Ուսուցման գործընթաց, չուշացող գոհունակություն

Հեղինակ: 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումն անընդհատ է։ 2019-2020ուստարում իմ երկրորդ դասարանցիներն արդեն  ուսուցման չորրորդ շրջանում ունեին իրենց անհատական բլոգները, որոնք բացվեցին «Հեռավար ընտանեկան» դպրոցի շրջանում: Այդ ժամանակ մեզ օգնության հասավ Microsoft Teams առցանց հարթակը: Ընտանեկան դպրոցների հետ կազմակերպեցինք առցանց պարապմունք՝ Edublogs նոր բլոգային հարթակի ուսումնասիրման թեմայով: Գործընկերոջս հրապարակած նյութը «Դպիր» մանկավարժական ամսագրում մեզ այդ գործում շատ օգնեց: Ամռան ընթացքում սովորողները հմտացան բլոգավարության մեջ և աշխատեցին իրենց «Ուսումնական ամառ» առաջադրանքների փաթեթով։ Հրաչյա Հովսեփյանն ու Անահիտ Ստեփանյանն էլ հասցրին թղթակցել Խոշորացույց TV-ին։
 2020-2021 ուսումնական տարին սկսեցինք արտակարգ սեպտեմբերով։ Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, սեբաստացի ընտանիքները հաղթահարում են հայրենի բարձունքները, անցնում են քաղաքի ցուցասրահ-թանգարաններով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, իսկական գիտելիքի ֆլեշմոբ անում՝ որպես կարգապահ ուսումնական աշխատանք։
Որպես կարգապահ ուսումնական աշխատանքի կազմակերպիչ՝ նախաձեռնեցի և կազմակերպեցի մի խումբ սովորողների այցելությունը «Դալի և Պիկասո» բացառիկ ցուցադրությանը։ Սեպտեմբեր ամիսը բավական հագեցած ամիս էր, ուսումնական տարվա առաջին շրջանը սկսեցինք սեպտեմբերի 1-12-ի ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցներով, ապա նաև շարունակեցինք ֆիզիկական միջավայրում։
Այդ ընթացքում հասցրեցինք վայելել մեր ամենասիրելի աշնանային լողափը, ճամփորդեցինք «Բուժական. Թեղենյաց վանք», բարձունք հաղթահարեցինք, առ Աստված շարական հնչեցնելու հնարավորություն ունեցանք։
Եթե սեպտեմբերի համար ընդունելի էր արտակարգ սեպտեմբերով ուսումնական տարին, շատ շուտով ստիպված պետք է լինեինք հասկանալու, որ ոչ միայն սեպտեմբերն է արտակարգ, այլև հոկտեմբերը, նոյեմբերը…
Հայտնվեցինք մի նոր իրողությունում, որտեղ Հայի նախապես ծրագրած տասը-քսան տարին ի չիք դարձավ, փորձում ենք ապրել և ապրեցնել մեր բոլորի Այսօրը։
Արտակարգ հոկտեմբերը մեզ տվեց արցախցի երեք նոր ընկեր՝ պայծառ, լուսավոր ընկերներ։ Սովորողները սիրով ընդունեցին և շատ արագ իրենց հոգատարության շնորհիվ կարողացան ներգրավել սովորողներին։ Սովորողներից երկուսը՝ Ռիման և Կառլենը, ընթացքում փոխեցին իրենց ժամանակավոր բնակության վայրը և ավելի մոտ դպրոց գտան, իսկ Նարեն, որ Շուշիից է, շարունակում է մեզ հետ սովորել, իսկ մեր սեբաստացի Անահիտի հարազատները Քարին տակից են, որտեղ ամբողջ ամառ Անահիտը վայելել էր իր տատիկի և պապիկի, հարազատ գյուղի ներկայությունը։ Եվ հետո կհասկանար, որ այդ ամենը դարձել է վավերագրություն:
Լիլիթի հայրիկը առաջնագծում է, Էլինայի հայրիկը, որը բժիշկ է, նույնպես այնտեղ է: Ալիկը հորեղբորն է կորցրել, տիկին Նունեն տղայից լուր չունի։ Պահը հասունացել էր, չնայած ութ տարեկան սովորողի հետ դժվար է խոսել պատերազմի արհավիրքի մասին, բայց, միևնույն է, պարտավոր ես։ Նրանք ամեն ինչ գիտեին, տանը նրանց հետ այդ թեմաներով  չեն խոսել, սովորողները  շատ հարցեր ունեին։ Խոսեցինք, խաղաղվեցին, պայծառացան, ես էլ ներքուստ ինձ ավելի հանգստացած զգացի։
Այս տարի թթվի ծեսը որոշեցի, որ ընտանիքներն են իրականացնելու։ Սթափվել էր պետք, կյանքի շարունակականության ազդակը հասավ ընտանիքներին։
Սեբաստացու օրերն են, նախատեսել եմ այցելել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ծանոթանալու սարյանական ոճին և ներկապնակին, այնուհետև դպրոցում այդ մոտիվներով սովորողների հետ նախատեսում եմ կախազարդեր պատրաստել և ցուցահանդես- վաճառք իրականացնել, որից ստացված հասույթը, անկախ չափից, կուղղվի հոգատարության հիմնադրամին։
Այս օրերին ունենք նաև Խոշորացույց TV-ի մեր հերթական թողարկումը, որին նույնպես լուրջ պատրաստվում ենք։
Իսկ դիմացը դեկտեմբերն է` Լույսեր, գույներ, ղողանջներ․․․

Ինչպես օրը դարձավ տոն

Դեկտեմբերի ինն էր: Արևելյան դպրոցում աշխատանքային հավաք էր: Թեման ամանորյա տոնախմբություններն էին՝ համաճարակային իրավիճակով պայմանավորված ու պարտադրված նոր լուծումներով:
Նախորդ տարիներին ամանորյա տոնախմբությունները միասնական կազմակերպում են ունեցել, բերվել են ընդհանուր սցենարի և համակարգվել:
Այս տարի այդպես կազմակերպել հնարավոր չէր, նախ՝ սովորողների քանակն էր մեծացել, հետո՝ չենք ուզում խախտել սահմանված նորմերը:
Արևելյան դպրոցում կա երեք երրորդ դասարան՝ Անահիտ Հարությունյանի, Մերի Գրիգորյանիի և իմ դասարանները: Գործընկերներով քննարկեցինք և որոշեցինք, որ Անահիտը և Մերին հանդես կգան ընդհանուր նախագծով՝ «Հայկական ծիսական Ամանոր» վերնագրով, իսկ ես էլ մտածեցի ու գտա…
Իմ նախորդ դասարանում նման փորձ արել էի. տարբեր մանկագիրների մոտ հանդիպող մկների կերպարները վերցրել, ամբողջացրել և ներկայացրել որպես մեկ ընդհանուր սյուժե:
Խնկոյանական նախագծով սովորողները հասցրել են յուրացնել և բերանացի անել «Մների ժողովը» և «Փեսացու մուկը» ստեղծագործություները:
«Մկների ժողովը» ներկայացրինք Արցախի բարբառով՝ ներգրավելով մեր շուշեցի Նարեին:
«Փեսացու մուկը» ռադիոթատրոն ենք ձայնագրել: Հրաչյան ու Անահիտը միասին զուգերգ ունեին: Այդ ամենին էլ, որ գումարենք մեր ամանորյա երգերը, թվում էր, թե կստացվի: Մնում էր այդ ամենը ճիշտ համադրել և կազմակերպել:
Խոսեցի մեր նորեկ Նարեի մայրիկի հետ, ով Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի բեմադրիչն էր: Արդեն սեբաստացի ծնող Մարիան խոստացավ օգնել: Չմոռանալով մեր մյուս ծնող՝ երաժիշտ Մարինե Ոսկանյանի մասին, քննարկեցինք և սցենարի բերեցինք, ընդգրկեցինք նաև արցախյան բարբառով կտորներ, որոնք ներկայացմանը նոր հմայք հաղորդեցին:
Ժամանակի սղությունը և զուգահեռաբար վերնատանը տարվող շինարարական աշխատանքները լրացուցիչ լարում մտցրեցին:
Սովորողները փորձերին ոչ մի կերպ չէին հավաքվում: Խնդիր էի դրել, որ բոլոր սովորողները ներգրավվեին, որ ոչ մեկ չնեղսրտեր:
Մի քանի լարված փորձերից հետո Մարիան առաջարկեց. «կամ լրջանալ կամ հրաժարվել ներկայացման մտքից», դասվարի նյարդերը ավելի ամուր գտնվեցին:
Ես արցախցուց համառ էի…
Օգնության է հասնում նաև Արփիի մայրիկը, ով մասնագիտությամբ դերասան է: Փորձը միասին ենք անցկացնում:
Լույսի շողեր են նկատվում, կարծես, ստացվում է:
Մեկ շաբաթվա ընթացքում Teams հարթակում ծնողների հետ երկու հանդիպում եմ կազմակերպել, քննարկել ենք սովորողների հագուստի և օրվա հետ կապված բոլոր մանրամասները:
Մի քանի օր Փեթակ առևտրի կենտրոնում թափառումներն ինձ օգնեցին գտնել ներկայացման համար կարևոր և լրացնող պարագաներ:
Քսանմեկը դեկտեմբերի: Ալիկի մայրիկի հետ սովորողները ասիլիկ-վասիլիկ են պատրաստում:
Նախատոնական երեքշաբթի՝ սովորողների հետ մեկանգամյա օգտագործման բաժակներով հրեշտակներ ենք պատրաստում, պայմանով, որ յուրաքանչյուրի սարքածը դառնալու է իր հրեշտակը:
Մոտեցավ տոնախմբության օրը, մեծ ու փոքրով բոլորն իրենց գործը գիտեին: Հաճելի եռուզեռ էր, ծնողների մի մասը զբաղված էր տոնական սեղանի ձևավորմամբ, մյուս մասը օգնում էր սովորողների կերպարներին վերջին շտրխներ հաղորդելով:
«Մկնահանդես-տոնահանդես»-ին հանդիսատես չունենք, բոլորը մասնակից են: Տոնական երգ ու պար, հավես գունեղ կերպարներ, հավաք  և ներկայանալի թիմ: Վերնատանը ժպիտ կար:
-Մկների ժողով, մկան հարսանիք, մկան տարի, ինչ ասես, որ չտեսանք այս տարի. Բարով եկար Նոր տարի:
Սովորողների գրքերը  նույնպես մտածված էին, նրանք իրենց Սասունցի Դավիթի գրքերը շատ հավանեցին: Ափսոս, որ մեր Դավիթն էլ ծռվեց ու գրքերը իր ձեռքով ընկերներին բաժանել չցանկացավ: Միգուցե սրանով էլ մի նոր նախագծի սկիզբ դրեցինք:
Մկների աշխարհում

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Լավ է, որ խնդիր ես դնում, հետևում ընթացքին, արդյունք ես ապահովում: Ցույց ես տալիս բերանացի արվող նյութի կիրառությունը, օգտագործում ծնողական ռեսուրսը, թիմային մտածելակերպն ես ամրացնում, և այդ դեպքում գոհունակությունը չի ուշանում:
Այդ գոհունակությունն ու հավեսն եմ փոխանցել նաև Հունվարյան ստուգատեսային ճամբարին:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский