Հեղինակային մանկավարժության հնարավորություններն անսպառ են

Մանկավարժությունը, ինչպես որ կյանքը, պիտի ճկուն լինի, հոսող, եթե ոչ վարար գետի պես, ապա քչքչան առվակի նման. կարևորը՝ շարժվի, անցքեր գտնի մտնել-ելնելու, որ զուլալվի:

Զուլալվելու անցքեր մանկավարժության մեջ դառնում են այն բոլոր հնարքները, որոնք ուսուցիչը կիրառում է՝ իր առջև դրված խնդիրները լուծելու համար:

Հեղինակային մանկավարժության ընձեռած հնարավորության պայմաններում մանկավարժական հնարք է դառնում ցանկացած միջոց՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ մեդիամիջավայրում: Համաճարակային ու պատերազմական շրջափուլերում՝ մեկը մյուսին հաջորդող, առաջին պլան մղվեց մեդիամիջավայրը՝ իր տարատեսակ գործիքներով՝ կրթական հարթակներ, տեսադասեր, առցանց պարապմունքներ, ուղիղ եթերներ...

Որպես հեղինակային մանկավարժ՝ այս փուլում ինքնաբերաբար սկսեցի ավելի շատ առնչվել մեդիայի հնարավորությունների հետ: Ընդ որում, ոչ այնքան ծրագրեր՝ թեմաների մատուցումը գրավիչ դարձնելու համար, այլ սովորողների հետ տարրական շփում, կենդանի կապ պահող ձևերն էին ինձ գրավում: Անհամբեր սպասում էի սովորողների տեսապատումներին, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն հասկանալու՝ սովորողն ինչպես է յուրացրել նյութը, այլ նայելու նրանց դիմախաղին, աչքերի արտահայտությանը, նրանց տրամադրությամբ վարակվել, խոսքի ու շարժման խաղին հետևել:

Ժամանակակից համացանցային հասկացություն կա՝ վլոգեր, վլոգերություն: Ցանկացած մեկը կարող է յութուբյան ալիք ունենալ, տեսանյութերի հաճախականություն ապահովել և իրեն հռչակել վլոգեր: Հատկապես դեռահասներին գրավում է այդ գործունեությունը` ինքնանկարահանվել, թիթիզանալ... Գուցե շատ դեպքերում՝ անբովանդակ, անվեկտոր, բայց կարևորը՝ հավեսով: Հեղինակային մանկավարժությունը գործում է այդ հավեսի շուրջ: Մանկավարժի աչքը այդ հավեսը պիտի նկատի ու դարձնի բովանդակային...

Ահա... նկատելը՝ նկատեցիր, հիմա պետք է բովանդակություն դարձնել՝ այն էլ ուսումնական: Մենք՝ մեծերս, հատկապես մանկավարժները առիթը չեն բաց թողնում իրենց անհանգստությունն արտահայտելու այն առիթով, թե երեխաներն ամբողջ օրը համակարգչի մեջ են, համացանցով ինչ հիմարություն ասես նայում են...  Գիտեք, չշարունակեմ թվարկել: Դե, Հասմիկ Թոփչյան, օրինակ ծառայիր՝ ինչով լցնել համացանցը, վլոգեր դարձի՛ր, ասելիքդ ասա՛, սովորողներիդ ոգևորի՛ր, տեսանելի դարձրո՛ւ վլոգերության բովանդակային գրավչությունը, թո՛ղ իրենք էլ փորձեն հավեսը խառնել կրթությանը:

Սովորողների հետ հավասար աշխատելը իսկական փորձություն է մանկավարժի համար: Սովորողների անկաշկանդության, անսպասելիության, անմիջականության, տեսախցիկի հետ խաղալու հմտության հետ հանաք չես անի:

Պետք էլ չէ մրցել: Ուղղակի փորձեցի իմ նախասիրություններով հանդես գալ, որպես մանկավարժ-անհատ ներկայանալ: Առաջին փորձերս՝ որպես վլոգեր, համընկան կորոնավիրուսով պայմանավորված ամառային կարանտինի հետ, երբ բոլորը «լցվել էին» ֆեյսբուքյան հարթակ, ու մի տեսակ խուճապային տրամադրություն էր տիրում ողջ մեդիայում՝ թանկացումներ, վարակվածություն, մահեր, կրթության կաթված, դիմակ կրիր, չէ՝ մի կրիր ...ու ես էլ չհասկացա, թե ինչպես ձեռքս վերցրի հեռախոսը, միացրի տեսախցիկը. մտածեցի, որ այդ պահին շատ կօգնի մեզ մեծն Աղայանը:

Բլոգումս բացվեց «Հոգևոր Հայաստան» բաժինը: Ամենօրյա պարտադիր աշխատանք համարեցի ինձ համար՝ կարդալ մի կտոր Աղայան առաջինը՝ ինձ համար, հետո՝ ընկերներիս, հետո՝ հանրության համար: Հիմա ավելի շատ մեզ՝ մեծահասակներիս է պետք զսպվածություն, համբերատարություն, փոխըմբռնում, ինչն անդադար սովորողներին ենք հորդորում:

Բոլոր թողարկումներս համարում եմ ուսումնական նյութեր. «Մեր կյանքը նման է նրան, ինչին նայում ենք», «Ներսից եկող ուրախության մասին», «Ընկերական-ոգու-մասին․․․» - սրանք թեմաներ են, որոնք միշտ արդիական են ու սովորողներին հետաքրքրում են, ինչքան էլ թվա, թե նրանց արժեհամակարգը այլ է: «Խուլ լինելու բերկրանքը» կգա լրացնելու «Հազարան բլբուլը» հեքիաթի ընթերցումը: Մեծ Զատիկին՝ Հարության տոնին, էլի կլսենք մեծն Աղայանին` «Աստված Սե՞ր է․ իսկ ինչ է սերը․․․»:

Ամանորյա դադարը նորից առիթ դարձավ վերադառնալու վլոգերությանը. այս անգամ, էլի տրամադրություններից ելնելով, կրկին բարձրաձայն խոսելու ցանկություն ունեցա: Ընտրությունս կանգ առավ Մ.Սեբաստացու «Քրիստոնեական վարդապետութիւն» աշխատության վրա. երևի սուրբծննդյան տրամադրություն էի ուզում փոխանցել: Հոգևոր զրույցներ՝ միջին հայերենով... առջևում Սեբաստացու ծննդյան օրն է. սովորողներս անպայման կկարդան Սեբաստացի, կլսեն իրենց ուսուցչի ընտրած ընթերցումները` հպարտության ու նախանձի, որկրամոլության, խոհեմության ու բարեխառնության մասին, իրենք էլ կընտրեն ու կկարդան ուրիշների համար: Սրանք ուսումնական նյութեր են, որոնք կիրառելի են և առկա և՛ առցանց, և՛ հեռավար ուսուցման մեջ:

Հեղինակային մանկավարժության անսպառ հնարավորությունների միջից այս անգամ առանձնացրի վլոգերությունը, որն ինձ հնարավորություն է տալիս նախ և առաջ ինքս ինձ լսելու... մեծ հաշվով հեղինակային մանկավարժությունը ենթադրում է զբաղվել ինքդ քեզնով, լսել ինքդ քեզ: Մնացածը սովորողի ընտրությունն է:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский