Հայ- վրացական կրթական համակարգի նմանություններն ու տարբերությունները

Հեղինակ: 

Հարավային Կովկասի երկրները միշտ էլ հետաքրքիր են եղել մշակութային, պատմական նմանություններով ու առանձնահատկություններով։ Որպես կովկասագետ՝ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու պատմամշակութային առանձնահատկություններին, որպես ուսուցիչ՝ առաջին անգամ էի փորձում հասկանալ, թե ինչպիսին է կրթությունը Վրաստանում։ Ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով։ Սկզբում ադրբեջանցիների հետ էին իրականացրել ծրագիրը, ապա՝ հայերի ։ Մեր հարցին, թե ինչու երեք երկրների ներկայացուցիչների հետ միաժամանակ չեն արել, նշեցին, որ անհանգստացել են, թե մի բան կարող է այն չլինել։ Խոստացան, որ նման հանդիպում էլ կլինի։ Պատկերացնում եմ, թե ինչքան հետաքրքրական կարող է լինել կրթությունն Ադրբեջանում։
Առաջին երեք օրը աշխատարանային ծրագիր էր, որն այդքան էլ աշխատարանային բնույթ չէր կրում։ Առաջին հանդիպումը մասնավորապես երեք կովկասյան ժողովուրդների՝ հայերի, վրացիների, ադրբեջանցիների, ու պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի (առանձնացրել եմ, քանի որ ոչ միշտ են պետական ու հասարակական կարծիքներն ու գործողությունները համապատասխանում) տնտեսական, քաղաքական և այլ հարաբերությունների մասին էր ու վերջին շրջանում ամենաակտիվ շահարկվող թեմաներից մեկի՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի, վրաց ազգի ու վրացական կառավարության դիրքորոշման վերաբերյալ։ Այս ամենը ներկայացնում էր Վրաստանի պետական համալսարանի դասախոս Զուրաբ Ճիաբերաշվիլին` հիմք ընդունելով IRI կողմից արված հետազոտությունները։ Ըստ իր ներկայացրած տվյալների՝ Հայաստանը երեք կովկասյան երկրների շարքում երբեմնի ամենալավ տնտեսական վիճակում գտնվող երկիրն էր (2000-2020 թթ․ տվյալներով)։ Վրաստանի քաղաքական հարաբերությունների հաստատման ցանկում Հայաստանը զիջում էր հարևան երկրներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային՝  «շնորհիվ» մեր «օկուպանտ» գործընկերոջ։ Հետաքրքրական է, որ ամբողջ ընթացքում, ինչ մենք Վրաստանում էինք, շեշտադրվում էր այս հանգամանքը, ու կարծես ջանքեր էին գործադրվում մեզ «դարձի բերելու», ինչն ակնհայտորեն զգացվեց փակման ընթրիքի ժամանակ։
Երրորդ օրը եղանք նաև Վրաստանի ազգային թանգարանում ու շրջայցը սկսեցինք Ռուսաստանի օկուպացիայից (ԽՍՀՄ-ի տարիներ)։ Իմ հարցին,թե արդյոք բոլորն են բացասական վերաբերում ԽՍՀՄ-ին, նշեց, որ մեծահասակները հիմնականում ոչ։ Ամբողջ Թիֆլիսը ողողված է հակառուսական, հատկապես հակապուտինյան street art-ով, գրաֆիտիներով, տրամադրությամբ և ․․․ և շատ ռուս տուրիստներով։
Վրաստանի տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնում էին իրենց գործունեությունը, որտեղ մենք հետո պետք է անցնեինք մեր պրակտիկան։ Հետաքրքրական էր Shame Movement (Ամոթի շարժում), որն առաջացել էր այն բանից հետո, երբ Վրաստանի Ազգային ժողովի նիստի ընթացքում ազգությամբ ռուս պատգամավորը խոսել էր ռուսերեն։ Ու իրենք, քաղաքացիական ակտիվիստներ են, ովքեր պարբերաբար ակցիաներ են անում կառավարության որոշումների և այլնի շուրջ, ինչի հետ համաձայն չեն։
Հաջորդիվ ներկայացան նաև EECMD (Արևելաեվրոպական կենտրոն բազմակուսակցական ժողովրդավարության համար)Educate For all և MDF (մեդիա զարգացման հիմնադրամ, ովքեր նաև ուսուցիչների համար վերապատրաստումներ են անում) ։ Մենք ևս ներկայացրեցինք մեր կազմակերպությունները (ՀՕՖԵՀՀAPY , Paradigma Youth Development Center of ArmeniaCaucasus Institute): Կապեր ստեղծելը բոլոր ծրագրերի ամենակայուն ու երկարաժամկետ գործունեությունն է։
Educate For all կազմակերպությունն ունի մի շարք կրթական ծրագրեր, որոնցից մի քանիսը կներկայացնեմ։ Ուսուցիչներին խրախուսելու, հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացման ու ուսուցչի աշխատանքը գնահատելու համար կազմակերպում են ամենամյա ուսուցչի մրցանակ։ 100-ավոր հայտերից ընտրում են 10-ը, հեղինակները դառնում են ծրագրի շրջանավարտ ու որպես շրջանավարտների համայնք՝ փոփոխություն բերում իրենց համայնքներում։ Ընտրում են հետևյալ չափանիշներով․

Selection Criteria

The winner of the National Teacher Prize must meet further criteria:

  • Dynamics of students learning outcomes -սովորողների կրթական առաջընթաց
  • Innovative and effective teaching approaches in the classroom -նորարարական ու արդյունավետ կրթություն դասարանում
  • Teaching universal civic values ​​and principles -քաղաքացիական արժեքների և սկզբունքների ուսուցում
  • Public recognition and civic engagement – հանրային ճանաչում և քաղաքացիական ներգրավվածություն
  • Professional Development and sharing the experience -մասնագիտական զարգացում և փորձի փոխանակում

Այս ծրագրի շրջանակում մենք հյուրընկալվեցինք Մառնեուլի շրջանի Մարադիս գյուղի պետական դպրոցում, որն ուներ 80 աշակերտ։
Դպրոց հաճախում են ադրբեջանցի և վրացի սովորողներ։ Մարադիսի գյուղի բնակիչները 2000-ական թվականներից Աճարայից տեղափոխված մարդիկ են։ Իմ հյուրընկալ Գոթան նշեց, որ այստեղի բնակիչները սովորաբար չեն սպասում պետությանը, խնդիրները լուծում են ինքնուրույն, աշխատասեր են։
Հաջորդ դպրոցն իր տեսակով ավելի առանձնահատուկ էր․ Մառնեուլի պետական դպրոցն էր։ Դպրոցի սովորողների մեծ մասը ադրբեջանցի են, փոքր թիվ են կազմում հայ և վրացի սովորողները։ Ազգամիջյան բախումներ չեն լինում, բայց քաղաքական փոփոխություններն արտահայտվում են։ Տնօրենը երկու օրինակ բերեց դպրոցի դժվար կառավարումից․ հայերի հետ կապված նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմում հայերը չեն ցանկացել սատարել Ուկրաինային, որովհետև սատարում են Ռուսաստանին, հեռավար կրթության ժամանակ էլ մահմեդական կրոնը դավանող ադրբեջանցի աղջիկներին թույլ չեն տվել միանալ դասերին, օգտվել համակարգչից։

Դպրոցի տնօրենը, ով ստացել է ուսուցչի ազգային մրցանակ, մրցանակաբաշխության ժամանակ բեմից խոսել է իր դպրոցում ֆուտբոլի դաշտի անհրաժեշտության մասին, ու նախարարը հանրային խոստում է տվել և կառուցել  դաշտը։
Հաջորդ ծրագիրը, որի մասին կուզեի խոսել դպրոցների ապաքաղաքականացումն է։ Հատկապես ծայրամասերում, որտեղ կառավարությունից վախն ու իրավունքներին լավ չտիրապետելը օգտագործվում է կառավարության կողմից ընտրությունների ընթացքում ցանկալի արդյունք ունենալու համար։ Գոթան և իր գործընկերները ունեն տարածաշրջանային պատասխանատուներ, ովքեր փորձում են նպաստել ապաքաղաքականացմանը։

Ընդհանուր կրթական պատկերը նույնն է և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում։ Կա ուսուցչի աշխատավարձի խնդիր, ժամի համար մղվող պայքարի ու համագործակցության փոխարեն մրցակցության, ոչ առողջ միջավայրի խնդիր։ Աշխատավարձն ու մասնավոր դպրոցների համար վճարը գրեթե նույնն է։
Ուսուցիչների աշխատանքը խթանելու երկու կազմակերպություն կա։ Ուսուցիչների միություն, որը զբաղվում է ուսուցիչների իրավունքների պաշտպանությամբ և առարկայական ասոցիացիաներ, որոնք մենթորական են, ուղեցույցային։ Հեղինակային ու այլընտրանքային այնպիսի դպրոց, ինչպիսին մերն է, այնտեղ չկա։ Մեր դպրոցի մասին ավելին իմանալուց հետո նույնիսկ ասաց, որ գուցե նման դպրոցի կարիք ունի Վրաստանը, ու ինքը կսկսի այդ ուղղությամբ աշխատել։ Իրենք չունեին նաև պարենային ծրագիրը, որի շնորհիվ մինչև 4-րդ դասարաններում պետությունը, նախկինում՝ ՄԱԿ-ը, ապահովում են սննդով։ Այդ մասով մեզնից աջակցություն ու խորհուրդ են ակնկալում։
Հյուրընկալվեցի նաև Civic Education For Civic Society ընկերությունում։ Իրենք նվիրեցին գրքեր, որ թարգմանել են հայ համայնքների համար։ Առաջարկ եղավ նաև հեռավար կապ հաստատել հայ համայնքների ուսուցիչների հետ և մեթոդական աջակցություն ցույց տալ իրենց։ Հասարակագետներ-հայրենագետների խմբով դա կկազմակերպենք։
Վերջին օրը փորձեցինք գնալ Հավլաբար ու գտնել Պետրոս Ադամյանի անվան թատրոնը։ Թատրոնի շուրջը մի քանի անգամ պտտվելուց հետո պարզեցինք, որ շենքը տարիներ շարունակ վերանորոգվում է, ու դեռ շարունակում են վերանորոգել անորոշ ժամկետով (այսպիսն էր իմ հարցի պատասխանը)։
«Վերջին ընթրիք»-ի մեզ ուղղված երկու կարևոր խոսքերը հետևյալն էին․
հայ-վրաց-ադրբեջանցի ժողովուրդները պետք է բարեկամանան՝ առանց այլ երկրների ներգործության ու ուղիղ հարաբերվեն միմյանց հետ, և մենք ու վրացիները պետք է գնանք նույն ուղղությամբ՝ դեպի Եվրոպա։ Սրանով ավարտվեց թամադայի ասելիքը մեզ։

Շարունակությունը համագործակցությունն է, իրենց ենք սպասում կրթահամալիրում։ Ես նաև պետք է գրեմ հոդված։ Ընտրել եմ «Ուսուցիչներին մոտիվացնելուն ուղղված քայլերը ՀԿ-ներում ՀՀ-ում և Վրաստանում» թեման։ Մինչև սեպտեմբեր պատրաստ կլինի։

Շնորհակալ եմ։
Նախվամդիս։

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский