Վերադարձ սեբաստացիական ձևով

Հեղինակ: 

Երկու տարվա դադարից հետո որոշեցի վերադառնալ արդեն հարազատ դարձած աշխատանքիս՝ փոքրիկ սեբաստացի Լիլիի հետ: Լինել դասավանդող և միաժամանակ սեբաստացու ծնող՝ ավելի պարտավորեցնող է: Չեմ կարծում, որ ֆիզարձակուրդ գնալը խանգարում է ուսուցչին, քանի որ նույնիսկ այդ ժամանակ կարելի է սովորել՝ համացանցից, այլ աղբյուրներից, սեփական երեխայից: Ընդ որում՝ երեխան օգնում է մանկավարժական գործն ավելի լավ հասկանալ, քանի որ անընդհատ շփվում ես, խաղում, աշխատում բալիկի հետ, նոր բաներ սովորում նրանից, նոր մտքեր գեներացնում:

Մասնագիտությամբ տնտեսագետ լինելը չխանգարեց, որ ինձ գտնեմ մանկավարժության մեջ, իսկ այդ հնարավորությունն ինձ ընձեռեց իմ սիրելի կրթահամալիրը: Անցած երկու տարիների ընթացքում ինքնակրթվել եմ, հետևել եմ գործընկերներիս աշխատանքներին, կարդացել եմ դպիրյան հրապարակումները, հետևել և հնարավորության դեպքում մասնակցել եմ կրթահամալիրի կյանքին: Ի դեպ, սա համարում եմ շատ կարևոր, քանի որ բացի ինքնակրթությունից նաև հնարավորություն է ընձեռվում ավելի սահուն վերադառնալ աշխատանքին՝ տեղյակ լինելով ամեն ինչից:

Մինչ ֆիզարձակուրդ գնալս աշխատել եմ Միջին դպրոցում, դասավանդել եմ 6-8-րդ դասարաններում: Ֆիզարձակուրդից վերադարձա որպես Քոլեջի դասավանդող: Իրականում չանհանգստացա, քանի որ եթե դասավանդող ես, ապա ինչ տարբերություն, թե որ տարիքային խմբի հետ ես աշխատում: Երբ բոլորին վերաբերվում ես որպես անհատականություն, սիրում ես աշխատանքդ, գործդ, ապա պետք է տարբերություն չլինի, թե որ օղակում կաշխատես:

Վերադարձս սկսվեց Մուտքի ճամբարով, որը կազմակերպվեց Քոլեջում: Հագեցած և հետաքրքիր օրեր էին, ներկայացա անհատական նախագծովս (ամփոփումը՝ հղումով), և, իհարկե, բաց չթողեցի Արագած բարձրանալու և դեպի Բջնի ճամփորդելու հնարավորությունը: Իսկ հետո պարզ դարձավ, որ աշխատանքս լինելու է հենց Քոլեջում, ուսանողների հետ: Մինչ այդ դասավանդել էի Միջին դպրոցում, իսկ Քոլեջում միայն «Տնտեսագիտության հիմունքներ» մոդուլն էի վարել: Համոզված լինելով, որ փոփոխությունները միայն դեպի լավն են տանում, ավելի ոգևորվեցի: Բացի նրանից, որ նոր ուժերով և նոր գաղափարներով էի վերադառնալու, հենց Քոլեջում գտա լավագույն դաստիարակներին, որոնցից մեկն էլ դարձավ մեր տան փոքրիկ սեբաստացու ընկերն ու խորհրդականը, որին անմնացորդ վստահում եմ բալիկիս: Էջը՝ հղումով:

Մուտքի ճամբարներն իրենց տեսակով և բովանդակությամբ ուղղված են օգնել սովորողին, նոր աշխատողին կամ ֆիզարձակուրդից վերադարձողին միանալ կրթահամալիրի աշխույժ և բեղուն կյանքին: Սա յուրօրինակ փորձ է, որի երկրորդ հնարավորությունը կարող է և չընձեռվել: Մուտքի ճամբարների բազմաբնույթ ընթացքը թույլ է տալիս ինքներս մեզ փորձել տարբեր գործունեություններում, գտնել նոր հետաքրքրություններ, զբաղմունքներ, կարողանալ հեշտ մտնել դասարան/լսարան:

Համաճարակը վայրկյանական փոխեց բոլորիս կյանքը, այդ թվում նաև կրթահամալիրինը և կրթական համակարգինն առհասարակ: Հեռավար ուսուցման միտքն ու իրագործման ճանապարհները կրթական համակարգի համար մեծ ու անհաղթահարելի մի բան էին, մինչդեռ կրթահամալիրը, որպես կայացած և հեղինակային կրթության գաղափարը քարոզող ու տարածող կենտրոն, կարելի է ասել, վաղուց պատրաստ էր դրան: Սա ավելի պարտավորեցնող էր ինձ համար, քանզի գիտակցում էի, որ հետևելն ու ուղիղ մասնակից լինելը ծայրահեղ տարբեր բաներ են: Լինելով կրթահամալիրի սան, շրջանավարտ և աշխատակից՝ ձեռք էի բերել արագ կողմնորոշվելու և սովորելու ունակություն, ինչն էլ թույլ տվեց հեշտ ինտեգրվել նոր իրականությանը, կազմել դրա մի մասնիկը: Ֆիզիկական միջավայրում աշխատելիս պահպանել ենք անվտանգության կանոնները, խոսել եմ ուսանողների հետ, բացատրել, հասկացել ենք իրավիճակը, արել ամեն հնարավորը: Հեռավար և համակցված ուսումնական գործընթացը ևս կազմակերպվեց առանց խնդիրների: Մինչ աշխատանքի անցնելը ուսումնասիրել էի  Teams հարթակի գործիքներն ինքնուրույն, ապա օգտվել էի Հերմինե Անտոնյանի բլոգի տեսադասերց, որոնց կիրառությունն էլ ներկայացրել էի ուսանողներին: Հեռավար ուսուցման նախագծերը, աշխատանքները՝ հղումով:

2020-ին անմասն չմնացինք նաև պատերազմական իրավիճակից: Ապրեցինք այդ ամենը, մասնակցեցինք բարեգործական աշխատանքներին, դասեր քաղեցինք իրավիճակից, սկսեցինք ապրել «Նոր ուղով»:

Քոլեջում դասավանդում եմ մասնագիտական խմբերում.

Ամենամեծ անհանգստությունս կապված էր պարտեզի փոքրիկների հետ կատարվելիք աշխատանքների հետ, քանի որ դասավանդելու էի նաև «Մաթեմատիկական պատկերացումների ձևավորման մեթոդիկա» մոդուլը, և ըստ իմ պատկերացումների՝ այն ամբողջական չէր լինի առանց սովորածը գործնականում կիրառելու: Մինչ աշխատանքների սկսելը գրեթե չէի պատկերացնում, թե ինչ պետք է անեմ, ինչպես, սակայն, ունենալով տիկին Թերզյանի նման խորհրդատու, ամենը հաղթահարվեց: Ավելին՝ բոլոր աշխատանքները մաթեմատիկական, բնագիտական բլոգային-նախագծային-լաբորատոր պրակտիկ ուսուցման կազմակերպման բնույթ ձեռք բերեցին, ինչն էլ նվաճում և ձեռքբերում եմ համարում: Ստացվեց նաև ուսանողներին մաթեմատիկական ֆլեշմոբի միջավայր բերելը: Ձեռքբերում եմ համարում նաև այն, որ կարողացա կոտրել այն բարդույթը, որ մաթեմատիկան բոլորի համար չէ, և միայն եզակիներն են ունակ լուծել մաթեմատիկական-տրամաբանական խնդիրներն ու առաջադրանքները: Իսկ ամենակարևորն այն է, որ ուսանողները սկսել են սիրել մաթեմատիկան:

Բացի դասավանդողի պարտականություններից՝ ստանձնեցի նաև մարդաչափության լաբորատորիայի մասնագետի պարտականությունները: Նաև համակարգում եմ մարդաչափության լաբորատորիայի օնլայն հարթակի աշխատանքները, իրականացնում եմ խորհրդատվություն: Իրականացրել և իրականացնելու եմ մաթեմատիկական ամսագրի խմբագրական աշխատանքները: Մարդաչափության լաբորատորիայի աշխատանքներն ուղղված են մեր սովորողների, ուսանողների առողջության պահպանմանը, ինչին պետք է ամենայն ուշադրությամբ և պատասխանատվությամբ հետևել: Իսկ դրանում մեզ, իհարկե, օգնում են նաև մարդաչափական տարբեր չափումները, որոնք իրականացնելով՝ վաղ շրջանում բացահայտում ենք նորմայից շեղումներն ու մեր բժիշկ-մասնագետի՝ Ստեփան Գրիգորյանի հետ համագործակցելով՝ վերացնում:

Ուսումնական առաջին շրջանի նախագծային աշխատանքներս կարող եք տեսնել այս հղումով

Որպես տարեմուտ՝ փոքրիկ սեբաստացի դստերս հետ մասնակցեցինք ամանորյա ծեսին: Երբ մասնակցությունդ կրթահամալիրում բազմաբովանդակ է լինում և՛ որպես դասավանդող, և՛ որպես ծնող, և՛ որպես նախաձեռնող, և՛ որպես հեղինակային նախագծային աշխատանքների իրագործող, ավելի ես կապվում միջավայրին, այն դառնում է ընտանիքդ, որին պետք է սիրես, պահպանես, փաղաքշես, զարգացնես, ապահովես հիանալի ապագա:

Ելենա Օհանյան

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский