Մաքսիմիլյանը կամ էլ իդեալական մեղավորը

Հեղինակ: 

Սկիզբ
Ն
ախորդ հատվածը

7
Լիոնի արվարձանի այս տղաներին ես դառնության զգացումով լքեցի: Նրանց թողել էին քաղաքային անապատում: Նրանց դպրոցն էլ էր անտեսանելի, որը կորել էր պահեստների լաբիրինթոսում: Իրենց քաղաքն էլ այդքան ուրախ չէր: Մոտակայքում ոչ սրճարան կար, ոչ կինոթատրոն, ոչ մի կենդանի բան, ոչինչ, որի վրա կարելի էր հայացք գցել, բացի իրենց համար անհասանելի իրեր գովազդող հսկա գովազդային վահանակներից: Ինչպե՞ս կարող եք մեղադրել նրանց անվերջանալի ցուցամոլության, իրենց արտաքինը ուրիշներին նմանեցնելու ցանկության մեջ: Հեշտ է, իսկապես, ծաղրել տեսանելի լինելու ցանկությունը հատկապես այն մարդկանց, որոնց այդքան խորը թաքցրել են աշխարհից, և որոնք այդքան քիչ բան են տեսնում կյանքում: Ի՞նչ են նրանց առաջարկում՝ բացի արտաքին տեսքով ապրելու գայթակղությունից, նրանց, ում ճակատին գործազրկությունը գրված է ի ծնե, և ովքեր, մեծ մասամբ, պատմության հայտնի տարաձայնությունների պատճառով չունեն ո՛չ իրենց անցյալը և ո՛չ էլ աշխարհագրությունը: Ուրիշ էլ ինչո՞վ կարող են հանգստանալ (խոսքը հենց հանգստանալու և ուժերը վերականգնելու մասին է), եթե ոչ արտաքինին վերաբերող այս խաղի միջոցով: Ուրեմն, ըստ Մարկետինգ տատիկի, հենց սա էլ գովազդի առանձնահատկությունն է. երիտասարդությանը տալ արտաքին տեսք, հագեցնել անընդհատ նայելու ծարավը ... Օ~, աստված իմ: Ինչպիսի՜ մրցակից է պատրաստի կերպարներ ունեցող այս վաճառողը խեղճ ուսուցիչների համար: Գնացքում, որն ինձ Լիոնից էր տանում, մտքովս անցնում է, որ այժմ ոչ միայն իմ տուն եմ վերադառնում, այլ նաև պատմությանս բուն մասին` փորձելով ապաաստան գտնել աշխարհագրությանս հենց կենտրոնում: Շեմից այն կողմ կհայտնվեմ հենց այնտեղ, որտեղ դեռ իմ ծնվելուց շատ առաջ արդեն ես ես էի. ամեն մի փոքրիկ բան, գրադարանիս ամենափոքրիկ գիրքն անգամ հավաստում է իմ դարավոր ինքնությունը ... Նման պայմաններում այնքան էլ դժվար չէ արտաքին տեսքի գայթակղությանը դիմադրել:
Այս մասին երեկոյան խոսում ենք Միննայի հետ:
«Մի՛ թերագնահատեք այս տղաներին, - ասում է նա ինձ, - պետք է հաշվի առնել նրանց էներգիան: Ու նաև ողջամտությունը, երբ դուրս են գալիս անցումային տարիքի ճգնաժամից: Շատերին շատ էլ լավ հաջողվում է դուրս գալիս այնտեղից»:
Եվ նա սկսում է ինձ թվարկել այնտեղից դուրս եկած մեր ընկերներին ու ծանոթներին: Նրանց մեջ է, իհարկե, Ալին, ով կարող էր շատ վատ ավարտ ունենալ, բայց նա այսօր գտնվում է խնդրի կենտրոնում. փորձում է փրկել առավել վտանգված պատանիներին: Քանի որ նրանք բոլորը արտաքին տեսքի, այսինքն՝ պատկերի զոհ էին դարձել, Ալին հենց դրանց օգնությամբ էլ որոշում է փրկել վերջիններիս: Նա նրանց զինում է տեսախցիկներով և սովորեցնում ֆիլմեր նկարահանել իրենց իսկ պատանեկության մասին, ինչպիսին որ այն կա իրականում, այլ ոչ թե մտացածին:

 Ալիի հետ զրույցից
«Հիմնականում այն տղաներ են, ովքեր ուսումը ձախողում են», - բացատրում է նա ինձ, - հաճախ մեծանում են առանց հայրիկի, շատերը խնդիրներ են ունենում ոստիկանության հետ, չեն ուզում որևէ բան լսել մեծահասակների մասին, նրանք հայտնվում են այնպիսի դասարանում, ինչպիսին յոթանասունականների ձեր այսպես ասած «հատուկ» դասարանն էր: Ես այդպես եմ կարծում: Ես առաջնորդներին` տասնհինգ-տասնվեց տարեկան ղեկավարներին, վերցնում եմ, նրանց ժամանակավորապես մեկուսացնում եմ իրենց խմբերից, քանի որ հենց խումբն է, որ միշտ ոչնչացնում է նրանց, ու խանգարում ինքնահաստատվելու: Նրանց տեսախցիկ եմ տալիս և հանձնարարում հարցազրույց վարել իրենց ընտրությամբ որևէ ընկերոջ հետ: Նրանք էլ հարցազրույցը վարում են մի անկյունում՝ հետաքրքրասեր հայացքներից հեռու, հետո գալիս են ինձ մոտ, և մենք միասին դիտում ենք ֆիլմը այս անգամ արդեն ամբողջ խմբով:
Միշտ նույնն է. հարցազրույց տվողը կոտրատվում է տեսախցիկի առջև, իսկ նա, ով նկարում է, մտնում է խաղի մեջ: Երկուսն էլ հանդես են գալիս իրենց հնարավորության սահմաններում, ինչը հատկապես նկատելի է դառնում նրանց առոգանության մեջ` ունենալով շատ վատ բառապաշար նրանց մնում է միայն ամբողջ կոկորդով գոռալ, ես էլ էի այդպիսին փոքր ժամանակ, այտերը փչում են, դիմում իրենց խմբին, կարծես այն միակ հնարավոր հանդիսատեսն էր, մինչդեռ նրանց ընկերները ծիծաղից գլորվում էին տեսանյութը դիտելիս: Ֆիլմը դնում եմ երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ: Ծիծաղը գնալով քիչ է լսվում, դառնում է ավելի ու ավելի անվստահ: Հարցազրույց վարողն ու զրուցակիցը զգում են, որ ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում, մի բան, որ իրենք ունակ չեն բացատրելու: Հինգերորդ կամ վեցերորդ ցուցադրման ժամանակ նրանց ու հանդիսատեսի միջև իսկական անհարմարություն է տիրում: Յոթերորդ կամ ութերորդ դիտման ժամանակ (վստահեցնում եմ, պատահել է այնպես, որ նույն ֆիլմը դրել եմ մինչև ինը անգամ) առանց իմ հուշման սկսում են հասկանալ, թե ինչ է կատարվում ֆիլմում. այդ ցուցադրությունը, ծիծաղը, կեղծիքը, նրանց սովորական կատակերգությունը, չարաճճիություններն ու ցատկերը բնավ էլ հետաքրքիր չեն, և ոչ մի կապ չունեն իրական կյանքի հետ: Եվ երբ նրանք հասնում են խորաթափանցության այդ աստիճանին, ես դադարեցնում եմ ֆիլմի ցուցադրությունն ու առանց որևէ բան բացատրելու նրանց ուղարկում եմ որպեսզի մեկ անգամ ևս նկարեն:
Եվ այս անգամ բերում են ավելի լուրջ մի բան, որն ինչ-որ կապ ունի իրենց իրական կյանքի հետ. ներկայանում են` ասում են իրենց անուն-ազգանունը, խոսում են իրենց ընտանիքի, դպրոցական կյանքի մասին, պատահում է, որ նրանք որոշ ժամանակ լռում են, բառեր են փնտրում ու կարելի է տեսնել` ինչպես են մտածում և՛ պատասխանողը, և՛ հարց տվողը, և այսպես, կամաց-կամաց, մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ պատանիները իրենց վերագտնում. նրանք այլևս հաճույքի համար մարդկանց վախեցնող այն պատանիները չեն, նրանք կրկին այն նույն տասնհինգ-տասնվեց տարեկան տղաներն ու աղջիկներն են, որոնց արտաքինը նահանջում է տարիքի առաջ, որն առաջին պլան է գալիս, հագուստը, գլխարկները դառնում են երկրորդական, ժեստերը մեղմվում են, ֆիլմ նկարահանողը բնազդաբար նեղացնում է շրջանակը, փոխում է ֆոկուսը, մոտեցնում է դեմքը, որն էլ առանձնահատուկ նշանակություն է ստանում։ Կարող ենք ասել, որ հարցազրույց վարողը «լսում է» զրուցակցի դեմքը, և այս դեմքի վրա փորձ է արվում հասկանալ մյուսին, կարծես նրանք առաջին անգամ են նայում միմյանց՝ տեսնելով իրենց այնպիսին, ինչպիսին կան` իրենց ողջ բարդությամբ:

8
Միննան էլ իր հերթին պատմում է ինձ, որ տարրական դասարաններում երեխաների հետ մի խաղ է խաղում, որը նրանց շատ է դուր գալիս ՝ գյուղի խաղը: Կանոնները պարզ են. Երեխաների հետ զրուցելիս բացահայտում է նրանց բնավորության գծերը, կեցվածքը, ցանկությունները, առանձնահատկությունները, վերածում է դասարանը գյուղի`տալով յուրաքանչյուրին իր հստակ տեղը` հացթուխ, փոստատար, ուսուցիչ, ավտոմեխանիկ, մթերող, բժիշկ, դեղագործ, հողագործ, ջրմուղագործ, երաժիշտ. յուրաքանչյուրին իր դերը, ինչպես նաև աշակերտներ, ում համար նա հորինում էր երևակայական մասնագիտություններ, այնքան անհրաժեշտ, որքան երազների կոլեկցիոները կամ էլ ամպային նկարիչը ...
- Իսկ ի՞նչ ես անում հանցագործի հետ: 0,4 %-ով փոքրիկ հանցագործին ի՞նչ ես դարձնում.
Նա ժպտում է.
- Ոստիկան, իհարկե:

9
Ավաղ, չի կարելի ազատվել իսկական ավազակից, մարդասպան ավազակից, ում նույնիսկ խաղում երբեք չես կարող վերածել ժանդարմի: Հազվագյուտ դեպք, բայց այն գոյություն ունի: Նաև դպրոցում: Դասավանդման քսանհինգ տարվա ընթացքում ես ստիպված եմ եղել մեկ թե երկու նման դեպքի հանդիպել մոտավորապես երկուսուկես հազար աշակերտների շրջանում: Ես դատարանում նրան նստարանին տեսա, ժամանակից շուտ առաջացած ատելությամբ, սառը հայացքով մի դեռահաս, որի տեսքից անմիջապես մտածում ես. «Այս մեկը լավ ավարտ չի ունենա, քանի որ նա չի կարողանում դիմակայել ոչ մի հարվածի, չի զսպում իր ցասումը, վրեժխնդրություն է ծրագրում, սիրում է ցավ պատճառել, ահաբեկում է վկաներին և հանցագործություն կատարելով՝ մնում է բացարձակապես անթափանց ցանկացած զղջման համար»:
Օրինակ՝ այս տասնութ տարեկան տղան, որ կացնով կոտրեց իր հասակակից Կ-ի ողնաշարը այն պարզ պատճառով, որ վերջինս դիմացի թաղամասից էր... Կամ էլ այս մեկը, որը տասնհինգ տարեկանում դանակահարեց ֆրանսերենի ուսուցչուհուն: Ինչպես նաև մասնավոր դպրոցներում դաստիարակված այս աղջիկը, որ ցերեկը աղքատ աշակերտ էր, իսկ գիշերը գայթակղում էր քառասունամյա տղամարդկանց, այնուհետև նրանց հանձնում էր իր հասակակից երկու օգնականներին, որոնք էլ մահացու կտտանքների էին ենթարկում վերջիններիս ու թալանում: Հարցաքննությունից հետո նա ապշած ոստիկաններին հարցրեց, թե արդյո՞ք այժմ կարող է տուն գնալ: Սրանք սովորական դեռահասներ չեն: Չնայած հանցագործությունը բացատրվում է տարբեր սոցիալ-հոգեբանական գործոններով, այնուամենայնիվ, մեր տեսակի մարդկանց համար մնում է առեղծված: Զարմանալի ոչինչ չկա, որ ֆիզիկական բռնությունն աճում է աղքատացման, մեկուսացման, գործազրկության, կուշտ հասարակության գայթակղությունների հետ միասին, բայց այն, որ տասնհինգ տարեկան տղան պլանավորում է սպանել իր ուսուցչին և իրականացնում է, խելքից դուրս է: Դա համարվում է եզակի հիվանդագին դեպք:
Եվ եթե այսպիսի դեռահասին թերթերի ու հեռուստատեսության միջոցով ինչ-որ տեղի (քաղաքային արվարձանի) երիտասարդների որոշակի խմբի խորհրդանիշ դարձնեն, կնշանակի, որ այս երիտասարդությունը մարդասպանների ինչ-որ ամբոխ է, իսկ դպրոցը` հանցագործության օջախ:
Սպանությունների վերաբերյալ օգտակար կլինի հիշեցնել, որ բացառությամբ զինված հարձակումների, փողոցային ծեծկռտուքի, կողոպուտի և խմբակային բռնությամբ սպանությունների՝ արյունալի հանցագործությունների շուրջ ութսուն տոկոսը կատարվում է ընտանեկան միջավայրում: Մարդիկ միմյանց սպանում են հիմնականում տանը, իրենց սեփական հարկի տակ՝ տապակվելով սեփական չքավորության մեջ: Իսկ դպրոցը որպես յուրօրինակ քրեական միջավայր ներկայացնելն արդեն ինքնին հանցագործություն է, հրեշավոր հանցագործություն դպրոցի դեմ:

10
Այսօր շատերը կարծում են, թե բռնությունը երեկ է դպրոց մտել, այն էլ՝ ծայրամասերից և ներգաղթյալների հետ միասին: Նախկինում նման բան դպրոցում չկար: Սա անվիճելի դոգմա է համարվում: Այնուամենայնիվ, ես դեռ հիշում եմ այն ​​խեղճ ուսուցիչներին, որոնց մենք աղմուկով տանջում էինք վաթսունական թվականներին, այն ուսուցչին, որը, կորցնելով համբերությունը, իր սեղանը նետեց մեր` երրորդ դասարանցիներիս վրա, այն ուսուցիչին, որին դպրոցից ձեռնաշղթաներով տարան այն բանի համար, որ ծեծել էր իրեն խելագարության հասցնող աշակերտին, ինչպես նաև արդեն ութսունական թվականների սկզբին հնազանդ ու չափազանց խելացի տեսք ունեցող այն աղջիկներին, որոնք իրենց ուսուցչին քնաբուժության էին ուղարկել (ես հենց այդ ժամանակ էր, որ փոխարինում էի նրան), և միայն այն պատճառով, որ վերջինս համարձակություն էր ունեցել պահանջելու, որ կարդան «Քլևսի արքայադուստրը», որը այս երիտասարդ աղջիկները համարել էին «չափազանց ձանձրալի»...
Տասնիններորդ դարի յոթանասունական թվականներին, այս անգամ արդեն Ալֆոնս Դոդեն արտահայտում էր կտտանքների ենթարկված ուսուցչի ցավը. «Ես սկսեցի դասավանդել միջին դասրաններում: Այնտեղ գտա մի հիսուն չար տարօրինակներ, տասներկու կամ տասնչորս տարեկան թմբլիկ լեռնագնացներ, հարստացած ֆերմերների որդիներ, որոնց ծնողները քոլեջ էին ուղարկել մանր բուրժուա դառնալու համար՝ վճարելով ընդամենը հարյուր քսան ֆրանկ ուսումնական եռամսյակի համար: Կոպիտ էին ու ամբարտավան, իրար հետ գավառական Սևենի անտաշ բարբառով էին խոսում, որը ես ընդհանրապես չէի հասկանում: Նրանք բոլորն էլ տգեղ էին՝ փոփոխական մանկությանը բնորոշ հատուկ տգեղությամբ` մեծ, ցրտահարված կարմիր ձեռքեր, աքաղաղի մրսած ձայներ, բութ հայացք և այս ամենին ի լրումն `քոլեջի հոտը: Առանց ինձ ճանաչելու նրանք անմիջապես ինձ ատեցին: Ես նրանց թշնամին էի, նրանց վերակացուն. հենց այն օրվանից, երբ ես առաջին անգամ իմ տեղը զբաղեցրի ամբիոնի մոտ, մեր միջև սկսվեց դաժան, անհաշտ, ոչ մի վայրկյան կանգ չառնող մի պատերազմ:
Ախ, դաժա՛ն երեխաներ, ինչքան եմ տառապել նրանց պատճառով:
Ես կցանկանայի այդ մասին խոսել առանց հիշաչարության, չէ՞ որ այս բոլոր տխրությունները արդեն այնքան հեռու են: Բայց ոչ, չեմ կարող. գիտե՞ք՝ երբ գրում եմ այս տողերը, զգում եմ, թե ինչպես է ձեռքս զգացմունքներից տենդագին դողում: Ինձ թվում է, որ ես դեռ այնտեղ եմ:
Որքան սարսափելի է ապրել թշնամանքի մեջ, անընդհատ վախենալ, անընդհատ զգոն լինել, միշտ զինված, և որքան սարսափելի է պատժելը. ակամա անարդար բաներ ես անում. որքան սարսափելի է կասկածելը, ամենուրեք թակարդներ տեսնելը, հանգիստ չուտելը, հանգիստ չքնելը և անընդհատ, նույնիսկ զինադադարի պահերին, մտածելը. «Ախ,Տե՛ր իմ Աստված, հիմա ի՞նչ են պատրասվում անել ինձ հետ»:
Դոդե, դուք հավանաբար ուռճացնում եք: Չէ՞ որ ասում են ձեզ, որ բռնությունը դպրոցում կհայտնվի միայն մեկ դար անց: Դոդե, այն գալու է ոչ թե Սևենից, այլ քաղաքի ծայրամասերից, միայն ու միայն այնտեղից:

11
Մի ժամաակ ծույլիկ աշակերտին պատկերացնում էին՝ դասարանի մի անկյունում կանգնած, հիմարի գլխարկը գլխին: Այդ պատկերը սոցիալական որևէ հատուկ կատեգորիայի չէր վերաբերում, այն պարզապես երեխա էր, շատերից մեկը, որին անկյուն էին կանգնեցրել, քանի որ նա դասը չէր սովորել, չէր կատարել տնային աշխատանքը կամ իրեն վատ էր պահել պարոն Դոդեի դասարանում. նույն ինքը` Պստլիկը: Այժմ մեր պատմության մեջ առաջին անգամ ի հայտ է եկել երեխաների և դեռահասների մի ամբողջ կատեգորիա, որոնք ամեն օր խարանվում են որպես խորհրդանշական ծույլիկներ: Նրանց այլևս անկյուն չեն կանգնեցնում` հիմարի գլխարկը գլխներին, և «ծույլիկ» բառն էլ դուրս է եկել գործածությունից, ռասիզմն էլ համարվում է խայտառակություն, բայց նրանց անվերջ նկարահանում են, ցուցադրում ամբողջ Ֆրանսիայով մեկ, հոդվածներ են գրում նրանցից ոմանց արարքների մասին՝ ներկայացնելով նրանց որպես ազգային կրթության մարմնի վրա ինչ-որ անբուժելի ուռուցք: Մենք նրանց ենթարկում ենք ոչ միայն դպրոցական խտրականության, այլև կարծում, որ հարկավոր է վախենալ նրանցից` որպես ազգային հիվանդության մի տեսակից: Մեզ համար նրանք բոլորը արվարձաններից եկած երիտասարդներն են: Հանրության պատկերացմամբ նրանք բոլորը աղքատ են ու ծույլիկ և, միևնույն ժամանակ, չափազանց վտանգավոր. Հենց նրանք էլ դպրոցն են, քանի որ երբ խոսում են դպրոցի մասին, խոսում են միայն ու միայն նրանց նմանների մասին:
Քանի որ խոսում են դպրոցի մասին, որպեսզի խոսեն հենց նրանց մասին:

12
Ճիշտ է նաև, որ նրանց գործած որոշ հանցագործություններ (ռեկետ և շորթում դասընկերների շրջանում, ուսուցիչներին ծեծելը, դպրոց հրկիզելը, բռնաբարությունը) չեն կարող համեմատվել անցած տարիների դպրոցական իրարանցման հետ, որը սահմանափակվում էր գոնե կրթական հաստատությունների պատերի ներսում վերահսկվող բռնություններով: Անկախ նրանից, թե որքան հազվադեպ են այդ հանցագործությունները, նրանց խորհրդանշական իմաստը սարսափելի է, և այն, որ դրանց մասին լուրերը գրեթե ակնթարթորեն տարածվում են հեռուստատեսության, ցանցերի, բջջային կապի միջոցով, տասնապատկելու է նրանց կրկնօրինակման վտանգը:
Որոշ ժամանակ առաջ ես Դիյն շրջանում ինչ-որ տեղ այցելեցի տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող հանրակրթական ճեմարան. այնտեղ հանդիպումներ ունեցա մի քանի դասարանների հետ:
Գիշերակաց հյուրանոցում:
Անքնություն:
Հեռուստատեսություն:
Ռեպորտաժ:
Մենք տեսնում ենք, թե ինչպես են երիտասարդների խմբերը հարձակվում անցորդների վրա Մարսյան դաշտում ուսանողական ցույցի ժամանակ: Նրանց զոհերից մեկն ընկնում է: Ընկնողը հարձակվողներին հասակակից տղա է: Սկսում են ծեծել նրան: Վեր է կենում, հարվածում են, կրկին ընկնում է, ու էլի ծեծում են: Տեսարանները կրկնվում են: Սցենարը միշտ նույնն է. զոհին ընտրում են պատահականորեն, ավազակախմբի անդամներից մեկի քմահաճույքով և նետվում նրա վրա` վերածվելով ոհմակի: Ոհմակը վազում է վազողի հետևից, մեկը մյուսին հետևում է՝ հնազանդվելով ընդհանուր շարժմանը: Նրանք ընթանում են արձակված արկի արագությամբ: Այնուհետև, այդ նույն հաղորդման ժամանակ, հայրերից մեկը կասի, որ իր որդուն քարշ են տվել: Ամեն դեպքում նա ճիշտ է գոնե այդ բառի կինետիկ իմաստով: Հետաքրքիր է, արդյոք Մաքսիմիլիանը (իմ) նույնպես բանդայի անդամ է: Ահա այսպիսի միտք է ծագում իմ մեջ: Այնուամենայնիվ, բռնությունը պատճառներ չի փնտրում, և հետևաբար, Մաքսիմիլիանն էլ կարող է զոհերի թվում լինել. ծանոթանալու ժամանակ չկա, ագրեսիան կույր է, ակնթարթային, ծայրահեղ: Հաղորդումը խորհուրդ չի տրվում տասներկու տարեկանից ցածր երեխաներին: Առաջին անգամ այն ցուցադրվելու էր ունկնդրության ժամին, և պատկերացնում եմ, թե քանի տղա, գայթակղված այդ արգելքով, մեխված կլինեին էկրանի առջև: Տեսարաններն ուղեկցվում են ոստիկանության սպայի և հոգեբանի մեկնաբանություններով: Հոգեբանը խոսում է գործազրկության՝ բռնությամբ լի աշխարհում իրականությունից կտրվելու մասին. ոստիկանը խոսում է զոհերին հասցրած վնասվածքների և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին. իհարկե, երկուսն էլ ճիշտ են, բայց տպավորություն է ստեղծվում, որ նրանք անհամատեղելի դիրքերում են, ինչը ցույց են տալիս հոգեբանի՝ կոճակներն արձակած վերնաշապիկն ու ոստիկանի ամուր կապած փողկապը: Այժմ նրանք ցույց են տալիս բարմենի սպանության համար ձերբակալված չորս երիտասարդներից բաղկացած մի խումբ: Նրանք մահացու ծեծել էին բարմենին ընդամենը զվարճանալու համար: Մի երիտասարդ աղջիկ նկարել էր տեսարանը իր բջջային հեռախոսով: Նա էլ էր ոտքով հարվածել զոհի գլխին, ասես գնդակի էր հարվածում: Նրանց ձերբակալած ոստիկանը հաստատեց, որ այս մարդիկ բոլորովին զուրկ են իրականության զգացումից, դրա հետևանքով՝ նաև բարոյական գիտակցությունից: Այս քառյակը գիշերները զվարճանում էր այդպես. ծեծում էին մարդկանց ու նկարահանում: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես են նրանք հանգիստ անցում կատարում մի հարձակումից մյուսին «Լարովի նարնջի» ավազակ ընկերների նման: Բռնության տեսարանները բջջային հեռախոսով նկարելը նոր մոդա է, բացատրում է մեկնաբանը: Մասնավորապես, հենց այդ մոդայի զոհն էլ դարձավ այս երիտասարդ ուսուցիչուհին (կադրեր): Ցույց են տալիս, թե ինչպես է դասարանում մի ուսանողուհի նրան տապալում գետնին ու սկսում ծեծել, և այս ամենը տեսանկարահանվում է: Այսօր յուրաքանչյուր ոք կարող է հեշտությամբ ներբեռնել նման տեսարանը իր համակարգչում համացանցից: Դուք նույնիսկ կարող եք դրան ավելացնել ձեր նախընտրած երաժշտությունը: Պատանիները խելամիտ մեկնաբանբանություններ են անում ծեծված ուսուցչի մասին ֆիլմը դիտելիս: Ալիքը փոխում եմ, էլի եմ փոխում ու էլի: Այլ ալիքներով հեռարձակվող ֆիլմերում չլսված քանակի բռնության տեսարաններ կան: Խաղաղ գիշեր է, քաղաքացին հանգիստ քնած է իր անկողնում, բայց նրա մահճակալի մոտ, հեռուստացույցի մութ լռության մեջ, պատկերները արթնանում են: Նրանք աջ ու ձախ սպանում են միմյանց բոլոր հնարավոր ձևերով, ռիթմերով, ու ոճերով: Ժամանակակից մարդկությունը բեմականացնում է իր իսկ տևական ոճիրները: Մեկ այլ հեռուստաալիք էլ, որտեղ բնավ էլ մարդկություն չկար, ցույց է տալիս, թե բնության ֆոտոգենային խաղաղության մեջ ինչպես են այս անգամ էլ կենդանիները միմյանց կուլ տալիս: Իհարկե,,նույնպես երաժշտության տակ: Վերադառնում եմ էլի առաջին ալիք: Մի խելացի տղա, որի մասնագիտական ​​պարտականությունն է ներբեռնել աշխարհում նկարահանված բռնության ամենածայրահեղ տեսարանները (լինչ, ինքնասպանություն, պատահարներ, դարանակալներ, ահաբեկչություններ, սպանություններ և այլն), արդարացնում է իր կեղտոտ աշխատանքը տեղեկատվության կարիքի դասական հեքիաթով: Եթե ​​ոչ ինքը, ապա միևնույն է, մեկ ուրիշը կանի դա. նա չէ, որ բռնություն է իրականացնում, այլ ընդամենը ծանուցում է ... Սովորական մի սրիկա, ով մեքենան տանում է այն նույն ուղղությամբ, ինչ տատիկ Մարկետինգը. գուցե նրա որդին է, և ինքն էլ երեխաներ ունի. հարկավոր է ճշտել… 
Անջատում եմ հեռուստացույցը:
Ոչ մի կերպ չեմ կարողանում քնել: Ինձ խելքից դուրս ձգում է ապոկալիպտիկ հոռետեսությունը: Մի կողմից համակարգված աղքատացումը, մյուս կողմից էլ՝ ընդհանուր վախն ու դաժանությունը: Երկու ճամբարներն էլ ամբողջովին կտրված են իրականությունից: Հարուստների շրջանում՝ բորսային աբստրակցիաներ, արտաքսվածների շրջանում` վիդո կոտորած. խոշոր բաժնետերերը իրական գործազուրկին վերածում են գաղափարապես գործազուրկ մարդու, երիտասարդ տականքներին էլ `զոհի, զոհի կերպարով: Եվ այս բոլոր դեպքերում միս ու արյունից մարդու կենդանի հոգին միանգամայն անհետանում է: ԶԼՄ-ները այս ամենից ստեղծում են արյունոտ օպերա, ուր տեղ գտած մեկնաբանությունները հանգեցնում են այն մտքին, որ արվարձանի բոլոր տղաները վազում են փողոցներով, որպեսզի սպանեն իրենց մերձավորին ու կրճատեն նրանց պատկերները:
Դե, ի՞նչ տեղ է զբաղեցնում կրթությունն այստեղ: Դպրո ՞ց: Մշակո՞ւյթ: Գի ՞րք : Գիտակցությո՞ւն: Լեզո ՞ւ: Ինչո՞ւ պետք է վաղը գնամ տեխնոլոգիական ուղղվածությամբ հանրակրթական դպրոց, եթե ուսանողները, որոնց ես պատրաստվում եմ հանդիպելու, գուցե գիշերել են հեռուստատեսության արգանդում:
Քնել:
Արթնանալ:
Լոգանք ընդունել:
Մի քանի րոպե գլուխը սառը ջրի տակ պահել:
Տե՛ր, նման բան տեսնելուց հետո որքան շատ էներգիա է անհրաժեշտ գործադրել իրականություն վերադառնալու համար: Գրողը տանի, այ այսպիսի ժամանակակից երիտասարդության պատկեր են մեզ առաջարկում այս բոլոր ծալը պակասները: Ես նրանց չեմ ընդունում: Ինձ ճիշտ հասկացեք. ես չեմ հերքում այս հաղորդման ճշմարտացիությունը, աչք չեմ փակում հանցագործության վտանգավորության վրա: Ձեզանից յուրաքանչյուրի նման ես նույնպես սարսափում եմ քաղաքային բռնության ժամանակակից ձևերից, վախենում եմ շների ոհմակի հոգեբանությունից: Ես նույնպես չեմ պատկերացնում ծայրամասային որոշ շրջաններում ապրելու ցավը, բայց գիտեմ, թե որքան դժվար է այնտեղ աղջիկ ծնվել և կին դառնալը, ես լիովին կարող եմ չափել այն մեծ ռիսկը, որին ենթարկվում են այն ընտանիքների երեխաները, որոնց մեկ կամ երկու սերունդները գործազուրկ են եղել, այ, ինչ հրաշալի որս են դառնում սրանք բոլոր տեսակի խաբեբաների համար: Ես դա գիտեմ, ես չեմ թեթևացնում ուսուցիչների առջև ծառացած դժվարությունները, որոնք բախվում են սարսափելի սոցիալական անկարգության ամենակործան աշակերտներին, բայց ես հրաժարվում եմ ծայրահեղ բռնության այս պատկերների հետ կապել բոլոր անապահով տարածքների դեռահասներին և, որ ամենակարևորն է, ես ատում եմ աղքատի առջև ունեցած վախը, որն առաջանում է յուրաքանչյուր նոր ընտրարշավի քարոզչության ժամանակ: Ամոթ նրանց, ովքեր ամենաանապահով երիտասարդությանը ազգային սարսափի տեսիլային օբյեկտ են դարձնում: Սրանք անպատիվ հասարակության թափթփուկներն են, որոնք կորցրել են բոլոր տեսակի զգացմունքները, նույնիսկ հայրականը:

13
Պարզվեց, որ այսօր տեխնոլոգիական ուղվածություն ունեցող հանրակրթական ճեմարանում տոն է, այդ ճեմարանի տոնը: Երկու-երեք օրվա ընթացքում դպրոցը վերածվել էր ցուցահանդեսի, որը ներառում էր այն ամենը, ինչ աշակերտները ստեղծել էին դասից դուրս՝ նկարչություն, երաժշտություն, թատերական ներկայացումներ, նույնիսկ ճարտարապետական ​​նախագծեր (հենց իրենք էլ կառուցել էին ցուցահանդեսային ստենդները)՝ տնօրենի և ուսուցիչների ղեկավարությամբ, ովքեր յուրաքանչյուրին՝ աղջիկ թե տղա, ճանաչում էի անուն-ազգանունով: Նախասրահում նվագում է դպրոցական փոքր նվագախումբը: Ջութակի ձայնի նեքո շրջում եմ միջանցքներով: Ընդարձակ դահլիճում ինձ են սպասում երեք-չորս դասարան: Երկու ժամ խաղում ենք հարցերի և պատասխանների ազատ խաղը: Նրանց աշխուժությունը, ծիծաղը, հանկարծակի լրջությունը և, ամենակարևորը, կենսական էներգիան, զարմանալի կենսական էներգիան ինձ ազատեցին գիշերային հեռուստատեսային մղձավանջից:
Վերադարձ:
Կառամատույց:
Ալիի թողած հաղորդագրությունը հեռախոսիս. « Չմոռանաք վաղվա մեր հանդիպման մասին: Աշակերտներս սպասում են ձեզ: Նրանք ավարտում են իրենց ֆիլմերի մոնտաժը: Պետք է, որ դու դա տեսնես, նրանք դրանից շատ կոգևորվեն»:

VI. ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԻՐԵԼ

Այս աշխարհում միշտ պետք է մի փոքր ավել բարի լինել,
որպեսզի դա բավարար լինի:
Սիրո և պատահականության խաղ 
Մարիվո

1.

Հենց որ հուսահատ մայրերը հեռախոսը ցած են դնում, ես նորից հեռախոսը ձեռքս եմ վերցնում, որպեսզի փորձեմ տեղավորել նրանց ժառանգներին: Ես զանգում եմ գործընկերներիս` հին ընկերներ, անհույս հարցերի փորձագետներ, նաև հանդես էի գալիս որպես անմխիթար մայր: Լսափողի մյուս ծայրում զվարճանում են.
-Ահա և դու: Դե, այո՛, դու միշտ հայտնվում ես այսպիսի ժամանակ:
- Ասում ես՝ տարեկան քանի՞ բացակայություն: Երեսունյո՞թ: Նա փախել է երեսունյոթ անգամ, և դու ուզում ես, որ ես նրան վերցնե՞մ: Լրիվ գժվե՞լ ես:
Դիդյեն, Ֆիլիպը, Ստելլան, Ֆանչոնը, Պիերը, Ֆրանսուազը, Իզաբելը, Ալին, և ուրիշները ...
Քանի՞ հոգի են բոլորը միասին փրկել: Միայն Նիկոլ Ա. – ի ճեմարանը միշտ բաց է անհաջողակների համար ...
Պատահել է նաև այնպես, որ խոսեմ նույնիսկ տարվա կեսին.
- Դե, Ֆիլիպ ...
- Ինչո՞ւ են վտարել: Կռվի՞ համար: Դպրոցում, իսկ հետո դպրոցի մո՞տ: Նաև առևտրի կենտրոնի պահակների հե՞տ: Եվ սա առաջին անգամը չէ՞: Սուրբ ծննդյան տոների հիանալի նվեր: Դե, ուղարկիր, տեսնենք` ինչ կարող ենք անել:
Կամ նմանատիպ մի խոսակցություն քոլեջի տնօրեն օրիորդ Գ.-ի հետ: Երբ ես ժամանեցի, նա հսկում էր, թե ինչպես են երկու դասարանները գրում ստուգողական աշխատանքը: Լռություն: Համակենտրոնացում: Գրիչները բերանները` ատամների միջև կամ էլ բութի մատի ու ցուցամատի արանքում արագ պտտացնելով (ինչպե՞ս են դա կարողանում: Ես երբեք չեմ կարողացել նման բան անել), ոմանք կանաչ թուղթ ունեին սևագրի համար, ոմանք էլ` դեղին ... Ուսման լռություն: Լսվում է, թե ինչպես է միտքը թռչում:
Ես միշտ սիրել եմ հետմիջօրեի հանգստությունն և ուսումնական անդորրը: Մանկությանս տարիներին երբեմն ինձ հաջողվում էր դրանք համատեղել: Ես անտեղի հանգստի հոտ էի առնում: Ես հիանալի տիրապետում եմ ձևացնելու արվեստին իբր թե գրում եմ, երբ իրականում իմ առջև դատարկ թուղթ է: Բայց օրիորդ Գ.- ի հսկողության ներքո այս խաղը հնարավոր չէ խաղալ: Աչքի ծայրով տեսնելով, որ ես ներս եմ մտնում, աչքն անգամ չի թարթում: Նա գիտի, որ ես իրեն երբեք չեմ խանգարի մանրուքների պատճառով, և եթե ես ինձ թույլ եմ տվել անել դա, հազիվ թե լավ լուր հաղորդեմ: Ես լուռ քայլում եմ դեպի տնօրենուհու գրասեղանը, կռանում եմ և նրա ականջին շշուկով ներկայացնում փաստարկներս.
- Տասնհինգ տարեկան ութ ամսական, երկրորդ տարին է, ինչ երրորդ դասարանում է, տասը տարի է, ինչ ոչինչ չի անում, տարբեր պատճառներով հեռացվել է, ձերբակալվել է մեկ ամիս առաջ մետրոյում՝ մազակալների ապօրինի առևտրի համար, մայրը փախել է, հայրը բացարձակ անպատասխանատու է: Կվերցն՞եք:
Օրիորդ Գ.- ն ինձ վրա էլի չի նայում, հայացքը չի հեռացնում իր հոտից և միայն բավարարվում է` համաձայնության նշան անելով:
— Միայն մի պայմանով - շշնջում է նա՝ առանց շրթունքները շարժելու:
—Ինչ: 
—Ինձանից երախտագիտություն չսպասեք:
O, իմ այդքան անգլիացի օրիորդ Գ.: Ձեր լուռ համաձայնությունը ուսուցիչների մասին լավագույն հիշողություններիցս մեկն է: Մարիվոյի մոտ է, այո, Մարիվոյի, լսու՞մ եք, ոչ թե ձեր բարեպաշտ գրքերում, այլ Մարիվոյի մոտ է, որ գտա մի արտահայտություն, որը կարող է ծառայել որպես գաղտնի կարգախոս ձեզ համար. «Այս աշխարհում միշտ պետք է մի փոքր ավել բարի լինել, որպեսզի դա բավարար լինի»:
Կասեմ` ավելացնելով, որ այն իրոք գործում է, որ այդ տղային հասցրել եք մինչև ավարտական դասարան:
Բավական է անգամ մեկ ուսուցիչը՝ մեկ և միակ, որպեսզի մեզ փրկի մեզանից և ստիպի մոռանալ մյուս վատ բաների մասին:
Գոնե մի փոքր հիշողություն ունեմ պարոն Բալի մասին:
Առաջին դասարանում նա մեզ մաթեմատիկա էր դասավանդում: Ժեստերի տեսանկյունից` Քիթինգի ճիշտ հակառակն էր։ Դժվար է պատկերացնել մի ուսուցչի, որ ավելի քիչ կինեմատոգրաֆիկ լինի, քան նա. օվալաձև տեսք, բարձր ձայն և ոչ մի բան, որը կարող էր աչքի զարնվել: Նա մեզ դիմավորեց իր սեղանի մոտ նստած, սիրով ողջունեց, և առաջին բառերից սկսեցինք մաթեմատիկայի մեջ հայտնվել: Ինչի՞ց էր բաղկացած մեզ համար այսքան հետաքրքիր դասը: Հենց այն առարկան, որը մեզ սովորեցրեց պարոն Բալը և որն ապրում էր նրա մեջ, կարծես, նրան դարձնում էր զարմանալի կենսուրախ, հանգիստ և բարի արարած: Գիտության առաջ բերված մի տարօրինակ բարություն, բնական ցանկություն` մեզ հետ կիսելու իր միտքը հիացնող առարկան, որը, իր դիտարկմամբ, պարզապես չէր կարող տհաճ կամ խորթ լինել մեզ համար: Բալը մինչև ականջների ծայրը տարված էր իր գիտությամբ և ուսանողներով: Նրա մեջ մի զարմանալի անմեղ բան կար. կարծես նրան առևանգել էին մաթեմատիկայի մանկապարտեզից: Նա երբևէ չէր էլ պատկերացրել, որ կարող են աղմուկ բարձրացնել իր դասին, ինչպես և մեր մտքով երբեք չէր անցել ծաղրել նրան: Այն, որ նա երջանկություն էր գտել իր իսկ աշխատանքում, չափազանց համոզիչ էր:
Մենք դժվար լսարան էինք: Գրեթե բոլորս էլ Ջիբութիի աղբարկղից դուրս եկած` բնավ էլ գրավիչ չէինք: Ես որոշ չափով հիշում եմ քաղաքում գիշերային մարտերը և ներքին հաշիվների պարզաբանումները, որոնք հեռու էին քնքուշ լինելուց: Բայց հենց մենք մտանք պարոն Բալուի մոտ, մաթեմատիկայի մեջ ընկղմումը կարծես սրբացրեց մեզ, և մեկ ժամ անց մենք դրանից դուրս եկանք որպես կրթված մաթեմատիկոսներ: Մեր ծանոթության օրը, երբ մեզանից ամենոչինչները պարծենում էին իրենց կլոր զրոներով, նա ժպտալով պատասխանեց, որ չի հավատում դատարկ բազմություններին: Հետո նա մեզ մի քանի պարզ հարցեր տվեց, որոնց պատասխանները ընկալեց որպես ինչ-որ անգին պատառիկներ, ինչը մեզ շատ զվարճացրեց: Հետո գրատախտակին գրեց 12 թիվը և հարցրեց, թե դա ինչ է:
Ամենաանկաշկանդները փորձեցին պատասխան գտնել.
— Ձեռքի տասներկու մատները:
— Տասներկու պատվիրանները:
Բայց նրա ժպիտի անմեղությունն, իսկապես, վհատեցնում էր:
— Սա նվազագույն գնահատականն է, որը դուք կստանաք ավարտական ​​քննությանը:
Եվ նա ավելացրեց.
— Եթե դադարեք վախենալ:
Եվ հետո.
— Հերիք է այդ մասին խոսենք: Քանի որ այստեղ մենք ոչ թե ավարտական ​​քննությունով ենք զբաղվելու, այլ` մաթեմատիկայով:
Եվ իրոք, նա այլևս երբեք մեզ հետ չխոսեց քննությունների մասին: Այդ տարի մետր առ մետր նա հանեց մեզ անտեղյակության անդունդից. ծիծաղելով ձևացնում էր, թե խոսքը իմաստության պահեստի, գիտելիքի ջրհորի մասին է. և միշտ հիանում էր, որ մենք, չնայած ամեն ինչին, դեռ ինչ-որ բան գիտիենք.
—Ձեզ թվում է, թե դուք ոչինչ չգիտեք: Դուք սխալվում եք, դուք սխալվում եք. դուք շատ, չափազանց շատ բան գիտեք: Նայիր, Պենակիոնի, կմտածեի՞ր, որ դա գիտես: Իհարկե, նրա փաստարկները մեզ մաթեմատիկայի հանճար չդարձրին, բայց որքան էլ խորն էր մեր ջրհորը, պարոն Բալին հաջողվեց մեզ բոլորիս հասցնել ջրհորի եզրին ու մենք ստացանք ավարտական ​​քննության անցողիկ միավորը:
ԿԵվ ոչ մի ակնարկ մեր թշվառ ապագայի մասին, որը հաստատ սպասում էր մեզ՝ ըստ այլ ուսուցիչների:

 

Թարգմանիչ: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский