Հասարակագիտական ստուգատեսը՝ ուսումնական բաց հարթակ

Ըստ կրթահամալիրի 2021 թվականի օրացույցի՝ մարտի 1-ից մեկնարկեց հասարակագիտական ստուգատեսը, որի ընթացքում հասարակագետ դասավանդողները սովորողների հետ իրականացրին  մի շարք հասարակագիտական նախագծեր և նախագծային աշխատանքներ՝ դաս-քննարկումներ, կլոր սեղաններ, հանդիպումներ հասարակական-քաղաքական, հանրային  տարբեր գործիչների հետ, կրթական փոխանակումներով ճամփորդություններ, ակումբային գործունեություն․․․

Կարևորելով հատկապես հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումները՝ ուզում եմ այս հոդվածում հիմնականում խոսել այդ մասին։

Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների շարքն սկսվեց դեռևս հունվարյան ճամբարի շրջանում, որի ընթացքում կրթահամալիր մտան տարբեր բնագավառների տասնյակ մարդիկ՝ թուրքագետ, ադրբեջանագետ, իրանագետ, կովկասագետ, ազգագրագետ, իրավապաշտպան, սոցիալական մարդաբան․․․Ահա սա է մեր հեղինակային մանկավարժության կարևոր առանձնահատկությունը՝ հասարակագիտությունը հեղինակային կրթական ծրագրում։ Հանդիպում-քննարկումներն իրականացվեցին հիմնականում «Մերօրյա պատմություն» ուսումնական շարքի շրջանակում, իսկ դա նշանակում է, որ հանդիպումների ընթացքում քննարկումները ծավալվում էին մեր օրերում տեղի ունեցող բազմաթիվ և բազմապիսի հասարակական-քաղաքական իրադարձությունների, հանրային հնչեղության թեմաների շուրջ՝ մասնավորապես Հայաստանի հարևան երկրների ճանաչմանն ուղղված քննարկումների տեսքով։

Կրթահամալիրի հյուրերը՝ հունվարյան ճամբարի շրջանում․

Հանդիպում-քննարկում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ
Հանդիպում-քննարկում պատմաբան, կովկասագետ Ալեքսան Հակոբյանի հետ
Հանդիպում-քննարկում իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ
Հանդիպում-զրույց ազգագրագետ Տորք Դալալեանի հետ
Հանդիպում-քննարկում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ
Հանդիպում-քննարկում ՄԻՊ գրասենյակի աշխատակցի հետ
Հանդիպում-քննարկում ադրբեջանագետ, ԵՊՀ դասախոս Աշոտ Մովսիսյանի հետ
Հանդիպում-զրույց սոցիալական մարդաբան Էվիլյա Հովհաննիսյանի հետ

Հունվարյան հագեցած ճամբարը ցույց տվեց, որ տարբեր գործիչների հետ հանդիպումները սովորողների համար հետաքրքիր և ուսանելի են, ստացվում է ուսումնական արդյունավետ աշխատանք․ սովորողները նախապես կարդում են հյուրի կենսագրությունը, ուսումնասիրում են նրա մասնագիտական գործունեությունը, կարդում են նրա աշխատանքներից, հոդվածներից, լսում են տարբեր հարցազրույցներ, հարցեր են ձևակերպում, այսինքն իրականացվում է նախապատրաստական ուսումնական աշխատանք։ Իսկ քննարկումից հետո հանդես են գալիս ամփոփիչ պատումներով, օրվա լուսաբանումներով, դիտարկումներով։

Սովորողների ամփոփում-պատումների ընտրանին՝ տարբեր հանդիպումներից․

Անահիտ Ասատրյան
Միլենա Քամալյան
Աշոտ Խաչատրյան
Արեգ Քեշիշյան
Արեգ Հարությունյան
Իլոնա Սահակյան
Անի Արղության
Մարիամ Մաիլյան
Նանե Վարդումյան
Կարինե Գոմցյան
Լիրա Խաչատրյան
Նազենի Սանոյան
Լիլիկ Երիմյան
Սոնա Բալայան

Եվ պատահական չէ, որ հասարակագիտական ստուգատեսի օրացույցը կազմվեց հենց այս բովանդակությամբ՝ շարունակել հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների շարքը։ Ստուգատեսի շրջանում կրթահամալիր մտան տարբեր բնագավառների, տարբեր մասնագիտությունների տեր տասնյակ մարդիկ՝ գրող-սցենարիստ, դիվանագետ, քաղաքագետ, վրացագետ, հանրային և պետական գործիչ, ֆեմինիստ, դեսպան, այլ․․․կենդանի շփում, կենդանի զրույց, նոր ծանոթություններ, նոր կապեր և հետագա համագործակցությունների լայն հնարավորություն։

Կրթահամալիրի հյուրերը՝ հասարակագիտական ստուգատեսի շրջանում․

Հանդիպում One way tour տուրիստական ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանի հետ
Հանդիպում-զրույց գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի հետ
Հանդիպում-քննարկում դիվանագետ Արա Պապյանի հետ
Հանդիպում-քննարկում «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ Ավնիկ Մելիքյանի հետ
Հանդիպում-քննարկում քաղաքագետ-նեղ մասնագիտությամբ՝ վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտաշխատող, <<Օրբելի>> վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ
Հանդիպում-քննարկում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ
Հանդիպում-քննարկում կովկասագետ Ալեքսան Հակոբյանի հետ
Հանդիպում հնագետ, մարդաբան Հասմիկ Սիմոնյանի հետ
Հանդիպում-քննարկում պետական գործիչ, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ
Հանդիպում-քննարկում Նիդերլանդներում ՀՀ դեսպան, միջազգայնագետ, սեբաստացի ծնող Տիգրան Բալայանի հետ
Հանդիպում-քննարկում Հայկական քաղաքագիտական կայքի համահիմնադիր, քաղաքագիտության թեկնածու Էմիլ Օրդուխանյանի հետ

Այս տարվա՝ 2021-ի հասարակագիտական ստուգատեսի մեկնարկը տրվեց նոր ձևաչափով՝ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ հանդիպում-քննարկմամբ, որի ընթացքում սովորողները տիար Բլեյանի հետ քննարկեցին մի շարք այժմեական հարցեր՝ ինչպես հասարակական-քաղաքացիական-մանկավարժական, այնպես էլ քաղաքական կյանքին վերաբերող։ Եվ այդպես մարտի 1-ից սկսվեց տարբեր գործիչների հետ հանդիպումների շարքը՝ ավելի կենդանի դարձնելով հասարակագիտական լաբորատորիայի գործունեությունը․․․

Սովորողների ամփոփում-պատումների ընտրանին՝ ստուգատեսային տարբեր հանդիպումներից՝

Սոնա Բալայան
Հրաչյա Ամիրխանյան
Նանե Վարդումյան
Ռուզաննա Գասպարյան
Արթենի Ջանիկյան
Մերի Անանյան
Միլենա Գասպարյան
Միլենա Քամալյան
Սուսաննա Մամիկոնյան
Կառոլինա Գրիգորյան

Հասարակագիտական ստուգատեսի օրացույցով մարտի 18-19-ը «Տիգրան Հայրապետյան» օրեր են կրթահամալիրում՝ ի հիշատակ միջազգայնագետ-հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի, ում անունն է կրում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանի կենտրոնական ընթերցասրահը։ Եվ ահա, մարտի 18-ին և 19-ին Տիգրան Հայրապետյանին նվիրված երկու կլոր սեղան ունեցանք, որին Միջին-Ավագ դպրոցների սովորողները և Քոլեջի ուսանողները առանձնահատուկ ձևով ներկայացան։ Սովորողները և ուսանողները հանդես եկան Տիգրան Հայրապետյանի հոդվածների ընտրանու վերլուծություններով…բավական հասուն լսարան, հայացք ունեցող սովորողներ, հիմնավոր կարծիքներ, սեփական պատկերացումներ ու մոտեցումներ…տպավորիչ էր…սովորողների վերլուծությունները նաև դարձան Մեդիագրադարանի փաթեթ:

Հասարակագիտական ստուգատեսը ունի նաև կրթահամալիրի դասավանդողին և սովորողին, նրանց աշխատանքը գնահատող-խրախուսող բաղադրիչ՝ «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակ՝

–կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
-կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝ հասարակագիտական, քաղաքացիական ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։

Այս տարվա՝ 2021-ի «Տիգրան Հայրապետյան» հասարակագիտական մրցանակը շնորհվեց մայրենիի դասավանդող Մարիետ Սիմոնյանին և սովորողներ Արթենի Ջանիկյանին (9-րդ դասարան), Անահիտ Ասատրյանին (10-րդ դասարան)։

«Տիգրան Հայրապետյան 2021» մրցանակակիր դասավանդող Մարիետ Սիմոնյանը գրում է՝
«Այս անգամ անցածս ճանապարհը վերաիմաստավորելու առիթ դարձավ ընկերներիս կողմից ինձ «Տիգրան Հայրապետյան» մրցանակի ներկայացնելը:
Առաջին բանը, որ մտածեցի, այն էր, թե, տեսնես, ես համապատասխանո՞ւմ եմ այս մրցանակին, թե՞ ուղղակի գործընկերներիս բարի կամքի արտահայտությունն է եղել առաջադրումը։ Բացում եմ «Տիգրան Հայրապետյան» մրցանակին ներկայացվող պահանջները․ «Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար»։
Ուզում եմ հասկանալ՝ ճի՞շտ եմ հասկանում քաղաքացիական բառի նշանակությունը։ Բացում եմ Արդի հայերենի բացատրական բառարանը և նայում եմ բառի բացատրությունը։ Այն նշանակում է նաև՝ «հասարակության բարօրության, հասարակության շահերին վերաբերող»։

Իրենց ապրումների և հույզերի մասին գրում են նաև մրցանակակիր սովորողները.

«Այդ երեք-չորս ժամերը ինձ համար այնքա՜ն երկար էին թվում․․․վերջապես եկավ այդ պահը, և Տիար Բլեյանը կարդաց իմ անունը։ Ուղղակի չեմ կարող նկարագրել այդ պահի իմ զգացողությունները․․․շա՜տ, շա՜տ, շա՜տ ուրախ եմ, որ արժանացա նման կարևոր մրցանակի։ Ուրախ եմ, որ իմ կատարած աշխատանքները գնահատվեցին։ Ցանկանում եմ ասել, որ միշտ պետք է աշխատել, ուղղակի աշխատել, ուսումնասիրել, կարդալ, սովորել»,-գրում է 9-րդ դասարանի սովորող, «Տիգրան Հայրապետյան 2021» մրցանակակիր Արթենի Ջանիկյանը։

«Ես յոթ ամիս է, ինչ կրթահամալիրում եմ, բայց նվիրվեցի անմնացորդ, զգացի, որ այն հենց իմ վայրն է ու իմ մի մասնիկը…Ես չեմ փոշմանել իմ ընտրության մեջ։ Ահա, ես պարգևատրվեցի իմ կատարած աշխատանքի համար և համոզվեցի փոխադարձ վստահության մեջ․․․նաև ինձ ընծայեցին ծաղիկներ, պատվոգիր և գումար»,-գրում է 10-րդ դասարանի սովորող, «Տիգրան Հայրապետյան 2021» մրցանակակիր Անահիտ Ասատրյանը։

Ի՞նչ են տալիս հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումները, ի՞նչ ձեռքբերումներ են ունենում սովորողները դրանց և, առհասարակ, հասարակագիտական ստուգատեսի արդյունքում՝

-սեփական խոսքի զարգացում
-հարցեր ձևակերպելու կարողություն և հմտություն
-ինքնուրույն մտքի զարգացում
-հիմնավոր կարծիք և տեսակետ արտահայտելու կարողություն
-տրամաբանելու և վերլուծելու կարողություն
-գաղափարական հասունություն
-ակտիվ և հասարակական կյանքով ապրող, հանրային խնդիրներին հաղորդակից քաղաքացու ձևավորում

Ստուգատեսին մասնակից սովորողները գրում են․

«Հասարակագիտական ստուգատես 2021»-ը, կարծում եմ, դեռ երկար հետք կթողնի մեզ վրա, և, ինչպես վերը նշեցի, ստուգատեսի ամփոփումը նրա ավարտը չէ, ստուգատեսի ազդեցությունից ոգեշնչված մենք դեռ կունենանք շատ հանդիպում-քննարկումներ և հասարակագիտական նախագծեր, որոնք կլինեն նույնքան տպավորիչ ու արդյունավետ, որքան 2021-ի հասարակագիտական ստուգատեսն էր»,-գրում է 9-րդ դասարանի սովորող Շուշան Փաշինյանը։

«Հրավիրյալ մասնագետների հետ այսպիսի քննարկումները մեզ տալիս են ոչ միայն ինֆորմացիա, այլ նաև քննարկելու, մտքեր ձևակերպելու, դրանք բարձրաձայնելու ունակություն, որը հետագայում մեզ շատ է պետք գալու։ Բոլորս էլ պետք է կարողանանք ճիշտ հարցեր տալ, ընկալել դրանց պատասխանները և փորձել մտնել բանավեճի մեջ»,-գրում է 9-րդ դասարանի սովորող Կարինե Գոմցյանը։

«Ստուգատեսները միշտ էլ օգտակար են…Ամեն ստուգատեսի արդյունքում զինվում եմ նոր գիտելիքներով, ընդլայնվում է աշխարհայացքս։ Իսկապես, ես գոհ եմ այս տարվա ստուգատեսից և շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել են այս բոլոր ուսումնական և հետաքրքիր հանդիպումները»,–գրում է 10-րդ դասարանի սովորող Նանե Վարդումյանը։

«Պետք է խոստովանեմ, որ ստուգատեսն իրոք անցավ շատ հետաքրքիր տեղեկատվական հարթակում։ Այն, որպես ուսումնական բաց հարթակ, ինձ շատ բան տվեց՝ նոր և հարուստ ինֆորմացիա, իմ ընկերների և դասավանդողների հետ շփում, կապերի վերականգնում, նաև գիտելիքների ձեռք բերում տարբեր թեմաների շուրջ»,-գրում է 10-րդ դասարանի հեռավար սովորող Սոնա Բալայանը։

«Գիտեմ, որ այս ամենը գրում եմ փոքրիկ ուշացումով, բայց այսքան հանդիպումներից, այսքան ուսուցողական, հետաքրքիր, հավես զրույցներից, ծանոթություններից, կապերից, հաճելի պահերից հետո երևի պետք էր այս դադարը, որպեսզի կարողանայինք մարսել այս ամենը և հասկանալ, թե ինչքան մեծ ու կենդանի ճանապարհ ենք անցել մենք: Այո՛, ինչպես սիրում է ասել տիարը՝ մենք իրոք պետք է հպարտանանք մեր կենդանի հասարակագիտական լաբորատորիայով»,-գրում է 10-րդ դասարանի սովորող, «Տիգրան Հայրապետյան 2020» մրցանակակիր Անի Արղությանը։

Ահա այսպիսին էր այս տարվա՝ 2021-ի հասարակագիտական ստուգատեսը՝ իր օրացույցով, ակտիվ ընթացքով, հետաքրքիր և սպասված հյուրերով, բուռն քննարկումներով, բովանդակալից կլոր սեղաններով, արժանի մրցանակակիրներով, կենդանի հասարակագիտական լաբորատորիայով, որի արդյունքները պատրաստվում ենք ամփոփել մայիսյան 16-րդ հավաքի օրերին՝ կլոր սեղանի տեսքով։

Որպես հասարակագիտական ստուգատեսի արդյունք-ձեռքբերում՝ հասարակագիտական լաբորատորիան շարունակական է դարձնում հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումների շարքը, որի պահանջը գալիս է հենց սովորողներից, իսկ մեզ անհրաժեշտ է սեփական հայացք, սեփական կարծիք և տեսակետ ունեցող սովորող-քաղաքացի, ով նման որակներ ձեռք է բերում հենց այսպիսի կենդանի շփումների, զրույց-քննարկումների միջոցով և արդյունքում։

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский