Դաստիարակի օրագրից

Հեղինակ: 

Յուրաքանչյուր ծնող, իր երեխայի մասին պատմելով, կարող է օգնել դաստիարակին գտնելու նոր և հետաքրքիր մանկավարժական մեթոդներ, ինչու չէ՝ ստեղծելու նաև նոր, անհատական խաղեր:
Փորձը ցույց է տալիս, որ 2-5 տարեկանները պարտեզում իրենց ավելի լավ են պահում մենակ, քան ծնողների ներկայությամբ, երբեմն էլ` հակառակը։ Դաստիարակի համար բարդ և դժվար կլինի, եթե չհամագործակցի ծնողի հետ, և առողջ քննարկում չլինի։ Երեխան ընդունակ դերասան է. կարող է հարյուր դեր խաղալ: Նա այլ է մայրիկի ու հայրիկի, տատիկի ու պապիկի հետ, այլ է դաստիարակի ու հասակակիցների հետ, այլ է տոնական և առօրյա օրերին: Հաճախ եմ լսում, որ ծնողներն ասում են, որ իրենց երեխաները շատ հարցեր են տալիս: Բայց երբ հարցնում եմ՝ իսկ ի՞նչ հարցեր են, չեն հիշում։

Լեոն այնքան հարցեր է տվել մայրիկին, որ մայրիկն ասել է.
-Լեո՛ ջան, հո դու ինչուիկը չե՞ս, ինչո՞ւ ես այդքան շատ հարցեր տալիս:
-Մա՛մ, ուզում եմ, որ դու շատ խոսես,-պատասխանել է Լեոն:

Կարող է պատահել՝ մենք ուշադրություն չենք դարձնում, բայց երեխան կրկնօրինակում է մեծահասակներին: Նա սովորում է խոսել, յուրացնում է կենցաղային բազմաթիվ ձևեր՝ փորձելով  հարմարվել մեծահասակին:

Տարատարիք խումբ՝ դաստիարակ, դաստիարակի օգնական և 25-ից ավելի 2-4 տարեկաններ։ Ինքնուրույնություն, ազատ, ստեղծագործական, հետազոտական անվտանգ միջավայր: Ծնողն ընտրել է ծրագիրը, վստահել է կրթահամալիրին։ Ամեն օր՝ աշխատանքից հետո, ծնողների հետ զրուցում եմ. խոսում ենք օրվա դժվար իրավիճակներից, քննարկում մեծահասակներիս անելիքները:

Ռուբենը շատ ուշ էր քնում: Մայրիկի հետ զրուցեցի, ասացի, որ քունը տանում է, բայց դժվարությամբ է քնում: Մայրիկն էլ ասաց, որ տանը, երբ Ռուբենի մեջքը շոյում են, շուտ է քնում: Հաջորդ օրն այդպես էլ արեցի: Երբ Ռուբենը պառկեց, որ քնի, փորձեցի մեջքը շոյել, Ռուբենն ուրախացած շրջվեց և ասաց.
- Ընկե՛ր Աննա, մեջքս քորի, հա:
Ծիծաղ, ուրախություն, արդյունքում՝ Ռուբենը շուտ քնեց:

Կամակոր երեխաներ…

Ա.Արենը ուզում է նստել կանաչ աթոռին և բարձր ձայնով «ստից լացելով»՝ ընկերոջը հրելով ստիպում է, որ աթոռից իջնի։
- Արե՛ն ջան, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես ընկերոջդ նեղացնում:
- Ես կանաչ աթոռին եմ ուզում նստել։
- Բայց ընկերդ արդեն այդ աթոռին նստած է, դու էլ մյուս աթոռին նստիր։
- Չէ.....,- շարունակում է ընկերոջը հրել։
Որպես դաստիարակ՝ մի պահ մտածում եմ. «Ավելի լավ է՝ կանաչ աթոռը խմբասենյակից հանել, որ կռիվ չլինի», բայց մյուս կողմից՝  հարց է առաջանում.«Իսկ ե՞րբ են սովորելու հաշտ, համերաշխ, խաղաղ շփվել, օգնել, զիջել, հանդուրժել»: Հասկանալի է, որ գուցե ընտանիքի երրորդ երեխան է կամ փոքրը, սովոր է, որ ամեն ինչ իրենը լինի։ Ծնողի հետ զրուցեցի: Հասկացա, որ տանը ոչ մի զիջում չկա, միայն որպես տան փոքր՝ երբեմն կարող է համոզելով իր ուզածին հասնել: Կամակորություն աթոռի համար: Որոշեցի շատ աթոռներով խաղ խաղալ՝ Ով ամենաշուտը կնստի աթոռին։
Արդյունքում՝ հասկացանք, որ բոլոր աթոռները հավասար են, տարբերությունը քիչ է՝ կանաչ աթոռին նստել, թե կապույտ, կաևորը նստելն է: Նորից համոզվում եմ, որ ծնողների հետ համագործակցելն արդյունավետ է:

Մեր ճաշացանկում բազմատեսակ ուտելիքներ կան, բայց կան ուտող ու չուտող երեխաներ։ Չուտող երեխայի հետ պետք է սկսել մեկ գդալից, համոզել քիչ-քիչ։ Ալենը հրաժարվում էր հաց ուտելուց: Առավոտյան չնախաճաշեց, ճաշին նորից հրաժարվեց.
- Սոված չեմ: Իմ տունը հաց եմ կերել:
Զանգահարեցի Ալենի մայրիկին և խնդրեցի, որ Ալենի հետ զրուցի: Ալենի մայրիկն ասաց.
- Ալե՛ն ջան, ճաշը կեր, որ պարտեզից տուն գաս, միասին պիցցա ենք պատրաստելու:
Ալենի աչքերը փայլեցին, և նա արագ սկսեց հաց ուտել: Իսկ համագործակցության արդյունքում ընտանեկան խոհանոցը հաճախ մտնում է պարտեզ։ Սա էլ մեր լոշիկատոնը՝ Բարի լույս,Ագարակ։

Տարատարիք խմբում առաջացած խնդիրներն, իհարկե, մեծերիս համար անհանգստություն են, բայց փոքրերի համար՝ կամակորություն, կամ՝ «ես այսպես եմ ուզում, ինձ մի՛ խանգարեք»: Դաստիարակը միշտ պետք է հիշի՝ շատ զգույշ պետք է լինել 2-4 տարեկաններին դիտողություն անելիս: Ես հարցնում, զրուցում եմ. «Ինչո՞ւ արեցիր, ինչո՞ւ ես ուզում այսպես»: Պարտեզում չի ուզում հողաթափ հագնել, սկսում ենք հողաթափերի հետ կապված խաղեր՝

Շորերով են ուզում քնել, ամեն օր խաղալիքով են գալիս պարտեզ և իրենց խաղալիքները ուրիշին չեն տալիս, կամ ամեն օր պարտեզի խաղալիքներն են ուզում տանել տուն։ «Այս մեքենան կամ գնդակը տանեմ, վաղը կբերեմ»։ Կամ էլ խաղալիքը կորել է, պարտեզից տուն չեն ուզում գնալ, բոլորին ստիպում են, որ փնտրեն։ Ծնողն էլ ստիպված երեխային լացելով է տանում։ «Ես հաց չեմ ուտում, սեղանին մոտ չեմ նստի, հարթակին եմ ուզում ուտել»: Սեղանին դրված միրգը կամ բանջարեղենով լի ափսեն կարող են քաշել, ոչ մեկին չթողնեն օգտվել։ Կարող են մեկ հեղուկ օճառը թափել ու սկսել խաղալ ջրի հետ։ Համոզված եմ, որ բոլոր խմբերում այսպիսի իրավիճակներ եղել են։ Ի՞նչ անել, ի՞նչ մեթոդ կիրառել, որ արդյունավետ լինի։ Ես իմ խմբում ցանկացած հարց, անհարմար իրավիճակ խաղի եմ վերածում՝ հողաթափ, օճառ, աթոռ, կոշիկ. խմբում, բակում ինչ ունենք:

Ստեղծագործական երևակայությունն աչքեր ունի. եթե հետևողական ես լինում, մտքի թռիչքն ամեն վայրկյան ծնվում է...

 

 «Իմ խաղալիքն է, ես ուզում եմ խաղալ»: Ինչպես 2 տարեկան Աստղիկն է առարկում.
-Իմ կոշիկն է, կուզեմ կոշիկով կքնեմ: Իմ իրավունքն է: Ես դեռ երկու տարեկան եմ, բայց համառ չեմ, երբ գլուխկոնծի եմ տալիս, կոշիկներս հանում եմ։

Իմ նոր կոշիկն է, իմ նոր խաղալիքն է, չնայած կոշիկն ամենալավ խաղալիքն է՝ հանի, հագի, հանի, հագի: Ամենալավ խաղերից է: Իմ խմբի 4 տարեկան Ե. Տիգրանը սկզբում խաղալիքով էր գալիս պարտեզ, 4 տարեկան Դանթեն իր սիրած մեքենան էր բերում, 4 տարեկան Դանին էլ իր խաղալիք-կենդանիներն էր բերում: Հաճախ խաղալիք բերող երեխաները ոչ մի գործունեությանը չեն ուզում մասնակցել: Անգամ հաց ուտելիս խաղալիքները դնում են սեղանին, որ հաց ուտեն: Որպես խմբի դաստիարակ՝ փորձում ես բացատրել, բայց նկատում ես, որ անհանգիստ են՝ խաղալիքը հանկարծ ինչ-որ մեկը կվերցնի։ Երբ ծնողների հետ խոսեցի, մեկնաբանեցին.
-Լացում է, չի ուզում պարտեզ գալ, կաշխատենք:
-Շատ լավ, ես Տիգրանի հետ պայմանավորվել եմ, խաղալիքով կգա պարտեզ, բայց, ինձ կտա, ես կտանեմ տուն:
-Դուք բարկացեք, ասեք, որ խաղալիքով չի կարելի պարտեզ գալ:
Թող խաղան բոլոր երեխաներն իրենց սիրած խաղալիքներով, իսկ մենք էլ կօգնենք, որ միասին խաղանք, մարզվենք՝ Ձմեռային մարզատոն։

Իմ խաղալիքը ես կտամ ընկերոջս: Իմ խաղալիքը բոլորիս խաղալիքն է: Հաց ուտելու ժամանակ խաղալիքով չենք նստում սեղանի շուրջ: Խաղալիքով չենք կարող երգել, ծափ տալ, պարել: Խաղալիքով չենք կարող լվացվել: Մի օր շատ երեխաներ խաղալիքով էին եկել: Որոշեցի մարզական խաղ խաղալ: Գնդակախաղ խաղացինք: Դանին մոտեցավ և ասաց.
-Ընկե՛ր Աննա, խաղալիքս կպահե՞ս, որ ես էլ խաղամ, խանգարում է:
Խաղից հետո գնացինք լվացվելու: Ալենը խաղալիքը դրեց ոտքերի մեջտեղը և փորձում է ոտքերով պահել: Նմանատիպ հարցերի շուրջ պետք է աշխատեն ծնող, երեխա, դաստիարակ, այս եռամիասնության շրջանակներում ամուր հիմքեր կստեղծվեն լավագույն համագործակցության համար։
Հաճախ նկատում եմ, որ խմբի երեխաներն իրենց սիրած խաղալիքով ամիսներով խաղում են, կամ երեխաները նույն հեքիաթը երկար ժամանակ պահանջում են պատմել: Չեն ցանկանում փոփոխություններ: Սիրելի խաղալիքը և հեքիաթը չեն կորցնում իրենց հմայքն ու հետաքրքրությունը:Շատ ծնողների նյարդանացնում է երեխաների հետաքրքրությունների միատիպությունը: 
Թագավարակն էլ սահմանափակեց ծնողական ակումբի հավաքները։ Ստեղծեցինք «Մայրիկի օրագիր» նախագիծը։ «Երեխայի լացի երանգները»,- գրում է Ավագյան Եվայի մայրիկը` Բաբայան Արևը: «Եվան, ինչպես 3 տարեկան յուրաքանչյուր երեխա, ունի լացի մի քանի երանգ` իսկական լաց, ցավի լաց, վիրավորված լաց, կամակոր-ստուգող լաց, երբ լացն անիրական է ու միտված իր ուզածին հասնելուն ( կամ ոչնչին էլ միտված չէ) կամ պարզապես ստուգելուն` արդյոք կարող է որևէ բան փոխել շրջապատի վերաբերմունքի մեջ և այդպես շարունակ: Այսպիսի «սուտ» և բավականին բարձր լացերից մեկի ժամանակ, երբ անհնար էր թվում որևէ բանակցություն, գրկեցի Եվային, դրեցի ծնկներիս և, լացի ցածր տոնայնության պահը բռնելով, սկսեցի իր պես լացել.
-Աաաաա, Եվա, ճիշտ եմ լացու՞մ:
Եվան մի պահ զարմացավ, լացի մասին մոռացավ ու գլխով «ոչ» արեց: Ես նորից փորձեցի տոնայնությունը փոխելով.
-Աաաաաաա, իսկ հիմա՞: Եվան նորից ասաց՝ ոչ, ու ուզում էր լացը շարունակել, երբ խնդրեցի.
-Եվ, ինձ սովորեցրու, հա՞: Մի հատ դու լացի, հետո ես, հերթով լացենք:
Այս անգամ անկախ իրենից սկսեց խաղալ հետս, ու շուտով նվնվոցը ուրախ ծիծաղի վերածվեց»:
Արևի առաջարկած փորձը իրականացրի: Վերջերս, երբ 2 տարեկան Տիգրանը խումբ եկավ և լացում էր, միասին խաղացինք «Ինձ էլ սովորեցրու քեզ պես լացել» խաղը: Երրորդ օրը Տիգրանը լաց չէր լինում:

«Ես ինքս»,- պատմում է Ավագյան Եվայի մայրիկը` Բաբայան Արևը:

«Շտապում ենք գիմնաստիկայի և շուտով պետք է հատենք մեքենաների ակտիվ անցուդարձով փողոց, իսկ իմ` «ես ինքս», «մենակ կարող եմ» աղջիկը ոչ մի կերպ չի համաձայնում ձեռքս բռնել: Բարկանալը տարբերակ չէ, համոզելն այդ պահին հնարավոր չէ, ու ես դիմում եմ այդ տարիքի համար լավագույն «ընկերոջը» խաղին: Ձեռքս կամացուկ մոտեցնում եմ իր ձեռքին՝ Բարև՛, Եվայի ձախ ձեռք, ես Եվայի մայրիկի աջ ձեռքն եմ:

Եվան միանգամից միանում է իմ խաղին` Բարև, մամայի ձեռք: 
-Եվայի ձեռք, ու՞ր ենք գնում: Դու ճանապարհը գիտե՞ս:
- Հա գիտեմ, գիմնաստիկայի ենք գնում:
- Եվայի ձեռք, խնդրում եմ ինձ բռնել ու հետդ տանել: Շատ եմ ուզում քեզ հետ գալ, բայց ճանապարհը չգիտեմ:
 Եվան անմիջպես ձեռքս բռնում է, իսկ ես խաղի արդյունքն ավելի ամրապնդելու համար շարունակում եմ.

— Վա՜յ, ի՜նչ տաքուկ ձեռք է: Ես էլ մրսում էի, ի՜նչ լավ եղավ, որ ինձ բռնեցիր: Արդյունքում, շատ ուրախ, ձեռք ձեռքի տված՝ հասանք տեղ: Այս մեթոդին հաճախ եմ դիմում, երբ փոքրիկ ինքնուրույնիկը կամ «չեմուզումիկը» համագործակցել չի ուզում: Օրինակ` օրվա վերջում գլուխը հանգստանալ և քնել է ուզում, ատամները սպիտակությունից՝ փայլել, ոտքերը մրսում և հողաթափ են հագնում և այդպես շարունակ»:

Օգտակար մեթոդ, մոտեցում, խմբում՝ նոր լուծումներով, տարբերակներով...
Այս խաղերը խաղում եմ, երբ խմբում ընկերները վիճել են և լաց են լինում:
Մի անգամ Մարին լացում էր և ասում.
-Լուսեն իմ ընկերը չէ:
-Մարի՛ և Լուսե՛, կարո՞ղ եք քիթիկներով բարևել:

Երկուսի աչքերը փայլում են, քիթիկները մոտեցնում են իրար և ծիծաղում: Հետո մոտեցնում են գլուխները, ականջները, ձեռքերը և հաշտվում:

Տարատարիք խմբում հաճախ են տարբեր իրավիճակներ լինում, որից ամեն անգամ 2-4 տարեկանները յուրովի են դուրս գալիս՝ մանկան անմեղ մտքով, բնազդով, հետաքրքիր, պատճառաբանված խոսքով:

Փորձում ենք «փողոցում» ինքնագլորներ վարել: Երբ ինքնագլորները վարում ենք, մարդիկ պետք է փողոցն անցնեն: Լուսացույց էլ ունենք, բայց իմ թելադրած խաղը չստացվեց, բոլորն ուզում էին ինքնագլոր վարել: Այո, չէր կարող ստացվել, որովհետև ցանկացած իրավիճակում հորինում են 2-4 տարեկանները՝ Ինքնագլորներով մարզատոն։

 Նախադպրոցական կրթությունը ընտանեկան կրթության շարունակությունն է: Մայրիկի և դաստիարակի օրագրերը լրացնելով իրար՝ նպաստում են երեխայի անձի զարգացմանը:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский