Նոր ժամանակները ծնում են նոր համատեքստեր

Համաշխարհային ընդհանուր լարումի վերջին ամիսները, անցումը հեռավար ուսուցման, նաև մանկավարժական աշխատողների հեռավար պարբերական հանդիպումները կրթահամալիրի տնօրենի հետ ինձ հիմք տվեցին մտածելու, իմաստավորելու մանկավարժական գործունեությունը իմ և ոչ միայն իմ, այլև գործընկերներիս, որոնց լսում էի հանդիպումների ժամանակ մեծ հետաքրքրությամբ, գրի էի առնում, վերլուծում։ Շատ բան հասկացա, ինչի մասին էլ ուզում եմ պատմել։ «Աշխարհն այլևս այն չէ», «աշխարհը փոխվել է», «մենք ուրիշ ենք դարձել»… Ինչքան շատ ենք լսել սա վերջին ժամանակներում։ Այո, մենք ուրիշ ենք դարձել, և սա ոչ մեկին այնքան չի վերաբերում, որքան դպրոցի ուսուցչին։ Դպրոցում հեղափոխական իրադրությունը վերջապես լուծվեց. մենք՝ կրթության, ուսումնական գործի աշխատողներս, այլևս չենք ուզում և չենք կարող աշխատել հին ձևով։ Սա հասկացել են հանրակրթության գրեթե բոլոր ուսուցիչները։ Երկար ճանապարհ ենք անցել՝ սրան հասնելու համար, բայց գարնանային վերջին ամիսները արագացրին շատ գործընթացներ։
Ի՞նչ բերեց 2020-ի գարունը կրթական գործի մասնակիցներին։ Անկասկած՝ յուրաքանչյուրն ստացավ նոր պայմաններում աշխատելու անգնահատելի փորձ։ Շատ դասավանդողներ ամենակարճ ժամկետներում բարելավեցին հեռավար կրթության գործիքներին տիրապետելու իրենց մակարդակը։ Սովորողներն ամրապնդեցին ինքնակրթության և ինքնակազմակերպման հմտությունները, ծնողները հնարավորություն ստացան ավելի խորանալու կրթական գործընթացում։ Հարկավոր է հասկանալ, որ գլոբալ փոփոխությունների ժամանակը հասել է։ Դպրոցի դասավանդողի գործառույթը զգալի փոխվելու է։ Նրանք ավելի շատ կաշխատեն ճկուն հմտությունների զարգացման վրա՝ հմտորեն դրանք դնելով կոշտ գիտելիքի վրա, որոնք շատ ու շատ ոսուցիչներ ջանում էին փոխանցել սովորողներին։ Հիմա նրանք կձգտեն սովորել ու սովորեցնել օնլայն ու օֆլայն հարթակներում, հոգ կտանեն սոցիալականության համար, հաղորդակցական հմտությունների համար, կաշխատեն սովորողի արժեքների ու մոտիվացիայի մակարդակներում։
Յուրացվող գիտելիքի իրական ծավալը, որ հիմա տալիս են դպրոցում, ուսումնական գործընթացի նորմալ կազմակերպման դեպքում շատ ավելի քիչ ժամանակ է պահանջում, քան ծախսվում է հիմա։ Դա ցույց տվեց վերջին ժամանակներս կիրառվող հեռավար ուսուցումը։ Փաստորեն հնարավոր է համընդհանուր փոխել կառուցվածքը և ժամանակ ազատել ուսումնական տարածքում որակապես այլ համագործակցության համար։ Այդ ժամանակ տեղ կլինի զգացմունքների համար, քննարկումների, թիմային աշխատանքի, քննադատական մտածողության զարգացման համար, համատեղ ստեծագործության, գիտելիքը գործնականում կիրառելու համար, նախագծային աշխատանքի և այլ բաների համար։ Այ հենց սրա վրա էլ հարկավոր է ուշադրություն դարձնել փոփոխություններ մտցնելիս և ծրագրերը մշակելիս։
Տեղ կլինի անհատական պահանջմունքների ու հետաքրքրությունների իրականացման համար։
Ի՞նչ են մտածում այս մասին իրենք՝ սովորողները։
Եթե ընդհանրացնենք այն, ինչի մասին նրանք խոսում են այս առիթով, դուրս կգա հետևյալը. «Գիտելիքն ինքն իրենով այնքան էլ կարևոր չէ։ Շատ գիտելիք կա։ Ամբողջը չես սովորի։ Բայց այդ գիտելիքներով գործողություններ անել, հասկանալ, թե ինչի համար են մեզ այդ գիտելիքները պետք, ինչպես են պետք գալու կյանքում, կարևոր է»։
Հեռավար ուսուցման պարապմունքներից մեկը նվիրված էր ապագայի մասնագիտությունների թեմային, հաջողակ լինելուն ու արհեստական ինտելեկտին։ Ծայրահեղ հետաքրքիր էր լսել 9-րդ դասարանի սովորողների մտքերը սրանց շուրջ։ Պարզվում է՝ նրանք շատ էլ իրատեսական են գնահատում այսօրվա կրթական իրադրությունը և համարում են, որ այն միանշանակ փոփոխվելու անհրաժեշտություն ունի, ընդ որում՝ ամենատարբեր մակարդակներով. դա ժամանակի թելադրանքն է և այլ կերպ լինել չի կարող։ Սովորողներն ասում էին, որ մոտակա 10-15 տարին աշխատաշուկային սպասում է մի ցնցում, որին վերին աստիճանի կարևոր է, որ պատրաստ լինի այսօրվա սովորողը։ Թվայնացումը կարող է հանգեցնել հսկայական քանակի աշխատատեղերի վերացման, բայց կստեղծվեն նոր մասնագիտություններ՝ կապված արհեստական ինտելեկտի՝ ռոբոտների հետ։ Այսօրվա դպրոցականը գիտի, որ վաղը դուրս է գալու աշխատանքի մի նոր շուկա, դրա համար էլ հմտությունների զարգացման նոր մոտեցումների խնդիրը հրատապ է բոլոր կրթական համակարգերի համար։
Տեսադասի ժամանակ սովորողներն այս առիթով կրթության զարգացման հիմնական ուղղությունները տեսնում էին.

  • ամեն մեկի հետաքրքրությունների արտահայտման և տաղանդների առավելագույն զարգացման մեջ
  • այն հմտությունների, մասնավորապես ինքնակրթության զարգացման մեջ, որ անհրաժեշտ են արագ փոփոխվող աշխատաշուկային հաջող հարմարվելու համար.
  • ստեղծականության, թիմով աշխատելու մեջ.
  • ծրագրավորման հմտությունների զարգացման վրա կենտրոնացման աճի մեջ։

Այսպիսի զարգացման դեպքում սոցիալականացումն ու անհատական զարգացումը ընդհանուր պայման կլինեն, նոր նորմ բոլոր դպրոցների համար։ Իրական հմտություններն ու կարողությունները կդառնան կրթության կարևորագույն բաղկացուցիչներ։ Ակնհայտ է, որ ոչ բոլոր առարկաները կարող են ձևավորել այսքան համընդհանուր առարկայական գործունեություն, և հարց է ծագում՝ արդյո՞ք վերառարկայական գործունեությունը առարկայի մասն է, թե այն պետք է զուգահեռ ուսումնասիրվի։
Բավական է միայն աչքի անցկացնել մեր դպրոցական կայքն ու ենթակայքերը, հասկանալու համար՝ ինչպես է կյանքը եռում մեր կրթահամալիրում ամեն ժամ, յուրաքանչյուր դասին։ Եվ դրա ակտիվ մասնակիցը սովորողին հավասար առարկայական ուսուցիչն է։ Դա նրա գործն է, որ ինքը չի առանձնացնում իր առարկայի բովանդակությունից։ Եվ դա կարևոր է, դա սովորողները ընդգծում են որպես մեկը իրենց դպրոցական կյանքի ամենակարևոր ձեռքբերումներից։
Ամերիկացի փիլիսոփա Էլվին Թոֆլերը գրել է. «21-րդ դարում անգրագետ կհամարվեն ոչ թե նրանք, որ գրել ու կարդար չգիտեն, այլ նրանք, որ չգիտեն սովորել, հետ սովորել և նորովի սովորել»։
Դիպուկ է ասված. Բոլորս ամեն օր սովորում ենք։ Ես ոչ միայն սովորեցնում եմ, այլև սովորում եմ իմ սովորողներից ու իմ երիտասարդ գործընկերներից։ Եվ հենց սովորելու գործունեությունն արդեն փոխվել է թե՛ բովանդակությամբ, թե՛ ձևով։ Եվ նոր ձևերի փնտրտուքը մեր կյանքի, նոր ժամանակի բաղկացուցիչն է։ Նոր ժամանակը նոր համատեքստ է ծնում։ Այսօր ավելի լավ են սովորում նախագծային-խնդրային մոտեցմամբ։ Ուսուցման գործընթացի ժամանակ խնդիրները դիտարկվում և քննարկվում են՝ ելնելով նոր գիտելիքներից և եղած փորձից, որը ոչ մի դեպքում չի կարելի մի կողմ նետել. դա լավ հիմք է հետագա զարգացման համար։ Մեր սովորողների, դասավանդողների բլոգներում, դպրոցական կայքերում, «Դպիր» ամսագրում ներկայացված բազմապիսի նախագծերը վառ ապացույցն են, որ այդ մեթոդը առաջնահերթային է մեր հեղինակային մանկավարժության մեջ։ Չկա պատրաստի գիտելիք։ Հարկավոր է ջանք թափել, հետազոտել, ուսումնասիրել, գալ-հանգել դրան, «արդյունահանել»։ Հիմա հարկավոր է անընդհատ շարժվել ու մի նոր բան սովորել, լրացնել զինանոցը, հետ չմնալ։ Ուսուցման բնույթի մեջ փոփոխությունները կատարվում են համընդհանուր կրթական ուղղությունների համատեքստում, որոնց շարքում են.

  • կրթության անընդհատությունը՝ որպես նոր որակ
  • ուղղվածությունը դեպի ճանաչողական գործունեության ակտիվ միջոցներ
  • կրթական գործընթացի հարմարեցումը անհատի պահանջարկին ու պահանջմունքին
  • սովորողի ինքնաբացահայտման ու ինքնաիրացման հնարավորության ապահովումը։

Կրթության համատեքստի նոր առանձնահատկություններից են ինքնակրթության, ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունը, պատասխանատվության, սովորողի՝ կրթական գործունեության սեփական ոճը մշակելու ընդունակության և հաղորդակցական հմտությունների զարգացումը։ Ինքնազարգացման պարտադիր պայմանները ինքնուրույնությունը, պատասխանատվությունը, նախաձեռնողականությունն են, որոնք ողջ ծավալով արտահայտվեցին հեռ՝ավար ուսուցման ժամանակ։ Ինչ վերաբերում է ուսուցչին, ապա ժամանակակից ուսուցիչը ստեղծական փորձարարն է, և այստեղ նրա համար գործունեության լայն դաշտ է բացվում։ Ահա՝ ինչու այս ուստարվա ավարտին 2020-2021 ուստարվա գործունեության համար առաջարկվում են նոր ակումբներ, օրինակ՝ օտար լեզուների ակումբը, որոնցում ենթադրվում է մասնակցություն հետաքրքրվածությամբ այն մարդկանց, որոնք ուզում են շարունակել զարգանալ, իրենց գործունեության մեջ օգտագործել օտար լեզուն որպես ինքնազարգացման ու ինքնակրթության գործիք։

Դե ինչ, տարին խոստանում է հետաքրքիր լինել։ Ինչպես ասում է մեր տնօրեն Աշոտ Բլեյանը, կապրենք, կտեսնենք։

 

Թարգմանիչ: 
Բաժին: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский