Ուսուցչի օրագրից

Մի Նոնա անունով ընկեր ունեմ։ Մեր կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահի գրադարանավարուհին է։ Տարբեր հարցերով հաճախ եմ մտնում գրադարան։ Ու քանի որ գիտեմ, որ մանկավարժությունը Նոնայի բազմակողմանի հետաքրքրությունների մեջ է ուսումնական պարապմունքից հետո մտնում եմ գրադարան, միշտ մի ինձ ոգևորած, հետաքրքիր դիտարկում, դեպք պատմում կամ էլ առաջացած մի մանկավարժական խնդրի մասին եմ խոսում, քննարկում։ Նոնան էլ՝ էս խաղաղ ու լուռ կինը, լայն աշխարհահայացք ունի, առողջ ու անսպասելի դատողություններ անելու կարողություն։

Եվ ինձ համար հետաքրքիր է նրա կողքին լինելը, որովհետև ունենք ընդհանուր հետաքրքրություններ, որոմցից մեկն էլ մանկավարժությունն է ։

Ուրեմն էս իմ ընկեր Նոնան, ինձ միշտ մեղադրում է ծուլության մեջ։ Ասում է՝ չես գրում, չես պատմում, էն խնդիրները ու գտածդ լուծումները, որ քո ուսումնական գործում հանդիպում են, չես հրապարակում։ Ասում է, որ ես ու ինձ նմաններն են պատճառը, որ մեր մանկավարժությունը դանդաղ է զարգանում։ Չի զարգանում, որովհետև ծույլ ենք, չենք պատմում, չենք փոխանցում մյուսներին մեր փորձը։ Ասում է, որ մենք ունենք սպառող մարդու հոգեբանություն, որ մենք կարդում ենք մեզնից առաջ ապրած մանկավարժների թողած գրառումները, նրանց դիտարկումները, որոնք մարդիկ ջանասիրաբար գրի են առել, օգտվում ենք էդ ամեն ինչից մեր մանկավարժական գործունեության ընթացքում, իսկ մենք՝ գործող մանկավարժներս՝ ունենալով ոչ պակաս կարևոր դիտարկումներ, լիքը խնդիրներ ու գտած լուծումներ, թողնում ենք դրանք կենցաղի, առօրյայի մեջ կորչեն, և չենք մտածում մեզնից հետո եկած սերնդին փոխանցելու մասին։
Մի խոսքով, ինչ երկարացնեմ։ Նոնայի տված թուքումուրը փոխանցեմ իմ մյուս մանկավարժ ընկերներին ու սկսեմ իմ մանկավարժական մանրապատումների շարքը։

Պատում 1

Պատմեմ մի թարմ, զվարճալի պատմություն, քանի չեմ մոռացել։
Մայիսյան կլոր սեղանների ընթացքում նախատեսել եմ մայրենիի ծրագրի առցանց քննարկում ծնողների հետ։ Դե, մտածում եմ, հաստատ էս ընթացքում բոլոր ծնողներն էլ ներկա եղած կլինեն, մայրենիի ուսումնական պարապմունքների գոնե մի մասը լսած կլինեն, ու խոսակցությունն էլ ավելի կոնկրետ, առարկայական կլինի, ասելիք կունենան, դիտարկումներ, առաջարկություններ կլինեն։ Հավուր պատշաճի՝ նախօրոք մայրենիի մեր հեղինակային ծրագիրը ուղարկում եմ սովորողների էլ․հասցեներին, հանձնարարում եմ ծնողների հետ՝ ընտանիքներում կարդալ-քննարկել։
Էսպես հաջորդ օրը, հետաքրքիր, արդյունավետ քննարկման ակնկալիքով միանում եմ առցանց հարթակին։ Բայց․․․Շատ չերկարացնեմ։ Մայրենիի ծրագիրը մի կողմ թողած մեր սիրելի և հարգելի ծնողները սկսում են իմ ուսումնական պարապմունքները քննարկել, շնորհակալական խոսքեր ասել ինձ, շնորհակալ լինել իմ վարած ուսումնական պարապմունքների հետաքրքրության ու արդյունավետության համար։ Ինչպես կասեր տիար Բլեյանի մայրիկը․ «Ինձ լավ գովեցին»։ Չասեմ, որ հաճելի չէր։ Լավ էլ հաճելի էր ու շատ էլ շնորհակալ էի ծնողների ջերմ խոսքերի համար։ Իբր ո՞վ գոհ չի լինում, երբ իր արած գործը գնահատվում է որ․․․
Գոհ ու բավարարաված ինձ տված գովեստներով, մտածում եմ, սպասիր՝ մի քիչ էլ սովորողներիս խոսեցնեմ։
Դե, ես հո իմ անաղուհացներին լավ գիտեմ։ Երեք տարի է՝ արդեն աշխատում ենք միասին։ Էնպես չէ, որ շնորհակալական կամ գովասանքի խոսքերի ակնկալիք ունեմ։ Բայց, դե, ասացի՝ հլը թող խոսեն, էլի, ծնողներն էլ թող տեսնեն՝ ինչի՞ց են դժգոհ․ առաջադրանքների շատությունի՞ց, դժվարությունի՞ց, իմ պահանջկոտությունի՞ց, խստությունի՞ց․․․ Էնպես չէ, որ ուսումնական տարիների ընթացքում չենք քննարկել մեր ուսումնական պարապմունքները, ու չգիտեմ՝ ինչ կարող են ասել։ Բայց դե, ասում եմ՝ թող տեսնեն իրենց ծույլերին՝ թող տեսնեն՝ ոնց են նվնվում, դժգոհում, չեն ուզում աշխատել։
— Դե,- սկսում եմ ես,- հիմա տեսնենք մեր սովորողներն ի՞նչ կասեն մեր ծրագրի, մեր ուսումնական պարապմունքների մասին։
Մի պահ քար լռություն, ու սովորողներից մեկի ձայնը․
— Տիկին Մարիետ, մենք ձեզնից շա՜տ գոհ ենք, որովհետև մեր քննարկումների ժամանակ դուք լսել եք ձեզ տրված մեր բոլոր խուրհուրդները, դասերը կազմակերպել եք էնպես, ոնց որ մենք ենք ասել։ Տեսնո՞ւմ եք, ծնողներն էլ են գոհ, արդեն ամեն ինչ լավ է։
Մարդ տեսներ ծնողների դեմքերը․․․
Դե, իհարկե, իմն էլ վատ չէր լինի՝ տեսնել։
Զավեշտը ընկալում եմ, բայց մեջս էլ եփ եմ գալիս․ դու սրանց տեսնո՞ւմ ես՝ առաջարկություն էլ չէ՝ խորհուրդ, ոչ թե նկատի եք ունեցել, այլ լսել եք մեզ։ Դասերն էլ իրենց խորհրդով եմ կազմակերպել, ու դրա համար էլ դրանք արդյունավետ են ստացվել, ու ծնողներն էլ գոհ են մնացել։ Երևի մնում է՝ շնորհակալություն հայտնեմ, ձեզ, հա՞։

Մինչ կհավաքեմ մտքերս, որ ասեմ՝ ինչ եմ մտածում իրենց մասին, առցանց հարթակից՝ մի ձայն․
— Բայց Ձեզ մի խորհուրդ էլ տամ, տիկին Մարիետ։ Դուք մեր ընտրությանն եք թողել ստեղծագործական շարադրություններ գրելը, ու մենք էլ հաճախ չենք գրում։ Ու էդ պատճառով էլ մեր ստեղծագործական շարադրությունները քիչ են։ Լավ կլինի՝ հանձնարարեք, հետևեք, որ գրենք։ Մենք գիտե՞ք՝ ինչ հետաքրքիր մտքեր ունենք։ Որ հանձնարարեք, չթողնեք մեր գրել-չգրելուն, կգրենք։

Բա․․․ Էս էլ էսպես։

Հումորը, հումոր, բայց էս ամեն ինչի մեջ ինձ, որպես մանկավարժ, մի բան ուրախացրեց։ Այսինքն՝ իմ՝ ուսումնական պարապմունքների քննարկումները սովորողների հետ ձևական չեն եղել։ Ես․ փաստորեն, դիմացինի կարծիքը հաշվի առնելու, չանտեսելու իմ սովորությամբ, բնական, առանց ավելորդ ջանքերի գործադրման, առանց դա հատուկ կարևորելու՝ հաշվի եմ առել սովորողներիս առաջարկները։ Եվ դա արտահայտվել է իմ գործողությունների մեջ։ Դա եղել է այնքա՜ն բնական ճանապարհով, որ չեմ էլ նկատել, չեմ էլ կարևորել, չեմ էլ մտածել այդ մասին։ Ես չեմ նկատել, իսկ այ, սովորողները նկատել են և ունեն այն զգացողությունը, որ իրենց կարծիքը (տես՝ խորհուրդը) չի անտեսվել։ Ինչ իրենք ասել են (տես՝ խորհուրդ են տվել), ես արել եմ։ Իսկ սա անհատի ձևավորման, իր խոսքի-կարծիքի արժեքի գիտակցման համար այնքա՜ն կարևոր գործոն է։
Երբ մարդն իրեն կարևոր միավոր է զգում, երբ գիտի, որ իրեն լսում են, հաշվի են նստում իր արտահայտած կարծիքի հետ, նա ավելի ինքնավստահ, համարձակ ու ինքնատիպ է լինում։
Այսօր՝ այսքանը։
Հա, չմոռանամ ստեղծագործական շարադրություններ հանձնարարեմ, որ գրեն։ Թե չէ՝ իմ չհանձնարարելու պատճառով սովորողներիս փայլուն մտքերը մնացին չարտահայտված։

Պատում 2

Տղան դպրոց է գալիս ուղեկցորդի հետ։ Երեք տարի է դասավանդում եմ։ Աուտիզմի նախանշաններ ունի։ Երբեք խոսելիս աչքերիս չի նայում, հարցերիս չի պատասխանում, չի խոսում, չի հարաբերվում։ Ուսումնական պարապմունքների ընթացքում մոտենում եմ, հարցնում՝ ոնց է, ոնց են գործերը: Բայց սա մի տեսակ ծեսի է նման, որովհետև հարցերիս  կամ չի պատասխանում, կամ մի կերպ պատասխանում է ուղեկցող աղջկա պնդմամբ։  Երբեմն, կողքովն անցնելիս, բռնում է ձեռքս: Առանց դեմքիս նայելու՝ ժպտում է: Ուրիշ ոչ մի շփում չունենք: Մայրն ասում է, որ տանը հաճախ է անունս տալիս: Իսկ դասարանում ոչ մի կերպ չի  դիմում։ Դասարանում ուղեկցորդի հետ է աշխատում, տանը՝ ծնողների: Առանձին առաջադրանքների փաթեթից ծնողը չի ցանկանում, որ տղան օգտվի: Վստահորեն ասում է՝  ինքը կարող է: Ես դժվարանում եմ տղայի կարողությունների մասին խոսել, որովհետև տղան արդեն երրորդ տարին է՝ ինձ հետ չի աշխատում, և ես ստիպված եմ  նրան հետևել հեռվից և նրա բլոգով, որը տղան, հավանաբար ընտանիքի օգնությամբ,պարտաճանաչվարում է։

Այդ օրը, սովորականի պես, անցնում եմ սովորողների մոտով, նայում՝ ինչպես են աշխատում։ Նայեցի տղային։ Տխուր, անտրամադիր թվաց ինձ։  Մոտեցա։  Հարցնում եմ՝ ինչպես ես։ Չգիտեմ ինչու, զգացողություն ունեմ, որ բան ունի ասելու։ Հանկարծ բարձրացնում է գլուխը, ուղիղ նայում  աչքերիս և հստակ ձայնով ասում.

- Ո՞ւր է Տաթևիկը (աղջկա անունը փոխված է):
- Մի պահ դադար,- ինչո՞ւ չի եկել:
Խոսքը՝ հստակ, հայացքը՝ համառ, գամած աչքերիս:

Տաթևիկը դասարանի արև - աղջիկներից է՝ պայծառ, աշխարհին լայն, մեծ աչքերով նայող, դեմքը՝ միշտ ժպիտի մեջ:

Հանկարծակիի եկած կանգ եմ առնում:
- Ի՞նչ,- զգում եմ, որ լեզուս կապ է ընկել: Չեմ կարողանում շարունակել:
- Տաթևիկը ինչի՞ չի եկել:

Երևի կաթվածահար վիճակս երկարեց: Կարծես հեռվից լսում եմ  տղայի ուղեկցողի ձայնը.
- Տիկին Մարիետ, Տաթևիկի  մասին է հարցնում, իրենց դասարանի Տաթևի:
Տղան շարունակում է համառորեն աչքերիս նայել. պատասխանի է սպասում:
- Տաթևիկը - կմկմում եմ ես,- Տաթևիկը հիվանդացել է:
- Վաղը կգա՞,- շարունակում է տղան. ձայնը ցածր, բայց հստակ, հայացքը՝ խոսուն, - վաղը Տաթևիկը կգա՞,- ձայնը ավելի բարձր է հնչում, ավելի զնգուն։
- Այո, իհարկե,- վստահ պատասխանում եմ ես,- վաղը կգա:

Տղան հայացքը թեքեց: Կապն ընդհատվեց: Վերջ հաղորդակցմանը։

Ինչո՞ւ հանկարծ էդ կարևոր հարցին պատասխանելու իրավունքն ինձ շնորհվեց։  Ի՞նչը տղյին մղեց հաղորդակցման։ Ի՞նչ զգացումներ ուներ տղան։ Իսկ ինչո՞ւ են ասում, որ աուտիզմի նախանշաններով մարդիկ չեն նայում աչքերիդ, իրենց աշխարհում են ապրում, քեզ հետ չեն հաղորդակցվում։ Տղան երեք տարի ինձ հետ չէր խոսել։ Փաստորեն չուներ այն կարևոր  հարցը, որի պատասխանն ինձնից էր ակնկալում։ Չուներ ինձ հետ խոսելու հիմնավոր պատճառ։ Չէր խոսել, որովհետև չէր ուզել խոսել։
Իսկ դասարանում սովորողները տարբեր են, շա՜տ տարբեր։ Այս մի տղան սիրում է շատախոսել ու հատկապես ինձ հետ․ «Օ,՜ Ձեր մազերի գույնը փոխել եք, սազում է», կամ․ «Այսօր Ձեր դիմահարդարումը ընդգծված է, գեղեցկացել եք»։ Էհ, ի՞նչ անես․․․ Մարդն էդպիսին է։ Ժպտում եմ, շնորհակալություն եմ հայտնում բարի խոսքերի համար։ Զգուշորեն ուշադրությունն առաջադրանքի վրա եմ ուղղում։ Այս մի տղան կանչում է, ականջիս՝ «Մենք եռյակ ենք ունենալու»։ Ա՜յ քեզ ուրախություն․․․ Տարբեր են մարդիկ, շա՜տ  տարբեր․․․ մեկը բացահայտ է արտահայտվում, մեկը՝ շշուկով, մյուսը՝ անձայն։ Սա էսպիսին է, նա՝ էնպիսին։ Թե չէ՝ մարդը չի խոսում քեզ հետ, չի ուզում որևէ կերպ հարաբերվել, աչքերիդ չի նայում, ուրեմն․․․ Ուրեմն՝ ի՞նչ։

Ականջներիս մեջ հնչեց դասախոսիս՝ Լևոն Ներսիսյանի հնչեղ, թրթռուն ձայնը: «Ասում են՝ փիղը հիշողություն չունի։ Ի՞նչ գիտես, իսկ դու փիղ եղե՞լ ես»։ Սա դեռ փղի մասին։ Բայց երբ մարդու մասի՞ն  են խոսում: Երբ տեսակավորում են մարդկա՞նց, նրանց հետ հարարբերվելու ձևեր մշակում ու առաջարկո՞ւմ: Ախր, որտեղի՞ց գիտեք։ Ի՞նչ ընդհանրություններ կարող ես անել մարդկանց մասին, երբ մարդ-անհատի հետ գործ ունես։ Չէ° որ դու այդ մարդը չես, չես կարող լինել, ինքն ուրիշ է, ինչպես՝ ես, ինչպես դու: Ո՞նց ես ասում աուտիզմի նախանշաններով մարդը այ էսպես է տեսնում աշխարհը, հետևապես դու իր հետ այ էսպես պետք է վարվես: Կներեք, բայց այդ ձևակերպումները ինձ իմ մանկավարժական գործունեության մեջ չեն օգնել, կողմնորոշիչ չեն եղել: Ինձ համար հարաբերման մի կերպ կա, որը ընդհանուր է  բոլորի համար՝ և՛ մարդու, և՛ կենդանու, և' բույսի, և' ողջ բնության՝ և դա սիրո կերպն է: Իսկ սիրո կարիք բոլորս ունենք։ Այ, սա գուցե և ընդհանուր է բոլորի համար և ոչ միայն մարդկանց։

Առցանց հարթակում գործընկերս սովորողների թիվ էր ներկայացնում՝ ունենք այսքան սովորող, որոնցից այսքանը՝ հատուկ կարիքով։ Համացանցը կարմրեց տիար Բլեյանի բարկությունից․ «Դուք ունեք այդքան սովորող, ինչո՞ւ եք առանձնացնում մի քանի սովորողի»։ Ինչո՞ւ։ Պատասխանը չկա։ Գիտե՞ք՝ ինչ բան է կեղծ արժեքների համակարգը, որը սովորության ուժ է ստանում: Եվ ցավոք, դրանից ոչ մեկս ապահովագրված չենք: Ցավոք։

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский