Մուտք մանկավարժություն

Ես ծնվել, մեծացել եմ մանկավարժի ընտանիքում, բայց մասնագիտության ընտրության հարցում ազատ եմ եղել։ Ընտրեցի մանկավարժի մասնագիտությունը և երբեք չեմ զղջա այդ ընտրության համար։ 2020 թվականն ինձ համար վճռորոշ դարձավ։ Շատ երկար էի սպասել այս մեծ ձեռքբերմանը։ Վերջապես մուտք գործեցի մանկավարժական աշխարհ։ Եվ այդ մեծ հնարավորությունն ինձ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ընձեռեց։

Ինչու՞ եմ համարում ձեռքբերում:

Վերապատրաստման հայտ ներկայացրի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և մասնակցեցի քառօրյա վերապատրաստմանը։ Շատ շուտով իմ հայտը հաստատվեց, և քայլերս ուղղեցի դեպի կրթահամալիր․․․ Վերապատրաստման առաջին իսկ օրվանից ինձ շատ գրավեց կրթահամալիրը։ Ավելի ուրախացրեց այն փաստը, որ կրթահամալիրում ուսուցումը իրականացվում է հեղինակային ծրագրերով, որ կարող եմ ինքս մշակել նախագծեր, ծրագրեր: Շատ առանձնահատկություններ ունի կրթահամալիրը: Այստեղ գործում են երկարացված օրվա և տրանսպորտի լրացուցիչ ծառայություններ, որոնք մեր կրթահամալիրի առանձնահատկություններից և առավելություններից են: Երկարացված օրվա ծառայությունն ուսումնական գործունեությունը շարունակելու հնարավորություն է տալիս, ինչի շնորհիվ սովորողը տանն ազատ ժամանակը տրամադրում է այլ զբաղմունքների։ Կրթահամալիրում  ոչ թե պարզապես սերտում են, այլ առաջին հերթին սովորում են մտածել եւ կարողանում են գործել, զարգանալ։

Քառօրյա վերապատրաստման ընթացքում Նվարդ Սարգսյանը մեզ ծանոթացրեց բլոգային, նախագծային  և ճամփորդական ուսուցմանը։ Բլոգային ուսուցման միջոցով ընթերցողին հասանելի են լինում կրթահամալիրի հագեցած առօրյան, տարաբնույթ ճամփորդությունները, հանդիպումները, նախագծերը։ Նպաստում է սովորողների գրագետ լինելուն։ Հետագայում բլոգը սովորողի և դասավանդողի համար դառնում է շտեմարան-պահոց։ Բլոգավարությունն ինձ համար նորություն չէր, քանի որ նախկինում էլ զբաղվել եմ բլոգավարությամբ, և շատ հեշտությամբ կարողացա ներգրավվել բլոգային ուսուցմանը։ Ըստ իս՝  բլոգը թե՛ դասավանդողի, թե՛ սովորողի համար անձնական, ինքնակրթվելու, զարգանալու և ստեղծագործելու լայն տիրույթ է։

Նախագծային ուսուցումը հնարավորություն է  տալիս սովորողներին կիրառել այն գիտելիքները, որոնք ձեռք  են բերել նախագիծը ուսանելիս, և այդ գիտելիքների շնորհիվ կարողանալ հաղթահարել իրական կյանքում հանդիպող խոչընդոտները։

Ճամփորդությամբ ուսուցումը կրթահամալիրի ուսուցման ձևերից մեկն է, որը զարգացնում է սովորողի աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելիքները և նպաստում է ինքնուրույնությանը: Արտանիշի բարձունքը հաղթահարեցի սեբաստացիների հետ, և դեռ շատ բարձունքներ կան, որ կհաղթահարեմ նրանց հետ։ Ճամփորդել  եմ դեպի Արտանիշի գագաթ և մասնակցել Երևան-Մուսալեռ քայլքին։

Ինքնաբացահայտումը ճամփորդության հիմքերից է և, ինչպես ասում են որոշ փորձագետներ  ու ճամփորդներ, ամենատպավորիչ մասը: Ամեն մարդ ունի ճամփորդելու իր դրդապատճառը, ինչպես՝ սերը շրջագայելու նկատմամբ, նոր մշակույթ, կրոն, սովորույթներ բացահայտելու, առօրյայից կտրվելու ցանկությունը, ինչպես նաև՝ նոր մարդկանց ու ազգերի հետ ծանոթանալու մղումը: Ճամփորդությունը հնարավորություն է հայտնվել նոր իրավիճակներում, ձեռք բերել նոր փորձ և ծանոթանալ նոր սովորույթների: Հետևաբար, ճամփորդելով ուսուցումը  կրթահամալիրի ուսումնական պլանի ամենակարևոր բաղադրիչն է։ Ճամփորդելիս տարբեր իրավիճակներում հայտնվելը փոխում է սովորողին։ Իսկ դա հնարավորոթյուն է տալիս, որ սովորողը ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը:

Կրթահամալիրում հայտվելուց անմիջապես հետո մասնակցեցի ճամբարին։ Մուտքի ճամբարը հնարավորություն է տալիս բացահայտել կրթահամալիրը բոլոր կողմերից՝ մանկավարժական զրույցներ, քննարկումներ, ճամփորդություն, շփում նոր մարդկանց հետ: Այս փուլում լսողի ու սովորողի դերում ես: Իսկ կրթահամալիրում միշտ ես սովորողի դերում՝ անկախ տարիքից: Եվ այդ նոր շփումները նպաստում են հետագայում համագործակցային նախագծերի իրականացմանը։

Վերոնշյալ փուլերը հաջողությամբ հաղթահարելուց հետո անցա կամավորական աշխատանք կատարելուն․ մասնակցեցի Ավագ դպրոցի փառատոնային պուրակի կանաչապատման աշխատանքներին, ունկնդրում էի մյուս դասավանդողներին՝  դասավանդման մեթոդները հասկանալու համար։

Այս ամենից հետո սկսեցի Ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններում անգլերեն դասավանդել։ Դասավանդողը պետք է միշտ ինքնակրթությամբ զբաղվի։ Ինչպես ասել է  Ժ.Ժուբերը․ «Ուսուցանել նշանակում է կրկնակի սովորել»:

Ավագ դպրոցում դու ուսուցիչ չես, այլ ավագ ընկեր, խորհրդատու։ Շատ արագ կարողացա շփման եզրեր գտնել սովորողների հետ, ինչն ինձ ուրախացրեց և ավելի մոտիվացրեց։ Կրթահամալիրում աշխատելով՝ իմ մեջ բացահայտում եմ բազմաթիվ հմտություններ և կարողություններ։

Անդամակցում եմ նաև «Մանկավարժական ակումբին»։ Ակումբում քննարկում ենք մանկավարժական տարբեր  հարցեր, խնդիրներ, առաջարկվում են լուծումներ։ Նաև հետևում ենք փորձառու մանկավարժների օրինակին, քննարկում ենք մեզ հուզող հարցեր, ընդունում նրանց առաջարկները։

Մանկավարժի աշխատանքի արտացոլումը «Դպիր» մանկավարժական հանդեսն է, ինչն սկսնակ ուսուցչի համար կարևոր ընթերցարան է:
Ուզում եմ  մեջբերել տիար Տիգրանյանի հոդվածից մի հատված․ «Նախագծային ուսուցումը դասավանդողի/դասավանդողների և սովորողի/սովորողների համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղղված է որևէ հիմնախնդրի/հիմնախնդիրների տեսական և/կամ գործնական լուծմանը»:

Նախագծերը ձևակերպելիս փորձել եմ հնարավորինս առաջնորդվել այս մտքով:

Դասավանդման ընթացում իրականացրել եմ նախագծեր, որոնցից մեկի  արդյունքները ուզում եմ ներկայացնել։ Մինչ նախագծի իրականացնելը սովորողների հետ քննարկեցինք այն։ Հաշվի առնելով մեծամասնության առաջարկությունները՝ որոշեցինք  գործի անցնել՝ առանց ժամանակ կորցնելու։ Նախագիծը հետևյալն էր․ սովորողները պետք է ուսումնասիրեին արտասահմանյան լրատվամիջոցների արձագանքը Արցախյան պատերազմի վերաբերյալ, թարգմանություն կատարեին և ներկայացնեին։ Նախագծին մասնակցում էին 10-րդ դասարանի սովորողները։ Պետք է տարբեր լրատվական կայքերից գտնեին և թարգմանեին հոդվածներ։ Այդ նյութերը կարդալուց հետո պետք է քննարկեինք, բանավիճեինք, ինչը հենց նախագծի նպատակն էր, որպեսզի սովորողների մոտ ձևավորվի քննադատական մտածողություն, ազատ արտահայտվելու և  վերլուծելու կարողություն։ Հիմնական խնդիրը, որ կարող էր առաջանալ նախագիծը իրականացնելիս, կապված էր նյութի ճիշտ ընտրության հետ․ լրատվական կայքերում հնարավոր է տվյալ թեմայի վերաբերյալ տարատեսակ նյութերի հանդիպել, սովորողները պետք է գտնեին և մշակեին ճշգրիտ տեղեկություններ, որոնց շուրջ կարելի էր բանավիճել և քննարկում կազմակերպել։ Այնուհետև նախագիծը պետք է ներկայացնեին իրենց բլոգներում և ըստ իրենց կատարած աշխատանքի՝ գնահատվեին։ Ըստ իս՝ հաջողված նախագիծ էր, քանի որ սովորողները հետաքրքված էին այդ թեմայով և սկսեցին շատ ակտիվ մասնակցել։ Շատ կարևոր է, որ սովորողները կարողանան ինքնուրույն վերլուծություններ կատարել։

Անգլերենով նախագծեր ուսանելը ունի իր առավելությունները․ սովորողներն ազատ արտահայտւմ են իրենց կարծիքը։ Օտար լեզուների ուսուցման համար լեզվաբանության մեջ առկա մեթոդներից կիրառում եմ առավել հայտնի և ամենաշատ կիրառվող մեթոդներից երկուսը՝ երկլեզու մեթոդը և ուղիղ մեթոդը։

Երկլեզու մեթոդի առանձնահատկությունն այն է, որ սովորողը լեզուն սովորում է «թեմատիկ սկզբունքով»՝ կոնկրետ իրավիճակներում ըստ անհրաժեշտության հաղորդակցվելու համար: Կարելի է ասել՝ այն հիմնականում բանավոր խոսքի միջոցով օտար լեզվով հաղորդակցվելու ձև է։ Իսկ ուղիղ մեթոդը սովորողի մոտ զարգացնում է օտար լեզու ինքնուրույն սովորելու հմտություններ: Ուսուցման որոշակի փուլում սովորողը ձեռք է բերում նորը հեշտությամբ կռահելու ունակություններ:

Դեկտեմբերի 3-ին 10-րդ դասարանցիների հետ փոքր խմբերով հանդիպում-քննարկում կազմակերպեցինք՝ «Խորհուրդներ կարիերայի ընտրության համար» թեմայով։ Կարծում եմ՝ քննարկումը շատ արդյունավետ մեթոդ է։ Այս դեպքում  յուրաքանչյուր սովորող  ունի համագործակցելու և իր տեսակետը ներկայացնելու հավասար հնարավորություն։ Դասարանական քննարկումներն շատացնում են սովորողի լեզվական պաշարը, վստահություն են հաղորդում, տեսակետը արտահայտելու կարողություններն են զարգացնում:

Կարծում եմ՝ մուտքս մանկավարժություն ստացվել է: Ես այդ ուղղությամբ շատ եմ աշխատում և համոզված եմ, որ ժամանակի ընթացքում ավելի ինքնավստահ կլինեմ, հանդես կգամ հաջողված նախագծերի արդյունքներով:

Ուրախ եմ, որ կրթահամալիրում եմ:

 

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский