Middle TV-ն՝ Միջին դպրոցի սովորողի կարողությունների զարգացման հարթակ

Մեր երկրի և համաշխարհային հանրության սոցիալ-տնտեսական կյանքում առկա փոփոխությունները պահանջում են ոչ միայն տարբեր բնագավառներում  գիտելիքներ եւ տեխնոլոգիական հմտություններ ունեցող կրթված մասնագետներ, այլ աշխատանքին/գործին/ ստեղծագործաբար  մոտեցող մարդիկ, ովքեր նախաձեռնող են, ինքնուրույն, մրցունակ և մոբիլ: Ժամանակակից կրթության հիմնական խնդիրներից մեկը երեխաների մեջ նախաձեռնողականություն և ինքնուրույնություն ձևավորելն է, երևակայություն և ստեղծականություն զարգացնելը, անընդմեջ զարգացող ու փոփոխվող մեդիահարթակում նոր հմտությունների, կարողությունների դրսևորումը. խնդիրներ կազմելու, որոշումներ ընդունելու համընդհանուր կարողություն փոխանցելը։ Սովորողները պետք է պատրաստ լինեն կյանքի արագ փոփոխվող պայմաններին, կարողանան արդյունավետ և ոչ ստանդարտ լուծումներ գտնել առաջացող խնդիրներին: Այժմ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեդիան  ինքնակրթվելու, ինքնադրսևորվելու, հմտությունները միմյանց փոխանցելու միակ հարթակն է:

Նպատակը  

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրականացնում է բլոգային ուսուցում, որտեղ յուրաքանչյուր սովորող աշխատում է, ստեղծագործում է իր բլոգում, ստեղծում տարատեսակ, տարաբնույթ  տեսանյութեր: Միջին դպրոցում սովորում են 6-8-րդ դասարանցիները։ Միջին դպրոցի TV-ի ստեղծման նպատակն էր ներկայացնել, լուսաբանել դպրոցում տեղի ունեցող իրադարձությունները, դպրոցում առկա տարաբնույթ հարթակները, սովորողների ամենահետաքրքիր տեսանյութերը, պատմել նրանց հետաքրքրությունների, մտորումների մասին, ներկայացնել նրանց կարողություններն ու հմտությունները: Middle TV-ի շաբաթվա գործունեությունը կապվում է շաբաթվա նախագծերի հետ: Միջին դպրոցի  TV-ն հրապարակվում է շաբաթը մեկ անգամ:

Ինչպես ենք ստեղծում Միջին դպրոցի TV-ն

Թիմի ստեղծում- Միջին դպրոց TV-ն ստեղծվել է 2020 թ-ի ձմռանը: TV-ի ամենշաբաթյա աշխատանքի համար ընտրվում է թիմ, որն անընդհատ փոփոխվում է, որպեսզի մեծ թվով սովորողներ ներառվեն: Այնուհետև թիմով/ մի խումբ սովորողների հետ/  ընտրում ենք  թեմաներ, որոնք հետաքրքիր են ոչ միայն ենթադրյալ դիտողների, այլև  հենց հեղինակների համար: Անցած տարվա մարտի վերջից մենք հայտնվել էինք նոր միջավայրում, որն էր՝ հեռավար-առցանց հարթակը: Արդի հեռավար հարթակում դու անընդմեջ սովորողների հետ  ես՝ թե՛ էլ․հասցեով, թե՛ հեռախոսազանգով: Հեռավար ուսուցման շարունակությունը հեռավար-ընտանեկան նախագծերն էին․ ստացվում է՝ ոչ միայն սովորողների հետ ես կապը պահպանում, այլ նաև ծնողների, որպեսզի ներառես այդ աշխատանքներում: Արդի խելագար կյանքի այդ դանդաղեցված փուլն ինչ-որ տեղ «դրական» շրջան էր ընտանեկան հետաքրքրությունների բացահայտման համար :«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծնողները բավականին պատրաստակամ են. իրենց մասնագիտական հմտություններով կիսվում են մեր սովորողների հետ թե՛ առցանց, թե՛ ֆիզիկական միջավայրում՝ ելնելով իրավիճակից: Փորձում են անցումային տարիքում գտնվող երեխաների հետ համընթաց քայլել, տալ ու վերցնել թե՛ գիտելիքի, թե՛ հմտությունների մի մեծ պաշար։  Այս դարաշրջանում ծնողի սթափ, մոբիլ, նախաձեռնող լինելը ցանկալի է: Սեբաստացիական դպրոցը ստեղծել է այդ մտերմիկ, ջերմ, ստեղծագործ, մոբիլ հարթակը: Մասնագետ  ու պատրաստակամ ծնողների ներգրավվածության մասին պատմում ենք մեր տեսանյութերում։ Կարող եք դիտել։

Կարևորում ենք, որ մեր տեսանյութերում բոլոր տեղեկությունները  լինեն հավաստի, ճշգրիտ, ազնիվ, անկողմնակալ:

Հաղորդման թեմաները

Քանի որ մեր կրթահամալիրում իրականացվող նախագծերը շատ տարաբնույթ են, ուստի TV-ում ներկայացվող նյութերն էլ տարաբնույթ են․

Հիմնականում ներկայացվող  թեմաներն են․

  • Ուսումնական ճամփորդություններ
  • Դպրոցի հյուրերը
  • Ագարակ
  • Գինու դպրոց
  • Ընտրությամբ առարկաներ
  • Սպորտաձևեր
  • Հետաքրքիր սեբաստացիներ
  • Սեբաստացու հետաքրքրություններ
  • Ընտանեկան նախագծեր

Ամբողջական ֆիլմը մոնտաժելուց առաջ ռեպորտաժները պատրաստող սովորողներով, դասավանդողներով  հավաքվում ենք, պատրաստում տարաբնույթ կարճամետրաժ տեսաֆիլմեր։ Ընտրվում են այն տեսանյութերը, որոնք  դիտողին մանրամասն են ներկայացնում, թե ինչ է կատարվում դպրոցում, երբեմն նաև՝ ընտանիքում: Այս ընթացքում սեբաստացի մայրիկներն ու հայրիկները անգամ ժամանակ չեն ունենում ձանձրանալու: Կարծում եմ՝ TV-ի  կարևորագույն կետերից մեկը մեր սովորողների ու ծնողների ներուժը տեսնել-բացահայտելն ու ներկայացնելն է: Տարբեր մասնագիտությամբ ծնողներ ներկայանում են իրենց խորհուրդներով /բժիշկ ծնող, դիետոլոգ ծնող…./: Ունենք հեռավար սովորողներ, ովքեր ապրում են տարբեր երկրներում, պատրաստում են տեսաֆիլմեր այդ երկրների պատմության, իրենց հասակակիցների մասին: TV-ի տեսաֆիլմերը վերջնական տեսքի բերելիս փորձում ենք համակցել, խճանկարի պես ներկայացնել  նախագծերի փաթեթը: Այնպես է լինում, դու սովորողին չես դասավանդում, սակայն TV-ն հնարավորություն է տալիս բացահայտելու նոր սովորողներ՝ իրենց կարողություններով, երբեմն էլ իրենք են քեզ ուղղորդում․ այդ ժամանակ  իսկական թիմային աշխատանք է ստացվում: Այդ ամենից հետո գրվում է սցենարը: Օգնության է գալիս մայրենիի դասավանդող Տաթև Աբրահամյանը:

Ստուդիայի ստեղծում 

Ֆիզկական միջավայրում ստուդիա ընտրելիս հաշվի ենք առնում դպրոցի գեղեցիկ ու հետաքրքիր անկյունները, մեր անցակապատ բակերը: 2020թ-ի մարտը, ապրիլը, ամառային արձակուրդների շրջանը դարձան հեռավար հարթակների ամիսներ, հետևաբար ստուդիաներ դարձան սովորողների ծաղկած բակերը, տան հետաքրքիր անկյունները: Տեսանյութը նկարահանում է սովորողը, շատ դեպքերում՝ ծնողի հեռախոսով, ֆոտոխցիկով: Կամա թե ակամա ծնողը մասնակից է դառնում նկարահանմանը։ Ուսումնական ճամփորդությունների ընթացքում ռեպորտաժները տեղում են նկարահանվում:

Մոնտաժ, տեխնիկական մի քանի պարզաբանում

Տեսանյութերի ստեղծման կարևոր աշխատանքներից մեկը  նկարահանված տեսանյութի  մոնտաժն է: Մոնտաժելիս թե՛ մասնագիտական, և՛ սիրողական բազմաթիվ ծրագրեր ենք օգտագործում։

  • Movavi Video Suite
  • Adobe Premiere Pro
  • Sony Vegas
  • այլք

Սովորողներին խորհուրդ ենք տալիս աշխատել մի քանի ծրագրերով և հասկանալ, թե որն է իրեն հարմար:

Խորհրդատվություն

Ալիքի դիտումների և այցելությունների քանակը մեծացնելու համար փորձում ենք հաղորդման  անունը երկու լեզուներով գրել:

Գրանցվում ենք յութուբում

Ամբողջական տեսանյութը մոնտաժելուց հետո գրանցվում ենք յութուբում. պարզապես պետք է ալիք ստեղծել և գրանցել այն: Դա անելու համար մեզ հարկավոր է.

  • գրանցել gmail-ի էլ.հասցեն
  • այդ հասցեով մուտք գործեք Youtube
  • ստեղծել ալիք

Խորհուրդ է տրվում ենթագրերն անգլերեն գրել․ դա հնարավորություն է տալիս արտերկրից օգտվողներ ներգրավել, ինչը մեծացնում է դիտումների քանակը:

Այս ամենի արդյունքում հաղորդավար սովորողները ամրապնդում, ձեռք են բերում նոր հմտություններ, կարողություններ .նրանք սկսում են կադրում աշխատել, ժպտալ, ասելիքից ելնելով՝ փոխել դեմքի արտահայտությունը, փորձում են արտահայտիչ կարդալ, որպեսզի ասելիքը մտերմիկ զրույցի պես փոխանցվի: Հաղորդավար սովորողների փոփոխությունից փոփոխվում է նաև հաղորդման ոճը,  վայրը: Շնորհակալ եմ այն ծնողներին, որոնք, անգամ երկրից դուրս գտնվելով, չեն զլանում նկարահանել ուղարկված սցենարը: Հաղորդում, ռեպորտաժներ վարելով՝ սովորողը  ազատվում է բարդույթներից, ազատ հաղորդակցվելու, առանց վախի, հրապարակավ, գեղեցիկ, գրագետ, խելամիտ խոսելու ունակություն է ձեռք բերում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում գործում են նաև լեզուների /ռուրսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, թուրքերեն/, անիմացիայի ընտրության խմբեր: Մեր հաղորդումներում սովորողները երբեմն իրենց նախընտրած լեզվով են տեսանյութեր պատրաստում: Ուզում եմ հատկապես անդրադառնալ անիմացիայի խմբից Անդրանիկ Փարադյանին /7-րդ դասարան/, ով մեր ԹՎ-ի առաջնային, միջին հատվածների անիմացիոն անցումների հեղինակն է․ հավելեմ՝ յուրաքանչյուր տարվա եղանակ իր համապատասխան անիմացիոն անցումներն ունի, ինչն էլ ավելի գրավիչ է դարձնում տեսանյութը, տեսանելի՝ 11-ամյա սովորողի հմտություններն, ունակությունները, ստեղծականությունը: Միջին դպրոցի ԹՎ-ում գործում է նաև փոքրիկ անիմացիոն գովազդ /«Գնու դպրոց»․ շարունակական է/, որի հեղինակը նույնպես Անդրանիկ Փարադյանն է:

Միջին դպրոցի ԹՎ-ի արդիական լինելը

ԹՎ-ին ամփոփում, ներկայացնում է մեր կրթահամալիրի բազմաբնույթ, հետաքրքիր, լեցուն իրադարձությունները, սովորողների անհատականության դրսևորումների, հմտությունների բացահայտումն ու իրացումը վիրտուալ հարթակում:

Վերջնական կետին հասնելու համար ամբողջ ընթացքում՝ թե՛ սովորողների, թե՛ դասավանդողների, թե՛ ծնողների հետ խոսելիս, համոզելիս, ուղղորդելիս, խրախուսելիս, օգնելիս ներ ես դնում այն ամբողջ  սերը, որն անշահախնդիր տածում ես քո սովորողների, աշխատանքի հանդեպ: Ու վերջում  ծնվում է Միջին դպրոցի ԹՎ-ն:

Middle TV-ով սկսվում ու ավարտվում են իմ շաբաթները:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский