Կրթությունը՝ արտակարգ պայմաններում

Մենք ապրում ենք արտակարգ պայմաններում․ սա է մեր կյանքը, ու մենք պետք է ընդունենք այն իրականությունը, որում ապրում ենք։ Ընդունել չի նշանակում հաշտվել, այլ հստակ ու իրատեսորեն տեսնել իրականությունը, որպեսզի կարողանալ պարզ և իրական քայլերով փոխել այն։

Երկու տարի առաջ, երբ գրում էի այս հոդվածս, երբեք չէի մտածի, որ այս թեմայով երբևէ կգրեմ, որ այս պատերազմը, համավարակը կմտնեն իմ ու սովորողներիս կյանք, ընտանիք, որ սովորողները կտան հարցեր, որոնք կլինեն մահվան ու պատերազմի մասին։ Հիմա, երբ նորից գրում եմ, հասկանում եմ, որ մենք ապրում ենք ճգնաժամային ու հետճգնաժամային՝ միմյանց հաջորդող ու միմյանց խառնված բարդ մի փուլում։ Ապրում ենք ամենօրյա կորուստների, ցավի, անորոշության, սթրեսի մեջ․ աշխատելը ու աշխատանքային էներգիա գտնելն անասելի դժվար է։

Ամեն ինչ ավելի է դժվարանում, երբ դու ուսուցիչ ես, կրթության գործի կազմակերպիչ, դասախոս, ու քո ամենօրյա աշխատանքը սովորողների հետ է, ովքեր ամեն օր քեզ են նայում հարցերով լի աչքերով, տխուր, տալիս հարցեր, որոնց պատասխաններն ինքդ չունես։

Մենք չենք կարող ձևացնել, թե ապրում ենք այլ իրականությունում, սովորում այլ իրականությունում․ կրթությունը հենց մարդու՝ անհատի կյանքն է՝ իր բազմաբաղադրիչ, հարափոփոխ փուլերով։

Հենց այս փուլում կարևոր է խոսել հայրենիքից ու հայրենասիրությունից՝ պարզ ու բաց, առանց պաթոսի ու ողբերգականացման։ Օրինակ՝ գրականության դասերին սովորողները հարցեր են տալիս, անհանգստանում, արտահայտում սեփական հույզերն ու վախերը։ Մեր գրականության մեջ շատ են հայրենասիրական ստեղծագործությունները՝ վեպերը, բանաստեղծությունները։ Հայրենասիրության թեման արծարծվում է նաև ժամանակակից գրականության մեջ։ Սովորողներին ինչ-ինչ շարքեր ենք առաջարկում, այնուհետև սովորողներն են կազմում իրենց ընտրանիները, կարդում, վերլուծում, կապում իրենց կյանքի հետ։ Այս իրավիճակում կարևոր է խոսելը, քննարկելը, լուծումներ որոնելը, ծանոթանալը մեծերի ստեղծագործություններին, հասկանալը, որ այս թեման միշտ է արդիական եղել, տարբեր շրջափուլերում սրվել։ Սովորողներից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ինքը մերօրյա հերոս է՝ պատասխանատու, լուծումներ փնտրող-գտնող։ Կարիք ունենք «հայրենիք» հասկացության վերաձևակերպման, ձևակերպման․ յուրաքանչյուր սովորող պետք է ինքը գտնի դրա ձևակերպումը, ինքը մտածի այդ թեմայի շուրջ։ Անցյալի հերոսական կերպարները, գրական հերոսները, գեղարվեստական պատկերները օգնում են զուգահեռներ անցկացնել, քննարկել, վերացարկել։ Համաշխարհային գրականության ընթեցումները, արտասահմանյան գրականության ընթերցումն օգնում է, որ սովորողները Հայաստանն աշխարհից կտրված չպատկերացնեն, զուգահեռներ անցկացնեն։

Կարևոր է, որ արտակարգ իրավիճակում կրթությունը դառնա կարևոր հենարան՝ սովորողի, ընտանիքի համար, դպրոցն իր ուսումնական նախագծերով դառնա ներառող, ոգի և մշակույթ փոխանցող։ Դպրոցի ուսումնական օրացույցը պետք է դառնա ճկուն, ներառող ու զգույշ․ մենք չենք կարող և չպետք է խլենք մեր երեխաների ուրախությունը, մանկությունը, խաղը։ Միևնույն ժամանակ պետք է զգույշ ու կոնկրետ գործել՝ հերոսացած զինվորներ, վիշտ, լարում, մարդկանց տրամադրություն, սթրես, այլ։

Կարևոր է սովորողներին փոխանցել մեդիագրագիտության կոնկրետ հմտություններ.

  • Ինչ նյութեր ընթերցել, ինչու
  • Ինչ կայքերից ու ինչպես ընթերցել
  • Ինչ տեղեկատվություն, լուսանկարներ տարածել
  • Ինչպես հարգել ընկերների վիշտը
  • Այլ

Այս փուլում կարևոր է հատկապես այն, թե ինչ չարժե կամ չի կարելի անել․

  • Չի կարելի տարածել չշտված տեղեկություն։
  • Չի կարելի տարածել հայհոյանք, խուճապ առաջացնող տեղեկատվություն։
  • Եթե տեղեկատվությունը, տեսանյութը չեք մշակելու, ապա անիմաստ է այն դիտելը: Սա միայն կվնասի ձեր հոգեկան առողջությունը: 
  • Եթե իրավապաշտպան չեք, չպետք է նայել խոշտանգման տեսարաններ պարունակող տեսանյութեր: Դրանք տարածվում են մարդկանց հուսահատեցնելու նպատակով։
  • Պետք է հասկանալ, թե ինչ նպատակով եք դիտում այդ տեսանյութերը․ նման տեսանյութերը տեղեկատվություն չեն տալիս, ազդում են զգայական համակարգի վրա միայն։
  • Այլ

Սրանք լուրջ մեդիահմտություններ են, որոնք հատկապես կարևորվում են արտակարգ իրավիճակներում։ Ուսուցիչները պետք է ոչ միայն ուժեղ լինեն ու վերահսկեն իրենց զգացողությունները, այլև՝ կոնկրետ ու հստակ լինեն իրենց համացանցային գրառումներում, որովհետև այս փուլում ավելի ու ավելի շատ սովորողներ ու ընտանիքներ կուզեն հետևել, կարդալ իրենց ուսուցչի կարծիքը։ Կարևոր է, որ գրառումները խուճապ, անկումային տրամադրություն չտարածեն, տարածեն միայն պաշտոնական տեղեկատվություն՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Կարևոր է, որ գրառումները չարվեն էմոցիոնալ ապրումների մեջ, ինչը հասկանալի է, բայց ոչ՝ խրախուսելի։ Դասավանդողի գրառումները չպետք է պարունակեն հայհոյանք, խոշտանգումների պատկերներ և այն ամենը, ինչը կարող է խարխլել սովորողների՝ երեխաների հոգեկան անդորրը, դարձնել հոգեպես անհավասարակշիռ, անհանգիստ։

Այս փուլում կարևոր է, որ առաջ գան․

  • առողջագիտության տարատեսակ նախագծերը
  • ինքնապաշտպանական նախագծերը
  • մարզական ակումբները՝ կոնկրետ հմտություններով
  • մարդաբանության նախագծերը
  • պատմության, հասարակագիտության, գրականության նախագծերը
  • մեդիագրագիտության նախագծերը
  • հոգեբանական նախագծերը

Կարևոր է, որ ճամբարներում ընդգծվեն մարզական, ռազմամարզական բաղադրիչները։ Սա այն փուլն է, երբ բացի հոգեբանական տարբեր նախագծերից, պետք է հասկանալ, որ մարդու հոգեկան հավասարակշռությանն ու խաղաղությանը նպաստում են․

  • քայլքը մաքուր օդում․ հետևաբար պետք է ակտիվացնել քայլարշավները, հեծանվաերթերը
  • հայրենաճանաչողությունը՝ քայլքով, որ կարող է լրացուցիչ ուժ, վստահություն, հավատ ներշնչել․ սովորողները պետք է լավ ճանաչեն իրենց բնակավայրը՝ շենքը, թաղամասը, հարակից այգիները
  • աշխատանքը բնության գրկում (պարտեզների, կանաչ տարածությունների խնամք)
  • երաժշտության ունկնդրումը, երգեցողությունը, պարը։
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский