Կրթահամալիրի տարեկան հաշվետվությունը՝ մանկավարժական փորձի փոխանցման, ցուցանիշների ներկայացման ձև

Յուրաքանչյուր տարի կրթահամալիրի տարեկան ցուցանշային հաշվետվությամբ ամփոփ արձանագրում ենք սեբաստացիների ողջ գործունեությունը։

Օրերս ավարտեցինք աշխատանքը կրթահամալիրի տարեկան հաշվետվության փաստաթղթի վրա։ Առաջին, գուցե նաև երկրորդ-երրորդ հայացքից խրթին ու ծանր մի փաստաթուղթ է, որի ընթերցումն իսկ կարող է անհետաքրքիր թվալ։

Իրականում հետաքրքիր փաստաթուղթ է, և ես սիրով եմ աշխատում։ Հիմա գրում եմ ու ժպտում, որովհետև, երբ երկու տարի առաջ Սուսան Մարկոսյանն ասաց, որ ինքն այս փաստաթղթի վրա սիրով է աշխատել, զարմացել էի։

Ինչու ինձ սկսեց հետաքրքրել այս աշխատանքը, որովհետև այն հնարավորություն է տալիս լայն նայել կրթահամալիրի գործունեությանը, անդրադառնալ բոլոր բնագավառներին։
Ամփոփում ես մեկ տարվա գործունեությունը, առանձնացնում կարևորը։
Կարևոր է ծանոթանալ ու ամբողջ ծավալի մեջ անդրադառնալ գործընկերներիդ աշխատանքին, առանձնացող նախագծերին ու զարգացումներին։
Առանձնացնում ու աշխատելու ընթացքում արձանագրում ես, որ շատ ավելին է արվել, որ կրթահամալիրի գործունեությունը շատ ավելի ընդգրկուն ու բազմաճյուղ է, քան կարող ես պատկերացնել, արտացոլել մեկ փաստաթղթում։
Ցուցանիշների հետ աշխատելիս ծանոթանում ես նաև թվերի հետ․ թվերն օգնում են պատկերացնել ողջ ծավալը, դրանց անդրադառնալն օգտակար է։

Տարբեր մասնագետների հետ աշխատանքը միշտ էլ հետաքրքիր է՝  Լիլիթ Ազիզխանյանի, Գրետա Սոխակյանի, ովքեր քեզ բերում են թվերի ու ցուցանիշների աշխաարհ։ Ինձ համար միշտ օգտակար է եղել Սուսան Մարկոսյանի հետ աշխատանքը։ Հետո միշտ նայել եմ, թե այդ գործընկերության ընթացքում իմ աշխատանքում ինչն է փոխել․ եթե ինչ-ինչ մոտեցումների հետ չեմ համաձայնել ու սկսել եմ հարցեր, անհամաձայնություն պարունակող նամակներ գրել, նույնիսկ  այդ գրագրությունն եմ օգտակար համարել, դրանց պատասխանները։

Ներկայացնեմ, թե ինչու է անհրաժեշտ կարդալ կրթահամալիրի տարեկան հաշվետվությունը։
Կարծում եմ՝ դրա հետ ծանոթացումը օգտակար կլինի, կօգնի այլ տեսանկյունից նայել, անդրադառնալ և՛ ձեր, և՛ ձեր գործընկերների աշխատանքին, ավելի լայն, համակողմանի նայել կրթահամալիրի գործունեությանը։
Հաշվետվությունը յուրաքանչյուրիս գործունեության ցուցանշային ամփոփումն է՝ այս տեսանկյունից կարևոր է տեսնել, դիտարկել և՛ քո, և՛ գործընկերներիդ համակարգած նախագծերը։
Կողքի աչքով նայել, տեսնել, թե որ նախագծերն են առավել ամբողջական, որ ընդգրկվել են փաստաթղթում, ինչ զարգացումներ կան կրթահամալիրում, որոնց արժե ծանոթանալ, հաշվի առնել։
Տեսնել, թե որ նախագծերի զարգացման մեջ եք ձեզ տեսնում, ինչ ձևով կարող եք  համագործակցել։
Ի վերջո՝ ծանոթ լինել, իմանալ ու կարևորել այն հաստատության գործունեության ներկայացումը, որտեղ աշխատում եք։ Ըստ անհրաժեշտության՝ կարողանալ կրթահամալիրի գործունեությունը համակողմանիորեն ներկայացնել, տարածել։

2020թ. ցուցանիշները
Հավելվածներ (արդյունքներ)

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский