Ընտանեկան դպրոցների նախագիծը՝ փախուստ կալանքից

Հեղինակ: 

Մեզնից շատերը «կալանավորվել են», հեռացել են իրարից, փակվել են բոժոժի մեջ ու սպասում են այն պահին, որ նորից սկսեն այն, ինչ մնացել է չսկսված, մնացել է չավարտված, մնացել է մտքերի մեջ... Շատերը սպասում են, որ կորոնավիրուսը կնահանջի՝ մի քայլ, երկու… կհանձնվի, կհեռանա։

Իրականում իրենց ժամին սպասում են միայն նրանք, որոնց համար այդ ժամը երբեք չի գալու։ Սպասում են միայն նրանք, ում գաղափարներն իրենց սպառել են, սպառել են, ինչպես այս կորոնավիրուսը։ Այսօր մենք այն ենք, ինչից չենք վախենում։ Մեր երևակայությունը, ուրվագծերը գլխում…. Մենք դա ենք՝ մեր բոլոր վախերով, հաղթանակներով, պարտություններով, անկումներով, թռիչքներով…. Փակվելու առաջին մի քանի օրը մենք չենք հասկանում, որ կյանքը շարունակվում է։ Այո, փոքր-ինչ այլ կերպ մեր սպասածից։ Չէ՞ որ կյանքն այլ բան չէ, քան թռիչքի ու անկման շարան, սև ու սպիտակ շերտերի հաջորդականություն։

 «Այսօր ամեն ինչ այնպես չէ, ինչպես պիտի լիներ»,- մտածում ենք, Բայց չէ՞ որ ամեն օրը փոխում է հաշիվները, փոխում է գիտակցությունը, տրամադրությունը, փոխում է մեզ։ Գուցե լավն էլ դա է, որ փակված ենք։ Չէ՞ որ մեր թուլություններն ու ուժեղ կողմերն ավելի տեսանելի են դառնում արտակարգ պայմաններում։ Իսկ ինչո՞վ այսօրվա պայմանները երկրում ու ամբողջ աշխարհում արտակարգ չեն ու լավը չեն նրա համար, որ երևան մեր թռիչքը, մեր ծաղկումը, մեր ձգտումներն ու մղումները։

Այսօր մնալով տանը՝ ընտանիքի հետ, մեզ սիրող հարազատ մարդկանց հետ, պատճառ չունենք չզարգանալու, չստեղծագործելու, չընդունելու այն, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում։ Եվ ընտանեկան դպրոցը դրա վառ օրինակն է։

Ո՞վ կմտածեր, որ 8-րդ դասարանի սովորող Էլեն Գյուլումյանը, որ ֆիզիկական միջավայրում քո դասին ամաչում էր պատասխանել հարցերիդ, խոհանոցում պիտի եփի-թափի ու մեկնաբանի տեղի ունեցողը ռուսերեն միայն իրեն հատուկ առանձին հմայքով, աչքերում փայլով, կամ էլ բեմադրի Թումանյանի «Շունն ու կատուն» ու իր դերը խաղա էնքան ակտիվ ու կենսախինդ, որ տեսնողի հոգին  լցվի։ Հետո՞ ինչ, որ այս ամենը հեռավար է։ Սա իրական կյանքն է՝ իր բոլոր գույներով, համերով ու տրամադրություններով։ Վախը հաղթահարած մարդը կհաղթահարի ամեն ինչ։

Հեռավար ուսուցումը առաջին հայացքից չափազանց ճգնաժամային պայմաններում տվեց այն հողը, որը դարձավ ցանքսի համար պիտանի։ Ուսուցման նախագծային մեթոդը, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն քանի տարի է՝ գործարկվում է, ձուլվեց այդ հողին, ինչպես Տոլստոյի հին ու ուժեղ կաղնին՝ տալով ծավալուն ու ամուր արմատներ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր դասավանդողները հեռավար ուսուցման ժամանակահատվածում աշխատեցին ուսուցման նախագծային մեթոդով։

Նպատակահարմար է նշել, որ ուսուցման նախագծային մեթոդը հեռավար կրթության ընթաթցքում տարբերվում է նրանից, որ մինչև հիմա մեզնից շատերը կատարում էին։ Նախագծային մեթոդը կրթահամալիրի համար աշխարհի չափ հին է, բայց ամեն փուլին փոփոխություններ են պետք, յուրահատուկ շտկումներ են պետք։ Դպրոցական նախագծերը նույնպես բացառություն չեն, Ուրեմն՝ ի՞նչ, ի՞նչ տեսակի համեմունք է պետք ավելացնել այդ խոհարարական արտադրանքին, որ սովորողներն ընդունեն այն ըստ արժանվույն։

Այդ համեմունքը ընտանիքը դարձավ, մի ինստիտուտ, որ նույնպես աշխարհի չափ հին է։ Ընտանիքն իր ջերմ, բարեկամական անբռնազբոս զրույցներով, խոհարարական փորձերով, թատերական ներկայացումներով, ինչպես մանկության օրերին, երբ հավաքվում էիք ընտանեկան շրջանակում, բեմ էիք պատրաստում տուփերից ու բարձրանալով դրա վրա՝ երևակայում էիք ձեզ ինչ-որ շատ լուրջ ստեղծագործության  գլխավոր դերում։ Եվ երջանիկ էիք, ձեզ լիարժեք էիք զգում։ Ընտանեկան դպրոցի նախագծերն ուղղակի իրավունք չունեին այդպիսին չլինելու, իրենց մեջ չունենալու այն ամենը, ինչ այնպես գնահատվում է ընտանիքում։ Հեռավար ուսուցումը թոթափեց իր սառնությունը, որ բխում էր «հեռավար» բառից, և դարձավ «ընտանեկան դպրոց»։ Ընտանեկան դպրոցը հրաշալի նախագծեր ստեղծեց, որոնց նպատակն ու ուղղվածությունը վերածնելն էր այն ամբողջ ներուժը, այն ամբողջ հարստությունը, որը պահում էր իր մեջ ընտանիքը, մինչ այն պահը, երբ ԶԼՄ-ները, համացանցային տարածքը, սոցցանցերը իրենց գործն արեցին՝ մեզնից յուրաքանչյուրին բանտարկեցին անտեսանելի ցանցում, ցանցային սարդոստայնում՝ դրանով իսկ հեռացնելով մեզ իրարից։

Կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանը «Պետք է նոր հանրակրթություն, ցանցային անպայման»  հոդվածում արձանագրում է փաստը, որ ընտանեկան նախագծերը միանգամայն այլ մակարդակ են կրթական գործընթացում, որովհետև ամեն ընտանիք կոնկրետ է՝ իր քանակով, կազմությամբ, գործով։ Կրթահամալիրի կայքը լեցուն է ընտանեկան նախագծերով։ Դրանցից են «Մի լուսանկարի պատմություն»-ը, որտեղ պապը պատմում է, թե ով է այս լուսանկարում պատկերված, ինչ կապեր կան՝ իր մայրն է, եղբայրները, քույրերը… Եվ սովորողը, որ ձայնագրում է այս ամենը կամ տեսագրում, ստեղծում է մի ընտանիքի պատմությունը։ Ընտանեկան նախագծերը դառնում են միջառարկայական, դառնում են պատմություն,  կյանք, ոչ թե սոցիալական սարդոստայն, այլ ամուր, ընտանեկան թել, որ կապում է անցյալը ներկային (Անժելա Դադոյան, Անի Բաղդասարյան

Ընտանեկան նախագծերի մեջ նշանակալից էր «Մեր գրադարանների աուդիտը», որի ընթացքում սովորողները ոչ միայն ծանոթացան իրենց, իրենց տատիկի գրադարաններին, այլև ձեռք բերեցին ամենատարածված գիտելիքը գրերի ստեղծման պատմության, այն մարդկանց մասնագիտության մասին, որոնք աշխատում են գրադարաններում։ Սովորողները հարստացրին իրենց բառապաշարը իրենց մայրերի, տատիկների, հարազատների ու մտերիմների հետ հարցազրույց վարելով։ Այս նախագիծը նրանց համար, ովքեր ապրում են նույն տանը, նույն ընտանիքում, դարձավ թատերական վարագույրի բացում։ Շատերը հաշվեցին՝ ինչքան գիրք ունեն իրենց գրադարանում, ով, երբ և ինչու է գնել առաջին գիրքը, ով ինչ գիրք է նվիրել։ Կրթահամալիրի սովորողներից շատերը վերջապես իմացել են իրենց տատիկների, պապիկների, հայրերի ու մայրերի ընթերցողական նախասիրությունը, խորհուրդ են հարցրել՝ ինչ կարդան և ինչու։ Այս նախագծի հիմնական նպատակը սովորողների ընթերցողական ձգտումը զարգացնելն էր, որ գտնեն գրադարանում այն գիրքը, որը գրքերի ուսումնասիրման ոչ հեշտ ճանապարհին հաշվարկի սկիզբը դառնա։

Ամեն ինչից զատ աչս նախագիծը կամուրջ դարձավ անցյալի ու ներկայի մեջ, տատիկների, մայրերի ու հայրերի սերնդի և այսօրվա երիտասարդ սերնդի մեջ։  Ներկայացնեմ Կրթահամալիրի սովորողների՝ այս նախագծով արած աշխատանքներից՝ Միլենա Դնիելյան, Արսեն Մելքումյան, Ասյա Բանդուրյան, Մերի Երեմյան և այլք։

«Հռոմեական արձակուրդ» դպրոցական նախագիծը դարձավ երկրագիտական, որոնողական։ Երեխաները սուզվեցին  հավերժի քաղաք Հռոմի կյանքի ու աշխարհի մեջ, մտովի դուրս եկան տնային կալանքից։ Հաշվի առնենք, որ երբ սեբաստացիներն աշխատում էին նախագծի վրա, Հռոմն ու ամբողջ Իտալիան, ըստ էության, ապրում էին վատ ժամանակներ՝ կորոնավիրուսի համավարակը իր ամուր ճանկերով կառչել էր հենց Հռոմից ու Իտալիայից։ Սովորողները իրենց նախագծային ուսումնասիրությունները վարում էին մի քանի ուղղությամբ՝ պատմություն, մշակույթ, կինեմատոգրաֆիա, տուրիզմ, կրոն և Զատիկ։ Սովորողներն ուսումնասիրում էին Հռոմը փողոց առ փողոց ու բոլոր ծակուծուկերը ոչ միայն օգտվելով քարտեզներից ու զբոսաշրջային երթուղիներից, այլև ընտանիքում , ընկերների հետ սիրելի ֆիլմերի դիտումից։ Այո, հեռավար էր, բայց դա ոչ ոքի համար արգելք չդարձավ. ընդհակառակը։ Սովորողներն սկսեցին քննադատական հոդվածներ գրել, համեմատել Հռոմը մինչ… և  …. հետո՝ իչպիսին որ հիմա է։ Սովորողներից շատերը, որ չեն եղել Հռոմում, իրենց առաջ նպատակների շարք են դրել այնտեղ գնալու, ուսումնասիրելու արդեն այնքան սիրելի քաղաքը։ Սովորողները իմացան նաև, թե ինչպես են Զատիկը տոնում հավերժական քաղաքում, համեմատեցին ավանդական հայկական տոնակատարությունը, հայկական սեղանը իտալական ավանդական տոնակատարության հետ (Լուիզա Արտենյան, Հայկ Խաչատրյան, Լիրա Խաչատրյան և այլք)

«Աշխարհի շուրջը՝ Զատկին» նախագիծը ուղղված էր Զատկի տոնակատարությունը աշխարհի տարբեր երկրներում և հարազատ երկրում ավանդույթների, տոնակատարության մշակույթի առանձնահատկությունների ուսումնասիրությանը։ Նախագծի շրջանակում սեբաստացիներին առաջարկվում էին գործունեության տարբեր ձևեր՝ սկսած նրանից, որ ընտանիքի հետ միասին ցանում էին ցորենը, վերջացրած նրանով, որ սովորողները հարցազրույց էին վերցնում ծնողներից ու Զատկի լուսավոր տոնի նախօրյակին ձու ներկում (Նունե Հովհաննիսյան , Վարդան Դանիելով, Գոռ Կնյազյան, Նարե Կարապետյան և այլք)։

«Ամբողջ աշխարհը թատրոն է, մենք՝ նրա մեջ դերասաններ» նախագիծը ուղղված է զարգացնելու ստեղծագործական, դերասանական նախադրյալների զարգացմանը։ Այս պարտադրյալ ազատազրկումը լավ շրջան էր՝ սեփական ստեղծագործական երևակայության անսահմանությունը ճանաչելու համար։  Սեբաստացիները այս նախագծի իրականացման համար բազմաթիվ գաղափարներ են առաջարկել. Ստվերների թատրոն, տիկնիկային ներկայացում, խամաճիկների թատրոն, մեկն ուզեց Չարլի Չապլին լինել, մեկը գլխավոր դերում իր կատվին նկարահանեց ու ներկայացրեց նրա կենցաղն ու ամենօրյա գրաֆիկը, երրորդ մեկը դարձավ Թումանյանի հեքիաթների հերոսը, ուրիշ մեկը ռեժիսյոր Անդրեյ Տարկովսկին դարձավ, և այսպես՝ անվերջ։ Մի խոսքով՝ նախագիծը դեռ չի ավարտվել, բայց հաստատ երեխաները չեն ձանձրանա (Անի Բաղդասարյան, Անժելա Դադոյան, Արամ Մինասյան, Մարկ Ներսիսյան)

«Դու քեզ համար գրող և հրատարակիչ» ընտանեկան նախագիծը միանգամայն անսպասելի շրջադարձ ունեցավ. այստեղ սովորողները ոչ միայն դերասաններ են, այլև սցենարիստներ, ռեժիսորներ, բեմադրողներ։ Ահա և իսկական դարբնոց, որտեղ պատանի սեբաստացիներն իրենց հմտություններն են մշակում։ Եթե հիմա չեն գրելու, ստեղծագործելու, ուրվագծելու իրենց հնարավորությունների սահմանները, հապա էլ ե՞րբ։ Մի սովորողի գրչի տակից կենդանություն են առել իսկական իսպանական մոտիվներ, ուրիշ մեկը ներկայացրել է իր կյանքի պատմությունը, երրորդը՝ լեգենդար ֆուտբոլիստի կյանքի հորինած պատմությունը… (Կարեն Աղաջանյան, Դավիթ Արտենյան, Սոֆյա Շագոյան)։

Ահա սա է ընտանեկան դպրոցը, ահա սա է չկեղծածը, ահա՝ ավել-պակասով, անկումով ու թռիչքով, թևածումով… Ահա՝ ինքը՝ կյանքը, փախուստի ծրագիրը այսօրվա պարտադրյալ բանտարկությունից, որ այնքան խորթ է մեր սեբաստացիներին, կյանքը , որ սովորեցնում է մեզ չհանձնվել, գնալ ուրիշ, մինչ այդ չտրորված ճանապարհներով։

 

Թարգմանիչ: 
Բաժին: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский