Առկա-առցանց հիբրիդային դասարաններ. այլոց փորձի ուսումնասիրություն

Երբ սովորողներից մի քանիսը դասասենյակում են,
իսկ մյուսները դասին առցանց են հետևում,
ուսուցիչները եզակի մարտահրավերներ
և հնարավորություններ են ունենում:

Հեղինակ՝ Քրիստին Բոութմեն
Օգոստոսի 11, 2020,  Edutopia

Նախաբան թարգմանչի կողմից

Ես շատ էի մտածում համավարակի պայմաններում դպրոց հաճախելու՝ պարետի ուղեցույցի մասին, որն անխնա քննադատության ենթարկվեց: Մեր կրթահամալիրում քննարկման է դրված մեկ այլ ուղեցույց: Հիմնականում համաձայն եմ Գևորգ Հակոբյանի առաջարկած ուղեցույցի պահանջների հետ՝ հիգիենայի պահպանման, ախտահանիչ նյութերի օգտագործման, տրանսպորտից օգտվելու կանոնների և այլնի մասին: 
Բայց հարցեր են առաջանում ուսումնական պարապմունքների ձևերի վերաբերյալ, որոնք կապված են դասավանդողի աշխատաժամանակի, ծանրաբեռնվածության մեծացման հետ: Վերջին օրերին այս խնդրով այլոց փորձը նկարագրող հոդվածների փնտրտուքների արդյունքում, ի վերջո, կանգ առա առկա-առցանց հիբրիդային դասարանների փորձի վրա, որն իր անձնական փորձով նկարագրել է ԱՄՆ Օրեգոնի նահանգի Էստակադայի շրջանային դպրոցի ուսուցիչ Քրիստին Բոութմենը: Կարծում եմ, որ այս փորձը արժանի է ուշադրության:

Երբ դպրոցներն անցնում են աշխատանքի բնականոն ռեժիմի Քովիդ-19-ի ընթացքում, դասապրոցեսի «հիբրիդային մոդել» բառակապակցությունը ամենագործածականն է դառնում կրթական ասպարեզում: Օրեգոնի նահանգի Էստակադայի շրջանային դպրոցում, որտեղ ես դասավանդում եմ, մենք ձգտել ենք ավելի լավ հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի հիբրիդային մոդելը, և ինչպես կարող ենք այն օգտագործել, որպեսզի լավագույնս ծառայի մեր սովորողներին: Այս ամռանը մենք ամառային կրթական ծրագիր իրականացրինք՝ առաջին անգամ օգտագործելով ուսուցման հիբրիդային մոդելը:
Այս հիբրիդային մոդելով ամառային դպրոցի ընթացքում մենք մի քանի արժեքավոր բան սովորեցինք:

Հայեցակարգը
Հիբրիդային դասարանը ենթադրում է սովորողների մի քանիսի առկա մասնակցությունը ուսումնական պարապմունքին, իսկ մի քանիսն էլ հետևում են նույն դասին կենդանի Zoom տեսակապով: Առցանց սովորողները նույն հասանելիությունը ունեն ուսումնական պարապմունքին, ինչ առկա սովորողները:
Հիբրիդային դասարանն իր մեջ ներառում է մեծ վեբ տեսախցիկ և բարձր որակի բարձրախոսներ, որոնք թույլ են տալիս առցանց մասնակիցներին տեսնելու ամբողջ դասասենյակը, լսելու ուսուցչին և պատասխանելու ուսուցչի և դասընկերների հարցերին: Դասասենյակն ունի նաև մի մեծ սմարթ հեռուստացույց, որով առցանց մասնակիցները կարողանում են տեսնել և լսել միմյանց:
Բոլոր սովորողների առջև աշխատանքային քրոումբուք[1] է դրված թե′ տանը և թե′ առկա մասնակցության ընթացքում՝ գրառումներ, դասարանական աշխատանք կատարելու համար:

Առավելությունները
Այժմ, երբ առողջ մնալը բոլորի համար առաջնային է դարձել, հիբրիդային դասարանը թույլ է տալիս սովորողներին կապվել ուսուցչի և դասընկերների հետ՝ մնալով տանը՝ անվտանգ պայմաններում:
Ամառային դպրոցի ծրագիրն իրականացնելիս որոշ սովորողներ ի վիճակի չեղան հաճախելու առկա պարապմունքներին՝ իրենց կամ իրենց ընտանիքների անդամների առողջական խնդիրների պատճառով:
Հիբրիդային մոդելի շնորհիվ յուրաքանչյուր սովորող ի վիճակի է ուսուցչի նույն տեղեկատվությունը միևնույն ժամանակ ստանալու: Նույն հնարավորությունն է տրվում բոլոր սովորողներին՝ մասնակցելու դասարանական քննարկումներին, ուսումնական խաղերին և առցանց ուսումնական այլ գործունեություններին:
Երբ ես զրուցեցի մի սովորողի հետ հիբրիդային դասերին իր մասնակցության մասին, նա ասաց. -Զիլ է այդքան տեխնոլոգիա օգտագործելը դասարանում, և ինձ դուր է գալիս այն, որ կարողանում եմ զրուցել իմ լավագույն ընկերոջ հետ, նույնիսկ եթե նա առկայի փոխարեն Zoom-ով մասնակցությունն է ընտրել:

Սովորողի ներկրավվածությունը
Մաթեմատիկայի ուսուցիչ Մարիա Ուորենն ասում է. «Ամառային հիբրիդային դպրոցի ընթացքում ամենահետաքրքիր բացահայտումներից մեկն այն էր, որ Zoom-ով սովորողները ավելի ուշադիր էին ներգրավված դասին, քան առկա սովորողները:
Հիբրիդային դասարանում բոլոր սովորողները աշխատում են դասարանական նույն գործունեության վրա իրենց քրոումբուքերով: Առցանց մասնակիցները առկա մասնակիցների հետ միևնույն ժամանակ մասնակցում են դասարանական քննարկումներին, ուսումնական խաղերին:

Դասարանական համայնքի ձևավորումը
Յուրաքանչյուր դասարանի հիմքում անձնական փոխհարաբերություններն են: Մենք բոլորս էլ կարոտել ենք մեր սովորողներին այն ժամանակվանից ի վեր, ինչ համաճարակի պատճառով փակվեցին դպրոցները: Մենք ուզում ենք գրկել մեր սովորողներին, բայց դեռ համաճարակը շարունակվում է: Հիբրիդային դասարանի մոդելը մի փոքր դժվարություն կստեղծի ուսուցիչ-սովորող սերտ միջանձնային հարաբերություններ ստեղծելու գործում, այնուամենայնիվ, այդ մոդելը ավելի կջերմացնի սովորող-սովորող միջանձնային հարաբերությունները:
Հիբրիդային դասարանի համայնք ձևավորելու համար շատ կարևոր է սովորողներին միմյանց հետ շփվելու, զրուցելու առավելագույն հնարավորություններ տալ: Դա կարելի է անել՝ ներգրավելով նրանց թիմային գործունեությունների մեջ հենց ուսումնական տարվա սկզբին:

Խնդրահարույց թեմաներով քննադատական մտածողության զարգացումը
Սովորողների՝ հասակակիցների միջև գրավոր և բանավոր խոսքում քննախոսությանը նպաստելը զարգացնում է նրանց քննադատական մտածողությունը և նրանց հաղորդակցվելը ավելի արդյունավետ է դառնում: Հիբրիդային դասարաններում դասավանդողը հասնում է նշված նպատակին՝ դասարանական քննախոսական խմբեր ձևավորելով, որտեղ սովորողները միասին աշխատում են մի որևէ խնդրի լուծման վրա, քննարկում են դասավանդողի հանձնարարությունը, կամ էլ՝ մի որևէ գրական գործ:
Ինչպես արդեն ասվել է, քանի որ հիբրիդային դասարանում յուրաքանչյուր սովորող աշխատում է իր անձնական քրոումբուքով, դասավանդողը կարող է 3-5 հոգանոց փոքրիկ աշխատանքային խմբեր ձևավորել, որոնք բաղկացած են առկա և Zoom հեռավար սովորողներից: Աշխատանքի կազմակերպման այս ձևը սովորողներին հնարավորություն է տալիս պահպանել ջերմ հարաբերությունները հեռավար սովորող իրենց հասակակիցների հետ, ինչպես նաև՝ զարգացնել իրենց գրավոր և բանավոր հաղորդակցման և քննադատական մտածողության հմտությունները:

Նորարարության անհրաժեշտությունը
Համաճարակի հետ կապված, հիբրիդային ամառային դպրոցի տնօրեն Բեն Հարգրավն ասում է. «Դպրոցները փոխվել են, և դրանք դեռ երկար ժամանակ չեն վերադառնա իրենց սովորական բնականոն ռեժիմին: Մենք պետք է ընդունենք այս փոփոխությունը և դպրոցը սովորողների ուսումնառության համար դարձնենք լավագույն վայրը»:
Երբ մենք մտածում ենք, թե ինչպես ստեղծենք հնարավոր լավագույնը մեր սովորողների համար, հիբրիդային դասարանի մոդելը փորձարկող ուսուցիչները պետք է ռիսկի դիմեն, լուծեն առաջացող խնդիրները և փորձեն նորերը: Ուսուցիչները պետք է համբերատար և աճի ու զարգացման մտածելակերպով մոտենան այս գործին: Հիբրիդային դասարանը հիանալի հնարավորություն է ստեղծում ուսուցիչների նորարարական աշխատանքի և սովորողների ուսումնառության միջավայրի համար:

 

Աղբյուրը՝ Lessons from a summer of teaching in hybrid classrooms




[1] Նոութբուքի, նեթբուքի, պլանշետի ընդհանուր անունն է։

 

Թարգմանիչ: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский