Կյանքին ուղղված, կյանքով լցված, կյանքին համահունչ․․․

«Ապրումակցային մանկավարժություն» շարքից

Տարիներ առաջ, երբ սովորողների հետ Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունն» էինք քննարկում, ուշադրությունս գրավեցին Հոմեր Մաքոլիի խոսքերը․ «…Դպրոցում ես շատ ծիծաղելի բաներ եմ ասում, բայց ոչ ուսուցիչների գործը դժվարացնելու համար։ Ես դրանք ասում եմ, որովհետև անհրաժեշտ է ասել։ Բոլորը այնքան տխուր ու շփոթված են, և ամեն ինչ այնքան թերի է, սխալ ու խառնակ, որ ես ստիպված եմ երբեմն ծիծաղելի բաներ ասել։ Ինձ թվում է, որ բացի ողջ լինելուց մենք պետք է մի քիչ էլ ծիծաղենք…»։ 

Ուզում եմ խոսել ուսուցիչների հումորի, ուրախության, կատակի ու ծիծաղի մասին։ Նկատե՞լ եք՝ դպրոցներում որքան քիչ են ուրախ, հումորով, կատակասեր ուսուցիչները։ Գուցե որպես մարդ նրանք շատ էլ լավ ուրախ, հումորով մարդիկ են, բայց որպես ուսուցիչ․․․ Ինչքա՜ն քիչ են ուսումնական պարապմունքների ժամանակ հումոր և կատակներ լինում, ինչքան քիչ է ծիծաղ հնչում․․․ Ինչո՞ւ է այդպես։ Ինչի՞ց են վախենում ուսուցիչները։

Տարիներ առաջ, երբ 4-րդ դասարանում մայրենի էի դասավանդում, դասալսման էր եկել դպրոցի ուսմասվարը՝ Աշոտ Դաբաղյանը։ Ամբողջ դասի ընթացքում հիշում եմ նրա ակնդետ հայացքն ինձ վրա, իսկ դասի քննարկման ժամանակ մի բան ասաց․ «Ամբողջ դասի ժամանակ մտածում էի, թե դու, որ այդքան շատ ես ժպտում, ինչպե՞ս կարողացար 45 րոպե չժպտալ»:

Հասկացա, որ լարումից կորցրել էի ժպիտս։ Այսինքն՝ ժպիտը, հումորը, ուրախությունը կորցնելու պատճառներից մեկն էլ լարո՞ւմն է։ Ասել է, թե՝ լարման պատճառով բնական, մարդկային, անկաշկանդ շփումն է վերանում, դա փոխարինվում է դասատվության լրջությամբ ու պաշտոնականությամբ։ Այո, շատ դեպքերում էլ ուսուցչի կերպարը համապատասխանաբար հանդիսավոր և տիրական է դառնում։ Աշոտ Դաբաղյանի այդ դիտարկումը կարևոր մեխ դարձավ իմ մանկավարժության մեջ։ Ոչ մի դեպքում ժպիտը կորցնել չի կարելի։

Կրթությունը մարդկայնացման կարիք ունի։ Էնտեղ, որտեղ երեխաներ և պատանիներ են, չի կարող ուրախություն, թեթևություն, ծափ ու ծիծաղ չլինել։ Չի կարելի դպրոցներում տիրող այդ արհեստական լրջությունը որևէ կերպ արդարացնել, պատճառաբանել։ Կյանքով լի այդ երեխաներին-պատանիներին անկյանք միջավայրում պահե՞լ կլինի: Դրա համար լրիվ այլ միջոցներ են պետք՝ մահակային կարգուկանոն, որն էլ հաճախ գործածվում է:
Կրթահամալիրի ուսումնական պարապմունքներից առաջ՝ առավոտյան ամենօրյա 15-րոպեանոց ընդհանուր ուսումնական պարապմունքները հենց այդ ուրախության խորհրդանիշն են՝ միասին լինելու հաճույքը, միասնական երգ ու պարի ոգեղենությունը փոխանցող միջոց։ Ուզում ենք, որ այդ թեթևությունը, այդ հավեսը տեղափոխվեն ուսումնական այլ տարածքներ՝ դասարան, կաբինետ, լաբորատորիա…։ Մեր դպրոց-պարտեզների 1-3-րդ դասարանների ծրագիրը կոչվում է «Իմացումի հրճվանք»։ Լավ անուն է։ Խորհրդանշական է: Այո՛, իմացում, բայց անպայման հրճվանքով, ուրախությամբ ու հավեսով:

Զավեշտը ուսումնական պարապմունքների ընթացքում

Դասավանդում եմ 9-րդ դասարանում: Դասարանի մեծ մասը ուսումնական ճամփորդության է: Մնացել է տղաների մի խումբ: Քանի որ չգիտեմ՝ ում թեթև ձեռքով նորից քերականության քննության շեմին ենք, քերականական վերլուծություններ ենք կատարում: Բառակազմական վերլուծության ենք ենթարկում ծիծաղել բառը: Հարցս հետևյալն է՝ ծիծաղել-ը կազմությամբ ինչպիսի՞ բառ է: Ո՞րն է ծիծաղել բառի արմատը:
— Ծիծ…, ծիծ…, ծիծ…,- կմկմում է տղան… Ընկերները, հանկարծակիի եկած, հայացքները փախցնում են՝ մի կերպ զսպելով ծիծաղը: Իսկ ես չեմ կարողանում ինձ զսպել: Իմ բարձր ծիծաղին համահունչ՝ պոռթկում է ընդհանուր քրքիջը:

Հասել ենք հոմանիշներին: Պիտի ընտրեն վհատվել բառի հոմանիշը: Բայց ո՞նց ընտրեն, երբ պարզվում է՝ վհատվել բառը իրենց ծանոթ չէ: Ընկճված նայում եմ սովորողներիս խմբին: Վերջին փորձն եմ անում գործածության մեջ հասկանալի դարձնել բառը:
— Դուք ինձ արդեն վհատեցնում եք,- Աստված գիտի՝ դեմքի ինչ արտահայտությամբ ասում եմ ես:
— Հա՜, հասկացա՜նք,- համերաշխ բացականչում է տղաների խումբը,- մենք Ձեզ արդեն զզվացնում ենք:
— Դա կա, իհարկե,- ծիծաղում եմ ես,- բայց էս դեպքում՝ դուք ինձ ուղղակի հուսահատեցնում եք:
Նորից համերաշխ ծիծաղ:

Տղան դասի ժամին թաքուն ուտում է։ Բրդուճը կծելիս չեմ տեսնում, միայն տեսնում եմ, որ բերանը արագ-արագ շաժվում է:
—Դասի ժամին ուտո՞ւմ ես,֊ խիստ դիտողություն եմ անում ես։
— Չէ՜, տիկի՛ն Մարիետ, չեմ ուտում:
— Չես ուտո՞ւմ, բա բերանդ ինչո՞ւ է շարժվում։
— Ես որ մտածում եմ, բերանս շարժվում է, տիկի՛ն Մարիետ,- շատ լուրջ տեսքով ինձ բացատրում է տղան:
Դե, արի ու զսպիր ծիծաղդ:

Ուսումնառությամբ առանձնապես չհետաքրքրվող տղայի աչքերը, որոնք հառված են համակարգչի էկրանին, անսովոր փայլում են, դեմքին երանության արտահայտություն է։
— Գուրգե՛ն, դասո՛վ զբաղվիր։
— Բա ես ինչո՞վ եմ զբաղված, տիկի՛ն Մարիետ,- առանց էկրանից կտրվելու՝ ասում է տղան։
— Խաղում ես, Գուրգեն ջան, խաղում ես և հաղթում ես։

Գուրգենը զարմացած հայացքը կտրում է համակարգչից։
— Ո՞նց իմացաք, տիկի՛ն Մարիետ։
— Գուրգե՛ն, ախր ո՞նց կարող են քո աչքերը քերականությունից փայլել, ինքդ էլ ընկնես երանության գիրկը,- ժպտում եմ ես:

Ուսումնական պարապմունքը սկսվել է: Սովորողները լուռ բացել են բլոգները, սկսել են աշխատել: Ես քայլում եմ դասարանում, որ հարցերի դեպքում՝ մոտենամ: Տղան նստել է, պայուսակից դեռ նոթբուքը չի հանել: Մոտենում եմ: Ցածր, խիստ ձայնով ասում եմ.
— Վարդա՛ն, նոթբուքդ հանի՛ր և բացի՛ր:
Տղան անձայն թեքվում է դեպի պայուսակը: Ես շարունակում եմ քայլել դասարանում: Նորից հասնում եմ տղային: Հանել է գործիքը, բացել, դրել է սեղանին: Նայում եմ. միացված չէ: Փորձում եմ զսպել ներքին վրդովմունքս, խոսում եմ խաղաղ ձայնով.
— Վարդա՛ն, ինչո՞ւ նոթբուքդ միացված չէ:
— Տիկի՛ն Մարիետ, դուք ասեցիք՝ հանի, բացի նոթբուքդ, ես էլ դրանք արել եմ: Բայց չասեցիք՝ միացրու,- նույնքան խաղաղ ու անվրդով ձայնով ասում է Վարդանը՝ ժպիտով նայելով դեմքիս:

Էսպես կարող եմ անընդհատ շարունակել: Միշտ զարմացել եմ, թե նյարդային մարդը ինչպե՞ս է մանկավարժությամբ զբաղվում: Սրանք նյարդերի ամրության փորձություններ են՝ ամեն օր, ամեն ժամ: Եվ եթե չես հաղթահարում այս փորձությունները, աշխատանքդ տաժանակիր կդառնա: Կորած ես, եթե հումորդ կորցնես:

- Տիկի՛ն Մարիետ, բայց դուք ինչ ամուր ներվեր ունեք,- ասում է 9-րդ դասարանցի Արտակը։
- Արտակ ջան, նյարդեր չունեմ, դրանք ուսուցիչ դառնալուց առաջ հեռացրել եմ։
- Հա՜, ես էլ ասում եմ էս տիկին Մարիետը ո՞նց է մեզ էսքան դիմանում։ Հիմա հասկացա,- ծիծաղում է Արտակը,- հա, ասեմ, որ դուք էլ էն եզակի ուսուցիչներից եք, որ իմ ներվերի վրա չեք ազդում։
Ասում է, ու երկուսս էլ ժպտալով նայում ենք իրար։

8 տարեկան Արամին, որն ակնհայտորեն ճիշտ չի ասում, դիտողություն եմ անում, թե ստելը լավ բան չէ։ Ձիթապտղի պես սև աչքերը չարաճճի փայլում են․
— Սուտ չեմ ասում, է՜, կատակ եմ անում։ Իսկ դու փոխանակ ծիծաղես, բարկանում ես։
Նայում եմ այդ փոքրիկ չարաճճիին: Տես, է․․․ Տղան ընդամենը կատակում է ինձ հետ։ Իսկ ես՝ սուտ մի՛ խոսիր։ Տղայի ասելուց հետո տեսա, որ լավ էլ կատակ է եղել։ Ես եմ այլ կերպ ընկալել: Իրոք տեսանկյան խնդիր է: Եվ ինչքա՜ն բաներ կան, որ իրենց տեղն են ընկնում, եթե տեսանկյունդ փոխում ես։

Իսկ մանկավարժության մեջ հատկապես կարևոր է հայացքը, տարբեր տեսանկյուններից նայելը։ Այդքան էլ հեշտ բան չէ, բայց հնարավոր է։

Անցյալում են մնացել այն ժամանակները, երբ դասագիրքն ու ուսուցիչը տեղեկատվական հիմնական աղբյուրն էին: Հիմա կա համացանց՝ պատրաստ վայրկենական տեղեկատվություն տրամադրելու:

Սովորողները ինքնուրույն աշխատում են, քերականական վերլուծություններ են անում: Ես պատրաստ կանգնած եմ, որ հարցերի դեպքում՝ մոտենամ: Գիտեմ, որ քերականությունը հեշտ չի տրվում, բայց բավականին ժամանակ է՝ ոչ մի հարց չի հնչում:
— Դուք որ ինձ հարց չեք տալիս, ես անհանգստանում եմ: Գիտեմ, որ ամեն ինչ չի կարող պարզ լինել, հարցեր ինչո՞ւ չկան: Ի՞նչ է, չեք աշխատո՞ւմ:
- Ինտերնետում ամեն ինչ կա, տիկի՛ն Մարիետ, ինչ չենք հիշում, բացում, նայում ենք, ձեզ ինչո՞ւ հարցնենք, - հնչում է պատասխանը:

Այո՛, ժամանակն է, որ մենք՝ ուսուցիչներս, դա ընդունենք որպես կայացած իրողություն: Ինքնակրթությունը հաստատուն քայլերով մտնում է կրթություն։

Տարիներ անց հանդիպում եմ իմ նախկին սովորողներից մեկին՝ Նարեին, ով արդեն մի քանի տարի է, որ աշխատում է միջազգային ինչ֊որ կազմակերպությունում։ Ունի լուրջ հաջողություններ։ Նարեենց հետ աշխատել եմ ավագ դպրոցի ավարտական դասարանում. հայոց լեզու֊գրականություն եմ դասավանդել։ Հասկանալի է, որ այդ ժամանակ էլ պատրաստվում էինք չարաբաստիկ քննություններին: Քերականության-գրականության դասընթացներից սովորողին ոչինչ չտվող սերտում: Մի քանի ամիս լավ աշխատել էինք․ սովորողները քննությունները հաջող հանձնեցին: Բայց ընթացքում նաև գրականությունից տարբեր սցենարներ էինք կազմում, բեմադրում: Դա կարծես այն աղն էր, որ համուհոտ էր տալիս քննության տխուր սերտումներին:
Հիմա՝ տարիներ անց, կանգառում հանդիպել ենք ես և նախկին սովորողս՝ Նարեն: Խոսելու քիչ ժամանակ ունենք: Տրանսպորտը ամեն րոպե կարող է գալ: Արագ-արագ մտքեր ենք փոխանակում, իրարից տեղեկանում, ու մեկ էլ Նարեն.
- Ընկեր Սիմոնյան (այն տարիներին ինձ այդպես էին դիմում), հիշո՞ւմ եք մեր բեմադրած Բոդլերը, ի՜նչ հավեսով խաղացինք, իմը՝ արբեցած մարդու դերն էր, «Արբեքն» էի բեմադրում… Ի՜նչ հավեսով էինք բեմադրություններ անում: Էս տարիների մեջ անընդհատ հիշել եմ, էնքան շնորհակալ եմ Ձեզ:
Ա՜յ քեզ բան… Իսկ ես մտածում էի, Նարեենց սերունդը ինձնից գոհ ու շնորհակալ պիտի լինի հայոց լեզու-գրականության քննության բարեհաջող հանձման համար, բայց արի ու տես…

Հետաքրքիր բան է մանկավարժությունը։ Ստեղծական, ուրախ, ոգեղեն․․․ Եվ միայն դրանով ոգևորված մարդը կարող է կյանքին ուղղված, կյանքով լցված, կյանքին համահունչ գործունեություն իրականացնել։
Մնացածը արհեստական, ձևական, սիզիփոսյան աշխատանք է, որը ոչինչ չի տալիս ո՛չ ուսուցչին, ո՛չ սովորողին։ 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский