Կյա՞նք, թե՞ դպրոց

Մենք՝ մեծերս, եկեք մի հայացք գցենք մեր դպրոցական տարիներին։ Դպրոցական տարիների ընթացքում շատ ուսուցիչներ ենք ունեցել, ամենատարբեր մասնագետների հետ ենք շփվել, եղել են իրենց գործի գիտակներ, խիստ-պահանջկոտներ, պարտաճանաչներ և այլն ․․․Այս շարքը կարելի է շարունակել, բայց համաձայնեք, որ հիշողության մեջ են մնացել «ամենահետաքրքիր» դասավանդողները, որոնք տարբերվել են մյուսներից, ունեցել են լայն մտահորիզոն, գիրք-դասագրքից-առաջադրանք-կանոններից բացի մեզ համար այլ աշխարհներ են բացել, ամեն ինչ արել են, որ առավել հետաքրքիր անցնեն դասերը, բռնել են մեր ձեռքից, դուրս բերել դասասենյակից, քայլել մեզ հետ, ամենաանսովոր ու հետաքրքիր նախագծեր են առաջարկել, ճամփորդել են, ապրումակցել, ընկերացել, ապրել մեզ հետ․․․

Ինձ համար դպրոցի լավագույն մոդելը սա է, երբ դպրոցը կտրված չէ կյանքից, կյանքի մի մասն է, կյանքն է։ Ուսուցիչ-դասավանդողն էլ անընդհան զարգացող, ինքնակրթվող, ճամփորդող, նորանոր նախագծեր կազմող, սովորողի համար դասընթացի բացահայտման հետաքրքիր ուղիներ փնտրող անհատն է, ով իր «հայտնագործությունները» դասարան է տանում, փորձում ոգևորել, խրախուսել սովորողին։ Գուցե կա՞ այս ամենին այլընտրանք, հնարավոր է, բայց այն, ինչ այժմ է կատարվում  կրթական համակարգում և այն, ինչ առաջիկայում պետք է լինի, մեղմ ասած, հուսադրող չէ։ Մանրամասնեմ․․․

Արդեն որերորդ ամիսն է ամենատարբեր աղբյուներից ականջիս են հասնում վիրավորված ինքնասիրությամբ ուսուցիչների բողոքն ու հուսահատ ճիչը։ Ինքս որոշեցի ծանոթանալ «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ»-ին և հասկանալ, թե ինչն է այդպես վիրավորում ուսուցիչ-մասնագետներին, ովքեր, բոլորս էլ գիտենք, թե ինչ պայմաններում և ինչ աշխատավարձով են մտնում դպրոց-դասարան։ Կարգն ընթերցելուց հետո հասկացա, որ ամեն ինչ փակուղի է մտել՝ նմանվելով մի շրջապտույտի, որը միշտ նույն տեղն է տանում։ Ավելի մանրամասնեմ։ Ինքս հայոց լեզվի և գրականության ուսուցիչ եմ։ Նախարարությունը, աշխատավարձս բարձրացնելու համար, առաջարկում է թեստավորվել հայոց լեզու առարկայից (իսկ գրականությու՞նը)։ Այսինքն՝ թեստ հանձնել և ստուգել գիտելիքների այն պաշարը, որն ստուգել են և՛ ընդունելության քննության ժամանակ, և՛ համալսարանն ավարտելիս։ Այսինքն՝ այս տարիների ընթացքում, քո ողջ կյանքի ընթացքում քեզ՝ որպես մասնագետի, ընդամենը պետք էր անգիր իմանալ հայոց լեզվի կանոններն ու վերջ։ Եվ այդ կանոնների անթերի իմանցությունը բավարա՞ր է, որ ես կարողանամ «հետաքրքիր լինել» այսօրվա երեխային, կարողանամ դասարան մտնել և դասն այնպես կազմակերպել, որ այսօրվա սովորողը սիրով աշխատի, ցանկանա կարդալ, մասնակցել ամենատարբեր նախագծերի, հետաքրքրվի մայրենիով։ Մայրենի լեզվի քերականական կանոններն անգիր իմանալով՝ կոգևորե՞մ այն երեխային, ով լրիվ այլ պահանջերով, հետաքրքրությամբ, աշխարհայացքով է մտել դպրոց։ Ի՞նչ է՝ այսօրվա սովորողի, վաղվա հասուն քաղաքացու պահանջները միայն լեզվական կանոններն անգիր անե՞լն ու անթերի գրել-կարդա՞լն է։ Մենք այդպիսի՞ քաղաքացի ենք ուզում մեր վաղվա օրվա համար։ Չեմ կարծում։ Չէ՞ որ կրթությունը, հմտությունը, գիտելիքը վաղուց դուրս են եկել գիրք-տետր-մեկ գիրք-մեկ ուսուցիչ տրամաբանությունից։ Մարդը, երեխան ամեն րոպե է զարգանում՝ քայլելով, զրուցելով, ճամփորդելով, ընթերցելով, խաղալով, իսկ մենք որոշել ենք նրան նստեցնել և լեզվական կանոններն անգիր տալ։ Տասներկու տարի անգիր անել տալ այն լեզվական կանոնները, որոնք կարելի է մի քանի ամսում էլ անգիր անել (չէ՞ որ հիմա էլ մի քանի ամսում անգիր են անում մի քանի ուսումնական առարկայի հարցաշար և բարձրագույն ուսումնական հաստատութուն ընդունվում)։ Արդյո՞ք անխղճություն չէ այդ տարիների ընթացքում երեխային զրկել սեփական հետաքրքրություններից, մայրենիի՝ ավելի հետաքրքիր աշխարհներ մուտք գործելուց, երևակայելուց, հորինելուց, բացահայտելուց․․․

Մյուս կողմից՝ այս ամենը շատ վիրավորական է։ Ձեռքդ ունենալով պետական ավարտական վկայական՝ կասկածի տակ է դրվում մասնագիտական իմացությունդ, ասվում՝ պետք է տեստ հանձնես, տեսնենք՝ կարո՞ղ ես, թե՞ ՝ ոչ՝ կասկածի տակ դնելով պետության կողմից հանձնված վկայականը։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ այն դիմորդները, ովքեր մեկ կամ մի քանի տարի շարունակ անգիր են անում տեստերը, որպեսզի քննություն տան, կարո՞ղ են ուսուցիչ աշխատել, քանի որ անթերի կհանձնեն հայոց լեզվի թեստը։ Մի՞թե նրանք ավելի լավ ուսուցիչ կլինեն, քան այն մարդիկ, ովքեր աշխատում են իրենց մասնագիտական զարգացման վրա՝ նախագծեր են մշակում, ճամփորդում, ինքնակրթությամբ զբաղվում, անընդհատ աշխատում հետաքրքիր լինել այսօրվա համառ, հետաքրքրասեր, զարգացած սովորողին։ Չեմ կարծում։

Մյուս կողմից՝ ինչո՞ւ է միայն հայոց լեզվի «իմացությունը» ստուգվում, իսկ գրականությու՞նը, որտեղ ամենաշատն է երևում մարդու անհատականությունը, աշխարհայացքը, երևակայությունն ու մտածողությունը։ Հետաքրքիր, կարդացած, անընդհատ ինքնակրթվող մասնագետը գործ չունի՞ դպրոցում։ Մասնագետ, ով իր հմտությունները, հավեսը, իմացությունը կփոխանցի սովորողին, կոգևորի նրան, խորհուրդ կտա, ընկեր կլինի, կքայլի նրա հետ, կճամփորդի, ձեռքը կբռնի։

Ինչո՞ւ է ընթերցանությունը, գրականության իմացությունն այսպես անտեսվում։ Մի կողմից՝ ուզում ենք կարդացած հասարակություն ունենալ, մյուս կողմից՝ կրթական համակարգում անտեսում ենք կարդացած, հետաքրքիր, պրպտող, մտածող ուսուցչին։ Եթե մեր խնդիրը ընթերցասեր ուսուցչի միջոցով ընթերցանության խրախուսումը չէ, ապա ո՞նց ենք ուզում, որ մեր այսօրվա երեխան կարդա։ Եթե նրան դպրոցում ամենահետաքրքիր, իր հետաքրքրությունից բխող գրականություն չի առաջարկվում, երեխան հնարավորություն չունի դպրոցում իր կարդացած գրքի մասին խոսելու-քննարկելու իր ուսուցչի, ընկերների հետ, ուսուցիչն էլ ոգևորված չի մտնում դասարան ու չի պատմում, խոսում  իր «բացահայտած, հայտնաբերած» ժամանակակից գրողի մասին, ո՞նց պետք է երեխան սիրի գրականություն, կարևորի այն, ինքն էլ բացահայտումներ կատարի։ Այս ամենն անհասկանալի է, անլուրջ և մտահոգիչ։

Այսպես, հարգելի՛ վերադասներ,  դուք անում եք այն, ինչ տարիներ շարունակ եք արել՝ կտրել եք կյանքը դպրոցից։ Դպրոցն ու սովորելը համարել եք միայն «մի քանի կանոն անգիր անելը», իսկ կյանքն այնտեղ է՝ դպրոցի պատերից դուրս։ Պարզ է, որ երեխան ընտրելու է կյանքը, որն իրենն է, իր ընտրությունը, իր հետաքրքրությունը, իր աշխարհը։ Դպրոցը մնալու է որպես օտար մի վայր, որտեղ միայն կանոններ են ուսուցանվում։

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский