Արտակարգ ստուգատեսի ամփոփում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է հեղինակային-կրթական ծրագիր, որն առաջնորդվում է կրթահամալիրյան օրացույցով։ Ուսումնական տարին բաղկացած է չորս շրջանից՝ սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար, փետրվար-մայիս, հունիս։ Հունվարը և հունիսը համարվում են ճամբարային, ստուգատեսային ամիսներ։ Այդ ընթացքում սովորողի հմտությունների ու կարողությունների դրսևորմանն ու զարգացմանն ուղղված ուսումնական գործունեություններն արտահայտվում են ամենատարբեր ստուգատեսների, փառատոների, տոների միջոցով՝ Ազգագրական փառատոն, Մարզական ստուգատես, Դիջիթեք, Բնագիտատեխնիկական ստուգատես, Դդմածես։ Ստուգատեսները ներառում են տարատեսակ ուղղություններ՝ մարզական, բնագիտական, հայրենագիտական, ազգագրական, մեդիահմտությունների և այլն։
Ստուգատեսային հունվարն այս տարի ավելի բազմազան էր։ Այնքան բազմազան ու հետաքրքիր, որ ուզում էինք անպայման բոլոր ստուգատեսներին մասնակցել։ Արևելքի ճամբարականներն առանձնացան իրենց ջոկատների անվանումներով՝ «Շողեր», «Ծուղրուղո՜ւ», «Զատիկ», «Օր օրի», «Բարև», «Ուրախիկներ»… Այսպես էինք դիմում մեկս մյուսին, երբ պատմում էինք որևէ ջոկատից։ Այդպես հեշտ էինք տարբերում միմյանց։ Ստուգատեսին արդյունավետ, համակարգված մասնակցություն ունենալու նպատակով յուրաքանչյուր ջոկատի ղեկավար մշակեց շաբաթվա աշխատակարգ՝ ըստ ստուգատեսային աշխատանքների։ Շաբաթական գործունեության կազմումը և մշակումն օգնեցին, որ աշխատանքն ավելի համակարգված ընթանա։ Ամեն օրվա անելիքը հստակ ձևակերպվեց, ինչն էապես բարձրացրեց ճամբարի արդյունավետությունը։

Որպես կրթության կարևոր բաղադրիչ՝ ռադիոն կարևոր տեղ ունի ուսումնական գործընթացի մեջ։ Ռադիոթողարկումներն Արևելյան դպրոցում ամենամսյա են՝ չհաշված արտակարգ ռադիոթողարկումները։ Ռադիոյի միջոցով սովորում ենք ազատ, անկաշկանդ խոսել, ձևակերպել մտքերը, ինքնադրսևորվել։ Ճամբարամուտը եղավ տարվա առաջին ռադիոթողարկմամբ, որի միջոցով ճամբարականները ծանոթացան ստուգատեսային ամսվա աշխատանքներին, ապա անցանք գործի։ Տարբեր նախագծերով մասնակցեցինք Բնագիտատեխնիկական ստուգատեսին, որի ընթացքում իրականացվում են բնագիտական, հայրենագիտական բազմաթիվ նախագծեր՝ ճամփորդություններ, բնագիտական փորձեր, տեխնիկական աշխատանքներ և այլն։

Հայրենագիտական-բնագիտական ճամփորդությունների մեջ առանձնանում է քայլք-ճամփորդությունը հենց կրթահամալիրում՝ կրթահամալիրի Ագարակում։ Ագարակը կենդանիների այն մեծ, ընդարձակ աշխարհն է, որտեղ սովորողները տարվա ընթացքում շատ են լինում։ Ագարակն ուսումնական կենտրոն է, որտեղ միասին սովորում ենք քայլել, խնամել, կերակրել կենդանիներին, ճանաչել նրանց, սիրել։ Ճամբարի սկզբին եղանք Ագարակում, խնամեցինք կենդանիներին, կերակրեցինք, իսկ Մաշան գլխի բարեհաճ շարժումով մեզ «հրավիրեց» վարգելու։ Անվախ ճամբարականները սիրով ընդունեցին հրավերը և իրար հերթ չտալով՝ բարձրացան նրա մեջքին։ Մեղուները դեռ քնած էին, իսկ սիրամարգը մեզ հիացրեց իր գեղեցկությամբ։

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում այցելեցինք տիկին Շողիկին, սովորեցինք ծաղկից կտրոնը ճիշտ վերցնել, դնել ջրի մեջ, հետևել արմատակալման ընթացքին՝ հետագայում թաղարի մեջ տեղափոխելու նպատակով։ Ստուգատեսային օրերին սովորողների ուսումնական գործունեության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում սեղանի տարատեսակ խաղերը, լեգո-հավաքածուներով աշխատելը, որոնք ճամբարականի մոտ ձևավորում և զարգացնում են տարբեր հմտություններ ու կարողություններ, ասել է թե՝ խաղուսուցում-խաղ ուսուցմամբ կամ՝ ուսուցում՝ խաղով։
Հունվարյան ստուգատեսներից է նաև մարզականը, որի ընթացքում սովորողները ցուցադրում են իրենց մարզական կարողությունները։
Ձմեռային քայլք դեպի ծածկած լողավազան, տաք ցնցուղ, կապույտ աշխարհ, լողի հրճվանք...Պարզապես պետք է հաշվել, թե քանի վայրկյան է տևում հագուստը հանելը, լողազգեստ հագնելը…բոլորն շտապում են առաջինը ցնցուղ ընդունել...

Էլ չասեմ հեծանվավարության ու մարմնամարզության մասին։ Առաջինը նշակետին հասնելու, հաղթելու ձգտումը համակում է բոլորին և մղում առաջ։ Մարզական խաղերի հրճվանքին հունվարի երկրորդ կեսից մեծ չափաբաժին ավելացրեց երևանյան ձյունը՝ իր ճերմակ վերմակը փռելով ամենուր։ Ուսուցում՝ միջավայրում, միջավայրով, ուսուցում նաև ձյան միջոցով։
«Տատիկ զալուր կմաղե…»

Էլ ի՞նչ է պետք վեց տարեկանին։ Նա չի էլ զգում՝ ինչպես է սովորում, երբ, որտեղ…Պարզապես մեկը պիտի ուղղորդի նրան, խորհուրդ տա, սովորեցնի, օգնի։ Իսկ այդ մեկը պարտադիր չէ, որ միայն ուսուցիչը լինի։ Չմոռանանք, որ վերջինս էլ կարող է լինել ոչ միայն սովորեցնող, այլև սովորող։ «Սովորող-սովորեցնող» նախագիծն ասվածի վկայությունն է։ Այստեղ սովորեցնողը սովորողն է, սովորողը՝ սովորեցնողը։ Չկան սահմաններ, չկա բաժանում. ուսումնական փոխկապակցված գործունեություն է։ Կրտսեր սովորողները սովորեցնում են մեծերին, մեծերը՝ կրտսերներին։ Այստեղ կարևորվում է նոր շփումների, ընկերական հարաբերությունների ձևավորումը։ Նախագծի հաճախակի կիրառությունը կարևոր է, քանի որ սանն այդպիսով ձեռք է բերում և՛ նոր հմտություններ տվյալ նախագծի արդյունքում, և՛ նոր ընկերներ, կապեր, հարաբերություններ։

Ձմեռային ստուգատեսի ընթացքում կարևոր դեր ունեցավ նաև ծնողական համայնքը։ Էլ ի՞նչ կրթություն՝ առանց ծնողական համայնքի, ուսուցման տարատեսակ ձևերի ներմուծման, ներառման, համալրման։ Սա՛ էլ հենց միջավայրով ուսուցման մի ձևն է։ Մեթոդական նամակին հետևեցին ծնողների բազմաթիվ ու բազմազան արձագանքները։ Կազմակերպեցինք վարպետության դաս-հանդիպումներ, զրույց-քննարկումներ՝ մեկը մյուսից հետաքրքիր և գեղեցիկ։ Ճիշտ է, բոլորը չհասցրինք կազմակերպել, բայց անպայման կլրացնենք։ Վարպետության դասերը նաև «Բլեյան ցանցի» տարածում են ենթադրում-ապահովում, քանի որ ընդլայնվում է ծնող-կրթահամալիր շրջանակը, և շղթան համալրվում ևս մեկ կարևոր օղակով։

Հաջորդ գեղեցիկ փառատոնն ազգագրական էր՝ ազգային խոհանոցով, երգերով, պարերով, ծիսական տիկնիկներովբարբառներով։ Այս տարի փառատոնն ավելի ընդլայնվեց՝ ներառելով ազգագրական տարբեր ուղղություններ։ Այս փառատոնին ակտիվությամբ հանդես եկան ընտանեկան դպրոցների ղեկավար-ճամբարականները։
Ճամբարականները ներկայացրին ընտանեկան ուտեստներ, մեկնեցինք ուսումնական ճամփորդությունների։
Հունվարյան ստուգատեսն ամփոփեցինք Դդմատոն-Ղափամայի ծեսով։ Ուսումնասիրեցին դդումը, խաղացինք, համտեսեցինք, շատ հավանեցինք ու դդմագովքով փուռն ուղարկեցինք։

Ձմեռային ստուգատեսային ճամբարն այս տարի շատ գունագեղ էր, հագեցած, և այն ամփոփելիս տեսնում ենք նրա աստիճանական զարգացումը, ընդլայնումը, նոր գաղափարների կիրառությունը, տարածումը։
Համոզված եմ՝ «Բլեյան ցանց»-ով հանրակրթական կամուրջներ գցող ստուգատեսին սպասվում են նորանոր վերելքներ հին ու նոր սեբաստացիների քրտնաջան աշխատանքով, անդադար ուսուցմամբ, ինքնակրթությամբ։
Ստուգատեսային ճամբարի հաշվետվություն՝ ըստ նախագծերի՝ ամփոփում-արդյունքներով։

Վարպետության դասեր

Ճամփորդություններ

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский