Ինչպես սիրել երեխաներին (Ինքնավերլուծության փորձ)

Նախորդ հատվածը
Սկիզբը

Ոգեղենության և Սիրո կերոն

Ինձ վաղուց՝ 70-ական թվականներից է հուզում շատ ուսուցիչների գիտակցության սահմանափակության հարցը։ Դա նրանց մեղքը չէ, այլ ուսուցիչների պատրաստման այն կերպարի կամ վերաորակավորման բարձրացման այն համակարգի, որ գոյություն ուներ այդ ժամանակ։ Ցավոք, այդ խնդիրը ավելի սրվեց կապիտալիզմի առաջացմամբ։
Ո՞ւր կարող է ուղղորդվել մատերիալիստական մանկավարժության մտածողությունը, եթե հասարակության մեջ իշխում է շուկայի սկզբունքը։
Ըստ էության՝ շուկայի սկզբունքը կապիտալիստական հասարակարգի մի ամբողջ գաղափարախոսություն է։ Այն մարդկանց գիտակցությունն ուղղորդում է դեպի նյութական բարիքները, հաճույքները, պահանջմունքային կիրքը։ Ունենալ, հարստանալ, կյանքից վերցնել ամեն ինչ, հոգ տանել անձնական հետաքրքրությունների համար անգամ ի վնաս ուրիշների։ Համամարդկային արժեքների վերաբերյալ ցանկացած խոսակցություն (իսկ այդպիսին են Հավատը, Բարոյականությունը, Ուղղամտությունը, Արդարությունը, Գեղեցկությունը, Ազնվամտությունը, Սերը) շուկայական գաղափարախոսության պայմաններում կարող է լինել միայն իրականությունից հայացքը շեղելու միջոց։ Եթե այդ արժեքները ապրանքի տեսք չեն ընդունում վաճառքի համար, կորցնում են իրենց իմաստը։ Շուկայական գաղափարախոսությունը թափանցում է և սկսում ավերածություններ գործել նաևԿրթական աշխարհում, որն ինձ համար Տաճար է, ուստի և՝ մի սուրբ ոլորտ։ Այն, ինչ պետք է դիտարկել որպես ծառայում, վերանվանվում է «կրթական ծառայություններ», և դրանց վրա գին է դրվում։ Ուսուցիչների մեծ մասի գիտակցությունը ավելի ուժեղ է կապվում իր աշխատանքի և Երեխայի նկատմամբ մատերիալիստական հայացքին։
Ուսուցիչների գիտակցությունն ընդարձակել և նրանում երեխաների հանդեպ իսկական սեր առաջացնել հնարավոր է նախ և առաջ հոգևոր ասվածի՝ այդ չորրորդ չափման հիման վրա։ Այդ դեպքում ուսուցիչը կհասկանա Պեստալոցցիի օրենքը․ «Ուսուցիչը թող օգնելով ապրի հավերժության համար, բայց թող ապրելով օգնի ներկա պահին»։
Մանկավարժական դասական ողջ գրականությունը, որ հրատարակվել է սովետական շրջանում, առանձնանում էր գաղափարախոսական կնիքով․ նրանից դուրս էին թողնում մտքեր, որոնք չէին համապատասխանում կամ հակառակ էին մատերիալիստական աշխարհայացքին։ Բայց ցավալին նաև այն էր, որ ապագա ուսուցիչների մեջ դասականների և նրանց հետևորդների ստեղծագործություններն ընթերցելու սեր չէր սերմանվում։ Այդ վիճակը, ինչպես հասկացա, չփոխվեց նաև սոցիալական հաջորդ հասարակարգում։ Կոմունիզմը՝ որպես գաղափարախոսություն, կառուցվում էր այսպես կոչված դիալեկտիկական մատերիալիզմի հիման վրա, և կապիտալիզմի հիմքը նույնպես մատերիալիզմի, բայց ավելի կոպիտ ու բաց գաղափարախոսությունն էր։ Կ․ Դ․ Ուշինսկիի նախազգուշացումը, որ երեխաներին պետք է պաշտպանել գռեհկացնող իրականությունից և չարչիական ուղղվածությունից, որոնք սկսում են կյանքից ներթափանցել դպրոց, այսօր շատ տեղին է։
Զգալով ուսուցիչների հոգևոր աղքատացումը՝ ես մտածեցի նրանց համար ստեղծել բազմահատոր «Մարդասիրական Մանկավարժության անթոլոգիա»։ ՍՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ լինելով՝ ես փորձեցի օգտվել իմ դիրքից և առաջարկեցի իմ ծրագիրը հրատարակիչներին, մինիստրություններին, կուսակցական օրգաններին, սակայն ոչ մի աջակցություն չգտա։ Բայց գտնվելով կյանքի հորձանուտում, հասկանալով, թե ինչ ուղղությամբ է գնում նրա զարգացումը՝ զգում էի, որ ուսուցիչը չի կարող սովորել երեխաներին սիրելու արվեստը, այդ բարձրագույն և նրբագույն տեսակի արվեստը՝ ճշմարիտ Պեստալոցցիին, ճշմարիտ Ուշինսկիին, ճշմարիտ Կորչակին, ճշմարիտ Սուխոմլինսկիին չճանաչելով։ Չիմանալով այն խորախորհուրդ համընդհանուր ակունքը, որից ճշմարիտ դասականները քաղում էին գիտակցված Սիրո ուժը։
Ես երազում էի հրատարակել «Անթոլոգիան»՝ որպես մանկավարժական իմաստնության գավաթ, որում որպես մարդասիրական մանկավարժության աղբյուր դասականների և նրանց հետևորդների աշխատությունների հետ կներառվեին նաև Սուրբ Գրություններ, փիլիսոփայական հայացքներ, բոլոր ժամանակների ու ժողովուրդների հոգեբանական ուսմունքներ։
Եվ երբ Մեծ Միությունը փլվեց, ես գտա մեկենասի, որ պատրաստ էր ֆինանսական աջակցություն անել այդ գործը սկսելու համար։ Մենք գրանցեցինք Շալվա Ամոնաշվիլու Հրատարակչական Տունը։ Հարց ծագեց, թե ով է լինելու «Անթոլոգիայի» գլխավոր խմբագիրը։
Ես դիմեցի Դմիտրի Դմիտրևիչ Զուևին։
Դմիտրի Դմիտրևիչը առանձնահատուկ դեր է ունեցել իմ ճակատագրում։ Սովետական ժամանակներում նա գլխավորում էր «Պրոսվիշչենիե» հրատարակչությունը և հայտնի էր նրանով, որ 25 տարիների ընթացքում բոլոր դասարանների դասագրքերը, բոլոր մեթոդական ձեռնարկները, բոլոր ծրագրերը հրատարակում էր ճիշտ ժամանակին ու որակով։ Նրա մասին ասում էին նաև, որ նա «Դեմոկրատ է» և իրեն թույլ է տալիս՝ չլսելու կուսակցական ղեկավարությանը։ Նրա մի ելույթը ինչ-որ ժողովում ինձ ուղղակի ապշեցրեց իր համարձակությամբ ու անսովորությամբ։ Մյուսը, ինչ ինձ ապշեցրեց, այն էր, որ երբ աչքի էի անցկացնում «Պրոսվիշչենիե»-ի գրքերը նոր տնօրեն նշանակվելուց հետո, ուղղակիորեն աշակերտի և ուսուցչի անհատականության դաստիարակմանն ուղղված գրականության հայտնվելն էր՝ դպրոցի տնօրենի գրադարան, սովորողի՝ ծրագրի սահմաններից դուրս գրադարան… Այս ամենը ընդարձակում էր դպրոցների հորիզոնը, նպաստում ստեղծագործական մտածողության զարգացմանը և, իհարկե, դուր էր գալիս ինձ։
Ես ծանոթ չէի Դ․Դ․ Զուևի հետ և չէի երազում անգամ ինչ-որ բան հրտարակել «Պրոսվիշչենիե»-ի միջոցով։ Բայց ահա մի անգամ ևս՝ արդեն որերորդ անգամ, Վրաստանի կրթության նախարարը արգելեց մեզ դպրոց մտնել՝ պահանջելով փակել փորձարարությունը՝ որպես հակամանկավարժական երևույթ։ Ես հուսահատության մեջ էի։ Այդ ժամանակ Վալերիա Գիվիևնան, որ հավատում էր, որ դա ժամանակավոր երևույթ է, ասաց ինձ․
-Բայց լավ է, չէ՞։ Դու ժամանակ կունենաս գիրք գրելու։ Նստի՛ր ու գրի՛ր։
Ես լսեցի նրան։ Փակվեցի իմ աշխատասենյակում, և մտքերս հոսեցին։ Ես անգամ չէի մտածում, թե ինչ է գրում ձեռքս, գրում էի ու վայելում այդ զբաղմունքը։ Առաջին անգամ գիրք էի գրում ռուսերեն, և այդ լեզուն ենթարկվում էր իմ կամքին։ Իմ գրասեղանին վազում էին երեխաները, ինչ-որ մեկը նայում էր գրված էջերին՝ «Ի՞նչ եք գրում», ինչ-որ մեկը գլուխս էր մտել՝ «Իմ մասին գրիր»․․․ Մանկական աղմուկն ամբողջ ժամանակ ուղեկցում էր ինձ իբրև երաժշտություն։ Օրերն ու գիշերները թռչում էին, ձեռագիրը աճում էր․․․
Սենյակ է մտնում Վալերիան։
-Մի քիչ հանգստացի՛ր գոնե, երաժշտությո՛ւն լսիր․․․- և միացնում է նվագարկիչը՝ Մարկ Բեռնեսի երգերը։
Մի երգ ինձ ասես շանթահարում է։
Նորից ու նորից եմ լսում։
Իմ դեռ չավարտած գիրքը վերնագիր չուներ, դրա մասին ոնց որ դեռ չէի մտածել։ Բայց ահա վերնագիրը։ Մարկ Բեռնեսն է նվիրում ինձ։ 
«Բարև ձեզ, երեխաներ»։
Ու ես կրկին խորանում եմ գրքիս մեջ, դպրոցի շեմին նորից հանդիպում աշակերտներիս։ Նրանք ընդամենը վեց տարեկան են։ Իսկ բոլորովին վերջերս դպրոց էին գալիս ութ տարեկանից, իսկ ավելի ուշ՝ յոթ տարեկանից։ Շուտ չէ՞ արդյոք վեց տարեկանից։
-Ո՛չ, շուտ չէ, - լսում եմ երեխաների ձայները։ -Մենք դպրոց ենք ուզում, մենք պատրաստ ենք սովորելու։
-Դե, բարև՛ ձեզ, երեխաներ։ Մտե՛ք դասարան, ես ձեր ուսուցիչն եմ լինելու։
Ու նորից մեկը խցկվում է գլխիս մեջ․ «Իմ մասին գրի՛ր»։
Ես գրում եմ։ Դուռը փակ է, հեռախոսը՝ անջատած։ Բայց գրքի ծնունդի գործընթացը գնում է առաջ։
Ինչո՞ւ Թբիլիսիում փակեցին փորձարարությունը։
Թբիլիսի է գալիս «Պրավդա» թերթի թղթակից Օլեգ Պետրովիչ Մատյատինը։ Հետաքննություն է ընթանում։

Իսկ ես արդեն գրքի մեջ եմ, պպզում եմ Մարիկայի առաջ և քնքշորեն շշնջում նրա ականջին խնդրի լուծման հնարավոր տարբերակը։
Ի՜նչ հետաքրքիր է գրել առաջին գիրքդ։
Ներս է մտնում Վալերիան։
-Ահա նամակները․․․ - նա սեղանին է դնում նամակներն ու թերթերը։
Նամակների մեջ մի տարօրինակ ծրար կա՝ կարևոր, վրան «Պրոսվեշչենիե»-ի կնիք-մակագրությունը։ Բացում եմ նամակը։ Դ․Դ․ Զուևից է։ Նա գրում է․ «Կարդալով Ձեր հոդվածը «Պրավդա» թերթում՝ ես կցանկանայի հրատարակել վրաց իմաստուն ուսուցչի գիրքը։ Եթե Դուք ինչ-որ բան ունեք մեզ համար, խնդրում եմ ուղարկել ձեռագիրը»։
Ես ոգեշնչված էի։
Ինչո՞ւ ուղարկել. անձամբ կտանեմ։
Եվ ահա ես Մոսկվայում եմ։
Հրատարակչության տնօրենի կաբինետում՝ սեղանի մոտ Ռոզաննա Դմիտրևնա Կարիպենկոն է՝ կրտսեր դպրոցի հրատարակչության փոխտնօրենը, այնտեղ էին նաև խմբագիրն ու նկարիչը։ Դմիտրի Դմիտրևիչը կտրվում է ձեռագրից։
-Դե ինչ, Շալվա՛ Ալեքսանդրովիչ, - ասում է նա, - գրե՛ք շարունակությունը․․․ Սա շատ, շատ հետաքրքիր է, քանի որ Դուք գրում եք երեխաների հանդեպ խորը սիրո մասին։ Երկիրը անցնում է երեխաների վեց տարեկանից ուսուցման։ Ես արդեն խոսել եմ Ռուսաստանի լուսավորության մինիստրի հետ Ձեր գրքի մասին, և Ալեքսանդր Իվանովիչ Դանիլովը հաստատում է գիրքը հրատարակելու իմ որոշումը։
1981 թվականին էր։
Իսկ 1983 թվականին «Բարև՛ ձեզ, երեխաներ» գիրքը հրատարակվում է 400000 օրինակով։
Իմ հայտնության հաջողությունը հսկայական էր։
Դ․Դ․ Զուևը պահանջում է շարունակությունը։ Շուտով հրատարակվում են երկրորդ և երրորդ գրքերը՝ «Ինչպե՞ս եք ապրում, երեխաներ» և «Նպատակի միասնությունը»։ Հետո գրքերը վերահրատարակվում են. ամբողջ տպաքանակը գերազանցում է երկու միլիոն օրինակը։ 
Ահա այսպես, Դմիտրի Դմիտրևիչ Զուևը, չվախենալով հրատարակել «բուրժուական» մանկավարժին, ինձ հայտնի է դարձնում աշխարհով մեկ։
Այս Զուևի մասին է խոսքը․ «Անթոլոգիան» նրան է սպասում։
Այդ ժամանակ՝ 90-ական թվականների կեսերին, նա հենց նոր էր թողել աշխատանքը։ Ես իմ մեկենասի հետ այցելեցի նրան, բացատրեցինք գաղափարը և առաջարկեցինք լինել «Մարդասիրական Մանկավարժության անթոլոգիա»-ի գլխավոր խմբագիրը։ Մի քանի օր մտածելուց հետո նա համաձայնեց։
Դմիտրի Դմիտրևիչը միացավ նախագծին իր լրացումներով․ հրատարակել «Անթոլոգիան» հինգ գրքով՝ Հների Իմաստնությունը, Արևելք, Արևմուտք, Ռուսաստան։ Ժամանակակից Մարդասիրական Մանկավարժություն, ինչպես նաև յուրաքանչյուր կոնկրետ գրքում արտացոլել ստեղծագործության հեղինակի, հատորը կազմողի և առաջին ընթերցողի (վերջինս թողնում է գրքում իր գրառումները) ոչ միշտ համընկնող կարծիքը։
Այսպիսով՝ «Մարդասիրական Մանկավարժության անթոլոգիան» հերթական քրեստոմատիա չէ, այլ հավերժ ծագող Ճշմարտություն՝ Մանկավարժական Իմաստնության գավաթ՝ բարի ձեռքով Ապագայից մեզ մեկնած։ 
«Անթոլոգիան» հոգևորի կրող է, նրա հիմքը Հավատն ու Սերն է։ Այն ուսուցչին է փոխանցում մանկավարժական մտածողության բարձրագույն կերպարը, այն կարող է ոգևորել, նկատել տալ, նպատակաուղղել ուսուցչին դեպի մանակավարժական ստեղծագործական սխրանք իրագործելը։
«Անթոլոգիան» վերադարձնում է ուսուցչի Սերը երեխաների հանդեպ և սովորեցնում՝ ինչպես պետք է իմաստուն կերպով սիրել նրանց։
Արդեն հրատարակված է 55 հատոր։
Իրականանում է իմ երազանքը։ Այն նվիրական է նաև «Անթոլոգիա»-ի գլխավոր խմբագրի համար։ Դմիտրի Դմիտրևիչ Զուևը՝ այժմ արդեն պրոֆեսոր, Ռուսաստանի՝ կրթության Ակադեմիայի թղթակից-անդամ, իր նրբազգաց ուսուցչական սրտով միշտ աջակցում է ինձ և պարգևում բարեկամության հարստությունը։ Նա պատրաստել է «Անթոլոգիա»-ի հատորները և շարունակում է անշահախնդրորեն անել այդ գործը՝ հանուն Երեխաների և նրանց Ուսուցիչների հանդեպ սիրո։

Երեխաների հանդեպ Իմաստուն Սիրո մեղրաբջիջները
Հնարավո՞ր է արդյոք Երեխաների հանդեպ Սեր ամբարել, Սիրո Իմաստնություն ամբարել։
Հնարավո՞ր է արդյոք աշխատանքով ու ստեղծականությամբ, տառապանքներով ու համբերատարությամբ հավաքած հատիկներով Մանկավարժական Սիրո Իմաստնութուն իրար նվիրել։
Հնարավոր է, պետք է, անհրաժեշտ է դա անել։
Դրա համար էլ պետք է միավորվել, իրար հետ համագործակցել։ Հարկավոր է ստեղծել խոշոր մեղրաբջիջներ, որտեղ մեղուները կթռչեն բոլոր ծաղկած դաշտերից և կբերեն իրենց ծաղկափոշիները։ Մեղրաբջիջները կլցվեն։
Այդ մեղրը Ուսուցչական Սեր կլինի, Սիրո Ուսուցչական Իմաստնություն։ Իսկ այդ մեղրաբջիջներից յուրաքանչյուրը կարող է վերցնել այնքան, որքան իր սիրտը և գիտակցությունը ի վիճակի կլինի իր մեջ ամբարելու։ Եվ կթռչեն մեղուները իրենց դաշտերը, կշտապեն ուսուցիչները իրենց աշակերտների, իրենց սաների մոտ ամրացած, բազմապատկված ու իմաստնությամբ խորիսխավորված սիրով։ Չէ՞ որ Պեստալոցցին ասել է. «Սիրո մեջ երեխան աճի երկու անգամ շատ աղբյուր է գտնում»։ Իսկ եթե ուսուցիչը կրկնապատկում կամ եռապատկում է իր մեջ սերն ու իմաստնությունը, աճի ինչպիսի՞ աղբյուր դա կդառնա նրա աշակերտների համար։
Մարդասիրական մանկավարժության փոքրիկ լաբորատորիաները մեղր հավաքելու փոքրիկ մեղրաբջիջներ են։ Հարակավոր էին մեղրաբջիջներ, որոնք կկարողանային հավաքել ողջ հարստությունը մի ամբողջության մեջ և յուրաքանչյուր ցանկացողի հնարավորություն կտային օգտվելու Մանկավարժական Սիրո իմաստնությունից։
Ես երազում էի այդ մասին։ Եվ հուրախություն շատերի՝ մեղրաբջիջներն առաջացան Լյուդմիլա Վասիլևնա Շապոշնիկովայի ՝ Մարդասիրական Մանկավարժության Միջազգային Կենտրոնի օժանդակությամբ։ Կենտրոնի առաջին գործը միջազգային ամենամյա Մանկավարժական Ընթերցումների կազմակերպումն էր։
Իմ կյանքի իմաստը ընդարձակվեց․ ապրում եմ Ընթերցումից Ընթերցում, ապրում եմ տեղի ունենալիք Ընթերցումներով։ Ընթերցումների թեմաներն ասես թևեր լինեին, ասես փետուրներ լինեին թևերի համար։ Նրանք ասես ամենագեղեցիկ ու անուշաբույր ծաղիկներ էին, որոնք հեռավոր վայրերից ձգում էին մեղուներին։ Խորին ակնածանքով եմ թվարկում բոլոր ընթերցումների թեմաները։
Առաջին Ընթերցում (2002թ)․ Մարդասիրական մանկավարժությունը և կրթական տարածությունների ոգեղենությունը։
Երկրորդ Ընթերցում (2003թ)․ Որտե՞ղ ես, ժպիտ իմ։
Երրորդ Ընթերցում (2004թ)․ Ինչո՞ւ կյանքը չապրենք Ոգու հերոսների հետ։
Չորրորդ Ընթերցում (2005թ)․ Առանց սրտի ի՞նչ կհասկանանք։
Հինգերորդ Ընթերցում (2006թ)․ Շտապե՛ք, երեխանեʹր, պետք է թռչել սովորենք։
Վեցերորդ Ընթերցում (2007թ)․ Դպրոցի Ճշմարտությունը։
Յոթերորդ Ընթերցում (2008թ)․ Երեխայի բաժակում Մշակույթի հատիկի սաղմն է
ողշողում։
Ութերորդ Ընթերցում (2009թ)․ Երեխայի ճշմարիտ դաստիարակությունը և քո դաստիարակությունը։
Իններորդ Ընթերցում (2010թ)․ Որպեսզի Երեխային գիտելիքի կայծ պարգևի, ուսուցիչը պիտի ծով Լույս ամբարի։
Եվ տարեցտարի մենք բոլոր ուսուցիչների համատեղ ջանքերով աշխատում ենք կատարելագործել Ընթերցումների շփման ձևերը՝ կլոր սեղաններ, վարպետության դասեր, դասախոսություններ, հանդիպումներ, հաղորդումներ «Ինչպե՞ս է լուսավոր հրեշտակը հաղթում» թեմայի վերաբերյալ։ Ընթերցումներին է նվիրվում «Երեք բանալի» ամսագրի ամենամյա թողարկումը, որում հրատարակվում է բոլոր մասնակիցների ցուցակը. նրանց թիվը շարունակ աճում է։
Ժամանակի ընթացքում Ընթերցումների իմաստն ու նշանակությունը ձեռք են բերում ավելի մեծ ճշգրտություն և նպատակաուղղվածություն։
-Ընթերցումները նպաստում են ուսուցիչների և դաստիարակների գիտակցության ընդարձակմանը՝ նրանց մեջ հոգևոր մարդասիրության հասկացություն ներարկելով։
-Ընթերցումներն ուղղորդված են մասնակիցների ինքնակատարելագործմանը, նրանց գիտակցության, սրտի ու զգացմունքի ազնվացմանը։
Ամեն Ընթերցում դիտվում է որպես ստեղծագործական մի մեծ դաս, որ տրվում է մասնակիցներին՝ հետագա որոնումների և կատարելագործման համար։
-Ընթերցումներն օգնում են ուսուցիչներին և դաստիարակներին՝ գիտակցելու իրենց անձի և սեփական կրթական աշխարհի ոգեշնչման բացառիկ նշանակությունը։
-Ընթերցումներն օգնում են նրանց ազատագրվելու մտածողության բռնատիրական կերպարից, աշակերտների ու սաների հետ փոխհարաբերման բռնատիրական սովորություններից։
-Ընթերցումը ուսուցիչների և դաստիարակների առաջ խնդիր է դնում․ ինչի՞ց պետք է պաշտպանել երեխաների ներկա սերունդը, ի՞նչ գլոբալ վտանգներ կարող են մոտենալ նրանց և ինչպե՞ս հակահարված տալ դրանց։
-Ընթերցումներն ազատություն են տալիս ուսուցչի և դաստիարակի մեջ եղած ոգու էներգիային ու զգայականությանը, որ անհրաժեշտ է Երեխաների հանդեպ սիրուն հասնելու համար։
-Ընթերցումները սխրանքի են ոգեշնչում ուսուցչին ու դաստիարակին հանուն կրթական աշխարհի ոգեղենության և մանկությունն ամեն տեսակ ոտնձգությունից պաշտպանելու։
-Ընթերցումները զարգացնում են մարդասիրական մանկավարժության գաղափարները։
-Ընթերցումներն ընդարձակում են մարդասիրական մանկավարժության սահմանները։
Ընթերցումներն ուսուցիչների և դաստիարակների մեջ զարգացնում են իրենց կոչումի վսեմության գիտակցումը։
Աշխարհում կրթության պատմությունը ուսուցիչների հոգևոր զարգացման, գիտակցության ընդլայնման այսպիսի փորձ չգիտի։
Մարդասիրական Մանկավարժության Միջազգային Կենտրոնի ազդեցությամբ ստեղծվեցին սքանչելի մեղրաբջիջներ՝ Խակասիայի և Դաղստանի Ինքնավար Հանրապետությունների Մարդասիրական Մանկավարժության Կենտրոնները, Համառուսական Մարդասիրական Մանկավարժության Կենտրոնը, Մարդասեր մանկավարժների Լատվիական ասոցացիան, Մարդասիրական Մանկավարժության Լիտվական կենտրոնը։ Այդ մեղրաբջիջներում Սիրո շատ մեղր կա Երեխաների հանդեպ։
Միջազգային կենտրոնն ունի իր խորհրդանիշը՝ կարապը սրտի ֆոնին։ Դա սիրո և իմաստնության միասնության գաղափարն է արտահայտում։
Ես ուրախանում եմ՝ գտնվելով այս իրադարձությունների կիզակետում։
Ուրախանում եմ, որովհետև «իմ սերնդի սերը միավորվում է իմ սիրուն» և «մարդկային ցեղը, ինքը բնությունը միշտ ներկայացնում է իրեն իմ սիրո «նպատակների տրամադրության տակ»։ 

Ես դիմում եմ գրքերին, ինչպես Երկնքին 
Այո՛, Սերն ինձ համար ամենաշոշափելի Ճշմարտությունն է և՛ Երկրի վրա և՛ ողջ Տիեզերքում։ Սերն Աստված է։ Ես դա գիտեմ։ Բայց ես դեռ շատ հեռու եմ Հովհան Լեստվիչնիկի այն երեսուներորդ ամենաբարձր աստիճանից, որը Սեր է կոչվում, և որով ավարտվում է մարդու հոգևոր էության ծագումը Երկրի վրա։ Ես դա նույնպես գիտեմ։ Գիտեմ նաև, որ ինչքան էլ շատ ապրեմ, միևնույն է, սիրո լիարժեքության չեմ հասնի։ Այնուամենայնիվ, ձգտում եմ անհասանելիին և դրա համար էլ հաճախ ձգվում եմ դեպի Իմաստուն Գրքերը, Կյանքի Գրքերը։ Ես դիմում եմ նրանց, ինչպես երկնքին, հարցեր եմ տալիս, և նրանք պատասխանում են ինձ։ Բայց կկարողանա՞մ արդյոք գիտակցել բոլոր պատասխանների իմաստը։ 
-Ի՞նչ է Սերը, - հարցս ուղղում եմ Կյանքի Գրքերին։
Նրանք ինձ պատասխանում են։
-Սերն առաջնորդող, արարող սկիզբն է ամեն գոյի Երկրի վրա և Տիեզերքում։
-Սերը ճշմարիտ իրականությունն է։
Տիեզերքի հիմքը Մեծագույն Սերն է։ Նրանով է հագեցած, նրանով է առաջնորդվում այն ամենը, ինչ գոյություն ունի Բարու և Գեղեցիկի, Արարման ու Ծագման, Հավերժության ու Անսահմանության, Անտեսանելիի և Տեսանելիի, Արտահայտելիի և Անարտահայտելիի տեսքով։
-Երկիրը արարվել է Սիրով և Սիրո համար։
-Մարդը ստեղծված է Սերը ճանաչելու համար, դրա բարձունքներին հասնելու համար, ստեղծված է, որ Սիրել սովորի և արարի Սիրո օրենքների համաձայն։
-Սերը գիտակցության ընդլայնման շարժիչն է։
-Սիրո միջոցով մարդիկ գտնում են իրենց տեղը Տիեզերքում։
-Սերը հարկավոր է՝ Անսահմանության ճանապարհի համար։
-Սերը շարժման անհրաժեշտությունն ընկալելու բանալին է։
-Առանց Սիրո չկա առաջխաղացում, և անհնար է հասկանալ շարժումը։
Սերը Լույսի պսակն է։ 
-Ի՞նչ կարող է անել Սերը, - հարցնում եմ ես։
Կյանքի գրքերը պատասխանում են․
-Սերը կարող է աշխարհներ ստեղծել։
-Սերը տաճարներ է կառուցում։
-Սերն ու գիտելիքը ամեն ինչ կարող են։
-Սերը հաղթահարման հզորություն է։
-Սերը անհատնելիի բուժիչ աղբյուր է։
-Սերը ցույց է տալիս Նոր կյանքի ստեղծման սահմանները։
-Ամեն առարկա ուսումնասիրվում է միայն Սիրո մեջ։
-Ամեն դժվարություն հաղթահարվում է միայն Սիրո ուժով։
-Ոչ մի դատողություն չի տա այն կրակը, որը բռնկվում է Սիրո զգացմունքի կայծից։
-Ասացե՛ք ինձ Սիրո Որակի մասին, - խնդրում եմ ես Կյանքի Գրքերից։
Նրանք բացատրում են․
-Հարկավոր է նախ և առաջ գիտակցել Սիրո անսահմանությունը․ այն, ինչպես հավատը, ինչպես Նվիրվածությունը, սահմաններ չունի։
-Իր հզորությամբ աշխարհներ շարժող Սերը նման չէ ճահճուտի սիրուն, որտեղ փտում են մնացուկների ոսկորները։
-Սերը, Սխրանքը, Աշխատանքը, Ստեղծագործությունը իրենց մեջ կրում են ծագող նպատակասլացությունը։ Տեսեք, թե նրանք ինչ գեղեցիկ կողմնակի հասկացություններ են պարունակում իրենց մեջ․ ի՞նչ Սեր՝ առանց անձնվիրության, Սխրանք՝ առանց հերոսության, Աշխատանք՝ առանց համբերության, Ստեղծագործություն՝ առանց ինքնակատարելագործման։
Կա կասեցնող սեր և նպատակամետ դարձնող Սեր։ Առաջինը հողեղեն սեր է, երկրորդը՝ Երկնային Սեր։ Բայց որքան արարումներ են կործանվել առաջինի միջոցով, նույնքան բազում արարումներ թև են առել երկրորդ սիրո միջոցով։ Առաջինին ծանոթ է տարածության ու գիտակցության սահմանափակումը, բայց երկրորդը երկրային չափումների կարիքը չունի։ Նա չունի նաև տարածության և մահվան մասին մտորումների կարիքը։ Առաջինը գիտե աշխարհը՝ որպես մոլորակ, իսկ երկրորդի առաջ բացվում են բոլոր աշխարհները։ Երկրորդ Սերը նպտակասլաց Սեր է, ձգվում է թե՛ ֆիզիկական աշխարհում և թե՛ Երկնային աշխարհներում։
Ես դիմում եմ Երկնքին․
-Ինչի՞ կարիք ունի մարդկությունը։
Եվ ինձ վրա է թափվում ցանկությունների ու խրատների հեղեղը՝ որպես կենդանություն պարգևող ու մաքրագործող մայիսյան անձրև։
-Մարդկությունը կարիք ունի Սիրո Կրակի գիտակցման։
-Մարդիկ նույնիսկ չեն նկատում, որ իրենց նկուղները լի են չարությամբ։
-Սիրտը, վտարելով դաժանությունը, ճանաչում է բարին և լցվում Մեծահոգությամբ ու Սիրով։
-Ոչինչ չի կարող բռնկել սրտի կրակը, ինչպես Սերը։ Միայն Սիրով կբոցավառենք Գեղեցկության լույսը և գործով ցույց կտաք աշխարհին հոգու փրկությունը։
- Սիրով լցված սիրտը արարող է, ուժեղ ու նպատակասլաց։
-Սիրե՛ք ամեն օրը, այն կոփում է ոգին և ուժ տալիս՝ մտորելու ստեղծագործ դարերի անվերջանալի շղթայի մասին։
-Խորհուրդ ենք տալիս մարդկանց Սիրել ու ամրապնդվել Նվիրվածության զգացումով։
-Օգնե՛ք ամենին, որ ձգտում է ինքնակատարելագործման։
-Ոխակալ տգիտության փոխարեն ավելի լավ է իմացության Սեր դրսևորեք։
-Բարգավաճե՛ք Սիրով։
-Գերագույն Կրոնն ուսուցանում է ոչ թե վախ, այլ Սեր։
-Ճանաչեք՝ որտեղ է Սիրո հանդեպ նպատակասլացությունը և որտեղ է մեղքերի երաշխիքը, որտեղ է արարման Սերը, և որտեղ՝ կասկածի անհանգստությունը։
-Հարկավոր է սիրել Կյանքի որակը։ Որակի չնչին կորուստը ճնշում է բոլոր առաջընթաց շարժումները։
-Բոցավառվե՛ք Սրտով ու արարե՛ք Սիրով։
-Թող Սրտի խորքում լուսավառվի Սիրո Կանթեղը։
Սրանք գեղեցիկ խոսքեր չեն, այլ նվիրական գիտելիք։ Ես ի վիճակի չեմ մինչև խորքը, հստակության աստիճան կողմնորոշվելու դրանցում։ Բայց սիրտս զգում է, որ Աստված ամեն ինչ չափում է Սիրով, ամեն երկրային արարածի ստուգում է նրանով, թե կարո՞ղ է արդյոք սիրել իր մերձավորին, կարո՞ղ է արդյոք հասնել իր թշնամուն սիրելուն։
Երկինքն ինձնից քննություն է վերցնում, ինձ հարցեր տալու նրանց հերթն է։
Նրանք հարցնում են․
-Ե՞րբ է մարդը լի Սիրով, մի՞թե արգելքներ գոյություն ունեն։
-Ո՛չ, իհարկե, - վստահորեն պատասխանում եմ։
-Չի՞ կարող արդյոք Սերը գոյություն ունենալ դավաճանության հետ։
-Ո՛չ, - բացականչում եմ։
-Որտե՞ղ է նա՝ արարող Սերը։
-Իմ մեջ, իմ մեջ, - հաստատում եմ։
-Աշխարհքի վսեմության կողքին մի՞թե կարելի լինել չարության, սպանության և խաբեության մեջ։
-Ո՛չ, ո՛չ․․․ մեղք է, ամոթ։
-Բայց երկրային միջոցների մեջ ի՞նչը կարող է կասեցնել խավարը։
-Միայն Սերը, միայն Սիրո Կրակը, - հրճվում եմ ես։
-Ո՞ր մի Հուրհրան Սերը բնակություն կհաստատի գայթակղված հոգում։
-Ոչ մի, ոչ մի․․․
-Կարո՞ղ է արդյոք սիրել այն սիրտը, որում չարություն ու դաժանություն կա։
-Ո՛չ, չի կարող․․․
-Իսկ կասկա՞ծ։
-Այնտեղ, որտեղ ճշմարիտ Սեր կա, կասկածին տեղ չկա․․․
-Իսկ եթե կա դատապարտո՞ւմ։
-Այնտեղ, որտեղ դատապարտում է ծնվում, լիարժեք սեր չկա։
-Եթե երկրային սերը արդեն հրաշքներ է գործում, ինչպե՞ս կբազմապատկվեն Երկնային Սիրո ուժերը։
Ես չափ եմ փնտրում․ գուցե հարյուրապատի՞կ, գուցե հազարապատի՞կ։ Եվ գլխի եմ ընկնում․
-Մինչև անսահմանություն․․․
-Ո՞րն է քո զենքը։
Պատասխանում եմ առանց հապաղելու․
-Կատարյալ Սերը։
Սպասում եմ․ կասի՞ արդյոք Երկինքը, թե ինչպես հանձնեցի քննությունը։ Բայց Երկինքը լռում է։
Հավանաբար ես ինքս պետք է գուշակեմ՝ որն է իմ մեջ եղած Կատարյալ Սերը։

Իմ սիրո կծիկը
Ի՞նչ եմ ես վերցրել անցյալից։
Մանկությանս տարիներին մի անգամ չէ, որ հետևել եմ, թե տատիկս ինչպես է ոչխարի բրդից թել մանում և կծկում։ Այն մեծանում էր ավելի ու ավելի, մինչև մանակական գնդակի չափը, հետո բուրդը վերջանում էր։
Անցյալից ես վերցրել եմ այդ կծիկը, բայց ոչ թե բրդից, այլ սիրուց։ Ես հիմա էլ նրանով կծկում եմ իմ սիրո փորձը, որքան ինձ թույլ են տալիս կյանքն ու ուժերս։
Ի՞նչ կա այդ կծիկում, ի՞նչ եզրահանգումներ, ի՞նչ ընդհանրացումներ։
Ես հաշիվ եմ տալիս, որ իմ սերը հեռու է կատարյալ լինելուց։ Եվ, ընդհանրապես, ես դեռ նոր եմ սկսում մագլցել Հովնան Լեստվիչնիկի սանդուղքով․ դրա համար էլ մինչև երեսուներորդ՝ ամենաբարձր աստիճանը, որ նշանավորվում է Կատարյալ Սիրով, ես չեմ հասցնի բարձրանալ։
Այնուամենայնիվ, իմ սիրո կծիկում այնպիսի մի բան կա, որ թույլ է տալիս ինձ դասեր տալ երեխաներին, շփվել ուսուցիչների հետ, գրքեր գրել, արտահայտել իմ մտքերը և հավատալ։
Այո՛, ես հավատում եմ, որ աշխարհն ստեղծված է Արարչի՝ Աստծո կողմից։ Հավատում եմ գուցե ավելի շատ, քան նա, ով հավատում է, որ աշխարհը քաոսից ստեղծված պատահական ածանցյալ է։
Իմ վրաց ժողովրդի պատմական մշակույթը ինձ ուղղորդել, բերել է Ուղղափառ Քրիստոնեությանը։ Դրա համար էլ ինձ հարազատ ու հասկանալի են քրիստոնեական Սիրո գաղափարները, և ես ձգտում եմ դեպի նա։
Սովորում եմ սիրել մերձավորիս։
Սովորում եմ սիրել իմ թշնամիներին։ Չնայած վաղուց արդեն ոչ ոքի որպես թշնամի չեմ ընկալում։
Սովորում եմ ներողամիտ լինելուն և ներողություն խնդրելուն։ Վաղուց ներել եմ բոլորին, ովքեր երբևէ ինձ չարիք են պատճառել, և ներողություն եմ խնդրել բոլոր նրանցից, որոնց հանդեպ գուցե ես եմ չարիք գործել։ Չնայած հավատով կարող եմ կրկնել Յանուշ Կորչակի խոսքերը․ «Ես ոչ մեկին չարիք չեմ կամենում։ Չեմ կարողանում։ Չգիտեմ՝ դա ինչպես է արվում»։
Իմ սիրո կծիկում կա մի շերտ, որ իմ կյանք է ներհյուսվում 50-ական թվականների սկզբից․ այդ գունավոր, կապույտ երազի նման շերտը իմ գիտակացական սերն է երեխաների հանդեպ։ Սկզբում այն ծնվեց որպես զգացմունք, որ ինձ կապեց նրանց հետ, ժամանակի հետ այն կատարելագործվեց որպես արվեստ։
Ես ավելի խորը ճանաչեցի իմաստնությունը։
Սերը երեխաներին պետք է մատուցել սիրով, գեղեցիկ և նրբագեղորեն, որ նրանք այն ընդունեն ու դաստիարակվեն։
Ուսուցչական, մանկավարժական սերը Սիրո ավելի նրբին ձև է, քան, ասենք, Ծնողական Սերը։ Այն իր դրսևորման համար պահանջում է հոգեկան մեծ ջանքեր և սրտի իմաստնություն։
Ով երեխաների հանդեպ սեր ունի իր մեջ, ջանքերի դեպքում կհասնի նրանց սիրելու արվեստին, նաև կհասկանա, թե ինչպես պետք է նրանց սիրել։ Ում մեջ սեր ու երեխաներին սիրելու նպատակ չկա, նա մանկավարժական սիրո իմաստնության ակնկալիք թող չունենա։
Ով անկեղծ չի սիրում երեխաներին, նա սիրո իմաստնությանը չի հասնի։ Նա բարի գործ կանի, եթե թողնի աշխատանքը, քանի որ երեխաների հետ շփումը վզի պարտք կդառնա։
Իմաստնությունը երեխաների հանդեպ սիրո մեջ է, ոչ թե սիրուց դուրս։
Դրա համար էլ մանկավարաժական իմաստուն սերը չի տեխնոլոգացվում, մեթոդապես չի վերակառուցվում, չի գրառվում կետերով, այլ գիտակցվում է սրտով։
Ես իմ հարցերով մի ուսուցչի գլուխն էի տանում․
-Դուք սիրո՞ւմ եք երեխաներին, - հարցրի նրան։
-Այո՛, իհարկե․․․- պատասխանեց նա։
-Ինչպե՞ս եք սիրում։
-Ինչպես բոլորը․․․
-Դա քիչ է։
-Իսկ ուրիշ ինչպե՞ս պետք է նրանց սիրել, - հարցրեց ուսուցիչը։
-Այնպես, ինչպես սիրում էր Սուխոմլինսկին․․․
-Իսկ ինչպե՞ս էր նա սիրում։
-Սիրում էր, ինչպես Կորչակը․․․
-Իսկ Կորչակն ինչպե՞ս էր սիրում։
-Ինչպես Պեստալոցցին․․․
-Իսկ Պեստալոցցին ինչպե՞ս էր սրում։
-Նա սիրում էր երեխաներին քնքուշ, անկեղծ, նվիրված, մշտապես, անվերադարձ, սիրում էր ուրախ ժպիտը դեմքին կամ արցունքոտ տառապալից աչքերով։
-Էս ինչ մղձավանջ է ․․․ -ասաց ուսուցիչը։
Այն ուսուցիչը, որը սիրում է երեխաներին «բոլորի նման», հեռու է իր մասնագիտության ու իր կոչումի վսեմությունը գիտակցելուց։
Երեխաներին սիրելը նվիրական արվեստ է, բայց որոշ ընդհանուր նորմեր, իհարկե, գոյություն ունեն։
Սիրել Երեխաներին և յուրաքանչյուր երեխայի պետք է․
-անկեղծ, ազնվորեն, ամբողջ սրտով,
-հանգիստ, համբերատար, գեղեցիկ,
-նվիրված, մշտապես, առանց պայմանականության,
-ոգևորված, ոգեշնչված, հմայված,
-հոգատարությամբ, խիզախորեն, ըմբռնումով,
-հարգանքով, հաստատակամորեն, վսեմորեն։
Այսպիսի Մանկավարժական Սերը կկոչեի Երկնային Սեր, ահա այսպիսի Սիրով պետք է սիրել երեխաներին։ Այն անհամատեղելի է գրգռվածության, կոպտության, անվստահության, նվաստացման, բռնության, բռնազբոս վերաբերմունքի հետ․․․
Գիտեմ երեխաներին, ուստի չեմ պնդի, որ նրանք բոլորը հրեշտակներ են։ Նրանք Լույսի երեխաներ են, բայց ոչ ամբողջովին լսող, գիտակից և արդեն դաստիարակված։ Նրանց մեջ կան անհանգիստներ, անպատկառներ, չարաճճիներ, պահանջողներ, կան մեկուսացածներ, կան երեխաներ՝ մեծ կամ փոքր ընդունակություններով, կան գեղեցիկներ և ոչ գեղեցիկներ, հիվանդներ և տգեղներ, կան արդեն փչացած, երես առած, այլասերված երեխաներ․․․
Ո՞ւմ քիչ սիրել, ո՞ւմ շատ։
Ո՞ւմ թողնել սեփական դասարանում, ումի՞ց ազատվել։
Ո՞ւմ նստեցնել առաջին նստարանին, իսկ ո՞ւմ՝ վերջինին։
Բայց Սերը համեմատելի է միայն Արեգակի հետ։ Արեգակը բոլորին տալիս է իր լույսն ու ջերմությունը հավասարապես՝ առանց որակավորելու՝ ով ով է մարդկանց մեջ։ Նա չունի սիրելիներ և ոչ սիրելիներ։
-Ո՞ւմ է սիրում Սերը։
-Բոլորին՝ և՛ նրան, ում մեջ ինքը կա, և՛ նրան, ում մեջ չկա։
-Ո՞ւմ է ատում Սերը։
-Չկա այդպիսի մեկը։
-Ո՞ւմ է ամենաշատը սիրում Սերը։
-Իր էությանը՝ Աստծուն։
-Իսկ Աստված ընտրյալներ ունի՞ Երկրի վրա։
-Ունի՝ երեխաները։
«Ով ընդունում է երեխային հանուն Ինձ, նա Ինձ է ընդունում», - այդպես է ասում Հիսուս Քրիստոսը։ Ստացվում է, որ ամեն մի երեխայի պետք է ընդունել իբրև փոքրիկ Քրիստոսի։ Որովհետև «Չկա ձեր Երկնային Հոր կամքը, որ զոհվի թեկուզ մի փոքրիկ արարած»։
Նոր Կտակարանի այս տողերից ես քաղել եմ պատասխանատվության զգացումը և լցվել զգայուն սիրով յուրաքնաչյուր Երեխայի հանդեպ։
Լրացնենք մանկավարժական սիրո թվարկված որակները ևս մեկով․ Երեխաներին պետք է սիրել Արարչի հանդեպ խորագույն պատասխանատվության, պատքի ու ծառայակցության զգացումով։
Երեխաները միշտ տարբեր կլինեն, և նրանցից յուրաքանչյուրը մեզանից կպահանջի միայն իր համար նախասահմանված սերը։ Դա ամեն առանձին Երեխայի էությանը համապատասխան սերն է։ Եվ միայն մեր սրտի զգացողությունը ընդունակ կլինի օգնելու մեզ՝ բացահայտելու մեզանում այդպիսի սիրո իմաստնությունը։
«Սիրում եմ կյանքում անճիշտներին Սիրով բուժել»։ 
Սա արևելյան իմաստնություն է։ Նրանից կարելի է հրաշալի եզրահանգումներ անել մեր մանկավարժական գործերի համար։ 
 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский