Մեղվաբույծի օրագիր. մաս 2

Ուզում եմ շարունակել մեղվապահության մասին խոսքս՝ հղում անելով նախորդ հոդվածիս: Պատմել եմ, թե ինչպես է մեղվաբուծությունը մտել կրթահամալիր, դարձել ուսումնական և կանգ եմ առել մեղրաքամի վրա: Հիմա կշարունակեմ գրառումս հենց մեղրաքամից:

Մեղրաքամը մեղվապահի համար ամենասիրելի և կարևոր գործն է, քանի որ վերջապես համտեսում է  այնքան սպասված մեղրը, հասկանում այդ տարվա եկամտի չափը: Ինձ համար մեղրաքամը սիրելի գործ չէ և չի եղել այդպիսին երբևէ: Ինչո՞ւ: Պատճառները մի քանիսն են: Դրանցից մեկի՝ անցանկալի, այսպես կոչված, «գողության» մասին, ես հանգամանորեն պատմում եմ այս տեսանյութում, որը պատրաստել է Արմինե Մովսիսյանը: Տեսանյութում պատմում եմ մեղվաբուծության՝ կրթահամալիր մուտք գործելու մասին: Իսկ վերջում խոսում եմ մեղրաքամի մասին և հավելում, որ մեղրաքամը, ըստ էության, նման է մեղվի աշխատածը, արարածը գողանալուն: Իհարկե, մի քիչ բարձրագոչ է հնչում, բայց երևույթն է այդպիսին. ամենաաշխատասեր արարածի վաստակը հանում ենք իր տնից՝ առանց իրեն տեղյակ պահելու, հարցնելու, թույլտվություն ստանալու: Մեղրաքամը կարելի է իրականացնել գոնե այնպես, որ չվնասվի մեղվաընտանիքը: Առաջին հերթին սա հիմք ընդունելով՝ պետք է անցնել գործի: Ի՞նչ է նշանակում չվնասել մեղվաընտանիքը: Ամենակարևոր պայմանը հետևյալն է. մեկ ընտանիքի համար բավարարար քանակի մեղր պետք է թողնել փեթակում: Պետք է թողնելու, ոչ թե միայն հանելու մասին մտածել: Երբեք չի կարելի մոռանալ, որ մեղուն աշխատել է քեզ համար, որ դու վերցնում ես նրա աշխատածը: Մեղվից պետք է միայն շնորհակալ լինել: Չէ՞ որ նա այնքան բարիք է գործում մարդու համար. պահպանում է բնության գոյատևման շղթան, տալիս է ամենահամեղ, ամենաօգտակար և բուժիչ հատկություններով օժտված բնամթերքը՝ մեղրը: Ինչո՞ւ այս մասին մի քիչ երկար խոսեցի: Վերջերս ինքս ականատես եղա մի մեղվապահի իրականացրած մեղրաքամին, որը ինձ խոր ցավ պատճառեց: Բանն այն է, որ շրջանակները պետք է մեծ ուշադրությամբ ու զգուշությամբ հանենք փեթակից, որ հանկարծ չունենան իրենց վրա հարսնյակներ կամ թրթուրներ, որոնք հետո դառնալու են ձմեռող մեղուներ, իսկ վերջիններս էլ պետք է ձմռան ընթացքում պահպանեն մեղվաընտանիքը, որովհետև ամռան ընթացքում աշխատած մեղուները գերհոգնած են լինում և ամռան վերջին մահանում են: Իսկ շրջանակները, որոնք այդ մեղվապահը քամում էր, ամբողջությամբ պատված էին հարսնյակներով և թրթուրներով: Իմ զարմանքին ու հարցին, թե ինչու է հանել այդ շրջանակները, նա պատասխանեց՝ մեղր է պետք: Մեղվապահների լեզվով դա նշանակում է՝ փող է պետք: Ես հիասթափված շրջվեցի, որ հեռանամ, ասաց. «Համտեսի՛ր: Տե´ս՝ համե՞ղ է»: Ո՛չ, չէի համտեսի: Նա մեղուների հանդեպ անարդար է վարվում: Հեռացա տխուր, մտահոգ: Ինչո՞ւ է մարդ արարածը իր տեսակով աչքածակ, անբավ: Մեղուն իր բաժին մեղրը, այսպես ասած, սահմանագծում է: Նա բնազդով ամենաառատ մեղրով շրջանակների վրա մորը թելադրում է, որ վերջինս ձվադրի մոտ 5-7 շրջանակի վրա: Դա այն ժամանակ է արվում, երբ բերքի շրջանը ավարտվում է, և մեղուն պատրաստվում է ձմեռելուն: Մեղուն բնազդով գիտի՝ իրեն որքան մեղր է անհրաժեշտ ձմռան համար: Նրան դրանից զրկելը անազնիվ քայլ է պարզապես: Իսկ այն շրջանակները, որոնց վրա ձվադրություն չկա, կարող ես հանել: Եվ հենց դրանք պետք է հանել: Այդպես է խորհուրդ տալիս դասական մեղվաբուծությունը, և այդպես է քեզ ուղղորդում քո փորձը:

Ինձ համար առաջնայինը մեղվաընտանիքի պահպանումն է, հետո նոր միայն՝ մեղրը կամ նրա քանակը: Այս է հիմնական պատճառը, որ չեմ սիրում մեղրաքամը: Մյուս պատճառներից մեկն էլ գործի լարվածությունն  է: Դու պետք է աշխատես ճիշտ, չվրիպես, որ մեղվաընտանիքների միջև կռիվ չսկսվի, չլինեն հարձակումներ, որոնց հետևանքով կարող են ոչնչանալ մեծաքանակ մեղուներ, մեղվաընտանիքներ: Իրականում մեղրաքամը բոլոր առումներով բավականին բարդ գործ է: Նախագիծը առաջարկելու պահից ի վեր մտահոգված էի նաև մեղրաքամի հավանական խնդիրներով:

Մի օր բոլորովին պատահաբար իմ մեջ միտք հղացավ՝ մեղրաքամի ծես: Կառչեցի այդ մտքից և որքան խորհեցի դրա շուրջ, այնքան հիմնավորվեց գաղափարը: Դասավանդողներին նամակով խնդրեցի դրա մասին լրացուցիչ տեղեկություններ, երաժշտական լուծումներ գտնել: Հասմիկ Մաթևոսյանը գործի անցավ և մի հրաշալի փաթեթ ստեղծեց, որն էլ հենց օգտագործեցինք ծեսի ժամանակ: Պարզվում է՝ հին Հայաստանում ունեցել ենք այդպիսի ծես:Ինձ շատ ուրախացրեց նախ այն, որ մենք վերականգնում ենք մեր ծեսերից ևս մեկը, և հետո՝ մեղրաքամը ծիսական դարձնելը։ Ծեսին նախապատրաստվելու և կազմակերպվելու համար շատ ժամանակ չունեինք, բայց ամեն ինչ, ըստ էության, ստացվեց այնպես, ինչպես պատկերացնում էի։ Կրթահամալիրի նախակրթարանները ակտիվ մասնակցեցին ծեսին։ Գրեթե 2 շաբաթ ամենակրտսեր մեղվիկները բզզացին, բզբզացին, թռվռացին, երգեցին ու մեղրահամտես արեցին։ Այստեղ մեղրաքամի ծեսին մասնակցած նախակրթարանների, ընտանեկան դպրոցների և կրտսեր դպրոցների նախագծային փաթեթներն են (նյութերին կարող եք ծանոթանալ հղումով)։ Մեղրաքամը բնականաբար պետք է իրականանար Արատեսում, որտեղ և մեղուներն էին։ Ծեսը օրացույցով որոշված էր օգոստոսի 26-ին։ Ես մեկնեցի Արատես մի քանի օր շուտ՝ նախապատրաստական աշխատանքների համար։ Ամենակարևոր և բարդ աշխատանքը, անշուշտ, քամի ենթակա շրջանակները փեթակներից դուրս բերելն է։ Օգոստոսի 24-ի երեկոյան (ավելի ապահով է, երբ այդ գործը արվում է երեկոյան) մեղրահացերը հաջողությամբ հանեցինք, հարմար տեղավորեցինք, ծածկեցինք, որ խուսափենք հարձակումներից։ Այս հղումով անցնելով՝  կարող եք ծանոթանալ  նախամեղրաքամյան աշխատանքներին: Արմինե Մովսիսյանի բլոգում կարող եք գտնել հերթական տեսանյութը, որտեղ, Սմբատ Պետրոսյանի օգնությամբ փեթակից հանում եմ մեղրահացերով հերթական շրջանակները: Տեսանյութում նաև պատմում եմ այդ աշխատանքի մասին: Կարող եք դիտել նյութը՝ անցնելով այս հղումով:

Մեղրաքամի ծեսի կազմակերպական հարցերով սկսվեց զբաղվել Սոնա Փափազյանը: Ահա Սոնայի պատումը: Մեզ միացան Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողների մի խումբ, կրթահամալիրի երաժիշտների խումբը, տեր Մակարն իր ընտանիքով, Ազատանի դպրոցի ուսուցիչներ: Հասմիկ Մաթևոսյանը և Սեդա Թևանյանը կազմակերպում էին երգ-պարի մասը, Մարինե Մկրտչյանը և Սոնան ազգային խաղերով էին զբաղվում: Սեպտեմբերի 27-ին՝ երեկոյան ժամը 17:00-ին, սկսվեց մեղրաքամի ծեսը:  Մեղվագովք-մեղրագովքին հաջորդեց մեղվապահի տան նորամուտը: Մեղվապահի տուն-լաբորատորիան վերանորոգվել էր հենց այդ օրերին և ծառայելու է որպես ուսումնական, հետազոտական լաբորատորիա՝ մեղվաբուծական կենտրոն: Սմբատ Պետրոսյանի, Հասմիկ Մաթևոսյանի և Արտյոմ Խաչատրյանի ուղիղ եթերներին հետևում էր ողջ կրթահամալիրը: Ովքեր մեզ հետ չէին մասնակցում ծեսին, դիտում էին եթերները: Իսկ մասնակիցների համար ամենասպասված պահը դեռ առջևում էր՝ մեղրահամտեսը՝ ամենաանուշ, ամենահամեղ: Իրական տոն էր Արատեսի դպրական կենտրոնում՝ երգով, պարով, մեղրի օրհնությամբ, որը իրականացրեց տեր Մակարը: Այս տեսանյութը ուզում եմ առանձնացնել, որտեղ մեր չքնաղ աղջիկները՝ Սոնան և Սեդան, մեղր են քամում: Դիտե՛ք: Հավե՜ս: Մեր նոր մեղրաքամ մեքենան էլ իր գործը հրաշալի արեց: Դե իհարկե, տոնական մասին նախորդում և հաջորդում  են աշխատանքային  փուլերը, ինչում Սմբատը և Տարոնը՝ իմ հմուտ օգնականները,  օգնեցին  ինձ: Իմ հոգնության մասին չեմ ուզում խոսել, որովհետև եթե աշխատանքիս արդյունքը գոհացնում է ինձ, իսկ ես իմ հանդեպ խիստ պահանջկոտ եմ, ես մոռանում եմ հոգնության մասին: Մեղուները ինձ  շատ բան են սովորեցրել: Դրանցից առաջինը և ամենակարևորը չհոգնելն է: Հոգնած մարմինը վերականգնվում է շատ արագ, իսկ ժամանակը երբեք հետ չի գալիս: Ուստի պետք չէ ժամանակը վատնել, երբ կարող ես աշխատել, արարել: Մեղուների հետ աշխատելուց ես չեմ հոգնում, ինչպես երբեք չեմ հոգնել սովորողների հետ աշխատելուց, որովհետև նրանք ինձ սովորեցնում են լինել ազնիվ, արդար, անհոգնել և գոհ:  Ահա այստեղ էլ իմ պատումն է մեղրաքամի մասին, որտեղ կարող եք դիտել մեղրաքամի ծեսի բոլոր ուղիղ եթերները: Այսպիսով, մենք ունեցանք մեր նուբար-մեղրը, որը շուտով կհամտեսենք:

Որպես մեղրաքամի ամփոփում՝ ուզում եմ հավելել, որ այս հսկայական աշխատանքը, որ իրականացվեց, այն է՝ մեղվաբուծությունը կրթահամալիրում՝ իր բոլոր փուլերով, առանց կրթահամալիր-տիարի օժանդակության և պարզապես վստահության, անհնար էր իրագործել: Մեղվաընտանիքներ, փեթակներ ձեռք բերելուց մինչև մեղվապահի տուն-լաբորատորիայի վերանորոգումը, նոր, հրաշալի մեղրաքամ մեքենան և այլ անթիվ ներդրումներ, որ կատարվել են իմ նախագծի շրջանակներում, ինձ ոգևորելուց բացի, ատացել են կրթահամալիրի անմիջական օգնություն-աջակցությունը։ Եվ դա պարտավորեցնում է ավելի ու ավելի։ Տիար Բլեյանի յուրաքանչյուր գոհունակ արտահայտություն, իսկ դրանք բազում են եղել, ինձ օգնել են, առաջ մղել: Չեմ կարող երախտիքս չհայտնել տիարին, որ հնարավորություն տվեց ինձ իմ սիրելի զբաղմունքները ՝ մանկավարժությունը և մեղվաբուծությունը, համատեղել: Կրթահամալիրը այն բացառիկ լայն, ազատ հարթակն է, որտեղ այնքա՛ն կարևոր, բայց իրագործման մեջ անհնարին թվացող գործունեություններ կարելի է համատեղել մանկավարժության հետ: Ամեն ինչ դեռ առջևում է:

Իսկ արդյունքում կարող եմ ասել՝ նախագիծը ստացված է: Պետք է մտածեմ այն զարգացնելու մասին: Առջևում անելիքներ շատ կան, որոնց մասին կպատմեմ հաջորդ հոդվածներում:

 

Խմբագիր: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский