Ես՝ մանկավարժ

Եթե մեկ տարի առաջ ինձ ասեին, որ աշխատելու եմ երկու հարյուրից ավելի սովորողի հետ, չէի պատկերացնի, թե ինչպես է դա հնարավոր։ Պահ է լինում, երբ քո երեխաների հետ չես կարողանում լեզու գտնել, չես կարողանում ճիշտ ուղղորդել։Այսօր անգլերեն եմ դասավանդում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում։ Դժվա՞ր էր արդյոք սկզբում։ Այո, դժվար էր։ Ես մեծ խմբերի հետ աշխատելու փորձ չունեի, իսկ անհատական ուսուցումը շատ է տարբերվում մի ամբողջ դասարանի հետ աշխատելուց։ Ունեի՞ արդյոք մտավախություններ։ Իհա՛րկե, ունեի։ Վախենում էի, որ չեմ կարողանա նյութը ճիշտ մատուցել, դասարանը հավաքել, սովորողներին կձանձրացնեմ։ Վախենում էի, որ չեմ ունենա այն արդյունքը, որն ինձանից ակնկալում են։ Մյուս կողմից` մտածում էի, որ կրթահամալիրը տարբերվում է հանրակրթական դպրոցներից թե՛ ծրագրային առումով, թե՛ ուսուցման մեթոդներով։ Հանրակրթական դպրոցների ծրագրերին ծանոթ էի, բայց հեղինակային մանկավարժությունն` իր բլոգային-նախագծային ուսուցմամբ, բոլորովին այլ մոտեցում է ուսումնական գործընթացին։ Այսքան նորություն միանգամից… ակամա սկսում ես կասկածել՝ կկարողանա՞ս արդյոք ամեն ինչ ճիշտ անել։ Գուցե և չկարողանայի, եթե չլիներ սեբաստացիների աջակցությունը։ Առաջին իսկ օրվանից ստացել եմ ջերմ ընդունելություն, առաջացած որևէ հարց անպատասխան չի մնացել, բոլորն օգնել են իրենց խորհուրդներով, ուղղորդումներով, ինչի համար շատ շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին։

Վախերն ու կասկածները ժամանակի ընթացքում նահանջում են, սկսում ես ավելի ինքնավստահ լինել, սիրել աշխատանքդ և սովորողներիդ։

Վերջերս հիվանդության պատճառով բացակայեցի։ Երբ վերադարձա աշխատանքի, մտա դպրոց և լսեցի առաջին դասարանցիների առավոտյան պարապմունքի ուրախ երգի ձայնը։ Մոտեցա խմբին և այնպիսի կարոտ զգացի։ Միևնույն ժամանակ մի անբացատրելի զգացում պարուրեց ողջ էությունս։ Այդ պահին հասկացա, որ գտվում եմ ճիշտ տեղում։ Իսկ այն, ինչ զգում էի, սերն էր մանկավարժության և սովորողների նկատմամբ։ Կարծում եմ՝ ամեն մանկավարժ պետք է սիրի իր գործը, որ կարողանա հասնել ցանկալի արդյունքի։

Այս ամիսների ընթացքում իրականացրել եմ կարճաժամկետ մի քանի նախագիծ:

1-ին և 2-րդ դասարաններ.

Ինչը կարող է ավելի լավ ցույց տալ գույները, քան ծիածանը։ Կրտսեր դասարանների սովորողները ծիածանի միջոցով հեշտությամբ և հաճույքով են յուրացնում գույները։ Հենց այստեղից էլ ծնվեց «Իմ ծիածանը» նախագծի գաղափարը։ Նախ՝ երգի միջոցով սովորեցինք ծիածանի գույները, այնուհետև սովորողներից յուրաքանչյուրը նկարեց իր ծիածանը իր նախընտրած ձևով՝ թղթի վրա կամ Paint ծրագրով, և ներկայացրեց իր ծիածանի գույները անգլերենով։ Արդյունքները շատ վառ և հետաքրքիր ստացվեցին։

Լուսե Դերդերյանը իր տեսանյութում ներկայացնում է ոչ միայն ծիածանի գույները, այլ նաև զրուցում է իր մայրիկի հետ այն մասին, թե երբ է ծիածանը հայտնվում։

Արդյունքների ամբողջական փաթեթը կարող եք տեսնել այստե՛ղ։

Ուսումնական տարվա ընթացքում սովորած բառապաշարը կրկնելու համար լավագույն միջոցը, կարծում եմ, երկխոսությունն է, երբ սովորողները փորձում են անգլերենով տրված հարցերը հասկանալ և պատասխանել այդ հարցերին։ Մի քանի թեմա կրկնելուց հետո որոշեցի ստուգել` արդյոք սովորողները կարողանում են ինքնուրույն, առանց ուսուցչի օգնության երկխոսություն վարել։

«Անգլերենը մեր տանը» նախագծի նպատակն էլ հենց դա էր։ Սովորողները իրենց ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ պետք է երկխոսություն վարեին՝ կիրառելով իրենց անցած բառապաշարը։

Արշի Բաբայանը իր մայրիկի հետ երկխոսություն է վարում և պատասխանում նրա հարցերին։

«Անգլերենը մեր տանը» նախագծի արդյունքները։

Կենդանիների թեման ուսումնասիրելուց հետո սկսվեց աշնանային արձակուրդը։ Պետք էր մտածել մի այնպիսի նախագիծ, որը կլիներ և՛ ուսուցողական, և՛ հետաքրքիր, որ սովորողներն իրենց արձակուրդի ընթացքում նախագծին մասնակցեին և միաժամանակ ուրախ ու հետաքրքիր գործունեությամբ զբաղվեին։ Որոշեցի համատեղել ծեփամածուկն ու անգլերենը։ Արդյունքում ստացվեց «The Animal World». «Կենդանիների աշխարհ» նախագիծը։ Սովորողները պետք է ծեփամածուկից պատրաստեին ընտանի և վայրի կենդանիներ և տեսանյութի միջոցով անգլերենով ներկայացնեին, թե ինչ կենդանիներ են պատրաստել, դրանք վայրի են, թե` ընտանի, և ինչ գույներ են իրենք օգտագործել։

Ահա թե ինչպես է Էմիլի Հովհաննիսյանը ներկայացնում իր պատրաստած ընտանի և վայրի կենդանիներին։
 

 

Սոնա Ջաղինյանի աշխատանքը տարբերվում է մյուսներից իր ստեղծականությամբ։ Սոնան իր պատրաստած կենդանիների միջոցով ներկայացրել է անգլերեն փոքրիկ բեմականացում, որտեղ կենդանիները երկխոսություն են վարում։

Նախագծի արդյունքների ամբողջական փաթեթը` ստորև.

 

“The animal World” նախագծի արդյունքներ. 1-ին դասարան

” The Animal World”նախագծի արդյունքները. 2-րդ դասարան

Սեբաստացու օրերին ընդառաջ, աշնան զարմանահրաշ գույների ներքո սովորողների հետ որոշեցինք ներկայացնել ոսկե աշունը մեր կրթահամալիրում։ Արդյունքները շատ գունեղ ստացվեցին։

Մանե Պողոսյանը ներկայացնում է իր դպրոցի աշունը.

Սոֆի Մադոյանը աշնան իր նկարում պատկերել է ոչ միայն դպրոցը, այլ նաև ագարակը։

Գագիկ Թադևոսյանն էլ այսպես է պատկերել աշունն իր դպրոցում։

Նախագծի արդյունքների ամբողջական փաթեթները՝ 1-ին դասարան2-րդ դասարան։

3-րդ դասարան

3-րդ դասարանցիների հետ աշխատելիս` ավելի հեշտ է նախագծեր մշակելը, քանի որ սովորողներն արդեն տառաճանաչ են, կարողանում են բլոգով աշխատել և տիրապետում են որոշակի բառապաշարի։

3-րդ դասարանցիներն իրենց նախագծերը հրապարակում են իրենց ուսումնական բլոգներում։ Նրանք արդեն կարողանում են նկարագրել իրենց, իրենց ընտանիքի անդամներին։ Այս անգամ փորձեցի պարզել, թե արդյոք կկարողանան նկարագրել իրենց ընկերներին։

Աստղիկ Մեղրունին պատմում է իր ընկերուհու՝ Եվայի մասին։

Մարիա Ստեփանյանը ներկայացնում է իր ընկերուհի Նարեին։

Աշոտ Բարսեղյանի լավագույն ընկերն էլ Ստեփանն է։

 

Արդյունքների ամբողջական փաթեթը՝ այստեղ։

Աշնանային արձակուրդից առաջ 3-րդ դասարանցիների հետ սովորել էինք առարկաների տեղը ցույց տվող նախդիրներ՝ վրա, տակ, մեջ։ Թեման ամրապնդելու համար մշակեցի  Things around us. Մեզ շրջապատող առարկաները նախագիծը։ Քանի որ ուսումնական արձակուրդի շրջան էր, և սովորողներն ավելի շատ ժամանակ էին անցկացնում տանը, փորձեցի այդ հանգամանքն օգտագործել անցած նյութն ամրապնդելու համար։ Սովորողները պետք է տեսանյութի միջոցով անվանեին տանը իրենց շրջապատող առարկաները և ասեին դրանց տեղը։ Ահա թե ինչ արդյունքներ ունեցավ այս նախագիծը.

Ֆարզամ Ֆարհադը ներկայացնում է իրեն շրջապատող առարկաները։

Սա էլ Լաուրա Ղազարյանի ներկայացրած աշխատանքն է։

Արդյունքների ամբողջական փաթեթն՝ այստեղ։

Սեբաստացու օրերին ընդառաջ 3-րդ դասարանցիները ևս ներկայացրին աշունը իրենց դպրոցում։ Քանի որ նրանք տիրապետում են ավելի լայն բառապաշարի, արդյունքները շատ հետաքրքիր ստացվեցին։

Միքայել Միքայելյանը պատմում է, թե ինչպիսին է աշունը իր դպրոցում։

Նատալի Մնացականյանն էլ պատմում է աշնան մասին և արտասանում է աշնան տերևների մասին բանաստեղծությունը։

Սոսե Ժամհարյանն էլ պատմում է, որ տարվա եղանակներից ամենաշատը սիրում է աշունը, քանի որ աշնանը իր ծննդյան օրն է։

Այս նախագծի արդյունքների ամբողջական փաթեթն՝ այստեղ։

Դեկտեմբեր ամսին իրականացրել եմ ամանորյա նախագծեր, որոնք կստեղծեն ուրախ ամանորյա տրամադրություն։

 

1-ին և 2-րդ դասարաններ՝

Նախագիծ՝ «Ամանորյա բացիկ»

Երբ որևէ մեկին ինչ-որ բան ես նվիրում, պարտադիր չէ որ դա լինի որևէ արժեքավոր իր, որպեսզի պարգևի ուրախություն։ Սեփական ձեռքերով պատրաստած մի հասարակ բացիկը ևս կարող է մեծ ուրախություն պարգևել, հատկապես երբ նվիրում ես ի սրտե, և բարեմաղթանքներն էլ սրտից են բխում։ Այս անգամ ամանորյա բարեմաղթանքները հնչում էին անգլերեն, և ամեն նվիրած բացիկ մեծ երջանկություն էր պարգևում։

Արդյունքները ստորև՝

Նախագիծ՝ Ամանորյա բացիկ. 1-ին դասարան

Նախագիծ՝ Ամանորյա բացիկ. 2-րդ դասարան

3-րդ դասարան՝

Նախագիծ՝ «Նամակ Ձմեռ պապին»

Կարծում եմ՝ կարևոր է, որ երեխաները հավատան ամանորյա հրաշքին և Ձմեռ պապին։

«Նամակ Ձմեռ պապին» նախագծի շրջանակում սովորողներն իրենց բլոգներում շարադրեցին իրենց ցանկությունները։ Սովորողների մեծ մասը Ձմեռ պապից խնդրել էր խաղաղություն, որ այլևս պատերազմ չլինի, և մեր զինվորները չզոհվեն։ Հուսով եմ՝ Ձմեռ պապը կիրականացնի բոլորի ցանկություններն ու երազանքները։

«Նամակ Ձմեռ պապին» նախագծի արդյունքներ:

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский