Երեսունմեկ տարում մեզ հաջողվեց Հայաստանում այսպիսի մի բրենդ ստեղծել…

Աշոտ Բլեյանի օրագրից ծաղկաքաղ (հուլիս-օգոստոս)

Որ ասում եմ կրթական պարտեզը բնակելի արվարձան Բ-1-ում 2015-ից է գործում-ստեղծվում-ձևավորվում, շատերը չլսելու են տալիս, ինչ է թե, դրական է, հա, բայց Տարոն Մարգարյան քաղաքապետի հետ է կապվում։ Կապվում է։ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի գործուն մասնակցությամբ Երևանի քաղաքապետը 2015թ. հավանության արժանացրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մշակած «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» առաջարկ-նախագիծը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ կառուցապատման սխեման․․․ Իսկ օրեր անց Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի  փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսը տեղում օրհնեց կրթահամալիրի պատանիների պարտիզպան-բարեկարգողների աշխատանքային ջոկատների գործունեությունը․․․

Հուլիսի 29 
Մարգարիտ Սարգսյանի «Մեր միտքը մեր պարիսպն է» գրառումից հայացքիս մեխված մնաց Ազատաշեն գյուղի միջնակարգ դպրոցի շենքը՝ իր հսկայական անխնամ հողատարածքով․․․ Տեսա շենքի ներսում ուսուցիչների, մարզպետարանի, նախարարության ու հանրակրթական չափորոշիչներ ստեղծողների ներկայացուցիչներին՝ գրականության չափորոշիչ-ծրագիրը քննարկելիս․․․ քանի՛ ժամ ավելացնել Նարեկացուն, ժամանակակից ո՛ր հեղինակին հանել․․․  Բա հո պարտիզապուրակային գործից չէին խոսի․․․ ո՞վ, ինչպե՛ս, ինչի՛ց սկսի գյուղի-երկրի բարձիթողի հողի մշակումը․․․ Թե չէ, Միքայել Նալբանդյա՜ն, «Երկրագործությունը՝ ուղիղ ճանապար՜հ…. Ազգովի ինտելեկտուալ ու ամենախելացին ենք. ու վե՛րջ։
Մարիետ Սիմոնյանի ելույթը Հրապարակում ոչ միայն հաջողված է, այլև վստահելի-շրջահայաց ընկերոջ բացած ճանապարհ սեբաստացի ուսուցչի համար. ըստ պատրաստության, իհարկե, զբաղեցրեք հարթակներ, հրապարակներ, հանրային գործչի՝ կենտրոնում լինելու ձեր ժամանակն է։ Գործեք։

Հուլիսի 30
Այսպիսով կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան երեսուն տարեկան է, որը առիթ եղավ նաև, որ ներկայանա իր նոր բլոգով․․․ Ինչպես պայմանավորվել էինք, լաբորատորիայի այս բլոգում այս օրերին ներկայացնում են նաև ՀՀ հանրակրթության նոր չափոփոշիչների, առարկայական նոր չափորոշիչ-ծրագրերի մասին կրթահամալիրի մանկավարժական աշխատողների դիտարկումները, կներկայացվեն սովորողների, ծնողների հետ քննարկումները։ Սկսեք կարդալ։
ՀԽՍՀ (Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն) ժողկրթության մինիստրության կոլեգիայի 1989թ․, հուլիսի 14-ի որոշումն եմ հրապարակում, ուշադիր, ծնունդի մասին ենք խոսում, «ՀԽՍՀ հանրակրթական գիտաարտադրական համալիրի կազմակերպման և հ. 183 միջնակարգ դպրոցի կրթական հեղինակային հայեցակարգի մասին», որով մեր կրթահամալիրը, իր կենտրոնը, լաբորատորիան պատմություն ունեն…

Հուլիսի 31
Օգոստոսը կլինի սեպտեմբերի 1-ի, 2020-2021 ուստարվա սկզբի որպիսությունը որոշող վճռական գործողությունների ամիս։ Եկեք պայմանավորենք. նախ՝ սովորողներով-աշխատողներով ավարտում ենք Մայր դպրոցի շուրջ, շրջակա աշխարհի մեր հեղինակած նախագծով աշխատանքները՝ բաց ու պատկերացված… Շարունակեք 6-12-րդ դասարանցիների կամավորական պարտիզապուրակային փոքր խմբերով Առնո Բաբաջանյան փողոցից մինչև Սարալանջ ու Արևելյան դպրոց-պարտեզ ձգվող կանաչ, ազատ, պաշտպանված աշխարհի բարեկարգումն ու խնամքը։ Հետո՝ օգոստոսի կեսից, երբ կրթահամալիրի բանգլադեշով մեկ մեր խնամքին հանձնված համայնքային հողը՝ իր բակ պարտեզներով ու միջդպրոցական-թաղային անցումներով ակնհայտ այո կասի, մենք նոր կամավորական խմբերով, ծնողների գործուն մասնակցությամբ անցնենք մեր ուսումնական շենքերի ներքին միջավայրի խնամքին-կարգավորումներին, նորոգումներին…. որ սեբաստացի աշխարհը մեր ներսուդրսից հակաբացիլ միջավայր դարձնենք՝ հարմար-հարազատ, բնական-օդափոխվող, լույսի ու թթվածնի մեջ…
Մեր քայլքը՝ ոնց որ արձակուրդային արտասահմանյան շրջագայություն, ուրախ-թեթև, տպավորիչ, կրթահամալիրի Մայր դպրոցի, քաղաքապետարանի թ. 181 դպրոցի շուրջ, Արևելյան դպրոց-պարտեզով, նրա շուրջ, Կրթական կասկադի պտղատու այգով, քոլեջի շուրջ, ուսումնական հնձանով ու Վերնատանը տիտիկի հայացքով կրթական կասկադին, դեպի արևմուտք՝ պարզված մեր առաջ…
Ես ստուգում էի մեր մանկավարժության կենտրոնի ղեկավար-կրթահամալիրի փոխտնօրեն  Սուսան Մարկոսյանի կազմած հեղինակ-մանկավարժների գործունեությամբ առաջացած հուլիսյան օրացույցի համապատասխանությունը։ «Սասնալանջ կամ Մհերի դուռ» փառատոնը՝  իր բաց-ինքնավար տարատարիք խմբերով, լողափային պարտեզային խմբերով և ճամբարներով Փառատոնային պուրակում, Արևելյան դպրոցի և քոլեջի հարթակներում՝ մի-մի ինստալացիա… կանաչի մեջ, ջրի մեջ, ջրից դուրս, տկլոր-զվարթ խմբերով նկարում են, քանդակում են, ծեփում, կառուցում… Ամեն օր ավելացող 2-6 տարեկաններով, ընդունելությամբ ամառային նախակրթարան՝ իր կարգապահ դաստիարակով, երաժշտական-ջրային-ծիսական խաղերով… Ահա ձեզ տարիներով, հարյուրների ջանքերով իրական դարձած հեղափոխություն… Ինչո՞ւ չեք տանում-տարածում  բնակելի արվարձաններով մեկ… ա՛յ հայ ժողովուրդ, հանրակրթության ի՞նչ չափորոշիչներ եք ուզում ներմուծել, քան կյանքով բացահայտ ստեղծված՝ էնդեմիկ տեսակը, որ, ուրախացեք, Հայաստանի նորագույն շրջանի քիչ բրենդներից է… Ուսումնական հուլիս-օգոստոս… Մնացածը՝ օրացույցում սեբաստացիական…
2017-ի մայիսին էր, Գուգլ ջան, որ կրթության նախարար Լևոն  Մկրտչյանի առաջարկով նախարարության ընդարձակ սրահում սովորողով-ուսուցչով-ծնողով մանկավարժության կենտրոնի նախագծով տպավորիչ ներկայացրինք կրթահամալիրի հեղինակային մանկավարժության ձեռքբերումները… Սկսես՝ չես ավարտի, այնքան-այնպիսի ծավալ, որ շարունակ, մեկ է, կասկածում ես… դասական դարձած «յա, իրո՞ք»-ով… Լևոն Մկրտչյանի համարձակությունը-ժամանակը չհերիքեց, թե չէ իր ոգևորության մեջ անկեղծ գործիչը մի շարք վաղուց հասունացած խնդիրներ, որ ներկայացված մնում են-կան, ինչպես կրթահամալիրի հիմնադրամ դառնալը, Բլեյան բաց ցանցը, Արատեսի կառուցապատման նոր սխեմայի-հատակագծի հաստատումը…

Օգոստոսի 1
Այսօր գիշեր չքնեցի, քնեցի-արթնացա Մայր դպրոցի մեծ մարզադահլիճի՝ նոր կառուցվող թիթեղյա թեք տանիքի, Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանային մասնաշենքի հարթ տանիքների վիճակի համար անձրևի բերած անհանգստությունից, որ կարծես թրջեց ինձ․․․
Ի՞նչ կլիներ, եթե 1988-1989-ին մենք մնայինք Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի, Առնո Բաբաջանյան 25 հասցեի թիվ 183 միջնակարգ նորակառույց տիպային դպրոցի շենքով-հողով պարփակված, ես ու փորձարարական-հեղինակային մանկավարժություն մուտք գործած եռանդուն-համարձակ ընկերներս չդավանեինք անձի ազատ զարգացումը համալիր-միջավայրի պայմաններում, սկսած երկու տարեկանից․․․ Մեջ եմ բերում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման հիմնադիր փաստաթղթից՝ ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության կոլեգիայի՝ 14․07․99թ․ հ. 12 «ՀԽՍՀ հանրակրթական գիտաարտադրական համալիրի կազմակերպման և հ. 183 միջնակարգ դպրոցի կրթական հեղինակային հայեցակետի մասին» որոշումից․․․
Կոլեգիան նշում է նաև, որ Երևանի հ. 183 միջնակարգ փորձառական դպրոցի ներկայացրած հեղինակային հայեցակետը համարձակ, հրատապ ու հաջողված փորձ է ինքնուրույն ազգային դպրոցի միասնական կոնցեպցիայի ստեղծման ճանապարհին։ Լայն հասարակայնության հետաքրքրությունը կրթական հեղինակային հայեցակետով, դպրոցի մեծաթիվ ուսուցչության եռանդուն ու հետևողական աշխատանքը, կրթական նոր հայեցակետի առանձին տարրերի ներդրումը վկայում են դպրոցի հեղինակային հայեցակետի այժմեականության և կենսունակության օգտին։
Սրա հետոն, սրա հետևողական-շարքով շարունակությունը մեր 30 և ավելի տարիներ տևող, չավարտվող հողի-շինության համար կռիվն է՝ հանրային, հեղինակային կրթության կազմակերպումը, այս գաղափարի նյութականացումը՝ որպես նյութական համապատասխան միջավայր, մենք ասում ենք բաց-բացօթյա-հիգիենիկ-կանաչ-հետաքրքիր-զարգացող՝ ներսով-դրսով, շարունակական փոխազդեցություններով հախուռն կառուցվող բնակելի զանգվածում․․․  որ հիմա ներկայանում է հանրությանը այս տեսքով-քարտեզով՝ որպես ներկա-շոշափելի․․․ կրթական պարտեզ բնակելի արվարձանում։ Ի՞նչ կդառնային 1988-1994թթ կտրուկ դեմոգրաֆիկ փոփոխությունների արդյունքներում «Երևան նախագծի», «Հայպետնախագծի» արվեստանոցներում որպես տիպային նախադպրոցական հանրակրթական-սոցիալական նշանակության շինություններ նախագծված, Երևանշինի շտապ կառուցած շենքերը, եթե մենք, որպես գաղափար՝ հեղինակային մանկավարժություն ստեղծող հավաքանի, հետևողական չծառայեինք մեր մշակած ծրագրերին, նախագծերին ու կյանքին։ Երեսունհինգ տարի՝ մի մարդու կյանք, այդպիսի ծավալուն-անվերջ գործի գլուխ եմ կանգնել․ 1985թ․ նշանակվել եմ Երևանի Շահումյանի շրջանի թիվ 183 միջնակարգ դպրոցի տնօրեն, 1987-ին՝ ՀԽՍՀ ՄԳԳ ինստիտուտի Երևանի թ. 183 միջնակարգ փորձարարական դպրոցի, 1988-ին՝ ՀԽՍՀ լուսավորության մինիստրության ՄԳԳ ինստիտուտի «Դպրոց-մանկապարտեզ» քաղաքային փորձարարական հիմնարկի, 1989-ին՝ «Մխիթար Սեբաստացի» հանրակրթական գիտաարտաղրական փորձարարական համալիրի…

Ստուգեք բանգլադեշյան զարգացումների ձեր իմացությունը։

Մայր դպրոցը նախկին թիվ 183 դպրոցն է՝ մեկ հարկ ավելացված  ուսումնականի վերածված նկուղներով, մի հարկ էլ՝ ուսումնական դարձող տանիքները։ Նկուղներն ու տանիքներն ուսումնական են դառնում, դարձել նաև մյուս շենքերում։ Մայր դպրոցի 1,738 հեկտար հողը,  Արևմտյան դպրոց պարտեզի (նախկին թ. 119 մանկապարտեզ) 0,763 հեկտարը, Հարավի դպրոց-պարտեզի (նախկին  Երևանի գունավոր տպարանի գերատեսչական մանկապարտեզ) 0,693 հեկտարը, Արևելյան դպրոց-պարտեզի (նախկին՝ թ. 11 մանկապարտեզ) 0,7934 հեկտարը, Հյուսիսային դպրոց-Գեղարվեստի (նախկին թ. 295 մանկապարտեզ) հեկտարը, քոլեջի (նախկին թ. 309 մանկապարտեզ) 0.7 հեկտարը, գումարած՝ նախկին աղբանոց այսօրվա պտղատու այգին՝ մեր արևելյան կրթական կասկադը, թ. 183 դպրոցին կից Սարալանջը, 2020-2021-ին հիմնվող Նորք այգիները (3.417 հա),  Ուսումնական ագարակը (0.4544 հա)… Կրթական պարտեզ կոչվածն այս ամենն է՝ իր մեջ դպրոցական, թաղային, ներառական անցումներով, վերնանցումներով, շրջակա աշխարհով։ Մեջ եմ բերում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ Երևանի քաղաքապետին ուղղված առաջարկից՝ որպես կրթական պարտեզի համառոտագիր. «Նախագծով թաղամասի ուսումնական բոլոր հաստատությունները՝ դպրոցները, մանկապարտեզները, անկախ իրենց ենթակայությունից, հայտնվում են ամբողջական ներառական միասնական մի գոտում՝ մանկապարտեզների և դպրոցների տարածքներն ազատելով ցանկապատերից, բացելով և կառուցելով թաղամասի տարբեր մասերը իրար միացնող ճանապարհներ»:
Որ ընթերցողին շատ չթվա, հիշեցնեմ, որ մեր անշարժ գույքը՝ հողը, շենք-շինությունները պետական-համայնքային սեփականություն է, մեր համայնքը՝ մայրաքաղաք Երևանը։ Իսկ ինչը անշարժ գույք չէ, որպես շարժական, պիտույք, կրթահամալիր ոչ առևտրային (հանրային) կազմակերպության սեփականությունն է, ամբողջությամբ նպատակային օգտագործմամբ, խնամքով։ Համեցեք ամեն ուրբաթ՝ ժամը 10․00, ստուգեք միասնական ստուգատեսով, քայլքով։

Օգոստոսի 3
Հեծանվային ամենօրյա աշխատանքային շրջայցով կրթահամալիրով մեկ, սեպտեմբերին ընդառաջ, կրթահամալիրի դպրոցներում եմ, քոլեջում, ագարակում․․․
Օրեր առաջ, պատմել եմ, հետքերս Գուգլում են, Խանջյանից Մաշտոցի պողոտա եմ անցնում։ Փաստինֆո-ի հյուրն եմ, 15-20 րոպե ունեմ, Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ, Մաշտոցի պուրակում, որ 2014-ին անվանակոչեցին Միսաք Մանուշյանի անունով, տեղ եմ փնտրում նստելու. կարդալու բան ունեմ։ Տեղս չեմ գտնում. անտերանոց իսկական, ողջը՝ կեղտի մեջ կորած… ահա համաճարակի բունը։ Ու աչքիս երևաց մեր կռասավեց, կանաչ նկարչությամբ Սասնալանջից սկսվող՝ թթ 76, 93 մանկապարտեզների մեկուկես-երկու հեկտար փռված տարածքը… Ասենք՝ ինչու գլուխներդ ցավեցնեմ. եկեք միասին բարձրանանք մեր, մեր հեղինակային մանկավարժության մեծարգո պատվիրատու-գործընկեր, ձեր միջոցներով վերակառուցված գեղարվեստի հատվածի տանիքից դիտեք ձեր շուրջ ստեղծված աղբանոցը՝ չորս կողմից առած, անունը զաբոռ ասեմ, երկու մետր ու ավելի ճաղերի մեջ․․․ Կտեսնեք նաև քաղաքային հնչեղություն ունեցող 2,5 մետր բարձրությամբ բերդապարիսպի նոր ճաղերը՝ ոստիկանության կարդոնի միջոցով պարտադրված ամենախնամված-պաշտպանված կադաստրային լանջ-սահմանագծին։ Ձեր հայացքի առաջ՝ թիվ 93 մանկապարտեզի անկենդանության մեջ, ասֆալտից, բետոնից այն կողմ, կրակի պատրաստ հողակտորը՝ անտերությունից մեռնող  վերջին ծառերով-թփերով․․․ Սա էլ մեզ՝ սեբաստացներիս ու բնակիչներիս համար կառուցվող հումանիտար միջանցն է՝ կանաչի մեջ կորած Հյուսիսի դպրոց-պարտեզից ծաղկող սարալանջով մինչև փառատոնային, կանաչ թավիշով ծածկված Փառատոնային պուրակ։ Սրանցից ո՞րն է համառորեն պաշտպանում քաղաքապետը՝ իրեն ենթակա աշխատակազմով, ազգընտիր ավագանիով․․․ Ինչո՞ւ չէր կարելի թ. 76 մանկապարտեզի շենքի վերակառուցումից առաջ չմոռանալ, որ պետք է ոչ թե հակադրել, այլ գործել որպես, բախտի բերմամբ, թե պատահմամբ դարձած, բայց բոլորիս քաղաքապետը․․․ սկսել միասնական համայնքային տարածքի՝ 2015-ից ուժի մեջ՝ բնակելի արվարձանի կրթական պարտեզի բարեկարգումը․․․ Երեք մանկական հաստատությունների ներքին, ընդհանուր տարածքը ազատել բոլոր տեսակ բորդյուրներից, ճաղերից, մետաղե ու բետոնե մնացուկներից, ավելորդ, հողը տնքացնող ասֆալտից, անցկացնել արդիական միասնական ոռոգման ցանց, պարզ-հարմար անցուղիներ բոլոր տեսակի մարդկանց համար, լուսավորել տարածքը, կանաչ ցանկապատերով, ինչպես արված է, արվում է հարևանությամբ, անել էսթետիկ, թափանցիկ, ծաղկող պարտեզ՝ միասնական տարածքի եզրագծով, թողնելով հարմար մուտքեր մարդկային, ներառական՝ բոլոր տարիքի մարդկանց համար․․․ Գործ, ինչով մենք ենք զբաղված․․․ արդեն քանի՜ տարի ու հիմա․․․ Մեր օրերի քաղաքապետը չէր կարող մարդկանց հետ ու մարդկանց մեջ չլինել, հատկապես հիմա, ու եթե վարակվել՝ առաջինը, չվախենալով ու չվախեցնելով երևանցիներին,  կանաչ, պարտեզ ստեղծող-խնամող, զբոսնող-քայլող մարդկանց, տկլոր, ջրի մեջ ուրախացող երեխաների քաղաքի կարոտ․․․

Օգոստոսի 4
2007-ից, երբ կալանքից, քաղաքական-հասարակական գործունեությունից ես կրթահամալիրի հիմնադիր տնօրեն-տիարի կարգավիճակին վերադարձա, ընտրվեցի-պայման կապեցի սեբաստացի կրթական համայնքի հետ, ես խիստ-հետևողական եղա, որ կրթահամալիրի կրթական ծրագրում ընդգրկված լինեն միայն ազատ-գիտակից-տեղեկացված մարդիկ, երեխաները, նրանց ընտանիքները․․․ Այստեղից և «Մուտք կրթահամալիր» ճամբարները, սովորողի՝ հինգերորդ դասարանից ուսումնառության պայմանագրի կողմ լինելը․․․ Բլեյան կրթական ցանցը՝ որպես ուղի բանգլադեշյան շրջափակումը հաղթահարելու համար․․․
Մեր պատմության արխիվում 1994թ. Մանկական կրթական պարտեզ ստեղծելու մասին որոշումը, որպես իմ առաջարկ հրապարակված է, հրապարակված են նաև որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծին առնչվող. բոլոր փաստաթղթերը-նյութերը-սևագրերը, իմ մտածումները իմ գրում են, ստուգեք. ես աչք չեմ ունեցել բանգլադեշյան դպրոցների-մանկապարտեզների վրա՝ սկսած 1994-ից․․․ իսկ թիվ 183 դպրոցի ստեղծած-ծնած, 1988-ից 1994-ը ձևավորված «Մխիթար Սեբաստացի» փորձարարական հետազոտական միավորման պատմությունը հայտնի է․․․ Ինչ կլիներ ազատված շինությունների ճակատագիրը, եթե կրթահամալիրը իր ստեղծած մանկավարժությամբ դրանց տեր չկանգներ։ 2015-ին, երբ ես վճռական սեբաստացիների, իշխանությունների խնդիրը դարձրի մեր բնակելի արվարձանում կրթական պարտեզի ամբողջական ձևավորումը, որպես թաղամասի բնակիչների շահերից բխող լուծում, հնարավորություն՝ կարող էր լինել Բ-1 թաղամասում գործող Երևանի քաղաքապետարանի ենթակա թիվ 76, 93, 95 նախադպրոցական և թիվ 181 դպրոցական հաստատությունների միավորումը քաղաքապետարանին ենթակա հանրակրթական համալիրի տեսքով․․․ Ահա քաղաքապետին, ԿԳՄՍ նախարարին, վարչապետին, յուրաքանչյուրին հասանելի գրավոր, հրապարակված տեքստը․․․
Բլեյան կրթական ցանցով հեղինակային մանկավարժությունն ընտրած քաղաքացիների՝ սովորողների-ընտանիքների իրավահավասարության համար, մեր մանկավարժության բնականոն զարգացման համար ես հետևողական առաջարկել եմ լուծումներ։ Ահա․
Իսկ մարզերից եկող նախաձեռնությունների գործն եմ համարել հեղինակային դպրոցի համար նյութական միջավայրի ստեղծումը, հայթայթումը, տրամադրումը։ Ինչո՞ւ հիմա հիշեցի. երեկվա մեր սեբաստացի կրթական համայնքի հետ հերթական ամենշաբաթյա առցանց հանդիպման շարունակությունը որպես․․․ Կրթական պարտեզը բնակելի Բ-1 թաղամասում եթե չի բարելավում թաղամասի յուրաքանչյուր բնակչի, հաստատության, թաղամասին որևէ ձևով առնչվող պայմանները, ապա չի վնասում, չի խոչընդոտում․․․

Օգոստոսի 5 
Այս փաստաթուղթը՝ բաց նամակը՝ իր հավելվածով, որ մանկավարժության լաբորատորիայի ու կենտրոնի ղեկավարների հետ գրել ենք, մեր գործուն խղճի հանգստության համար է, խոստացել էի։ Իսկ չափորոշիչներն այս տեքստով-ձևով, այսպիսի բովանդակությամբ հանրակրթական համակարգի պարտադիր մաս են դարձել 2000-ից․․․ «Դպիրի» պատվերը կստիպի Գևորգ Հակոբյանին անդրադառնալ նրա հայտնությանը մեր կյանքում, անցած ճանապարհին։ Մեր մանկավարժության վրա, որպես հանրային, կենդանի գործունեություն, շատ ավելի էական են դասական դարձածների գրքերը, որոնց մի մասը սեբաստացի ուսուցիչների թարգմանությամբ «Դպիրում» հասանելի են յուրաքանչյուրին, որպես ուսումնական գրականություն… Իսկ հանրակրթական դպրոցի ուսուցիչը գործ ունի, կունենա սուրբ դարձած դասագրքերի հետ, որ ո՛չ չափորոշչի հետ կապ ունեն, ո՛չ էլ իր՝ այդպես էլ չազատագրված մտքի, ճաշակի… Ռազմավարություն է… Իմ նախարարության շրջանում՝ 1994-1996թթ ես ազդեցիկ էի համարում մեթոդական ուղեցույցները, որ գիրս չծանրաբեռնեմ, անդրադարձեք սրանց մեր գրադարանի այս հղումով․․․ «Դպիր» ամսագրի պատվերին սպասենք, որ Գևորգի երեկվա հարցախույզից երևում է օրերի հարցը․․․ Ափսոս, որ բացի մեր մանկավարժական էլեկտրոնային պարբերականից ու լաբորատորիայից, հեղինակային մանկավարժության հեղինակների բլոգներից, Հայաստանում էլ ուսումնասիրությունների պարբերական հարթակներ չեն մնացել… Թե կան, հղումներն ուղարկեք։
«Սասնալանջ, թե Մհերի դուռ» փառատոնի զարգացում-ծավալումը շոշափելի դարձավ գեղարվեստի համակարգող Քնարիկ Ներսիսյանի կազմակերպած ամենօրյա ուղիղ միացումներով փառատոնային հարթակներից․․․ Իմ ականջներում Մայր դպրոցի՝ մեղվի փեթակ հիշեցնող բզզոցով փառատոնային հարթակում՝ քանդակագործական Փառատոնային պուրակում, Վիգեն Ավետիսի ու Կարինե Մացակյանի էսքիզային առաջարկներն են՝ Սասնալանջ դարձող Սարալանջում քանդակ-նստարանների, նոր քանդակների տեղադրման․․․ Իսկ օրվա վերջում ինձ այցելած ընկերների՝ Վահրամ Գալստյանի ու Արմինե Ավետիսյանի հետ հանդիպումը, չի մոռացվում․․․

Օգոստոսի 7
Թվում էր՝ այս համաճարակը մի քիչ ավելի երկրագործ, պարտիզպան պիտի դարձնի բոլորիս, որպես բնական հակաբացիլ։ Մի՛ փակվիր չորս պատի, խուլ պարսպի մեջ, վտանգավոր է, վերցրո՛ւ բահ, փոցխ, գերանդի ու սայլ, դո՛ւրս արի, քո շուրջը՝ շենքի, տան, թե շրջակա միջավայրի, մաքրիր վերջապես, ազատիր շուրջդ զիբիլից, էսթետիկա, տարրական հիգիենա հաստատիր շուրջդ, մաքրիր, ցանիր ու տնկիր։ Բայց նայեք ձեր շուրջը, քայլեք, ակնհայտ է, որ այդպես չէ․․․ Ինչո՞ւ։ Վերլուծաբան-հրապարակախոս Արա Գալոյանի՝ գյուղատնտեսությունը, գյուղմթերքին վերաբերող այս անդրադարձն էլ կարդացի տխրությամբ․․․ Ենթադրում էի․․․ Այսպիսով, այսպիսի բնական պարտադրանքն էլ մեզ սանիտար-հողագործ չի դարձնում․․․
Երկուշաբթի որ կգաք Բանգլադեշ, անցեք Բ-1 թաղամասի կրթական պարտեզով, նրա հյուսիս-հարավ ճառագայթով, Սարդ-մարդու մի մեծագործություն տեսեք անպայման։ Վերակառուցվող թիվ 76 մանկապարտեզի բարձր-տգեղ-ինքնաշեն ճաղերով պարփակված հողամասը ծածկած աղբանոցը այլևս չկա, չեք տեսնի։ Սակայն շինաղբի հետ հզոր տեխնիկան քերել-տարել է նաև հողամասի բուսական հողը․․․ Ոչ ոք մեղավոր չէ, ու մենք ականատես-մասնակից ենք դառնում սովորական դարձած բարբարոսության։ Հասարակական նշանակության հողը կազմակերպությունը (տվյալ դեպքում՝ քաղաքային ՀՈԱԿ նախադպրոցական հաստատությունը) առնում է, իբր նորմերով պարտադրված, ճաղերի մեջ, տարիներ շարունակ կյանքից մեկուսացված հողն անապատացվում է, թողնվում ասֆալտի տակ։ Հիմա, երբ վերջապես պետական կամ համայնքային միջոցներով շենքը վերակառուցվում է, այդ ընթացքում ողջ շինաղբով խառնված բուսական հողը դատապարտում են ոչնչացման։ Քաղաքապետի հաստատած գրաֆիկ է. շենք-շինությունն այս տարի են նորոգում, առաջանցիկ, որ վիրուսը փակ տարածքում, ոսկեզօծ պատերի ու աչք ծակող տանիքի ներքո ապրի-բոբոյություն անի, կգա հաջորդ տարին, ինչ արած, օրինական մրցույթով հողամասի կառուցապատման նախահաշիվ-նախագիծ կհաստատեն, նոր ճաղեր ու ոռոգման ցանց կանեն։ Այսպիսի գրաֆիկի ճակատագրի է սպասում իր անձնակազմով նաև մեր մյուս հարևանը՝ թիվ 93 քաղաքային ՀՈԱԿ-ը, իր աշխատակազմով, տանը մնացած երեխաներով, պատշգամբներից իրադարձություններին հետևող կամ ոստիկանների հետ կրթական պարտեզը ստեղծողների վրա բռնացող ծնողներով։ Մեր այսքա՛ն հետևողական, սրտացավ առաջարկը, թվում է՝ միակ մարդկայինն է, հակաբացիլը, նախ՝ միասնական երեք մանկական հաստատությունների (թիվ 76, 93 քաղաքային ՀՈԱԿ-ների, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի Հյուսիսային դպրոց-պարտեզի) 2 հեկտարանոց համայնքային սեփականության հողը բարեկարգել, ազատել ներքին զաբոռներից, ստեղծել կրթական պարտեզ-մանկական բացօթյա աշխարհ՝ միասնական  ոռոգման, լուսավորման ցանցով ու բնակիչներին հարմար մուտքերով-անցումներով, հետո կամ զուգահեռ անել արտաքին, զուտ անվտանգության համար, փողոցից կտրող կանաչ-էսթետիկ անջատումներ, հետո անցնել շենքերին, որպես հակաբացիլ, ազատ օդափոխվող, դեպի պարտեզ բացվող։
Ինչո՞ւ համավարակը մեզ բնական ինքնապաշտպանության չի մղում, կազմակերպում։ Այսքանից հետո «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի և «Բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնության հեղինակներով դեռ պիտի ուրախանաք մեզ թողնված հումանիտար միջանցքով…

Օգոստոսի 10
Երեկ աշխատանքային խմբով, Սուսան Մարկոսյանի նախաձեռնությամբ, մեր նորոգված «Հարթակ» ակումբի բացումն արեցինք՝ բաց-բացօթյա-լուսավոր. փոքր աշխատանքային խմբով պայմանավորվեցին փառատոնի ոչ միայն սեպտեմբերի 4-ի՝ երևանյան հարթակի ամփոփման, ստեղծված աշխատանքների ու մասնակիցների ֆիզիկական ու մեդիա հարթակներում ներկայացնելու մասին, այլև սեպտեմբերի 1-ին ընդառաջ կրթահամալիրով-բանգլադեշով «արտ միջավայր» նախագծի նոր ստարտափների, Վայոց ձորում՝ կրթահամալիրի Արատեսում, սեպտեմբերի 5-ին փառատոնային մեկնարկի մասին… 
2018-ի մայիսին իշխանությամբ տրված անհոգության-սպասումի, տեսնենք-ի, թողնենք-կանենք-ի ժամանակը, որ համավարակով երկարեց, անտանելի է դառնում… Այս անշարժության-անորոշության ելքն էլ, լուծումն էլ ստեղծական աշխատանքի, նախաձեռնությունների ստարտափներն են… Երբ դու քո սրինգը քո ձեռքն ես առնում:

Օգոստոսի 12 
Կրթահամալիրի փոխտնօրենների՝ կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի ղեկավարներ Գևորգ Հակոբյանի, Սուսան Մարկոսյանի հայտարարությունը ես ընդունում եմ, միանում եմ՝ որպես կրթահամալիրի տնօրեն։ Չելենջի* նման մի բան է ստացվում, որով հաստատում ենք յուրաքանչյուրս, ու միասնական՝ որպես սեբաստացի հավաքանի, արձանագրում, որ կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրամի վերակազմակերպելու մեր որոշումը իրավական է, և մենք մեր ընտրության իրավունքը ունակ ենք պաշտպանելու։ Սա աշխատանք է մեզ միավորող, ավելի կարող դարձնող՝ հանուն Հայաստանի Հանրապետության։
Կրթահամալիրի տնօրենի իմ պարտականությունները ես ստացել եմ Սեբաստացի կրթական համայնքից 2017թ ապրիլի 4-ին, բաց ընտրությամբ։ Կրթահամալիրի իրավական-կազմակերպական ձևի փոփոխության՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամի անցնելու պայմաններում դրանք կրկին ստանձնելու պատրաստակամության մասին ես հայտնել եմ ձեզ՝ կրթահամալիրի կառավարման խորհրդին, մանկավարժական աշխատողների ժողովին, սեբաստացի բաց կրթական համայնքին ուղղված իմ դիմումով։ Սեպտեմբերի 1-ին, սեպտեմբերի 4-ին, սեպտեմբերի 15-ին ընդառաջ՝ ես իմ պարտականությունները շարունակում եմ կատարել բարեխիղճ հետևողականությամբ, արտակարգ իրավիճակով թելադրված իմ ողջ կարողությամբ։ Ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման, նրանում մշակվող, իրականացվող, բաց-տարածվող հեղինակային մանկավարժության հիմնադիր տնօրենի՝ տիար տնօրենի իմ պոստում եմ։ Առույգ, գործուն, առողջ, զվարթ։ Շնորհակալ եմ վստահության համար։

Օգոստոսի 13
Լավագույն տարին է 2020-2021 ուսումնականը:
Մաեստրո Տիգրան Մանսուրյանի այս տեսաուղերձին ինչ ավելացնես և ինչո՞ւ. տեսաուղերձ է յուրաքանչյուրիս…
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։
Զուլում տարի՝ ինքնորոշված մեր գործով-կյանքով-անելիքով, ստեղծումով իրար աջակցելու-գտնելու շրջան… Այսպիսի տարի ապրեք ու նվիրեք ինձ իմ 65-ամյակին… Ես այնքա՛ն լուրջ եմ ընդունում իմ տարիքը, որ արժանի եմ համարում ինձ հենց այդպիսի նվերի…

Օգոստոսի 14
Հիմա աջ ու ձախ, կրթահամալիրով մեկ աշխատանքային ջոկատներ են․ որքան էլ ոչ միայն ողջ ամառ, այլև մարտ ամսվա արտակարգ շրջանից սկսած անընդհատ են եղել մեր ներքին ու արտաքին նյութական միջավայրի բարելավման-բարեկարգման-առողջապահական աշխատանքները․․․ Սեպտեմբեր 1-ին, 4-ին, 15-ին ընդառաջ՝ կրթահամալիրի բոլոր օղակներում 2020-2021 ուստարվա անվտանգ-անընդհատ պատրաստության գործը չի կանգնի․․․ Տիարի հաստատակամություն է, երաշխիք։
Հայտնի ֆիզիոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանի հետ սկսել ենք հեռանկարային գործ, որով կգրանցվեն յուրաքանչյուր սեբաստացի սանի, սովորողի, աշխատողի ֆիզիկական առողջության ցուցանիշները, կմշակվեն ու կիրականացվեն թերապևտիկ ֆիզիկական միջավայրի ստեղծման, անհատի ֆիզիոթերապիայի պլաններ․․․ Ասել է, թե հեղինակային մանկավարժությամբ առաջնահերթություն ենք դիտում յուրաքանչյուրիս դիմադրողականության բարձրացումը, որի աճը հավաստի գրանցում ենք՝ որպես յուրաքանչյուրիս կողմից ձեռքբերվող ցուցանիշ․․․

Մեր լուծումները հանրապետության համար էլ կարող են օգտակար լինել
«Մերժելին, տխուրը և վշտացնողն այն է, որ փոփոխությունների նախարարը, որը 2018-ի ընդվզումով է եկել, այն կրթահամալիրի «հեղինակին», որը նոր Հայաստանի խորհրդանիշն է, հանկարծ ասում է՝ այ դու 65 տարեկան ես դառնում․․․
«Մենք մեր բոլոր լուծումներում միշտ եղել ենք իրավական դաշտում։ Արդեն մեկ տարուց ավելի է՝ այդ հարցն օրակարգում է։ Որևէ օրենք, նախարար, փոփոխություն չի կարող ինձնից օտարել պատասխանատվությունը կրթահամալիրի նկատմամբ։ Իմ գործատուն միշտ եղել է համայնքի կառավարման խորհուրդը, ոչ մի նախարար չի եղել իմ գործատուն։ Լուծումը ժամանակին գտնվել է, որոշվել է օրինական ձևով օգտվել իրավակազմակերպման իրավունքից, խնդիրը կառավարությանն է, որը, չգիտես ինչու, բազմազբաղ է։ Հարգելի նախարարը՝ որպես լիազոր պետական մարմին, կարող էր արագացնել այդ պրոցեսը․․․ Մենք հանդիպել ենք նախարարի հետ, դա երկխոսության քայլ չէր, նախարարը չի մասնակցել մեր բաց առցանց քննարկումներին, չնայած որ ուներ այդ հնարավորությունը»:

Օգոստոսի 18
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նաև հայտնի է «Բլեյանի դպրոց» անունով։ Կրթական կառույցը հիմնադրած ու կյանքի 31 տարին նույն դպրոցում անցկացրած Աշոտ Բելյանը դեմ է նախարարության առաջարկին։ Այդ է պատճառը, որ դիմել են Կառավարությանը «Մխիթար Սեբաստացի» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրամի վերակազմավորելու առաջարկով։ Կրթահամալիրում կարծում են՝ դա է հարցի լուծումը, իրենք այդպես իրացնում են իրենց իրավունքը։ Կրթահամալիրը ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերափոխելու պարագայում Աշոտ Բլեյանը կարող է 65 տարին լրանալուց հետո էլ շարունակել ղեկավարել կառույցը։

Օգոստոսի 19
Այսօր բոլորիս ուշադրության կենտրոնում մեր սեբաստացի երկրագործության տոնն է Արատեսում, ուղիղ եթերում հետևենք մեր օրացույցով ուսումնական, հեղինակային մանկավարժության մեղրաքամի ծեսին, մեր ստեղծած մեղվաբույծի տնտեսության առաջին բերքի՝ իսկական մեղրի անուշին-գովքին․․․ Մեղվաբույծի-մեղրապահի տան-լաբորատորիայի նորամուտն է այսօր Արատեսի դպրական կենտրոն մեր դպրոցում բնության գրկի․․․
Աչքերս լույս․․․ Սկզբում գինին էր, հետո՝ նաև խաղողը, հիմա՝ մեղրը…          

Օգոստոսի 27
Սեպտեմբերի 4-ը տոնական է իր կրթական շքերթով։ Այս արտակարգ 2020-ին շքերթի առանցքում «Սասնալանջ կամ Մհերի դուռ» փառատոնի ընթացքի ներկայացումն է՝ Սասնա ծուռ հերոսների քանդակների նորամուտով Սասնալանջին, փառատոնի աշնանային նախագծերով։ Դրան զուգահեռ տոնական պլեներ է բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին… մարզական ստուգատես՝ հեծանվաերթով, երաժշտական-պարային բացօթյա ստուգատես, փոքր, կարգապահ խմբերով, անցումներով կրթահամալիրի ֆիզիկական բաց միջավայրով՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք։
Արատեսի բնության գրկի դպրոցում ուսումնական-նախագծային ճամբարները շարունակում են, փոխարինելով իրար՝ ինչպես ողջ ամառը, Արատեսը դարձնելով հարմար հարթակ հայրենաճանաչումի, քայլքի, վերելքի… Իսկ սեպտեմբերի 5-ից Արատեսում քանդակագործության անընդհատ փառատոնի «Արատես՝ կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես» փուլն է։

Օգոստոսի 28
Լավ է, որ սեպտեմբերի 1-ը հեռավար-առցանց, ընտանեկան դպրոցի և կրթահամալիրային ուսուցման համակցությամբ, հարգանքով-վստահությամբ-գործընկերությամբ սեբաստացի կրթական համայնքով՝ բոլոր կարգի սովորողներով ու մեծերով, սկսում ենք միասին մեր 2020-2021 ուստարին՝ իր օրացույցով, իր արտակարգ սեպտեմբերյան էջով։
Լավ է, որ սրա համար ստեղծված կարգավորումները՝ Սուրհանդակ, Ուղեցույց, Հայտարարություն անուններով, առաջացած մեր կրթական համայնքի որոշումից-փորձից-կարողությունից, այսօր՝ ժամը 19։00, սեբաստացի կրթական համայնքի խմբային- ցանցային քննարկումով մեզ միավորում են, շարունակական կապի մեջ պահում։ Կրկնակի արտակարգ ճանաչված այս շրջանը, Տիարի ծննդյան օրվա առիթով բացահայտված, մեզանից համապատասխան արձագանք է պահանջում։
Լավ է, որ սրա գիտակցումը կա, սրա համար անհրաժեշտ որակները մենք մեր համատեղ կյանքով ենք ստեղծել՝ սովորող, ուսուցիչ, ընտանիք, շրջանավարտ, բարեկամ։
Ես ձեզ հետ եմ։ Մեր որոշումներն են, միասին ենք կայացնում՝ որպես գործուն սեբաստացի կրթական համայնք, որ իր ջանքերով, միջոցներով, նաև՝ դրամական, որպես ներդրում իր ներկայի ու ապագայի մեջ ստեղծել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր փորձարարական հետազոտական միավորումը՝ բոլոր տարիքի երեխաների համար, մանկավարժությամբ հետաքրքրված յուրաքանչյուրի համար։ Սեբաստացի կրթական համայնքն այսպիսով իր ինքնավարության, ինքնուրույնության, կարողության, համերաշխության, համաձայնության նոր մակարդակ է արձանագրում, ու սրա սեպտեմբերն իր մեկով, որպես մեկնարկ, ուռա՜, տրված է։
Բարի ընթացք, ուսումնական տարի։

Ճանաչեք ձեր կրթահամալիրը

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский