IV.Դու դա միտումնավոր ես անում

Հեղինակ: 

Ես դա միտումնավոր չեմ արել

Սկիզբը
Նախորդ հատվածը

1.
Վերկոր, անցյալ ամառ: Ես և Վ.-ն «Բասկուլ» սրճարանի պատշգամբում խմում ենք` հանգիստ հետևելով դաշտերից վերադարձող Ժոզետի նախիրին: Վ-ն, որ ինձ պես կենսաթոշակի տարիքին է հասել, հարցնում է` ինչ եմ այս պահին գրում: Ես ասում եմ.
—Ա՜հ, վատ աշակերտ:
—Ես այդ մասին քեզ այնքան շատ բան կարող եմ պատմել: Ճիշտ եմ ասում, քանի որ ինքս էլ դպրոցում երկնքից աստղեր չէի իջեցնում:
Լռություն է տիրում:
— Թողեցի դա, երբ որ կարողացա: Բա, բա:
Ժոզետը հեծանվով գնում է իր կովերի հետևից: Նրա կողքով երկու շատ սպիտակ ոտիկներով կոլի են վազում:
—Ես հիմար եմ եղել— շարունակում է Վ.-ն,-բայց ինչ ես ուզում, այդ տարիքում միայն արյան կանչն ես լսում:
Լռություն:
—Որովհետև դպրոցն օգտակար է: Եթե ես մնայի, սովորեի, մի քանի կոպեկի համար չէի չարչարվի, այլ այսօր կղեկավարեի ինչ-որ միջազգային կազմակերպություն:
—Բարի երեկո, Ժոզե՛տ:
—Ուզում եմ ասել` կղեկավարեի այնքան, մինչև այն գլորվեր անդունդը: Եվ երբ նրանց ուղարկեի շատ ներքև, ինքս էլ կգնայի հանգստի մի շատ կլորորիկ բանկային չեկով և մեր նախագահի շնորհավորանքներով:
Նախիրն անցավ:
—Այս ամենի փոխարեն…
Վ.-ն մտածում է: Թվում է` նա տարվել է ինքնակենսագրությամբ, բայց մեկ էլ միտքը փոխում է.
— Ի վերջո, ես դա դիտմամբ չեմ արել…
Նա մի փոքր դադար է տալիս` այդ փաստը հաստատելու համար:
—Չեմ կատակում: Նրանք մտածում էին, որ ես դիտմամբ եմ անում, բայց դա ճիշտ չէ: Ես փոքրիկ շան նման էի, ոը վազում է իր իսկ քթի հետևից:

2
Բանն այն է, որ վատ աշակերտը շատ հաճախ ծնողներից և ուսուցիչներից լսում է անխուսափելին` «Դու դիտմամբ ես անում». Այն արտահայտվում է կամ ուղիղ մեղադրանքով՝ «Հիմարություններ դուրս մի՛ տուր, դու դա հատուկ ես անում», կամ էլ նմանատիպ պարզաբանումներից հետո նյարդայնացած ձայնով՝ «Աստված իմ, պարզապես անտանելի է, դու դա միտումնավոր ես անում», կամ էլ բողոքներով` կասկածյալ համարվող երրորդ անձին հասցեագրված, օրինակ` ծնողների ննջասենյակի դռան մոտ՝ «Ասում եմ քեզ, նա այդ ամենը միտումնավոր է անում»։ Քանի անգամ եմ լսել ես այս նախատինքը և հետագայում ինքս էլ կիրառել եմ` մատ թափ տալով անփույթ ուսանողի կամ էլ սեփական աղջկաս վրա, երբ վերջինս կարդալ սովորելիս տրտնջում էր կամ էլ կակազում: Եվ այսպես շարունակվեց մինչ այն պահը, երբ ես սկսեցի մտածել. «Իսկ ի՞նչ եմ ասում ես: Դու դա միտումնավոր ես անում»: Բոլոր հնարավոր դեպքերում նախադասության իմաստային կենտրոնը միտումնավոր մակբայն է: Չնայած քերականական կանոներին` այն ուղղակիորեն կապված է դու դերանվան հետ: Դու- միտումնավոր: Անել բայը երկրորդական է, իսկ ցուցական դերանուն դա-ն բնավ էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, ինչ հնչում է մեղադրյալի ականջներում` «դու միտումնավոր», երբ ցուցամատդ իր վրա պարզած ստիպում ես մտածել:

  • Դու մեղավոր ես.
  • միակ մեղավորը.
  • այն էլ՝ մտածված ես արել:

Այսպիսին է այս նախադասության իմաստը:
Մեծերի`«Դու դա միտումնավոր ես արել»-ը սովորաբար զուգորդվում է երեխաների հերթական հիմարությունից հետո ասվող «Ես միտումնավոր չեմ արել»-ի հետ: Բուռն, բայց առանց որևէ պատրանքների արտաբերած «Ես միտումնավոր չեմ արել» արտահայտությունը գրեթե ինքնաբերաբար հետևյալ պատասխաններից մեկն է առաջ քաշում`
-Հուսանք:
-Ի՞նչ ես ասում:
-Էդ էր մնում պակաս:

Այս անդրադարձող երկխոսությունը շատ հին է, և աշխարհի բոլոր մեծահասակներին նրանց պատասխանը շատ սրամիտ է թվում, գոնե առաջին անգամ:
«Ես միտումնավոր» նախադասության մեջ միտումնավոր մակդիրը կորցնում է իր ուժը, լիովին բացակայում է անել բայը, ինչպես նաև դա դերանունը։ Ընդամենը ենթադրվում են: Այսպիսով՝ գլխավորը, որ մեղադրյալը ցանկանում է հասցնել մեր ականջներին, դերանուն ես-ն է և ժխտական մասնիկ չ-ն:Եվ ի պատասխան մեծահասակի դու միտումնավոր-ին լսվում է երեխայի ես չեմ-ը:
Ո՛չ ստորոգյալ, ո՛չ դերանվամբ արտահայտված լրացում, ո՛չ մի բան. միայն ու միայն այս նշված ես-ն ու չ-ն, որոնք փորձում են ասել. «Այս գործում ինքս ինձ համար պատասխանատու չեմ»:
-Դե, պարզ է. Դու դա միտումնավոր ես արել:
-Ո՛չ, ես միտումնավոր չեմ արել:
- Դու, միտումնավոր:
-Ոչ:
Գնդակը դուրս է գալիս եզրագծից, խոսակցությունը հետաձգվում է: Մենք բաժանվում ենք առանց որևէ արդյունքի և անգամ առանց արդյունքի հույս ունենալու, ոմանք համոզված են, որ իրենց չեն հնազանդվում, ոմանք էլ՝ որ իրեց չեն լսում:
Այստեղ զգալի կարող է օգնել քերականությունը: Եթե, օրինակ, փորձենք ուսումնասիրել կռվի դաշտում մոռացված այդ աննշան փոքրիկ բառը` դա-ն, որը կամաց-կամաց ձգում էր մեր երկխոսության թելերը:Եկեք մի փոքր քերականական վարժություն կատարենք հին ձևով այնպես, ինչպես ես էի անում իմ, այսպես կոչված, «հատուկների» հետ:
— Ո՞վ կարող է ասել՝ ինչ է այդ դա-ն «Դու դա միտումնավոր ես անում» նախադասության մեջ:
—Ես, ես: Գոյական է, պարո՛ն:
— Գոյակա՞ն: Ինչո՞ւ:
— Դե, որովհետև պատասխանում է ինչ հարցին:- Հաղթական տոնով: Ուսուցչին ցույց տվեցին, որ ինչ-որ մի բան գիտեն՝ պատասխանում է ինչ հարցին, ուրեմն գոյական է, պրծավ-գնաց:
- Այսպիսով՝ ասում ես գոյակա՞ն: Իսկ ո՞րն է այն բայը, որը գործածվել է վերջինիս հետ:
Փորձում է փնտրել:
-Չկա:
Խառնաշփոթ:
-Գոյական չէ: Ուրեմն ի՞նչ է վերջիվերջո այդ դա-ն:
- ...
- ...
- Դերանուն, պարո՛ն:
-Կեցցես: Իսկ ինչպիսի՞ դերանուն:
- Ցուցական:

Լավ, գերազանց է: Ճիշտ ես: Հիմա եկեք դուրս գանք դասարանից և վերադառնանք մեր խոսակցությանը, փորձենք մեծերով վերլուծել այդ ցուցական դերանունը: Բայց շատ զգուշությամբ: Այս դերանունները շատ վտանգավոր բառեր են հակահետևակային ականների նման, որոնք թաքնվում են շատ խորը՝ ակնհայտ իմաստի ներքո և կարող են պայթել, եթե ժամանակին չվնասազերծվեն:
Օրինակ` դա-ն: Քանի անգամ է պատահել, որ «Դու դա դիտմամբ ես անում» մեղադրանքը հնչեցնելիս ինքներս մեզ հարց տանք, թե ինչ է նշանակում «դա» ցուցական դերանունը: Ի՞նչ ես միտումնավոր արել: Գործած հիմարություններից վերջի՞նը: Ո՛չ, հնչեցրած մեղադրանքի հնչերանգից (հնչերանգը նույնպես կարևոր է), կարող եք հստակ հասկանալ, որ մեղավորը միշտ էլ դա միտումնավոր է անում, ամեն անգամ, և նրա գործած վերջին հիմարությունը միայն հաստատում է նրա համառությունը: Ուրեմն, միտումնավոր ի ՞նչ անել:

Չհնազանդվե՞լ:
Չաշխատե՞լ:
Չկենտրոնանա՞լ:
Չհասկանա՞լ:
Նույնիսկ չփորձել հասկանա՞լ:
Դիմադրե՞լ ինձ։
Բարկացնե՞լ ինձ։
Նյարդայնացնե՞լ ուսուցիչներիդ:
Հուսահատությա՞ն հասցնել ծնողներիդ:
Տուրք տալ վատ սովորությունների՞դ:
Խորտակե՞լ ապագադ:
Թքա՞ծ ունենալ բոլորի վրա:
Ի՞նչ է, դու իսկապե՞ս թքած ունես բոլորի վրա: Ծաղրո՞ւմ ես:
Լավ, համարենք, որ այս ամենը ճիշտ է:
Այս դեպքում մեկ այլ հարց է ծագում` մակբայինը: Ինչո՞ւ միտումնավոր: Ի՞նչ նպատակով: Ո՞րն է այդպես վարվելու պատճառը: Եթե նա դա միտումնավոր է անում, ուրեմն նա ինչ-որ պատճառ պե՞տք է ունենա:
Ինչո՞ւ միտումնավոր:
Սեփական հաճույքի՞ համար: Պահը վայելելո՞ւ համար: Բայց այն հաջորդ անխուսափելի պահը, որը նա պետք է անցկացնի ինձ հետ դեմ առ դեմ, անտանելի քառորդ ժամ է թվալու վերջինս համար, քանի որ ողջ ընթացքում ես գոռալու եմ նրա վրա:
Միգուցե ցանկանում է հանգիստ ապրել ծույլիկի կարգավիճակում` ուշադրություն չդարձնելով իր հասցեին արված նկատողությունների՞ն: Հեդոնիզմի մի տեսա՞կ: Ոչ, նա հիանալի գիտի, որ ոչինչ չանելու երջանկության համար վճարելու է` արժանանալով արհամարհական հայացքների, համընդանուր դատապարտման, որոնք էլ առաջացնում են սեփական անձի նկատմամբ տհաճություն: Ուրե՞մն: Ինչո՞ւ է այնուամենայնիվ միտումնավոր անում:
Որպեսզի արժանանա մյուս ծույլիկների հարգանքի՞ն: Որովհետև աշխատել, կնշանակի դավաճանե՞լ նրանց: Նա ինքնակամ խաղում է վատերի կողմից լավերի դե՞մ, երիտասարդների կողմից ծերերի դե՞մ: Սա սոցիալականացման իր ձև՞ն է:
Եթե կուզեք՝ այո՛: Համենայնդեպս, վերջին թեզը շատ տարածված է` խմբավորում վատ սովորող աշակերտների, որոնք ցանկանում են թաքնվել ամեն տեսակ կեղտով լցված ինչ-որ ճահճում: Նման բացատրությունը հարմար է նաև այն պատճառով, որ ունի որոշակի սոցիոլոգիական հիմք, այդպիսի երևույթ անկասկած գոյություն ունի: Բայց այն դուրս է հանում միշտ եզակի, անհատականությունը այն տղայի, որ անկախ տղայական բանդայի ֆենոմենի գոյություն ունենալ-չունենալուց, կյանքի այս կամ այն պահին մնում է միայնակ՝ դեմ առ դեմ սեփական ձախողումների, ապագայի հետ, իսկ երեկոյան՝ մինչ պառկել քնելը, մնում է ինքն իր հետ: Եկեք դիտարկենք նրան: Ուսումնասիրենք նրան, ինչպես որ հարկն է: Ո՞վ կհամարձակվի պնդել, որ նա այս պահին իրեն լավ է զգում: Ո ՞վ կարող է կասկածել նրան այն բանում, որ նա դա միտումնավոր է անում: Դու դա միտումնավոր ես անում:
Ճիշտն ասած բերված բացատրություններից ոչ մեկն էլ լիարժեք չի բավարարում: Բոլոր տարբերակներն էլ բավարարում են որոշ չափով, բայց…
Ահա մի վարկած. ի՞նչ կլինի, եթե քերականական կանոներին հակառակ դերանուն դա-ն ցույց տա նաև ինչ-որ առարկա նախադասությունից դուրս: Օրինակ՝ մեզ: Մեր լուսավոր կերպարը մթագնում է մեր իսկ աչքերում: Մեր կերպարը, որին չէր խանգարի մի շատ լավ հայելի ունենալ:
Մի դա-ն կմեղադրի մյուսին, այս դեպքում՝ այն կեղծին, որ վերջինս արտացոլում է ինչ-որ անօգնական և անհանգիստ չափահասի, որ ինչ-որ անհասկանալի խոչընդոտի զոհն է դարձել: Այուամենայնիվ, Աստված գիտի, թե որքան են մաքուր այն մտքերը, որոնք ցանկանում եմ սերմանել այս երեխայի մեջ: Եվ թե որքանով են անհրաժեշտ այն գիտելիքները, որոնք տալիս եմ այս երեխային:
Երեխայի միայնությանը պատասխանում է չափահասի իմ միայնությունը:
Դու դա միտումնավոր ես անում:
Երբ խոսքը մի ամբողջ դասարանի մասին է, որտեղ երեք տասնյակ աշակերտներ սկսում են դա միտումնավոր անել, ես` որպես ուսուցիչ, սուր զգացողություն եմ ունենում, որ ինձ մշակութային մակարդակով լինչահարում են:
Իսկ եթե այդ դա-ն վերաբերում է մի ամբողջ սերնդի,- «մեր օրերում դա աներևեակայելի է», — եթե մի քանի սերունդ շարունակ անեն՝ դա միտումնավոր, կնշանակի, որ մենք` վերացող տեսակի վերջին ներկայացուցիչներս, վերջինն ենք մարդկանցից, որոնք հիշում են այն ժամանկները, երբ երիտասարդությունը (մենք էլ այդ ժամանակ) մեզ համար հասկանալի էր … Եվ մենք մեզ չափազանց միայնակ ենք զգում այս ծեր կյանքում, բայց, իհարկե, այնքան պայծառամիտ, այնքան զգոն, այնքան փորձառու, որքան որ երիտասարդ ժամանակ էինք. մենք` քաղաքակիրթ ժամանակների մի քանի վկաներս, որոնք շարունակում են ճիշտ մտածել, վտարվում ենք մեր կամքին հակառակ փոփոխված իրական կյանքից:
Վտարվածներ…
Քանի որ վտարման զգացումը բնորոշ է ոչ միայն հերթական ծայրամասային շրջանից դուրս գցված բնակչությանը, նաև կսպառնա մեզ` իշխող մեծամասնությանը, հենց որ դադարենք հասկանալ մեզ շրջապատող նույնիսկ մի փոքրիկ մասնիկը, հենց որ արտասովորի բույրը դառնա կործանարար ժամանակի ոգու համար: Ինչպիսի խառնաշփոթի մեջ ենք հայտնվում: Եվ որքան ենք ցանկանում անմիջապես գտնել մեղավորներին: «Դու դա միտունավոր ես անում»: Այսքան փոքր դերանուն, ու այսքան մեծ մենություն:

3
Մի փոքր փակագիծ անհանգստացած մեծամասնության կյանքից վտարված լինելու զգացումի վերաբերյալ: Երբ ես պատանի էի, դա միտումնավոր արեցինք առնվազն երկուսով` Պաբլո Պիկասոն և ես: Հանճարն ու ծույլիկը: Ծույլիկը ոչինչ չէր անում, իսկ հանճարը ինչ ասես որ չէր անում, բայց երկուսն էլ` միտումնավոր: Դա մեր միակ ընդհանուր բանն էր:
Հաճախ կիրակնօրյա սեղանի շուրջ մեծահասակները Պիկասոյին էին բամբասում. սարսափելի է: Նկարչություն սնոբների համար: Ինչ ասես մեծագույն արվեստ են համարում… Չնայած համընդհանուր բողոքներին՝ Պիկասոն ջրիմուռի նման տարածվում էր արվեստի գրեթե բոլոր ճյուղերում` կերպարվեստ, նկարչություն, փորագրություն, քանդակագործություն, կավագործություն, թատերական զարդարանքներ, նույնիսկ գրականություն:
-Կարծես աշխատում է առանց շունչ քաշելու:
Հսկայական օվկիանոսից հայտնված այդ բերրի ջրիմուռը եկել էր` կեղտոտելու խաղաղ արվեստի ծոցերը:
-Սա պարզապես վիրավորանք է: Թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը ինձ ծաղրի:
Բանը նույնիսկ հասավ նրան, որ մի կիրակի օր հանձն առա Պիկասոյի պաշտպանությունը: Ես հարցրի կնոջը, որ արդեն որերորդ անգամն էր կրկնում այդ մեղադրանքը, թե նա իրո՞ք մտածում է, որ այսօր առավոտյան Պիկասոն արթնացել է մի նոր նկար արագ նկարելու մտքով` հետապնդելով տիկին Ժնևիև Պելեգրուին ծաղրելու հատուկ նպատակ:
Ճշմարտությունն այն է, որ այդ բարի մարդիկ սկսում էին վտարված լինելու զգացում ունենալ և հայտնվել մենության մեջ: Նրանք նկարչին վերագրում էին ամեն ինչ խժռելու սարսափելի ունակությունը: Այս շառլատանը նոր աշխարհի մարմնացումն է, սպառնացող վաղվա օրը, որտեղ Պիկասոյի հորդաները աշխարհի բոլոր Պելեգրուներին կդարձնեն միևնույն պարզամիտը:
-Միայն թե՝ ոչ ինձ: Ինձ հետ նա ոչինչ չի անի:
Ժենևիևա Պելեգրուն չգիտեր, որ ըստ էության ինքն էր ստամոքսը, որ հենց ինքն էր մարսում Պաբլո Պիկասոյին, ինչպես նաև մնացածին, դանդաղ բայց անդրդվելիորեն, այնպես որ քառասուն տարի անց նրա թոռները կշրջեին մարդկության կողմից երբևէ ստեղծված ամենատգեղ՝ հսկայական մոմիկի տեսք ունեցող ընտանեկան մեքենայով, որին նոր Պելեգրուները կտային նկարչի անունը և որը մշակութային քորի մի հիանալի կիրակի օր նրանց կտաներ Պիկասոյի թանգարանի դռների մոտ:

4
Իշխող մեծամասնության կատաղի միամտություն… Ախ, այդ նորմերի կրողները, ինչպիսին որ լինեն` մշակութային, ընտանեկան, ձեռնարկատիրական, քաղաքական, կրոնական, կլանային, կլուբային, ավազակային, թաղամասային, առողջապահական, մկանային թե ուղեղային:
Ինչպես են նրանք` այդ նորմերի պահապանները, կծկվում, հենց որ ինչ-որ անհասկանալի բանի հոտ են առնում, ինչպես են սկսում ընդդիմանալ, կարելի է կարծել, որ միայնակ դիմադրում են համաշխարհային դավադրությանը: Ախ այդ նորմային չհամապատասխանելու վախը… Ինչպես է կատաղում հզորը, երբ զոհի դեր է խաղում, հարուստը, երբ աղքատությունը իր դուռն է թակում, օրինակելի ընտանիքը՝ ընտանեկան օջախը քանդող բաժանվածի տեսքից, բնիկ քաղաքացին, որ զգում է սփյուռքի ներկայությունը, հավատացյալը, որ մատնանշում է աթեիստին, դիպլոմավորը, երբ տեսնում է սարսափելի հիմարին, հիմարը, որ հպարտ է, որ ինչ- որ տեղ է ծնվել: Սա վերաբերում է նաև փողոցի մյուս կողմում գտնվող թշնամուն կասկածանքով հետևող արվարձանի խղճուկ բանդայի փոքրիկ առաջնորդին: Ինչպես են նրանք՝ նորմերի այդ կրողները, դառնում վտանգավոր՝ ի տարբերություն մյուսների, ովքեր ծանոթ չեն օրենքներին:
Նույնիսկ երեխաները պետք է նրանցից զգուշանան:

5
Երբեք ավելի խորը չէի զգացել կյանքից վտարված լինելու այդ զզվելի վախը, իսկապես վտարված մարդկանց մոտ, քան մի առավոտ, երբ մենակ էի: Այդ առավոտ ես վեր չեմ կենում: Մինան ինչ-որ մի տեղ է՝ հարավ-արևմուտքում: Նա այցելելու է Թուլուզում գտնվող տեխնիկական լիցեյի սովորողներին: Հրավիրված է որպես գրող: Հետևաբար, այս առավոտ ոչ մի սիրային արթնացում կոֆեինով: Ես պետք է անհապաղ սկսեի աշխատել գրքիս վրա, բայց ոչ, ես մնում եմ անկողնումս` հայացքս հառած տարածությանը ճիշտ այնպես, ինչպես նախկինում տնային առաջադրանքիս առջև, որը չէի կատարում: («Մի խանգարեք երեխային. նա պարապում է»): Վերջապես միացնում եմ ռադիոն: Իմ սիրած ալիքը: Սիրածս հաղորդումներից մեկի օրն ու ժամն է: Այնտեղ շաբաթը մեկ անգամ հավաքվում են մեր օրերում մարդկանց բնորոշ շատ հազվադեպ տոնով խոսող մտավորականներ, որոնք ոչինչ չունեն վաճառելու: Նրանք հանգիստ փոխանակում են մտքեր գրված էսսեների վերաբերյալ` մեջբերելով կարդացած հատվածներից: Հենց այն է, ինչ ինձ պետք է այս ծուլության առավոտ. ինչ-որ մեկը կմտածի իմ փոխարեն: Միայն թե ոչ մեկին այդ մասին չասեք, ես այդ խելացի մտքերը կօգտագործեմ այնքան ծուլորեն, որքան կկարդայի առաջին պատահած թերթը: Հիանալի է: Երաժշտության ձայնից լոզերս սկսում են գնալ, և մասնակիցների ելույթներից հետո ես անմիջապես սկսում եմ սահել նախադասությունների սղարանի վրա` զգուշորեն բարձրանալով փաստարկման բարձունքը, որպեսզի այնուհետև նորից հայտնվեմ գետնի վրա` լիովին ապահով զգալով շնորհիվ հաճելի ձայների, ճկուն դատողության, հիմնավոր եզրակացությունների, տոնի լրջության, հստակ վերլուծությունների, անթերի սոուսի, որով հաղորդավարը համեմում է` իրար կապելով ներկաների ելույթները` խուսափելով հնարավոր վեճերից զուգահեռաբար զարգացնում սեփական մտքերը: Ինձ միշտ էլ դուր է եկել այդ հաղորդումը ամենաշատը հենց իր էլեգանտության համար. այնտեղ իրականությունը զգուշորեն հղկվում է, որպեսզի իմ առջև հայտնվի ավելի դյուրամարս և մխիթարիչ տեսքով: Այնուամենայնիվ, այսօր խոսում ենք «փողոցային» երիտասարդության մասին: Եվ ինչ-որ պահի երեք ձայները սկսում են քննարկել ինչ-որ ֆիլմ: Ականջներս սրում եմ: Ֆիլմը, որը կարծես ազդել է հաղորդավարի վրա, արվարձանների մասին է: Ոչ, Մարիվոյի պիեսի մասին է: Ոչ, ինչ-որ մանկավարժական նախագծի մասին է: Այո, սա հենց ֆիլմ է արվարձանի ճեմարանի ուսանողների մասին, որոնք ֆրանսերենի ուսուցչի հետ միասին բեմադրում են Մարիվոյի պիեսներից մեկը: Եվ այն կոչվում է «Խուսափանք»: Սա վավերագրական ֆիլմ չէ: Ավելի շուտ, վավերագրական է, բայց նկարահանված ըստ սցենարի: Այն ցույց չի տալիս իրականությունը, բայց ձգտում է հնարավորինս ճշգրիտ պատկերացում հաղորդել վերջինիս մասին: Ես նույնպես համակ ուշադրությամբ եմ լսում, քանի որ դիտել եմ քննարկվող ֆիլմը: Ես այդքան էլ չէի ցանկանում այն ​​դիտել. արվարձանում գտնվող դպրոցի մասին ֆիլմ էր:
Այնուամենայնիվ, ես ֆիլմը նայեցի դե, իհարկե, մի տեսակ ատավիստական ​​հետաքրքրասիրությունից ելնելով: (հորեղբայր Ժուլի անդրշիրիմյան ձայնը. «Գնա, դիտի՛ր «Խուսափանքը», եղբորորդի՛, և ոչ մի խոսք»:) Դա ամենևին էլ վատ չէր. իր ուսանողներին լավագույն գրականության ճանապարհով տանելու համար ուսուցիչն ընտրում է թատրոնը: Դասարանում բեմադրում են Մարիվոյի «Սիրո և պատահականության խաղը»:
Տեսնում ենք, թե ինչպես են տղաներն ու աղջիկները իրենց ողջ էներգիան և ուշադրությունը կենտրոնացնում այդ զբաղմունքի վրա, որին չեն խանգարում ո՛չ իրենց սիրային պատմությունները, ո՛չ ընտանեկան կամ ներթաղամասային խնդիրները, ո՛չ պատանեկան ախոյանությունը, ոչ փոքրիկ գործերը, ոչ լեզվական դժվարությունները, ոչ էլ նույնիսկ թատրոնի համբավը` այդ խեղկատակի գործունեությունը: Կինոթատրոնից դուրս եկա այն համոզմունքով, որը միշտ ունենում եմ ծայրամասային դպրոցներ այցելելիս. հորեղբայր Ժուլը չի մահացել:
Այսօր էլ դեռ կան այդպիսի հորեղբայր Ժուլեր և մորաքույր Ժուլիներ, որոնք, չնայած նմանատիպ փրկարարական գործողությունների անհավատալի դժվարությանը, գտնում են երեխաներ, որտեղ էլ որ լինեն, որպեսզի հասցնեն նրանց իրենց սեփական բարձունքին ֆրանսերենի արահետներով, այս դեպքում` տասնութերորդ դարի:
Սակայն հաղորդավարը բոլորովին այլ զգացողություն ուներ: Ոչ մի լավատեսություն: Էնտուզիազմի ոչ մի նշույլ: Նա դուրս եկավ կինոթատրոնից սարսափած այն լեզվից, որով սկսում են խոսել այդ երիտասարդները, հենց որ հրաժեշտ են տալիս Մարիվոյին: Աստված իմ, այս ինչ տոն է: Այս ինչ կոպտություն է: Իսկ բառապաշա՞րը: Կատարյալ բխբխկոցներ: Ի՜նչ զզվելի և վուլգար հայհոյանքներ: Որքան տանջվեց ֆիլմը դիտելիս: Ինչպես էր ցավում իր մայրենի լեզվի համար: Սարսափելի էր, քանի որ ֆրանսերենին նման վտանգ էր սպառնում: Ո՛չ, այն դատապարտված է և այն էլ անդառնալիորեն: Ի՞նչ է լինելու նրա հետ: Ինչի՞ են այն վերածելու այս ոռնացող ծույլիկների հորդաները:
Դժբախտաբար ես չձայնագրեցի այս փայլուն հատվածը, բայց գլխավորը փոխանցեցի. դեռահասների մասին խոսում էր ոչ թե հասուն տղամարդը, այլ վերջինիս վախը: Այնուամենայնիվ, հաղորդավարի զրուցակիցները մի փոքր զարմացած թվացին: Ունկնդիրը տեսնում էր կարեկցական ժեստերը, որով փորձում էին հանգստացնել խոսողին, բայց՝ ապարդյուն. վախն ավելի ուժեղ էր:
Մի փոքր էլ, և գլխիս մազերը կցցվեին, և մահճակալումս միայնակ պառկած ինքս ինձ կասեի. «ի՞նչ է, դու լրիվ խե՞նթ ես, որ թողել ես կնոջդ գնալ այդ վայրենիների մոտ, հիմա նրան հում-հում կուտեն»: Բայց այդ պահին ես ցանկացա խեղճ հաղորդավարին գրկել և հանգստացնել:
Դե, դե, հանգստացիր, դու գիտես՝ աղքատ մարդը բարձր է խոսում, և դա նրա պատմական և աշխարհագրական անփոփոխ հատկանիշներից մեկն է: Այդպես է եղել միշտ և ամենուր: Որքան ավելի շատ աղքատներով են շրջապատված, այնքան ավելի բարձր են գոռում, որպեսզի լսելի լինեն, հասկանո՞ւմ ես: Նրանց տնակների պատերը բարակ են: Նրանք շատ են կռվում, ճիշտ է, բայց առանց չարության, մի՛ վախեցեք: Եվ որքան հարավ է իջնում աղքատությունը, այնքան աղքատը ավելի շատ է օգտագործում անպարկեշտ հայհոյանքներ: Եվ դա հասկանալի է, ի վերջո դու նրանց ճանապարհին ճիշտ ժամանակին չես հանդիպել, որպեսզի ասես, որ դա վատ բան է: Մի րոպե սպասիր, մանկությանս տարիներին իմ հայրենի գյուղի աղքատ մարդիկ անընդհատ կրկնում էին «Պոռնիկ կույս» և «Porca madonna» արտահայտությունները[i]: Նրանք եկել էին Իտալիայի հարավից: Նրանք բարկացած չէին ո՛չ շաբաթ երեկոյի պոռնիկների վրա, ո՛չ էլ կիրակնօրյա սուրբ Մարիամի վրա, նրանք պարզապես այդպես էին խոսում, երբ, օրինակ, մուրճով հարվածում էին մատներին, սա է ամբողջը: Ցուցամատին մուրճի մի փոքր հարված, և այսպիսի օքսիմորոն` «porca madona».
Ինչ է, չգիտե՞ս, որ աղքատները օքսիմորոններ են կիրառում: Ուրեմն իմացիր: Դրանով մենք իրար նման ենք: Մենք՝ գրիչը ձեռքներիս, նրանք էլ` մուրճը, և երկուսիս մոտ էլ ստացվում է օքսիմորոն: Քաջալերող է, այնպես չէ՞:
Դու այնքան շատ ես վախենում, որ նրանք իրենց ահավոր ժարգոնով կփչացնեն մեր լեզվի նրբությունը, բայց տեսնում ես, ամեն բան այդքան էլ ահավոր չէ: Հա, քիչ էր մնում մոռանայի ասել` մի վախեցիր ժարգոնից: Այսօրվա աղքատի լեզուն նույն է, ինչ երեկվանինը, ոչ ավել, ոչ պակաս: Աղքատը միշտ իր լեզվով է խոսում: Եվ գիտե՞ս` ինչու: Որպեսզի ցույց տա հարուստին, որ ինքը ասես ինչ-որ բան ունի, որը թաքցնում է նրանից: Իրականում, նա նման բան չունի, նա թաքցնելու բան էլ չունի, նա չափազանց աղքատ է, այսպիսով՝ մի քանի բան այստեղից-այնտեղից, մանրուքներ, բայց նա ուզում է, որ բոլորը մտածեն, թե ինքն ունի իր աշխարհը, որը թաքցնում է մեզնից, մի մոլորակ, որտեղ մեր մուտքը արգելված կլինի և որն այնքան ընդարձակ է, որ հատուկ լեզու է պահանջում:
Բայց նա չունի ո՛չ իր սեփական աշխարհը, ո՛չ էլ լեզուն: Այսպիսով, միայն իրենց հասկանալի մի քանի բառ` հոգին տաքացնելու, հուսահատությունը քողարկելու համար: Ժարգոնը լեզու չէ, այլ պարզապես բառերի մի ամբողջություն, որովհետև աղքատների քերականությունը մերն է, իհարկե հնարավորինս կրճատված` ենթակա, ստորոգյալ, լրացում, բայց միևնույն է, մերն է, քոնը, այնպես որ հանգստացիր, քո ֆրանսերենի քերականությունը, մեր ընդհանուր ֆրանսերենի քերականությունը, աղքատները մեր քերականության կարիքն ունեն, որպեսզի միմյանց հասկանան: Արվարձանի երիտասարդ տղաներին մնում է, իհարկե, միայն բառապաշարը, որը դու համարում ես ծայրաստիճան գռեհիկ և աղքատ (և դա զարմանալի չէ` հաշվի առնելով այն բարձրությունը, որից նայում ես նրանց), բայց այստեղ էլ անհանգստանալու կարիք չկա: Այն այնքան աղքատ է, աղքատների այդ բառապաշարը, որ բառերի կեսը շատ շուտով կքշի կտանի պատմության քամին: Փոքրիկ, աննշան շիվեր` չնչին իմաստով: Գրեթե ոչ մի բառ չես գտնի բառարանի էջերում օրինակ `«թույն», «կայֆ», «շիզիկ». սրանք այն մի բուռ բառերն են, որ ես գտա ժամանակակից երիտասարդների լեզվից։ Ճիշտ է այդքան էլ մանրամասն չեմ նայել, մի տասնհինգ րոպե ընդամենը և ոչ ավել, բայց գտա միայն այս բառերը` «թույն », «կայֆ», «շիզիկ», բոլորն էլ, ըստ էության, ինչպես տեսնում ես, անհեթեթություն են, երեք պարզ բառեր, որոնք կվերանան մեր դարաշրջանի էջը թերթելուն պես. միայն բառարաններն են, որ մի փոքր հավերժություն են երաշխավորում ...
Եվ վերջում՝ ևս մի երկու խոսք՝ քեզ լիովին հանգստացնելու համար. գնա փոստային բաժանմունք, կամ բաց ձեր քաղաքապետարանի դուռը, իջիր մետրո, գնա թանգարան կամ մտիր սոցիալական ապահովության վարչություն, և կտեսնես. կտեսնես սպասարկող պատուհանների ետևում նստած այդ սարսափելի լեզվով խոսող պատանու մորը, հորը, ավագ եղբորը կամ քրոջը: Կամ արա այնպես, ինչպես ես՝ հիվանդացիր և արթնացիր հիվանդանոցում, ու դու կճանաչես երիտասարդ բուժեղբոր խոսքը, որը քեզ սայլակով վիրաբուժական սենյակ է տանում` «Աղբերս, պանիկա մի արա, հեսա քեզ լրիվ նոր կսարքեն»:

6
Ամենահետաքրքիրն այն է, որ մերձքաղաքային դպրոցներում, որտեղ ուսուցիչները հրավիրում են ինձ, առաջին հարցերից մեկը, որ լսում եմ աշակերտներից, վերաբերում է լեզվիս կոպտությանը: Ինչո՞ւ իմ վեպերում այսքան կոպիտ բառեր կան: Այո՛, ընկեր, քեզ վախեցնող դեռահասները անհանգստացած են նույն բանից, ինչինց՝ դու. Ինչի՞ համար է այդքան շատ կոպիտությունը լեզվում: Իհարկե, նրանք ինձ այս հարցը տալիս են մասամբ ուսուցչին հաճոյանալու ցանկությունից, մասամբ էլ ինձ անհարմար վիճակի մեջ դնելու համար, բայց նաև այն պատճառով, որ նրանց աչքերում բառը դառնում է կոշտ միայն այն ժամանակ, երբ այն գրվում է: Նրանք «իրենց հետույքն են պատռում» քննության ժամանակ, դասամիջոցին «անիմաստ բաներով» են զբաղվում, յուրաքանչյուր բառից հետո ավելացնում են «քո մերը», բայց այդ բառերը տեսնում ես գրքում սևով սպիտակի վրա գրված, երբ նրանց իրական տեղը զուգարանի պատին է: Ի միջի այլոց, հենց դպրոցականների հետ զրույցի ժամանակ է, որ սովորաբար ֆրանսերենի թեման է առաջանում. սկսում ենք վեպերիս կոպիտ բառերից, այնուհետև խոսք է բացվում ժարգոնից` այլընտրանքային, գաղտնի, պայմանական մի լեզու` բաղկացած հայհոյանքներից և սիրալիր բառերից (չէ՞ որ ժարգոնները որպես շատ կիրառվող բառեր արտահայտում են տոնի հույզերը. նրանք իրենց հավասարը չունեն վիրվորանքից փաղաքշանքին անցնելու գործում), մենք խոսում ենք ժարգոնի հին արմատների մասին Ֆրանսիայում, մի երկիր, որը մի քանի դար շարունակ աշխատել է, որպեսզի մեկ լեզու ստեղծի իր բազմազանության մեջ` քրեական, թաղամասային, մասնագիտական, տարբեր հասարակական խավերի, տարբեր համայնքների ժարգոններից, որպեսցի ցույց տա համընդհանուր օգտագործվող լեզվի ասիմիլյացիան և այն դերը, որ գրականությունը խաղում է Վիյոննից սկսած մինչև մեր օրեր դրա դանդաղ մարսման գործընթացում (այստեցից էլ՝ հայհոյանքների առկայությունը իմ վեպերում)… Եվ այսպես, բառ առ բառ, մենք խոսում ենք բառերի պատմության մասին.
-Ի վերջո, բառերը նույնպես ունեն իրենց սեփական պատմությունը, դրանք չեն ընկնում մեր բերանից հավի ձվի նման: Բառերը զարգանում են, նրանց կյանքը նույնքան անկանխատեսելի է, որքան մեր կյանքը: Երբեմն, իրենց զարգացման ընթացքում, բառերը դառնում են ժարգոնի մաս: Վերցրեք, օրինակ, խաղաղ, իր մարգագետնում արածող խեղճ կովին: Չգիտեմ, թե ինչու՝ դարեր շարունակ Ֆրանսիայում հենց կով էին անվանում արհմարհված մարդկանց, տասնյոթերորդ դարում՝ մարմնավաճառներին, տասնիններորդի վերջում՝ ոստիկաններին, իսկ այսօր՝ սրիկաներին, որոնք բազմաթիվ զզվելի բաներ են անում: Եվ ահա այսքան համեստ կովը հիմք է հանդիսանում նոր գործողության կամ երևույթի չափանիշի: Նմանատիպ զրույցներից մեկի ժամանակ ուսուցչուհին հարց տվեց աշակերտներին.
- Որևէ մեկը կարո՞ղ է մի սովորական բառ օրինակ բերել, որը ձեր ժարգոնի մաս է դարձել:
-….
-Դե, մի բառ, որը դուք օրը հարյուր անգամ օգտագործում եք, երբ ուզում եք ինչ-որ մեկին ծաղրել:
— …
-Բուֆոն, տիկի՛ն: Սա «բուֆո՞ն է, ծաղրածու»:
- Այո՛, ասենք, օրինակ, «բուֆոն»:
«Բուֆոն» բառը ես առաջին անգամ լսեցի իննսունականների սկզբին, երբ մի առավոտ մտա դասարան և այնտեղ տեսա երկու փոքրիկ աքլորների, որոնք ռազմատենչ նայում էին միմյանց և պատրաստ էին անցնել բռունցքներին:
- Նա ինձ «բուֆոն» անվանեց, պարո՛ն:
Իտալիայում տասներեքերորրդ դարում առաջացած այս բառը, որով անվանում էին պալատական ծաղրածուներին, այդ առավոտ թնդաց որպես «խեղճ արարածի»-ի հոմանիշ: Անցել է տասնհինգ տարի, բայց այսօր էլ այդ հայհոյանքը այդ դասարանի աշակերտների, ինչպես նաև «Խուսափանքի» և նրանց սերնդի ու շրջապատի երիտասարդների համար մատնանշում է բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում իրենց պայմանական լեզուն, այլ կերպ ասած՝ այն մարդկանց, ում մայրիկիս երիտասարդ տարիներին (ով, ի միջի այլոց, նրանցից մեկն էր) անվանում էին բուրժուա: («Ըստ էության, այդ տղան իսկական բուրժուա է»)։
«Բուրժուա»… Քանի անգամ է այս բառը փոխել իր երանգները: Արիստոկրատների արհամարհանքից մինչ բանվորների վրդովմունքը` անցնելով ռոմանտիկ երիտասարդության ցասման և սյուրռեալիստների անեծքի, մարքսիստ-լենինիստների համաշխարհային դատապարտման, տարատեսակ արվեստագետների արհամարհանքի միջով: Պատմությունը նրան այն աստիճան նվաստացուցիչ իմաստներով է ողողել, որ բուրժուական ընտանիքի ոչ մի երեխա չի կարող ազատ խոստովանել բուրժուական իր ծագման մասին` առանց գոյաբանական ամոթի աղոտ զգացողություն ունենալու:
Բուրժուան վախենում է աղքատից, իսկ աղատը ատում է բուրժուային: Երեկվա պատանեկությանս սև բաճկոնը վախեցնում էր բուրժուաներին, այնուհետև հայտնվեց պատանի խուլիգանը և անհանգստացրեց վերջիններիս, այսօր էլ ծայրամասի տղաներն են, որ վախեցնում են բուֆոններին: Այնուամենայնիվ, ինչպես երեկվա բուրժուան իր ճանապարհին «սև բաճկոնավորի» հանդիպելու շանս չուներ, այնպես էլ այսօրվա «բուֆոնը» ոչ մի տեղ չի կարող հանդիպել այս դեռահասներին, որոնք դատապարտված են մնալու հեռավոր սանդուղքների ճաղավանդակների մոտ:
Հետաքրքիր է, արվարձաններից անձամբ քանի՞ տղայի գիտեր «Խուսափանքի» պատանուց վախեցած մեր հաղորդավարը: Գոնե մի ձեռքի մատների հաշվով կա՞ն: Կարևոր չէ, հերիք է՝ լսեր նրանց ֆիլմում, նաև նրանց երաժշտությունը` մի կես րոպե ռադիոյով, տեսներ մի քանի մեքենա, որոնք այրվել էին ծայրամասում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, և ահա նրան արդեն համակել է դասանիշ սարսափը, և անվանում է նրանց ծույլիկների բանակ, որը վերջ է դնելու մեր քաղաքակրթությանը:


[i] «porca madona »-ն իտալերեն հայհոյանք է: « porca »-ն բառացի նշանակում է խոզ, իսկ « madona»` տիրամայր, Մադոնա

 

 

Թարգմանիչ: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский