Մի քիչ խոսենք մեր մասին

Օրերս ընկերներիցս մեկը հարցրեց, թե ինչ եմ անում Մայր դպրոցում, չէ՞ որ Գեղարվեստում էի (մեր կրտսեր դպրոցներից է), ասացի՝ հիմա Միջին դպրոցում եմ։ Հետաքրքիր բացականչեց․
- Հա՜, մեծացե՞լ ես․․․

Մի լավ ծիծաղեցինք։ Հիմա մտածում եմ՝ մեծացե՞լ եմ արդյոք, դա նշանակում է նաև մանկավարժական հասունություն նախորդ շրջանի համեմատ։ Մեկ այլ ընկեր էլ դասամիջոցի ակտիվ խառնաշփոթում հուշեց, որ «խառնվել եմ սովորողներին ու գրեթե չեմ տարբերվում»․ փաստորեն արտաքինով չեմ մեծացել, իսկ սովորողներից չտարբերվելուց ավելի լավ կոմպլիմենտ կարելի՞ է արդյոք պատկերացնել․․․ Հետադարձ հայացքն ու ինքնագնահատականը միշտ էլ մտածելու հնարավորություն է տալիս․ այս ի՜նչ տարի ենք ճանապարհում, մի քանի ամսում մի քանի տարվա արագությամբ փոխվեցինք՝ մեծացանք․․․

2019-2020 թթ․ ուսումնական շրջանը, որ ինձ համար, ըստ էության, աշխատանքային մեկնարկ էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, սկսվեց աշխույժ, բուռն իրադարձություններով և ավարտվեց նույն կերպ՝ այնպես, ինչպես դպրոցն ինքն է։ Ես ուրախ եմ, որ երբեք օտարվածի պես չեմ աշխատել, իրադարձություններն զգացել եմ, ապրել ու գործել եմ ներառված, նվիրված, բայց ոչ էլ շատ նկատելի, հետս վերցրել եմ այն, ինչ լուսավոր է, կյանք բուրող, էներգետիկ․ մնացյալի մասին հիմա պարզապես հիշում եմ կամ մոռանում, երբեք ավելորդ բեռով չեմ ծանրացնում կյանքը, ինչպես ասում են՝ թող լինի ամենինն իրենը, և ուզում եմ, որ լավ մարդիկ, ընկերները ինձ իրականում ճանաչելով և իրականի մասին հիշելով խոսեն։ Փորձել եմ միշտ ժպիտ տալ ու սիրով նայել ամենին, դրանից ոչ ոք ու ոչինչ չի տուժում, այդքանն արդեն լավ է, ու կարծում եմ՝ հաջողվել է։

Առաջին ուսումնական տարվա ամփոփումից հետո, որն ընթացավ 4-րդ և 5-րդ դասարաններում «Մաթեմատիկա» առարկայի դասավանդմամբ, հասկացա, որ կրթական- ուսումնական առօրյան և դասավանդողի աշխատանքն իսկապես ինձ դուր է գալիս, սովորողները հիմնականում գոհ էին, ես տեսա ոլորտում աշխատանքս շարունակելու համար անհրաժեշտ արդյունքը, ավելի կարևոր էր, որ այն, ինչ ուզում էի ստանալ, և այն, ինչ ստացել էի, գրեթե չէին տարբերվում, և սիրելի Լուսինե Բուշի կողմից աշխատավայրի փոփոխության հնարավորության մասին լուրը շատ ոգևորված ընդունեցի, հատկապես, երբ լույսի մի մեծ բաժին, մի ամբողջ 5-րդ դասարան գալու էր ինձ հետ «մեծանալու»։

Այսպսիսի փոփոխություններում զարգացման ու կենսականության բաժինն այնքան մեծ էր,  միևնույն ժամանակ պարզվեց, որ կրթահամալիրն ինձ այնքան էլ չի հասցրել ճանաչել, և մենք նորից միասին պիտի անցնեինք ծանոթության կարճ ընթացք։ Չգիտեմ՝ սիրո որ աստիճանը երկուսիցս ում էր բաժին ընկել, կա՞ր փոխադարձություն, թե՝ ոչ, բայց մեր մեջ ասած՝  ես շատ էլ լավ էի ճանաչում իրեն, և այս նորությունը ընդունեցի որպես գործունեության վերածնունդ։ Դժվար է մարդուն կոտրել, երբ նա կոտրվել չի ցանկանում։

Թագավարակն ինձ չհասցրեց թագադրել, փոխարենը` մարդկային շփման պակասն արդեն ամիսներ խեղդում էր։ Օգոստոսյան հետաքրքիր ընթացք էր «Սեբաստացիներ» կրթական համայնքի Միջին դպրոցում, որն էլ փրկեց մեկուսացման փակուղուց։ Այս մեծ կոլեկտիվը, որին հիմնականում ծանոթ էի, լայն ժպիտով և բաց թևերով ընդունեց մուտքս․ նոր աշխուժություն, շատ ժպիտներ, ու բոլորը պատրաստակամ են օգնել, տեղեկացնել, ուղեկցել, տալ, լսել, խոսել․․․ ի՜նչ մեծ ուրախությամբ սկսվեց ամենը՝ կրթահամալիրյան մշտական տոնածիսական տրամադրության պես, և սկսվեցին ընկեր Լուսինեի հետ մեր հանդիպումները, քննարկումները, ուսումնասիրությունները։

Գործունեությունն իրենից ենթադրում էր նոր առարկաներ, անհայտ ծրագիր, աշխատանք նոր տարիքային խմբերի հետ և շատ ինքնուրույնություն։ 6-8-րդ դասարանների սովորողների հետ մեր հանդիպումները «Մաթեմատիկա և երևակայություն», «Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկաների շրջանակներում էր լինելու, 20 տարբեր դասարանների հետ՝ յուրաքանչյուր դասարանում շաբաթական մեկ դասաժամով։ Անվանումներն ինքնին հուշում են, որ մի շարք ազատություններ ենք ձեռք բերում, բայց որքան մեծ է ազատությունը, այնքան ավելի մեծ է պատասխանատվությունը, ու սկսվեց մտորումների ու պրպտումների նոր շրջան։

Պետք էր առանցք, որի շուրջ կգրվեր առարկայի ծրագիրը։ Առարկայական չափորոշչի մտքից հրաժարվեցինք, քանի որ կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան արդեն կորոնավիրուսային օրերին համարժեք դասապրոցեսի  կազմակերպչական չափորոշիչներ էր մշակել, իսկ ինչ վերաբերում է սովորողների ուսումնական ընկալումների ինչ-որ չափումներին կամ «չափերի որոշմանը», դրանք փոխարինվեցին սովորողի կրթություն ստանալու իրավունքի գերակայությամբ, ՀՀ Կրթության մասին օրենքի ուսումնասիրությամբ՝ հիմք ընդունելով  կրթահամալիրի Միջին դպրոցի կանոնադրությունը և ուսումնական պլանը։

Ծրագրում  ներառվեցին  նպատակները, խնդիրները, դասերի թեմաները, հնարավոր միջավայրերը, որոնցում կարող էինք անցկացնել դասերը։ Մաթեմատիկական խնդիրների լուծումն էր լինելու հիմնական գործը, ինչպես նաև դրանց կազմումը՝ լուծելուց առաջ, բայց չպետք է անտեսվեր նաև տեսական կողմը, որին կհաջորդեին գործնական, հետազոտական աշխատանքները։ Առանցքում սովորողն է՝ մարդը՝ կրթություն ստանալու իր իրավունքով, մտածողության ազատումը այն մաթեմատիկական կաղապարներից՝ բանաձևերից, որոնք հաստատված գործիքներ են, բայց չեն օգնում խնդրի համակողմանի դիտարկմանը, ինչպես նաև այն կարծրատիպի կոտրումը, թե մաթեմատիկան սիմվոլների ու բանաձևերի խումբ է, որը պետք է անգիր անել, կամ կաղապար, որը տալիս է ուսուցիչը, և սովորողը այն արտատպելով՝ պիտի ինչ-որ հարցերի պատասխանի։

Առանձնացրինք մի քանի սկզբունք․

  • Յուրաքանչյուր  սովորողի ներառվածություն դասապրոցեսին, օտարման բացառում,
  • Նախագծային ուսուցում․ կրթահամալիրյան նախագծերի մասնակցություն,
  • Սպառողից ստեղծողի հոգեբանության անցում,
  • Սովորողի  բարձր մասնակցայնություն դասերի թեմայի, դասապրոցեսի կազմակերպման ձևի, միջավայրի ընտրության հարցերում,
  • Մոտիվացիայի ապահովում անհատական մոտեցմամբ՝ ըստ դասարանների և սովորողների նախասիրությունների,
  • Ստեղծագործականություն,
  • Ինքնուրույնություն։

Քանի որ յուրաքանչյուր դասարանում առարկաներին շաբաթական 1-ական դասաժամ էր տրվում, գլխավոր խնդիրներից էր սովորողի շարունակական  հետաքրքրվածության ապահովումը դասերի հանդեպ։ Շեշտը դրվեց կիրառական հատվածին, արդիականությանը և անպայման սովորողի ինքնուրույն աշխատանքին։ Թեմաներն ու աշխատանքը պետք է լինեին և՛ մատչելի, և՛ զարգացնող, և՛ չսահամանափակող, հստակ պետք է լիներ մաթեմատիկան՝ իր ոգևորիչ դերով, հմայքով, կարգով, դասավորվածությամբ, կարևորությամբ, օգտակարությամբ և գեղեցկությամբ։

Սեպտեմբերյան ծանոթությունը սկսվեց առարկայի ներկայացմամբ, և որպեսզի եռամսյակից ավել տևած թագավարակային փակ հանգստից հետո անցումը լիներ սահուն, և ես հասկանայի սովորողների մոտիվացիան ու ներառվածությունը, ընկալումն առհասարակ իրենց կրթության մասին,  իրավական քննարկումներ ունեցանք «Կրթություն ստանալն իմ իրավունքն է» ուսումնական նախագծով։ Նախագծին ակտիվ մասնակցություն ունեցան, սկզբում անսպասելիություն ու զարմանք էր, թե ինչո՞ւ պիտի խոսեն այդ իրավունքի մասին, մի մասը մտածում էր, որ գալիս են դպրոց, որովհետև պիտի գան, մի մասի կարծիքով՝ իրենց ծնողներն են որոշել, իրենք էլ համաձայնել են կամ եկել են, ոմանք լավ էին զգացել, որ հնարավորություն են ունեցել հեռավար անել դասերը՝ ընտանեկան դպրոցի շրջանակներում։ Հետո ուսումնասիրեցինք Մարդու իրավունքների Ժնևյան կոնվենցիան, այդ թվում՝ կրթության իրավունքը։  Քննարկումների ավարտին հնչեցին նաև նմանօրինակ մտքեր․ «տղերք, բայց էդ հետաքրքիր է չէ՞, որ գալիս ենք, որովհետև էդ մեր իրավունքն է, այսինքն`  մենք ավելի ուժեղ ենք դպրոցում, քան դասատուներն ու մնացածը»։  Հիմնականում համաձայնության եկան այն մտքի հետ, որ եթե իրավունք է, ուրեմն զենք է իրենց համար, շանս, կարևոր հնարավորություն շատ բան ունենալու։ Նախագծի ամփոփման համար նախատեսված էր նաև հանդիպում Շվեդիայից ժամանած հետաքրքիր փորձագետ Էմիլիի հետ, ով պրակտիկայի էր մի շարք ՀԿ-ներում և ուսումնասիրում էր կրթության իրավունքի իրացումը, բայց Էմիլին այդ ընթացքում «թագադրվեց», հետո սկսվեցին հեռավար դասեր, այնուհետև` պատերազմ, ու ձգձվեց մեր հանդիպումը մինչ այժմ։ Հուսանք՝ կհասցնենք լսել նրա ներկայացումը։

Սեպտեմբեր ամիսն 8-րդ դասարանի սովորողների հետ միմյանց ընդունելու և ընտելանալու շրջան էր։ Մեզ անհրաժեշտ էր համաձայնել՝ ինչպես կարգուկանոն պահպանել դասի ընթացքում, չխանգարել միմյանց, պահպանել պայմանագրով նախատեսված կետերը, հարգել միմյանց իրավունքները։ Հետաքրքրությամբ էին լսում, որ ես` որպես աշխատող, նույնպես պայմանագիր եմ կնքել, ունեմ մի շարք իրավունքներ և պարտականություններ` ինչպես իրենք, և ստանձնում եմ դրանք։ Հաճախ էր կարիք լինում զրուցել դասից դուրս՝ հասկանալու համար, որ ես մեկն եմ այն բոլոր դասավանդողներից, որոնք այստեղ սովորողի հետ համաձայնեցված աշխատելու համար են։ Դա դժվար էր ընկալվում նրանց կողմից, օրինակ՝ ինչո՞ւ են այս առարկան մի ժամի համար անցնում, ինչո՞ւ եմ ես իրենց մեկ-մեկ հարցնում՝ ձեր կարծիքով ի՞նչ մաթեմատիկական թեմայով ավելի հետաքրքիր կլինի հաջորդ դասը վարելը, եկեք միասին հասկանանք՝ խմբայի՞ն է ավելի լավ այս  խնդիրները լուծելը, թե՞ անհատական, ավելի ճիշտ ըմբոստանում էին, թե դա որոշելը իմ «պարտականությունն» է, էդ ի՞նչ «թիթիզ» հարցեր են։ Այս ամենը հաղթահարեցինք երկու կողմի «փոխզիջումներով», և այն հանգամանքը, որ կրթահամալիրը մյուս շատ դպրոցների համեմատ շատ կարևոր և արժեքավոր ազատություն է տալիս, որը մենք պիտի ընդունենք մեծ պատասխանատվությամբ, ընդունելի դարձավ․  ընթացքում ձևավորվեց  փոխադարձ սիրո և հարգանքի մթնոլորտ։

Հաջորդիվ իրականացվեցին ուսումնական այլ նախագծեր, որոնք հիմնականում մաթեմատիկայի պատմության շուրջ էին կառուցված․»Պատմական մաթեմատիկա»-ն պատմական տարբեր խնդիրներ լուծելու հնարավորություն տվեց, սովորողներից հաճախ լսում էի այն միտքը, որ «հին» մարդիկ ավելի խելացի են եղել, որովհետև նրանց խնդիրները լուծելու համար շատ պետք է մտածել։

«Համընդհանուր հարցում՝ հանրաքվե սեբաստացի կրթական բաց ցանցում» նախագիծը կրթահամալիրյան էր, որին հետաքրքիր զուգորդմամբ միացանք «Դիագրամներ» թեմայի շրջանակներում։ Սովորողները, օգտվելով հանրաքվեի մասնակիցների և արդյունքների իրական տվյալներից, կազմեցին դիագրամներ տարբեր ծրագրերի միջոցով։ Մեր ուսումնասիրության կենտրոնում MC Word, MC PP ծրագրերի «Դիագրամներ» բաժիններն էին, որոնց միջոցով էլ սովորողները կատարեցին փոքրիկ հետազոտություններ։ Սա օգտակար էր նաև մի արդիական խնդրի՝ իրական աղբյուրների հետ աշխատելու և իրական արդյունքներ ցույց տալու ձևավորման տեսանկյունից, քանի որ թե՛ դասագրքերում, թե՛ նույնիսկ մեդիայում հանդիպում ենք անհամար հորինվածքներ, որին հակադրվող մեդիագրագիտությունը Հայաստանում մխիթարելի վիճակում չէ։ Քանի որ նախագծի կատարումը  համընկավ պատերազմական օրերի հետ, որոշ սովորողներ նաև կազմեցին դիագրամներ հակառակորդի ռազմական տեխնիկայի կորստի վերաբերյալ։

Հաջորդիվ կրթահամալիրը նշում էր «Գրաբարի օրեր»։ Թեման հնարավորություն տվեց անդրադառնալ Անանիա Շիրակացուն, քանի որ նա Հայ միջնադարյան մաթեմատիկոս է, ում գրաբարով գրված խնդիրները հասել են մեզ։ «Գրաբարի օրեր․ Շիրակացի մաթեմատիկոսը» նախագծով կարևոր էր որդեգրել Շիրակացու սկզբունքը խնդիրներ կազմելու համար, քանի որ նրա խնդիրները պատմություններ են իրականության կամ անցյալում տեղի ունեցած դեպքերի մասին, նա չի հորինել։ Սովորողներն ընկալեցին, թե ինչպես կարելի է մաթեմատիկական խնդրի միջոցով պատմել իրականության մասին։ Նրանք վերհիշեցին մասերն ու կոտորակները՝ կարդալով Շիրակացու  մասին և լուծելով նրա հեղինակած հետաքրքիր խնդիրները։

«Մաթեմատիկա՝ ըստ միջավայրի» նախագիծը շատ ոգևորեց սովորողներին։ Այն վերածվեց դասասենյակից դուրս վարվող ոչ ֆորմալ դասերի, որոնք և՛ մոտիվացնում էին նրանց, և՛ հետաքրքրական դարձնում առարկան։ Դասեր անցկացրինք թենիսի սրահում, գրադարանում, բակային միջավայրում, «Քանդակների պուրակում», ֆուտբոլի դաշտում, Մարմարյա սրահում։ Դասարաններից մեկը միայն, որ կրկին ցանկանում էր ֆուտբոլի դաշտում անցկացնել դասը և կազմել էր ֆուտբոլի մասին շատ խնդիրներ, հեռավար ուսուցման ընթացքում դասն անցկացրեց տանը։ Խոստացել ենք լրացնել դասը գարնանը, քանի որ նրանք ինձանից «նեղացել» են և պահանջում են իրականացնել խոստացածը։

Առջևում կրթահամալիրյան օրեր էին։ Մենք որոշեցինք խնդրագիրք նվիրել։ Սովորողներից յուրաքանչյուրը Շիրակացու սկզբունքով պիտի խնդիրներ կազմեր կրթահամալիրի մասին՝ օգտագործելով միայն իրական տվյալներ։ Նրանց տրամադրվեց կրթական համայնքի գլխավոր  կայքը, դպրոցների և այլ բլոգներ, իսկ չգտնվող տեղեկությունը, որն անհրաժեշտ էր լինում իրենց, սովորողները որոշեցին խնդրել դպրոցների և կրթահամալիրի տնօրեններից։ Մենք մեդիագրագիտության փոքրիկ քայլերով կազմեցինք տարբեր խնդիրներ կրթահամալիրի մասին։ Շատ աշխույժ ընթացք էր․ դասերի ընթացքում վազում էին այս ու այն տեղեկությունը հարցնելու, նամակներ գրելու, կայքերում որոնելու, ներկայացնելու և ապացուցելու, որ «իրենցն ամենաճիշտն է»։

6-րդ դասարանի մեր «բկլիկները» երկար ժամանակ ընդհանուր հայտարարի չէին գալիս հարցի շուրջ, թե ում կազմած խնդիրներն ընտրեն որպես լավագույն, որպեսզի մոտենան խոհանոցին։ Արդյունքում ընտրվեց պիցցան՝ հեշտ, մատչելի, հարմար, և կոտորակների հետ գործողություններ կարող էինք անել որքան ուզեինք։ Մինչ կազմեցինք խնդիրներ, դրանք լուծեցինք, հեռավար դասերը փոխեցին կիրառության ժամկետը։ «Մաթեմատիկան խոհանոցում» նախագծով 6-րդ դասարանի սովորողների հետ պատրաստեցինք պիցցաներ։ Ընտրվեց Մարի Աղայանի առաջարկը։ Պատրաստման ընթացքը համընկավ կրթահամալիրի «Հարիսայի ծեսի>> հետ, և պատրաստելով մեր նախատեսած քանակից ավելի պիցցաներ, ներկայացնելով դրանք հյուրերին` զինվորների հիմնադրանի համար կազմակերպված բարեգործական վաճառք-դրամահավաքի ընթացքում ներկայացանք մեր ներդրումով։

Մենք պայմանավորվել էինք, որ դասավանդողը տեսուչ չէ, և ստուգումները ինքներս մեր ընթացքը վերլուծելու համար են։ Եռամսյա աշխատանքների մեր ընթացքին հետադարձ հայացք գցելու համար «Ստուգատեսային շաբաթ․ աշխատանքների ստուգում» կատարեցինք՝ պատասխանելով 8 հարցի, որի հիման վրա էլ ընտրեցինք դեկտեմբերյան մեր նախագծերը՝

Սովորողները որոշել են լրացնել բոլոր բացթողումները, որոնք ունեցել են այս «խառը» ամիսների ընթացքում։

Ֆլեշմոբների քննարկումը կախված է սովորողների հարցերից․ եթե դասարանը դեռ չի հասցնում քննարկել ամսվա ֆլեշմոբային խնդիրները կամ մասնակցած չի լինում դրանց  մաթեմատիկայի դասերի ընթացքում, պարտադիր անդրադառնում ենք առաջադրանքներին մեր դասաժամերի ընթացքում՝ ամփոփելով հիմնականում բանավոր։ Շատ հետաքրքիր են ֆլեշմոբային խնդիրների վերհիշումն ու լուծումը, երբ ցանկանում ենք մրցել խմբերով, համագործակցել, բանավիճել, քննարկել։ Կարգապահության պատասխանատուն «խստորեն» խմբերին զրկում է միավորներից աղմկելու դեպքում․ լավ է, որ սովորողները արդարությունն ավելի շատ են սիրում և չեն բողոքում։

Ինչ վերաբերում է գնահատման կարգին, մենք գիտենք, որ ամփոփվելու է ստուգարքով, բայց դրան պետք է «հասնել», որը դժվար չէ, ընդամենը անհրաժեշտ է մասնակցած լինել նախագծերի։ Յուրաքանչյուր ամսվա համար որոշել ենք սահմանել 1 միավոր, եթե աշխատանքները բավարար արված են, 0` եթե արված չեն։ Ըստ ստացված միավորների էլ կորոշվի ստուգարքն անցնելու հնարավորությունը։ Այս կարգը դեռ պետք է համապատասխանի նաև դպրոցի և կրթահամալիրյան ընդհանուր գնահատման կարգին, որը քննարկում ենք։

Դասերի ընթացքում չկենտրոնացանք նաև աշխատանքների արագության ու ծավալի վրա։ Գրավոր և բանավոր հատվածները համաչափ են ընթանում, հիմնականում լուծում ենք խնդիրներ կամ կատարում փոքրիկ որոնողական հետազոտություններ, որոնց կենտրոնում, իհարկե, մաթեմատիկայի դիտարկումն է։ Սովորաբար սովորողներն ավելի ակտիվ և հետաքրքրված են բանավոր քննարկումներով, խմբային աշխատանքներով, որոնց նպատակը փոխօգնությունն ու համագործակցային հմտությունների ձևավորումն է: Խնդիրների բանավոր լուծման ժամանակ շատ ենք անդրադառնում խոսքի մշակույթին, որպեսզի հայերեն կապակցումը լինի գրագետ, մաթեմատիկական ճիշտ կառուցվածքով, հասկացությունների ճիշտ ընկալմամբ։ Քննարկումների ընթացքում ծանոթանում ենք կիրթ բանավիճելու «արվեստին»՝ լսել միմյանց հարգալից, կարծիքների բախումները չհանգեցնել վեճերի, չաղմկել միասին, խոսել հերթականությամբ՝ հարգելով յուրաքանչյուրի տարակարծության իրավունքը, և աշխատել բոլոր հնարավոր հմտություններով ու գիտելիքներով, ապացուցել պնդման ճշմարտացիությունը։

Այսպիսով՝ ընդհանուր ընթացքը այս ուսումնական շրջանում և տարվա մարտահրավերների համեմատ, կարծում եմ, հիմնականում ձեռքբերումների ընթացք եղավ։ Մեծ բացթողումը, որն անընդհատ մտքումս է, բայց դեռ չհասցրի լրացնել, ճամփորդությունների պակասն էր, որն անչափ կարևոր է, և նախատեսում ենք լրացնել հունվարյան ճամբարի ընթացքում, ինչպես նաև` գարնանը։ Դժվարությունները հիմնականում թեթև ու հաղթահարելի եղան այս տարի, որի համար բարձր եմ գնահատում թե՛ կոլեգաներիս մոտեցումը «նորեկի» հանդեպ, թե՛ ծրագրի ղեկավար Լուսինե Բուշի շարունակական խորհուրդներն ու աջակցությունը՝ պարզ, անկեղծ, հետաքրքրված և սրտացավ։ Դե, սիրելի կրթահամալիրում օգտակար և հաճելի է միշտ և միշտ։

Առողջ, կամքով-կյանքով, ժպիտով և սիրով լեցուն․ 2021-ի նվաճումները մեր ձեռքում են։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский