Ուսումնառություն՝ առանց ուսուցման

Հեղինակ: 

 

Սովորեցրեք ձեր սեփականը

Սկիզբը 
Նախորդ հատվածը

10. Ուսումնառությունն առանց ուսուցման

Այս գլխի նյութերի մեծ մասը կարող էր 7-րդ գլխում լինել՝ «Ուսումնառությունն աշխարհում»: Ես սա այստեղ տեղադրեցի՝ մեկ այլ տեսակետ արտահայտելու համար: Այնտեղ խոսում էի այն երեխաների (և ուրիշների) մասին, որոնք իրենց ուսումնառությունն իրականացնում են դպրոցից դուրս: Այստեղ խոսում եմ առանց ուսուցման ուսումնառության մասին՝ անելով սովորելու, կասկածելով, ինչ-որ բաներ պարզելով, և հաճախ, ուսման ընթացքում, դիմակայելով ուսուցմանը, երբ  մեծահասակները դրական մղումներով փորձում են անվերապահ պնդումներ անել:

Անգլիայից Ջուդի Մաքքայիլի նամակը շատ լավ է նկարագրում ուսումնառության այս տեսակը. «Ինձ համար, իրոք, դժվար է բացատրել մարդկանց, թե ես ինչպես եմ սովորեցնում երեխաներին:

Խնդիրը ծագում է հիմնական ըմբռնումից, որ շատ մարդիկ չեն կարողանում հասկանալ՝ այն, որ երեխաները, փաստորեն, իրենք իրենց են սովորեցնում: Ես անհնարին եմ համարում որևէ կարգի ֆորմալ դասեր տալը՝ և′ ժամանակը խնայելու առումով, և′ իմ «ապրիր և թույլ տուր, որ ուրիշներն էլ ապրեն» սկզբունքի պատճառով:

Վերջերս մտածեցի ինքնուրույն սկսել բազային բնագիտության կանոնավոր դասեր սովորել, որպեսզի կարողանամ ավելի լավ սովորեցնել երեխներին, բայց երեք օրից դա ձախողվեց, որովհետև ինձ միշտ թվում էր, որ ավելի կարևոր բան ունեի անելու, քան սովորելն էր: Այսպիսով, ես շարունակում եմ բանեցնել իմ հիմնական տեխնիկան, որն է՝ պարզապես հարցերին պատասխանել որքան հնարավոր է լավ և երեխաներին օգնել տեղեկություններ կորզել, երբ ուզում են: Այդուհանդերձ, ինձ հետաքրքրում է, թե որքան արագ են երեխաները ոգևորվում իմ իսկական խանդավառություններից և առանց որևէ մեկի որևէ միտման, սկսում սովորել:

Անցյալ ամառ ես այցելեցի Թեյթի պատկերասրահը (մեծ արվեստի փանգարան Լոնդոնում) մի աղջկա հետ, որը հենց նոր էր ավարտել արվեստի պատմության մեկամյա դասընթացը: Նա վարակեց ինձ իր խանդավառությամբ, և այդ օրը ես ներկա գտնվեցի սլայդներով ընթացող դասախոսության, և անհավատալի է, բայց զննեցի Թեյթի այդ օրվա օրացույցով սահմանված բոլոր միջոցառումները (անվճար)՝ ամեն տեսակի դասախոսություններ, ֆիլմեր, հատուկ ցուցահանդեսներ և ուղեկցորդով շրջայցեր: Այդ օրվանից ի վեր ես միայն մեկ անգամ եմ վերադարձել Թեյթ, բայց մի երկու գիրք էի տուն բերել և մեծ բաղձանքով շրջանակի մեջ էի առել բոլոր միջոցառումները, որ կայցելեի, եթե կարողանայի:

(Հաջորդ շաբաթ ես գնալու եմ Ագլիական ազգային օպերայում «Ջուլիետայի» բեմադրությանը, որն առնչվում է սյուրռեալիզմի թեմայով Թեյթում իմ դիտած ֆիլմին և այցելած դասախոսությանը): Անցյալ ամիս մեր տասնութամյա զարմուհին եկավ մեզ հետ մնալու, և ինքն ու Քոլինը արդեն երեք, թե չորս անգամ Թեյթ են այցելել: Քոլինը նկարչական գիրք է վերցրել գրադարանից (առաջներում երբևէ չէր հետաքրքրվում նկարչությամբ): Եվ տղաները հաճախ թերթում են գրքի էջերը՝ ուսումնասիրելով նկարները:

Մենք շատ քննարկումներ ենք ունենում Թեյթում աղջիկների տեսածների թեմայով: Քոլինն ինձ նշումներ է անում դասախոսություններին:

Այսպիսով, ինչ-որ մի նոր բան է մուտք գործել մեր կյանք, և դա՝ ամբողջովին պատահական:

Խորհուրդ մի տուր իմաստունին

Ինչպես շատերը գիտեն՝ ըստ ջութակ նվագել սովորեցնելու Սուզուկիի մեթոդի, գոնե նախկինում այդպես էր ընդունված, երեխայի ծնողները, երբ երեխան դեռ տակավին մանուկ է, սկսում են նվագել նրա համար, և հաճախ էլ ջութակի ձայնագրությունների հեշտ կտորներ են լսել տալիս նրան, որի արդյունքում երեխան ինքնուրույն սովորում է ջութակ նվագել 3 տարեկանում: Քեյթի Ջոնսոնը և ես հաճախ ենք խոսել Սուզուկիի մեթոդի մասին (նամակներում):

Վերջերս նա գրեց. «Անցյալ դեկտեմբերին դուք խնդրեցիք ինձ տեղյակ պահել ձեզ, թե ինչպես են ընթանում Սուզուկիի մեթոդով ջութակի դասերն իմ երկու տարեկան դստեր հետ: Այդ ժամանակ ես իրականում տուն չէի բերել 1,16 (ամենափոքր չափսի ջութակը. իրանը առանց պարանոցի՝ 9 դյույմ, մոտ 23 սմ) չափսի ջութակ, բայց ինքնապաշտպանության համար պիտի մեկը տայի՝ հեռու պահելու իրեն մանկական անկարողությունից առաջացող պոռթկումներից, երբ հայրս ու ես նվագում էինք:

Մանկական անկարողունակության նրա այս փուլը կենդանի ապացույցն է այն բանի, թե ինչու մինչև երեք տարեկանը Սուզուկիի մեթոդով կրտսեր ջութակահարների դասարան չի կազմակերպվում: Բայց ես կարծում եմ, որ վաղ տարիքում կարելի է ավելին անել, քան պարզապես ձայնագրություն դնելը:

Առանց երկար մտածելու, մի օր, երբ զայրույթի պոռթկումը սկսվեց մեր դուետի ժամանակ, ես պարզապես առաջարկեցի նրան նվագել իր սեփական ջութակը, այն փոքրիկը, որ դրված էր այնտեղ՝ անկյունում: Նա մի հայացք գցեց ինձ վրա, ասես ասելով.
- Օ, այո, բայց իհարկե:

Եվ մինչև դուետի ավարտը նա գլխի էր ընկել, թե ինչպես բացել արկղիկը, հանել էր ջութակը, և աղեղը լարերի վրայով մի քանի անգամ վերուվար արել:

Անցած չորս ամսվա ընթացքում, հենց որ տեսնում էինք նման մեծ սխալ նրա կողմից, կամ հայրս, կամ ես (ով ավելի մոտ էր) շատ արագ մոտենում էինք և ցույց տալիս նրան նվագելու ավելի լավ տարբերակ, ինչպես մենք էինք դա անում:

Իհարկե, նա պետք է մի քանի կանոն սովորեր՝ քարշ չտար իր գործիքը տնով մեկ, մանավանդ այն մակերևույթներին, որտեղ գորգ չկար, չբռներ աղեղի մազերից (այլապես այն ոչ մի ձայն չի արձակի լարերի վրա), և այլն: Մենք զարմացել էինք, թե որքան արագ նա սովորեց հարգել իր գործիքը: Նա նույնիսկ աղեղին բևեկնախեժ է քսում: Նվագելու տեխնիկան նրան դեռ հասու չէ. միաժամանակ դեռ միայն մի լարի վրա, բայց արդեն ճիշտ դիրքով է բռնում ջութակը և ժամանակի ընթացքում կզարգացնի աղեղը լարերի վրա մինչև վերջ սահեցնելու կարողությունը:

Մենք զարմացել էինք, երբ մեր գյուղի բարեկամները եկան մեզ այցելության, և մեր ամաչկոտ փոքրիկ դուստրը հանեց իր ջութակը և սկսեց իր ձևով նվագել մի լիքը սենյակ մեծահասակների առջև: Մենք բոլորս հպարտ էինք, բայց ոչ այնքան հպարտ, որքան ինքն էր:

Կարծում եմ կարևոր բանը, որ հայրս ու ես շատ արագ հասկացանք, այն էր, որ ընկալենք այն պահը, երբ նա օգնության կարիք ունի, կենտրոնանանք դրա վրա արագ, հետո նրան մենակ թողնենք, որ փորձի: Գովասանքը կիրառվում է, բայց ոչ այն չափով, որ չափով որ հայրս ու ես գովում ենք իրար:

Մենք նվագում ենք հաճույքի համար: Կարծում եմ՝ նա նույնպես: Նա չի դիմանում, երբ իրեն «դաս» են տալիս: Օգնությունը, որը մի քանի վայրկյան է տևում, չափազանց երկար է նրա համար, կամ էլ, երբ դա արվում է արվում է ձայնի սխալ տոնայնությամբ, «ոչ-ոչ»-ով հակադրվում է, որին հետևում է իր ջութակը մի կողմ դնելը և բարկանալը:

Այս տարիքում մի գեղեցիկ բաժանարար գիծ կա ուրախության և լացի միջև: Երբ նա ուզենա, եթե ուզենա, մենք կգնանք լավ մասնագետի մոտ»:

Մի մայր գրում է ուսուցմանը դիմակայող մեկ ուրիշ երեխայի մասին. «Իմ դուստրը (երեք տարեկան) խոհանոցում ինքն իրեն գումարում ու հանում է սովորում փոքրիկ հաշվիչով, ինչը ես չեմ քաջալերում, և ամեն անգամ, երբ նրան մի փոքր ակնարկում եմ այդ մասին, բարկանում է, բայց երբ ես նրան մենակ եմ թողնում և աչքիս տակով հետևում եմ նրան, տեսնում եմ, թե ինչպես է նա 3+5=8 կարգի խնդիրներ լուծում:

Տարիներ առաջ ես մասնակցեցի կաթոլիկ մանկավարժների մի հավաքի, որտեղ մի իմաստուն, ծիծաղելի ծեր մարդու զեկույց լսեցի, որ ամբողջ կյանքում կյանքում ուսուցչություն էր արել: Նրա հնչեցրած մի միտքը բոլորիս ծիծաղեցրեց, և այդ
օրվանից ի վեր դա մեխվել է իմ հիշողության մեջ.
- Վրդովեցուցիչ է իմաստունին խորհուրդ տալը:

Այո, դա այդպես է, որովհետև վիրավորական է, և փոքր երեխաները խորհուրդ տալու (թեկուզև սիրով ու հոգատարությամբ ասված) այս արտահայտությունը ընդունում են որպես անվստահություն և նույնիսկ արհամարհանք, եթե մենք դա չենք էլ զգում:

Տարիներ առաջ ես բարձրաձայն կարդում էի մի երեխայի համար, որը դեռ կարդալ չգիտեր. հավանաբար երեք կամ չորս տարեկան էր: Բարձրաձայն կարդալիս ես այն մտքին էի, որ իմ կարդացած բառերի տակով մատս շարժելով կարող եմ ավելի պարզեցնել գրավոր և բանավոր ասված բառերի միջև կապը՝ ուսուցանելու մի փոքրիկ ու աննկատ հնարավորություն: Առանց դրա մասին որևէ բան ասելու, և որքան հնարավոր է, սովորական, ես սկսեցի դա անել: 

Երկար չտևեց, որ երեխան հասկանա, որ այն, ինչ սկսվել էր իբրև պատմության գեղեցիկ, ընկերական ու ջերմ հաղորդում, փոխվել է ուրիշ մի բանի, որ իր նախագիծը ինչ որ կախարդությամբ՝ դարձել է իմ նախագիծը: Որոշ ժամանակ անց, առանց որևէ բառ ասելու, նա վերցրեց իմ ձեռքը և շատ քաղաքավարի հեռացրեց այն էջից ու դրեց իմ կողքին՝ այնտեղ, որտեղ պետք է լիներ:

Ես թողեցի «սովորեցնելը» և վերադարձա նրան, ինչն ինձ խնդրվել էր անել՝ կարդալ այդ պատմությունը:

Մի հայր գրում է. «Հարցասեր երեխայի համար անհնարին է դինոզավրերի թեմայի մեջ խորասուզվել՝ առանց հետաքրքրվելու և սովորելու, թե որքան մեծ էին նրանք (չափումները), որոշակի տարածքում թափառող դինոզավրերի քանակը (թվաբանություն), որտեղ էին ապրում (աշխարհագրություն), ինչ պատահեց նրանց (պատմություն) և այլն»: Դինոզավրերի մասին հոր գիտելիքները սպառվելուց հետո, որը բավականին արագ եղավ, առաջացավ շատ ընթերցելու անհրաժեշտությունը: Կարճ ասած, անհնարին է շատ բան իմանալ դինոզավրերի կամ այլ բաների մասին՝ առանց զուգընթաց սովորելու և կիրառելու նախնական գիտելիքներն ու մտավոր կարողությունները:

Ի վերջո, սա է պատճառը, որ «հիմունքները» մենք կոչում ենք հենց «հիմք» բառով, և մտահոգվել, որ երեխան ինչ-որ բանի մասին կսովորի առանց սովորելու և կիրառելու հիմունքները նույն է, որ անհանգստանանք, որ նա որոշել է տուն կառուցել՝ սկսելով տանիքից:

Իհարկե, մեզ երեխայի հետաքրքրություններին հարմարեցնելը բարդ աշխատանք է: Նրանք ամեն առավոտ արթնանում են հետաքրքրված, բայց ավա՜ղ, հազվադեպ հետաքրքրված որոշակի թեմաներով, որոնց մասին մենք ենք պատրաստ խոսելու, կամ նախընտրում ենք, որ նրանք հետաքրքրվեն, և երբ նրանց մի բան իմանալու գայթակղությունը չի համընկնում մեր նպատակին, մենք ճնշում ենք այն: Ժամանակի կորուստ է և արագորեն փոխակերպվում է մտավոր բռնության, երբ փորձում ենք երեխային ուղղորդել դեպի այն թեմաները, որոնք դուք կարծում եք, որ ինքը պիտի սովորի: Իհարկե, երեխայի հետաքրքրություններով առաջ շարժվելը կարող է, ինչպես վերջերս դա եղավ մեր ընտանիքում, հանգեցնել վեց ամբողջ օր տիեզերքի հետազոտության: Բայց եթե դուք պարզապես համբերատար ու դիտարկող լինեք, կգա ժամանակը, երբ երեխան, որովհետև գիտակցում է, որ տեղին է սովորել իր հիմնական հետաքրքրության մասին, համարյա ինքնուրույն (ինքնաբերաբար է ստացվում) կավելացնի հրթիռի վերամբարձ ուժը, կբազմապատկի վառելիքի բեռնումը, կտարբերակի էլիպսները շրջաններից և այլն:

Փակ պահեք ձեր բերանը, երբ ձեր կարիքը չկա, և պատրաստ եղեք օգնելու, երբ պետք եք: Երեխան կսովորի:

Հավանաբար պատճառը, որ այդքան մեծահասակներ՝ ներառյալ ինձ, որ խոստովանում եմ ինքս ինձ, այդքան դժվարությամբ են ետ կանգնում երեխաներին «օգնելուց», այն է, որ տեսնում ենք, թե որքան լավ են նրանք կարողանում առանց մեզ, և դա խոցում է մեր ինքնասիրությունը:

Ինչպե՞ս կարող է իմ անբան երեխան այդքան սովորել առանց ինձ նման իմաստունի դասերի:

Մենք փորձում ենք մխրճվել երեխայի հպարտության զգացմունքի մեջ և շատ հաճախ, մասնավորապես դպրոցներում, մեզ դա հաջողվում է: Արդյունքները հոգեբանորեն և մտավոր առումով աղետալի են զոհերի համար:

Մեկ այլ հայր գրում է. «Ես կարդացել եմ ձեր գրած գրքերը, և նրանց ու Բոբի միջև (չորս տարեկան) ինքս ինձ համար գտել եմ՝ ուսուցանելու լավագույն ձևն օրինակ բերելն է, իսկ սովորելու լավագույն ձևը՝ անելը:

Բոբը շարունակ ասում է մեզ.
- Ես չեմ ուզում իմանալ դա,- երբ մենք փորձում ենք սովորեցնել նրան մի բան, որ ինքը չի ուզում սովորել): Լինդան ու ես տպավորված ենք, թե որքան արագ է նա գիտելիք վերցնում, բայց ամենաշատն ինձ տպավորում է նրա ուղղակի նստելու և մտածելու կարողությունը: Ես երբևէ չեմ իմացել, որ փոքր երեխաներն անում են դա, մինչև որ Բոբն ինձ ցույց չտվեց:

Նա նաև կրկնում ու կրկնում է գիտելիքը, մինչև հիշի:

Մենք նրան պառկեցնում ենք երեկոյան իննին և հաճախ տասնմեկին լսում ենք, թե ինչպես է խոսում ինքն իր հետ՝ նորից ու նորից անդրադառնալով այն բաներին, որոնք ուզում է հասկանալ: Հենց այսպես նա սովորեց այբուբենը և մինչև հարյուր քսանինը հաշվելը: Դա նրա սիրելի թիվն է, և նա հաշվում է նորից ու նորից, մինչև դրան հասնելը:  Ինչ-որ կերպ նա ըմբռնել է այն գաղափարը, որ թիվը նշանակում է առարկաների բազմություն, և ես զարմացած եմ, որ նա սովորել է հանման գործողությունը այդքան արագ ու ամբողջական:

Ես փորձել եմ թույլ տալ Բոբին ու Դեյվիդին սովորել այն, ինչ ուզում են իրենց սահմանած հերթականությամբ, բայց երբեմն դժվար է նրանց չսովորեցնելը:

Մի պատմություն կա, որ ինձ դուր է գալիս, որովհետև դա միակ անգամն էր, որ ես հաջողությամբ ուսուցանեցի, երբ Բոբը հետաքրքրված չէր: Երբ Բոբը սովորում էր հաշվել, նա ինձ հարցրեց, թե որն է  գալիս հարյուր տասներեքից հետո: Ես չպատասխանեցի նրա հարցին, փոխարենը՝ հարցրի նրան, թե որն է գալիս տասներեքից հետո: Ես համառեցի, և նա ի վերջո.
- Տասնչորսն է գալիս տասներեքից հետո, իսկ ի՞նչն է գալիս հարյուր տասներեքից հետո,- հարցրեց նա շատ վրդովված:
Ես անմիջապես ասացի.
- Հարյուր տասնչորս:
Սկզբում նա զզվանքի զգացողություն ունեցավ, քանի որ ես առաջին անգամ չէի պատասխանել նրա հարցին, բայց հետո նա հասկացավ, թե ես ինչ էի արել: Նա քմծիծաղ տվեց ու փակեց երեսը»:

Մի ամառ ես այցելեցի մի ութ տարեկան ընկերոջ ու իր մայրիկին: Նրանք ապրում էին մի փոքրիկ տանը՝ մի փոքրիկ, երկրորդական փողոցում, որն ավելի շատ ծառուղու էր նման: Մեքենաներն այնտեղ հազվադեպ են գալիս, այնպես որ երեխաները կարող են ապահով խաղալ: Փողոցի մի մասում բարձր տախտակե ցանկապատներ կան երկու կողմից էլ, որը լավ տեղ է փոքր գնդակախաղերի համար:

Իմ փոքրիկ բարեկամը ու նրա ընկերները հաճախ բեյսբոլի իրենց տարբերակն են խաղում այնտեղ: Որպես զարկիչ նրանք օգտագործում են մի բարակ փայտիկ՝ մոտ 1 մետր երկարությամբ: Գնդակը խաղահրապարակի գնդակ է՝ մոտ 15 սմ տրամագծով: Կանոնները տարածքին կատարելապես համապատասխանում են. այդ փայտիկով ոչ ոք չի կարող գնդակն այդ ցանկապատներից բարձր նետել:

Իմ ժամանման օրը, ճաշից հետո, նա հարցրեց ինձ, թե արդյոք մենք կարող ենք զարկիչով գնդակին խփելու պարապմունք անել: Ես ասացի՝ իհարկե, և մենք մոտ քառասունհինգ րոպե տևողությամբ պարապմուք արեցինք ծառուղում: Հաջորդ առավոտյան նախաճաշից հետո նա նորից խնդրեց, և մենք մի ժամ էլ ավելի պարապեցինք: Նա շատ զգույշ էր զարկիչով գնդակը դեպի ինձ խփում: Ես ապշած էի. այնքան դժվար էր այդ լպրծուն գնդակը այդ բարակ փայտով խփելը:

Այս պատմության մեխն այն է, որ ես անում էի մի բան, որից շատ գոհ էի, որ կարծում եմ՝ չէի անի հինգ տարի առաջ: Մեր համարյա երկու ժամանոց խաղի ընթացքում ես չասացի մարզչական կամ խորհրդի մեկ բառ: Բառերը մեկ անգամից ավելի լեզվիս ծայրին էին՝ մեկը, երբ նա փորձում էր խփել մի ձեռքով (նա ավելի լավ խփեց, քան ես կարծում էի), մեկ անգամ էլ, երբ փորձեց խփել ձեռքերը խաչաձևած (նա ինքնուրույն դադարեց դա անել), և ժամանակ առ ժամանակ, երբ նա անուշադիր էր դառնում, չէր նայում գնդակին և այլն: Բայց ես միշտ բառերը խեղդում էի իմ կոկորդում՝ ինքս ինձ ասելով.
- Նա քեզ չի խնդրել՝ մարզչություն անես, խնդրել է խաղալ: Այնպես որ՝ պապանձվիր և խաղա:

Երբեմն, իրականում, շատ հաճախ, երբ ուժեղ հարված էր կատարում անկյունային գծից, ես զարմանքի, կամ, նույնիսկ, ահազանգի բառեր էի արձակում, եթե գնդակը գալիս էր ուղիղ դեպի ինձ: Մնացած դեպքերում մենք մեր գործը լռելյայն էինք անում՝ Կալիֆոռնիայի արևի ներքո:

Ես այդ ամենը և ոչ պակաս էլ՝ լռությունը, հաճույքով եմ հիշում: Հուսով եմ մյուս անգամ կկարողանամ նույնքան լուռ մնալ:

Օնտարիոյից մի մայր նկարագրում է մի արտակարգ օր, երբ ինքն ու մի ուրիշ մայրիկ թույլ տվեցին երեխաներին վարել խաղալը. «Անցյալ աշուն մենք շաբաթը երկու անգամ հանդիպումներ էինք ունենում այն դպրոցականների խմբի հետ, ովքեր տանն էին ուսումնառությունը ստանում: Մեծ մասամբ երկուսից չորս տարեկան աղջիկներ էին, մի հինգ տարեկան աղջիկ, և մի վեց տարեկան տղա: Բոլորը միասին մոտավորապես տասներկու երեխա էին: Հիանալի խումբ էր: Այս օրն ամենալավն եմ հիշում այդ ժամանակից: Մենք սկսեցինք նկարել, կավով աշխատել և խաղալ տան առջևի բակում:

Երբ մոտեցավ ճաշի ժամը, որոշեցինք պիկնիկ անել սոճու փոքրիկ անտառում: Սա հաճելի եղանակին արվող սիրելի գործունեություններից մեկն էր:

Սոճու փոքրիկ ծառերը տասներկու տարեկան են և փոքրիկ երեխաների բարձրանալու և երևակայական աշխարհ ստեղծելու հարմար չափս ունեն: Մեր ուտելու ընթացքում ես փոքրիկ կանաչ բույսեր նկատեցի աշնան շագանակագույն, կարմիր, նարնջագույն տերևների մեջ: Ես ավելի մոտիկից նայեցի փոքրիկ բույսերին, և առաջարկեցի, որ երեխաները մոտենան ինձ ու օգնեն գտնել մեր շուրջն աճող տարբեր փոքրիկ բույսեր:

Մենք գտանք իմ սիրելի գարնանային կանաչները՝ թրթնջուկ և պղպեղախոտ, նաև որոշ երեքնուկներ և մի քանի բւյսեր, որոնք մեզ ծանոթ չէին: Մենք պոկեցինք կանաչ բույսերը և շատ գոհ էինք մեր հայտնագործությամբ: Շուտով սկսվեց «առյուծները ոռնում են անտառում» խաղը:

Մյուս մայրիկն ու ես նստեցինք մի փոքր հանգհստանալու: Մի երեխա (երեք տարեկան) մնաց մեզ հետ՝ բույսերին նայելով: Նա շատ խելոք երեխա էր և հաճախ էր մնում մենակ՝ երկար ժամանակ կլանված իր հետաքրքրություններով, մինչ մյուս երեխաները շատ հեշտությամբ շփվում ու խաղում էին և խոսում իրար հետ: Երբեմն ես մտածում էի, թե արդյո՞ք նրան օգնություն է հարկավոր մյուսներին ճանաչելու, թե արդյո՞ք ինքը միայնակ էր ու վախեցած իր այդ միայնակությունից:

Բայց նրան ուշադիր զննելուց հետո ես հասկացա, որ ինքն իրականում միանգամայն երջանիկ էր մենակ: Նա համարյա չէր խոսում դպրոցում, բայց ես գիտեի, որ նա կարողանում է խոսել, որովհետև լսել էի, թե ինչպես էր խոսում իր ավագ քրոջ հետ՝ ամբողջովին ազատ:

Այսպիսով, ես հիացմունք ապրեցի, երբ նա սկսեց խոսել ինձ հետ բույսերի մասին:  Մենք շատ դանդաղ նայեցինք բազմաթիվ փոքրիկ բույսերի, և նա քաղեց մի քանիսը՝ արմատները մոտիկից զննելու համար: Հետո նա նայեց մեռած տերևների տարբեր շերտերին: Նա մի կողմ հրեց բոլորովին նոր, պայծառ ճռճռան տերևները իր նուրբ մատիկով, հաջորդը՝ փափուկ շագանակագույն տերևներն էին, հետո՝ անփայլ սևերը, հետո՝ ցեխոտները: 

Մենք խոսում էինք այս մասին՝ քննարկելով բույսերի ու հողի կախարդանքը: Երբ ավարտեցինք, շարժվեցինք միանալու մյուսներին, որոնք առաջնորդեցին մեզ սոճիների միջով դեպի ճահճի ծայրը՝ եղեգները և սև գորշ ցեխն ու ջուրը:

Ինչ-որ մեկը հանեց կոշիկներնը,ու շատ կարճ ժամանակ անց բոլորն էլ հանեցին իրենց կոշիկներն ու գուլպաները: Ջրի շլմփոցներ, երգելու ու խինդով լեցուն ձայներ էին լսվում: Ինչ-որ մեկն ընկավ ու ցեխոտեց շալվարը: Ես մտածեցի՝ ի՞նչ կմտածեն նրա ծնողները: Նրանք ակնհայտորեն չափազանց մեծ բերկրանք էին ապրում, և հնարավոր չէր կանգնեցնել նրանց: Շուտով բոլորը հանում էին իրենց շորերը ու դնում մամուռի վրա՝ եղեգների տակ:

Եվ ուրախ պարը շարունակվում էր: Իմ նկարագրած փոքրիկ աղջիկը միացել էր մյուս բոլորին՝ շատ խանդավառ տեսքով: Մի երեխա հեռու էր կանգնել ցեխաջրից ու ջրից: Նրան չէին խանգարում ցեխաջրի մեջ պարող մյուս երեխաները, բայց ակնհայտորեն դա նրան չէր էլ հետաքրքրում:

Ճահճի հետազոտումը շարունակվեց մինչև եկավ չորանալու, հագնվելու և տուն գնալու ժամանակը:

Ես մտածում էի այդ օրվա մասին ու տարակուսում, թե ինչպես կարձագանքեն ծնողներից շատերը: Որոշ ծնողներ, միգուցե, թույլ չտային մերկ խաղը ցեխաջրի մեջ, մյուսները, հավանաբար թույլ կտային: Որոշ ծնողներ, հավանաբար, կմտածեին, որ շատ բան չի էլ պատահել այդ օրը, քանի որ ժամանակի մեծ մասն անց են կացրել՝ երկար զբոսնելով:

Բայց ես ուրախ էի, որ մյուս մայրիկը, որն այնտեղ էր, ինձ նման ուզում էր հետևել փոքրիկ երեխաների արկածներին, և ես սիրեցի այդ օրը: Իմ ավելի վաղ նկարագրած աղջիկը միացավ մյուս բոլորին ու խաղաց նրանց հետ»:

Հայտնաբերելով

Մի երեք տարեկան երեխա տեղափոխվել է մի նոր տուն և նոր տանիքում խաղացել է արևի տակ: Նա իջնումէ ներքև՝ ընթրելու և երբ վերադառնում է, գտնում է մի մթնած ու փոխված աշխարհ: Զարմանքով լի հայացքով նա ասում է.
- Մեծ ստվեր է շուրջբոլորը:

Մի այլ երեք տարեկան տեսնում է լուսնի վրայով սահող մի բարակ ամպ: Նա ուշադիր նայում է, հետո ասում ինքն իրեն.
- Սառույցի նման, սառույցի նման:

Այս երեխայի տեսակետը մեջբերված է Կոլորադոյի (Բոուլդեր) «Աշխարհայացք» կոչվող ամսագրում, կրկնվել է Հաննա Կըրչների կողմից, որը Լեհաստանում գրում էր բժիշկ Յանուշ Կորշակի մասին. «Նա միշտ շեշտում էր, որ մեծահասակների անհասկանալի ամենօրյա արտահայտությունները սովորելու միջոցով՝ երեխան փորձում է խորամուխ լինել կյանքի առեղծվածի մեջ: Աշխարհի մասին երեխայի կցկտուր և ոչ ամբողջական իմացությունը՝ սերտ կապված երևակայության հետ, ստեղծում է մի հատուկ «կախարդական գիտակցություն», որը, ինչպես հայտնի է դարձել քսաներորդ դարում, գոյություն ունի երեխաների և պարզունակ մարդկանց շրջանում, և կարող է ասոցացվել այն ամենի հետ, ինչից ծագում է պոեզիան:

Նա հետո բերում է Կորչակի այս գեղեցիկ մեջբերումը «Ինչպես սիրել երեխային» գրքից (որը դեռևս թարգմանված չէ անգլերեն). մի երեխա ասում է.
- Ասում են, որ մեկ լուսին կա, և , այդուհանդերձ, այն կարելի է ամենուր տեսնել:
- Լսիր, ես կկանգնեմ դարպասի ետևում, իսկ դու մնա այգում:
Նրանք կողպում են դարպասը:
- Լավ, այգում լուսին կա՞:
- Այո:
-Այստեղ՝ նույնպես:
Նրանք փոխում են իրենց տեղերը և մեկ անգամ ևս ստուգում:
Հիմա նրանք համոզված են, որ պետք է, որ երկու լուսին լինի:

Եվ, այդուհանդերձ, նրանք վաղ թե ուշ ինքնուրույն հասկանում են, որ կա միայն մեկ լուսին:

Եվ Թի Գիզին պատմում է այս գեղեցիկ պատմությունը. «Երբ Դենայլը վեց կամ յոթ տարեկան էր, պառկած էր իմ անկողնում՝ մտածելով փողի մասին և հետաքրքրվում էր, թե ինչպես մեկ դոլարը պիտի բաժանվի երեք երեխայի մեջ:

Նա մի որոշ ժամանակ մտածեց այդ մասին ու ասաց.
- Դու կարող ես բաժանել այն տասը ցենտանոցների և յուրաքանչյուրին տալ երեք հատ, մեկ տասը ցենտանոց մնում է, բաժանիր այն պենիների և յուրաքանչյուրին տուր երեք պենի, և ես կստանամ ավելցուկ պենին:

Այդ ամբողջը նա արեց ինքնուրույն, ես ոչ մի բացատրություն կամ առաջարկ չեմ արել»:

Երբ ես առաջին անգամ դաս էի տալիս հինգերորդ դասարանում, մինչև կոտորակների մասին որևէ բան «սովորեցնելը» կամ նույնիսկ բառ հիշատակելը, ես նրանց սրա նման մի հարց էի տալիս.
-Եթե երեք կոնֆետ ունեք և ուզում եք դրանք հավասարապես բաժանել հինգ մարդու միջև, ինչպե՞ս կանեք այդ: Նրանց մեծ մասը մտածում էր սա անելու մեկ կամ մի քանի տարբերակի մասին: Բայց կոտորակներն անցնելուց և սովորելուց հետո, երբ պետք էր մտածել սրա մասին, իբրև մի խնդրի, որը պիտի լուծվի կոտորակներ օգտագործելով, նրանց մեծ մասն արդեն չէր կարողանում անել դա: Իրականության և սթափ մտքի ու հնարամտության փոխարեն հիմա նրանք «կանոններ» ունեին, որոնք իրենք հազվադեպ էին կարողանում պահպանել կամ հիշել, թե ինչպես կիրառել:

Քանի որ այդքան շատ մարդկանց համար «սովորելն» այն է, ինչ կատարվում է դպրոցում, կամ ինչ ենթադրվում է, որ պիտի կատարվի այնտեղ, ես երևի այլ բառեր օգտագործեմ նկարագրելու համար, թե ինչ ենք մենք՝ մարդիկս անում՝ իբրև մեր ապրելու բնական մաս:

Տեղին է այստեղ օգտագործել «Հայտնաբերել» բառը: Մի ընթերցող պատմում է հայտնաբերելու այս շարունակական գործընթացի մասին:

«Ես ուսուցմանն ի ծնե չենթարկվողի մի ծաղրանկար եմ: Գուցե ինչ-որ բան ես վերցրել եմ հորս նմանակելուց, քանի որ նկատել եմ, որ նա մինչ օրս ունի նույն հատկությունները:

Նա շատ արագ է սովորում, բայց անասելի դիմակայում է, երբ իրեն սովորեցնում են:

Ես սկսեցի տեսնել, թե որքան է այս սովորեցնելուն չենթարկվելը լցրել իմ կյանքը, երբ մոտ մեկ տարի առաջ սկսեցի մտածել, թե որքա՞ն պարզորոշ հիշում իմ մանկությունից:

Հավանաբար ամենացայտուն օրինակը դաշնամուր նվագել սովորելն էր: Ասում են, որ ես սկսել եմ անկանոն ձևով խփել դաշնամուրի ստեղներին երբ չորս տարեկան էի: Մի օր իմ հայրիկը հոգնեց աղմուկից և նման մի բան ասաց.
- Եթե դու պատրաստվում ես նվագել, ինչո՞ւ չէս ինչ-որ կարգին բան նվագում:

Ես այլևս չնվագեցի, մինչև որ իմ ծնողները դուրս չգնացին, և երբ նրանք վերադարձան այդ կեսօրին, ես արդեն մեղեդիներ էի ընտրում:
Մեկ տարում ես «Լուռ գիշերն» էի նվագում Սուրբ ծննդյան եկեղացական արարողություններին:

Այնքան շատ բան է եղել սրա նման:

Ես սկսել եմ նկարել մոտ չորս տարեկանում՝ մատիտը սխալ պահելով: Մարդիկ ասում էին, որ այդպես ես երբեք չեմ կարողանա նկարել: Տասնյակ նկարներ վաճառելուց հետո էլ ես մատիտը նույն ձևով եմ բռնում, քանի որ այլ կերպ այն հաստատուն չի թվում իմ ձեռքում: Երբ տասներկու տարեկանում ես ուզեցի գրքեր գրել, հայրս մի հին գրամեքենա տվեց ու մենակ թողեց ինձ: Ես սովորեցի բավականին արագ մեքենագրել աջ ձեռքի մի մատով: Հետո սկսվեցին լողի դասերը, որոնք ստիպեցին ինձ մշտապես ատել լողը: Մի երկու տարի հետո, երբ ես ուզեցի լողալ ընկերներիս հետ, ցատկեցի ջուրը և լողացի այնպես, կարծես միշտ էլ այդպես լողացել եմ:

Ես իմ ավտոմեքենայի վրա ինքնուրույն սովորեցի ավտոմեքենայի մեխանիկան, թեև տարիներ շարունակ ինձ ասել էին, որ շատ ցածր են ավտոմեխանիկային վերաբերող իմ կարողությունները:  

Ես երկու ամսում ատաղձագործի լավ աշակերտ դարձա՝ մի ատաղձագործի հետ միասին կառուցելով մեկուկես տուն:

Ես զարմացրի նրանց բոլորին (բացի ծնողներիցս, որոնք լսում էին), երբ իրավաբանական ֆակուլտետի նախաավարտական տարում տեղափոխվեցի ինժեների մագիստրոսական աշխատանքի՝ հերքով այն պնդումը, թե արվեստասեր-գրքասեր տեսակները չեն կարողանում յոլա գնալ թվերի հետ:

Ինչպե՞ս էի ես հաղթահարում դպրոցներում սովորելու դժվարությունները: Միայն մի ձևով. գրոհելով: Երևի հինգերորդ դասարանում իմ ծնողները մեզ՝ երեխաներիս ապահովեցին «Ոսկե գիրք-հանրագիտարանով»: Ես խանդավառությամբ էի ընդունում խանութից եկած յուրաքանչյուր գիրք: Դրանից ոչ շատ ժամանակ անց ինձ ընթերցանությունից ստուգեցին դպրոցում և հայտնաբերեցին, որ ես հինգ տարով առաջ եմ իմ դասարանից: Ավելին, «Ոսկե գիրք-հանրագիտարանը» ինձ երկու անգնահատելի բան տվեց, որը մեծապես ազատեց ինձ դպրոցի պարտադրած անիմաստ աշխատանքից: Մեկն այն էր, որ հանրագիտարանից սովորեցի բնագիտության, պատմության, աշխարհագրության և նկարչության շատ տեսանկյուններից աշխատելու ձևեր, այնպիսի ձևեր, որոնց վրա ես մինչև հիմա «հենվում եմ» քննությունների ժամանակ, նույնիսկ տասներորդ դասարանում: Ավելին, այն սովորեցրեց ինձ հասկանալ, թե ինչպես է աշխարհը գործում, ու կարողացա հասկանալ այն, ինչը փաստորեն չգիտեի:

Ես վերհիշում եմ, թե ինչ էի անում հինգերորդ դասարանում՝ ավելի շատ ազատ ժամանակ ունենալու համար, որպեսզի ուսումնասիրեմ ինքնաթիռները, ինչի մեջ ես խորամուխ էի եղել որպես ուսումնական առարկա:

Ուսուցիչն ուզում էր, որ մենք շաբաթական հինգ նոր բառ սովորենք, որը ենթադրաբար մեր բառապաշարային դասն էր (հեղինակի ծանոթագրությունը. երբևէ որևէ մեկը նման կերպ սովորե՞լ է բառեր): Խնդիրն այն էր, որ ես չէի կարողանում կայուն տեմպով ուսումնասիրել նոր բառերը:

Այսպիսսով մի օր, ես վերցրի երկու հարյուր քիչ հանդիպող բառերի բառարանը և արեցի մեկ տարվա հանձնարարությունը մեկ հոգեմաշ մղումով: Հետո ես վերադարձա նոր ու պատմական բառեր կլանելուն՝ որպես իմ կողմից գրվող ինքնաթիռների մասին նոր գրքի մի մաս:

Երբ ես դպրոց վերադարձա՝ այն ավարտելու համար, նորից հասկացա, որ պետք է որոշակի դասընթացներ անցնեմ ու որոշակի ուսումնասիրություններ անեմ, որպեսզի կարողանամ ազատ ժամանակ ունենալ զբաղվելու մի ոլորտով, որը դպրոցում ոչ ոք նույնիսկ չէր հասկանում:

Դա աշխատեց:

Թարգմանություն անգլերենից
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский