Եթե խնդիր կա, ապրելն է խնդիրը, ապրել՝ ապրեցնելով

Հեղինակ: 

Մեկ ու կես ամիս կյանքը կանգ էր առել․ շուրջբոլորդ քաոս է, սարսափ ֆիլմից մի դրվագ, ուզում ես քնել, չարթնանալ։ Իրարամերժ տեղեկատվությունը ողողել է լրատվական դաշտը։ Ականջդ մի խելամիտ խոսքի կարոտ է։
Միշտ են հարազատ տիար Բլեյանի հայացքները․ կյանքից գիտեմ՝ առաջադեմ են, մարդասեր, մարդուն ուղղված․․․Այդ օրերին, ավելի քան երբևէ, սպասված էին 
սիրելի տիարի գրերը։ Կարդում եմ, խորհում․․․
Ու նորից կենտրոնում, ամեն ինչից վեր, մարդն է՝ ապրելու, իր հողում ապրել-արարելու վճռականությամբ, կամքով։ Ո՞վ կամ ի՞նչը  կարող է մարդուց ավելի կարևոր լինել։ Մարդու կորուստը ողբերգություն է, սեփական հողից, տնից-տեղից հեռացումը՝ ծաղիկն արմատից պոկելու ու քամու քմահաճույքին թողնելու նման մի բան։ Միակ տարբերակը սեփական հողն ու տունը չթողնելն է, տանտիրոջ իրավունքով ապրելն ու արարելը։ Համամիտ եմ ու հավատով լեցուն։ Եղե՞լ է... Նորի՛ց կլինի...
Ընկերներիս հետ քննարկումների ժամանակ հասկացա, որ շատերին է հետաքրքրում տիարի կարծիք-դիրքորոշումը։ Փորձեցի օգտակար լինել, ծաղկաքաղ արեցի։
Արևիկ Ներսիսյան

Այս ինքնուրույնության-ինքնիշխանության, նախաձեռնողականության հուժկու ալիքը, որ առաջացրեց, այո, ադրբեջանական զինուժի ներխուժումը, որ ծավալվում է Հայրենիքով մեկ, ուզում եմ, մեկ է, սոսկ ընդդեմ թուրքի չլինի, որ… հաղթի, իհարկե, ու շարունակվի մեր հայրենիքի շենացումը Հրազդանի կիրճով մեկ, աջ ու ձախ ափերով մինչև Արաքս իր գետաբերանը, ողջ Արարատյան դաշտով, Ամուլսարով, Արցախ աշխարհով, որ թիկունք-առաջնագիծ փոխատեղումով Ոգեղեն կապը՝ մեր բոլոր հատվածների մեջ, Հայրենիքը մեր դարձնի ունակ…

#1881

Երբ հայրենիքը մեր, իրոք վտանգի մեջ է, պետք է գործել, որպես պաշտպան հայրենյաց։ Խոնարհումս-հիացումս Հայաստան-Արցախ առաջնագծում յուրաքանչյուրի հանդեպ. զինվոր, սպա, թե աշխարհազոր՝ իմ եղբայրն է ու իմ որդին։ Զորացնենք, լրացնենք, սնենք առաջնագիծը, պաշտպանենք որպես ծնող, հասարակություն, պետություն։

Արթնացել եմ իմ ժամին՝ առավոտ կանուխ, առույգության, տոկունության, ուժի՝ նոր Ստեղծումի պաշարով։ Բարի լույս, հայրենիք՝ Արցախ-Հայաստան։

#1891

Որպես մեքենայի մեջ մեր զրույցին և իրիկունը՝ ժամը 7-ի առցանց հանդիպմանը սեբաստացի կրթական համայնքի տարողունակ օրակարգին ականջալուր-մասնակից՝ քնելուց առաջ Արմինեի ու ինձ հետ ձևակերպում է այսօրվա օրը սկսելու-կյանքը շարունակելու արձանագրումները․․․

– Պարտվել չկա․․․ չենք պարտվել…
– Պարտվելը չապրելուն հավասար է․․․- շարունակում, փոխանցում եմ իմ ժառանգին։
Արցախն  ու Շուշին՝ Ղազանչեցոց եկեղեցով, Դադիվանքով, Ամարասով, Գանձասարով․․․ բոլորը կանգուն․․․ հուշարձան չեն․․․ մի-մի փարոս են ողջ հայության, սեբաստացի աշխարհի համար․․․ Երասխը, Գորիսը, Կապանը, Մեղրին մի-մի կենտրոն են դառնում. այսքան կորուստներով-զրկանքներով-չապրելով, այս պատերազմի բերած հնարավորություններով, չապրածը-ստեղծումին փոխանցելով՝ չենք պարտվում ու պատերազմ այլևս թույլ չենք տալու․․․

#1896

Ինձ համար 1988-ի արցախյան շարժման սկզբից իմ քաղաքական, հասարակական գործունեության հաղթանակ է եղել և մնում Արցախի, արցախցու՝ իր հողում ապրելը։ Կարող եք իմ բլոգում տեղադրված հրապարակումներով ստուգել, որ իմ ամբողջ գործունեությունը, որևէ կարգավիճակով, սրան է ուղղված եղել։ Հիմա իմ խոսքում շատ են զուգահեռները Ջավախքի հետ։ Տեսեք, Ջավախքի ժողովուրդը խորհրդային միության փլուզման շրջանում կարողացավ չոգևորվել, չվտանգել իր հավաքանի գոյությունը, և խնդրեմ՝ ոչ միայն կա, այլև կարողացավ այս ընթացքում նաև ֆիզիկական ու դրամական մասնակցություն ունենալ Արցախի ինքնապաշտպանությանը։

Այս դրամատիկ շրջանում կրթահամալիրի իմ գործընկերներին ես իմ փորձով, հեղինակությամբ շարունակում եմ օգնել, որ Արցախին ուղղված հումանիտար իր առաքելությունը առավելագույն ծավալով կազմակերպի։ Գիտեք, որ կացարան դարձած կրթահամալիրում ապահով ընտանեկան խնամքի ներքո են 80-ից ավելի  արցախցիներ՝ կանայք, երեխաներ, ծերեր, 180-ի չափ էլ սովորողներ հեղինակային մանկավարժության ծրագրերով են իրենց պաշտպանությունը գտել։ Երեկ Մարտակերտի շրջանից, Ավետարանոցից նոր արցախցիների ժամանումը, ցավոք, եզակի չէ, մի տեսակ առաջին, վտանգավոր արձագանքն է Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի ղեկավարների հայտնի հայտարարությանը։ Ո՞րն է մեր՝ Հայաստանի և Արցախի իշխանությունների, հասարակությունների արձագանքը, ի՞նչ ուղղությամբ են ծրագրվում ուղեցույցները Արցախի և Հայաստանի ժողովրդին, մեր միջոցով՝ ողջ հայությանը, իրականացվում անհետաձգելի գործողությունները։

Ավելի ազդեցիկ բան, քան հարգելի Թաթուլ Հակոբյանի այս հրապարակումը, ինձ չհանդիպեց։ Դառնամ համահեղինակ ու շարունակեմ։ Արցախ-Հայաստան անբաժանելի գոյությունը 1988-ից սկսած սրբագործվեց-նորացվեց պատերազմի առաջնագծում հանկարծ հայտնված Հայաստանի ու Արցախի 18-20 տարեկաններով, պայմանագրային զինծառայողներով, Արցախի ինքնապաշտպանությանը միացած զորակոչով, աշխարհազորով, կամավորներով, թիկունքով․․․ Երեկ մարտակերտցի երեք եղբայրներ օրինակներով պատմում էին սահմանագծում հայաստանցի զինվորների սխրանքների մասին․ իսկական եղբայրության դրվագներ․․․

Հիմա, այսքան կորստից հետո, Արցախ-Հայաստան այսպիսի հարազատությունը այլ ելք-ուղղություն չունի, մեր ամենաթանկ՝ զավակների կորուստը այլ մխիթարություն, քան արցախցու՝ իր հողում ապրելու վճռականությունը, ասենք սրան հերոսություն-խիզախում, վտանգներով լի առօրյա իր ու իր ընտանիքի, համայնքի համար, անհրաժեշտ ինքնապաշտպանությամբ։ Մեկ է՝ ապրելը։ Հայտնի-անհայտ մեղավորներով-դրվագներով արդարացումը օրվա խնդիր դարձնելուց ավելի վտանգավոր, պարապ ու մաշող ի՞նչ կա։ Եթե խնդիր կա, ապրելն է խնդիրը յուրաքանչյուրիս համար. այսօր արցախցու՝ իր հողում ապրելը, անձնական պատրասխանատվությունը չօտարելը։

Ապրել ապրեցնելով, Արցախ-Հայաստան. ահա քեզ շարունակական երկարատև հաղթանակի իմ հեշթեգը։

#1897

Երբ դժվար-անելանելի է, հայերիս փրկությունն է դառնում մեռնեմ-պրծնեմ-ը․․․ Այստեղի՞ց են մեր պատմության մեջ շատացող հերոսամարտերը․․․ Իմ մտքից չի ջնջվում Ռուսաստաններից Շուշի եկած մեր հայրենակիցը հռչակավոր, ով օրեր առաջ չէր պատկերացնում Շուշին նվաճված ադրբեջանցիներով-թուրքերով․․․ Իր եղբոր հետ, երկուսն էլ զորեղ-զինավառ, այլ ելք չէր տեսնում՝ ավելի լավ է մեռնեմ, չտեսնեմ․․․ Ինչո՞ւ է մեզանում, ինչպես 2020-ի սեպտեմբերից, ավելի հեշտ մեռնել-հեռանալը, քան ապրելը․․․ Մեռնողը մեռավ-պրծավ, իսկ մե՞նք, ապրողներս․․․ մեզանից ծնվո՞ղները…

Իմ գիրը ապրելու մասին է։ Մենք պիտի գերազանցեք ինքներս մեզ, դրսևորենք լավագույն որակներ՝ ապրելու, ոչ մեռնելու․․․ Մեդիա աշխարհում ես որոնում-տարածում եմ ապրող-ապրեցնող մարդկանց, գործեր, նախաձեռնություններ․․․ հողի մեջ դրված սերմեր․․․ ծլարձակում․․․ ամենաաննշանը, անզեն աչքով չերևացողը։ Իսկ իմ հերոսը Ստեղծումի մարդն է, իր նախաձեռնող արարչագործությամբ-մեծագործությամբ․․․ Եվ բնական է, որ ինձ անծանոթ Սիրանուշ Սարգսյանին գտա, հետը-ետևից անցա մինչև Արցախ աշխարհի իր ծննդավայրը․․․ Ու այս տողերը իր պատւմից, որպես կանչ մնացին իմ գրում․ …. Ինչքան էլ ցավոտ լինի, պիտի գանք ու նորից ապրենք, սկզբում թեկուզ այս կենդանի-դիակ կարգավիճակով, բայց պիտի գանք, որ կենդանանանք նորից, ոչ մի տեղ մենք «ՄԵՆՔ» չենք լինելու, ոչ մի տեղ մեզ չեն սպասելու, միայն մեզնով այս վիրավոր, արյունոտ, տառապած հողը կարող է նորից ապրել ու ապրեցնել մեզ… 

Իսկ Արցախ աշխարհում այսօր տուն այրողին ի՞նչ ասեմ․․․ նորություն չէ․․․ 1992-ին մայիսին Շուշիի ազատամարտիկները կրակի տվեցին անգամ Շուշին։ Ազատագրում էին, իրենց հայտարարած հայրենին ու ավերում․․․ Ավերակների մեծ մասը շարունակում է շշնջալ․․․ Բայց տեսնում եք՝ լսողը չկա․․․

#1898

Քաղաքականությունը և մենք․ այսպիսին է Հովհաննես Թումանյանի գողտրիկ հրապարակման վերնագիրը, որից մի պարբերություն, որպես մեզանում քաղաքականությամբ զբաղվելու պայման-պահանջ բերված է իմ 1998թ․ ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններին Աշոտ Բլեյանի քաղաքական ծրագրով․․․ Կարդացեք, յոթ դիմումի տեսքով իմ քաղաքական ուղերձը, որը ավաղ, իր թարմությունը չի կորցրել․․․

Ի՛նչ է պետք մեզ ամենից առաջ․ մեջ եմ բերում.

Իսկ եթե մենք պետք է զբաղվեինք քաղաքականությամբ, այդ ամենից առաջ այն էր լինելու, որ մի ճշմարիտ հայացք լինեինք ստեղծած, մի պարզ վերաբերմունք լինեինք մշակած դեպի այն պետությունները, որոնց ձեռքի տակ գտնվում ենք։ Մի գիտակցական, մտածված վերաբերմունք, որ գոյություն չունի ամենևին, և միշտ առաջնորդվում ենք քամու հոսանքներով, նախապաշարումներով ու թյուրիմացություններով, ամեն անգամ էլ դառնությամբ հաշվելով մեր կոպիտ սխալներն ու կորուստները, ամեն անգամ էլ ամեն մեկս ետին թվով հանդիսանալով խելոք ու հեռատես, երբ եղածն անցել է անդառնալի։

1988-ի փետրվարից սկիզբ առած արցախյան շարժումը՝ որպես հայոց վերածննդի՝ ժողովրդական, հասարակական-քաղաքական գործունեությունից անկախ պետականության վերականգնման, սկսվեց-շարունակվեց ահա առանց այս պահանջ-պայմանի յուրացման, ավելին՝ դրա անտեսմամբ։ Ինչպե՞ս կարող էր փլուզվող խորհրդային կայսրությունում՝ աշխարհի 1/6-ը կազմող ԽՍՀՄ-ում, հայ ժողովրդին կլանել մի պահանջատիրություն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, Խորհրդային Ադրբեջանի կազմում 1921-ից գտնվող ինքնավար կազմավորման միացումը Խորհրդային Հայաստանին, թող որ արդար պահանջատիրություն, առանց հայացքի փլուզվող իմպերիային, մեր շուրջ, մեր հարևաններին, առանց հնարավոր ողբերգական հետևանքների հաշվառման․․․ Առանց հաշիվ տալու՝ ինչ է լինելու Դաշտային ու Լեռնային Ղարաբաղում բնակվող հարյուր հազարավոր մեր հայրենակիցների հետ, առանց Ադրբեջանի, մայրաքաղաք Բաքվի հայության ճակատագրի, նրանց ֆիզիկական գոյության անվտանգության պատկերացման անգամ․․․ Հաշված տարիներում, որպես ամենամռայլ մղձավանջ, կատարվեց այն, ինչ իր ողբերգությամբ համեմատելի է 20-րդ դարի սկզբի հետ․․․ Ինչպե՞ս Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում փետրվարի 27-29-ի ոճիրը ոչ թե ցնցեց-լրջացրեց մեզ, այլ բորբոքեց՝ արյունահեղության ճանապարհը բռնելու, փոթորիկի մեջ մտնելու հանուն պատմական արդարության շուտափույթ վերականգնման, ոչնչի առաջ չկանգնելու, ոչ մի կորստից չընկրկելու, նոր ուղի ընտրելու․․․ Ինչպե՞ս այդքան հեշտ հաշտվեցինք ադրբեջանահայության կորստի հետ՝ հողով պատմական, ժողովրդով բնիկ․․․ Այնքան անփույթ ու համառ շարունակեցինք, որ ունենալով 1991-ին ինքնորոշում հռչակած, միջազգային իրավունքին բերած Արցախի Հանրապետություն, 1992-ին նրա անվտանգությունը՝ Շուշիի ազատումով, Լաչինի հումանիտար միջանցքի հաստատումով, Հայաստան-Արցախ ֆիզիկական հաղորդակցությունը քիչ համարելով, անկախություն հռչակած-միջազգային ճանաչում ստացած Հայաստանի Հանրապետության նոր ձևավորված բանակով 1992թ․ դեկտեմբերի տասին մտանք անկախ Ադրբեջանի Հանրապետության Զանգելանի շրջան․․․ Կարդացեք հղումներով՝ որպես Նոր ուղու արձանագրում։ Հասարակական ողբերգությունից ցնցվելու համար «ծայրահեղ պացիֆիստ» կամ Թումանյան լինել պետք չէ. ՀՀ ԳԽ պատգամավոր, «Նոր ուղի» կուսակցության ղեկավար Աշոտ Բլեյանի 1992թ․ դեկտեմբերի հայտարարությունն է Մելիք Ադամյան 1, կառավարության շենքի դահլիճում նիստ անող ՀՀ գերագույն խորհրդում, որի դոփյունը իմ ականջներում չի մարել․․․ Պատերազմի հրդեհը հանգցնում եք այն բորբոքելո՞վ…

Իմ հանգուցյալ ավագ եղբայր Էդուարդ Բլեյանը 1988-ի շարժման շրջանում սիրում էր մեզ հիշեցնել. 1970-ականներին Մոսկվա քաղաքում ինքը առիթ է ունեցել մի խմբով հյուրընկալվելու Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 1960-1965 թթ ղեկավար Յակով Զարոբյանին․․․ Խոսել են 1965թ․ ազգային ալիքից, որի պիկը եղավ Եղեռնի զոհերի հիշատակի Ծիծեռակաբերդի հուշահամալիրը, որը և Զարոբյանի պաշտոնանկության պատճառը եղավ․․․ Մասնակիցներն ուղիղ հարցրել են նաև Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին․․․ Զարոբյանը հիշեցրել է, որ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի ամեն մի ղեկավար, իշխանություն կաշկանդված են ադրբեջանահայության, Բաքվի հայության ֆիզիկական անվտանգությամբ․․․ 1988-ի փետրվարի ազգային փոթորիկը մեզ ազատե՞ց 500 հազարից ավելի ադրբեջանահայության նկատմամբ պատասխանատվությունից։

Ինչպե՞ս դա հնարավոր եղավ․․․ Ես ոչ միայն սա չեմ հասկանում, այլ ինձ շարքային մասնակցիս-ներկայիս․․․ չեմ ներում, չեմ ների… Օգնեք՝ հասկանանք։

#1902

Դավիթ Բլեյանը, Slim production-ն ու Մեդիալաբ-ը իրար շարունակում են ու ստեղծում իմ օրվա գիրը․․․ Ես քնել արթնացել եմ մի անգամ, կես գիշերվա մոտ է․ Պուտինի այս ծավալուն հարցազրույցն եմ լսում․․․ Արմինեն ու Դավիթը իբր փորփրում են իրենց այֆոնները՝ ականջները Պուտինին, իմ արձագանքին․․․

– Հայրիկ, Պուտինը ինչո՞ւ է Արցախի կարգավիճակից խոսում, ի՞նքն է որոշում, արդեն որոշե՞լ ա․․․ Արցախը Ռուսաստանի կազմո՞ւմ ա․․․ Հայաստա՞նն էլ․․․ Էդպես մենք հզոր կլինենք․ ինչքա՜ն ենք Թուրքիայի դեմ կռվելու․․․

Ինչքա՞ն ենք Թուրքիայի դեմ կռվելու․․․ Օրեր առաջ, երբ Դավիթը լսում է հեռուստացույցով, թե ինտերնետով ընդդիմության-իշխանության կողմից կորցրածը հետ բերելու վճռականության մասին, պայթում է․․․ Արմինեն սղագրել-փոխանցում է․
– Հույսը ո՞ւմ վրա են դրել․․․ մե՞ր․․․ Որ մե՞նք ենք կռվելու, ես իմ ընկերների հե՞տ․․․ Ես չե՛մ կռվելու, հույս չունենան․․․ Մա՛մ, ավելի լավ է ես գնամ Ռուսաստանում ապրեմ, ձեզ էլ հետս կտանեմ, քույրիկներին  էլ․․․
Հիշեցնում եմ, որ 2020թ. դեկտկեմբերի 12-ին է Դավիթ Բլեյանը դառնում ինը տարեկան։

– Արդարն էն կլինի, որ Արցախը անկախ լինի՝ ո՛չ Հայաստանինը, ո՛չ Ադրբեջանինը․․․ Ինքն իր համար ապրի․․․ Մինչև հիմա Հայաստանն ու Ադրբեջանը չհասկացա՞ն, որ ճիշտը Արցախի անկախությունն է․․․ Մնում է՝ Ռուսաստանը որոշի․․․ Բայց ես չեմ կռվելու․․․,- հայտարարում է իր որոշման մասին Դավիթը անկողին մտնելուց առաջ․․․

Իմ էկրանին Slim.am-ի նոյեմբերի 17-ի «Թուրքիայում հայտարարել են ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու մասին» վերնագրով հրապարակումն է․․․ Տեսեք՝ ինչ են գրում։ Շուտով ՆԱՏՕ-ն կփլուզվի… Միացյալ Նահանգները ավելի են հեռանում Եվրոպայից․․․ Եվրոպան պիտի իր գլխի ճարը տեսնի․․․ Թուրքիան կմիանա Ռուսաստանի ստեղծելիք նոր ռազմավարական դաշնագրին․․․ Թուրքիայի կենսունակությունը նոր քննություն ունի. տեսեք՝ հրապարակավ Էրդողանը ժամանակ չգտավ ԱՄՆ պետքարտուղարի համար։ Անեծքը չի փրկի մեզ, նոր գործիքներ են պետք։

Դավաճանության եզրույթը, թե թեման, դավաճանի որոնումը, հայոց պարտությունը որպես դավաճանության արդյունք, տեսեք, Ազատության հրապարակից-Ազգային ժողովից-մեր տներից հասավ Մոսկով՝ Պուտինին․․․ Ավելի խճճվեց․․․ Ո՞ւր է ընդդիմությունը՝ որպես այլընտրանք։ Շնորհակալ եմ. Լուսինե Հովհաննիսյանը Մեդիալաբ-ի իր հրապարակման վերնագրով պարզություն բերեց, այն է, ինչ եփում էի սեպտեմբերի 27-ից․ «Պատերազմն էր դավաճանությունը»։ Այո, պատերազմն էր դավաճանությունը՝ ուրիշ բան մի՛ փնտրեք․․․ «Ի՞նչը չենք ներում՝ պատերազմի հնարավոր դառնա՞լը, թե՞ պարտությունն ու հայտարարությունը…. Մեր բոլորիս անջրպետը ամսաթիվն է՝ սեպտեմբերի 27, թե նոյեմբերի 10։ Ինչից եք ցասման մեջ՝ պատերազմի՞ց, թե՞ հայտարարությունից»․․․ Իմ գիրը սրանո՞վ ավարտենք։

Մի բան պարզ է, փաստ է՝ մենք Պուտինին ենք լսում Հայաստանում․․․ Բա Արցախո՜ւմ․․․ Ռուսաստանը ինչ է ստացել մեր ու մեր հարևան Ադրբեջանի անկախ պետականության շրջանից՝ 1991-ից սկսվող հակամարտություն-պատերազմից՝ ամենալավը Պուտինը գիտի․․․ Այսքան թանկ գնով, արյունով մեր երեխաների, չապրած-չծնված մեր կյանքերով․․․ մատուցվեց․․․ Ռուսաստանն խաղաղապահի իր կարգավիճակով, ի տես աշխարհի, ունի հումանիտար չտեսնված առաքելություն իրականացնելու, Արցախյան հակամարտության մեջ ներքաշված մասնակիցներին ընդունելի մի համակեցություն հաստատելու հնարավորություն․․․ Ունի՞ Ռուսաստանը այսպիսի առաքելության համար անհրաժեշտ որակներ․․․ Ցանկանանք։ Միայն ցանկանալը քիչ չէ՞։ Նոր գործիքներ են անհրաժեշտ։

#1904

Վերադարձեք, օ, վերադարձեք․․․ Արցախ։ Բարի լինի ձեր վերադարձը։ Սպասեք մեզ, մենք չենք ուշանա։ Շարունակ կապի մեջ։ Դուք եք որոշում ձեր մեկնումը, դրա ժամանակը։

«Հայաստան-Արցախ նոր համակեցություն» ուսումնական նախագծով միասին ապրելը, օր առաջ արցախցի սովորողներին, ընտանիքներին ծննդավայր Արցախ ճանապարհելը նախատեսում էին այս հուզումնառատ բաժանումը։ Նույն հուզումով, երբ սեպտեմբերի 27-ից սկսեցինք ընդունել ձեզ կրթահամալիրում՝ ձեր կեցությամբ, երբ դուք այնքան վստահ արձագանքեցիք իմ հրավերին՝ պարզապես սովորելու հեղինակային մանկավարժության ծրագրերով՝ նախակրթարանից սկսած, 1-12-րդ դասարաններում կրթահամալիրի դպրոցների, մասնագիտական ուսուցման քոլեջում, լրացուցիչ կրթության մեր ծրագրերով, համատեղ կյանքով, այս օրերին, ահա ձեզ ճանապարհում ենք։ Բարի վերադարձ Արցախ։ Ուրախություն՝ այս դաժան, բայց համատեղ անսովոր ցավի միջով անցած ողջ-առողջներիս։ Երեկ կրթահամալիրի Արևմոտքի դպրոց-պարտեզում ես աննկատ միացա կազմակերպիչ Սոնա Փափազյանի՝ Արցախի Մարտունու Հերհեր մեր սեբաստացի դարձած արցախցիների ճանապարհումին։

Ջինջ արցունքների, լեցուն օր էր։ Իսկ երբ Հադրութի մեր տան անդամ դարձած Միհրանը՝ մեր Էդմոնդի հեծանվով ուղեկցեց ինձ մինչև Մայր դպրոց, մենք կարևոր պայմանավորվածություն ունեցանք․ եթե Արցախը Հայաստան է, ու վերջ, մենք կհանդիպենք շատ շուտով Արցախում, ձեր գյուղում, քաղաքում, ձեր դպրոցում, ձեր տանը, ձեր եկեղեցում, ձեր սարերում․․․ Որ Արցախը շարունակի լինել Հայաստան ու վերջ։ Մեր ապրելը թևակոխում է իր դրամատիզմով հարուստ շրջան։ Բայց մեր համակեցությանը, մեր ընկերությանը դավաճանող չենք․ ավելին՝ մենք մեր բաց, ներառող համակեցության մանկավարժությանը մասնակից կդարձնենք նաև ձեր, մեր հարևան ադրբեջանցիներին։ Մենք ձեզ, Արցախի շուրջ ապրող հարևաններ, բոլոր կարգի սեբաստացիներով հանգիստ չենք տա։ Հայաստանում կա այսպիսի ուրախ-լեն տուն՝ սեբաստացիական աշխարհ, յուրաքանչյուրինը։ Ուղղակի անկեղծ, ընկերներ, ուժ առեք մեզանով։

#1905

Արցախ-Հայաստան նոր համակեցության շարունակականության մասին են իմ մտորումները․․․ այս գիրը կիրակնօրյա։

Մի կողմից՝ երեկ Քոլեջում, օրվա վերջում, ես այցելեցի Արցախի Ավետարանոցից մեր նոր կենվոր-հարազատ ընտանիքին՝ Միշային, իր Լիլիթ անունով երիտասարդ կնոջն ու մանկահասակ երեք երեխաներին, կեցության պայմանների բավարարությունը տեսնելու համար։ Նորից կեցցե կրթահամալիրը, Քոլեջը, ամեն ինչ մարդավարի-տնավարի էր արված։ Նոր երկրագործ ունենք, որ համագյուղացի Արտակի, Հադրութի Մանվելի հետ, կաշխատի, կգործի Արցախ իրենց բնակավայրեր ապահով վերադարձի սպասումով, նպաստումով բոլորիս․․․

Մյուս կողմից՝ մեր Հյուսիսում Մարտակերտի Վանքից՝ Գանձասարի փեշերին ծավալված հայտնի գյուղից Ռազմիկին՝ իր մայրիկ Գայանեի հետ ճանապարհ դնելու պատրաստությունների մեջ էին. մայրիկի աչքերի վիրահատությունը հաջող ավարտած՝ նրանք վերադառնում են իրենց աշխատանքին Վանքի դպրոցում։ Կհասնեն, իրենց տներում կտեղավորվեն, հետո Հակոբ-Հիսուս եղբայրներն էլ հարս Դիանայի, տարին չբոլորած Գայանեի, տատ Գալյայի հետ կմիանան նրանց։

Իսկ «Հոգատարություն» ուսումնական նախագիծը լավագույնս է ներկայացնում մեր հեղինակային մանկավարժությունը՝ որպես կյանքի դպրոց։ Ինչ անուն ուզում եք՝ տվեք. բայց սա է մեր կյանքը՝ իր վայրիվերումներով, իր ողբերգությամբ, իր հույսով, ու նրան համապատասխան է Բլեյանի դպրոցը։ Կրթահամալիրի ամեն մի դպրոց, ուսումնական կենտրոն, նոյեմբերի ուսումնական շրջանով արձանագրում եմ սիրով, ավելի ինքնավար, ինքնուրույն-կարող դարձած թող սկսի Արցախ-Հայաստան արտագնա փուլին՝ գործողություններին իր պատրաստությունը։ Սկսենք Վանքից ու Ստեփանակերտից։ Վանքում մեր նախագծային ուսումնական ճամբարի հետքերը հաստատ մնացել են ոչ միայն Ռազմիկի ընտանիքի, այլև վանքեցիների հիշողության մեջ և իմ յոթ տարեկան բլոգապատումում։ Իսկ մեր համակեցության ճանապարհային քարտեզը, ճիշտ կլինի, կազմենք, քննարկենք, որոշենք հենց Ստեփանակերտում։ 2021-ի ճամբարային հունվարը՝ սեբաստացիական օրացույցով, սրա լավագույն շրջանն է։

Իսկ ես ուզում եմ, որպես մենթոր-տիար՝ կենտրոնանալ Բլեյան կրթական բաց ցանցի արցախյան զարգացումների վրա, որն իմ շարունակական պատումի մի ամբողջ գրի նյութ է։ Սիրով։

#1914

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский