Ակնհայտ են, երբ կան...

Միջազգային առցանց կրթական համաժողովը և մենք։

Միջազգային առցանց կրթական համաժողովը կազմակերպել էր «Պարադիգմա» կրթական հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվական աջակցությամբ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Նախ՝  մի փոքր համաժողովը կազմակերպած «Պարադիգմա» կրթական հիմնադրամի մասին: «Պարադիգմա» կրթական հիմնադրամի կարգախոսն  է «Ժամանա՛կն է օգնել ուսուցչին՝  փոխել նրա մոտեցումը, որ նա փոխի համակարգը»:
Հիմնադրամի տեսլականը կրթական այլ համակարգի ստեղծումն է` պարադիգմ (հարացույց), ուր ինքնազարգացող և ոգեշնչված ուսուցչական համայնքներն առաջնորդում են կրթության բարեփոխումը երկրում։
Ըստ այդ պատկերացումների՝

  • ուսուցիչն է առարկայական ծրագիր մշակող մասնագետը.
  • ուսուցիչն է կրթական ռեսուրս մշակող մասնագետը.
  • ուսուցիչը ստեղծում և տարածում է ուսուցման նոր մոտեցումներ.
  • ուսուցիչը քննում է իր աշխատանքը և շարունակ բարելավում այն.
  • ուսուցիչը հարստացնում է ուսուցչությունը՝ որպես մասնագիտություն.
  • ուսուցիչը ներգրավված է սովորող մասնագիտական համայնքներում.
  • ուսուցիչն ամենագրավիչ մասնագիտություններից է՝ այդ թվում նոր դերին համարժեք սոցիալական ապահովվածության տեսանկյունից:
Edcamp Armenia համաժողովի կազմակերպումը հիմնադրամի առաջին ծրագիրն է: Edcamp-ը շուրջ 43 երկրներում իրականացվող ուսուցչական շարժում է, որի նպատակն է ուսուցիչների փորձը «դուրս բերել» առանձին դպրոցներից կամ փակ խմբերից և ձևավորել փոխադարձ վստահությամբ օժտված ուսուցիչների համագործակցող համայնք։
Edcamp ուսուցչական-հանրակրթական համաժողովը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 2019թ.-ին՝ համախմբելով շուրջ 400 մասնակցի Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և սփյուռքից։
2020 թվականին համաժողովի մասնակցության աշխարհագրությունն ու մասշտաբներն աճել են ավելի քան 500 տոկոսով։ Մասնակցության քարտեզն այս տարի ընդգրկել է ավելի քան 175 գյուղ և 46 քաղաք։ Edcamp-ին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 2500 ուսուցիչ, հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ, հետազոտող և տնօրեն Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից։ Հաստատվել է հայաստանյան խոսնակների 54 հայտ:
Ահա ուրեմն, ամեն ինչ սկսվեց, երբ լրացրի «Պարադիգմա» կրթական հիմնադրամի՝ ամիսներ առաջ առաջարկած հայտը: Մի քանի ամիս անց իմ էլեկտրոնային հասցեին ստացա նամակ առ այն, որ հայտը հաստատվել է, որովհետև ըստ կազմակերպիչների՝
  • հնարավորինս մանրամասն ներկայացված է եղել թեմայի նպատակը
  • հնարավորինս հստակ-չափելի ներկայացված են եղել վերջնարդյունքները
  • հնարավորինս մանրամասն ներկայացված է եղել թեմայի բովանդակությունը
  • առկա է նյութի փորձարկված լինելու մասին հստակ տեղեկատվություն։
Այնուհետև տեղեկություն կար, որ հայտերի գնահատումը կատարվել է հիմնադրամի անձնակազմից անկախ խորհրդի երեք անդամների կողմից՝ «կույր գնահատման» սկզբունքով, այսինքն՝  հայտը դիտարկվել է առանց հայտատուի վերաբերյալ տեղեկատվության: 
Հաջորդ նամակներում ներկայացվեցին մի շարք պահանջներ և խորհուրդներ, որոնք պետք է հաշվի առնվեր հետագայում: Պահանջները հիմնականում վերաբերում էին Powerpoint պրեզենտացիային՝ տառատեսակ, տառաչափ, բառաքանակ, գունային նախընտրելի տարբերակներ և այլն: Կար նաև խնդրանք՝  զերծ մնալ համաժողովի վերաբերյալ նախապես որևէ տեղեկություն հանրայնացնելուց:
Որոշ ժամանակ անց կազմակերպվեց նաև տեխնիկական միջոցի ստուգում՝ մոդերատորի մասնակցությամբ:
Եվ ընդհանրապես, ասեմ, որ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի անձնակազմն ամբողջ ընթացքում աշխատեց կոկիկ, գրագետ՝  որպես տեղեկատվական հարթակներ միաժամանակ օգտագործելով ֆեյսբուք սոցիալական ցանցը, էլեկտրոնային հասցեն,  Zoom հավելվածը նաև բջջային տարբերակով, ուղիղ եթերը, մեկ-երկու ամսից կմեկնարկի նաև յութուբյան ալիքը (տեսանյութերն այժմ մշակման փուլում են): Վեց օր, յուրաքանչյուր երկու ժամը մեկ միջինում 1500 մասնակից է միացել հայաստանյան խոսնակների սեսիաներին, իսկ յուրաքանչյուր միջազգային խոսնակի ելույթի ժամանակ գրանցվել է միջինում 8-10 000 դիտում։
Առցանց կրթական համաժողովը մեկնարկեց հունիսի 22-ին՝  Zoom հարթակում: Համաժողովի օրակարգը` նշված Կրթական համաժողովի կայքում,  բաղկացած էր ժամային գոտիներից՝ նշված տարբեր գույներով: Միաժամանակ ընթացող ամեն օրվա ամեն գույնի չորս սեսիաներից հնարավոր էր մասնակցել միայն մեկին:
Միջազգային խոսնակների Zoom սեսիաներն ընթանում էին համաժամանակյա հայերեն թարգմանությամբ և ապահովում մինչև 3000 հոգի մասնակից, իսկ հայաստանյան խոսնակների սեսիաներին կարող էր մասնակցել 500 մարդ: Միջազգային խոսնակների սեսիաները նաև ուղիղ եթեր էին հեռարձակվում հիմնադրամի ֆեյսբուքյան էջով։
Համաժողովը բաղկացած էր փորձի փոխանակման սեսիաներից, ոլորտային քննարկումներից, հրավիրյալ խոսնակների զեկուցումներից:
Ելույթ ուեցան նաև կրթական համաշխարհային հեղինակություններ՝
  • Դիլըն Ուիլյամ «Ի՞նչ է ձևավորող գնահատումը»
  • Նորբերտ Պաքլեր «Ի՞նչ է հեռավար կրթությունը»
  • Մայքըլ Յանգ «Ո՞ր գիտելիքն է զորավոր»
  • Պասի Սալբերգ «Թողեք երեխաները խաղան»
Կրթական համակարգի բարեփոխումների մասին հանդես եկավ Գունդա Տիրեն «Ինչպե՞ս Էստոնիան վերափոխեց իր կրթական համակարգը» թեմայով: Ըստ գնահատման միջազգային PISA կազմակերպության, Էստոնիայի կրթական համակարգը իրականացրած բարեփոխումների շնորհիվ արդեն իսկ հայտնվել է աշխարհի հինգ լավագույն կրթական համակարգերի շարքում:
Ինձ առավել հետաքրքիր էին միջազգային խոսնակների ելույթները: Լսելիս նրանց ելույթներից դուրս եմ գրել առանցքային՝  վաղո՜ւց ծանոթ և հոգեհարազատ հետևյալ մտքերը: Խնդրեմ՝ ինքներդ համոզվեք.
Գունդա Տիրե
  • հասարակական պայմանավորվածություններ՝  կրթական հարցերը խիստ կարգավորելու փոխարեն.
  • կրթության արդյունքի համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին.
  • դպրոցների հնարավորինս ինքնավարություն և ազատություն.

Պասի Սալբերգ

  • Խաղը և սերը նման են, երկուսն էլ ակնհայտ են, երբ կան:
  • Խաղացեք երեխայի հետ, այն օգտակար է ձեզ:
  • Խաղը ուսումնառությունը բարելավելու զորեղ միջոց է:

Ի դեպ, Պասի Սալբերգը Ֆինլանդիան հայտնի դարձրած «Ֆիննական դասերը» գրքի հեղինակն է:

Մայքլ Յանգ
  • Գիտելիքը զորեղ է, երբ հնարավորություն է տալիս այլընտրանքներ պատկերացնել և աշխարհն ավելի լավ հասկանալ:
  • Եթե ունեք «զորեղ գիտելիքով» հագեցած չափորոշիչ, բայց չունեք ռեսուրս՝  ուսուցիչ, այն իրականացնելու համար, ապա ձեր չափորոշիչն ընդամենը հռչակագրային է:
  •  Ուսուցիչը պետք է աշակերտին սովորեցնի երևակայել, բացել նոր հորիզոններ այնտեղ, որտեղ գուցե և աշակերտը եղել է, բայց չի նկատել:

Նորբերտ Պաքլերը UCL-ի կրթության նորարարության ղեկավար է և հետազոտող.

  • Թվիթերով ես ընտրել եմ մարդկանց ու ֆիդեր, որոնք օգնում են իմ շարունակական մասնագիտական զարգացմանը:
  • Ուսումնառության միջավայրը միայն դասարանի լսարանն ու այնտեղ կատարվող իրադարձությունները չեն: Այն ներառում է սովորողի կյանքի ամբողջ միջավայրը: Այն ներառում է անձը, նրա աշխարհը կառավարող կառույցներն ու օրենքները, ինչպես նաև հասարակական և մշակութային միջավայրը:
  • Գիտելիքի հիմնարարության տեսանկյունից որևէ էական տարբերություն չկա շարժական և դասարանային ուսուցման մեջ. երկուսն էլ կարող են և վատը լինել, և լավը։ Այլ հարց է, որ ՏՀՏ միջոցները շատ ավելի լայն հնարավորություններ են տալիս:

Դիլըն Ուիլիամ

Դիլըն Ուիլիամը գնահատման ոլորտի մասնագետ է, համարվում է ձևավորող գնահատման համահիմնադիրը, կրթության ոլորտի ամենից շատ հղում ստացող դեմքերից մեկն աշխարհում:
  • Սովորողներին դիտարկեք որպես ուսումնառության ռեսուրս և իրենց ուսումնառության տեր: Դա նշանակում է, որ սովորողները կարող են իրար հետ աշխատել՝  իրար առաջ տանելու համար:
  • Եթե կրթության հոգեբանությունը կրճատեի ու ներկայացնեի որպես միայն մեկ սկզբունք, կասեի հետևյալը. սովորելու վրա ազդող ամենակարևոր գործոնն այն է, ինչ սովորողն արդեն գիտի: Պարզիր դա և դասավանդիր ըստ այդմ:
  • Ձեր դասավանդումը հարմարեցրեք սովորողների կարիքներին:

Կրթական առցանց միջազգային համաժողովին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից մասնակցում էին Նառա Նիկողոսյանը, Հասմիկ Ղազարյանը և ես: Խոստովանեմ՝ բավականաչափ լարում կար, որը, հավանաբար, կապված էր կրթահամալիրը ներկայացնելու պատասխանատվության հետ: Մինչ ելույթի օրը և վեբինարի առաջին րոպեներին գոնե ես զգացի դա։ Ելույթին պատրաստվել էինք ամենայն մանրամասնությամբ, միմյանց հետ որոշել էինք մեր անելիք-ասելիքները, սիրով և պատրաստակամությամբ ընդունել Սուսան Մարկոսյանի դիտարկում-լրամշակումները: Բայց հընթացս պարզվեց, որ մի բան է գիրը, մեկ այլ բան՝  բանավոր խոսքը: Ինչևէ: Խոսեցինք, ներկայացրինք, պատասխանեցինք ներկա գտնվողների հարցերին:
Հետո արդեն վեբինարի մասնակիցներից և ֆեյսբուքյան արձագանքներից պարզ դարձավ,  որ մեզ հաջողվել է հետաքրքրություն առաջացնել գրականության  ծրագրի, կրթական բլոգավարության, «Դպիր» մանկավարժական հանդեսի նկատմամբ: Ցանկացողներին առաջարկեցինք միանալ Բլեյան ցանցին:
Հունիսի 27-ին՝  EdcampArmenia2020 համաժողովի փակման ժամանակ, հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Կյուրեղյանը ներկայացրեց կրթական հիմնադրամի նոր ծրագրերը:
Առցանց կրթական միջազգային համաժողովը, ըստ իս, մեկ անգամ ևս հաստատեց հետևյալը՝  կրթահամալիրը, ըստ էության, բովանդակությամբ ազգային, նորարարական գաղափարներով և մեթոդաբանությամբ եվրոպական կրթական համակարգին բնորոշ կրթական կառույց է:

 
Օգտագործված ռեսուրսներ

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский