Դասվարի օրագրից

2019-2020 ուսումնական տարին սկսեցի նոր առաջին դասարանի հետ. կրթահամալիրն ընտրած երեսուն ընտանիք միավորվեց «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի շուրջ և շատ արագ ներառվեց սեբաստացիական կյանքում, ինչին մեծապես նպաստեց նաև մարտից սկսած հեռավար-առցանց ուսուցումը՝ ընտանեկան դպրոցների մասնակցությամբ:

Յուրաքանչյուր նոր դասարանի սովորողների և ծնողական համայնքի հետ աշխատանքը տարբերվում է նախորդ դասարանի հետ ունեցած փորձից, քանի որ թե' սովորողներն են նոր ( իսկ յուրաքանչյուր նոր տարում ծնված երեխաներն ավելի զարգացած են՝ բնությամբ որոշված), թե՛ ծնողական համայնքն է իր երեխաների համար դպրոցի ընտրությանն ավելի գիտակցաբար մոտենում։

Այսպիսով՝ անցած մեկ տարին ինձ համար նոր փորձառություն էր, հատկապես ծնողական համայնքի հետ համագործակցության առումով: Տարեսկզբից սկսեցինք համագործակցության, գործընկերության կամուրջների հիմքերը դնել: Օգոստոսյան ծնողական հավաքին, ինչպես ընդունված է կրթահահամալիրում, ծնողներին ներկայացրի ուսումնական պլանն իր պարզաբանումներով, դպրոցի ներքին կարգապահական կանոնները, դասարանի ուսումնական օրացույցը, որտեղ ներառված են տարվա ուսումնական նախագծերը, այդ թվում՝ ճամփորդությունները: Պայմանավորվեցինք, որ աշխատելու ենք անկեղծ, անկաշկանդ միջավայրում. բարձրաձայնելու ենք անհանգստություններն ու առաջացած հարցերը,  ինչպես նաև ակտիվ ենք լինելու ուսուցման բովանդակությանը և կազմակերպմանը վերաբերող դիտարկումների, առաջարկների առումով: Փոխադարձ օգնությունն առավել ընդգծվեց հեռավար-առցանց ուսուցման ընթացքում, երբ յուրաքանչյուր ամսվա վերջին՝ ծնողական առցանց հավաքի ժամանակ, քննարկում էինք կազմակերպմանը վերաբերող հաջողություններն ու թերությունները, ձեռքբերում պայմանավորվածություններ և հաջորդ ամսվա անելիքներն էլ ավելի արդյունավետ կազմակերպում: Երբ ծնողական համայնքը բանիմաց է, կիրթ և զարգացած, ուսուցչից ևս ակնկալում է նմանատիպ մոտեցում ... կամ հակառակը: Ամեն դեպքում ծնողական բազմամասնագիտական թիմից ինքս շատ բան սովորեցի և ուրախ եմ, որ անցած մեկ տարին ինձ հնարավորություն տվեց մի խումբ դրական, հետաքրքիիր մարդկանց ճանաչելու: Եվ որքան էլ միասին աշխատելը երկուստեք հաճելի էր, մենք գիտեինք, որ երկրորդ տարում չեմ կարողանա աշխատել երեխաների հետ, և ինձ փոխարինելու է նոր ուսուցիչ:

Ինձ փոխարինող ուսուցչի ընտրությանը իմ մասնակցությունը երկու ձևով էր. նախ՝ որպես դասվար՝ կարող էի առաջարկել իմ թեկնածուին, մեկին, ում ճանաչում եմ և մտածում եմ, որ իր անձնային և մասնագիտական որակներով կընդունվի սովորողների և ծնողների կողմից, և երկրորդ՝ որպես «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավար՝ պիտի լինեի օբյեկտիվ և մասնագետի ընտրությունը կատարեի անաչառ՝ բոլորին տեսանելի և հիմնավորված: Ապրիլից սկսած փնտրտուքների մեջ էի, քննարկումներ էինք ունենում դպրոց-պարտեզի ղեկավար Գոհար Բալջյանի հետ, իմ գործընկերներից մի քանիսի հետ.Գոհարի հետ համակարծիք լինելը կարևոր էր, քանի որ նոր դասվարի աշխատանքի հաջողությունը նաև պայմանավորված էր լինելու Գոհարի՝ նրա նկատմամբ վերաբերմունքից և ամենօրյա աջակցությունից, իսկ գործընկերների հետ քննարկումները կարևոր էին մասնագիտական հարցերը կարևորելու, նրանց հայացքով մարդուն դիտարկելու տեսանկյունից:

Ի՞նչն էր ինձ համար կարևոր, ինչպիսի՞ն էի պատկերացնում ինձ փոխարինող դասվարին: Կարևոր էր, որ դասվարը լիներ անկեղծ, շիտակ, կենսուրախ: Անցած մեկ տարում մենք այդպես էինք ապրել. անկեղծ ուրախացել էինք, տխրել, բարկացել, նեղացել, զարմացել, զրուցել... Պիտի տեսներ գեղեցիկը և սիրեր կյանքը, լիներ ինքնավստահ և միևնույն ժամանակ խստապահանջ՝ հատկապես իր նկատմամբ, պիտի անընդհատ սովորող լիներ և ստեղծական: Ծնողների այն հարցին, թե ով կփոխարինի ինձ, պատասխանս մեկն էր՝ գուցե չլինի այնքան փորձառու, կարևորը մարդկային տեսակն է, մարդուց դուրս եկող էներգիան ու սերը, որը պետք է երեխաներին: Այն արժեքները, որոնք կրում է դասվարը և ամեն օր, ամեն պահ փոխանցում երեխաներին՝ առանց ձևակերպելու ծրագրերում կամ նախագծերում: Այսպիսով՝ առաջին անգամ էի ինձ փոխարինող փնտրում: Չէի խուսափում սկսնակ կամ պակաս աշխատանքային փորձ ունեցող դասվարների առաջարկ անելուց: Այսպես՝ թեկնածուների շարքում բացառություններ կատարելով` կանգ առա Լուսինե Պետրոսյանի թեկնածության վրա: Իսկ Լուսինեին համոզելը հեշտ չէր: Ճանաչելով նրա չափազանց պատասխանատու տեսակը՝ մտածում էի, որ կհրաժարվի: Այդ ժամանակ օգնության հասավ տիար Բլեյանը, և Լուսինեն համաձայնեց:

Թե ինչպես Լուսինե Փաշայանը դարձավ Լուսինե Պետրոսյան: Տիար Բլեյանի հետ զրույցին հաջորդեց դասարանի փոխանցման աշխատանքի առաջին փուլը: Այնուհետև կազմեցինք հանդիպումների մոտավոր ժամանակացույց, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ պիտի քննարկեինք դասարանին վերաբերող մեկ կոնկրետ հարց: Հանդիպումներն էլ պիտի արձանագրվեին նշումներով՝ Լուսինեի նոթատետրում: Ստորև՝ մեր քննարկումների թեմաները, որոնք կարող են օգտակար լինել նաև մյուսներին.

  • «Իմացումի հրճվանք» ծրագիր. առանձնահատկություններ
  • Ուսումնական պլան, պարզաբանումներ. 1-ին դասարան
  • Ուսումնական միջավայր, դասասենյակ, սնունդ՝ կազմակերպումը
  • Ուսումնական նյութեր, ռեսուրսներ՝ ընտրությունը, կազմակերպումը
  • Համագործակցություն ուսուցիչների, երկարացված օրվա կազմակերպչի հետ
  • Ուսումնական օրացույց, նախագծեր, ճամփորդություններ՝ 1-ինդասարան
  • Աշխատանք ծնողական համայնքի հետ, ծնողական հավաքների ձևաչափեր, ծնողների հետ հաղորդակման եղանակները
  • Ծնողների և սովորողների մասին անհատական զրույցներ
  • Սովորողների զարգացման բնութագրեր:

Նշված թեմաների շուրջ քննարկումներին զուգահեռ Լուսինեն մասնակցեց առցանց պարապմունքներին. նախապես սովորողների հետ զրուցել էինք իմ` աշխատանքից հեռանալու պատճառի մասին, նոր ուսուցչի մասին, ով շատ խելացի է ու ինձանից լավ կօգնի իրենց համակարգիչների հետ կապված խնդիրները հասկանալու հարցում, նաև կսովորեցնի թելից տիկնիկ գործել…  Երեխաները սպասում էին նրան: Իսկ Լուսինեն արդեն հասցրել էր «Խատուտիկ» դասարանական բլոգի միջոցով ծանոթանալ դասարանին և յուրաքանչյուր սովորողի ճանաչում էր: Այսպես՝ մայիսի կեսերից առցանց պարապմունքներին սովորողները սկսեցին աշխատել նաև նոր դասվարի հետ: Հունիսին՝ առցանց ծնողական հավաքի ժամանակ, ծնողները նույնպես ծանոթացան նոր դասվարի հետ, և պայմանավորվեցինք ամռան ընթացքում միասին ճամփորդել և ունենալ նաև մեկ ծնողական հավաք ֆիզիկական միջավայրում: Այդպես էլ արեցինք: Ընտանեկան դպրոցներով՝ մեծով ու փոքրով, մայրիկներով, հայրիկներով, քույր-եղբայրներով, տատիկ-պապիկներով ճանապարհ ընկանք դեպի Օշական՝ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Այնտեղ էլ տեղի ունեցավ իմ՝ դասարանի փոխանցումը և Լուսինեի՝ դասարանի ստանձնումը: Լուրջ ու ազդեցիկ ստացվեց եկեղեցու բակում տառերի մասին մեր զրույցը, որի ժամանակ պարզվեց, որ տառերը իմանալը կարևոր է հատկապես նամակներ գրելու համար ... իսկ Մաշտոցի գերեզմանաքարի մոտ ինքնաբուխ զրույց սկսվեց կյանքում կարևոր գործեր անելու, և կյանքի անընդհատության մասին: Զարմանալի լուրջ են 2013 թվականին ծնված երեխաները. զարմացած էինք և՛ մենք, և՛ ծնողները: Չնախատեսված հուզիչ էր ու սիրուն տեր հոր՝ հայր Թորգոմի օրհնության և երկու Լուսինեների՝ աշխատանքի փոխանցման արարողակարգը:

Օրը շարունակվեց Աշտարակի ջրաղացում՝ գետի ափին: Երեխաները կարոտել էին իրար, չէ՞ որ հինգ ամիս միմյանց չէին տեսել: Մեծերս իրենց հետաքրքիր չէինք: Դե, մենք էլ մեծերով իրար էինք կարոտել: Ամեն բան լավ կլինի: Բոլորը ժպտում են:

Այսպես՝ օգոստոս- սեպտեմբերին Լուսինեի հետ շարունակեցինք  մեր օրակարգով հանդիպումները.

Հաջորդիվ՝ Սեպտեմբերի մեկին՝ Գիտելիքի օրը, Լուսինե Պետրոսյանը և խատուտիկները գնացին Բջնի՝ բարձունք հաղթահարելու: Դե, ես էլ, հանգիստ ու խաղաղ առցանց մասնակցեցի ճամփորդությանը: Լավ է, երբ ամեն բան ընթանում է քո պատկերացրածով և մի բան էլ ավելի:

Երկրորդ մաս

Պատումիս երկրորդ մասում փորձել եմ ներկայացնել կրթահամալիրի և «Իմացումի հրճվանք» ծրագրի այն հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, որոնք, յուրաքանչյուր դասավանդողի, դասվարի կողմից կազմվող-իրականացվող ծրագրի հիմքում պիտի լինեն և հանդիսանան իրականացման ելակետ:

«Իմացումի հրճվանք» ծրագիր`անառարկայական ուսուցում կամ նախագծերով ուսուցում

«Իմացումի հրճվանք» ծրագիրն իրենից ներկայացնում է անառարկայական ուսուցում, ասել է թե՝ ուսումնական պլանում ընդգրկված առարկաները չպիտի տարանջատվեն ինչպես բովանդակային,  այնպես էլ  դասաժամային ընդհատումներով: Ուսումնական նման գործընթաց կազմակերպելուն օգնում է նախագծային ուսուցումը, որի ժամանակ, ինչպես գիտենք, մեկ հիմնական առարկայի շուրջ ինտեգրվում են մյուս առարկաները՝ այսպիսով չտարանջատելով դասաժամերը և առարկաները:

Օրինակ՝«Տիեզերք» նախագիծը դասվարները կազմում են թեմայի շուրջ՝ ինտեգրելով  «Ես և շրջակա աշխարհը» (արեգակնային համակարգ՝ ըստ դասարանների՝ երկնային մարմիններ, տարի և եղանակներ, գիշեր և ցերեկ և այլն), մայրենի (տեղեկատվական, գիտահանրամատչելի նյութերի, ավանդապատումների ընթերցանություն, հանելուկների կռահում-հորինում, հորինուկների շարք), մաթեմատիկա (խնդիրներ ժամանակի վերաբերյալ՝ օրացույց, ժամացույց և այլն), կերպարվեստ-տեխնոլոգիա (տարբեր նյութերով արեգակնային համակարգի, երկնային մարմինների պատկերում, պատրաստում և այլն) առարկաները:

Ուսումնական պլանում նշված առարկային հատկացվող մեկ շաբաթվա համար որոշված ժամաքանակն էլ դառնում է պայմանական:Նախագծից, նրա խնդիրներից և տևողությունից ելնելով՝ դասվարը կարող է մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ ժամաքանակ տրամադրել ասենք «Ես և շրջակա աշխարհը» դասընթացին և  ավելի քիչ՝ մաթեմատիկային: Եվ, հակառակը՝ «Կոմիտասյան օրեր» նախագծի իրականացման ընթացքում ավելի  շատ ժամաքանակ հատկացնել երաժշտության, «Թթուդրեք»ին՝ ավելի շատ մաթեմատիկային, քան մայրենիին: Կարևորն այստեղ նախապես կազմած, մեկ ուսումնական տարվա համար պլանավորած նախագծերն են, որոնք օգնում են դասվարին՝ կառավարելու իր նախագծային աշխատանքը:

Դասվարը`ծրագրի համակարգող

Հաջորդ հիմնական առանձնահատկությունը, որը պայմանավորում է անառարկայական ուսուցման կազմակերպումն այն է, որ հիմնական ուսումնական առարկաները դասավանդում է դասվարը: Իսկ օտար լեզուների պարապմունքների ժամանակ լինում է սովորողների, դասավանդողի կողքին, անհրաժեշտության դեպքում օգնում, ուղղորդում, նաև սովորում: «Տիեզերք» նախագծի իրականացման ընթացքում ռուսերենը և անգլերենը հրաշալի կերպով ներառվում են գործունեության մեջ. համացանցում տեղեկատվական հետաքրքիր և որակյալ ուսումնական տեսանյութերը հիմնականոմ ռուսերենով են, իսկ թեմայի վերաբերյալ երգերը՝ անգլերենով: Այսպես՝ բոլոր առարկաները կարող են ներառվել նախագծում, եթե դասվարը՝ որպես դասարանի ղեկավար և ուսումնական գործընթացի կազմակերպիչ, կարողանա ճիշտ պլանավորել, կազմակերպել և համակարգել աշխատանքը:

Անհատական համակարգիչներով ուսուցում. մեդիակրթություն

Առաջին դասարանից սկսած՝ սովորողները դպրոց են գալիս համակարգիչներով: Ծնողը, ով իր երեխային բերում է կրթահամալիր, գիտի և համաձայն է, որ երեխան աշխատի համակարգչով: Դասվարի խնդիրն այստեղ համակարգչով աշխատանքի բովանդակությունն ու տևողությունը որոշելն է, որպեսզի գործիքի կիրառումը նպատակային լինի, ծնողի համար՝ հիմնավորված, սովորողի համար՝ հետաքրքիր, բայց ոչ անդադար ու երկարատև: Ճիշտ կազմակերպման դեպքում համակարգչով աշխատանքը օրական չի կարող գերազանցել մեկ ժամը, այն էլ ընդհատումներով, հաշվի առնելով այն, որ 6-8 տարեկան երեխաները դժվար թե երեսուն  րոպեից ավելի նստեն համակարգչի առջև կամ զբաղվեն նույն գործունեությամբ, այն էլ՝ գործունեությունների այն բազմազանության մեջ, որը կա կրթահամալիրի ուսումնական բովանդակությունում և միջավայրում:

Ծնող-դասվար հետադարձ կապ. Էլեկտրոնային փոստ, նամակագրություն

Մեդիագրագիտությունը պահանջ է կրթահամալիրի ոչ միայն սովորողներին,այլև ծնողներին, քանի որ դպրոցի հետ կապն անընդհատ է շնորհիվ մեդիահարթակի՝ կայքի,բլոգների, էլեկտրոնային փոստի: Դասվարն իր բլոգում տարեսկզբին տեղադրում է ուսումնական տարվա ողջ նախագծերը, ուսումնական օրացույցը, որտեղ երևում են նախագծերի իրականացման ժամանակացույցը, ուսումնական պլանն իր պարզաբանումներով և այլ անհրաժեշտ ինֆորմացիա՝ ծնողին հնարավորինս մատչելի դարձնելով կրթական ծրագիրը: Յուրաքանչյուր շաբաթվա վերջին՝ հաջորդ շաբաթվա աշխատակարգը՝ անհրաժեշտ հղումներով, ապա՝ գործունեության արդյունքները: Այսպես ծնողը նախապես տեղեկանում է առաջիկա շաբաթվա ընթացքում իր երեխայի գործունեությանը, անհրաժեշտության դեպքում միջամտում, օգնություն առաջարկում: Օրինակ`նախագծի թեմաների վերաբերյալ իր մասնագիտական աջակցությունը, հետաքրքիր գիրք, տեսանյութի հղում և այլն: Շաբաթվա աշխատակարգում դասվարը կցում է նաև աշխատանքային էջերը, որոնք ծնողը, սովորողը նախապես բեռնում են համակարգչում՝ համապատասխան թղթապանակում: Այսպես՝ դասից բացակայող սովորողն այլևս կարիք չի ունենում դասվարից տեղեկանալու բաց թողնված պարապմունքի մասին: Բացի շաբաթվա աշխատակարգից՝ յուրաքանչյուր օրվա առաջին կեսից հետո, դասվարը փոքրիկ տեղեկատվական նամակ է ուղարկում սովորողների էլեկտրոնային հասցեներին՝ համառոտ պատմելով օրվա գործունեությունը և հիշեցնելով շարունակվող, կիսատ աշխատանքների մասին:

Եթե սովորողն առաջին դասարանում ծնողի օգնությամբ է մասնակցում նամակագրությանը, ապա երկրորդից սկսած`նա բավականին մեդիահմուտ է, և էլեկտրոնային փոստով աշխատանքը նույնպես դառնում է ուսումնական աշխատանք, կոնկերտ մայրենի լեզվի մասով՝ ավելի կենդանի, պետքական և ամենօրյա:

Շարունակությունը՝ հաջորդիվ՝ մենթոր-ուսուցչի օրագրում:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский