Կրթահամալիրի միասնական փոխադրամիջոցը՝ ուսումնական ծրագրի բաղկացուցիչ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  քսան տարուց ավելի է, ինչ սովորողների և դասավանդողների համար գործում է միասնական փոխադրամիջոց ծառայությունը:  Տարեց տարի ավելանում է ծառայությունից օգտվողների թիվը: Փոխադրամիջոցները կրթահամալիրի սովորողներին, աշխատողներին իրենց մոտակա կանգառից բերում են կրթահամալիր և նույն ուղղությամբ հետ տանում։

Երբ ծառայությունը նոր էր սկսել գործել, երթուղիները  հինգն էին:

2020-2021 ուսումնական տարում  գործում է մոտ վաթսուն երթուղի (այս և մյուս տարիների ցուցանիշներին մանրամասն կարելի է ծանոթանալ կրթահամալիրի կայքի՝ www.mskh.am-ի գլխավոր էջի  «Սովորողների տեղափոխման երթուղիներ» բաժնում), որոնք սովորողներին բերում են ոչ միայն Երևան քաղաքից, այլ նաև քաղաքամերձ գյուղերից և քաղաքներից՝ Աշտարակից, Էջմիածնից, Աբովյանից, Մասիսից։
Միասնական փոխադրամիջոցը գործում է «Սովորողների տեղափոխման կազմակերպում» փաստաթղթի համաձայն։ Աշխատանքները համակարգում են կրթահամալիրի գրասենյակների ղեկավարները, ովքեր նաև կրթահամալիրի ծնողներ են:
Յուրաքանչյուր ճանապարհային ուղղության համար կան  հաստատված պատասխանատուներ, ովքեր կրթահամալիրի աշխատողներ են և Ավագ դպրոցի սովորողներ։ Հաստատված կարգի համաձայն՝ կրթահամալիրի սովորողների միասնական տեղափոխման  կազմակերպման պատասխանատու կարող է լինել կրթահամալիրի աշխատողը կամ Ավագ դպրոցի սովորողը: Պատասխանատուի բացակայության դեպքում նրան փոխարինում է երթուղուց օգտվող այլ աշխատող կամ վարորդը: Պատասխանատուն պարտավոր է. 

ունենալ ծառայության համակարգողի, ծրագրերի և գրասենյակների ղեկավարների, վարորդի, երթուղուց օգտվող սովորողների, նրանց ծնողների հեռախոսահամարները

կատարել երթուղուց օգտվող սովորողների ամենօրյա հաշվառում

ամսվա վերջում տեղեկությունները  հանձնել տնoրենի գրասենյակ

Երթուղայինները կանգառներից շարժվում են երթուղու չվացուցակով՝ ըստ սահմանված ստույգ ժամերի:

Երթուղուց չեն շեղվում և առանց կրթահամալիրի նշանակած պատասխանատու անձի հետ համաձայնեցնելու՝ նոր կանգառներ չեն ավելացնում, ուղևորների՝ հաստատված ցուցակից դուրս ուղևոր չեն վերցնում:

Հետադարձ երթի մեկնարկից առնվազն տասը րոպե շուտ են տեղում լինում և սկսում են սաներին նստեցնել:

Ուղևորների` հաստատված ցուցակի համաձայն՝ առավոտյան երթուղու վերջնակետ-կանգառներում` կրթահամալիրի դպրոցների պատասխանատուների մոտ, իջեցնում են և հետադարձ երթի սկզբնակետերում պատասխանատուներից ընդունում են ուղևոր-սաներին:

Որևէ պատճառով երթուղու չվացուցակից հետ ընկնելու կամ երթուղին շարունակել չկարողանալու դեպքում անմիջապես տեղեկացնում են պատասխանատուին:

Հիվանդության կամ հարգելի պատճառով բացակայելու դեպքում նախապես գտնում են փոխարինող՝ համաձայնեցնելով փոխարինումը պատասխանատուի հետ, հանգամանորեն բացատրելով փոխարինողին անելիքը:

Կրթահամալիրի վարորդները աշխատում են «Հուշաթերթիկ-հրահանգ կրթահամալիրի տրանսպորտային միջոցների վարորդների համար» մշակված փաստաթղթի համաձայն, ըստ որի․

երթուղի ներկայանալ առանց ուշանալու, կոկիկ հագնված, տղամարդիկ՝ սափրված

երթուղին իրականացնել մաքուր տրանսպորտային միջոցով, լույսերը միացրած

մեքենան պետք է պարտադիր կահավորված լինի առաջին օգնության դեղատուփով, կրակմարիչով, «Զգույշ, երեխաներ են» մակագրությամբ երթևեկության նշանով

երթուղին իրականացնելիս, ինչպես նաև կրթահամալիրի տարածքում, կանգառներում, ծխելը խստիվ արգելվում է

Վարորդը պարտավոր է, մեքենան վարելիս, խստորեն պահպանել երթևեկության կանոնները, երթուղին իրականացնելիս ռադիո կամ ձայնարկիչ չմիացնել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ պատասխանատուն հատուկ սկավառակներ է տրամադրում վարորդին: Երթուղայինում բացառապես հնչում է կրթահամալիրի ծրագրային երաժշտություն:

Տրանսպորտը, որտեղ սովորողը գտնվում է 15-35 րոպե, միջավայր է, որտեղ առողջ են և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։ Վարորդը ևս պետք է լինի ուսուցիչ, ով ապահովում է առողջ միջավայր, որտեղ չկա «իմ ու քո տեղ», որտեղ քո երեխան ապահով ձեռքերում է, որտեղ սովորողը կտրվում է ֆեյսբուքից, խաղից։
Որպես կրթահամալիրում միասնական տեղափոխման համակարգող-պատասխանատու և որպես երկու սեբաստացիների ծնող, ովքեր նույնպես օգտվում են կրթահամալիրի երթուղային ծառայությունից, միշտ սիրով և ակնածանքով  եմ նայում տրանսպորտի պատասխանատուների ուղիղ եթերները։ Շատ հավանում եմ Սյուզի Մարգարյանի եթերները․ նա երթուղին վերածում է ուրախ ավտոբուսի՝ երգելով կոմիտասյան երգեր․

 5 համարի երթուղու երգ-ուղերձը՝ սահմանը պահող հերոսներին
Փառատոնային համար 5 հարթակ
Դեպի Եվրոտեսիլ, համար 5 երթուղի
Երգչաբումբ անիվների վրա. համար 5 երթուղի

Հետաքրքիր էին երրորդ համարի երթուղու պատասխանատու Սոնա Փափազյանի տեսանյութերը․ ամբողջ ճանապարհին երթուղայինում ոչ միայն երաժշտություն է հնչում, այլ նաև սովորողները հայրենագիտական խաղեր են խաղում:
Երգում են սեբաստացիները
Երգչախումբ անիվների վրա՝ «Բոբիկ ջուր մի էրա»

Կան  պատասխանատուներ, ովքեր, նախօրոք իմանալով, որ այդ օրը իրենց երթուղու սովորողի ծննդյան օրն է, տոն են դարձնում օրը:

Վարորդները նույնպես սովորողների հետ այնքան են մտերմանում, որ երբեմն որոշում են անակնկալներ մատուցել՝ կոնֆետներ են հյուրասիրում, հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության օրը՝ նաև պաղպաղակ։
Իմ ամենօրյա աշխատանքի արդյունքում փաստել եմ մի բան, որ կրթահամալիրի միասնական փոխադրամիջոցը զուտ փոխադրամիջոց չէ, այլ ուսումնական ծրագրի բաղկացուցիչ, որն անընդհատ մշակվում է, հղկվում և ծառայում հարյուրավոր սովորողների և դասավանդողների:

 

 

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский