Մեկ տարվա ամփոփում

Հեղինակ: 

Ես Անի Միրզոյանն եմ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսել եմ աշխատել 2019-2020 ուսումնական տարվանից՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: 2019-2020 ուսումնական տարում աշխատել եմ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողների հետ։  Աշխատանքային տարվա սկզբում ներկայացել եմ երկարացված օրվա ծրագրով, որով պետք է աշխատեի ամբողջ տարին։ Երկարացված օրվա ծառայությունը տարատարիք սովորողների շուրջտարյա ճամբար է։ Յուրաքանչյուր շաբաթ պատրաստում եմ իմ անլիքները, այսինքն՝ ըստ ժամերի ներկայացնում եմ այն նախագծերը, որոնք պետք է իրականացնեմ ճամբարականների հետ։ Նախագծերս կազմում եմ ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի։ Սովորողի անելիքները ներկայացնելիս ներառում եմ նաև լրացուցիչ կրթությունը, որը կարողանում եմ իրականացնել՝ օգտվելով յուրաքանչյուր սովորողի համար կազմած անհատական աշխատաժամանակից։

Հաշվի առնելով, որ սովորողը առավոտից գտնվում է դպրոցում՝ կարևորում եմ երկարացված օրը կազմակերպել այլ միջավայրում․ օրը կարող ենք անցկացնել բաց տարածքներում, որտեղ ճամբարականները կարող են ազատ և հարմարավետ նստել բարձերի կամ ներքնակների վրա։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այդպիսի տարածքների ընտրության լայն հնարավորություն ունենք։ Կարող ենք օգտագործել դպրոցի բակը, մարզասրահը, տեխնոլոգիայի կաբինետը, երաժշտության սրահը և այլն։ Եթե եղանակը բարենպաստ է, ճամբարականների օրը կազմակերպում եմ բակում։ Բազմաթիվ բակային խաղեր ենք խաղում՝  ֆուտբոլհալամուլա և այլն։ Շուրջտարյա նախագծերի շրջանակում այցելում ենք ագարակ, զբաղվում ենք շրջակա միջավայրի պահպանմամբ ։ Առաջին հերթին մեծ ուշադրություն եմ դարձնում և կարևորում եմ, որ յուրաքանչյուր սովորող մասնակից լինի իրականացվող նախագծին։ Դա շատ կարևոր է երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և էմոցիոնալ զարգացման համար: Հաճախ եմ կազմակերպում ֆիլմերի կամ մուլտֆիլմերի դիտում։ Ճամբարականների հետ գործունեության լուսաբանումը հրապարակում եմ իմ ուսումնական բլոգում։ Լուսաբանման նախագծեր իրականացնելիս ճամբարականների հետ տեսագրում-ձայնագրում ենք մեզ և ստանում նոր մեդիանյութեր։ Երկարօրյա ծրագրում կարևորելով ստեղծագործական աշխատանքը՝ ստեղծել ենք երկարացված օրվա ռադիո։ Ճամբարականներն, ըստ թեմաների, իրականացնում են հետազոտական աշխատանքներ և ստեղծում ռադիոնյութեր՝ լրահոս, ռադիոթատրոն, հարցազրույց, տեղեկատվություն, լուսաբանում։ Ահա մեր ռադիոթողարկումները․

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մուտք եմ գործել արատեսյան ճամբարին մասնակցելով։ Ահա իմ լուսաբանումները․

Հենց այս երկու օրերին էլ ես  հասկացա, թե ինչքան շատ եմ սիրում ճամփորդել։ Կարծում եմ, որ երեխաներին ճանաչելու համար ամենակարևոր պայմաններից մեկը ճամփորդելն է։ Ձմեռային ճամբարի ժամանակ երկարացված օրվա ճամբարականներով մեկնել ենք Կոտայքի մարզ։ Ներկայացել եմ ճամփորդական հետևյալ նախագծով՝  Ձմեռային մարզական խաղեր՝ դեպի Կոտայքի Մարզ, Զառ գյուղ։

2019-2020 ուսումնական տարում երկարացված օրվա ճամբարականների հետ իրականացրած նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Որպեսզի ներկայացնենք մեր նախագծերը, իրար փոխանցենք, իրարից սովորենք, երկարացված օրվա կազմակերպիչներով շաբաթվա ընթացքում սեմինար-պարապմունքներ ենք անցկացնում։ Հեռավար-առցանց ուսուցման օրերին ևս մեր սեմինարները շարունակվեցին, այս անգամ՝ առցանց հարթակում։

Արևմտյան և Հարավային դպրոց-պարտեզներում ղեկավարում եմ բանավոր մաթեմատիկայի 4-5-րդ դասարանների ընտրությամբ գործունեության խմբերը։ Աշխատանքային տարվա սկզբում ներկայացել եմ բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագրով։ Որպես մաթեմատիկ՝ տարվա ընթացքում բազմաթիվ բացահայտումներ եմ արել։ Դասընթացի ղեկավարումն ինձ համար խթան էր նոր հմտությունների և կարողությունների ձևավորման, մասնագիտական աճի։

Մեծ կարևորություն եմ տալիս համագործակցային նախագծերին։ 4-5-րդ դասարանների ընտրությամբ գործունեության խմբերի հետ իրականացրել ենք «Թարգմանական նախագիծ»։ Սովորողների սիրելի աշխատանքներից է տարբեր չափումներ կատարելը։ «Կատարում ենք չափումներ» նախագծի շրջանակում կատարեցինք մի շարք չափումներ Արևմտյան և Հարավային դպրոց-պարտեզներում։ « Հանրային աուդիտ » նախագծի շրջանակում իրականացրինք Արևմտյան դպրոց-պարտեզի նկուղային տարածքների փոփոխության աուդիտ։  Վարում եմ Մաթեմատիկա TV էջը, որտեղ տարբեր նախածերով ներկայանում են  իմ սովորողները։ Կրթահամալիրում իրականացվում են ամենամսյա ֆլեշմոբեր։ Մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբը խնդիրների մի գեղեցիկ փունջ է, որը զարգացնում է սովորողի տրամաբանական մտածողությունը։ Ինքս եմ կազմել դեկտեմբեր և փետրվար ամիսների ֆլեշմոբի երկրորդ մակարդակի խնդիրները։ Բանավոր մաթեմատիկայի խմբերի սովորողների կազմած խնդիրները նույնպես հայտնվել են մայիսյան ֆլեշմոբի՝ սովորողների առաջադրած խնդիրներ բաժնում։

Ստեղծված իրավիճակում կրթահամալիրը մարտի սկզբից իրականացնում է հեռավար-առցանց ուսուցում։ Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի աշխատանքները նույնպես տեղափոխվեցին առցանց հարթակ։ Հեռավար-առցանց ուսուցման հարթակը թույլ է տալիս երեխային ինքնակրթվելու։ Սովորողների հետ իրականացրել ենք հետևյալ նախագծերը։

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский