Սեբաստացի եմ

Կարծես երեկ էր, որ ես միացա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համերաշխ ընտանիքին։ Մինչ կրթահամալիրում դասավանդելը՝ օգոստոսի 18-21-ը, մասնակցել եմ քառօրյա վերապատրաստմանը։ Վերապատրաստումն ընթացել է՝ ըստ հրապարակված աշխատակարգի։ Մասնակիցներով մեկ օր աշխատել ենք ֆիզիկական միջավայրում՝ ծանոթանալով կրթահամալիրի ուսումնական տարածքներին։ Հաջորդ երեք օրերին աշխատել ենք Microsoft Teams առցանց հարթակում, ծանոթացել բլոգային-նախագծային ուսուցմանը, ստեղծել բլոգներ, կազմել ու ներկայացրել նախագծեր, վարել ենք վերապատրաստվողի օրագիր՝ պատմելով  քառօրյա վերապատրաստման օրերի մասին։

Օգոստոսի 24-28-ը մասնակցել եմ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական հերթական ճամբարին, որին հրավիրում են 2020-2021 ուստարում կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած մասնագետներին։ Դեռ մուտքի ճամբարի ժամանակ ճամբարականներով Վարդան Կարապետյանի հետ որոշել էինք, որ վերջում պետք է ճամփորդություն կատարենք: Անընդհատ քննարկում էինք, թե որտեղ պետք է գնանք: Սեպտեմբերի 1-ը հեռու չէր, և վերջնականապես որոշեցինք բարձրանալ Արագած՝ Գիտելիքի օրը Արագածի բարձունքին նշանավորելու: Սեպտեմբերի 11-13-ը դուստրերիս հետ մասնակցեցինք ուսումնահայրենագիտական-փառատոնային-բաց ճամբարին Արատեսի դպրական կենտրոնում։

2020-2021 ուստարվա սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 7-ը կատարել եմ կամավորական աշխատանք, հոկտեմբերի 8-ից կնքվեց եռամսյա պայմանագիր, և մինչ օրս աշխատում եմ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ որպես «Ֆիզիկա» առարկա դասավանդող: Դասավանդում եմ Ավագ դպրոցում՝ աշխատելով 9-12-րդ դասարանների սովորողների հետ:

Ցանկանում եմ խոստովանել, որ չնայած 2004 թվականից զբաղվում եմ մանկավարժական գործունեությամբ և մանկավարժության բնագավառում ունեմ բավականին փորձ, սակայն կրթահամալիրում կարծես «սկսնակ» ուսուցիչ լինեմ: Այս դեպքում «սկսնակ» ասելով ամենևին նկատի չունեմ, թե նոր եմ մտնում դպրոց, դասարան կամ սկսնակ եմ մանկավարժության մեջ, այլ սկսնակ եմ կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի և նախագծային ուսուցման իրականացման գործընթացում: Հանրակրթական դպրոցում տասնվեց տարի աշխատելուց հետո հայտնվելով նման բաց, ազատ, ոչ ստանդարտ, թափանցիկ, անկաշկանդ ու բոլոր առումներով անմիջական ուսումնական հաստատությունում՝ ի զարմանս ինձ՝ անմիջապես ներառվեցի և ընդունեցի նոր միջավայրի պահանջները՝ դրա համար գործածելով կարողություններս և հմտություններս։ Հեշտությամբ հարմարվեցի նոր միջավայրին և կարծում եմ՝ շփումն ու աշխատանքը սովորողների հետ սահուն են ստացվում, դասարան եմ մտնում ավելի վստահ, քան պատկերացնում էի: Հեշտությամբ սկսեցի համագործակցել նաև գործընկերներիս հետ, ովքեր այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում էին ինձ: Գործընկերներիս աջակցությամբ ծանոթացա նաև բնագիտության լաբորատորիային։ Կրթահամալիրն ինձ համար նոր միջավայր է, իսկ նոր միջավայրը պահանջում է նոր անելիքներ: Ես այս երեք ամիսների ընթացքում հանդիպեցի տարաբնույթ նորությունների՝ առավոտյան ընդհանուր պարապմունք, հեղինակային կրթական ծրագիր, նախագծային ուսուցում, ճամփորդությամբ ուսուցում, մանկավարժական ամենշաբաթյա հավաք-սեմինար և սեբաստացիական մի շարք ավանդույթներ։ Նոյեմբերի 23-28-ը Սեբաստացու օրեր. ստուգատեսային շաբաթ շրջայցով մասնակցել եմ մի շարք հետաքրքիր նախագծերի՝ «Հոգատարություն» ուսումնական բաց նախագիծ, համերգներ, ցուցադրություն-վաճառքկլոր սեղաններ կրթահամալիրի դպրոցներում, որոնց ողջ հասույթը հանգանակության համատեքստում ուղղվել էր մեր հերոս զինվորներին և արցախցիներին։

Արդեն ավարտին է մոտենում 2020-2021 ուստարվա առաջին ուսումնական շրջանը։ Ցանկանում եմ նաև ամփոփել այս երեք ամիսների ընթացքում իմ կատարած աշխատանքները կրթահամալիրում: Համավարակի հետ կապված՝ կրթահամալիրում ուսումնական պրոցեսը ընթանում էր ֆիզիկական միջավայրում և հեռավար՝ Microsoft Teams առցանց հարթակում, որտեղ մեծ աջակցություն եմ ստացել մենթոր ընկեր Հերմինեից։ Մենթորի հետ աշխատանքի շնորհիվ ձեռք եմ բերել Microsoft Teams առցանց հարթակում աշխատելու հմտություն։ Կազմել եմ  2020-2021 ուստարվա առարկայական ծրագիր՝  9-12-րդ դասարանների համար։ Իրականացրել եմ մի շարք հետաքրքիր նախագծեր։ Առանձնացնեմ «էլեկտրական երևույթներ» նախագիծը։ Նախագծի հիմնական նպատակն այն էր, որ սովորողները փորձերի միջոցով ամրապնդեն տեսական գիտելիքները և ձեռք բերեն գործնական հմտություններ։ Նախագծի ընթացքում սովորողները պատրաստել են ինքնաշեն էլեկտրացույց, ծանոթացել են էլեկտրական շղթայի տարրերին և ըստ սխեմաների՝ կազմել տարատեսակ տարրերից բաղկացած շղթաներ և հակառակը, շղթաները հավաքելուց հետո տվել են սխեմատիկ պատկերներ, ծանոթացել հաղորդիչ և անհաղորդիչ նյութերին։ Կատարված փորձերը սովորողներին հնարավորություն կտան կենցաղում և առօրյա կյանքում ճիշտ և ամենակարևորը՝ անվտանգ օգտվել էլեկտրական սարքավորումներից։ Կատարվել են նաև մի շարք թարգմանչական, հետազոտական եւ փորձարարական աշխատանքներ:

Նախագծային ուսուցումը հետաքրքիր մանկավարժական մեթոդ է և՛ սովորողի, և՛ դասավանդողի համար: Այն հնարավորություն է տալիս սովորողին ինքնուրույն ընտրել՝ ինչ և ինչպես է սովորելու, իսկ դասավանդողին ճիշտ կողմնորոշվելու  հնարավորություն է տալիս, թե սովորողին ինչ է անհրաժեշտ և ինչպես է կարելի այն մատուցել: Նախագծային ուսուցումը նպաստում է սովորողի ինքնուրույն աշխատելու, փնտրելու և գտնելու, համադրելու, վերլուծելու, եզրակացություններ անելու, ինքնադրսևորվելու, իր աշխատանքը ներկայացնելու հմտությունների և կարողությունների զարգացմանը: Այստեղ կարևորում եմ նաև կոնկրետ խնդիր դնելու և այն լուծելու ուղղությամբ աշխատելու գործոնը: Մի խոսքով, ուսուցման այս ձևը կրթությունը դարձնում է գործնական՝ կարևորելով ուսուցանվող աշխատանքի հետազոտական տարրը, իսկ ուսուցման արդյունքը՝ կիրառելի:

Ամփոփելով միտքս՝ նշեմ, որ դարձել եմ Սեբաստացի և առաջին ուսումնական շրջանն ավարտում և ամփոփում եմ հաջողությամբ ու նոր ուժով, նոր նախաձեռնություններով ու նոր անելիքներով սպասում երկրորդ ուսումնական շրջանին… Իհարկե, այս ամենի համար շնորհակալ եմ կրթահամալիրի իմ գործընկերներին՝ տարբեր հարցերում ինձ աջակցելու համար, սովորողներին՝ ինձ հարգելու և վստահելու համար…

Խմբագիր: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский