կհասկանայինք, որ այն երեխաները, որ լավ չեն խաղում, երազում, երևակայում, սովորաբար կարդալու հարցում էլ նույնպես և նույնքան լավ չեն:

Ցանկացած դեպքում, ահա երեխաների կյանքի այս մասի մի քանի գեղեցիկ գնահատական:

Երևակայական աշխարհներ

Մի մայրիկ գրում է իր որդու ստեղծած աշխարհի մասին.
«Բայց միևնույն ժամանակ, խորքում մենք պատրաստ ենք «դուրս գալու դպրոցից»: Ես բացարձակ համոզված եմ, որ դա ճիշտ է: Իմ խնդիրն իմ երեխաներն են, հատկապես ավագը (տասը տարեկան): Հինգ տարի դպրոց հաճախելուց հետո նա այն հաճելի և նույնիսկ բերկրալի է դարձրել՝ իր մի երկու ընկերների հետ միասին ստեղծելով աշխարհ աշխարհի մեջ: Դպրոցական աշխատանքը խնդիր չէ. նա այնպես է անում, որ կարող է հեշտությամբ միանալ երկու կամ երեք այլ տղաների՝ բեյսբոլ կամ այլ բան խաղալու համար: Նաև, նրանց աշխարհն ունի «վիփալ»-ների իր սեփական հասարակությունը՝ պինգպոնգի գնդակի չափի տարբեր գույների գանգուր արարածների բազմություն՝ մեծ ոտքերով և փոքր անտենաներով: Համարյա մեկ տարի է՝ նրանք ունեն իրենց քաղաքը, որը սփռվում էր մեր 20X12 չափսի ապակեպատ պատշգամբում (որը ստիպված էինք քանդել, քանի որ վերակառուցում էինք անում):

Ես չեմ կարդացել «Թզուկները», բայց կասկածում եմ, թե ավելի մանրակրկիտ կառուցված լինի, քան այս երեխաների արածը վիփալների հետ. կերպարների դերաբաշխումը, նրանց հասարակության շերտերը, սոկերի (անգլիական ֆուտբոլ) և ֆուտբոլի դաշտերը, տիեզերակայաններն ու նավերը, պարահրապարակը, թանգարանը, դպրոցը, կինոթատրոնը, տրանսպորտային համակարգը՝ բոլորն արված են մանրամասն բծախնդրությամբ, մեծագույն խնամքով ու հմտությամբ. նրանց սննդակարգը միայն բանան ու բանանի հյութ է, մահանում են ջրի հետ շփումից, և այլն:

Երբ Ջ-ն գնաց դեպի ձյունը սկաուտական ճամփորդության, վիփալների թագավոր Իքերը գնաց նրա հետ՝ լեզվի դեպրեսորներից պատրաստված դահուկներով:

Վիփալները գնում են դպրոց և թաքնվում գրասեղանների մեջ մինչև դասամիջոցը, երբ դուրս են գալիս և դարձնում դպրոցն իրենց վայրը, և տղաները նրանց հետ և նրանց միջոցով կարող են անել՝ ինչ ուզում են: Տնային աշխատանքը և ձանձրույթը փոխարինվում են Ա-ին և Ք-ին հանդիպելու և վիփալների հետ խաղալու հնարավորությամբ»:

Ուսուցիչ Քենդի Մինգինզը գրում է նման մի խաղի մասին, որը կոչվում է Ատլաս.
«Ընտանիքը շատ գումար չուներ և գերմանական հաշիվ էր վարում,  ուստի երեխաները ողողված չէին պլաստիկ խաղալիքներով ու գաջեթներով... Նրանք պետք է ստեղծեին իրենց ուրույն խաղը, այսպիսով Ք-ն և նրա եղբայրն ու երկու քույրերը (բոլորն էլ ավելի մեծ) ութ տարի կամ ավելի երկար, խաղում էին այս շարունակվող խաղը, որը ստեղծել էր նրա եղբայրը: Աշխարհի խաղ էր կոչվում:

Յուրաքանչյուր երեխա ուներ մարդկանց ցեղեր՝ պատրաստված ապակե գունավոր փոքրիկ գնդակների վրա փակցված ատամի մածուկի կափարիչներից (Լիլիպուտները), Hi-Q խաղի կտորներից (Մանրադիտորդները), օգտագործված կախարդական մարկերներ՝ ատամի փայտիկներով և ալյումինե փայլաթիթեղի վահաններով (Սուդանցիները), և թղթով զարդարված ձեթի շշերը (Խրթխրթանները) և այլն: Ցեղերը կռվում էին այգում, տարածքներ գրավում, պահում քարտեզներ և գրանցումներ, անում արվեստի շոուներ, օրաթերթ ունեին և իրենց սեփական լեզուներն ու դրամական համակարգերը: Դա խաղի մի հնարամիտ գյուտ էր, որը երեխաները արել էին ամբողջովին ինքնուրույն, և որը տևական էր. երեխաների աճին զուգընթաց՝ մշտապես նոր հետաքրքրություններ ու գաղափարներ էր ընգրկում»:

Ոստիկաններն ու գողերը

Մի մայր գրում է մանկական մշտական խաղի և դրա մասին իր սեփական հիշողությունների մասին.
«Ինձ երբևէ ոչ ոք չէր հորդորել հրացաններով չխաղալ: Բայց երբ ես երեխա էի, և խումբը խաղում էր «Ոստիկաններն ու գողերը», ես խնդիր ունեի, որովհետև չէի կարողանում «մեռնել»: Մի երեխա կրակում էր ինձ, և ես պետք է ընկնեի ու մեռնեի, սակայն չէի կարողանում և պարզապես կանգնում էի ու ապշած նայում: Եվ եթե ես էի ինչ-որ մեկին կրակում, նա պարզապես բանի տեղ չէր դնում, քանի որ գիտեր՝ ես իրականում չեմ սպանել իրեն: Մեծանալուց և սեփական երեխաներ ունենալուց հետո, և երբ նրանք ինձ սովորեցրին «Ոստիկաններ ու գողեր» խաղալ, ես հասկացա, որ շատ շիզոիդ երեխա եմ եղել, ջղային, ինքնաբուխությունից ամբողջովին զուրկ, «ներկա»-ից դուրս, իսկ հրացաններով խաղալը մյուս երեխաների «հետ» միանալու և շատ արագ ընթացող, գործողություններով լի ներկայի մեջ մտնելու երեխայի հնարավորությունն է: Իմ դիտարկումն (մոտ տասնհինգ տարի նման խաղեր եմ դիտել) այն է, որ միայն շատ ազատատենչ երեխաները կարող են իսկական լավ «Ոստիկաններ և գողեր» խաղալ, և որ  շատ «Ոստիկաններ և գողեր» խաղեր ավարտվում են մի երեխայի կողմից, որն ունի բռնության և դաժանության զգացում, և որը պատճառ է դառնում մի «պատահարի», որտեղ ինչ-որ մեկը վնասվում է: Սովորաբար այդ երեխան ուզում է վերջ դնել խաղին նախանձի պատճառով. նա չի կարողանում հաճույք զգալ ոչ թե՝ որովհետև հանվել է մյուսների կողմից, այլ որովհետև ունակ չէ խաղալու: Չեմ կարծում, թե «հրացաններով խաղալը» որևէ կապ ունի հրացանների, բռնության, թշնամության կամ դաժանության հետ. այն տեղեկացված լինելու խաղ է: Զգացմունքները, բացի ուրախությունից, տեղեկացված լինելուց են գալիս, և ձեր զգացմունքները կարող են պոռթկալ ձգանի ձայնից, կամ երբ ատրճանակի մեջ պայթում է կրակոցը, օրինակ: Հրացաններով խաղալիս, համոզված եմ, որ խաղն ընթանում է այսպես. եթե ես առաջինն եմ տեղյակ քո մասին, ես կարող եմ կրակել քեզ, և դու պետք է մեռնես: Եթե դու հանկարծակիի ես բերում ինձ, ես գիտեմ, որ դու ավելի տեղյակ ես, քան ես, որովհետև դու ինձ հանկարծակիի բերեցիր, ուրեմն ես պետք է մեռնեմ: Ես մոռանում եմ ողջ տեղեկացվածությունը (մտնելով ընթացքի մեջ), մինչև մեջս ալեկոծություն զգամ, որն ասում է՝ ես պատրաստ եմ նորից վերածնվելու. ավելի կենդանի եմ, քան առաջ: Երբեմն դու և ես բռնում ենք իրար հենց նույն պահին և հետո պիտի պայքարենք՝ թըխկ: Թըխկ: Փուֆ: Փաֆ: Ես բռնեցի քեզ: Ոչ, դու չբռնեցիր, ես առաջինն եմ բռնել, մինչև որ մենք երկուսս էլ իմանանք, որ մեզնից մեկը հաղթել է մյուսին: Մեզնից որևէ մեկը պիտի մեռնի և ծնվի նորից: Եթե փոխարենը մեզնից մեկը խելագարվում է, խաղն արագ ավարտվում է: Օ՜, ես սիրում եմ «Ոստիակններ ու գողեր» լավ, աղմկոտ խաղը: Ես մի հին բրածո եմ, որը համարյա քառասուն տարեկան է և չի կարողանում հիմա հրացաններով խաղալ հոգին հանգստացնելու համար, բայց համենայն դեպս, ես դեռևս հիշում եմ, որ ինչ-որ բան եմ սովորել որոշ երեխաներից երկար ժամանակ առաջ: Ես փորձում եմ պատմել ձեզ մի բան, որը կարելի է միայն փորձել, և որն ասում է ինձ, որ ես հիմար եմ:

Այսպիսով, իմ առաջարկն այն է, որ դուք գտնեք մի ազատ հոգով երեխա (գուցե տանն ունե՞ք մեկը) և տեսնեք, թե ինչ կարող եք սովորել նրանից: Ես համոզված եմ, որ ամենալավը սովորելն է՝ նայելով ոգուն, արտահայտվող զգացմունքներին, նրան, ինչ անում է ձեր երեխան, և տեսնել նյութական առարկայի միջով: Ի վերջո, երեխան կարող է ցուցաբերել դաժանության ու թշնամանքի իր զգացմունքները, երբ շոյում է շանը, և կարող է արտահայտել իր ուրախությունն ու գոհունակությունը, երբ կրակում է իր հրացանից: Եթե ձեր երեխան ուրախ երեխա է և հրացան է ուզում, կարծում եմ՝ դուք կարող եք վստահել նրա ուրախությանը, որվհետև Աստվածաշունչն ասում է, որ այս աշխարհի իրերը շուտ փչացող են, բայց ոգեղեն իրերը հարատև են, և անձամբ ես կարծում եմ, որ երեխաները ծնվում են՝ իմանալով սա: Նույնիսկ եթե երեխան օգտագործում է իր խաղը՝ հրացանը, պարպելու համար իր զայրույթն ու թշնամանքը՝ առանց ընթացքում վնասելու որևէ բան կամ որևէ մեկին, ո՞րն է դրա վնասը:

Իմ ամուսինն ասում է, որ կարող է հիշել, որ ինքն ուներ նույն զգացումները, երբ երեխա ժամանակ խաղում էր հրացաններով (թեև ես երբևէ չեմ տեսել, որ նման զգացումներ դրսևորվեն, երբ մեր երեխաները խաղում են հրացաններով): Նա ասում էր, որ ինքը կարծում էր, թե լավ բան է, որ ինքն այդ ելքն ունի, քանի որ ինքը շատ տխուր տուն ուներ»:

Թի Գիզին՝ չորս երեխայի մայր Վիրջինիայից, ասում է այս մասին. «Դարինը և Դենայլը ծանոթացան հրացանների հետ մի ընկերոջ՝ Ք-ի միջոցով, երբ համապատասխանաբար երկու և չորս տարեկան էին: Ք-ն չորս տարեկան էր: Նրանցից մեկը կանգնում էր ցածր աթոռակի վրա, մյուսները կրակում էին նրան, և նա մեռնում էր շատ դրամատիկ կերպով: Հետո ուրիշ մեկն էր բարձրանում, որպեսզի իրեն կրակեին, և մեռներ: Ք-ն ամենադրամատիկն էր մահանում, և դա ամենածիծաղելին էր: Սա այնքան արագ էր կրկնվում, որքան որ մեկը հասցներ բարձրանալ՝ միշտ ոգևորությամբ, ուրախ ու ընկերասիրությամբ: Դարինն անմիջապես հրացաններ ուզեց ու կառուցեց մի իսկական զինանոց:

Դրանից կարճ ժամանակ հետո մենք Կալիֆորնիայից տեղափոխվեցինք Միչիգան: Առանց Ք-ի խաղն ամբողջովին փոխվեց: Հիմա Դարինն ու Դենայլը տուն-տունիկ էին խաղում: Դենայլը մնում էր տանը խնամելու իրենց երեխաներին (նրա ու եղբոր տիկնիկներին), իսկ Դարինը վարում էր սկուտեղը՝ անտառ գնալու և իր հրացանով արջ որսալու, որ բերի տուն՝ ուտելու: (Ողջը երևակայական, ոչ ոք չգիտեր, թե ով է որսորդը): Միևնույն ժամանակ, երբ Դարինն իսկապես բարկացած էր, երբեք չէր մտածում հրացանների մասին: Բռնության նրա արտահայտությունն էր.
- Կոշիկը գլխիդ կտամ:

Հրացաններն ուրախության և երևակայության աշխարհի մի մասն էին և ոչ մի կապ չունեին իրական բռնության հետ: Ք-ի, Դենայլի և Դարինի «մահը» ոչ մի կապ չուներ որևէ մեկին վնասելու հետ:

Հաջորդ տարի, երբ Դարինի լավագույն ընկերոջն արգելեցին հրացաններ ունենալ և պարտեզում նույնպես արգելեցին, ես մտածում էի սրա մասին հաճախ: Նրանք ստիպված հրացան պատրաստեցին Թինքերթոյերից և կպչուն բլոկներից: Այն ծնողները, որոնք արգելում են հրացանները, ո՛չ բռնությունն են կանխում, ո՛չ էլ հրացաններով խաղալը, և այն ծնողները, որոնք թույլ են տալիս հրացանները, չեն քաջալերում բռնությունը:

Շարունակությունը

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский