Տեխնոլոգիան` կյանքի դպրոց

Երբ ընտրեցի Հայաստանի Ազգային ագրարային համալսարանը և ընդունվեցի ագրոնոմիայի(խաղողագործություն) ֆակուլտետը, ես չէի էլ պատկերացնում, որ իմ ընտրած մասնագիտությունը երբևէ կարող է այսքան կարևոր և պիտանի լինել: Կրթահամալիրում հանրակրթական տեխնոլոգիա առարկայի գործունեությունը իրականացվում է տարբեր ուղղություններով՝ միջավայրի խնամք  և բարեկարգում, առողջագիտություն, մեդիատեխնոլոգիա, բույսերի խնամք, կենդանիների խնամք, ինչպես նաև կավագործություն, դիզայն-մոդելավորում, խոհարարություն, իսկ հունվարից սկսած` նաև փայտամշակում: Նշված բոլոր գործունեություններն իրականացվում են ոչ թե տեսական գիտելիքի սերտմամբ, այլ իրական, գործնական, կյանքի հետ ուղիղ կապ ունեցող գործունեության միջոցով: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Միջին դպրոցում դասավանդելով տեխնոլոգիա` իմ ունեցած գիտելիքները փոխանցում եմ տարատարիք սովորողների, և երբ նրանց մեջ նկատում եմ այնքան մեծ սերը երկրագործության հանդեպ, հպարտանում եմ, որ ընտրել եմ հենց այդ մասնագիտությունը։ Բարեխիղճ կատարած աշխատանքի արդյունքում արձանագրում եմ, որ 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանի սովորողները դառնում են իսկական երկրագործներ։ Գուցե նորագույն տեխնոլոգիաներով տարված այս ժամանակների համար մի քիչ խորթ հնչի, բայց կարծում եմ, որ երկրագործությունը հենց այն է, ինչ պակասում է մեզ բոլորիս: Մենք մեր հերթին մեջքով շրջվեցինք դեպի հողը` մեր ետևից տանելով մեզնից հետո եկողներին: Արդյունքում` կեղտոտ քաղաքն է, գյուղի անմշակ հողատարածքները ու փնթփնթան մարդը: Իսկ ինչքան ինքնաբավ կլիներ մարդը, եթե վերցներ ձեռքը բահը ու ստեղծեր իր հացն ու գինին — տեր կենդանին: Ինչքան ինքնավստահ կլիներ, ինչքան բազմազբաղ, որ չհասցներ դժգոհել, ու ինչքան առատաձեռն… Հիմա համոզված ասում եմ, որ յուրաքանչյուր սովորող  պետք է ունենա հողի հետ աշխատելու կարողություններ ու, անպայման, հողի, բույսերի, ծառ ու թփի հանդեպ սեր և հոգատարություն։ Հենց այս հատկանիշներն ու կարողություններն են պետք ապագա սերնդին. չէ՞ որ երկրագործությունը կարող է և պետք է դառնա կյանքի ուղի։ Երկրագործություն է նաև ամենօրյա աղբահավաքը, չէ որ մեզ շրջապատող միջավայրը պետք է լինի մաքուր և խնամված։ Երբ սովորողները հաճույքով աշխատում են փոցխով, բահով, երբ վիճում են, թե ով պետք է փորի, ով ջրի, հենց այդ աշխատանքային խառնաշփոթն է ամենաոգևորողը, և հենց այդ ժամանակ հասկանում եմ աշխատանքիս կարևորությունը։ Իրականում երկրագործության տեխնոլոգիան սովորողներին փոխանցում է այն կարևոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք չկան ոչ մի դասագրքում։
Միջին դպրոցի երկրագործ սովորողների առօրյան շատ հագեցած է անցնում. կատարում ենք երկրագործական տարբեր աշխատանքներ՝ հողի մաղում և փխրեցում, մագլցող բույսերի տնկում ,ծառատունկ, սիզախոտի ցանք, ծաղկատունկ, էտում, ամենօրյա տերևահավաք և այլն։ Այս բոլոր աշխատանքները դարձել են մեր առօրյան, այս աշխատանքների շնորհիվ պատանի սեբաստացիները գիտեն արդեն՝ երբ է ջրելու, տնկելու, էտելու ժամանակը:
Կրթահամալիրի բակային բարեկարգման աշխատանքները կանգ չեն առել անգամ գարնան կարանտինային օրերին։ Ամենօրյա երկրագործական աշխատանքները գույն հաղորդեցին կարանտինային այդ մռայլ օրերին։ Այդ աշխատանքների արդյունքն է Միջին դպրոցի ներքին բակի բարեկարգ և խնամված այսօրվա տեսքը։
Երկրագործական աշխատանքային բուռն շրջան էր նաև պատերազմական դժվարին օրերին, երբ այդ աշխատանքներին մասնակցում էին արցախցի սովորողները։ Ճամբարային այդ շրջանում Փառատոնային պուրակի բարեկարգման աշխատանքները վստահված էին արցախցի սովորողներին: Փոքր խմբերով ամեն օր կատարում էինք տարբեր տեսակի աշխատանքներ. Սարալանջում մոլախոտերն էինք մաքրում, ճյուղաղաց մեքենայով ճյուղերը մաքրում, ջրում և խնամում Միջին դպրոցի բակի բույսերը և այլն։ Կրթահամալիրը ունի Խաղողի և գինու դպրոց, Ուսումնական Ագարակ՝ իրենց ղեկավարներով և կանոնադրությամբ։ Ագարակը տեխնոլոգիական, երկրագործական իրական միջավայր է, որտեղ կարող ես զբաղվել թե հողագործությամբ, թե կենդանիների խնամքով և այլ գյուղատնտեսական աշխատանքներով։
Երկրագործական աշխատանքները շատ կարևոր են նաև ներառական կրթությամբ սովորողների համար: Մոտ լինելով հողին, բույսին և կենդանիներին` թե հոգեպես և թե ֆիզիկապես այն դրական ազդեցություն է ունենում սովորողի վրա։ Ներառական կրթությամբ սովորողների հետ այցելում ենք նաև ուսումնական Ագարակ, կերակրում և խնամում ընտանի կենդանիներին։ Սովորողներն արդեն  գիտեն, թե որ կենդանուն ինչպես պետք է կերակրեն և խնամեն։ Այս ամենի շնորհիվ շատ սովորողներ հաղթահարել են իրենց վախերը կենդանիների հանդեպ։
Տեխնոլոգիական ուսուցում է նաև խաղողագործություն-գինեգործությունը։ Խաղողի և գինու դպրոցը արդեն երրորդ տարին է գործում է որպես հանրակրթություն. սա այն եզակի վայրն է, որտեղ աշխատանքների մեջ ներառված են` սկսած պարտեզի սաներից մինչև քոլեջի ուսանողները։ Մեր հիմնած տնկարանները, Ուսումնական Սարալանջը, Նորք այգին, որը հենց մեր սովորողների տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ պետք է դառնա խաղողի և մրգատու ծառերի այգի, այս ամենը նախատեսված է սովորողների տեխնոլոգիական հմտությունների զարգացման համար։ Մեր այգիները բաց են, անցանկապատ, դրանք նախատեսված են ոչ միայն կրթահամալիրի սովորողների, այլ նաև Բանգլադեշի բնակիչների համար։ Չէ որ մեր գեղեցիկ և խնամված այգիները բոլորիս հոգատարության կարիքն ունեն։
Այս տարի սովորողների մի խումբ, որպես ընտրությամբ գործունեություն, ընտրել է գինեգործությունը: Գինեգործության դասերը հիմնականում անցնում են գինու դպրոցում` ամեն անգամ բացահայտելով գինեգործության արվեստի նուրբ շերտեր և ալկոհոլային խմիչքների տեսակներ։ Գինեգործություն ընտրած սովորողին ամեն ինչ հետաքրքիր է` սկսած խաղողի վազերի մշակումից, վերջացրած գինու շշալցումով և պիտակներ պատրաստելով։ Չէ՞ որ գինեգործությունը միայն խաղողը ճզմել ու հյութից գինի ստանալը չէ, ուստի սովորողները խաղողագործություն սովորում են Սարալանջի և Մայր դպրոցի վազերի ամենօրյա խնամքի աշխատանքներից սկսած։ Երբ այս կարանտինային և պատերազմական դժվար շրջանում կրթահամալիրը մթերեց 5տ  Արենի և 1.5տ Ոսկեվազ տեսակի խաղողներ, գինեգործության ընտրության դասերն էլ ավելի հետաքրքիր դարձան. մասնակցեցինք մթերման աշխատանքներին։ Անցյալ տարվա փորձը ինձ թույլ տվեց այս տարի 10 կգ խաղողով գինի պատրաստել սովորողների հետ Միջին դպրոցում՝ Սեբաստացու օրվա նվեր։ Սովորողների հետ խաղողը ձեռքով անջատեցինք չանչերից, վերածեցինք փլուշի։ Փլուշի խմորումը տարվում է երկու ճանապարհով` ինքնաբերաբար կամ ավելացվում են ակտիվ չոր խմորիչներ, որոնք նախատեսված են բարձրորակ կարմիր գինիների արտադրության համար: Առջևում Սեբաստացու օրերն էին, իսկ մեր գինին դեռ պատրաստ չէր, ուստի խմորումն արագացնելու համար ավելացրինք խմորիչ: Խմորման պրոցեսը ռիսկային էր. քանի որ առաջին անգամ էի պատրաստում գինի, ուստի մեզ օգնեց իմ գործընկեր կենսաբան Հասմիկ Ուզունյանը։ Խմորումն ավարտվելուց՝ ածխաթթու գազից անջատվելուց հետո գինին շղարշով քամեցինք նստվածքից։ Գինին նստվածքից անջատելու գործընթացը կրկնեցինք ևս մեկ անգամ` 5 օր հետո, այս գործողությունը կատարեցինք մի քանի անգամ, մինչև գույնը պարզվեց։ Ահա և վերջ, մեր գինին պատրաստ է. այն ներկայացվեց  Սեբաստացու օրերի ցուցադրություն-վաճառքին` համտեսի։ Ուսումնասիրելով ալկոհոլային խմիչքները` ապագա գինեգործների հետ պատրաստեցինք նաև ազնվամորու լիկյոր։ Պետք է ասեմ, որ այս փորձը նույնպես հաջողվեց։
Սա մեր արտադրական ուսուցման միակ փորձը չէ. այդ նախագծի շրջանակում սովորողների հետ դդմատոնի օրերին պատրաստեցինք դդմի չիր։ Չրարտադրության փորձ ձեռք էի բերել դեռ ամռանը` պատրաստելով ծիրանի չիր։ Ինչպես նաև արտադրական փորձի փոխանակումով մի խումբ դասավանդողներով այցելեցինք Վարդենիկ, որտեղ մենք շատ հմտություններ ձեռք բերեցինք այդ ոլորտում։ Արտադրական ուսուցման շրջանակում հունվարյան ճամաբարին այցելեցինք «Ալուրիա» գինու գործարան, որտեղ գինին պատրաստվում է առանց կոմերցիոն խմորիչների և սուլֆիտների: «Ալուրիա»-ն ընտանեկան և բնական գինեգործական ավանդույթներով ոգեշնչված, վայրի խմորմամբ ստացված հայկական գինի է։ Հետաքրքիր և օգտակար ճամփորդության վերջում համտեսեցինք «Ալուրիա» սպիտակ գինի։
Որպես մասնագիտական աճի կարևոր և ուղիղ ճանապարհ` անպայման ուզում եմ առանձնացնել ամռանը այգեգործների ակումբով մեր հետաքրքիր և բովանդակալից  ճամփորդությունները: Այցելելով տարբեր գինու գործարաններ, շրջելով տարբեր խաղողի այգիներում` ձեռք բերեցի մասնագիտական մի շարք գիտելիքներ, որոնք չէի ստացել համալսարանում։ Այս ճամփորդություններն ինքնակրթվելու լավագույն միջոց էին։
Հիմա գիտեմ` ինքնակրթվել նշանակում է ապրել, բովանդակությամբ լցնել և սեփական կյանքը, և սովորողների ժամերը: Այսպես է իրականացվում ցանկացած գործունեություն Բանգլադեշի Կյանքի դպրոցում` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:
 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский