Ապրումակցային մանկավարժություն

Մանկավարժությունը մասնագիտություն այդպես էլ չկարողացա ընկալել։ Մանկավարժ կրթությա՞մբ են դառնում, ստացած վկայականո՞վ... Եթե այդպես է, ինչո՞ւ են այսօր այդքան քիչ լավ մանկավարժները, երբ մանկավարժի վկայական ունեցողների շարքերն անընդհատ ավելանում են: Այն, որ մանկավարժը իր դասավանդած գործունեության լավ մասնագետը պիտի լինի, չեմ քննարկում: Դա, իհարկե պարտադիր պայման է: Բայց լավ մանկավարժ լինելու համար դա քիչ է, շատ է քիչ, բավարար չէ:

Իմ հստակ պատկերացմամբ մանկավարժությունը մարդասիրական մասնագիտություն է, որտեղ ոչ սիրառատ մարդը, անկախ իր մասնագիտական որակներից, անելիք չունի: Ի՞նչ գիտություն, մեթոդներ, հնարքներ կարող են քեզ լավ մանկավարժ դարձնել, եթե մարդու նկատմամբ ապրումակցումը չունես։ Ուսուցչությունը ինձ համար կրտսեր ու ավագ, կենսափորձով ու անփորձ, ավելի հմուտ և դեռևս հմտություններն ամբողջականորեն չձևավորած մարդկանց բնական, չպարտադրող, բայց միևնուն ժամանակ՝ ոգևորող, ընդառաջող, բարեհոգի֊բարյացակամ, իհարկե նաև խստապահանջ  հարաբերություններ են։ Եվ իմ կարծիքով, այս գործում հաջողում են բարեհոգի, ջերմ, անչար, հետևողական մարդիկ, ում համար սովորողները դառնում են մի սիրելի ընտանիք՝ իր դժվարություններով, հաջողություններով ու ձախողումներով, ուրախություններով ու հիասթափություններով։ Ընտանիք, որտեղ բոլորը բոլորի ձեռքբերումներով ուրախանում են, անհաջողություններից՝ տխրում, դժվարությունների դեպքում՝ օգնում։ Իսկ նա, ով ուզում է օգտակար լինել, ով սրտացավ է, ով պատասխանատու է իր գործի և մարդու նկատմամբ, չի կարող մեթոդներ, լուծումներ, մոտեցումներ չգտնել՝ ուսումնական գործը արդյունավետ կազմակերպելու։ Եթե ինչ-որ բան դու քո խնդիրն ես համարում և մեծ ցանկություն ունես լուծելու, ո՞նց պիտի լուծումը չգտնես։

Վերջերս Մանկավարժական ակումբում քննարկում էինք Ջոն Հոլթի «Մանկական անհաջողությունների պատճառները» գրքի մի հատվածը։ «...Սարսափելին այն է, որ երեխաների նկատմամբ ազնիվ լինելու պարտավորություն չենք զգում: ...Եթե երեխային խնդրեք, որ դադարեցնի ինչ-որ բան անելը, քանի որ դա ձեզ շեղում է, հավանաբար, կդադարեցնի առանց որևէ խոսքի, քանի որ գիտի, թե դա ինչ է»,-ասում է Հոլթը:  Այո, համաձայն եմ, փորձից գիտեմ: Մանկավարժության մեջ,  ինչպես մարդկային բոլոր հարաբերություններում, անկեղծությունը կարևոր պայման է: Ինչո՞ւ հնարավոր չէ պարզ հարաբերություններ հաստատել սովորողների հետ, անմիջական ու անկեղծ լինել:

Դասարանում՝ ուսումնական պարապմունքի ընթացքում, ինչ-որ բան եմ ասում՝ կապված սովորողների անելիքի հետ:
Սովորողը համակարգչի վրա արագ-արագ ինչ-որ բան է մուտքագրում: Ստեղնաշարի տկտկոցը խանգարում է: Մտքերս չեմ կարողանում հավաքել: Ստիպված եմ խնդրել, որ դադարեցնի աշխատելը:
- Բայց ես լսում եմ ձեզ: Ուզո՞ւմ եք, ասեմ՝ ինչ եք ասում:
- Հավատում եմ, որ լսում ես: Բայց գիտե՞ս, ես չեմ կարողանում մտքերս հավաքել, շեղում են ինձ քո շարժումները և ստեղնաշարի ձայնը:
Ասում եմ այն, ինչ որ իրականում կա: Չեմ ասում՝ մի զբաղվիր այլ բանով, երբ ես խոսում եմ, կամ՝ դու իրավունք չունես այլ բանով զբաղվելու մայրենիի դասաժամին և այլն: Չեմ ասում, որովհետև այդպես չեմ էլ մտածում: Ամեն ինչ շատ ավելի պարզ է. ինձ խանգարում են շարժումն ու ձայնը: Եվ ասում եմ հենց դա: Սովորողը առանց հակաճառելու, անխոս, արագ փակում է համակարգիչը: Հասկացավ ինձ: Լարում չառաջացավ: Շարունակեցինք աշխատել:

Երբ ուսուցիչ-սովորող հարաբերությունների մեջ մտնում է ապրումակցումը, այդ հարաբերությունները մարդկայնացվում են, հեշտանում են, դրանց մեջ նյարդ չի մտնում: Համագործակցելը հեշտանում է։ Ի վերջո՝ ուսուցումը համագործակցություն է, միասին նույն, ընդհանուր գործի տարբեր  գործառույթներ են ենթադրում։ Ինչո՞ւ ենք մենք՝ ուսուցիչներս, վախենում, խուսափում մտերմիկ, մարդկային հարաբերություններից։ Դա խանգարո՞ւմ է ուսումնական գործին, ինչո՞ւ։ Ի՞նչն է վատ էդտեղ։ Անհանգստանում ենք, որ հարգա՞նքը կպակասի: Սովորողը մեր գլխի՞ն կնստի: Իմ փորձը այլ բան է ցույց տալիս։ Ես իմ սովորողների հետ երբեք պաշտոնական հարաբերությունների մեջ չեմ լինում, բայց երբևէ իմ երկարատև ուսուցչական գործունեության մեջ չեմ ունեցել այնպիսի դեպք, երբ սովորողը հարգալից հարաբերությունների սահման է անցնում՝ չարաշահելով իմ խաղաղ, մտերմիկ մոտեցումը։

Ես կարևորում եմ իրար յուրայնացնելը՝ յուրային դարձնելը, իրար զգալը, իրար աջակցելը, իրար խնայելը...  Ես չեմ խուսափում սովորողներին ասելուց, որ ինձ համար դժվար է բարձր խոսելը, որ կոկորդս ցավում է, որ միտքս արտահայտելու համար լռություն է պետք, որ ինձ նեղացնում է, որ իրենք իրար նկատմամբ նրբանկատ չեն, չեն լսում իրար, որ... Մի խոսքով՝ այն, ինչ մտածում եմ: Ոչ թե՝ դուք պարտավոր եք լռել, իրար և ինձ լսել, սա՞ ինչ բան է, այլ՝ եկեք օգնենք իրար, ինչո՞ւ չխնայենք իրար, ինչո՞ւ նեղացնենք ու նեղանանք...

Իսկ իրար յուրային դարձնելու ձևերը տարբեր են։
Ալբերտը սովորում է իմ վեցերորդ դասարանում։ Սովորելու հետ այդքան էլ հավես չունի։ Գլուխ պահելու վարպետ է։  Բոլորն ինքնուրույն աշխատում են։ Ալբերտի հայացքը երբեմն-երբեմն կանգ է առնում ինձ վրա։ Զգում եմ, որ  ինչ-որ բան ունի ինձ ասելու, կարևոր բան։  Տեսնում եմ, որ նստած է, ոչինչ չի անում։ Հազիվ թե դասի հետ կապված հարց ունենա։ Բայց ակնհայտ է, որ ուզում է ինչ-որ բան ասել։ Դասարանում քայլելու, սովորողների աշխատանքին հետևելու ընթացքում մոտենում եմ Ալբերտին։ Ձգվում է դեպի ականջս։ Շշնջում է․
-Գիտե՞ք,մենք եռյակ ենք ունենալու։
Էնքան քնքշություն, ուրախություն կա ձայնի մեջ՝ հուզելու աստիճան։ Ալբերտը իրենց ընտանիքի միակ երեխան  է։
- Լո՞ւրջ, Ալբերտ, էդ ի՜նչ լավ լուր ասացիր։
Սրտանց ուրախանում եմ Ալբերտի և իր ընտանիքի համար: Իսկական ավետիս: 
Եվ ամեն օր՝ դասի ընթացքում, պահ եմ գտնում՝ Ալբերտին մոտենալու։ Հարցուփորձս ուղղված է մայրիկի առողջությանը, եռյակի վիճակին, նրանց ծնվելու ժամանակին․․․ Ալբերտը պատմում է ոգևորված, շշուկով՝ որպես իմ ու իր գաղտնիք:․Ուզում է, որ եռյակներից մեկը տղա լինի, երկուսը՝ աղջիկ, որ իրենք դառնան երկու եղբայր, երկու քույր... Որքան էլ հետաքրքիր է, Ալբերտը սկսեց մայրենիի առաջադրանքները կամաց-կամաց կատարել։ Մեր եռյակի մասին խոսակցության արանքում հասցնում էինք խոսել նաև առաջադրանքի, դրա կատարման դժվարությունների մասին։ Գուցե Ալբերտի մոտ իր ուրախությունը կիսելու երախտագիտության զգացո՞ւմն էր իմ նկատմամբ, ինձ համար ինչ-որ լավ բան անելու ցանկությո՞ւնը․․․ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Բայց Ալբերտը սկսեց քիչ, թե շատ աշխատել։ Մի բան, որ թվում էր, թե հազիվ թե ստացվի։

Իսկ սովորողների հետ ընդհանուր խոսակցության թեմա միշտ է լինում։ Այս մեկի եղբորն եմ դասավանդել տարիներ առաջ, այս մյուսի շարադրությունից պարզ է դառնում, որ ինքը մեր գյուղում է հանգստանում ամռանը, այս մյուսը ինքն է անկեղծանում ինչ-որ հարցի հետ կապված... Եվ հավատացեք, այսպիսի շփումը հարազատության էնպիսի մթնոլորտ է ստեղծում, որ միասին ցանկացած անլուծելի թվացող  խնդիր դառնում է լուծելի:
9-րդ դասարանցի Վահանենք Գողթում տուն ունեն, մենք՝ Գառնիում: Նույն տարածաշրջանում ենք, և մեր բնությունը ընդհանուր է: Ընդհանուր են նաև մեր օձերը, օրինակ՝ գյուրզան: Այ, էստեղ Վահանն իմ նկատմամբ մե՜ծ առավելություն ունի: Ես սարսափում եմ օձերից, ինքը՝ ոչ: Ես իրեն բացատրում եմ, թե ինչպես անի մայրենիի առաջադրանքները, ինքը՝ ինձ, թե ինչպես տարբերեմ գյուրզան մյուս օձերից և ինչպես զգուշանամ նրանից: Ահա էսպես աշխատում ենք ես ու համակարգչային խաղերի սիրահար իմ Վահանը:

Միշտ կան և կլինեն քեզ, քո տեսակին և աշխարհայացքին առավել մոտ, առավել սիրելի սովորողներ։ Հոլթն ասում է՝ դա բնական է, դա թաքցնել պետք չէ։ Եվ իրականում չես էլ կարող։ Սիրելիներ միշտ են լինում, բայց հարազատ են բոլորը: Եվ մեծ հաշվով կարևորը օգտակար լինելն է։ Դա սիրո լավագույն արտահայտություններից մեկն է: Սովորողը պիտի զգա, տեսնի քո ուրախությունը, ոգևորությունը իր առաջընթացի, իր ճիգի, ցանկությյան համար։ Պիտի ունենա այն զգացողությունը, որ ինքը քեզ համար միևնույնը չէ, դու անտարբեր չես իր, իր հաջողությունների, իր դժվարությունների նկատմամբ: 

Կարևոր է կրթությունից դուրս նետել ձևականությունները՝ ձևականությունը մոտեցումների, հարաբերությունների, քարացած սովորույթների, ոչ մի բան չտվող կարգերի ու պարտադիր պահանջների...

Օրինակ՝ ԱՈՒՊ-ները՝ անհատական ուսումնական պլանները, որտեղ նշվում է նաև կարիք ունեցող սովորողի՝ յուրաքանչյուր առարկայից  առաջընթացը։ Ուսուցման անհատականացումը կրթության կարևոր բաղկացուցիչ է: Բայց ինչո՞ւ է դա հատկապես կապվում սովորողների մի խմբի՝ հատուկ կարիք ունեցող սովորողների հետ: Ինչո՞ւ յուրաքանչյուր սովորող ԱՈՒՊ չունի, որտեղ նշվեն նրա ձեռքբերումները: Հիմա կասեք՝ դա այդքան սովորողի համար կազմել հնարավոր չէ: Այդ դեպքում ոչ մի սովորողի համար էլ մի կազմեք, հատկապես, որ դա հաճախ ձևական բնույթ է ունենում: Մարդիկ դա լրացնում են իներցիայի ուժով, մի քանի ստանդարտ ձևակերպումներով, որովհետև իրականում հնարավոր էլ չէ դանդաղ զարգացող մարդու աճը ֆիքսելը: Կամ ասում ենք՝ հատուկ կարիքով սովորողների համար առանձին փաթեթներ է պետք կազմել։ Սա միանշանա՞կ պնդում է: Եվ կարո՞ղ է մանկավարժության մեջ միանշանակ բան լինել:

Հավուր պատշաճի կազմեցի այդպիսի մի փաթեթ: Փորձեցի այնպես անել, որ փաթեթի վերնագիրը չակնարկի, թե ում համար է կազմված:  Փաթեթը վերնագրեցի՝ «Ձեզ համար»: Թեթև, գործնական, պարզ, մատչելի փոքրիկ առաջադրանքներ են՝ մատչելի իմ դասարանում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողներին: Բայց արի ու տես իմ դասարանի ոչ մի հատուկ կարիքով սովորող չցանկացավ օգտվել այդ փաթեթից: Չցանկացան առանձնանալ։ Ուզեցին իրենց մյուս ընկերների հետ աշխատել։ Եվ դա այնքան բնական է։ Ինչո՞ւ պիտի ցանկանային։ Կանեն այնքան, որքան կկարողանան, կօգնեն ընկերները։ Ինչո՞ւ առանձնանան։ Հատկապես, որ իրենք չունեն այն գիտակցումը, որ իրենք չեն կարող, իրենք առանձնանում են, ուրիշ են։ Իսկ դրա փոխարեն սփյուռքից եկած երկու սովորողները և մի տղա, ում ընտանիքը ռուսախոս է, և ինքը դժվարություններ ունի հայերենի յուրացման հետ, սիրով ընտրեցին այդ ուսումնական փաթեթը։ Ոչ մի թերարժեքության զգացում։ Իրենց համար դա հարմար է, մատչելի է, արդյունավետ է։ Եվ սիրով որոշ ժամանակ աշխատեցին այդ առաջադրանքներով։ Հետաքրքիր էր նաև, որ սովորողներից եղան նաև ընդունակ ու կարող սովորողներ,  որ կարճ ժամանակով ցանկացան աշխատել դրանցով։ Գուցեև հետաքրքիր է երբեմն դժվարություն չպարունակող, թեթև, հավեսի համար գործ անել։ Ի՞նչ իմանաս։

Այնպես որ, մանկավարժությունից դեն նետենք արհեստականությունը, ձևականությունը, իներցիայի ուժը և վստահենք ուսուցչի մտքին և սրտին: Եվ ամեն ինչ կընկնի իր տեղը:

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский