Ուսումնառություն աշխարհում

Հեղինակ: 

Սովորեցրեք ձեր սեփականը

Սկիզբը 
Նախորդ հատվածը

7. Ուսումնառություն աշխարհում

Մուտք դեպի աշխարհ

Նույնիսկ ենթադրյալ «ազատ» կամ «այլընտրանքային» դպրոցներում շատ մարդիկ դեռևս անում են այն, ինչ պայմանական դպրոցները միշտ արել են: Նրանք երեխաներին հեռու են պահում աշխարհի մեծ հարստությունից ու բազմազանությունից և դրա փոխարեն տալիս նրանց դպրոցական առարկաներ, ուսումնական ծրագիր: Դա կարող են  խառնել հավի ոսկորներով, հաշվողական ձողիկներով և բոլոր տեսակի այլ իրերով:

Բայց փաստը մնում է փաստ, որ փոխանակ թույլ տալու երեխաներին շփում ունենալու ավելի շատ մարդկանց, տեղերի, գործիքների և փորձառությունների  հետ, դպրոցներն աշխարհը փոքր մասերի են բաժանում և տալիս երեխաներին՝ համաձայն ինչ-որ փորձագետի տեսության, թե նրանք ինչի կարիք ունեն կամ որքան կարող են սովորել: Այն, ինչ պետք է երեխաներին, նոր և ավելի լավ ուսումնական ծրագիրը չէ, այլ իրական աշխարհի ավելի ու ավելի հասանելիությունը. շատ ժամանակ և տարածք`իրենց փորձի մասին մտածելու, երևակայություն և խաղ՝ դրանք իմաստավորելու համար, և խորհուրդներ, ճանապարհային քարտեզներ, ուղեցույցներ, որպեսզի ավելի հեշտացնենք իրենց ցանկացած վայրը գնալը (ոչ թե այնտեղ, որտեղ կարծում ենք, որ պետք է գնան), և գտնեն այն, ինչ ուզում են գտնել: Այս ամենն անելու ձևերը գտնելու հեշտ չէ:

Ժամանակակից աշխարհը վտանգավոր է, շփոթեցնող, երեխաների համար չէ, ընդհանրապես բարի ու ողջունող չէ: Մենք պետք է շատ սովորենք, թե ինչպես դարձնենք այն ավելի հասանելի նրանց համար, և այն ուսումնասիրելու ճանապարհին ինչպես նրանց ավելի շատ ազատություն ու հմտություն տանք: Սակայն սա շատ տարբեր է մի գեղեցիկ, փոքրիկ ուսումնական ծրագիր կազմելուց:

Ահա, թե ինչպես է Վաշինգտոնից մի ընտանիք բացահայտում քաղաքն իր երեխաների համար. «Մենք երեք հոգուց բաղկացած ընտանիք ենք՝ մայրիկ, հայրիկ և դուստր Սյուզան, որն այս մայիսին կդառնա ութ տարեկան. տնային կրթության ենք անցել արդեն երկու տարի։ Երբ հասկացանք, որ մեր գեղեցիկ դստեր կյանքը, ազատությունը և ստեղծականությունը սիստեմատիկորեն խանգարվում էին պարտեզի դաստիարակների կողմից, Սյուզանը որոշեց, որ մյուս տարի ինքն ուզում է մնալ տանը: «Կրթության փոխարեն»-ի վերջին գլուխը մեզ ուժ տվեց. հատկապես վերջին պարբերությունը:

Մեզ համար դպրոցներն օտար երկրներ են, որ դժվար է հասկանալ: Մեր կյանքն ազատ է, և մեր գործն ու ուսուցումն ուղղված են այն նպատակներին, որոնք մեր կարիքներն են արտացոլում, որ թե հասարակության նպատակները: Վարում ենք մեր ուրույն կյանքը, ուժ ունենք կառավարելու մեր սեփական գործերը: Սյուզանը հոգ է տանում իր մասին և պատասխանատվություն կրում իր համար, կանգնած է իր երկու պինդ ոտքի վրա, խոսում է պարզ, մտածում է պարզ և պատասխանում է միայն իր խղճին: Նա երջանիկ է, խոսուն, հետաքրքիր և հետաքրքրված և կարող է իր կյանքի համար ընտրել այն, ինչ ուզում է:

Մենք ապրում ենք Վաշինգտոնում, Կապիտոլիումի բլրի վրա, Սմիթսոնյան ինստիտուտի թանգարաններից երկու մղոն հեռու: Սյուզանն ու իր մայրիկը համարյա ամեն օր այնտեղ են գնում ոտքով, դիտարկելով, խաղալով, հանդիպելով մարդկանց, գնալով կինո, լսելով երաժշտություն և նստելով կարուսել: Նրանք բնական ֆիլմերի մի ֆանտաստիկ բազմազանություն են տեսնում: Նրանք գիտեն արվեստի և պատմության թանգարանները՝ ցուցահանդես առ ցուցահանդես: Սյուզանը կարող է տանել ձեզ տիեզերքի պատմության միջով, բնության պատմության միջով մինչև Մարսի վրա վերջին վայրէջքը: Նրանք նախաճաշում են շատրվանների մոտ, տեսնում վերջին քանդակները, իրենց սիրելի վայրերը նկարում, սքանչանում գարնանային  և աշնանային գեղեցիկ օրերով: Նրանք մնջախաղի շոուներ են այցելում, ձայնագրում ջազային համերգներ, երկհարկանի ավտոբուսով գնում դեպի իրենց սիրելի «հետազոտական պատկերասրահը», որտեղ բեմադրություններ են արվում, որոնց կարելի է մասնակցել:

Ուսուցումը շատ էժան է, մենք բոլորս հաճույք ենք ստանում և շատ բան սովորում:

Սյուզանն ապրում է սքանչելի առատության աշխարհում, նրա ռեսուրսներն անսահմանափակ են: Նա չի սոցիալականացվել դպրոցի կողմից, որ կարծի, թե կրթությունը հազվադեպ գիտելիքի մատակարարում է, որն իրականցվում է սոված ու կառավարվող երեխաների համար: Նա լռակյաց «հավերժ ձախողակ» չի խաղում:

... Մեր տունն ու շրջակայքը նման են թարմ մրգերով լի մի այգու, որ ցանկացած մեկը կարող է մեկնել ձեռքն ու հավաքել: Նա սիրում է նկարել, գունավորել, կտրել ու փակցնել: Նա համեմատում է իր գործերը թանգարանի գործերի հետ: Մենք մեր մեկնաբանություններն ու գաղափարներն ասում ենք երբ նա հարցնում է: Մենք աստղագիտության ու արշավների հոբբի ունենք: Նրա հայրը մանկաբույժ է, որը սիրում է նրա հետ աշխատել էլեկտրոնային սարքեր պատարստելիս: Նա գերազանց զոդման տեխնիկա ունի և մեր տանը շատ միացումներ է զոդել, ինչպես նաև էլեկտրական համակարգիչ ծրագրավորել, որը հիմա օգտագործվում է հոր գրասենյակում»։ 

Միայն «կրթված» և միջին խավի ընտանիքները չէ, որ կարող են քաղաքն իբրև ռեսուրս օգտագործել: Իր «Ձևացնելով» գրքի «Նոր պարապները» գլխում (Բոստոն, Փոքրիկ, Բրաուն) Ռոլանդ Բեթսը գրում է. «Այսօրվա պարապները (Նյու Յորք սիթիի) ամենասխալ հասկացված երեխաներն են: Նրանք նույնպես հավանաբար ամենակրթվածն են, լավատեղյակ, որ ո՛չ դպրոցները, ո՛չ էլ փողոցները ոչինչ չունեն իրենց առաջարկելու: Նրանք այդ երկու աշխարհից էլ վախենում են: Նրանք զգում են պաշտոնների ապարդյունությունը, որոնք հասու են նույնիսկ ավագ դպրոցն ավարտածներին: ... Նրանցից շատերը կրթված, զագյուն երեխաներ են՝ շատ ավելի հաջողակ ընթերցանության կամ մաթեմատիկայի արվեստներում, քան նրանց հասակակիցները, որոնք կա՛մ դպրոց են հաճախում, կա՛մ թաքնվում դրանցից դուրս: Այս պարապները հազվադեպ են համակերպվում օրենքի հետ: Նրանց ապրանքանիշն իրենց մենությունն է:

Ռանդոլֆ Թրեյսին նրանցից մեկն է: Նա հիմա (1978) տասնվեց տարեկան է, բայց չորրորդ դասարանի վերջին օրից հետո դպրոց չի գնացել: Նա աղքատ է ու սևամորթ: Հանգիստ ու խոնարհ երեխա է, և մոր առջև ազնվությամբ ընդունում է, որ տարիներ ի վեր դպրոց չի գնում: Նա միշտ լավ աշակերտ է եղել, սակայն թեև կարողանում էր կարդալ իր դասարանից մի քանի մակարդակ բարձր, չէր հանդուրժում իր դպրոցը բնութագրող շարունակական աղմուկն ու խառնաշփոթը: Դա է պատճառը, որ Ռանդոլֆը երբեք չի լինում մյուս երեխաների կամ մեծահասակների հետ: Անցյալ չորս տարիների լավագույն մասը նա անցկացրել է Մետրոպոլիտանի արվեստի թանգարանում: Թեև եղել է քաղաքի բոլոր թանգարանների մշտական այցելուն, նա նախընտրում է Մեթը և համեստորեն պնդում է, որ լավ ծանոթ է թանգարանի ցուցադրված հավաքածուի յուրաքանչյուր կտորի հետ: Նա հիշում է, որ մի օր այնտեղ էր եղել մի դասարանի հետ, որի հետ ինքը մեծացել էր դպրոցից, որը պետք է հաճախեր, դասարան, որ կարող էր իր սեփականը լինել: Նա անշարժ թաքնվել էր մինոյան սկահակի ետևում քսան րոպե, մինչև վտանգն անցներ: Ռանդոլֆն ինքը  նկարում է, բայց շատ ավելի մեծ հաճույք է ստանում թանգարաններում արվեստ տեսնելուց և ուսումնասիրելուց:

Դենի Հարթմանը մեկ այլ թերուս է: Նրա կյանքը սահմանափակվում է հանրային գրադարանից վերցված ծաղրանկարներ և արվեստի գրքերից ֆիգուրներ գտնելով ու նկարելով: Նա կատարելապես կարողանում է նմանակել Լեոնարդոյի և Միքելանջելոյի նկարները և Ռեմբրանդտի խճանկարներից ամենաբարդերը: Նա դժվարությամբ մնաց դպրոցում մինչև իր ութերորդ դասարանի գարունը, երբ նկարչության ուսուցիչը բացահայտեց նրան ու քաջալերեց դիմել երաժշտության ու արվեստի ավագ դպրոց: ...Ուսուցչի ներկայությամբ երեք տարի նա հաճախում էր անգլերենի և մաթեմատիկայի ամենօրյա դասերին, և ուսուցիչը թույլ էր տալիս, որ մարմնակրթության, գնագիտության, մուտքագրման և հասարակագիտության դասերից բացակայելիս նա աշխատի իր սենյակում: Իր տաղանդի համար նա գովասանքի էր արժանանում իր դասընկերների կողմից, իսկ նկարչության ուսուցչի աչքում մի «պարզ հանճար էր»: Նրա աշխատանքն արտառոց էր: Պորտֆոլիոն, որ Սուրբ ծննդյանը նա հավաքել էր, շլացուցիչ էր:

Սակայն Երաժշտության և արվեստի ավագ դպրոցը չընդունեց Դենիին: Ընթերցանության և մաթեմատիկայի ստանդարտիզացված թեսթերի նրա արդյունքները համոզիչ չէին,  և նրա դասարանական միջին կուտակային միավորը աղավաղվել էր դասերից շատ բացակայության և դրան հաջորդող ձախողումների պատճառով... Երաժշտության և արվեստի ավագ դպրոց ընդունվելու մերժում ստանալու օրը վերջինն էր, որ Դենին երբևէ անցկացրեց դպրոցում»...

Ինչ ի նկատի ունի պարոն Բեթսը, երբ ասում է, որ Դենի տվյալներն աղավաղվել են դասից բացակայելուց և դրան հաջորդած ձախողումներից, շատ հավանական է, որ Դենիի դպրոցը, ինչպես դպրոցների մեծ մասը, նրան տվել է դասերից բացակայությունների համար անբավարար գնահատականներ, անկախ նրանից՝ գիտեր այդ նյութը, թե ոչ, կարող էր կատարել աշխատանքը, թե ոչ: Եթե դա այսպես է, նշանակում է, որ նրան դասերից բացակայելու համար պատժելու համար դպրոցը կեղծել է ակադեմիական աշխատանքի արդյունքը. վրդովվեցուցիչ երևույթ, և կարծում եմ, եթե դատարանում ստուգվեր, հավանաբար ոչ օրինական փորձ կդիտարկվեր այն, որ ողջ երկրով մեկ հատուկ է դպրոցներին:

Պարոն Բեթսի նկարագարած պարապներից մեկը բազմահատոր և փորձագետ ընթերցող է, մյուսը՝ Կենտրոնական պարկի աշխարհագրության, ֆլորայի և ֆաունայի փորձագետ, մյուսը կինոնկարների և հեռուստատեսային շուների փորձագետ, մյուսը՝ Նյու Յորք սիթիի հսկայական տրանսպորտային համակարգի փորձագետ: Նրանք բոլորը հասկացել են, թե ինչպես քաղաքից սովորեն այն, ինչ ուզում են: Ոչ ոք որևէ օգնություն կամ քաջալերում չէր ստացել որևէ մեծահասակից, կամ իրենց գիտելիքներից որևէ մաս օգտագործելու կամ մաս ստանալու որևէ ձև: Հսկա դպրոցներ վարելուց և բանտերից նրանց համար, որ չեն ուզում հաճախել այնտեղ, որքան ավելի հեշտ և որքան ավելի էժան կլիներ իջնելու և այս երեխաների և շատ նրանց նմանների հետաքրքրություններն ու տաղանդները քաջալերելու ճանապարհներ գտնելը:

Քանի դեռ ուսուցումն ընթանում է, նրանք պարզորոշ կարիքը չունեն մեծ օգնության. ամենալավ օգնությունը, որ հանրությունը կարող է տալ նրանց, պարզապես պետք է դադարել վերաբերվել նրանց իբրև հանցագործների, որ նրանք կարողանան իրենց հետազոտությունն անել համարձակ ու ազատ՝  գաղտագողի անելու փոխարեն: Նրանք կարիք ունեն և, հավանաբար, կաջակցեին ճանապարհներ գտնել՝ օգնելու իրենց սովորածը գործածելուն, որը, ի վերջո, դպրոցը պիտի ենթադրաբար աներ:

Մինչդեռ փորձը շատ պարզորոշ ցույց է տալիս, որ իր մեծությամբ ու ողջ խստությամբ՝ ժամանակակից քաղաքը հարուստ է ռեսուրսներով, և որ երեխաների ձեռքից անպայման չէ, որ մեծահասակները բռնեն ամեն վայրկյան, որպեսզի նրանք օգուտ քաղեն:

Ջուդի Մքքոհիլն Անգլիայից գրում է մի փոքրիկ բալիկի՝ իր աշխարհի ռեսուրսներն օգտագործելու շատ ակտիվ տարբերակի մասին. «Անցյալ շաբաթ ինչ-որ բան անելու համար, քանի որ Դ-ն երկրից դուրս էր, ես ասացի տղաներին.
- Եկեք գնանք նկարչական ցուցահանդես:

Ս-ն և Ք-ն մտածեցին, որ դա հրաշալի գաղափար է և սկսցին քննարկել, թե ինչ կարգի նկարչություն են այնտեղ անելու և ինչ նկարներ (իրենց սեփական) պիտի տանից բերեն: Հանկարծակիի եկած՝ ես փորձեցի բացատրել նրանց, թե ինչի մասին է նկարչական ցուցահանդեսը, և նրանք իսկապես տարակուսում էին, որ փորձում եմ ասել իրենց, որ իրենք պարզապես գնալու են այնտեղ՝ ուրիշի նկարներին նայելու: Տարակուսած, բայց ոչ մտափոխված՝ Ս-ն հավաքեց իր իրերը՝ ներկերի երկու հավաքածու, մի վրձին, մի քանի թուղթ և ջրով լի մի անոթ, որն ինձ փոխանցեց, որ բռնեմ, և Ք-ն սպասեցրեց բոլորիս, որ ավարտերր զինվորական տանկի՝ գունավոր մարկեր-գրիչով արված նկարը:

Երբ հասանք այնտեղ, քայլեցինք մայթով, արհեստանոց-խանութի մոտով, որը բացում էր ցուցահանդեսը՝ հարգալից քննելով գործերն ու անցնելով բազմաթիվ հասակն առած և իմաստուն նկարիչների կողքով, որոնք նստած էին շարժական աթոռների վրա. ողջ ժամանակ Ս-ն կրնկակոխ ստիպում էր ինձ հասկանալ, թե ինչպես ինքը կարող է մասնակցել շոուին, իսկ ես խույս տալով Ս-ից առաջ էի ընկնում: Վերջապես ինձ ողջունեց մի ծեր մարդ, որն աշխատում էր խանութում, որը մի անգամ պատմել էր ինձ մի երկար պատմություն, թե ինչպիսի դժվարություններով է մի գիշեր, երբ պատերազմի ժամանակ Լոնդոնը ռմբակոծվում էր, ինքը հասել տուն՝ Քոբհամ: Ես Ս-ին ծանոթացրի նրա հետ և խնդրեցի բացատրել, թե ինչ նկարչական ցուցահանդես է: Նա սկսեց բացատրել, բայց հետո ինքն ու դուստրը, որը նույնպես աշխատում էր խանութում, տեսան, որ Ս-ն պատրաստ է որոշակի գործ անելու, և մի երկու հաճախորդի հետ դրա վրա մի լավ ծիծաղելուց հետո «ստվարաթաղթի» մի երկու մեծ ու գեղեցիկ կտոր տվեց, որ նկարի: Նա նստեց մոտակա փոքրիկ գրասենյակային շենքի աստիճաններին ու նկարեց, մինչ մենք նորից քայլեցինք ցուցահանդեսով, խանութի ցուցափեղկերով՝ պաղպաղակի կոներ ուտելով:

Երբ ավարտեց, դա մի գեղեցիկ սև շան պատկեր էր՝ վեր ցցված մորթիով, որը քամոտ օրով վազում էր բլուրն ի վեր՝ փառահեղ արևը երկնքում: Թվում է՝ այն արտացոլում էր նրա կախարդական տրամադրությունը: Նա նկարը խանութ տարավ, որտեղ տղամարդն ասաց, որ կդնի այն վաճառքի հիսուն պենսով (և խառնված բացատրեց, թե ինչպես են նկարիչները ցուցահանդեսին վարձավճարով վճարում), և մենք գնացինք տուն: Մի երկու օր անց, դեռևս փորձից տպավորված, Ս-ն այդ մասին պատմեց իմ մի ընկերուհուն: Նա անհապաղ գնաց նկարը գնելու, և այն  վաճառվեց: Երբ ես առաջարկեցի Ս-ին գնալ և տեսնել՝ արդյոք իր նկարը վաճառվել է, նա պատասխանեց, որ դա արդեն արել է հաջորդ օրը (որը, իհարկե, կիրակի էր), և խանութը փակ էր:

Ահա և ամբողջը: Նա չափազանց զբաղված էր մեկ ուրիշ բան անելով, որպեսզի անդրադառնար սրան:

Կյանքի դպրոցը

Մի պատանի ընթերցող պերճախոս գրում է, թե որքան է ինքը սովորում իր կյանքից. «Ես սկսեցի հանրակրթական դպրոց գնալ հենց երկրորդ դասարանում, և յուրաքանչյուր դասարանում, մինչև վեցերորդը ես իսկական գերազանցիկ էի: Բոլոր ուսուցիչները շատ բարյացակամ էին իմ հանդեպ և գովում ու գովում էին միշտ իմ աշխատանքի համար, և ես լավ գնահատականներ էի ստանում, ու դա ստիպում էր ինձ դպրոց գնալ:

Երբ վեցերորդ դասարանում դպրոցից երկու տարով դուրս եկա, նոր իրականություն սովորեցի: Գնահատականները չէ, որ քեզ լավ մարդ են դարձնում: Ես շատ լավ հիշողություն ունեմ, այնպես որ հիշում էի բոլոր այն բաները, որոնք պետք է անեի, բոլոր թեսթերը, որոնք ինձ գերազանց գնահատականներ էին բերում: Բայց իմ փորձից հասկացել էի, որ երբ հետաքրքրված չեմ նրանում, ինչ ենթադրաբար պիտի սովորեմ, մոռանում եմ ամեն ինչ: Դժբախտաբար, ես հետաքրքրված չէի իմ կատարած և ոչ մի բանով, այսպիսով իմ հանրակրթական դպրոցի երկրորդից վեցերորդ դասարանները միանգամայն դատարկ էին:

Երկու տարում, առանց դպրոցական որևէ շփման, ես սովորեցի, թե ինչպես ապրեմ առանց գնահատականների և կարիք չունենամ, որ ինչ-որ մեկն ինձ «ապրես» ասի ամեն անգամ, երբ ես ինչ-որ բան էի անում: Այնպես ստացվեց, որ գնահատականներն այլևս արժեք չունեին: Ըստ էության, ես սովորեցի, որ գնահատականները ոչինչ չեն նշանակում:

Ես էլի շատ տարբեր բաներ սովորեցի, որոնք չէի սովորի, եթե լինեի հանրակրթական դպրոցներում: Հանրակրթական դպրոցները չեն կարող փորձառություն տալ: Ես սովորեցի մեծահասակների հետ ավելի լավ առնչվել ու շփվել, որովհետև այդքան ժամանակ նրանց կողքին էի. բոլոր երեխաները դպրոցում էին: Ես շատ գործնական հմտություններ սովորեցի, որոնք երբևէ չէի սովորի հանրակրթական դպրոցում:

Սկզբում ես չէի հարմարվում դպրոցում չլինելու մտքին, բայց շուտով հարմարվեցի և հասկացա, որ շատ էլ զվարճալի է: Երբ նայում եմ իմ տարիքի երեխաներին, ուրախանում եմ, որ արել ենք այն, ինչ արել ենք: Այսքան շատ բաներ անել կարողանալը զարմացնում է ինձ: Եվ այդ բոլորն այն պատճառով, որ ես ժամանակ ունեի սովորելու և սովորելու ընթացքում հաճույք ստանալու: Այսպես սովորածը մեխվում է իմ մտքում, և դեռ այնտեղ է, որովհետև ես դեռևս անում եմ նոր բաներ, մինչ այս երեխաները անում են բաներ պարզապես «անելու» համար և հետո մոռանում են դրանք, գումարած հաճույք չեն ստանում դրանից: Բա՜:

Լ- ում (այլընտրանքային դպրոց է, ուր նա հիմա հաճախում է) խնդիրն այն է, որ երեխաները չեն կարծում, թե իրենք սովորում են նույնքան, որքան հանրակրթական դպրոցի երեխաները, որովհետև իրենք, կարծես, չեն սովորում այդքան: Կարծում եմ՝ դա հիմարություն է, և ես ապացուցել եմ դա ինքս ինձ՝ տեսնելով, որ երկու տարով դպրոցից դուրս լինելով՝ ես ավելի հիմար չեմ, քան ցանկացած այլ (ենթադրյալ) իններորդցի: Հիմա, երբ ես ներառվել եմ Լ-ում, մտնում եմ նույն հին բանի մեջ: Երբ նոր էի գնացել այնտեղ, այնքան ուրախ էի, որ վերջապես գտել եմ մի դպրոցական վայր, որտեղ չեն հավատում գնահատակններին, և այլն:

Սա իսկապես ճիշտ էր, մինչև որ նոր ավագ դպրոցը սկսվեց: Նրանք այս բանն անում են հիմա էլ կրեդիտներով: Բոլոր մյուս աշակերտներն այստեղ են (ավագ դպրոցում) դիպլոմը ստանալու և դուրս գալու համար: Ես այստեղ եմ հաճելի ուսումնառություն ունենալու և ինձ հետաքրքրող բաների մասին իմանալու համար: Իմ այստեղ լինելու գլխավոր պատճառներից մեկը հանրային կյանքն է: Բայց դրա համար այնտեղ լինելու համար, կարծում եմ, պիտի անեմ իրենց պահանջած որոշ բաներ:

Ես արդեն գերհագենում եմ «նրանց նյութերով», իսկ իմ ուսուցիչն ինձ ասում է.
- Քո կյանքի դպրոցը չափազանց կարևոր է դառնում քեզ համար:
Իմ կյանքի դպրոցը պիտի շատ կարևոր լինի ինձ համար, իմ կյանքի դպրոցն իմ տունն է և ընտանիքը, և եթե դրանք չպիտի լինեն ամենակարևորը, ապա ի՞նչը պետք է լինի: Ես ունեմ նման կոնկրետ տուն և կյանքի դպրոց: Ինձ շատ բախտավոր եմ համարում, որ այն եմ, ինչ կամ, և ունեմ ծնողներ, որոնք հավատում են դպրոցից դուրս կրթությանը»:

Ջուդ Ջերոմը «Կյանքի դպրոցում» իր երկու երեխաների փորձի մասին է գրում. «Մի դուստրս տասներկու տարեկան էր, երբ մենք տեղափոխվեցինք ագարակ: Նա այդ տարի ավարտեց դպրոցը «ինքնուսուցմամբ»՝ ապրելով ագարակում, աշխատանքի ընթացքում դիմելով քաղաքի ուսուցիչներին: Բայց երբ աշունը եկավ, նա չցանկացավ ընդունվել: Օրենքի հետ խնդիր չունենալու համար նրան ընդունեցինք Վաշինգտոնի Սփոքեյնի «ազատ» դպրոց, որը տնօրինում էր իմ ընկերը, որը գրանցեց նրան մատյաններում, թեև դուստրս դեռ չէր տեսել այդ քաղաքն ու դպրոցը: Առաջին տարվա մեծ մասը նա անցկացրեց այստեղ՝ ագարակում՝ մեծահասակի պես փորելով, սովորելով փորձից, ինպես բոլորս:

Երբ նա դեռևս տասներեք տարեկան  էր, մեկնեցինք Հյուսիսային Վերմոնտ՝ շաքարի արտադրության հարցում օգնելու մեկ այլ համայնքի, և նրան շատ դուր եկավ այդ տեղանքը, որը շատ հասարակ էր. նա օգտվում էր ձիավարության սարքերից, այնպես որ խնդրեց, որ մնանք:

Սա համակողմանի հարմար համաձայնություն էր, և արդեն հինգ տարի է, ինչ նա ապրում է այստեղ, բացառությամբ մեկ տարվա, երբ տասնվեց տարեկան էր: Այդ տարի նա և իրենից տասը տարով մեծ մի երիտասարդ մեկնեցին Իսլանդիա՝ ձկան պահածոների գործարանում աշխատելու: Հաջորդ գարուն նրանք արշավի մեկնեցին Սկանդինավիա, բարձրացան Ալպերը, հետո ինքնաթիռով վերադարձան, մեկ տարի արտասահմանում անցկացնելուց հետո՝ երեք հազար դոլարով, ավելի շատ, քան ունեին, երբ  մեկնում էին:

Անցյալ տարի նա ցանկացավ դիմել կառավարական մասնագիտական  ծրագրի, որի համար ավագ դպրոցի դիպլոմ էր հարկավոր, այսպիսով մի երկու ամիս հաճախեց մեծահասակների ուսումնական դասարան, հանձնեց թեսթը, բարձր միավորներով անցավ (և տարբեր քոլեջների կողմից կրթաթոշակների առաջարկ ստացավ): Նա ավարտեց ավելի շուտ, քան նրա դասընկերները, որոնք մնացին դպրոցում:

Կարծում եմ՝ նրա դեպքը հատկապես դրամատիկորեն է ներկայացնում ժամանակի ծախսը դպրոցում:

Նա ոչ մի դեպքում ուսումնատենչ տեսակ չէ, երբևէ իրեն չի ներկայացնի իբրև մտավորական, միշտ ավելի հետաքրքրված է եղել կով կթելով ու բանջարեղեն աճեցնելով, ձիերի երամակներ վարելով, քան գրքերով, և տասներեքից տասնութ տարեկանում իրեն հարմար ձևով կանացիություն ու մեծ շարք հմտություններ ձեռք բերել, ուներ մեծահասակների աշխարհում մեծ փորձ, որը, սակայն, պիտի որակավորվեր բացառապես ակադեմիական ստանդարտներով:

Համեմատության համար ասեմ, որ նրա դասընկերները, որ մնացին դպրոցում, շատ դեպքերում տհաս են մտքով, էմոցիոնալ առումով՝ բարդույթներով, առանց իրենց կյանքի նշանակալի նպատակների կամ ուղղությունների կամ հիմնավոր արժեքների:

Վեց տարի այստեղ ապրելու ընթացքում դպրոցահասակ ուրիշ երեխա չենք ունեցել, բացի Տոֆերից, որն ապրում էր ագարակում: Թվում էր՝ նա շատ միայնակ էր մեծանում, և երբեմն այցելող հարազատներն ու ընկերները լրջորեն ակնարկում էին, որ պետք է ինչ-որ բան անենք նրա դպրոցի առումով: Մենք բացատրում էինք, որ նա «դասեր» է անցնում, բայց ինքներս շատ թերահավատ էինք դրանց նկատմամբ:

Մենք բազմազան գրքեր ու ուսումնական նյութեր ունեինք ձեռքի տակ, և երբ նա խնդրում էր, որ աշխատենք իր հետ, անում էինք դա, և երբեմն ինքներս նախաձեռնում՝ քաջալերելով նրան աշխատելու ընթերցանության, մաթեմատիկայի կամ այլ ակադեմիական առարկայի վրա:  Թեև նա հիմնականում սովորում էր շրջապատի մեծահասակներից՝ օգնելով, հարցեր տալով և ներառվելով: Ութ տարեկանում նա հաց ու թխվածքաբլիթ էր թխում, մեքենա նորոգում, լամպերի, նաև սենյակների էլեկտրական հոսանքը մոնտաժում և ուներ զգալի գիտելիք հաշվիչների, մագնիտոֆոնների ու տեսաձայնագրիչների, ինչպես նաև գյուղատնտեսական ամենօրյա գործերի, ինչպիսիք են այգեգործությունը, կենդանիների խնամքը, անտառն ու վայրի կյանքը, քարերը (երկրաբանության և էլեկտրոնիկայի բնագավառների վերաբերյալ նա միշտ ուժգին հետաքրքրություն ուներ), եղանակի և բոլոր կարգի մեքենաների համար: Նա մեզ շատ էր օգնում մեր փոքրիկ գործարանում, որտեղ կաղնու գերաններից պլանտատորներ էին պատրաստվում»:

Երեխաները շատ բան են կարողանում սովորել այն «անհաջող» փորձերից, որոնցից այնքա՜ն ջանում ենք պաշտպանել իրենց: Մայրը, որը գրում էր իր երեխաների հետ բազմոցին սովորելու մասին (որտեղ ինքը կարողանում էր գրկել նրանց, հենց որ ուզում էր) նույնպես գրում էր. «Մենք մի երկար փորձություն անցանք, որը մեզ տարբեր կարգի «հասարակական» փորձառություն տվեց: Մեր տնային կրթության  հաստատումից անմիջապես հետո իմ հորը ծանր կաթված խփեց, երբ նա բավականին կազդուրվեց, բուժման նպատակով նրան խնամքի տուն տարան։ Քանի որ տղաներն ու ես ազատ էինք, ամեն օր գնում էինք նրան այցելության: (Սրա համար դպրոցից թույլտվություն խնդրելու կարիք չկար): Բայց իմ հայրը շատ ընկճված էր, և թերապևտն իր գրանցումներում նշել էր «չհամագործակցող»:

Սա մեզ անհանգստացնում էր, և ամեն օր գնում էինք՝ համոզվելու, որ խաչ չեն քաշել հորս վրա:

Դա լավ փորձառություն էր ինչպես տղաների, այնպես էլ ինձ համար, քանի որ հենց որ թոռները գալիս էին, հայրս աշխուժանում էր: Նա ծիծաղում էր նրանց հնաոճ իրերի վրա և հետո, երբ նրանք հեռանում էին, նորից ընկղմվում իր ընկճախտի մեջ: Ուստի մենք պայմանավորվեցինք խնամքի տուն գալ մեր գրքերով (արդեն սեպտեմբերն էր) ու օրվա մեծ մասը մնալ պապիկի հետ: Լավ ստացվեց, որովհետև տղաներն աշխատելու ընդարձակ տեղ ունեին և կարող էին գնալ դուրս՝ խաղալու, հենց որ հոգնում էին ներսում մնալուց:

Նրանք գնում էին վաճառքի ավտոմատների մոտ և բաներ բերում մեզ համար, և շատ անգամ, երբ գրիպի պատճառով տանը պակասում էին աշխատող ձեռքերը, մենք լվացք էինք տեսակավորում, և տղաներն օգնում էին այն սենյակներ տանել: Մենք դա անում էինք որպես խաղ, և հիվանդներին դուր էր գալիս, երբ տղաները մտնում էին իրենց սենյակներ ու զրուցում իրենց հետ:

Թերապիայի համար մենք անընդհատ հավաստիացնում էինք իմ հորը, որ տուն կտանենք նրան, հենց որ կարողանա լավ քայլել, այսպիսով նա իրոք ջանք էր թափում, և տղաներն ու ես, ինչպես նաև մյուս հիվանդները, խրախուսում էինք նրան՝ ասելով.
- Դու կարողանում ես, պապի՜կ: Կեցցե՜ս:
- Շատ լավ է, պապի՜կ:
Մյուս հիվանդներին դուր էր գալիս, որ ուրախացնում ենք իրենց, և երբ թերապևտը տեսավ սրա դրական արդյունքը, ուրախ էր, որ մենք այնտեղ ենք:

Մենք տեսանք, թե ինչպես շատ հիվանդներ կազդուրվում են շաբաթների ընթացքում, մինչդեռ թերապևտը կարծում էր, թե դա ամիսներ կտևի: Հուսով ենք, որ այս տարի նորից նման փորձություն չենք ունենա, բայց դա ցույց տվեց մեզ, որ կարող ենք «տխուր» իրավիճակը փոխարկել ուրախի:

Կառավարելով ժամանակը

Վաշինգտոնի նահանգից մի մայրիկ գրում է գարֆիկից ազատ լինելու մասին. «Տարին սկսեցինք առանց կանխատեսումների կամ գործողությունների ծրագրի: Ես պարզապես պատկերացրել էի, թե կյանքն ինչպես կընթանա, և այդպես էլ եղավ:

Ամեն գիշեր գնում էինք քնելու, ամեն առավոտ արթնանում էինք, օրն անցնում էր, և անհրաժեշտ աշխատանքը՝ արվում: Գիտեմ, որ ապրում եմ առողջ միջավայրում և իբրև անձնավորություն՝ շարունակում եմ աճել, և հավատում եմ, որ նույնը վերաբերում է նաև իմ երեխաներին, թեև չեմ «կառավարում» նրանց «առաջընթացը», ինչպես նաև չեմ կարող պնդել որևէ շոշափելի «ձեռքբերման» ապացույց:

Ամսական մոտ տասն օր գնում եմ քաղաք՝ հրատարակչությունում աշխատելու: Ընդհանրապես շուտ արթնանալու և մեկ-երկու ժամ իմ օրը անելիքներիս և ցանկություններիս համապատասխան ծրագրելով անցկացնելու սովորություն ունեմ: Բայց իմ «աշխատանքային» օրերին դժվարությամբ եմ նման մտորումներ «անում»: Օրվա մի մեծ կտոր արդեն ինձ համար ծրագրված է լինում:

Եթե մի քանի օր անընդմեջ աշխատանքի եմ գնում, չորրորդ կամ հինգերորդ օրն իմ էությունից հեռանում եմ և  ավելի հեշտ եմ համաձայնում անել մի բան, որ այլ դեպքերում անխոհեմ կթվար ինձ: Ավելի քիչ եռանդ եմ ունենում թափոնների վերամշակման, վառելիքը պահեստավորելու, ամուսնուս և երեխաներիս ուշադրություն դարձնելու համար և այլն: Երբ հրաժարվում եմ իմ սեփական ժամանակը կառուցելու պատասխանատվությունից, մի որոշակի բարոյական ուժ, կարծես, նույնպես կորչում է: Ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ աստիճանի անձնական օտարման ենք դրդում մեր երեխաներին՝ իրենց համար կառուցելով իրենց ժամանակը:

Սկսում եմ մտածել, որ մեծագույն վնասը այս կառույցի «ինչը» կամ «ինչպես»-ը չէ, այլ այն  փաստը, որ յոթ օրից հինգը, տասներկու ամսից ինը, այս օրերից հանված վեց ժամը մենք երեխաներին իրենց ժամանակի համար պատասխանատվությունից ենք օտարում: Գուցե նույնիսկ վճռորոշը ժամանակի ոչ թե տևողությունն է, այլ պարզապես ընդհատման փաստը:

Իմ սեփական փորձից գիտեմ, որ նույնիսկ փոքր ընդհատումը՝ ատամնաբույժի հետ պայմանավորվածության կամ հանդիպման կամ դասախոսության պատճառով, որ պիտի անես, կարող է կասեցնել իմ սեփական ստեղծական էներգիայի հոսքն ավելի երկար ժամանակով, քան ինքը ընդհատումն է: Հենց որ ես փոխվում եմ ակտիվից պասիվ, մասնակիցը կառուցում է իմ ժամանակը, որոշակի թմրեցում է տեղի ունենում, այնպես որ ավելի հեշտ է լինում պասիվ մնալը, «ժամանակ սպանելը», մինչև հաջորդ նշանակված գործունեություն, ասենք՝ ճաշկերույթ կամ այլ: Նկատել եմ, որ իսկական «ձանձրույթի» ժամանակամիջոցները, երբ երեխաները բողոքում են, թե անելու ոչինչ չունեն, այն օրերին են, երբ ժամանակի մի հատված ծրագրված է նրանց համար:

Իհարկե, միասին արվող բաները ծրագրելու մեջ ոչ մի սխալ բան չկա, բայց ես զգուշանում եմ շատ ծրագրելուց, և որոշակի օրը իր բնական տեղից հանելուց՝ «Ամեն երեքշաբթի մենք...»-ի օրինակով գալիք անանուն օրերի արհեստական նախագծումից: 

Երբեք չեմ իմացել, թե ինչպես «խթանեմ» երեխաներին: Գիտեմ, որ իբրև ծնող, պիտի երեխաներիս մեծացնեմ «խրախուսական» միջավայրում, այնպես, որ նրանք «չձանձրանան», բայց ի՞նչն է ավելի խթանող, խաղալիքներով, գործիքներով ու հարմարանքներով լի սենյակը, պայծառ գույները և փայլփլող էմալապատ իրերը, թե՞ նոսր կահավորված, ձեռքով պատրաստված փայտե տնակը՝ մի երկու մանրակրկիտ ընտրված կամ պատրաստված խաղալիքով՝ հարուստ նշանակությամբ, արդիական, խնամված, մոտիկ բնության տարրերին: Միակ աշխարհը, որ հնարավոր ամբողջական կարող եմ ցույց տալ նրանց, իմ աշխարհն է: Հավանաբար հենց այս պատճառով դաշտային ճամփորդություններն այդքան հիասթափեցնող էին մեզ համար:

Մենք նախատեսեցինք աշնանը՝ որպես «հատուկ ինչ-որ բան», այսպես ասած «ուսումնական դաշտային ճամփորդություն», շաբաթը մեկ անգամ: Մոտ մեկ ամիս անց բոլորս մոռացանք այս ճամփորդությունների մասին: Դրանք լավն էին, անշուշտ հետաքրքիր, բայց կարծես բոլորս հիվանդացանք կեղծավորությամբ: Բոլորը գիտեին, որ քաղաք՝ դեպի ակվարիում, արշավելու միակ պատճառն այն էր, որովհետև մայրիկը կարծում էր՝ դա «լավ փարձառություն է»: Շատ ավելի շարունակական հետաքրքրություն և գուցե ավելի մեծ կրթական նշանակություն, իսկական իմաստով, հանձնարարություններով ունեն ամենշաբաթյա ուղևորությունները քաղաք՝ բանկ (որտեղ բոլորը հաշիվ ունեն և ազատ են դեպոզիտ անելու և գումար հանելու, ինչպես որ անում ենք), փոստ, մթերային խանութ,  լվացքատուն, աղբի վերամշակման կենտրոն (երեխաների համար ծնողներից առանձին եկամտի աղբյուր), դեղատուն և ծաղրանկարների գրքերի դարակաշարեր, երեկոները՝ գրադարան և լողավազան: Սրանք իրական են, բաներ, որ կանեի, եթե նույնիսկ ոչ ոք չմիանար ինձ, որ պարզապես կարևոր գործեր են բոլորիս համար: Երբ փորձում եմ «խթանել նրանց հետաքրքրությունը» ինչ-որ բանի նկատմամբ, ջանքի արհեստականությունը (և կոպտությունը, իսկապես, ես նույնիսկ փորձ չեմ կարող անել) խոչընդոտ է ստեղծում մեր միջև: Բայց երբ միասին անում ենք մի բան, որ ինքս էլ եմ սիրում անել իրենց հետ, որովհետև ես սիրում եմ նաև իրենց, բոլոր խոչընդոտները վերանում են, և մենք մտերմաբար հաղորդակցվում ենք: Երբ նրանք նույնպես հավանում են այն, ինչ ես սիրում եմ՝ երգ, բանաստեղծություն, սաղմոն, որը վերադառնում է վտառ՝ ձվադրելու համար, ուրախությունը գերազանց է. մենք անկեղծ ենք շփվում:

Բայց մեր տարբերությունները նույնպես ճշմարիտ են: Մենք առանձին թելերով ու հյուսվածքներով կապված ենք, բայց առանձին ամբողջականություններ ենք։ Այսինքն՝ ես ամեն օր անումեմ իմ գործը, գործ, որն իմաստալից է ինձ համար, և առաջարկում եմ դա նրանց սովորեցնել՝ եփել, կարել, փայտ կտրել,  ջուր կրել, տան գործ անել, գրել, կարդալ, երգել, նավարկել լճի վրա, փորել այգում: Երբեմն նրանք հետաքրքրվում են, երբեմն՝ ոչ: Բայց եթե ես փորձեի «խթանել» նրանց՝ քաղցրացնելով տարբեր հանձնարարություններս, տարբեր հմտություններից խաղեր ստեղծելով, քարոզելով, սովորեցնելով իմը իրենց, նրանք չէին ունենա այդ ժամանակը, ժամանակի հիանալի դատարկ տարածքները, որտեղ կարողանայում էին խորը նայել իրենք իրենց մեջ, թե իրենց մասին որն է ճշմարիտը: Եվ ոչ էլ ես կունենայի:

Ո՞վ կարող է բացատրել՝ որն է ստեղծականության քիմիան: Ես կարող եմ նստել լավ լուսավորված սենյակում՝ գրասեղանի մոտ, առջևս՝ թուղթ ու գրամեքենա, թեման՝ գլխումս, պարզ, իսկ իմ ջանքերի արդյունքը սոսկ միջակություն լինի: Բայց երբ ես իմ սեփական ընտրության տարածքում եմ, տարածք, որտեղ երևակայության, պատկերների, հիշողության և էմոցիայի և հավանաբար այլ, ավելի խորը բաների շերտերը աննկարագրելի էությանը համընկնում են, ես ունակ եմ ստեղծելու անսահման գոհացնող մի աշխատանք:

Երբեմն, երբ ես գրում եմ, հայտնվում եմ անտառներում աննպատակ թափառելիս կամ պարապ-սարապ նստած կամրջին՝ ոտքերս կախած և ոսպնյակներս ուղղած դանդաղ սահող ջրին: Բայց ամբողջ ժամանակ իմ ուղեղն աշխատում է՝ դողալով ինքնաբուխ մտքի լարումից, մինչև ես երկարուձիգ արտահայտություն եմ գտնում այդ անձև էության համար: Իմանալով այս ամենն իմ մասին, ինչպե՞ս կարող եմ համարձակվել միջամտել, կողպել իմ երեխաներին ստերիլ սենյակներում, պարապ պահերից հեռու պահել նրանց»:

Շատ ծնողներ են գրել մեզ տնային կրթության և առանց գրաֆիկի աշխատանքի ուղեկից ազատագրման զգացումների մասին:

Գոլ Մայլզն ու իր ընատանիքը տեղափոխվեցին մի կղզի՝ երեխաներին տանը կրթելու. «1977թ-ի օգոստոսին ես իմ երեք տղաների հետ տեղափոխվեցի Մեյնի ափամերձ մեզ պատկանող կղզին: Այս որոշման  հիմքում ընկած էր ամուսնուս և իմ կարծիքը, որ նրանք հանրակրթական կամ մասնավոր դպրոցներում չեն սովորում: Քանի որ մենք հանում էինք նրանց Ն. Հ.-ից, դպրոցական շրջանի հետ քաշքշուկ չունեցանք: Ես մի քանի տարի կամավոր եմ աշխատել Ռայի դպրոցներում և տեղեկացրի մեր ծրագրերի մասին ուսուցիչներին ու տնօրեններին: Շատ ուսուցիչներ համաձայնեցին, որ դա լավ միտք է: Երբեք չէի սպասում, որ այս փորձը տղաների կողմից բարձր գնահատանքի կարժանանա: Պատկերացնում էի, թե ինչպես երեսուն տարեկանում, մի քանի գործընկերոջ հետ նախաճաշելիս կհիշեն այս օրը: Բայց չէի նախատեսել, որ տարբերությունն այդքան շուտ կզգան:

Նրանք սովորում էին կակղամորթեր հավաքել Մեյնի կակղամորթ հավաքողների հետ՝ աշխարհի աղը, որ քառասուն աստիճան սառնամանիքի պայմաններում ապրում էին այնպիսի իրավիճակներ, երբ ամեն ոք յուրաքանչյուրի կյանքի համար պատասխանատվություն էր կրում, նրանք սիրեցին և հասկացան օպերան, որովհետև այն հեռարձակվում էր «Տեքսակո»-ով, մի հետաքրքրություն, որ մինչ այս մեզնից ոչ ոք չի ունեցել, նրանք սովորեցին, որ անսպասելի ծնված ութ լակոտներից հինգը պիտի սատկի սնունդը չբավականացնելու պատճառով և, հավանաբար, ամենալավ բանը, որ սովորեցին, իրենք իրենց և միմյանց հետ մտերմանալն էր: Նրանք պետք է դա անեին, քանզի ուրիշ ոչ ոք չկար, և եթե մեկից մի բան ես ուզում, պիտի տաս ի պատասխան: Սա կփոխարինի «հասարակական կյանք» կոչվող այս աղբին: Զգալ քո արժեքը մեծահասակների աշխարհում, աշխատավոր մարդկանց հետ կողք կողքի, կա՞ ավելի մեծ պարգև: Չեմ կարծում:

Նրանք նույնիսկ արցունք թափեցին այս փոքրիկ ափամերձ համայնքից հեռանալիս, որը նրանք ճանաչում էին իբրև «փոքրիկ քաղաք»:

Իմ վարձատրությունը խելքից դուրս էր: Դեղին հրեշը չէր, որ ամեն առավոտ տանում էր իմ սիրելի ընկերներին. երբ նրանք  նոր բառ էին բացահայտում բառարանում, ես օգտագործում էի դա համապատասխանաբար ամենօրյա դիպվածներում, եթե մենք ուզում էինք սովորել մոլեկուլային տեսությունը, աշխատում էինք առավոտյան 9-ից մինչև 16:00. այն ամենը, ինչ պետք է բացահայտեին, համաձայն Քալվերտի ուսումնական ծրագրի, սովորում էինք բոլորս. երեկոներն անցկացնում էին իրենց պատրաստած օպերաները բեմադրելով,  հայրիկի ուշադրությանն էին ներկայացնում շոուներ, որոնց պատրաստումը, երբեմն երեք օր էր տևում: Մենք կարդում էինք գրքեր, գրքեր ու էլի գրքեր՝ մինչև գիշերվա ժամը 1-ը, և ոչ մի հրեշ չէր ստիպելու առավոտյան 6:30 արթանանալ:

Հավելյալ պարգև էր պատմության, գրականության, դիցաբանության և ճարտարապետության արդյունքը, որ մենք բացահայտում էինք. ապրիլին մենք գնացինք Աթենք, Հունաստան՝ մի ճամփորդություն, որով մենք երբեք հետքրքրված չէինք լինի, կամ որի կարիքը չէինք զգա, եթե «դռները» բաց չլինեին մեր առջև: Բադը շատ հավանեց Պարթենոնը, և նա պետք է տեսներ այն: Թիմը քայլող հանրագիտարան էր դիցաբանությունից և Ջեքին ու ինձ տարավ Հնագիտական թանգարան, իսկ Մայքը մեր պատմության ուղեկցորդն էր, մենք նույնիսկ հունական սպասարկման կարիքը չունեինք:

Մայքը նաև տաղանդավոր գրող է, և նրա գրած Քալվերթի ավարատական շարադրությունը կարդալուց հետո ուսուցչուհին ասաց, որ կուզեր ինքնաթիռով գալ նրա հետ հանդիպման, ասաց, որ նա գիտե, թե ինչի մասին է ողջ գրվածքը, ուսուցչուհին ուզում էր թռչել Տրոյա և Հունաստան, քանի որ նրա թեման Տրոյական պատերազմն էր:

Նա կարողացել էր այնպես անել, որ ուսուցչուհին զգա:

Ինձ դուր է գալիս Քալվերթի համակարգը: Նրանց գրողները գերազանց են և իսկապես խոսում են երեխաների հետ:

Դա անձնական հարաբերություն էր. նրանք անհամբեր սպասում էին, որ մեկը գրի իրենց: Նամակները սակավաթիվ էին, և նրանք սովորել էին գրավոր խոսքի արժեքը: Բայց պետք է ասեմ, որ մենք կիրառում ենք ուսումնական ծրագիրը ըստ մեր կարիքների և հետաքրքրությունների և օգտագործում ենք միայն գնահատականները, որպեսզի հանրակրթական դպրոց վերադառնալիս տղաներին չմերժեն: Սա ամբողջությամբ նրանց ընտրությունն էր. մենք քաջալերել ենք նրանց իրենց ապագայի հարցում ինքնուրույն քաղաքականություն վարել: Հանրակրթական դպրոցների վերաբերյալ ամենատհաճ միտքն այն է, որ որ ողջ օրն իմ երեխաները պիտի այնտեղ լինեն, երբ ես պիտի սնեմ նրանց, հագցնեմ, բժշկեմ, վճարեմ նրանց տրանսպորտի համար, հոգամ նրանց մասին, և այդ ժամերին զրկված լինեմ նրանց հետ, նրանց ուսումնական փորձառություններին հաղորդակից լինելուց: Ես չեմ կարող ամրացնել նրանց գիտելիքը, եթե զրկվա ծ եմ նրանց տրված առարկան բացահայտելու հնարավորությունից և թողնված եմ միայն վատ տրամադրություն ունեցող հոգնած երեխաների հետ, որոնք ուտում են, տնային աշխատանք են անում և նետվում են անկողին:

Իսկական աշխարհի հմտությունները

«Տանը կրթողների» 1980թ-ի ապրիլյան համարի տեղեկագրի շապիկի պատմությունից. «Այս երեխաները (տանը կրթող ընտանիքից) կազմել են մի բացառիկ աշակերտական մարմին, քանի որ բոլորն էլ ծնվել են դպրոցում: Նրանք իրենց տեղերը գտնում են համաձայն կարողությունների, ոչ թե ըստ դասարանների: Պարզապես ներկայիս ընկերության մասը լինելու համար նրանք ենթարկվում են իրենց անհամապատասխան շատ ու շատ աշխատանքների: Մեր սեփական օրինակով. ունենք մի երեխա, որը բոլոր տրանսպորտային միջոցներն է խնամում, մյուսը, որը սեղանին կաթ, ձու և միս է ապահովում, մեկը, որը ցուցադրում է գեղեցիկ արվեստի գործեր, և մեկ ուրիշը, որը սիրում է այգեգործություն:

Կատրինան առավոտյան ու կեսօրին շատ ժամեր անցկացնում է ֆերմայի աշխատանքը կատարելով, բայց նա իր սեփական աշխատանքի շահառուն է, անում է սննդի, խոտի և մյուս գնումների գրանցումները, այնպես որ երբ կենդանիները վաճառվում են, մենք կարողանում ենք հաշվել նրա եկամուտը, և թե ինչ աշխատուժ ու գումար է ծախսվել այդ շահույթը ձեռք բերելու համար: Ինքս բացարձակ չեմ հետաքրքրվում ոչ մի տեսակի ֆերմայի գործով և գիտեմ էլ, որ Կատրինայի այս առաջընթացը մի կարողություն է, որը վեր է իմ տվածից:

Որքա՞ն գարի կուտի խոզը մեկ շաբաթում, մի ամսում, մինչև գա շուկայի ժամանակը: Ո՞ր կենդանիներն ունեն ամենաարագ շրջանառությունը: Ի՞նչ տիպի աշխատանքային ժամեր են անհրաժեշտ ֆերման աշխատացնելու համար: Ես չէի կարող պատասխանել այս հարցերից և ոչ մեկին, իսկ Կատրինան կարող է, և տասնմեկ տարեկան  աղջնակի համար սա իսկական կարողություն եմ համարում: Նա մյուս երեխաների պես շաբաթական երկու հարյուր էջի ընթերցանության և օրական մեկ գրավոր էջի հանձնարարություն ունի: Նա, ընդհանուր առմամբ, դիմում է թղթին, որն առնչվում է իր ներկայիս նախագծերի հետ:

Հազվադեպ է լինում, որ իմ երեխաներից չստանամ այնպիսի վարպետություն, որը կստանայի որևէ մեծահասակից: Հիմա ներքնահարկում սենյակ ենք առանձնացնում, և բոլոր միջնապատերը կառուցելու են երեխաները: 

Զարմանալի փաստ է, որ յոթ տարեկան Ջոնի բոլոր գործիքներն իրենն են, ներառյալ էլեկտրասղոցն ու հորատիչը: Նա գեղեցիկ մանրանկարներով գերան է պատրաստում, ունի խցեր և միջնապատեր անցկացնելուն կմասնակցի տախտակները չափելով և կտրելով: Նա նաև պատրաստվում է իր սենյակը սալիկապատելու: Քևինը վերանորոգել է իմ ողջ տեխնիկան մանկապարտեզային տարիքից ի վեր:

Վերջերս վարպետ վարձեցի, որ գա և տեղադրի իմ վառարանի շարժիչը։ Այն փչացել էր, և պիտի փոխարինվեր: Այդ վարպետը մի քանի տարի այստեղ չէր եղել, և նրա առաջին հարցն էր.
- Ինչո՞ւ Քևինը չի կարող տեղադրել այն:

Երբ նա հայտնաբերեց խնդիրը, հասկացավ, որ ներկայիս շարժիչը հնարավոր չէ նորոգել, և գնաց՝ նորը ձեռք բերելու: Այնուամենայնիվ, մենք պահեցինք վառված շարժիչը, քանի որ վարպետը կարծում էր, որ նրա մասերը Քևինը կարող է օգտագործել:

Իմ սպասք լվացող մեքենան երեխաներն են նորոգել, իմ բաղնիքը երեխաներն են սալիկապատել, իմ զուգարանները երեխաներն են սալիկապատել: Նրանց դուր է գալիս իրենց կարողությունները զարգացնելը, այն գումար է խնայում, և մենք կարող ենք այդ կուտակված խնայողություններն օգտագործել հաճելի գործերի վրա: Երեխայի կողմից կատարված ևս մեկ հրաշք լույսի անջատիչն է, որը կառավարում է հյուրասենյակի և միջանցքի լույսերը: Մի անջատիչը միացնում է հյուրասենյակի լույսերը, երբ ցրված լույսերն անջատվում են, և հետո գիշերը միացնում է միջանցքի լույսը, երբ հյուրասենյակի լույսերն այլևս պետք չեն: Մի էլեկտրիկ նկատեց տարօրինակ միացումն ու ասաց, որ չի կարող այդպես լինել, բայց այն արդեն երկար ժամանակ աշխատում է:

Մենք երբեմն շրջայցեր ենք անում մեր տնով մեկ, և մարդիկ երբեք չեն դադարում հիանալուց այն բաներով, որ մեր երեխաները գիտեն անել: Քևինը պատրաստել է իր սեփական շարժիչային եռանիվ ամենագնաց մեքենան, ինչպես նաև օգնում է հորը պատրաստել միտեղանի ինքնաթիռ: Նա մշակել է մեկ արտոնագիր և աշխատում է մյուսի վրա: Մարդիկ հաճախ են ինձ հարցնում, թե ինչպես եմ ես թույլ տալիս, որ երեխաներն անեն բաներ, որոնք սովորաբար մեծահասակներն են անում և մասնագետները: Դե, ես ուշադիր նայում եմ երեխաներին և երբեք չեմ սպասում, որ որևիցե մեկն անի մի բան, որն իր խելքի բանը չէ: Ես մշտապես փորձեր եմ անում՝ գտնելով բնական կարողություններ և թույլ տալով, որ նրանք փորձեն թռչել անվնաս, մատչելի ձևերով:

Եթե մի երեխա որոշակի բնագավառում մի կարողություն է ցուցաբերում, ինչպիսին, ասենք, խողովակներ անցկացնելն է, ես փորձում եմ նրանց հետ միասին դա անել: Հաջորդը լինում են ծորակները կամ զուգարանակոնքի տեղադրումը: Հաջորդը կարող է լինել ցնցուղի տեղադրումը, և վերջապես երեխան պատրաստ է անցկացնելու բաղնիքի խողովակները: Ես առանց վախենալու թույլ կտամ, որ իմ տասներեք տարեկանն անցկացնի իմ ողջ տան խողովակները:

Ի վերջո, նա հաստատուն հոսանքի էլեկտրականության լարանցումներ էր արել, երբ ընդամենը ութ տարեկան էր: Մեր դուստր Քեթին հիմա վերափոխում է իր սեփական տունը (նա տասնինը տարեկան է) և ինքնուրույն անցկացրել է խողովակները, սվաղել է պատերը, փակցրել է պաստառները և արել ատաղձագործությունը: Ի դեպ, ահա թե ինչպես նա օգնեց վճարելու իր քոլեջի կրթության վարձը: Ատաղձագործ էր աշխատում տղամարդկանց խանութում»: Փող գործածելն իրական աշխարհի ամենաօգտակար հմտություններից մեկն է, ինչը շատ երեխաների համար ծամածռության է վերածվում:

Մանիթոբայից Լուիզ Անդրիեշինը մեզ գրում է իր երեխաների և փողի մասին. «Հեյդին և Մայքլը նոր են իրենց համար պոնիներ գնել իրենց սեփական գումարով: Ձեզ հաճելի կլինի իմանալը, որ Հեյդին (տասը տարեկան) իր համար չեք է գրել: Չգիտեմ, թե ինչպիսին են բանկային այլ պրակտիկաները, բայց մեր կրեդիտային միության մեջ յուրաքանչյուր երեխա կարող է լիարժեք հաշիվ ունենալ (և պետք է ընկերությունում բաժնետեր լինի, որպեսզի հաշիվ ունենա): Ապրելով քաղաքից դուրս՝ մենք բավականին հաճախ ենք խանութից փոստով պատվերներ անում, և Հեյդիի չեքերը երբեք կասկածի տակ չեն առնվում: Բայց հավանաբար դրանք ստացող մարդիկ չգիտեն նրա տարիքը: Չեմ կարծում, թե երբևէ կպատկերացնեին, թե չեք են ընդունում տասը տարեկանից: Եթե իմանային, կարծում եմ՝ կմերժեին ընդունել կամ կպահանջեին ստորագրությամբ հաստատել: Քանի որ Հեյդին ունի ամբողջական անձնական հաշիվ, ոչ թե «վստահված», մենք, իբրև իր ծնողներ, չենք կարող տնօրինել նրա գումարը: Մենք հայտնաբերելէինք «նեղ ճանապարհը»։ Մենք գնացինք կրեդիտների միություն նրա հաշվից որոշ գումար հանելու, և մեզ թույլ չտվեցին: Նրանք հանեցին նրա ֆայլի քարտը և ցույց տվեցին մեզ նրա ստորագրությունը, որի համաձայն միայն ինքը կարող էր տնօրինել այդ հաշվի գումարը: Նա ստորագրել էր դա, երբ հինգ տարեկան էր: Ես լավ հիշում եմ, թե ինչպես «թույլ տվեցի» նրան ստորագրել՝ բարեհաճորեն մտածելով, թե որքան «գեղեցիկ» փորձառություն է դա իր համար: Ես գլխի չէի ընկել, որ լիակատար ֆինանսական անկախություն եմ ապահովում նրա համար»:

Փողի արժեքի զգացողությունը կարող է շատ վաղ լինել. երևի կարող եմ ձեզ ներկայացնել Մ-ի՝ իբրև սպառողի «տարիքի հասնելու» մասին:

Մ-ն վերջերս դարձավ երեք տարեկան: Նա ծննդյան բացիկի մեջ մի դոլարանոց ստացավ, որն ուղարկել էր իր ընկերներից մեկը (իննսուներկու տարեկան): Անցյալ տարի, երբ նա ուղարկել էր դոլարը, ես հանեցի այն, նույնիսկ առանց ցույց տալու, և Մ-ի համար փուչիկներ գնեցի դրանով: Այս տարի նա բացեց իր ողջ փոստը և անմիջապես ճանաչեց, որ դա փող է, և որ իր նվերն է: Նա շատ գոհ էր և դրեց այն իր դրամապանակը, որը մինչ այժմ միայն «մեծացած» խաղալու համար էր, և որում միայն մի քիչ մանր էր պահվում: Նա քննարկեց դոլարը, և թե ինքը ինչ կարող է գնել դրանով իր ցանկացածներից: Հաջորդ օրը, երբ նա ստացավ մի հինգ դոլարանոց հաշիվ մեկ այլ բացիկով, մենք նորից իրարանցում ունեցանք: Մենք քննարկեցինք արժեքի՝ մեկի և հինգի տարբերությունը մեր մատների վրա, և ես մտածեցի. «Ամեն ինչ շատ լավ է ընթանում»: Հաջորդ օրը, երբ նա ստացավ տասը դոլարանոց չեքով բացիկ, ես մտածեցի. «Օհ, ոչ, այս ուսումնական փորձառությունը վերահսկողությունից դուրս է գալիս»: Հույս ունեի, որ նա չի գիտակցի, թե դա ինչ չեք է, և ես կկարողանամ ծածուկ պահել, բայց նա չափազանց ճարպիկ էր: Այսպիսով, մենք բացատրեցինք, թե ինչ չեք էր դա, և բաժանեցինք այն  երկու հինգերի: Մ-ն նախապես ուսումնասիրել էր մեկանոցն ու հինգանոցը և մատնանշեց, որ նրանց վրա տարբեր մարդիկ էին, ու հարցրեց նրանց անունները (նրան շատ հետաքրքրումէ ցանկացած բան, որ «անուն» ունի): Հետո Մ-ն հարցրեց ինձ, թե ինչ կարող է գնել իր բոլոր «փողերով»:

Առաջարկեցի, որ նայի խաղալիքների կատալոգներում։ Նա շատ հրապուրվեց մի շինարարական հավաքածուով (Թինքերթոյ), և ես ասացի, որ ինքը կարող է ընտրել մեկը, հենց որ հաջորդ անգամ քաղաք գնանք:

Հենց որ հաջորդ անգամ հայրիկը գնաց քաղաք, և Մ-ն վերցրեց իր դրամապանակն ու գնաց իր համար խաղալիք գնելու: Երբ նա գտավ իր «շինարարական հավաքածուն» և մոտեցավ վաճառասեղանին՝ վճարելու համար (իր առաջին գնումը), հայրիկն ասաց, որ նա կնոջը մի Լինքոլն տա՝ ակնկալելով, որ ետ կստանա երկու Վաշինգտոն:

Անե՜ծք: Վաճառողը նրան Ջեֆերսոն տվեց: Մ-ն ուրախ-ուրախ վերցրեց այն: Հավանաբար, մենք պետք է դա այդպես էլ թողնեինք, բայց տանը հայրիկը փոխեց այն երկու Վաշինգտոնների հետ: Նորից վերահսկում: Մի երկու օր Թինքերթոյի հավաքածուով խաղալուց հետո նա հիասթափվեց՝ ասելով, որ չի կարողանում տներ կառուցել դրանցով:

Նա ստուգեց կատալոգը և կանգ առավ Լինքոլն լոգերի հավաքածուի վրա: Գնումների մյուս արշավը դեպի քաղաք արժեցավ մեկ Լինքոլն և երեք Վաշինգտոն: Մենք ցույց տվեցինք, որ նա շատ գումար է ծախսել, և իր մոտ այդքան չի մնացել: Ես զգում եմ, որ նա փողի շատ հավասարակշռված զգացողություն ունի, դրա արժեքի լավ զգացում, այնպես որ չեմ անհանգստանում, որ նա կամ կդիզի մնացածը կամ կմսխի անխոհեմ:

Դրամի հետ այս ողջ հոգսերի հետ Մ-ն չկորցրեց այն փաստի ըմբռնումը, որ գումարն ուղարկված էր իբրև նվեր՝ իրեն սիրող մարդկանց կողմից: Մենք Մ-ին իր նվերների ու մեծ ժպիտի հետ լուսանկարեցինք՝ շնորհակալական երկտողներով ուղարկելու»:

Խոսքն ու լեզուն իրական կյանքում

Դպրոցում և իրական կյանքում կամ կյանքից սովորելու տարբերության ամենակարևոր մասը հավանաբար խոսքն է ու լեզուն: Իվան Իլլիչը գրել է այս մասին «Խոսակցական լեզվի արժեքներն ու կրթությունը» «Քոլեջի ուսուցչական գրանցումներ»-ում, 1979թ-ի աշնանը: (Սրա լույս տեսնելու ժամանակ Իլլիչը պիտի որ տպագրված գիրք ունենար՝ խոսակցական լեզվի արժեքները թեմայով): Մենք գիտենք, որ շատ մշակույթներում խոսքը հետևել է ամենօրյա կյանքի երկխոսություններից՝ լսելով օրորոցայինները, բամբասանքը, պատմությունները և երազները: Նույնիսկ այսօր մարդկանց մեծամասնությունն աղքատ երկրներում սովորում է իր բոլոր լեզվական հմտություններն առանց վճարովի դասընթացների, առանց որևէ փորձի՝ իրենց խոսել սովորեցնելու: Իլլիչը մատնանշում է, որ աշխարհով մեկ շատ աղքատներ ոչ արդյունաբերական երկրներում խոսում են ավելի, քան մեկ լեզվով. մի ոսկերիչ, որին նա ճանաչում է Տիմբուկտուից, խոսում է վեց լեզվով, և բոլորն էլ ամբողջությամբ. իսկ անգամ պարտադիր կրթությամբ մի քանի սերունդ ունեցող ազգերում կամ պետություններում մարդկանց մեծ մասը խոսում է միայն մեկ լեզվով: Քանի որ այս ենթադրյալ առաջադեմ ազգերի մարդիկ այլևս իրենց լեզուները չեն սովորում իրենց հետ խոսող մարդկանցից՝ հասկանալով, թե նրանք ինչ են ասում, ամենօրյա կյանքի ենթատեքստով, այլ սովորում են մասնագետներից, որոնք արհեստավարժ են և վճարվում են՝ ասելու այն, ինչ ուրիշներն են պատրաստել իրենց համար»:

Շատ է խոսվում այն մասին, թե որքան անհասկանալի են խոսում այսօրվա պատանիները: Կասկածում եմ, որ գլխավոր պատճառն այն է, որ նրանց լսած խոսքի մեծ մասը՝ հեռուստատեսությամբ կամ դպրոցում, ոչ թե իրական խոսք է, այլ պահածոյացված, նախապես նախապատրաստված խոսք, հաճախ՝ ոչ խոսակցի կողմից: Նրանք չեն լսում շատ իրական ձայներ: Սակայն իրական ձայներ լսելն է, որ ստիպում է մեզ ցանկանալ խոսել:

Մի հիշողություն: Երբ քույրս ու ես մոտ չորս կամ հինգ տարեկան էինք կամ գուցե նույնիսկ ավելի փոքր, այցելեցինք մեր տատիկին ու պապիկին: Երկրորդ հարկում ճաղաշարքով մի սանդղահարթակ կար, որի արանքից մենք կարող էինք աստիճանների ներքևում տեսնել սենյակը, որտեղ մեծահասակները նստում էին ճաշից հետո՝ զրուցելու: Անկողին մտնելուց և բարի գիշեր ասելուց հետո, երբ մեծահասակները ետ էին գնում՝ ներքև, մենք սահում էինք անկողնուց, ճաղաշարքով կռացած ներքև իջնում և լսում մեծահասակների ձայները: Մենք չէինք կարողանում մի քանի բառից ավելի որսալ և ցանկացած դեպքում չէինք կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում: Սակայն այդ ձայները դյութիչ էին:

Սովորաբար, որոշ ժամանակ անց մենք ետ էինք թռչում անկողին: Բայց մի գիշեր մենք քնեցինք այնտեղ՝ ճաղաշարքի մոտ, որտեղ մեծահասակները գտան մեզ, երբ գնում էին քնելու: Ես չեմ հիշում, թե ինչ եղավ հետո, մեզ կշտամբեցին կամ պատժեցին և խստորեն զգուշացրին նորից դուրս չգալ անկողնուց, թե ոչինչ չասացին: Հետո ես շատ ընտանիքներում տեսել եմ, թե ինչ դժվար է երեխաներին անկողնում պահել, երբ մեծահասակների մի խումբ աշխույժ խոսակցություն է ունենում ոչ այնքան հեռու: Երեխաները հարյուրավոր պատճառներ կգտնեն՝ գալու և ստուգելու, թե մեծահասակներն ինչ են ասում: Ոմանք կասեն, թե այս ամենն այսպես է արտոնյալ ընտանիքների դեպքում, որոնք ունեն հետաքրքիր այցելուներ: Իսկ ի՞նչ կարելի է ասել ընտանիքների մեծ մասի՝ միջին ընտանիքների մասին: Պատասխանն այն է, որ նախ և առաջ, բոլոր մարդիկ հետաքրքիր են: Ինչպես Սթադզ Թերքելը և Ռոբերտ Գոլզն են ցույց տվել իրենց (շատ տարբեր) գրքերում, յուրաքանչյուրը հետաքրքիր պատմություն ունի պատմելու:

Քանի դեռ իրական մարդիկ խոսում են, ոչ հեռուստատեսությամբ, երեխաները ցանկանալու են լսել նրանց ձայները և տեսնել նրանց դեմքերը և պիտի շատ բան սովորեն նրանցից:

Շարունակությունը

Թարգմանություն անգլերենից
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский