Ամեն ինչով արտակարգ ուսումնական տարի

Հեղինակ: 

2019 թվականի մայիսին պատրաստվում էի գնալ ֆիզարձակուրդ: Մնացել էր ընդամենը մեկ ամիս, և ուզում էի, որ հնարավորինս ուշ անցներ այդ վերջին մեկ ամիսը: Սակայն վաղ թե ուշ ամիսն անցնելու էր, ու վրա հասավ մայիսի 24-ը. օրվա ընթացքում սովորողներիս հետ մեկ առ մեկ նկարվեցի: Նկարվելիս հազիվ էի զսպում արցունքներս։ «Ամո՛թ է, հո սովորողները չեն տեսնելու քեզ լացելիս»,- մտածում էի այդ պահին:
Հաջողություն մաղթելով սովորողներին` տուն եկա։ Ինքս ինձ համոզում էի, որ կանցնի, կընտելանամ: Երկու ամիս անց ծնվեց տղաս`փոխելով կյանքս: Իհարկե, նրա ծննդով, խնամքով կարողացա փոքր-ինչ «շեղվել» հինգ-վեց տարեկանների խմբասենյակ մտնելու ցանկությունից․ տղաս ինձ օգնեց հաղթահարել այդ իրավիճակը: Անցավ ժամանակ, ամեն խաղ, տղայիս ամեն ձայն, ամեն նոր շարժում փորձում էի կրթահամալիրյան ուսումնական խաղի վերածել: Ցանկությունս մեծ էր վերադառնալ կրթահամալիր, ստեղծել ու արարել այդքան սիրելի ու ստեղծական կրթահամալիրում: Երբ իմացա, որ կրթահամալիրում առաջին դասարանցիների նոր` 11-րդ առաջին դասարանն է ձևավորվում, մտածեցի`ինչու չվերադառնալ: Ստացա առաջարկ, հնարավորություն՝ ստեղծագործական մտքերս իրագործելու, գործի վերածելու նոր սովորողների, նոր վեց տարեկանների հետ: Ահա և «Մուտքս» «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր, ծրագիր, որտեղ յուրաքանչյուրն է հեղինակը, որտեղ այլընտրանքային-հեղինակային ուսուցման արարողն ուսուցիչն է՝ իր հեղինակ-սովորողներով: «Մուտք» մի ճամբար, որտեղ վերադառնում ես նոր շնչով ու ուժով, որտեղ իսկապես մուտք ես գործում ստեղծագործական նոր ուժով, մտքով, նպատակներով: Բառն ինքնին ասում է՝ «մուտք», «մուտք գործել» մի տեղ, տվյալ դեպքում՝ ուսումնական միջավայր՝ սովորելու ու սովորեցնելու համար։ Կարևոր չէ, որ կրթահամալիրի աշխատող ես, ճամբարը բոլորիս միշտ ու անընդհատ է պետք: Այս ճամբարը յուրատեսակ վերապատրաստման ծրագիր է՝ ըստ նախօրոք հրապարակված օրակարգի, որի ընթացքում վերազինվում ենք նորովի՝ տվյալ իրադրությանն ու ժամանակին համապատասխան։

Բայց սա ճամբարի միակ ձևաչափը չէ․ ես էլ կազմեցի իմ «Մուտքի» ճամբարը նոր սեբաստացիների հետ` անցնելով բազմաթիվ սիրուն ծեսերի միջով: Չէ՞ որ այս ձևով ենք կարողանում ձևավորել զանազան հմտություններ ու կարողություններ, որոնք էլ սկսում են աստիճանաբար զարգանալ: Վեց տարեկանների «Մուտքի» ճամբարն իրականում շատ կարևոր է: Նոր սովորողներ, նոր դեմքեր, նոր ծնողներ: Այնքան կարևոր են ուսուցիչ-ընկեր-մենթոր-սովորող-ծնող կապերը, փոխհարաբերությունները: Անհրաժեշտ է հենց սկզբից ստեղծել խաղաղ ու համերաշխ հարաբերություններ՝ անկեղծության վրա հիմնված, որոնք հետագայում պիտի զարգանան ու ձևավորեն մարդկային շատ կարևոր որակներ: «Մուտքի» ճամբարը վեց տարեկանների համար ծանոթության, նոր միջավայրի, նոր կարողությունների ու հմտությունների ձևավորման առաջին ու ամենակարևոր հարթակն է։

Օգոստոսի վերջին սկսեցինք «Մուտքի ճամբարը» վեց տարեկանների հետ: Ծանոթություններ, զարմացած և սիրուն դեմքեր, աչուկներ, նոր սովորողներ, նոր ծնողներ… Որոշեցի ամեն օր իմ նոր սեբաստացիներով լինել կրթահամալիրի մի մասնաճյուղում, ծանոթացնել սովորողներին այն աշխարհին՝ բազմերանգ, գունագեղ ու գրավիչ, որտեղ ոտք են դրել։ Առաջին օրն սկսեցինք Արևմուտքից: Ճամբարի մեկնարկը եղավ Կոմիտասով։ Գնացինք ուսումնական Ագարակ, որտեղ վեց տարեկաններն իսկական հրճվանք ապրեցին` տեսնելով կենդանիներին, թռչուններին: Էնպիսի՜ ոգևորվածություն, էնպիսի՜ զարմացած ու ուրախ աչուկներ՝ իսկական իմացումի հրճվանք: Հետո տեսանք թոնիրը (մի մասն արդեն գիտեր՝ ինչ է թոնիրը և ինչի համար է, իսկ մի մասի համար անծանոթ էր): Պայմանավորվեցինք, որ առաջիկայում անպայման միասին հաց կթխենք: Օրը դեռ չավարտած` հարցնում էին, թե էլ երբ են գալու, որ կերակրեն ու խնամեն կենդանիներին: «Մուտքի ճամբարի» առաջին օրը  երկուստեք շատ տպավորիչ էր: Ճամբարի երկրորդ օրը համընկավ նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ: Սեպտեմբերի մեկը վեց տարեկանների հետ դիմավորեցինք Հ. Թումանյանի անվան բացօթյա տիկնիկային թատրոնում:

Դիտեցինք «Ոսկե ճուտիկը» ներկայացումը, ծանոթացանք հերոսների հետ, վերջում էլ Կոմիտաս երգեցինք՝ Տաթև Մանվելյանի ֆլեյտայի նվագակցությամբ: Ճամբարի երրորդ օրն անցկացրինք Հյուսիսի Քանդակի դպրոցում, կրկին հրճվանք ու զարմանք։ Ծնողների մոտ նույնպես նկատեցի զարմանք։ Ա՜յ քեզ ուսուցում, ինչե՜ր ասես, որ չտեսան դպրոցում։ Էսպիսի այլազանություն կարծես չէին էլ պատկերացրել։ Միասին սկսեցինք կավով աշխատել. հավես կերպարներ ստացանք:
Ըստ կրթահամալիրյան օրացույցի՝ պատրաստվում էինք սեպտեմբերյան հերթական գործունեությանը․ չէ՞ որ վեց տարեկանների մուտքը կրթահամալիր յուրաքանչյուր տարի նշանավորվում է կրթական շքերթով։ Այս արտակարգ 2020-ը ինչ ասես, որ չբերեց իր հետ։ Ամեն տեսակի ուսումնական գործունեություն անցավ հեռավար կամրջի օգնությամբ, հետո վերածվեց ֆիզիկականի, ապա՝ հեռավարի ու ֆիզիկականի համադրությամբ։ Կրթական շքերթն էլ փոխեց իր ձևը՝ դառնալով յուրատեսակ շքերթ-քայլերթ Արևելյան դպրոցով-Քոլեջով դեպի Սասնալանջ-Սարալանջ: Կրթական շքերթի շարունակությունը դարձան բացօթյա նկարչությունը, երգն ու պարը, կավագործությունը, մրգային հյուրասիրությունը և ամենակարևորը՝ առաջին անգամ բոլորով բոլորին ֆիզիկապես տեսնելու, ծանոթանալու, շփվելու ցանկությունը:

Ուսումնական առաջին տարին սկսվեց սեպտեմբերի կեսից միայն՝ բացօթյա ընդհանուր պարապմունքով, կոմիտասյան երգերով: Խինդ, ուրախություն, ուրախ իրարանցում բակում:

Այսպես շրջելով դպրոցից դպրոց՝ ես ինձ վերագտա Արևելյան դպրոցում։ Նախապես շրջելով կրթահամալիրի ճյուղերով՝ ընտրեցինք Արևելյան դպրոցը: Այստեղ առաջացավ տարածքի խնդիր, բայց համավարակի և տաք եղանակի «շնորհիվ» կարողացանք աշխատել բակում և դասարանում՝ զուգահեռ ձևավորելով «1+1» դասարան։ Միացա Լիլիթ Սահակյանի դասարանին. ստեղծվեց համատեղ, հավես «1+1» ընդհանուր դասարան: Երկու դասարանների սովորողներն աստիճանաբար ծանոթացան, ներառվեցին մեկ ընդհանուր գաղափարի՝ միասին սովորելու շուրջ։ Միմյանց դասերին իմ ու քո ուսուցիչ չկար, իմ ու քո դասընկեր չկար, ընկեր Լիլիթին ընկեր Տաթև էին ասում կամ՝ հակառակը: Բաժանվում էինք խմբերի, ընդ որում՝ խառը, և տարբեր գործունեություններ իրականացնում դասարանում, բակում։ Երբեմն նույնիսկ օտար լեզվի, երաժշտության դասավանդողներն էին շփոթում թե՛ մեզ, թե՛ սովորողներին։ Հավես էր…

Օրն սկսեցինք միասնական՝ մարզական խաղերով, գնդակախաղերով, օղակախաղով: Շարունակեցինք ֆլեյտայի նվագակցությամբ երգել սովորել: Մեր նորեկ սեբաստացիներին սպասում էր տաք, աշնանային լողափը՝ իր կապույտ լողավազանով:

Հենց այս ուրախությունը, հրճվանքն ու ցնծությունն է սովորողը ստանում, տանում կրթահամալիրից՝ իր զգացածը փոխանցելով ընտանիքի անդամներին`այսպիսով ձևավորելով նաև ընտանեկան-սեբաստացիական դպրոց: Շարունակվեցին ուսումնական հետաքրքիր օրերը՝ է´լ մարզական խաղեր, է´լ ռոդարիական հնարքներ, է´լ բանավոր մաթեմատիկա լանջերին, է՛լ ընտրությամբ գործունեության մարմնակրթություն, է՛լ բարձունքի հաղթահարում, է՛լ նկարչություն։

Եղանք Օշականում, միասին քայլեցինք, եկեղեցում շարականներ երգեցինք, սովորողները տեսան տառերի պուրակը, որտեղ էլ յուրաքանչյուրը գտավ իր անվան տառերը:

Սովորողների հրճվանքը շարունակվեց Արևմուտքի ծածկած լողավազանում: Սա արդեն այլ ոգևորություն է։ Միասին քայլել, ճանապարհ անցնել, հասնել ծածկած լողավազան, տեսնել կապույտ գեղեցկուհուն՝ իր կոկիկ հանդերձարաններով, պահարաններով, ցնցուղներով, օղակներով ու թևիկներով։ Բոլորն արագ-արագ զգեստափոխվում են: Չեն համբերում: Սկսում ենք նախավարժանքից, մի լավ տաքանալուց հետո գալիս է ջուրը մտնելու այդքան սպասված պահը: Չլմփոցներ ու չլմփոցներ, ճիչ, աղմուկ, աղաղակ․․..

Սա սովորողի ազատ ու անկաշկանդ զգալու հնարավորությունն է, և ոչ ոք իրավունք չունի խլել այն ցանկացած սովորողից: Անվերջ կարելի է խոսել, նկարագրել բոլոր ապրումները, զգացումները:
Ուսումնական, միասնական գործունեությունը շարունակում ենք՝ սովորելով նաև Paint ծրագիրը։ Մեկը մյուսին օգնելով՝ սովորողներն արագ հմտացան մեդիագործիքներին տիրապետելու գործում։ Ֆիզիկական միջավայրում պարապմունքները շարունակվեցին մինչև հոկտեմբերի տասնչորսը, ու էլի համավարակը մեզ տեղափոխեց հեռավար հարթակ։ Հեռավար-ընտանեկան դպրոցն ինձ համար նորություն էր։ Ինձ օգնեցին իմ՝ հեռավար ուսուցման գործում արդեն հմուտ մենթոր-ընկերները, որոնք իրենց գրեթե մեկ տարվա հեռավար աշխատելու փորձը փոխանցեցին ինձ։ Սա նոր, դեռևս շատ խորությամբ չուսումնասիրած հարթակ է ինձ համար, որի առավելությունների ու թերությունների շուրջ ամբողջական կարծիքս անպայման կարտահայտեմ մանկավարժի՝ իմ օրագրում։ Միայն նշեմ, որ չնայած հեռավար գործունեության կարճ տևելուն՝ հավես էր այդպիսի ֆորմատով աշխատելը։ Այնուամենայնիվ՝ ես կողմ եմ ֆիզիկական միջավայրում աշխատելուն, կենդանի, բնական շփումներին: Շարունակում ենք աշխատել ֆիզիկական միջավայրում՝ ըստ կրթահամալիրյան և դասարանական օրացույցների։

Ուզում եմ վերջում անպաման նշել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողն ունի բազմապիսի իրավունքներ, ունի իրական ազատություն, իրավունքի պաշտպանվածություն՝ անկախ ուսուցման հեռավար կամ առկա ձևից։ Այդ բանաձևն է՝ սովորողին տալ ինքնուրույնություն, ստեղծագործական երևակայության հնարավորություն, իրար հետ սովորելու և բազմաթիվ խնդիրներ միասին հաղթահարելու հմտություններ ու կարողություններ: Ոչինչ, որ այդ ամենը մերթընդմերթ իրականացվի հեռավար, մենք երբևէ չենք էլ երկնչել․ չէ՞ որ ունենք հեռավար ուսուցման երեսուն տարվա վաղեմություն։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский