Կենտրոնական Ասիայի մեծ մանկավարժների մանկավարժական հայացքները
Primary tabs
Կրթությունը հասարակական համակարգ է, որն անմիջականորեն մշակում, համախմբում և իրականացնում է մարդկային մշակույթի կանոններ և դրանց միջոցով` մանկավարժի և աշակերտի հարաբերությունների որոշակի համակարգ: Ահա` ինչու այդքան կարևոր է ստույգ սահմանել այս գործընթացի պատմական արմատները:
Մարդասիրության գաղափարները վաղուց սնուցում են հայրենի մանկավարժական մշակույթը՝ դառնալով պատմամշակութային ավանդույթ: Այս գաղափարների զարգացման գործում նշանակալից դեր են խաղացել միջնադարյան, Արևելքի գիտնականների և մտածողների գիտական աշխատանքները:
Ըստ պարսիկ մաթեմատիկ, մեխանիկ և աստղագետ Նասիր ալ-Դին Թուսիի (1201-1274)` գիտությունը հայտնագործություն է` իրականությունը ճիշտ ներկայացնելու համար, այն մարդու ստեղծագործական մտքի և առողջ մտածողության արդյունք է: Թուսին ընդգծում էր գիտական գիտելիքներն օգտագործելու անհրաժեշտությունը և դրանց արդյունքները կյանքում:
Մերձավոր և Միջին Արևելքի միջնադարյան ականավոր գիտնականների համաստեղությունը նշանակալի ներդրում է ունեցել «Աստված և մարդ», «մարդ և բնություն» հարաբերակցության խնդիրների զարգացման գործում:
«Մարդը, - ասում էր Ահմեդ ալ Բերունին (973-1050),- երբեք չի օգտվի արտաքին երկրպագությունից` առանց գիտելիքների փորձի, առանց սովորելու տարբերակել իրականը ստից»:
Առավել հետևողական և համարձակ են միջնադարյան Արևելքի մեկ այլ խոշոր գիտական ներկայացուցչի` Աբու Ալի Իբն Սինայի (980-1037) հայացքները: Նա իր «Հրահանգներ և ցուցումներ» աշխատությունում պնդում է` անհատը, նախքան իրեն մարդ համարելը, պետք է հասկանա, թե ինչի շնորհիվ է մարդ անվանվում: Սովորաբար մտածում են, որ մարդու էությունը նրա մարմինն է, նրա արտաքին օրգանները: Սակայն, գիտնականն ասում է, որ դիտարկումների արդյունքում պարզվել է, որ մարդու էությունն այն է, ինչի շնորհիվ մարդը դառնում է մարդ․ այդ էությունը մարդու մեջ գլխավոր է դառնում:
Մարդկանց գործունեությունն ու վարքն ուսումնասիրող գիտությունները նրանք անվանել են գործնական փիլիսոփայություն: Այստեղ ներառված էին քաղաքացիական քաղաքականությունը, բարոյագիտությունը և ընտանեկան կացութաձևը:
Ֆարաբին, մասնավորապես, վերլուծելով մարդու բնույթը, բազմակողմանի է դիտարկում դրանք՝ կենսաբանական, հոգեֆիզիոլոգիկան, հոգեբանական, և վերջապես հասարակական- քաղաքական տեսանկյունից։ Գիտնականը պնդում էր, որ մարդը բնությունից օժտված է ունակություններով, որոնց շնորհիվ նրա գործողությունները, հոգեկան դրսևորումները, վարքը կարող են լինել այնպիսին, ինչպիսին պիտի լինեն, անգամ` խեղաթյուրված: Հետևաբար, մարդը կատարում է ոչ միայն լավ, այլև՝ վատ արարքներ:
Ֆարաբին (873–950) իր աշխատություններում բավական արտասովոր կերպով էր մոտենում մարդու խնդրին և նրա դաստիարակությանը: Հենց այս խնդիրներն էին, որ բարդ էին նրա փիլիսոփայական համակարգում: Ինչպես տրամաբանությունը պետք է բացատրի մարդկային ճանաչողության սկզբունքները, այնպես էլ բարոյագիտությունը պետք է հաստատի մարդու վարքի հիմնական կանոնները։ Հանրագիտարանների մեծ գիտակը պնդում էր, որ միայն մարդկային բանականությունն է որոշում, թե ինչն է լավ և ինչը` վատ:
Այս մարդասիրական գաղափարների զարգացման գործում նշանակալի ներդրում էր ունեցել Բերունին: Նա պնդում էր, որ առանց գիտական գիտելիքների, մարդը կասկածի տակ է դնում իր էությանը: Գիտությունը կենդանի էակների նկատմամբ մարդու գերազանցությունն է, ինչպես նաև` ողջ կյանքի ընթացքում գոյության սկզբունքը: Ըստ Բերունու՝ մարդու արժեքի հիմնական չափանիշը գործն է, աշխատանքը:
Սահմանելով գիտական կրթությունը ՝ որպես մտավոր և բարոյական զարգացման կարևորագույն միջոցներից մեկը, արևելյան գիտնական-հանրագիտականները շատ ժամանակ են նվիրել ուսուցչի բարոյական կերպարի, ուսուցչի և աշակերտի փոխհամագործակցության հարցերին:
Ըստ Ալ-Ֆարաբիի՝ մանկավարժությունը դաստիարակվող մարդու կամքի և ցանկության՝ որոշակի ուղղությամբ համապատասխան միջոցներով և մեթոդներով կառավարելու արվեստ է, իսկ մանկավարժը ղեկավար է, դաստիարակ, ուսուցիչ:
Ալ -Ֆարաբին ասում էր, որ դաստիարակչական գործընթացը, որպես կանոն, պետք է կառավարվի, ղեկավարվի փորձառու ուսուցչի կողմից: Նա գրում է. «Ելնելով այն մտքից, թե ինչ է ասվել անհատի տարբեր առանձնահատկությունների մասին, պարզ է դառնում, որ յուրաքանչյուր մարդու բնորոշ է ճանաչել երջանկությունը և իմանալ բաներ, որոնք անհրաժեշտ են: Դրա համար պահանջվում է ուսուցիչ և դաստիարակ: Ոմանք միայն խթանի կարիք ունեն, մյուսները` մանրամասն միջամտության»: Ֆարաբին, իրենց գործին անբարեխիղճ մոտեցողներին, համարում էր հարգանքի անարժան:
Ֆարաբին մատնանշում էր ուսուցչի և պետության իմաստուն առաջնորդի գործառույթի նմանությունը: Վերջինիս նման ուսուցիչը պետք է լավ հիշողություն ունենա, հիշի այն ամենը, ինչ տեսնում է և լսում, նա պետք է ունենա խորաթափանց միտք, արտահայտիչ խոսք: Ուսուցչի հատուկ որակը պետք է լինի գիտությամբ զբաղվելու սերը, իր գիտելիքներն աշակերտներին փոխանցելու ցանկությունը ՝ առանց հոգնելու կատարած աշխատանքից: Ուսուցիչը պետք է ունենա բարոյական որակներ, ձեռնպահ մնա սպիրտային խմիչքից, պաշտպանի ճշմարտությունը, ատի սուտն ու անարդարությունը: Պատվի, արդարության և առաքինության հասկացությունները պետք է կարևոր լինեն նրա համար: «Նման մարդը, - նշում էր Ֆարաբին, - ունի մարդկային կատարելության բարձրագույն աստիճան և երջանկության գագաթին է: Այս մարդը հենց այն անձն է, ում հայտնի է ցանկացած գործողություն, որի օգնությամբ կարող եք երջանկության հասնել»:
Իբն Սինան ավելի շատ ուշադրություն է դարձրել երիտասարդության կրթության և դաստիարակության գործում ուսուցչի դերին: Նա ուսուցչի անհատականության համար մի շարք պահանջներ է ձևակերպում.
1) Ուսուցիչները, երեխաների հետ աշխատելիս, պետք է չափավորություն պահպանեն։
2) Ուսուցիչը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի, թե ինչպես է աշակերտը կյանքում գործածում սովորածը։
3) Ուսուցման գործընթացում ուսուցիչը պետք է կիրառի աշխատանքի տարբեր մեթոդներ և ձևեր։
4) Ուսուցիչը պետք է հաշվի առնի յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները և հետաքրքրություն առաջացնի ուսումնական գործընթացում։
Գիտնականն ուսուցչից պահանջում էր, որ նրա մտքերը հասանելի լինեն բոլոր լսողներին: Ըստ գիտնականի՝ յուրաքանչյուր խոսք պետք է ուղեկցվի դիմաշարժությամբ և ժեստերով, քանի որ այդպիսի եղանակներով ուսուցումը ավելի մատչելի է, երեխաների մոտ առաջացնում է հուզական անդրադարձ:
Ուսուցչի և աշակերտի փոխհարաբերությունների հարցերի մեկնաբանումը հետաքրքիր է Նասիր ադ-Դին Թուսիի «Հորդոր սովորողին ուսման ճանապարհին» գիտական շարադրանքում: Նա շեշտում է, որ աշակերտը պետք է ապավինի ուսուցչին, քանի որ ուսուցիչը գիտելիք ձեռք բերելու մեծ փորձ ունի, և հենց այդ փորձն էլ հուշում է նրան, թե ում և ինչպիսի գիտելիքներ պետք է առաջարկի: Մարդասեր գիտնականը շեշտում է, որ ուսուցման և դաստիարակության գործում անհրաժեշտ են աշակերտի և ուսուցչի համատեղ ջանքերը: Աշակերտը պետք է ջանքեր գործադրի` հասկանալու և մտապահելու ուսումնասիրվող նյութերը: Թուսին պնդում էր, որ աշակերտը պետք է լինի ձգտող, ջանասեր և համառ:
«Սովորողների դաստիարակության մասին» գիտական աշխատության մեջ Թուսին ապացուցում էր, որ ուսուցիչը իր վրա պատասխանատվություն է վերցնում` աշակերտների գիտակցության վրա ազդելու: Նրա հիմնական խնդիրն է նվաճել աշակերտների համակրանքը և նրանց հավատը:
Թուսին պահանջկոտ էր նաև ուսուցչի կարողությունների հարցում: Նա անհրաժեշտ էր համարում ապացույցների վրա հիմնված փաստարկներով քննարկումների անցկացման կարողությունը, խոսքի կատարելությունը, նյութի շարադրանքի տրամաբանությունը և գիտական մտահորիզոնի ընդարձակությունը: «Անթույլատրելի է, - գրել է գիտնականը, - որ ուսուցչի խոսքը չար կամ դաժան լինի: Դասի ժամանակ չզսպվածությունը կարող է վնասել գործին»:
Ուլուգբեկի մանկավարժական գաղափարները սերտորեն կապված են նրա՝ որպես գիտնականի, գործնական աշխատանքի հետ: Նա անհատի բազմակողմանի զարգացման կողմնակիցն էր, հավատում էր մտքի անսահման հնարավորություններին: Զարգացնելով դաստիարակության կարևորության գաղափարը մարդու կյանքում` Ուլուգբեկը ընդգծում էր ուսուցման և դաստիարակության կարևորությունը, բայց` իմաստունի և հմուտի դաստիարակության: Դասավանդման տարբեր եղանակների և մեթոդների շարքում Ուլուգբեկը կարևորում էր ուսուցչի կենդանի խոսքը: Նա այն կարծիքին էր, որ ուսուցչի պատմածը պետք է լինի ամբողջական, հիմնավորված, մատչելի ըմբռնումով և շարադրանքի անբռնազբոսիկությամբ, բայց, միևնույն ժամանակ, գիտական դրույթները պետք է բացահայտվեն խիստ հաջորդականությամբ: Եզրակացությունները պետք է լինեն ամփոփ և համոզիչ: Յուրաքանչյուր դոգմատիկ և սխոլաստիկ շարադրանք մերժվում էր նրա կողմից` համարվելով վնասակար և անթույլատրելի:
Հումանիտար մանկավարժական մշակույթի գաղափարների ձևավորմանը նպաստեց Արևելքի խոշորագույն լուսավորչի` Ալիշեր Նավոյի ստեղծագործական և գիտական գործունեությունը: Նրա առաջադեմ գործունեությունը հայրենական մշակույթի բնագավառում շատ բազմազան է՝ ուզբեկական գրականության հիմնադիր, մտածող, գիտնական, նկարիչ, երաժիշտ, պետական գործիչ: Նավոյի մանկավարժական գաղափարներն առանձնանում են մեծ հումանիզմով: Նրա պատկերացմամբ՝ մարդը աշխարհի ամենաբարձր, ազնվական էակն է, իսկ երեխան այն լուսատուն է, որը լուսավորում է տունը, ուրախություն է բերում ընտանիքին: Սեփական երեխաներին սիրելը բավարար չէ, մարդը պարտավոր է սիրել բոլոր երեխաներին`ապագա սերնդին: Նա նշում էր, որ երեխան չի կարող լավը տարբերել վատից, ուստի մեծ է ուսուցչի դերը, որը բարերար կերպով կազդի նրա վրա: Տգետ ուսուցիչը մեծ պատուհաս է դպրոցի համար: Ուսուցիչը պետք է ոչ միայն ունենա կատարյալ գիտելիքներ, այլև՝ օրինակ լինի բոլորի համար:
Ըստ Նավոյի՝ դաստիարակության նպատակը երիտասարդ սերնդին հետագա ստեղծագործական կյանքին նախապատրաստելն է, որն անհնար է առանց լավ կրթության, մարդկային լավագույն հատկությունների տիրապետման ու մարդկանց երջանկության համար պայքարի: Նա բոցավառ կոչեր էր անում երիտասարդներին՝ ուսումնասիրել գիտությունները և զարգացնել բանականությունը: «Գիտելիքն ու իմաստությունը մարդու զարդն են»: Նավոն իսկական մարդու ամենաարժեքավոր հատկություններից մեկը համարում էր աշխատասիրությունը: Նա պնդում էր, որ աշխատանքը զարդարում է մարդուն, աշխատանքի շնորհիվ մարդը կատարելագործվում է և հասնում որոշակի բարձունքների:
Արևելյան մանկավարժական մտքի հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս, որ մանկությունից ձևավորված մարդու ինքնագնահատականը, արժեքներին հասնելը, երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքը պատմամշակութային մանկավարժական ավանդույթների անկապտելի մասն են:
Մշակութամանկավարժական ավանդույթների զարգացման ուսումնասիրումը, իմաստավորումը օգնում են խորությամբ ըմբռնել ժամանակակից խնդիրները: Մանկավարժական գործունեության մեջ մշակույթի միավորող էությունը հասկանալուն մեծապես օգնեց ծանոթությունը պատմամշակութային ավանդույթներին, որոնք մարդու անձը համարում են բարձրագույն արժեք, այդպիսի անձի զարգացումը` որպես նպատակ, իսկ ժողովրդավարական մանկավարժական մշակույթը՝ որպես անհատի իրական գոյության միջոց:
Ռուսերենից թարգմանեց Կարինե Պետրոսյանը
Նյութի աղբյուրն՝ այստեղ։
- Բացվել է 170 անգամ